Սիրիահայ աղջկա նվերը Արցախին

«Նարեկացի» արվեստի միության տարածած «Նարեկացի-Շուշի» նվագախմբի և դրա լիարժեք գործունեության համար անհրաժեշտ գործիքների նվիրատվության մասին հայտարարությունն անտարբեր չթողեց նաև սիրիահայ Քեշգերյանների ընտանիքին:

Ընտանիքի փոքրիկ աղջնակը՝ 9-ամյա Ալիսան, հաճախում է «Նարեկացի» արվեստի միության Սևան Նագգաշյանի անվան նկարչական դասարանի սիրիահայերի խմբակ, որտեղից էլ և տեղեկացել է «Նարեկացի-Շուշի» նվագախմբին երաժշտական գործիքներ նվիրաբերելու անհրաժեշտության մասին:

Ալիսա Քեշգերյանը մի քանի ամիս է, ինչ հանդես էր գալիս իր փոքրիկ երաժշտական գործիքով՝ քանոնով, սակայն քանի որ վերջերս ծնողներից նվեր էր ստացել մեծ քանոն, ուստի ցանկացավ իր փոքրիկ քանոնը նվիրել «Նարեկացի-Շուշի» նորաստեղծ նվագախմբին՝ իր ներդրումն ունենալով ազգային մշակույթի ծաղկեցմանն ուղղված այս հրաշալի նախաձեռնությանը:

«Նարեկացի» արվեստի միությունը մեծ երախտագիտությամբ է ընդունում Քեշգերյանների ընտանիքի կողմից արված նվիրատվությունը. այս փոքրիկների անկեղծ, անշահախնդիր և մաքուր վերաբերմունքն արվեստի նկատմամբ հիմք է տալիս վստահ ասելու, որ ՆԱՄ-ի՝ հայկական մշակույթի պահպանմանն ու զարգացմանն ուղղված քայլերն անարդյունք չեն մնում:

«Զվարթնոց» -ում կկայանա «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» համերգ-երեկոն

Հոկտեմբերի 19-իՆ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի կունենա «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» համերգ-երեկոն:

Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, համերգ-երեկոյին մասնակցելու է Հայաստանի պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, մենակատարներ` Իրինա Զաքյան (սոպրանո), Հենրիետա Հարությունովա (սոպրանո), Քրիստինե Սահակյան (մեցո սոպրանո), Յանա Դարյան (ալտ), Արթուր Ավանեսով (դաշնամուր):

Հիշեցնենք, որ «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» համերգներ արդեն տեղի են ունեցել Վանաձորում, Արթիկում: Համերգային երեկոներին  հնչել են Իսահակյանի և Չարենցի բանաստեղծությունների հիման վրա Մանսուրյանի ստեղծած երգերը:

Լավ է վերադառնալ Հայաստան. Սերժ Թանկյանը Հայաստանում է

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down-ի անդամ Սերժ Թանկյանը հոկտեմբերի 11-ից Հայաստանում է:  Նա Ինսթագրամի իր էջում տեղադրել է լուսանկար և գրառում արել. «Լավ է վերադառնալ Հայաստան»:

Նշենք, որ Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնի շրջանակում հոկտեմբերի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիա թիվ 1-ի հայաստանյան պրեմիերան: 

Ոչ թե ապստամբություն, այլ ինքնապաշտպանություն. թուրքական կայքն անդրադարձել է Մուսալեռան հերոսամարտին

Թուրքական Gazeteduvar.com.tr կայքն անդրադարձել է Ցեղասպանության տարիներին զինված ինքնապաշտպանության դիմած մուսալեռցի հայերի պատմությանը՝ նշելով, որ դա 20-րդ դարի ամենատպավորիչ դիմադրության պատմություններից մեկն է:

Թուրք սյունակագիր Սոներ Սերթը Մուսա լեռան դիմադրության մասին խոսելիս կիրառում է ոչ թե թուրքական պաշտոնական պատմագրության մեջ ընդունված «ապստամբություն», այլ «ինքնապաշտպանություն» բառը:

Սերթը նաև շեշտել է, որ 20-րդ դարասկզբին հայերի հետ տեղի ունեցածը ցեղասպանություն էր, որը, սակայն, սկիզբ էր առել դեռևս 19-րդ դարի վերջերից՝ տարբեր կոտորածների իրականացմամբ:

Հեղինակը շեշտում է նաև, որ կիլիկիահայության շրջանում առաջին հարվածը ստացել են Ադանայի հայերը:

Թուրք սյունակագիրը նշում է, որ Մուսա լեռան դիմադրության ժամանակ հայերի՝ վատ զինված լինելով հանդերձ մի ամբողջ իշխանական բանակի դեմ երկար ժամանակ դիմադրել կարողանալու պատճառներից մեկն էլ եղանակային բարենպաստ պայմաններն էին ու տեղի բնության բարիքներից օգտվելու հնարավորությունը, գրում է tert.am-ը:

Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի ժամանակ Ադրբեջանցիները գողության փորձ են արել հայկական տաղավարից

Ֆրանկֆուրտում շարունակվում է գրքի աշխարհում ամենամեծ տոնավաճառը, որին  մասնակցում է նաև Հայաստանը: Տոնավաճառի ընթացքում ադրբեջանցիների գողության փորձ են արել հայկական տաղավարից: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոկտեմբերի 12-ին Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում Հայաստանի տաղավար է մտնում երկու ադրբեջանցի, վերցնում գրադարակին ծալված վիճակում դրված Հայաստանի և Արցախի մի քանի քարտեզ և Արցախի թեմայով քաղաքական վանկարկումներով տանում դրանք իրենց հետ:

Մերոնք կարգի հրավիրելու պահանջով հետևում են այս երկուսին մինչև Ադրբեջանի տաղավար, և ես իրենց տաղավարում արդեն ուժով ետ եմ վերցնում քարտեզներն ու վերադառնում: Անմիջապես տաղավար եմ կանչում ցուցահանդեսի անվտանգությանը և ոստիկանությանը, նաև ցուցահանդեսի փոխտնօրեն Թոբիաս Վոսին և այլ պատասխանատուների: Ոստիկանությունն այս ամենն արձանագրում է և խոստանում միջոցներ ձեռնարկել: Ցուցահանդեսի ղեկավարությունից պահանջել եմ մի սեղանի շուրջ նստեցնել իրենց տաղավարի պատասխանատուի հետ և դեռ սպասում եմ:

Այս ամենը լրատվամիջոցների կողմից տեսագրված է (թեև ամեն կերպ փորձում էին խանգարել նկարահանելուն), և մենք կփորձենք այն առաջիկայում հրապարակել:
Այսօր արդեն իրենց լրատվամիջոցներում տեսնում եմ, որ իբրև թե իրենք մտել են ինչ-որ «սեպարատիստների» տաղավար և պատռել քարտեզներ: Ծանոթ ձեռագիր է: Փաստորեն այս ամենն արվում էր իրենց մամուլի համար:

Եվ սա արվում է մի երկրի կողմից, որի տաղավարում քաղաքականությունն ու քարոզչությունը գերակշռում է գրականությանն ու մշակույթին (տես մի քանի օրինակ կցված նկարներում)»:

Հայկական մշակութային օրերի մեկնարկը Լիտվայում

Հոկտեմբերի 12-ին Վիլնյուսի Վայդիլոս թատրոնում կայացավ Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված համերգ և ընդունելություն: Համերգի ընթացքում Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը կատարեց հայկական և լիտվական դասական երաժշտության ստեղծագործություններ (Կոմիտաս, Խաչատրյան, Դալալյան, Չյուրլիոնիս, Դվարիոնիս): Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Համերգի բացմանը Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշեց, որ խորհրդանշական է Լիտվայում Հայաստանի անկախությունը նշել հայկական, ինչպես նաև լիտվական երաժշտության կատարումներով: Դեսպանն ասաց, որ ուղիղ մեկ շաբաթ առաջ Հայաստանում հաջող ավարտվեց հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի նիստը: «Միջկառավարական հանդիպման ընթացքում կնքված պայմանագրերը և լիտվական պատվիրակության հանդիպումներն ընդհանուր առմամբ նշանավորում են երկկողմ հարաբերությունների խորությունն ու մակարդակը: Բացի ակտիվ քաղաքական երկխոսությունից, մենք շարունակաբար ընդլայնում ենք մեր տնտեսական, ապակենտրոնացված, կրթական, իրավական, սոցիալական և ի վերջո մշակութային բնագավառներում համագործակցությունը: Մշակույթը հատուկ տեղ և կշիռ ունի մեր երիրների միջև հարաբերություններում, քանի որ այն դարեր շարունակ եղել է մեր փոխհարաբերությունների անկյունաքարը: Մշակույթն ընդգծում է այն արժեքները, որոնք մենք կիսել և շարունակում ենք կիսել: Այս առումով, այսօրվա համերգը մեր ընդհանուր մշակութային արժեքների խորհդանշական արտահայտություն է», – նշեց դեսպան Մկրտչյանը:

Համերգին ներկա էին Լիտվայի օրենսդիր և գործադիր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Լիտվայում հավատարմագրված դեսպաններ, մտավորականներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Համերգը լայնորեն լուսաբանվեց տեղական մամուլում, ներառյալ Լիտվայի հանրային հեռուստաընկերությամբ:

Հայկ Մելիքյանի վիլնյուսյան մենահամերգով տրվեց Լիտվայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված հայկական մշակութային օրերի մեկնարկը: Հայկ Մելիքյանը մենահամերգով հանդես կգա նաև հոկտեմբերի 13-ին Կաունասում: Իսկ հոկտեմբերի 15-ին կկայանա Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ գալա համերգը, որի ընթացքում կհնչեն օպերային արիաներ՝ Արամ Խաչատրյանի անվան միջազգային վոկալ մրցույթի հաղթողներ Ջուլիետա Ալեքսանյանի, Գագիկ Վարդանյանի, Ազամատ Ժելտիրգուզովի կատարմամբ:

«Օգնենք Արցախին» արշավը շարունակվում է. ՀԲԸՄ-ն վերակենդանացման սարքավորում կնվիրաբերի ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալին

Երևան, հոկտեմբեր 13, 2017 – Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) Հայաստանը և ՀՀ Պաշտպանության նախարարությունը նվիրաբերության պայմանագիր ստորագրեցին, որի համաձայն ՀԲԸՄ-ն ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալին կտրամադրի արհեստական շնչառության երկու համակարգ և դեֆիբրիլյատոր-մոնիտոր՝ հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքը համալրելու նպատակով: Նվիրաբերությունը ՀԲԸՄ «Օգնենք Արցախին» արշավի մաս է կազմում և իրականացվում է «Չերչյան ընտանիք» հիմնադրամի և ՀԲԸՄ Մարսելի մասնաճյուղի առատաձեռն աջակցության շնորհիվ:

«Կարողությունների զարգացումն ու պրոֆեսիոնալիզմը Հայաստանի Զինված ուժերի համար ագրեսիային դիմակայելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ նախապայմաններն են: Հպարտ ենք Պաշտպանության նախարարության հետ կիսել Հայաստանի պատրաստվածության մակարդակի բարձրացմանն ու առաջնորդների պատրաստմանն ուղղված պատասխանատվությունը: ՀԲԸՄ-ն կոչ է անում անհատ բարերարներին և կառույցներին՝ միանալու այս կարևոր առաքելությանը», ասաց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:

2012թ. ի վեր ՀԲԸՄ-ն աջակցում է նաև ՀՀ բանակի կարողությունների բարելավմանը՝ տրամադրելով կրթաթոշակներ ՊՆ կուրսանտներին և սպաներին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում առաջնորդության և անգլերեն լեզվի վերապատրաստման դասընթացներին մասնակցելու նպատակով: Ավելի վաղ, ՀԲԸՄ-ն մեր բանակի նորընծա սպաներին տրամադրել է 1000 քինդլ՝ ավելի քան 160 անուն ներբեռնված գրականությամբ՝ ներառյալ մասնագիտական գրականություն:

2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմից անմիջապես հետո սկիզբ դրվեց ՀԲԸՄ-ի «Օգնենք Արցախին» արշավին՝ Հայաստանի և Արցախի բնակչությանն ու հայոց բանակին աջակցելու նպատակով: Անհապաղ և արդյունավետ բժշկական սպասարկում ապահովելու համար ՀԲԸՄ-ն ՀՀ ՊՆ նախարարությանը տրամադրել է նաև մի շարք անհրաժեշտ բժշկական սարքավորումներ, այդ թվում՝ 2 շարժական թվային ռենտգեն սարք Երևանի և Ստեփանակերտի զինվորական հիվանդանոցների համար, 2000 հատ արյան հոսքը դադարեցնող բժշկական ամրալար և 2 շտապ օգնության անվասայլակ՝ համալրված վերակենդանացման համար անհրաժեշտ սարքավորումներով և հարմարեցված ուղղաթիռներում տեղադրման համար՝ ավելի արագ ու արդյունավետ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով:

ՀԲԸՄ-ն նաև դրամական աջակցություն է ցուցաբերել պաշտպանական մարտերի ընթացքում զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև ռազմական գործողությունների հետևանքով տուժած խաղաղ բնակչությանը:

«Օգնենք Արցախին» արշավը շարունակվում է, և շուտով ՀԲԸՄ-ն կհայտարարի Արցախի Հանրապետությանը սատար կանգնելու իր նոր նախաձեռնությունների մասին: ՀԲԸՄ «Օգնենք Արցախին» արշավին միանալու համար, այցելե՛ք http://www.agbu.am/am/help-artsakh:

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող հայկական կազմակերպությունն է, որը հիմնվել է 1906 թվականին և որի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի առնչվելով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքին:

ՀԲԸՄ և վերջինիս կողմից ողջ աշխարհում իրականացվող ծրագրերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել www.agbu.org կայքէջում: ՀԲԸՄ հայաստանի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել www.agbu.am  կայքէջում:

Արևմտահայերենի զարգացման և պահպանման ռազմավարության մշակմանը նվիրված քննարկում Սփյուռքի նախարարությունում

Հոկտեմբերի 13-ին, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ և «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի լույսի ներքո, ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ Արևմտահայերենի զարգացման, անաղարտության պահպանման և կանոնարկման ռազմավարական ծրագրի մշակման հանձնախմբի խորհրդակցություն: Մասնակցում էին ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժնի ավագ գիտաշխատող Հակոբ Չոլաքյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՊՄՀ պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՊՄՀ պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը, ԵՊՄՀ Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Վազգեն Համբարձումյանը, ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժնի գիտաշխատող Անի Ֆիշենկչյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության բուհերի համակարգման և կազմակերպման բաժնի պետ Սասուն Մելիքյանը, նախարարության աշխատակիցներ:

Նախարար Հրանուշ Հակոբյանը, ընդգծելով խնդրի կարևորությունը, իր խոսքում նշեց, որ մոտ երեք ամիս առաջ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ կայացել է արևմտահայերենի վիճակի ուսումնասիրմանը նվիրված քննարկում, որի ընթացքում Նախագահը հանձնարարել է մշակել արևմտահայերենի զարգացման և պահպանման ռազմավարություն: Այդ նպատակով ՀՀ սփյուռքի և կրթության նախարարությունների հետ համատեղ ստեղծվել է հանձնախումբ:

Հրանուշ Հակոբյանը հանձնախմբի անդամներին առաջարկեց ներկայացնել արևմտահայերի վիճակի նկարագրությունը և լուծման ուղիները՝ աշխատանքներն իրականացնելով ուսումնական, գիտահետազոտական և գործնական ուղղություններով:

Այնուհետև հանդիպման մասնակիցները ներկայացրին իրենց առաջարկները:

Պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժնի ավագ գիտաշխատող Հակոբ Չոլաքյանը, խոսելով հատկապես Սփյուռքում արևմտահայերենի զարգացման մասին, առաջարկեց լեզվի պահպանման համար մեկօրյա դպրոցները վերածել ամենօրյա վարժարանների, բարձրացրեց Սփյուռքում ուսուցիչների վարձատրության խնդիրը, մասնագետների պատրաստումը: Լեզվաբանը կարևորեց դասագրքերի պատրաստության հարցը և առաջարկեց ստեղծել արևմտահայերենի համակարգող խորհուրդ: Հայաստանում արևմտահայերենը ապրեցնող լեզու դարձնելու համար մատնանշեց դասագրքերում (հատկապես՝ կրտսեր դասարանների), ներկայացնել արևմտահայերեն տեքստեր, որպեսզի հայ փոքրիկները լեզվին անհաղորդ չմեծանան, Հայաստանում մեծացնել արևմտահայերեն գրականության քարոզչությունը՝ գրախանութներում, գրադարաններում ներկայացնելով  Սփյուռքի հրատարակությունները:

Բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՊՄՀ պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանն առաջարկեց աշխատանքներն իրականացնել տեսական և գործնական ուղղությամբ, մշակույթում առավել հաճախ կիրառել արևմտահայերենը, Սփյուռքի օրինակով Հայաստանում ստեղծել միավորումներ՝ միություններ, որոնք կնպաստեն լեզվի պահպանմանը: Մասնագետի դիտարկմամբ՝ այդ ուղղությամբ կարևոր է նաև նորաստեղծ Հայերենի բարձրագույն խորհրդում արևմտահայերենի բաժին ունենալու հարցը:

Բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՊՄՀ պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը կարևորեց մագիստրոսական ճանապարհով ուսուցիչների վերապատրաստման հարցը, առաջարկեց հեռուստատեսային հաղորդումների միջոցով մշտական կամուրջներ ստեղծել Սփյուռքի հետ, հայաստանյան բուհերում բարձրացնել արևմտահայերենի դասավանդման ժամաքանակը:

ԵՊՄՀ Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Վազգեն Համբարձումյանը խոսեց ռազմավարության բազմավեկտոր գործունեության մասին` կարևորելով նաև հայերենի երկու ճյուղերի մերձեցման և ուղղագրության խնդիրները:

ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժնի գիտաշխատող Անի Ֆիշենկչյանը անդրադարձավ Սփյուռքի, հատկապես՝ Հալեպի, հայագիտական կենտրոնների դերի բարձրացմանը, Սփյուռքի մամուլի և արևմտահայ գրականության թվայնացման խնդրին:

ՀՀ կրթության նախարարության բուհերի համակարգման և կազմակերպման բաժնի պետ Սասուն Մելիքյանը կարևորեց նպատակային կրթության հարցերը և հետազոտական աշխատանքների իրականացումը:

Եզրափակելով քննարկումը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը հանձնախմբի անդամներին առաջարկեց սեղմ ժամկետում խմբավորել ներկայացված հարցադրումները, ուղենշել ռազմավարական ծրագրի կետերը, քննարկել Հայաստանի և Սփյուռքի մասնագետների հետ, որպեսզի հնարավոր լինի մինչև տարեվերջ նախագիծն ուղարկել ՀՀ կառավարություն:

Արցախի Իշխանաձոր համայնքը ֆուտբոլային թիմ և նորակառույց մարզադաշտ ունի

ԱՄՆ-ում գործող «Հայրենասեր» բարեգործական հասարակական կազմակերպության հովանավորությամբ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում կառուցվել է ֆուտբոլի դաշտ և խաղահրապարակ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Իշխանաձորի համայնքի ղեկավար Արսեն Թեյլունցն ասել է, որ կառուցված ֆուտբոլի դաշտն ունի արհեստական խոտածածկով 1000 քառ./մ տարածք. հանդիսատեսի համար տեղադրված են նստատեղեր:

«Բերձորի սպորտդպրոցին կից Իշխանաձորում բացվել է ֆուտբոլի խմբակ, որի պարապմունքներն անց են կացվում նորակառույց ֆոտբոլի դաշտում»,- նշել է Ա. Թեյլունցը և տեղեկացրել, որ ֆուտբոլի դաշտին կից կառուցվել է նաև խաղահրապարակ, որտեղ համայնքի երեխաներն իրենց հանգիստն են անցկացնում:

Նշենք, որ «Հայրենասեր» կազմակերպությունը Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններում նպաստում է սոցիալ-տնտեսական զարգացմանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Գերմանիայից ժամանած ուխտավորների հետ

Հոկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ալթոթինգի շրջանից ժամանած ուխտավորների՝ գլխավորությամբ Ալթոթինգի քաղաքապետ Հերբերտ Հոֆաուերի: Այս մասին հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը:

Քաղաքապետը Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց, որ Ալթոթինգ քաղաքը գերմանախոս ժողովուրդների համար սրբազան և նվիրական վայր է: Պրն. Հոֆաուերը նաև ուրախություն հայտնեց դեպի Հայաստան կազմակերպված ուխտագնացության առիթով:

Այնուհետև Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ուխտավորներին` նշելով, որ հաճելի է համայն հայության հոգևոր կենտրոնում տարբեր երկրներից հյուրընկալել Քույր Եկեղեցիների հետևորդներին: Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին սերտորեն համագործակցում է Գերմանիայի տարբեր Քրիստոնեական Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների հետ և վերջիններիս աջակցությամբ Հայաստանում իրականացվում են մի շարք կրթական և սոցիալական ծրագրեր:

Ամենայն Հայոց Հայրապետն ուխտավորներին ներկայացրեց պատմության ընթացքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դիմագրաված մարտահրավերները, անդրադարձ կատարեց ներկայիս գործունեությանը:

 Գարեգին Բ Կաթողիկոսը պատասխանեց նաև ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Եկեղեցու միջեկեղացական հարաբերություններին:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների  բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ծանոթացել է «ԱրմՊրոդԷքսպո» գյուղատնտեսական ցուցահանդեսին ներկայացված արտադրանքին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացված ամենամյա «ԱրմՊրոդԷքսպո» մասնագիտացված ցուցահանդես, որին մասնակցում են գյուղատնտեսական մթերք վերամշակող ընկերություններ Հայաստանի Հանրապետությունից և Արցախից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից:

Ցուցահանդեսին ներկա էր նաև Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին:
Կառավարության ղեկավարը շրջել է տաղավարներով, ծանոթացել ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացրած ապրանքատեսականիին, արտադրական, իրացման և արտահանման ծավալներին, ինչպես նաև զարգացման ծրագրերին: «ԱրմՊրոդԷքսպո»-ի բացօթյա ցուցադրության հատվածում վարչապետին են ներկայացվել գյուղատնտեսական տեխնիկայի, ինտենսիվ այգիների և կաթիլային ոռոգման համակարգերի հնարավորությունները: Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է նաև ֆերմերային տնտեսությունների հետ տարվող աշխատանքներով՝ կարևորելով ֆերմերների վերապատրաստման ուղղությամբ շարունակական քայլերի իրականացումը:
Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ այս տարի «ԱրմՊրոդԷքսպո»-ն իրենից ներկայացնում է որակապես նոր ցուցահանդես՝ բիզնես տրամաբանությամբ և կոնկրետ արդյունքների արձանագրմամբ: Տաղավարներով շրջայցի ընթացքում վարչապետ Կարապետյանը ողջունել է գյուղատնտեսության ոլորտի ընկերությունների գործունեությունը և նշել, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել նրանց ընդլայնման ծրագրերին:
«ԱրմպրոդԷքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի նպատակն է՝ ներկայացնել գյուղատնտեսական արտադրության և հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, հաստատել գործարար կապեր և խթանել արտահանումը: 2017 թ. ցուցահանդեսին մասնակցում է գյուղատնտեսական մթերք վերամշակող, ագրարային ոլորտն սպասարկող և ծառայություններ մատուցող 110 կազմակերպություն:

Մեկնարկեց Սրտաբանների եվրակովկասյան 6-րդ համաժողովը

Հոկտեմբերի 13-ին «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության և ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ մեկնարկեց Սրտաբանության եվրակովկասյան 6-րդ համաժողովը:

Համաժողովին մասնակցում է 38 սփյուռքահայ և օտարազգի անվանի սրտաբան՝ Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Լիբանանից, Ռուսաստանից, Մոնակոյից, Իրանից, Ղազախստանից: Շուրջ 250 սրտաբան Հայաստանից և Արցախից կմասնակցի համաժողովի շրջանակներում կազմակերպվող սեմինարներին:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` նշելով, որ համաժողովը նպատակ ունի նպաստել սրտաբանության ոլորտի զարգացմանը, աշխարհի հայ սրտաբանների ներուժի համախմբմանը, Հայաստանի Հանրապետության, Սփյուռքի և Արցախի սրտաբանների համագործակցությանը, մասնագիտական որակների բարձրացմանը, կատարելագործմանը և նրանց միջև փորձի փոխանակմանը: Նա ընդգծեց. «Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին ևս կարևորվեց Սփյուռքը մասնագիտորեն կազմակերպելու գաղափարը: Այդպիսի բացառիկ մասնագիտական համախմբում է  նաև ստաբանների եվրակովկասյան համաժողովը»:

Նախարարը շնորհակալություն հայտնեց «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախագահ, ֆրանսահայ սրտաբան Ավետիս Մատիկյանին՝ 6-րդ անգամ Հայրենիքում նման ներկայացուցչական կազմով սրտաբանների համաժողովը կազմակերպելու համար: «Վստահ եմ, որ ֆրանսիացի հայտնի սրտաբան Փոլ Բարրագանը Եվրոպայում կներկայացնի համաժողովի քննարկումների, մասնագիտական փորձի փոխանակության արդյունքները: Սիրելի՛ սրտաբաններ, առողջ հասարակություն ունենալու համար ձեզանից շատ բան է կախված: Համաժողովին մաղթում եմ արգասաբեր գործունեություն», – նշեց Սփյուռքի նախարարը:

Համաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ նշելով, որ Հայաստանում կա սրտանոթային համակարգի խնդիրներ ունեցող շուրջ 247 հազար հիվանդ: Նա հույս հայտնեց որ նշանավոր սրտաբանների փորձի փոխանակումն իր նպաստը կբերի Հայաստանում սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, ռիսկի գործոնների նվազեցման գործին:

Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ջոնաթան Լաքոթին նշեց, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը բազմակողմ է և սրտաբանության ոլորտում մասնագետների ակտիվ կապերը, փորձի փոխանակումը իրենց նպաստը կբերեն երկու երկրների ոլորտների զարգացմանը:

«Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախագահ, ֆրանսահայ սրտաբան Ավետիս Մատիկյանը շնորհակալություն հայտնելով Սփյուռքի և Առողջապահության նախարարություններին՝ ընդգծեց, որ համաժողովը շարունակում է հետաքրքրել ինչպես Հայաստանի, Ֆրանսիայի, այնպես էլ այլ երկրների մասնագետներին: «Շնորհակալ եմ Փոլ Բարրագանին, որ արդեն 20 տարի է հայ մասնագետների կողքին է և վերապատրաստում է նրանց», – նշեց Մատիկյանը:

Այնուհետև ելույթ ունեցավ ֆրանսիացի հայտնի սրտաբան Փոլ Բարրագանը՝ շնորհակալություն հայտնելով համաժողովի կազմակերպիչներին և աշխարհի տարբեր երկրներից ժամանած սրտաբաններին: Բարրագանը շեշտեց, որ ներկաներից շատերն ունեն մասնագիտական լուրջ փորձ և միմյանց լսելու արդյունքում նոր ձեռքբերումներն անխուսափելի կլինեն:

Համաժողովի պաշտոնական բացմանն անմիջապես հաջորդեցին մասնագիտական զեկույցները:

Նշենք, որ համաժողովի աշխատանքները կշարունակվեն հոկտեմբերի 14-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի «Մանթաշով» սրահում:

Ժնևում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ ս.թ. հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնևում, հանդիպում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:

Հայաստանում ատամնաբուժությունը բավականին զարգացած է. ամերիկաբնակ ատամնաբույժ

Ամերիկաբնակ ատամնաբույժ, պրոթեզավորող-իմպլանտոլոգ Վահիկ Պաուլ Մսրխանին ծնվել է Իրանում, դպրոցն ավարտելուց հետո մասնագիտական բարձրագույն կրթություն ստացել է Թեհրանում, ապա ուսումը շարունակել Իսպանիայի Բարսելոնա քաղաքում, ԱՄՆ-ում, սկզբնական շրջանում Լոս Անջելեսում, հետո՝ Գլենդելում ( UCLA, Ջորջիայի համալսարան):

«Հայերն այսօր»-ի հետ զրույցում Վահիկ Պաուլ Մսրխանին տեղեկացրեց, որ մասնագիտական ընտրության հարցում ոգեշնչվել է ծանոթ ատամնաբույժերից մեկի կերպարով, ով իր վրա մեծ ազդեցություն է թողել: Բացի Գլենդելի ընտանեկան ատամնաբուժարանից, Վահիկ Պաուլ Մսրխանին մասնաճյուղեր է բացել Սան Դիեգո և այլ քաղաքներում, նաև դասախոսություններով է հանդես գալիս:

Անդրադառնալով Գլենդելի հայ ատամնաբույժների ընկերակցության գործունեությանը՝ մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ընկերակցության կազմում Գլենդելում ապրող շուրջ 300 հայ և այլազգի ատամնաբույժներ են ընդգրկված: Ի դեպ, 2017-2018 թվականներին ընկերության նախագահ Վահիկ Պաուլ Մսրխանին է ընտրվել:

«Միշտ սերտ կապի մեջ եմ գտնվում Հայաստանի գործընկերներիս հետ, որոնց հետ մեծ սիրով պատրաստակամ եմ մասնագիտական փորձառությամբ կիսվել, խորհուրդներ տալ: Նպատակադրվել եմ նրանց հրավիրել ԱՄՆ՝ ընկերակցության գործունեությանը ծանոթացնելու, միասին ոլորտին առնչվող խնդիրները հասկանալու համար»,-նշեց ատամնաբույժը՝ հավելելով, որ Հայաստանում ատամնաբուժությունը բավական զարգացած է, նկատել է՝ որակյալ ծառայություն է մատուցվում, իսկ մասնագետները՝ բանիմաց ու պատրաստված են:

Առաջիկա կարևոր ծրագրերից է 2018 թվականին Հայաստանում Հայաստանի և Սփյուռքի ատամնաբույժների համաժողովի կազմակերպումը, որին առնչվող հարցերը քննարկել է նաև օրեր առաջ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ: Համաժողովի նպատակն է լինելու զարգացնել ատամնաբուժության ոլորտը Հայաստանում, համախմբել աշխարհի հայ ատամանաբույժների ներուժը և նպաստել նրանց միջև փորձի փոխանակմանը:

Ատամնաբույժը Հայաստան կատարած այցելության շրջանակներում հասցրել է ոչ միայն շրջել տարբեր տեսարժան վայրերով, այլև դասախոսություն ունենալ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողների համար. «Տպավորված և հիացած եմ հայ երիտասարդների հետ կայացած հանդիպումից, նրանց գրագետ հարցերից հասկացա, որ մեծ հետաքրքություն են ցուցաբերում բժշկության հանդեպ»,-զրույցն ամփոփեց Վահիկ Պաուլ Մսրխանին:

Գևորգ Չիչյան

Scroll Up