Վայոց Ձորում շատ են եկեղեցիներն ու վանքերը։ Մենք առանձնացրել ենք Արատեսի վանքը։ Այն բաղկացած է կիսավեր երեք եկեղեցիներից և գավիթից։ Վանքի տարածքում կան 10–17-րդ դարերի խաչքարեր և տապանաքարեր: 1303 թվականին գրիչ Խաչատուր Երզնկացին ընդօրինակել է Գրիգոր Նյուսացու «Մեկնութիւն ժողովողին» աշխատությունը:
Աղավնաձոր գյուղից մոտ 5 կմ հյուսիս-արևմուտքում է գտնվում Աստվածածին կամ Ուլգյուր փոքրաչափ, ուղղանկյուն հատակագծով եկեղեցի-մատուռը։ Գյուղի կենտրոնում գտնվում է Սուրբ Մարիամ եկեղեցին, շրջակայքում բազմաթիվ խաչքարեր և մատուռներ կան։ Ուլգյուր գյուղում է ծնվել միջնադարի մեծ նկարիչ, ճարտարապետ, քանդակագործ Մոմիկը, որի ձեռքի գործն է Նորավանք վանական համալիրը, շատ այլ վանքեր ու մատուռներ։