ՏԷԱՌՆԸՆԴԱՌԱՋ. Տօնի խորհուրդը եւ պատմական հիմքը

«Երբ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսէսի Օրէնքի համաձայն` Նրան Երուսաղէմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրուած էր Տիրոջ Օրէնքում. «Ամէն արու զաւակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կ’ոչուի»: Եւ Տիրոջ Օրէնքում ասուածի համաձայն` ընծայ պէտք է տալ մի զոյգ տատրակ կամ աղաւնու երկու ձագ»:
(Աւետարան ըստ Ղուկասի. Բ 22-24)

Տօնի խորհուրդը

Տէառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ»: Տէառնընդառաջը հայ ժողովրդի ամենասիրուած Տէրունական տօներից մէկն է: Այն 40-օրեայ Փրկչի` Յիսուս Մանկան` Երուսաղէմի տաճար գալու տօնն է, որը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, առաքելադիր սովորութեանը հաւատարիմ, տօնում է փետրուարի 14-ին, այսինքն` Քրիստոսի ծնունդից յետոյ` ճիշտ 40-րդ օրը: Ժողովուրդը այս տօնը անուանում է նաեւՏըրընդէզ, Տէրընդէզ, Տըրընտես, որոնք, ըստ մեկնիչների, «Տերն ընդ ձեզ» արտայայտութեան ձեւափոխուած տարբերակներն են: Իսկ ըստ որոշ աղբիւրների` Տէրն տես` Տիրոջը տեսնելու իմաստն ունի:

40-օրեայ մանուկներին տաճար տանելը Հին Ուխտի սովորութիւնն էր` նորածնին Աստծուն ներկայացնելու նպատակով, որի ընթացքում կատարւում էր մանուկների` տաճարին ընծայման, ինչպէս նաեւ մայրերի մաքրագործման օրինադրուած կարգը:

Տէառնընդառաջի տօնի պատմական հիմքը. Սբ. Աւանդութիւն

Ըստ աւանդութեան` երբ Յովսէփն ու Մարիամը Յիսուս Մանուկի հետ մօտենում են Երուսաղէմի տաճարին, արդէն մութ էր, եւ Տիրոջ մօտենալու պահին տաճարի արեւելեան դուռը, որը վաղուց ի վեր Աստծու խօսքով փակուած էր, ինքնիրեն բացուեց, որով կատարուեց Եզեկիէլ մարգարէի խօսքը. «Այդ դուռը փակ է մնալու ու չի բացուելու…, որպէսզի Իսրայէլի Տէր Աստուածը մտնի այնտեղով»(Եզեկ. ԽԴ 1-3): Տաճարի դռները բացուելիս մեծ դղրդիւն եղաւ քաղաքում, որից բնակիչները դուրս վազեցին իրենց տներից` տեսնելու տաճար եկողին: Եւ քանի որ մութ էր, իրենց հետ վառուող ջահեր եւ ճրագներ վերցրին: Մենք էլ նոյն օրինակով ենք կատարում «քառասնօրեայ Տիրոջ տաճար գալստեանէ տօնի նախատօնակը` վառուող ջահերով ու մոմերով:

Ըստ հրէական Օրէնքի` զաւակ ծնող իւրաքանչիւր կին, անմաքուր համարուելով, պարտաւոր էր ծննդեան քառասունքին տաճար գնալ եւ ողջակէզ անել մի տարեկան գառ` սրբուելու, ինչպէս նաեւ երկու տատրակ կամ աղաւնի` մեղքերի համար: Աղքատ ծնողները կարող էին զոհել երկու տատրակ կամ աղաւնի. մէկը`ողջակեզի, իսկ միւսը` մեղքերի համար: Եկեղեցու աւանդութեան համաձայն`տատրակը ողջախոհ թռչուն է համարւում եւ խորհրդանշում է Քրիստոսին: Իսկ աղաւնին հանդարտ ու խաղաղ է, ինչը խորհրդանշում է Քրիստոսի անսահման հեզութիւնը:

Սակայն ինչու՞ պէտք է Աստուածածինը կատարէր այս պարտականութիւնը: Չէ՞ որ նա «անսերմ յղութեամբ» եւ «կուսական ծննդեամբ» էր ծնել իր զաւակին, հետեւաբար Աստուածածնի համար այս օրէնքը անիմաստ էր, քանզի նրանից ծնուածը` աշխարհի Փրկիչը, յղացուել էր Սուրբ Հոգու զօրութեամբ: Որովհետեւ… Յիսուս չեկաւ ջնջելու Օրէնքն ու մարգարէութիւնները, այլ կատարելու Իբր իսկ սահմանած օրէնքը` որպէս խոնարհութեան ու հեզութեան օրինակ: Աբյս պատճառաբանութեամբ էլ  Քրիստոս ենթարկուեց Անդրանկաց օրէնքի գործադրմանը:

Սիմէոն ծերունու մարգարէացումը եւ օրհնութիւնը

«Արդ, Երուսաղէմում Սիմէոն անունով մի մարդ կար, եւ այդ մարդը արդար ու աստուածավախ էր եւ ակնկալում էր Իսրայէլի մխիթարութիւնը. եւ Սուրբ Հոգին էր նրա մէջ: Եւ Սուրբ Հոգուց հրամայուած էր իրեն մահ չտեսնել, մինչեւ որ տեսնէր Տիրոջ Օծէալին: Նա Հոգով առաջնորդուած` եկաւ տաճարը, եւ երբ ծնողները բերին Յիսուս Մանկանը` Նրա վրայ կատարելու ինչ որ Օրէնքի սովորութէան համաձայն էր, Սիմէոնը Նրան իր գիրկն առաւ, օրհնեց Աստծուն եւ ասաց.

«Այժմ, ո´վ Տէր, խաղաղութէաբմբ արձակիր Քո ծառային` ըստ Քո խօսքի.
որովհետեւ աչքերս տեսան փրկութիւնը Քո,
որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ,
լոյս, որ կը լինի եայտնութիւն հեթանոսների համար
եւ փառք` Իսրայէլի Քո ժողովրդի համար»:  (Ղուկաս Բ 25-32)

Եւ մինչ Յովսէփն ու Մարիամը զարմացած լսում էին այս խօսքերը, ծերունին օրհնեց նրանց եւ ասաց Մարիամին.

«Ահա´ սա Նա է, որ պատճառ է դառնալու Իսրայէլում շատերի անկման ու բարձրացման եւ նշան`հակառակութէան: Իսկ քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպէսզի բազում սրտերի խորհուրդներ եայտնի դառնան»:

Ըստ աւանդութեան` Սիմէոնը 72 թարգմանիչ դպիրներից էր, ովքեր Եգիպտոսի Պտղոմէոս Եղբայրասէր թագաւորի հրամանով Հին Կտակարանի գրքերը եբրայերէնից յունարէն թարգմանեցին: Թարգմանութեան ընթացքում նա հանդիպում է Եսայու մարգարէութեան «ԱՀԱ ԿՈՅՍԸ  ՊԻՏԻ ՅՂԻԱՆԱՅ ՈՒ ՈՐԴԻ ԾՆԻ»(Եսայի Է. 14)նախադասութեանը: Սիմէոնը տարակուսում է, որ հեթանոսները չեն հաւատայ, եւ ջնջում է այն: Այդ պահին նրա ներսում երկմտանք է առաջանում, եւ վրան նիրհ է իջնում: Երբ արթնանում է, հրաշքի է ականատես լինում. ջնջուած մասը նոյն տեղում նորից գրուած էր, այն էլ` ոսկեայ տառերով: Սիմէոնը երանի է տալիս նրանց, ովքեր պիտի տեսնեն Կուսածին Մանկանը եւ արժանանան Նրան գրկելու երջանկութեանը: Սուրբ Հոգին, որ առաջնորդում էր թարգմանիչներին եւ կատարում Իրենից երկիւղածների խնդրանքը, ասում է Սիմէոնին.«Մահ չես տեսնի, մինչեւ որ տեսնես Տիրոջ Օծեալին»:

Եւ ահա Սիմէոնը, տաճարում հանդիպելով Մանուկ Յիսուսին, մարգարէական հոգով տեսնում է, որ Նա է Մեսիան, ում ինքը այդքան երկար սպասում էր: Եւ այս առիթով նրա` Մարիամին ուղղուած օրհնութիւն-մարգարէութեան մէջ յիշատակուած լոյսը, ըստ Յովհաննէս աւետարանչի, այն Լոյսն է, որ լուսաւորում է ամէն մարդու, որ գալու է աշխարհ: Ու փաստօրէն Սիմէոն ծերունու մարգարէացումով մեզ բոլորիս աւետւում է մեր Տէր Յիսուս Քրիստոսի` խոստացուած Փրկիչ լինելը:

Աննայի մարգարէացումը

«Եւ այնտեղ կար մի մարգարէուհի` Աննա անունով` Փանուէլի դուստրը, Ասէրի ազգատոհմից. սա տարիքով շատ առաջացած էր եւ ամուսնու հետ միայն էօթը տարի էր ապրել` սկսած իր կուսութիւնից: Նա մօտ ութսունչորս տարեկան մի այրի էր, որ չէր հեռանում տաճարից, այլ ծոմապահութէամբ եւ աղօթքով գիշեր-ցերեկ ծառայում էր Աստծուն: Սա եւս նոյն ժամին վեր կացաւ եկաւ, գոհութիւն էր մատուցում Տիրոջը եւ խօսում էր Մանկան մասին բոլոր նրանց հետ, որոնք Երուսաղէմի փրկութէանն էին սպասում:

Եւ երբ ամէն ինչ կատարեցին Տիրոջ Օրէնքի համաձայն, վերադարձան Գալիլիա, իրենց քաղաքը` Նազարէթ: Եւ Մանուկը աճում ու զօրանում էր` լի իմաստութէամբ. եւ Աստծու շնորհները նրա վրայ էին» (Ղուկ. Բ 36-40):

Ըստ աւանդութեան` Մարիամ Աստուածածինը մանկութեան տարիները անցկացրել էր տաճարի այրիների խնամքի տակ, եղել Աննայի սանուհին, եւ այս առիթը մեծ խնդութիւն էր մարգարէուհու համար` տեսնել իր Տիրամայր սանուհուն եւ նրա Փրկիչ Զաւակին:

Ըստ Եկեղեցու հայրերի` Սիմէոն ծերունին ու Աննա մարգարէուհին ոչ միայն կարեւոր վկայութիւններ տուեցին Փրկչի մասին, այլեւ կենդանի խորհրդանիշը եղան Ադամի ու Եւայի, նրանց մեղքով ծերացած մարդկութեան, որը, ի դէմս այս երկուսի, ընդառաջ ելաւ Քրիստոսին` իր գիրկը առնելու Նրան, դրանով իսկ` ազատուելու մեղքի կապանքներից, անցնելու Հին ուխտից դէպի Նորը, մահկանացու կեանքից դէպի Յաւիտենականը: Ա´յդ պատճառով էլ այսօրուայ յիշատակն ու տօնը անուանում ենք Տէառնընդառաջ`հաւաստելով Տիրոջն ընդառաջ գալով` Նրան մեր սրտի մէջ ընդունելը…

Քառասնօրեայ մանուկների` Եկեղեցուն ընծայման կարգը եւ Տէառնընդառաջի ծիսական
արարողակարգը Հայոց Եկեղեցում 

Ծնուելուց 40 օր յետոյ մանուկներին տաճար տանելու եւ Աստծուն նուիրելու սովորութիւնը մնաց նաեւ մեր Եկեղեցում: Այսօր էլ շատ հայ մայրեր իրենց 40-օրեայ մանուկներին բերում են եկեղեցի, ուր քահանան յատուկ արարողակարգով երեխային ընծայում է Աստծուն` խնդրելով, որ Բարձրեալի ամենազօր Սբ. Աջը միշտ առողջ պահի նրան եւ արժանացնի սուրբ Հաղորդութեանն ու Երկնքի արքայութեանը: Միաժամանակ կատարւում է մայրերի մաքրագործման արարողակարգ: Այս գեղեցիկ արարողութիւնը կոչւում էՔառասունք:

Մեր Եկեղեցում Տէառնընդառաջի տօնը սկսւում է փետրուարի 13-ին` երեկոյեան ժամերգութեան աւարտին: Եկեղեցիների ատեաններում արտասովոր լուսաւորութիւն է տիրում: Ձեռքներին մէկական վառուող մոմ` հաւատացեալները ժամերգութեան աւարտին այդ լոյսը, որպէս Քրիստոսի փրկութեան Լոյսի խորհրդանիշ, տանում են տուն` լուսաւորելու իրենց օջախները: Երեկոյեան կատարւում է Անդաստանի կարգը` արտերի եւ այգիների օրհնութեան ձեւով, ինչը խորհրդանշում է ձմռան աւարտը եւ գարնանամուտը: Ինչ վերաբերում է խարոյկ վառելուն, ըստ եկեղեցական կանոնների` այն ծիսական որեւէ նշանակութիւն կամ իմաստ չունի: Աւելին` հրի շուրջը պտտուելու մասին ասւում է, որ այն դատապարտելի է եւ ներմուծուած է տգէտների կողմից: Իսկ Եկեղեցու բակում վառուող մեծ խարոյկը, ուր այցելում են նորապսակները այդ տօնական օրը, ըստ սբ. Գրիգոր Տաթեւացու, ունի հետեւեալ խորհուրդները. «Խարոյկի հուրը բորբոքելով` Աստծու սիրոյ հուրն ենք խնդրում: Հեթանոսները Աստծու պատիւը կրակին էին մատուցում, իսկ քրիստոնեաներս կրակը ծառայեցնում ենք Աստծուն: Ինչպէս եբրայեցի մանուկները ծառի ոստերը ընծայեցին Քրիստոսին, այնպէս էլ մենք կրակն ենք ընծայում:

Երկրորդ գալստեան ժամանակ հուրը պիտի գնայ Տիրոջ առջեւից, որպէսզի լուսաւորի սրբերին եւ բարեպաշտներին, իսկ չարերին ու անհաւատներին սատանայի հետ յաւիտենական հրի դատապարտի»:

Այնպէս որ, վառուող մոմերը տուն տանելը եւ Եկեղեցու բակում վառուող խարոյկը ըստ էութեան որեւէ կապ չունեն մեր հեռաւոր հեթանոս նախնիների կրակի պաշտամունքի հետ:

Այսպիսով` Տէառնընդառաջի տօնը Տիրոջն ընդառաջ գնալու հրաւէր է բոլորիս: Մեր փրկութեան համար Երկնքից երկիր խոնարուած, մարդացած Աստուածորդին ամէն րոպէ դիմում է մեզ. «Եկե´ք  Ինձ մօտ, բոլոր յոգնածներդ ու բեռնաւորուածներդ, եւ Ես կը հանգստացնեմ ձեզ»(Մատթ. ԺԱՅ 28 ): Անսա´նք  Տիրոջ կանչին, քանզի ով Նրա հետեւից է գնում, «խավարի միջով չի քայլի, այլ կ’ընդունի Կեանքի լոյսը»(Յովհ. Ը 12):

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրահանգով արդէն մի քանի տարի է, ինչ Տէառնընդառաջը հռչակուել է նաեւ նորապսակների օրհնութեան օր:

Պատրաստեց  Հայկ Կարապետեանը` ըստ ՀԱԷ  ՔԴԿ  քարոզթերթիկի

Scroll Up