×

Լոնդոնում սկսվել է հայկական ամառային փառատոնը

07.09.2021

Լոնդոնում սկսվել է ավանդական ամենամյա հայկական ամառային փառատոնը, որը կազմակերպել էր Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում հայոց թեմի հանձնախումբը: Տոնակատարությանը մասնակցել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը: Այս մասին նշվում է դիվանագիտական առաքելության ֆեյսբուքյան էջում:

Միջոցառումը սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ անցած տարի Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների։

Իր ողջույնի խոսքում դեսպան Ներսեսյանը կարևորել է նման միջոցառման անցկացումը, որի ընթացքում ներկայացվում են հայկական մշակույթի, պատմության, արվեստի և խոհանոցի լավագույն ավանդույթները՝ խորհրդանշական համարելով, որ իր առաջին հանդիպումը բրիտանահայ համայնքի հետ անցկացվում է հենց նման ձևաչափով։ Նա նաև ընդգծել է բրիտանահայ համայնքի կարևոր դերակատարությունը երկկողմ հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում՝ ընդգծելով, որ անելու է հնարավորը այդ փոխգործակցությունն ընդլայնելու համար։