Աւարտուեց Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովը

unnamed

Մայիսի 17-18-ին Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդարանում Գերագոյն հոգեւոր խորհուրդը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահութեամբ, շարունակեց իր աշխատանքը: Այս մասին «Հայերն այսօր»-ին յայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատուական համակարգից:

Ժողովի մնացեալ նիստերն ատենապետեց ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանը:

Ժողովին Գերագոյն հոգեւոր խորհուրդը քննարկեց Ազգային-եկեղեցական ժողովի` 1945 թուականին գործադրութեան մէջ դրուած կանոնադրութեան լրամշակուած նախագիծը: Այս առնչութեամբ զեկոյց ներկայացրեց Կանոնադրութիւնների մշակման յանձնախմբի անդամ իրաւաբանական գիտութիւնների դոկտոր, պրոֆէսոր Գէորգ Դանիէլեանը: Լուսաբանութիւններ տրուեցին նաեւ յանձնախմբի անդամ, Մայր Աթոռի դիւանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանի կողմից:

Հանգամանալից քննութիւնից յետոյ Գերագոյն հոգեւոր խորհուրդն ընդունեց կատարուած աշխատանքը եւ թելադրեց Վեհափառ Հայրապետի օրհնութեամբ հաստատուած նախագիծը ներկայացնել յունիս ամսին գումարուելիք Եկեղեցական-ներկայացուցչական ժողովին:

2017 թ. յունիս 6-9-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի նախապատրաստական աշխատանքների մասին տեղեկութիւններ հաղորդեց ժողովի կազմակերպիչ յանձնախմբի պատասխանատու Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը: ԳՀԽ անդամները, գնահատանքով ընդունելով կատարուած աշխատանքը, նաեւ իրենց թելադրութիւնները կատարեցին ժողովի առնչութեամբ:

Ժողովին զեկոյցով հանդէս եկաւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչեանը` ներկայացնելով Պատրիարքութիւնում տիրող բարդ իրավիճակը: Գերագոյն հոգեւոր խորհուրդը մտահոգութիւն յայտնեց Հայոց Պատրիարքութիւնում ստեղծուած կացութեան  առնչութեամբ, երբ պատրիարքական ընտրեալ տեղապահը հնարաւորութիւն չունի ձեռնամուխ լինելու իր պարտականութիւնների իրականացմանը: Գերագոյն հոգեւոր խորհուրդը զօրակցութիւն յայտնեց Պատրիարքական տեղապահին` յորդոր ուղղելով, որպէսզի Պատրիարքութեան հոգեւոր դասի եւ ազգայինների հետ գործակցութեան խաղաղ մթնոլորտի մէջ ջանքեր ներդրուեն պետական պատկան կառոյցների հետ բարւոք լուծումներ գտնելու ստեղծուած կացութեանը:

Անդրադարձ կատարելով այս գործընթացում Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշեանի դրսեւորած կեցուածքին`  գերագոյն հոգեւոր խորհուրդն անհրաժեշտ համարեց յորդորել նրան, առաջնորդուելով Հայ Եկեղեցու կարգերով եւ կանոններով, զօրավիգ լինելու Պատրիարքական ընտրեալ տեղապահին եւ ձեռնարկելու անհրաժեշտ քայլերը` Պատրիարքութեան բնականոն կեանքի վերականգնման համար:

Գերագոյն հոգեւոր խորհուրդը քննութեան առաւ նաեւ 2018 թուականին Երիտասարդութեան տարուայ տօնախմբութիւնների հետ առնչուած ծրագրերը: Դեռեւս 2016 թուականի ԳՀԽ նիւեորքեան ժողովի ժամանակ որոշում էր կայացուել 2018 թուականը հռչակել իբրեւ Երիտասարդութեան տարի:

Այս կապակցութեամբ տարուող աշխատանքների մասին զեկոյց ներկայացրեց Տ. Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանը: Տեղեկացուեց, որ այդ տարում առանձին տարածաշրջաններում նախատեսւում են երիտասարդական հաւաքներ ու միջոցառումներ, յուլիս ամսին աշխարհասփիւռ թեմերի երիտասարդների մասնակցութեամբ կը կազմակերպուի նաեւ եռօրեայ մեծ ուխտագնացութիւն դէպի Հայաստան եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածին: Եռօրեայ հաւաքը կ’աւարտուի Հայրապետական Ս. Պատարագով:

ԳՀԽ եռօրեայ ժողովի աւարտին Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի մասին զեկոյց ներկայացրեց թեմակալ առաջնորդ Տ․ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսեանը` երախտագիտութիւն յայտնելով Ամենայն Հայոց Հայրապետին` Գերագոյն հոգեւոր խորհրդի հերթական նիստը  Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմում անցկացնելու համար:

Եզրաս Սրբազանը, համառօտ պատմական ակնարկ կատարելով Ռուսաստանում հայոց թեմի հաստատման մասին, ներկայացրեց թեմի ներկայիս գործունէութիւնը: Սրբազան Հօր առաջնորդութեան տարիներին թեմում գրանցուել է 83 ծուխ, գործող եկեղեցիների թիւը 7-ից հասցուել է 41-ի,  հոգեւոր սպասաւորների թիւը 8-ից բարձրացուել է 34-ի: Կառուցման ընթացքի մէջ է 15 եկեղեցի, որոնցից  9-ի օծումն ու հանդիսաւոր բացումը նախատեսւում է կատարել 2017 թուականին` թեմի հիմնադրման 300-ամեայ յոբելեանի շրջանակներում:

Սրբազան Հայրն անդրադարձաւ թեմի հոգեւոր-մշակութային կեանքին, որին մեծապէս նպաստեցին 2013 թ. Մոսկուայի Ս. Պայծառակերպութիւն առաջնորդանիստ նոր եկեղեցու օծումը եւ եկեղեցական համալիրի բացումը: Հոգեւոր-քարոզչական գործունէութեան շրջագծում կազմակերպւում են ուխտագնացութիւններ դէպի Մոսկուայի առաջնորդանիստ տաճար եւ տարբեր համայնքներ, առաջնորդարանում կազմակերպւում են հոգեւոր զրոյցներ:

Թեմի գիտական-մշակութային կեանքին նպաստում է հայագիտութեան նորաստեղծ կենտրոնը, որը պարբերաբար կազմակերպում է գիտաժողովներ, գրքերի շնորհանդէսներ, բանախօսութիւններ: Հիմնուել են «Տապան» թանգարանը եւ նորագոյն սարքաւորումներով յագեցած գրադարանը: Հայաշատ քաղաքներում հրատարակւում է  4 երկլեզու ամսաթերթ,  լոյս են ընծայուել երկու տասնեակից աւելի գրքեր:

Մեծ ուշադրութիւն դարձնելով կրթութեան եւ հայեցի դաստիարակութեան գործին` գործում է Սանկտ Պետերբուրգի թիւ 259 միջնակարգ դպրոցը, աւելի քան 3000 երեխայ յաճախում է 18 հայորդեաց տուն, որոնց մէջ գործում են զանազան խմբակներ: 2006 թ. հիմնուած Մոսկուայի Հայորդեաց տանը անցնող 10 տարիների ընթացքում կրթուել է 8000 հայորդի: Առաջիկայում Մոսկուայի եկեղեցական համալիրի տարածքում կը բացուի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» գիմնազիան, կը կառուցուի նաեւ մանկապարտէզ-կրթարան: Սրբազանը տեղեկացրեց, որ բոլոր ծխերում գործում են երիտասարդաց միութիւններ, հանդիպումներ են կազմակերպւում Մոսկուայի Բուհ-երում սովորող հայ ուսանողների հետ:

Նշուեց, որ թեմը մասնակցում է Հայ Եկեղեցու բարեգործական ծրագրերին թէ՛ հայրենիքում եւ թէ՛ նրա սահմաններից դուրս, մեծ աջակցութիւն է ցուցաբերում Արցախին: Առաջնորդանիստ համալիրում գործում են սոցիալական օգնութեան  եւ իրաւաբանական անվճար խորհրդատուութեան բաժինները: Վերջինիս ծառայութիւններից օգտւում են ոչ միայն հայորդիները, այլեւ օտարազգիներ: Հիմնուել է նաեւ բժշկական երկու հաստատութիւն. ատամնաբուժարան Սանկտ Պետերբուրգում եւ բժշկական կենտրոն Մոսկուայում, որտեղ եւս անվճար ծառայութիւններ են մատուցւում կարիքաւորներին:

Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամները գոհունակութեամբ ընդունեցին ներկայացուած զեկոյցը` իրենց գնահատանքը յայտնելով թեմի կողմից իրականացուող բազմաբնոյթ ազգաշահ եւ եկեղեցանպաստ ծրագրերի կապակցութեամբ: Ժողովականները Աստծոյ զօրակցութիւնը հայցեցին առաջնորդ Սրբազան Հօրը եւ հոգեւոր դասին իրենց նուիրեալ եւ օգտաշատ ծառայութեան մէջ:

Ժողովն ամփոփուեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեան ու գնահատանքի խօսքով: