Հայ Կինը Բարեսիրութեան Ու Բարեգործութեան Ջահակիր Է.Հրանոյշ Յակոբեան

Նախարար1

«Հայերն այսօր»-ը կը ներկայացնէ ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանի շնորհաւորական խօսքը` Մայրութեան եւ գեղեցկութեան օրուան առթիւ.

Սիրելի քոյրեր, մայրեր, հրաշալի տատիկներ եւ աննման աղջիկներ,

Առանձնակի բերկրանքով եմ շնորհաւորում Մայրութեան եւ գեղեցկութեան օրուայ առթիւ եւ մաղթում, որ ձեր ջերմ շնչով, առողջ ու կենարար ներկայութեամբ նորոգ ու շէն, հայեցի պահէք ձեր օճախները, կապուած մնաք ձեր արմատներին, ձեր ինքնութեանը:

Պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետութիւնում գարնանային հրաշալի զարթօնքը նաեւ հայ կնոջը գնահատելու, մեծարելու պահ է, սիրոյ խոստովանութեան, կանացի գեղեցկութեան ու մայրութեան արժեւորման միամսեակ, որը եզրափակւում է Ս. Մարիամ Աստուածածնի Աւետման տօնով, բայց որը, ի հարկէ, սահման չունի:

Անկրկնելի է հայ կնոջ տեսակը, բոլոր ժամանակներում նա եղել է կենսունակ ու արարչագործ, իմաստուն ու հնարամիտ, նուիրուած ու սիրող, նուրբ ու գեղանի, բայց անհրաժեշտութեան պահին` օժտուած իր տունը պաշտպանելու, իր կողակցին սատար կանգնելու, մարտնչելու ու տքնելու, ինքնազոհողութեան ու նուիրումի կարողութեամբ:

Դեռեւս հնագոյն ժամանակներից հայ կինն իր արգասաւոր գործունէութիւնը ծաւալել է կեանքի բոլոր բնագաւառներում եւ գիտակցաբար իր փխրուն ուսերին է կրել  ազգապահպանութեան, հայ ոգու, տեսակի ու ընտանեկան աւանդոյթների, սովորոյթների, մայրենիի  պահպանման  բեռը:

Հայոց Սփիւռքում կանայք դարձել են հայապահպանութեան առաքեալներ` ամենուրէք ստեղծելով դպրոցներ, վարժարաններ, որբանոցներ, զանազան կանանց միութիւններ ու ընկերութիւններ` պահպանելով հայ կնոջ դիմագիծը, նրա հրաշալի որակները:

Հայ կինը բարեսիրութեան ու բարեգործութեան ջահակիր է, հայկական համայնքների ինքնակազմակերպման ջիղը, հասարակական, քաղաքական, ազգային կեանքի ոգին, հայկական մշակոյթի պահպանման ու զարգացման երաշխաւորը, իր բնակութեան երկրի արժանաւոր քաղաքացին:

Հպարտութեամբ պէտք է արձանագրենք, որ հայ կանայք իրենց տաղանդն ու շնորհները դրսեւորեցին երաժշտութեան, թատրոնի, գրականութեան, այլ բնագաւառներում:

Սփիւռքում Հայ կինը  հայրենիքին նեցուկ է եղել բոլոր ծանր փորձութիւնների պահին` յետեղեռնեան ժամանակահատուածում, Հայրենական Մեծ պատերազմի տարիներին, երկրաշարժի ու Արցախեան ազատամարտի տարիներին, նորանկախ Հայաստանի կերտման ճանապարհին: Նրանց մէջ են մերօրեայ հերոսները, Հայրենիքի անկախութեան պաշտպանութեան համար իրենց կեանքը տուած կանայք: Հայ մայրերն են ծնել ու դաստիարակել այն քաջարի տղաներին, ովքեր անմահացան Հայրենիքի պաշտպանութեան համար:

Հայ կինը կրում է ընտանիքին ծառայելու, հաւատարմութեան մի առանձնայատուկ խորհուրդ եւ պատահական չէ, որ ազգային անփոխարինելի արժէքները որակուել են ՄԱՅՐ բառով`  մայրենի լեզու, մայր հայրենիք, մայր հող, մայր եկեղեցի, եւ այդ նուիրական արժէքների պահպանութիւնն էլ ժողովուրդը վստահել է մայրերին:

Դարձեալ շնորհաւորում եմ աշխարհի բոլոր հայ կանանց` խորագէտ գեղեցկուհիների տօնը, մաղթում անսպառ հմայք: Թող ձեր օճախները միշտ վառ ու հիւրընկալ լինեն, ձեր սեղանն` առատ, ձեր զաւակների շուրթերին միշտ ծաղկի հայերէնը ու ձեր անվերջ վերադարձի ճամփան ձգուի դէպի Հայրենիք: