Անզուգական Մետաքսեան

Մետաքսեայ Սիմոնեանի ծննդեան 85-ամեակը

ԽՍՀՄ եւ ՀՍՍՀ ժողովրդական արտիստուհի, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Մետաքսեայ Սիմոնեանը 20-րդ դարի ազգային թատրոնի այն մեծութիւններից էր, ովքեր իրենցով պայմանաւորեցին մի ողջ դարաշրջանի գեղարուեստական հաստատումների ընթացքն ու տրամաբանութիւնը, ովքեր ձեւաւորեցին այնպիսի աւանդոյթներ, որոնք դպրոց եղան արդէն եկողների համար: Հայ բեմարուեստի պատմութեան մէջ շատ դերասանուհիներ էին նշանաւորուել, շատերի անուններն են դրոշմուել մեր յիշողութեան մէջ. Արուսեակ Փափազեանի ու Սիրանոյշի, Ազնիւ Հրաչեայյի ու Արուս Ոսկանեանի, Ժասմենի ու Սաթենիկ Ադամեանի, Օլգա Գուլազեանի ու Յասմիկի, Արուս Ասրեանի ու Վարդուհի Վարդերեսեանի անուններն առմիշտ արդէն մեր թատրոնի շքեղ պատմութիւնն է: Մետաքսեայ Սիմոնեանն այս փաղանգի մի մասն է, ամենաշքեղներից մէկը, ով բեմ եկաւ 1948-ին` թատերական ինստիտուտի առաջին դերասանական կուրսն աւարտելուց յետոյ: Նրա առաջին դերը Անանին էր` Գ. Սունդուկեանի «Էլի մէկ զոհ» կատակերգութեան բեմադրութեան մէջ, խաղընկերներն էին սունդուկեանական աւանդոյթների մեծագոյն կրողները` Աւետ Աւետիսեանն ու Օլգա Գուլազեանը: Այս կատարումը նրա համար իւրատեսակ քննութիւն էր, որը նա «յանձնեց» մեծ յաջողութեամբ եւ մէկ տարի անց արդէն խաղաց Նինա` Լերմոնտովի «Դիմակահանդէս» դրամայի բեմադրութեան մէջ: Վահրամ Փափազեանի, Վաղարշ Վաղարշեանի, Հրաչեայ Ներսիսեանի խաղընկերութեամբ ստեղծուած այս կատարումը մեծ ճանաչում ու հռչակ բերեց դերասանուհուն, պարտադրեց ամենախստապահանջ թատերագէտներին բարձր գնահատել դերակատարումը, հմայուել դերասանուհու անկեղծութեամբ ու անմիջականութեամբ, խորը դրամատիզմով, հոգեբանական մանրամասների ընդգծումներով, հոգեպարար քնարականութեամբ: Յատկանիշներ, որոնք  ցայտուն էին դարձնում կերպարը, առանձնացնում նրան մարդկային բազմադէմ դիմակահանդէսի մէջ… Ինչպէս ռուս, այնպէս էլ հայ բեմում երբեք Նինայի կերպաւորման շուրջ լուրջ խօսակցութիւններ չէին եղել, կերպարը չէր դիտարկուել որպէս բարդ հիւսուածքի իրողութիւն, մինչդեռ Մետաքսեայ Սիմոնեանը բեմ էր բերել մի այնպիսի հերոսուհու, ով դառնում էր բոլոր իրադարձութիւնների կենտրոնը, նպաստում սիւժէի ողբերգական լարմանը:

Նինային յաջորդեցին նոր ու հետաքրքիր այլ դերեր, որոնք վառ պատկերացում ձեւաւորեցին արտիստուհու ստեղծագործական նախասիրութիւնների եւ դերասանական դիապազոնի մասին: դերասանուհին խաղաց Դէզդեմոնայ, Կ’որդելիայ, Ջուլիետ` Շեքսպիրի «Օթելլո» , «Լիր արքա» եւ «Ռոմէոյ եւ Ջուլիետ» ողբերգութիւններում, Նուարդ, Կլէոպատրա` Նաիրի Զարեանի «Արայ Գեղեցիկ» եւ «Արտավազդ եւ Կըլէոպատրրա» ողբերգութիւններում, Սուսան եւ  Շուշանիկ` Շիրվանզադէի «Նամուս» եւ «Քաոս» ստեղծագործութիւններում, նրան հասու եղան հայ, ռուս եւ համաշխարհային թատերգութեան բազմաթիւ այլ կերպարներ:

Ցայտուն կատակերգականից մինչեւ ողբերգութիւն, թեթեւ ու նուրբ վրձնահարուածներով ստեղծուած կերպարներից մինչեւ բազմաշերտ, երբեմն պարադոքսների վրայ կառուցուած հոգեբանական նկարագրեր. այսպիսին է նրա ստեղծագործութեան բնութագիրը, որում առաջնայինը գեղարուեստական թեմայի եզակիութիւնն է: «Ցաւ միբ պատճառէք կնոջը, չէ՞ որ նա գեղեցիկ է»,- ահա այսպէս է Մետաքսեայ Սիմոնեանի առաջատար թեման բնութագրել ակադեմիկոս Լեւոն Հախուերդեանը` իւրովի ընկալելով եւ ներկայացնելով բեմական բոլոր հերոսուհիների գաղափարական ենթաշերտը: Սա դիպուկ է, բայց ոչ ամբողջական: Միայն գեղեցիկ կանանց դատի պաշտպանը չէր Մետաքսեայ Սիմոնեանը, քանի որ նրա հերոսուհիները հզօր անհատականութիւններ էին նաեւ, պետութեան ու հայրենիքի առջեւ մեծ պարտք ունեցող կանայք, ըմբոստ ու արի անհատականութիւններ: Նուարդը, Փառանձեմը, Կլէոպատրան, Մարգարիտ Սամսոնեանը պատմաշրջանների ներկայացուցիչներն էին, նրանք ունէին իրենց կռիւն ու ընդվզումը, իրենց հաւատամքը: Եթէ ազգային խաղացանկում, բացի նշուածներից, միւս գրեթէ բոլոր կերպարները յառնում էին իւրատեսակ թեթեւութեամբ ու փափկութեամբ, ապա ռուսական ու եւրոպական խաղացանկի շատ դերեր իրենց մէջ որոշակի ողբերգական լիցքեր ու կրքեր էին պարունակում: Դէզդեմոնան, Ջուլիետը, Կ’որդելիան` շեքսպիրեան ողբերգութիւններում, Նաստասիայ Ֆիլիպովնան` Դօստոեւսկու «Ապուշը» վէպի բեմականացման մէջ, Վիրջինիայ Վուլֆը եւ այլ կերպարներ հզօր դերասանական տեմպերամենտի արտայայտութիւններն էին:

Դերասանուհին նկարահանուեց նաեւ կինոյում` ստեղծելով մօտ տասը կ’ինոդէր, որոնցում եւս նրա անսահման հմայքը, կատարման նրբութիւնները հանդիսատեսին գամուած էին պահում էկրաններին:

Լեւոն Մութաֆեան

Scroll Up