Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հարաւային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդին եւ ներկայացուցիչներին

Մարտի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հարաւային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մովսէս արքեպիսկոպոս Մովսիսեանի գլխաւորած պատուիրակութեանը, որի կազմում էին թեմի հոգեւոր սպասաւորներ, թեմական խորհրդի անդամներ, բարերարներ եւ տարբեր համայնքների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում Մովսէս Սրբազանին յանձնուեց արքութեան պատուի Հայրապետական սրբատառ կոնդակը: Դեռեւս փետրուարի 26-ին` Ս. Ղեւոնդեանց քահանաների տօնին, Վեհափառ Հայրապետի կողմից Մովսէս Սրբազանին շնորհուել էր արքութեան պատիւ` ի գնահատութիւն Հայոց Եկեղեցու անդաստանում տարիների վաստակի եւ նուիրեալ ծառայութեան:

Հանդիպումը սկսուեց Տէրունական աղօթքով, ապա Հարաւային Ռուսաստանի հայոց թեմի պատուիրակութեանը ողջունեց Մայր Աթոռի Դիւանատան Ներեկեղեցական յարաբերութիւնների գրասենեակի տնօրէն Արժանապատիւ Տ. Պարոյր քահանայ Աւետիսեանը:

Այնուհետեւ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Յակոբեանն ընթերցեց Նորին Սրբութիւն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը, որում մասնաւորապէս ասուած է.

«Սուրբ Էջմիածնի Հոգևոր ճեմարանում և Զագորսկի Հոգևոր Ակադեմիայում աւարտելով Ձեր հոգևոր ուսումնառութեան ու պատրաստութեան շրջանը՝ Դուք Տիրոջ կանչով նուիրուեցիք աւետարանի լոյսը մեր ժողովրդի կեանքում տարածելու սրբազան գործին՝ որպէս կուսակրօն հոգևորական Հայաստանեայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու:

Երջանկայիշատակ Վազգէն Ա. Հայրապետի օրհնութեամբ Դուք հովուական ծառայութեան կոչուեցիք Մոսկուայի Սբ. Յարութիւն եկեղեցում, ապայ օրինակելի նուիրումով վարեցիք Սուրբ Հռիփսիմէ վանքի վանահօր պաշտօնը` Ձեր պարտականութեանց մէջ միշտ դրսևորելով ծառայական մշտարթուն ոգի և աննուազ նախանձախնդրութիւն՝ հանդէպ մեր Եկեղեցին և Քրիստոսասէր մեր ժողովուրդը:

Ձեր ծառայագործութիւնը առաւելաբար արդիւնաւոր եղաւ Հարաւային Ռուսաստանի Հայոց թեմում, ուր, որպէս առաջնորդ, պաշտօնավարում էք շուրջ քսան տարիներ: Մենք ուրախ ենք մեծապէս, որ Դուք կարողացել էք շահել հաւատաւոր հայորդիների սէրն ու գնահատանքը և միաւորել նրանց ջանքերը` յանուն Տիրախնամ թեմում հոգևոր վերազարթօնքի: Այս տարիների ընթացքին Ձեր քաջալերանքով և նախաձեռնութեամբ թեմում կառուցուել են նոր եկեղեցիներ, իրագործուել բազում եկեղեցաշէն ու ազգանուէր ծրագրեր` շինութիւն և պայծառութիւն յաւելելով Քրիստոսահիմն մեր Սուրբ Եկեղեցուն»։

Հայրապետական կոնդակի հրապարակումից յետոյ Նորին Սրբութիւնն այն յանձնեց Մովսէս Սրբազանին, ապա նրան ընծայաբերեց նաեւ եպիսկոպոսական պանակէ:

Թեմի համար ոգեւորիչ այս առիթով իր սրտի խօսքն ասաց թեմական խորհրդի ատենապետ տիար Մարտին Յովհաննիսեանը: Վերջինս իր երախտագիտութիւնը յայտնեց Վեհափառ Հայրապետին շատ ուրախալի եւ անսպասելի արարողութեան, ինչպէս նաեւ երիտասարդ իրենց թեմի նկատմամբ դրսեւորուող հայրական ուշադրութեան համար` հաւաստիացնելով, որ մշտապէս ջանում են իրենց ծառայութեամբ Սուրբ Էջմիածնի եւ Հայոց Հայրապետի պատիւը բարձր պահել:

Իր ապրումները ներկաներին փոխանցեց նաեւ Գերաշնորհ Մովսէս արքեպիսկոպոսը: Շնորհակալութիւն յայտնելով բարձր պատուի արժանացնելու համար` Սրբազանը վերյիշեց թեմում իր նշանակումը` հաստատելով, որ առաջնորդութեան շուրջ քսան տարիների ընթացքում փորձել է իր հոգեւոր ու մտաւոր կարողութիւններն առաւելագոյնս ծառայեցնել թեմի հոգեւոր եւ ազգային կեանքի զարգացմանը: Մովսէս Սրբազանը նաեւ ընդգծեց, որ այս պատիւով աւելի է մեծանում պատասխանատուութիւնը եւ շատանում պարտականութիւնները, որոնք պիտի կատարի սիրով եւ յանձնառութեամբ:

Հանդիպումն ամփոփուեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեան խօսքով: Ողջունելով թեմի ներկայացուցչական պատուիրակութեանը` Նորին Սրբութիւնը գնահատանքով անդրադարձաւ Մովսէս Սրբազանի տարիների վաստակին, խոնարհ, նուիրեալ ծառայութեանը, որով ջանքեր է գործադրել, որպէսզի զօրանայ հոգեւոր կեանքը, պատշաճ խնամք ցուցաբերուի Հարաւային Ռուսաստանում բնակուող հայորդիների նկատմամբ, ապրեն հաւատարիմ իրենց ազգային ինքնութեանը, հոգեւոր-ազգային արժէքներին ու աւանդներին: Խօսելով Ռուսաստանում հայոց ներկայութեան շուրջ հազարամեայ պատմութեան եւ ազգային աւանդոյթների պահպանութեան անհրաժեշտութեան մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարեւորութեամբ ընդգծեց, որ եկեղեցին է, որ պէտք է համախումբ պահի մեր ժողովրդին այդ արժէքների շուրջ, արթուն պահի հայ ոգին ու գիտակցութիւնը, որպէսզի հպարտ ապրեն իրենց ազգային ինքութեամբ:

Հայոց Հովուապետն ուրախութեամբ արձանագրեց, որ թեմն առաւել զօրանում եւ զարգանում է` ընդլայնելով իր հոգեւոր-ազգային գործունէութիւնը: Գոհունակութիւն յայտնելով Կրասնոդարի մայր եկեղեցու կառուցման առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնութիւնն ու գնահատանքը փոխանցեց բոլոր այն անձանց, ովքեր կարելիի շրջանակներում աջակցում են Հարաւային Ռուսաստանում շէն ու պայծառ հայոց կեանքի կերտման սրբազան գործին:

Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Տէրն Իր շնորհները հեղի հայորդիների կեանքից ներս եւ առատացնի հայրենաշեն ու եկեղեցանուէր բարի գործերը:

Scroll Up