Շիրազն ինձ Հայաստան բերեց

«Հայերն այսօրի» բացառիկ հարցազրոյցը ստամբուլահայ երգահան Մաժակ Թոշիկեանի հետ:

…Ասում են` երբ մոռանում են հեղինակին, ուրեմն յաղթել է երգը, իսկ դա ամենամեծ պարգեւն է ու գնահատականը:
Հայ  ունկնդրին քաջածանօթ է «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգը, բայց երեւի քչերն են լսել Մաժակ Թոշիկեան (Չենք Թաշքան ) անունը, ով սիրուած ու մեծ ժողովրդականութիւն վայելող երգի հեղինակն է:-  Մի հանդիպման ժամանակ Սեպուհ Սրբազանը մօտեցաւ ինձ ու ասաց. «Շիրազին գիտէինք, բայց թէ Թոշիկեանն ով է, բնաւ չգիտէինք»,- պատմում է Մաժակ Թոշիկեանը:

«Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգը գրուել է 1984 թուականին Կանադայում:  Ապրիլի 24-ին Մոնրէալի հայկական եկեղեցում Եղեռնի զոհերի յիշատակին նուիրուած միջոցառում էր. յանկարծ մի փոքրիկ աղջկայ շուրթերից լսում եմ ինձ անծանօթ մի բանաստեղծութիւն, որի ամէն մի բառը կարծես մի փոքրիկ կարօտ լինէր: Անմիջապէս եղբօրս ասացի, որ այդ բառերով երգ եմ գրելու: Նա ինձ Յովհաննէս Շիրազի բանաստեղծութիւնների գիրքը տուեց, ու ես «ծանօթացա» Շիրազի հետ: Ծնուեց «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ երգը», որը մեր ծանօթութեան ամենամեծ վկան է: Բայց երազել անգամ չէի կարող, որ տարիներ անց օր մը Երեւան կը գամ ու այդ երգը կը լսեմ այստեղ: Սա ինձ համար մեծ հպարտութիւն է: «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգը  ես Պոլսում հազար անգամ լսել եմ, բայց երբ Երեւանում լսեցի, ուրիշ զգացում ունեցայ:

Կարծում եմ` ճակատագրական էր Շիրազի հետ «հանդիպումը». նա ինձ ոչ միայն ճանաչում, այլեւ Հայաստան բերեց:
2010 թուականին Շիրազի «Նամակ» բանաստեղծութեան հիման վրայ երգ գրեցի: Ստամբուլահայ երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուի կատարմամբ այդ երգը մեծ արձագանք է գտել Հայաստանում: Ու հիմա ես Սիբիլի հետ հայրենիքում եմ:

– Պարո´ն Թոշիկեան, առաջին անգամ էք Հայաստանում, ի՞նչ զգացողութիւններ ունէք:

–  Նախկինում Հայաստանն այսչափ բաց չէր Սփիւռքի համար. հիմա մենք մեր տուն ենք գալիս: Հեռուից կը կարծես, թէ ուրիշ երկիր է, բայց այդպէս չէ: Երբ գալիս ես այստեղ, զգում ես, որ սա քո տունն է, բոլորը հայ են, ամէնուր հայերէն են խօսում:

Հայերէն խօսելուս համար պարտական եմ ընտանիքիս: Շատերն ապրում են Թուրքիայում,  բայց հայերէն չեն խօսում. մեր տունի մէջ միայն հայերէն էինք խօսում:

– Պարո´ն Թոշիկեան, Դուք նաեւ թուրքերէն բազմաթիւ երգերի հեղինակ էք:

– Ես մօտ 300 թուրքերէն երգերի հեղինակ  եմ, որոնք կատարում են Թուրքիայի ճանաչուած երգիչները` Սեզէն Ակսուն, Հուկհետ Դուռուն, Տանիու Օքանը, Աիդա Պեքքան եւ այլք: Բայց երկար ժամանակ բնաւ հայերէն երգեր չունէի: Երբ 1981 թուականին ընտանիքով տեղափոխուեցինք Կանադա, սկսեցի աւելի շատ շփուել հայկական միջավայրի հետ, որն ինձ օգնեց հայերէն երգեր գրել:

Անընդհատ մտածում էի, որ թուրքերի համար երգեր եմ գրում, ինչու՞ ազգիս համար էլ չանեմ: Ու հաւատացէք` բնաւ դրամ շահելու համար չարեցի: Հայրենիքը բնաւ չտեսնելով` ես այդ երգերի միջոցով իմ հայրենիքի կարօտը առայ: Ես հայ եմ, եւ իմ երգերը հայկական ոգու արտայայտութիւններ են:

Այժմ մօտ 25-30 հայերէն երգ ունեմ: Շատ են Շիրազի բանաստեղծութիւնների հիման վրայ գրուած երգերը. նա պանդխտութեան թեմաներով շատ գեղեցիկ բանաստեղծութիւններ ունի` «Ես կը մոռանամ», «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ», «Արարատ», Դանիէլ Վարուժանի խօսքերով գրուած երգեր էլ կան` «Առկայծ ճրագ», «Յիսուս», «Օ՜,  Տալիթա»: Ես նաեւ երեւի թէ միակ երգահանն եմ, ով ուրարտերէն երգ է գրել, որը կոչւում է «Հալդի»:

– Երգչուհի Սիբիլը երազում է Անիում երգել «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգը, Դուք նոյնպէ՞ս Անին չէք տեսել:

– Դժբախտաբար Անիում չեմ եղել: Տարիներ առաջ Անիի մուտքը արգելուած էր: Հիմա կարող ես ազատ գնալ ու տեսնել Անին. յուսով եմ` մի օր անպայման կը տեսնեմ:

– Պարո´ն Թոշիկեան, ասացիք, որ Ձեր երգերը հայկական ոգու արտայայտութիւն են: Հետաքրքիր է, այդ երգերն ինչպէ՞ս են կատարում թուրք երգիչները:

– Գիտէք, միայն ես եմ հայերէն եւ թուրքերէն երգեր գրում: Հայեր կան, որ թուրքերի համար շատ երգեր են գրել, բայց բառ մը հայերէն չեն խօսում, հայեր էլ կան, որ միայն հայերէն երգեր են գրում: Հայերէն եւ թուրքերէն երգերով կարողացայ իւրատեսակ կամուրջ լինել:

Ես ազգութիւնից առաջ կարեւորում եմ մարդկային գործօնը, համամարդկային արժէքները: Ինձ համար` եթէ հայ է, անպայման լաւը չէ, եւ եթէ թուրք է, ապա անպայման գէշ չէ: Թուրքին ալ լաւը կայ, հայու գէշն էլ կայ: Միւս կողմից ալ կան ազգայնամոլ թուրքեր. դա արդէն այլ խնդիր է: Յոյս ունեմ, որ օր մը հրաշք մը կ’ըլլայ, եւ երկու ազգերի միջեւ հաշտութիւն, համերաշխութիւն կ’ըլլայ:

Ես շատ կարեւոր գործեր ունէի Ստամբուլում, բայց իմ թուրք գործընկերներն ասացին. «անպայման գնա´ Հայաստան, քանզի քո գնալը մեզ համար հպարտութիւն է»: Սա շատ կարեւոր  է:

Ես Թուրքիայում երաժշտութեան ասպարէզում ունեցած ձեռքբերումների, մատուցած ծառայութիւնների համար բազմաթիւ մրցանակներ եմ ստացել: Թատրոնի, բազմաթիւ հանդիսութիւնների համար նոյնպէս երաժշտութիւն եմ գրել:

– Պարո´ն Թոշիկեան, ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն առաջարկեց 2012 թուականին Հայաստանում հայ երգիչ-երգչուհիների մասնակցութեամբ կազմակերպել Ձեր երգերի համերգ-երեկոն: Դուք ծանօ՞թ էք հայ երգիչներին:

– Հայկական երաժշտութիւնից հեռու չեմ եղել, անոնց հետ եմ մեծացել:  Արա Գեւորգեանի հետ շատ լաւ բարեկամներ ենք, Արտօ Թունջբոյաջեանի հետ եմ մտերիմ: Բայց ժամանակակից հայ երգիչ-երգչուհիներին այնքան էլ ծանօթ չեմ. դեռ ժամանակ կայ, ու կը փորձեմ ծանօթանալ հայ կատարողների հետ: Համահայկական խաղերի բացման ժամանակ շատ հաւանեցի Մհերի կատարումը, Շուշան Պետրոսեանը, Անդրեն նոյնպէս լաւ երգիչներ են:

Համոզուած եմ` շատ գեղեցիկ համերգ է լինելու: Գիտէք, հիմա աւելի շատ ուրախ, ռիթմիկ երգեր են լսում, եւ իսկական, մեղեդային երաժշտութեան պակաս է զգացւում:

Զրուցեց Լուսինէ ԱԲՐԱՀԱՄԵԱՆԸ

Scroll Up