×

Շախմատային վիրտուալ մրցապայքարը համախմբել է սփյուռքահայ շախմատասերներին ամբողջ աշխարհից

06.09.2021

1 ամիս հայկական վիրտուալ տիրույթում ինտելեկտուալ խաղի մրցապայքար էր: Հայկական վիրտուալ համալսարանը օնլայն հարթակում էր հավաքել սփյուռքահայ շախմատասերների ամբողջ աշխարհից, որոնք պայքարում էին լավագույնի կոչմանն արժանանալու համար:

«Տեսանք, որ իսկապես կա շախմատ սիրող երիտասարդների խումբ: Մենք կարողացանք այդ անհատներին իրար կողք կողքի բերել, իրար կապել և այսօր ունենք 800-ից ավելի երիտասարդներ, որոնց 90 տոկոսից ավելին 20 տարեկանից ցածր են», - նշեց Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ դոկտ․Երվանդ Զորյանը: 

Այս մրցաշարը երկրորդ անգամ է կազմակերպվում: Շախմատի վիրտուալ մրցապայքար կազմակերպելու գաղափարն առաջացավ, երբ կորոնավիրուսի համաճարակը սկսվեց: Առաջին մրցաշարը տեղի ունեցավ 2020-ի ամռանը, երբ ամբողջ աշխարհում «լոքդաուն» էր: Այս տարի մրցաշարին նախորդեց մեկշաբաթյա ճամբար, որի ընթացքում կազմակերպվեցին վարպետաց դասեր և համաժամանակյա առցանց խաղեր:

«Մենք առցանց դասընթացներ ստեղծեցինք, որոնք պատրաստել ենք Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ: Այն ծրագիրը, որը Հայաստանի դպորցներում է, նույնը մենք օնլայն, դինամիկ ձևով դասերի վերածեցինք, որպեսզի կարողանանք աշխարհի 4 կողմում տալ նույն բանը», - ասաց Երվանդ Զորյանը:   

Երիտասարդ շախմատասերները բացառիկ հնարավորություն ստացան շախմատի գաղտնիքները սովորել Հայաստանի կանանց քառակի չեմպիոն Մարիա Գևորգյանից և 2020 թվականի Հայաստանի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանից: Մասնակիցները նաև շախմատային պարտիա խաղացին գրոսմայստերներ Աննա Սարգսյանի, Սամվել Տեր-Սահակյանի և Տիգրան Հարությունյանի հետ խաղերում:

«Մասնակցության որակը այս տարի շատ ավելի լավ էր: Շատ ավելի կապված էին, շատ ավելի ճամբարին մասնակցեցին, իրենց հարցումներով, իրենց գործունեությամբ, իրենց տևողությամբ: Միայն իրենց մրցումին չէին ներկա, այլ նաև հաջորդ մրցումներին էլ էր հետևում»:

Մրցաշարն անցկացվեց երկու փուլով՝ չորս տարածաշրջանային կիսաեզրափակիչներով, որոնց հաջորդեց եզրափակիչ խաղերի տասնմեկ մրցափուլ: Փակման արարողության ավարտին անցկացվեց խաղ-վիկտորինա: