«Ցուրտ Ֆինլանտայի Մէջ Մենք Փոքրիկ Ու Տաք Հայաստան Մը Ստեղծած Ենք». Մարինա Տանոյեան

ՀՀ սփիւռքի նախարարութիւնում ֆինլանտիայից հիւրընկալուած «Ֆինլանտիա- Հայաստան միութեան» փոխնախագահ Մարինա Տանոյեանի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը. ստորեւ մեր ընթերցողների ուշադրութեանն ենք ներկայացնում այդ հարցազրոյցը:

-Մարինա՛, որքանով տեղեակ եմ, Ֆինլանտիայում, մասնաւորապէս` Հելսինկիիում, հայկական կազմակերպուած մեծ համայնք չկայ. այդպէ՞ս է…

-Փոքր է համայնքը, որովհետեւ մեծ չէ այնտեղ ապրող հայերի թիւը, սակայն ունենք երկու կազմակերպութիւն. Ֆինլանտիա-Հայաստան միութիւնը գործում է շուրջ 4 տարի, հիմնադիրները Աբգար Մարգարեանը եւ Հրաչ Զաքարեանն  են: Համայնքը եղել է, բայց այդպէս կազմակերպուած սկսել է գործել է 4 տարի առաջ:

-Խօսենք  ձեր  միութեան, նրա առաքելութեան, նպատակների մասին:

-Մեր միութեան գերակայ նպատակները հայապահպանութիւնն ու Հայաստան-Ֆինլանտիա մշակութային կապերի հաստատումն է: Նպատակներից մէկն էլ հայկական դպրոց հիմնելն էր, որը հիմա ունենք: Չեմ կարող այն դպրոց անուանել, աւելի շուտ` խմբակ է, որտեղ յաճախող երեխաներին սովորեցնում եմ հայոց լեզու, դրուագներ եմ ներկայացնում մեր պատմութիւնից: Ուսումնական ծրագիրը կազմելուն ինձ շատ օգնեց ՀՀ սփիւռքի նախարարութեան կազմակերպած անցեալ տարուայ «Սփիւռք» ամարային դպրոցի դասընթացներին իմ մասնակցութիւնը: Դասագրքերը ստացել ենք Սփիւռքի նախարարութիւնից: Երեխաները սիրով են յաճախում խմբակ եւ ջանում են սովորել ու իրենց հետ տուն տանել մայրենին: Մենք Ֆինլանտիայում ստեղծել ենք մի փոքրիկ Հայաստան:

-Դուք  գնացել էք արեւօտ Հայաստանից. հեշտութեա՞մբ էք յարմարուել ֆիննական ցրտին:

-Հայասատանում ուսումս աւարտելուց յետոյ սովորել եմ Ֆրանսիայում, որից յետոյ, ամուսնուս հետ տեղափոխուել ենք ֆինլանտիա: Ամէն երկիր ունի իր աշխարհագրական, կլիմայական առանձնայատկութիւնները: Ֆինլանտիայում ցուրտ է, ձմրան ամիսներին` մութ. չես համեմատի արեւօտ ու պայծառ Հայաստանի հետ, բայց սովորել ենք նաեւ այնտեղի եղանակային պայմաններին: Անշուշտ, կարօտում եմ մեր գարնանը, ամրանը…եկել եմ մի քիչ արեւ տանելու Հայաստանից:

-Մարինա՛, ի՞նչ միջոցառումներ էք կազմակերպում համայնքի մակարդակով եւ որտե՞ղ էք դրանք իրականացնում:

-Մենք հայկական եկեղեցի եւ մատուռ, մշակոյթի տուն չունենք. միջոցառումներ  կազմակերպելու համար համագործակցում ենք համար  մշակութային տարբեր կազմակերպութիւնների հետ եւ տարածք վարձակալում: Հայոց լեզուի խմբակի համար տարածք ենք վարձակալում մի ֆիննական դպրոցում: Եկեղեցական ծէսերի համար հայ համայնքին տարածք է տրամադրում տեղի Լիւթերական կամ Օրթոդոքս (Ուղղափառ) եկեղեցին: Հայ առաքելական եկեղեցին արդէն գրանցուել է եւ, հաւանաբար, մօտ ապագայում եկեղեցի կամ մատուռ կ’ունենանք: Մենք ունենք Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցչութիւն, նրանց հետ համագործակցում ենք, միմեանց աջակցում` միջոցառումներ կազմակերպելու հարցում: Ասեմ նաեւ, որ Շուէտիայից ժամանակ առ ժամանակ հոգեւոր ներկայացուցիչ Հայր Եղիշէն է գալիս եւ հայկական պատարագ մատուցում:

Ինչպիսի՞ յարաբերութիւններ են ձեւաւորուած հայերի ու ֆինների միջեւ, ֆինները գիտե՞ն հայերի ու Հայաստանի մասին:

-Ես ֆիններին շատ եմ սիրում, մեծ յարգանք ունեմ նրանց նկատմամբ, որովհետեւ անչափ բարի ու աշխատասէր են: Նրանք շատ յարգանքով են վերաբերում միւս ազգերին: Զարմանալիօրէն, նրանցից շատերը քաջատեղեակ են Հայաստանից ու հայերից: Այս տարի մեր միութիւնը մասնակցում էր Հելսինկիում ամէն տարի կազմակերպուող մշակութային փառատօնին, որի շրջանակներում առաջին անգամ ներկայացրեցինք Հայաստանը: Մենք ունէինք հայկական մի հրաշալի տաղաւար, որով հետաքրքրուած էին ֆինները. ցուցադրւում էին Հայաստանի տեսարժան վայրերը, յուշանուէրներ կային Հայաստանից, այցելուներին նաեւ հիւրասիրում էինք Գրանդ Քէնդիի համեղ  քաղցրաւենիքով: Շատ ֆիններ մօտենում ու պատմում էին Հայաստանի մասին, պատմում Հայաստանում իրենց ունեցած ճամփորդութեան մասին: Ֆինլանդիայում մի հրաշալի հոգեւորական` Հայր Սերաֆիմը, ով լաւ է ճանաչում Հայաստանն ու հայերին, ֆիններէնով գրքեր է գրել Հայաստանի մասին: Նա ճամփորդութիւններ է կազմակերպում դէպի Հայաստան, եւ մէկ անգամ Հայաստան այցելող ֆինները ձգտում են կրկին այցելել:

-Պատմէք, խնդրեմ Ձեր աշակերտների յաջողութիւնների մասին, այն խրախուսանքների, որոնք ստացել են Սփիւռքի նախարարութեան կազմակերպած մրցոյթի առիթով:

-Մեր երեխաները մասնակցեցին «Սիրու՛մ եմ քեզ, իմ Հայրենիք» թեմայով նկարչական աշխատանքների մրցոյթին: Մենք չգիտէինք, որ մրցանակաբաշխութիւն է լինելու, ուղղակի մասնակցեցինք, եւ այդ նկարներն ուղարկեցինք Հայաստան: Մէկ ամիս առաջ անակնկալ ունեցանք. մեր էլեկտրոնային փոստով նամակ ստացանք, որ մեր երեխաների նկարները երկու առաջին կարգի մրցանակի են արժանացել, իսկ միւսները ստանում են խրախուսական վկայագրեր, որոնք այնքա՜ն հանդիսաւոր ու գեղեցիկ կերպով մատուցուեցին ՀՀ սփիւռքի նախարարութիւնում: Իմ 5-ամեայ աղջկան` Սոֆիա Բոյաջեանին, ես չէի ասել այս մրցոյթի մասին, ուղղակի նա միշտ նկարում է եւ մանկապարտէզում մի նկար էր արել, որտեղ պատկերել էր օդապարիկ, իրեն եւ իր ընկերուհուն, որ թռչում են դէպի Հայաստան: Նա մանկապարտէզի դաստիարակչուհուն խնդրել էր այդ նկարի պատմութիւնը գրել ֆիններէնով: Թռիչքի ժամանակ աղջիկները տեսնում են ծածանուող հայկական դրօշը. աղջիկս հասկանում է դրա իմաստը, իսկ ընկերուհին` ոչ:  Աղջիկս ընկերուհուն բացատրում է, որ դա  հայաստանի դրօշն է: Այդ նկարը նոյնպէս ներկայացուեց մրցոյթին եւ շահեց առաջին կարգի մրցանակ, իսկ առաջին կարգի 2-րդ մրցանակը շահել էր 10-ամեայ Բենիամին Յարութիւնեանը, ում նկարն աւելի մարտական ոգով էր արուած. նա նկարել էր պատերազմի դաշտ, զինուորների…մեր համայնքից Էմանուէլ Քեշիշեանի անունը կ’ուզեմ նշել, ով մրցանակաբաշխութեան ժամանակ Հայաստանում էր գտնւում իր ծնողների հետ եւ անձամբ ներկայ գտնուեց մրցանակաբաշխութեանն ու ստացաւ իր մրցանակը: Կ’ուզէի աւելացնել, որ մեր երեխաները շատ մեծ սիրով ու ոգեւորուած մասնակցեցին նաեւ «Նամակ զինուորին» նախաձեռնութեանն` իրենց նկարազարդ նամակներով:

Յաջողութիւն եմ մաղթում, սիրելի՛ Մարինա, մաղթում եմ, որ Ձեր հայանպաստ  գործունէութեան հիմքում մշտապէս գերակայ խնդիր լինի հայոց լեզուն հնարաւորինս աւելի մեծ թուով հայ երեխաների սովորեցնելն ու Հայաստան-ֆինլանտիա մշակութային կապերի սերտ համագործակցութիւնը:

Կարինէ Աւագեան

Scroll Up