Ամբերտ
Գեղարոտի ջրվեժ
Լինելով բարձրադիր լեռնաշխարհում՝ պետք է փաստել, որ երբեմն չենք էլ պատկերացնում՝ Հայաստանի տարածքում կարող են լինել այսքան ջրային տարածքներ։ Գեղարոտի ջրվեժը Արագածոտնի մարզում է՝ Արագած գյուղից 11 կմ հեռավորության վրա։ Գրանցված է բնության պետական հուշարձանների ցանկում։ Այս հիասքանչ ջրվեժը գտնվում է Արագածի լանջին՝ ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա՝ Քասաղ գետի Գեղարոտ վտակի վրա: Շատերն այն նմանեցնում են Թռչկան ջրվեժին: Ամռանը ջրվեժի շրջակայքում զով եղանակ է լինում, որտեղ կարելի է պարզապես նստել և վայելել մաքուր օդն ու բնության բույրը։
Ծաղկեվանք կամ Կույս Վարվառա
Լսած կլինեք քարանձավում փորած այս վանքի մասին, որը գտնվում է Արա լեռան վրա։ Ավանդազրույցներն էլ ավելի են մեծացնում հետաքրքրությունը վանք այցելելու և այն ուսումնասիրելու համար։
Մի ավանդույթի համաձայն՝ մամռոտ վանքի մեջ մի աղբյուր կա, որն առողջարար հատկություններ ունի, հատկապես տեսողության համար։ Ջրում առկա ցինկն օգնում է տեսողության, հոդերի և մկանների ջղաձգության խնդիրների դեպքում։ Տեղի բնակիչներն այն «Սուրբ ջուր» են անվանում։
Ծաղկեվանքը համարվում է Կույս Վարվառայի մահարձանը։ Սուրբ Վարվառան և Սուրբ Քրիստափորը առասպելական ծագում ունեն. կամ զոհվել են դաժան հոր ձեռքով՝ քրիստոնեությունն ընդունելու համար, կամ էլ նրանց հափշտակել են հրեշտակները։
Ըստ մեկ այլ լեգենդի՝ Ծաղիկ անունով մի կույս աղջիկ կար։ Հայ իշխաններից մեկը հավանում է նրան և ցանկանում բռնի տիրանալ։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ՝ թաքնվելու համար։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, որը գառներ էր արածեցնում, աղջիկը խնդրում է՝ ոչ մեկի չհայտնի իր տեղը։
Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին, որպեսզի պատժի նրան, հանդիպում է հովվին, որը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկ կույսի տեղը։ Ծաղիկը, տեսնելով, որ իշխանն ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռի վրա և իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվն իր ոչխարներով քարանում է։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է իր անունով։ Մատուռի կտուրից կաթացող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից՝ հավատալով, որ այն կբուժի իրենց և կենդանիների աչքերը։
Քարի լիճ
Արագածոտնի մարզում տեսե՞լ եք Քարի լիճը։ Գուցե այն լսել եք Կարագյոլ, Ղարագյոլ, Սև լիճ անվանումներո՞վ։ Բոլոր անուններն էլ նույն վայրին են. Քարի լիճը Արագած լեռան վրա է և առաջացել է սառցե գոյացություններից։ Լիճը գրեթե միշտ շրջապատված է ձյունով, ինչի պատճառով ջուրը բավականին սառն է լինում, բայց նաև պահպանում է իր յուրօրինակությունն ու շքեղությունը։ Լճում կա Իշխան ձուկ, որի քանակը տարեցտարի ավելացվում է արհեստական բազմացված մանրաձկով։ Քարի լճի արևմտյան ափից սկիզբ է առնում Արքաշեն գետը։ Այցելելով Արագածոտնի մարզ՝ փորձեք բաց չթողնել հեքիաթային ժանրի ֆիլմ հիշեցնող այս տեսարանը։ Այն գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին։