Էդուարդո Էռնեկյանը՝ «Հայաստանի ազգային հերոս». լուսանկարներ

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանին «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Հանրապետության Նախագահը՝ համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների, Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված ազգանվեր գործունեության համար մեծանուն բարերարին հանձնել է Հայրենիքի շքանշանը: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:

Մինչ արարողությունը Սերժ Սարգսյանն ընդունել է Էդուարդո Էռնեկյանին և նրա հետ քննարկել Հայաստանում նոր ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Մեծանուն բարերարը պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ հայրենիքում շարունակել իր գործունեությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի տնտեսության համար առաջնահերթ նշանակություն ունեցող հեռանկարային մի շարք ոլորտներում ներդրումային ծրագրերի նախագծերը մշակելուց հետո ներկայացնել կառավարություն:

Հանրապետության Նախագահը Հայաստանի բարձրագույն կոչումը շնորհելու արարողության ժամանակ իր շնորհավորական խոսքում անդրադարձել է մեծանուն բարերարի անցած ուղուն և հայրենանվեր ձեռնարկումներին, բարձր գնահատել նրա գործունեությունը և վստահություն հայտնել, որ Էդուարդո Էռնեկյանը նույն եռանդով շարունակելու է իրականացնել այդ շնորհակալ աշխատանքը:

«Պարոն Էդուարդո Էռնեկյանին հատուկ ներկայացնելու կարիք չկա: Ոչ միայն Արգենտինայում, այլև աշխարհի տարբեր մայրցամաքներում պարոն Էռնեկյանը մեծ համբավ է վայելում` շնորհիվ այն լայնածավալ աշխատանքի, որ իրականացվում է նրա առաջնորդությամբ և ղեկավարությամբ: Դրանում անձամբ համոզվելու հնարավորություն ունեցա ոչ միայն Լատինական Ամերիկայում իմ պաշտոնական շրջագայությունների ժամանակ, այլ նաև եվրոպական մայրցամաքում տարբեր գործարարների և պաշտոնյաների հետ իմ հանդիպումների ընթացքում:

Պարոն Էռնեկյանը, սակայն, իր գործունեությունը դրանով բնավ չսահմանափակեց և որպես իսկական ու նվիրյալ հայ հաստատվեց նաև մայր Հայաստանում և ընդարձակ գործունեություն ծավալեց այստեղ: Առանձնահատուկ պետք է նշեմ, բայց հպանցիկ, որ մեծատաղանդ գործարարը նաև բարեհամբույր բարերար է, և չնայած այն հանգամանքին, որ նա չի խոսում իր կատարած բարեգործությունների մասին, թեև դա հենց այդպես էլ պետք է լինի, այնուհանդերձ, մենք գիտենք դրանց ծավալները, չափերը, գիտենք, որ դրանք կրում են շարունակական բնույթ:

Էդուարդո Էռնեկյանը եկավ Հայաստան և իր հետ բերեց գործարար նոր մշակույթ, որ համապատասխանում է համաշխարհային ամենաբարձր չափանիշներին: Կարող եմ խոստովանել, որ Հայաստան այցելած տարբեր պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ մշտապես դրական են արտահայտվում մեր օդանավակայանում իրականացվող ծառայությունների մասին: Շատ կարևոր է, որ մենք դրական արձագանքներ ունենք մեր քաղաքացիներից և ընդհանրապես Հայաստան այցելող յուրաքանչյուր մարդուց: Այն, որ մենք ունենք զբոսաշրջության աճ, կարծում եմ, այստեղ նաև նպաստող հանգամանք է «Զվարթնոց» օդանավակայանի լավ աշխատանքը: Բայց պարոն Էռնեկյանի գործունեությունը Հայաստանում միայն օդանավակայանով չսահմանափակվեց, և օդանավակայանում կատարած հսկայական աշխատանքին լրացնելու են գալիս տարբեր բրենդներ, տարբեր մեծածավալ աշխատանքներ՝ «Կոնվերս բանկը», «Հայփոստը», «Կարասը», այն հսկայական այգին, որ հիշեցնում է եվրոպական ամենաբարձր չափանիշներով մշակված մեծ հողակտոր:
Իհարկե, այս ցուցակն ամբողջական չէ, և պարոն Էռնեկյանի հետ ունեցած իմ հաճախակի զրույցներից գիտեմ, այսօր ևս այդ թեմայով խոսեցինք՝ նոր ներդրումների մասին, և ես պետության անունից, մեր կառավարության անունից այժմ հավաստիացնում եմ, պարո՛ն Էռնեկյան, որ մենք մշտապես պատրաստ ենք Ձեզ հետ քննարկելու ցանկացած ներդրումային ծրագիր, որովհետև գիտենք, որ Դուք միջավայրի կարիք առանձնապես չունեք, և շատ երկրներում ուրախ կլինեն Ձեզ լսելու, Ձեր ներդրումներից օգտվելու: Այնպես որ՝ մենք շատ լավ հասկանում և գիտակցում ենք, որ դա զուտ բիզնես չէ, սակայն զուգահեռաբար այն նաև բիզնես պետք է լինի, որպեսզի օրինակ լինի ուրիշների համար:

Պարո՛ն Էռնեկյան,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Էդուարդո Էռնեկյանին «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհելու մեջ ես շատ մեծ խորհուրդ եմ տեսնում: Այո՛, մենք համոզված ենք, որ Հայաստանը շենացնելը հերոսություն է: Այո՛, սփյուռքի ձեռնարկատերերի և Հայաստանի պետության միջև կարող են հաստատվել փոխշահավետ հարաբերություններ, և այս գործընկերային հարաբերությունը պարոն Էռնեկյանի հետ ուղղակի այդ օրինակներից մեկն է: Ես համոզված եմ, որ պարոն Էռնեկյանի հետ միասին ստեղծել ենք լավագույն հնարավոր համագործակցությունը, և այն իսկապես պետք է օրինակ դառնա սփյուռքի մեր բազմաթիվ հայրենակիցների համար:

Երիտասարդ զինծառայողների հետ հանդիպումներից մեկի ժամանակ ես ասել եմ, որ իսկական հրամանատարն այն հրամանատարը չէ, որ ասում է՝ առա՛ջ. իսկական հրամանատարն այն հրամանատարն է, որ ասում է՝ առա՛ջ իմ ետևից: Հիմա պարոն Էռնեկյանը ոչ թե կոչ է անում ուրիշներին, որ պետք է Հայաստանում ներդրումներ, բարեգործություններ կատարել, այլ ուղղակի անձնական օրինակով ցույց է տալիս, թե դա ինչպես է պետք անել: Ես մեծ համոզվածություն ունեմ, որ պարոն Էռնեկյանը՝ որպես առաջամարտիկ, դեռևս շատ երկար ժամանակ շարունակելու է նույն եռանդով իրականացնել այդ շնորհակալ գործունեությունը:

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ, պարո՛ն Էռնեկյան, Հայաստանի Հանրապետության հերոսի կոչմանն արժանանալու համար: Ես կարծում եմ, որ այս իրադարձությունը Հայաստանի և մեր ժողովրդի համար էլ է շատ կարևոր իրադարձություն: Վստահ եմ, որ նաև անձնապես Ձեզ համար է կարևոր իրադարձություն, որովհետև ճանաչման ավելի մեծ չափանիշ չկա, քան պետության բարձրագույն կոչումը: Ես համոզված եմ, որ հայ ժողովրդի ապագան փայլուն է, որովհետև մեր ժողովուրդն ունի բազմաթիվ տաղանդավոր զավակներ:

Ուրեմն փա՛ռք մեր ժողովրդին և փա՛ռք մեր հերոսներին»,- ասել է Հանրապետության Նախագահը:

Էդուարդո Էռնեկյանը իր համար մեծ պատիվ է համարել հայրենիքի բարձրագույն պարգևին արժանանալը, երախտագիտություն հայտնել Հանրապետության Նախագահին և ընդգծել, որ այն ընդունում է մեծ պատասխանատվության զգացումով և խոնարհությամբ:

«Պարո՛ն Նախագահ, շնորհակալ եմ Ձեր ջերմ խոսքերի համար: Իրոք, մեծ պատիվ է լինել այսօր այստեղ, ստանալ Ազգային հերոսի շքանշանը, որը Դուք ինձ շնորհել եք:

Ես այն ընդունում եմ անչափ մեծ խոնարհությամբ և պատասխանատվության զգացումով:
Իմ սիրելի ծնողների և ավագ եղբոր մասին հուշերը ինձ համար կենդանանում են այսօր:

Ինչպես գիտեք, Անդրանիկը՝ իմ եղբայրը, ով բժիշկ էր, միավորեց իր խիզախ հայրենակիցներին, մեր նախնիների հողը՝ Արցախը, պաշտպանելու նպատակով, ինչպես արեցիք Դուք, պարո՛ն Նախագահ:
Ես կիսում եմ այս պատիվը նրանց հետ, որովհետև ես ժառանգել եմ հայրենասիրության, զոհաբերության և ծառայության ոգի, որն ինձ պարտավորեցնում է կանգնել Հայաստանի՝ մի երկրի կողքին, որը շատ բան է տվել դարերի ընթացքում:

Որպես հայկական ծագումով Արգենտինայի քաղաքացի՝ ես համարում եմ, որ իմ պարտքն է միանալ բոլոր իրական հերոսներին, ովքեր ամեն օր այս պետությունը հզոր են դարձնում, կյանքի են կոչում մեր նախնիների տեսլականը և կերտում այսօրվա ու վաղվա երկիրը: Իմ երախտագիտությունն ու հիացմունքն եմ հայտնում նրանց բոլորին և իմ արգենտինահայ ընկերներին, ովքեր շատ բան են անում այս պետության համար:

Թող այս մեդալը լինի մեծարանք բոլոր վերոհիշյալների համար և ժառանգություն՝ գալիք սերունդներին: Նրանց բոլորին հայտնում եմ իմ շնորհակալությունը: Ես վայելում եմ ժողովրդի հարգանքը: Հայաստանի ապագայի համար ամեն օր աշխատող մարդիկ են այս պահի իրական հերոսները:

Շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ: Բոլորիցդ շատ շնորհակալ եմ»,- ասել է Էդուարդո Էռնեկյանը:

Նախագահի նստավայրում Էդուարդո Էռնեկյանին Հայաստանի բարձրագույն կոչում շնորհելու արարողության ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ջերմագին շնորհավորանքները և Հայրապետական օրհնությունն է բերել երախտավոր հայորդուն պետական բարձր պարգևի արժանացնելու կապակցությամբ:

«Գոհունակ սրտով ենք մասնակցում Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից մեր ժողովրդի ու մեր Սուրբ Եկեղեցու մեծազնիվ զավակ տիար Էդուարդո Էօրնեկյանին «Հայաստանի ազգային հերոս»-ի կոչման ու պարգևի հանձնման այս հանդիսավոր արարողությանը: Պարգևը արժանի գնահատանք է ազգային կյանքում մեծ բարերարի ավանդի ու ծառայությունների, որոնք առատ արգասիքներն են նրա բարեպաշտ հոգու և ջերմ ազգասիրության ու հայրենասիրության:
Փառք և գոհություն Ամենակալ Աստծուն, որ մեր ժողովրդին շնորհում է զավակներ, ովքեր իրենց կյանքը նվիրում են դարձնում հարազատ ժողովրդին ու հայրենիքին ծառայությունը:

Սփյուռքում ծնված շատ հայորդիների նման տիար Էդուարդո Էօրնեկյանը չէր կարող անտարբեր մնալ հայրենիքի առջև ծառացած խնդիրների ու մարտահրավերների հանդեպ և անկախ պետականության առաջին իսկ օրից ազնիվ հանձնառությամբ իր զորակցությունը բերեց Հայաստանին ու Արցախին: Նրա բարերարությամբ կյանքի կոչված մեծածավալ ծրագրերը կարևոր նպաստ են մեր երկրի տնտեսության զարգացման գործում, ինչպես և՝ նշանակալի աջակցություն կրթությանն ու մշակույթին: Սրտի գոհունակությամբ ենք անդրադառնում նաև, որ տիար Էդուարդո Էօրնեկյանը սատարում է մեր Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը՝ իր մեծ ավանդը բերելով հոգևոր մեր կյանքի պայծառացմանը: Այսպիսի օրհնաբեր իրագործումներով, որոնք զորացնում ու բարօր են դարձնում մեր հայրենիքը, շենացնում ազգային-եկեղեցական կյանքը, գրվում են մեր ժողովրդի նորօրյա պատմության փառքի էջերը:

Այս պահին կցանկանայինք առանձնացնել նաև, որ մեր ժողովրդի բարերար զավակների նվիրումը, իրագործվող ազգանվեր ու հայրենաշեն ծրագրերը, բոլորիս համար մեծ քաջալերություն լինելով, միաժամանակ վառ օրինակ են պատանի և երիտասարդ հայորդիների և գալիք սերունդների համար: Թող այսպես լինի միշտ, թող Բարձրյալ Տերը մեր զավակներին հանապազ շնորհի բարեպաշտության, հայրենյաց սիրո, պատասխանատվության ու նախանձախնդության ոգի, և մեր կյանքից անպակաս լինի պարծանքը ազնիվ գործերի:

Այս ուրախալի առիթով Մեր ջերմագին շնորհավորանքներն ենք բերում Ձեզ, սիրելի՛ պարոն Էօրնեկյան և մաղթում արևշատ կյանք ու նոր հաջողություններ՝ Ձեր և Էօրնեկյան բարեգործ գերդաստանի ազնիվ նախաձեռնություններին ու գործերին:

Հայրապետական Մեր օրհնությունը, գնահատանքը և շնորհավորանքն ենք բերում Ձեզ, մեծարգո՛ Նախագահ, ազգային անդաստանում բացառիկ ծառայություններ մատուցած երախտավոր հայորդիներին պետական բարձր պարգևների արժանացնելու համար:
Աղոթքով առ Աստված հայցում ենք, որ խաղաղ պահի մեր հայրենիքը և օրհնի մեր ժողովրդի ջանքերը՝ հանուն աշխարհասփյուռ հայ կյանքի շենացման ու պայծառության»,- ասել է Վեհափառ Հայրապետը:

Սփյուռքի նախարարը հանդիպեց Գրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցների հետ

Հոկտեմբերի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակից սփյուռքահայ հայագիր և օտարագիր գրողներին՝ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ:

Է.Միլիտոնյանը Սփյուռքի նախարարին ներկայացրեց հոկտեմբերի 8-12-ը Ծաղկաձորում կայացած համաժողովի արդյունքները՝ նշելով, որ անդրադարձ է կատարվել հայ գրականության արդի խնդիրներին:

Ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարարը նշեց, որ հայկական մամուլն ակտիվորեն լուսաբանեց  համաժողովի աշխատանքները, ինչն էլ հայ հասարակությանը հնարավորություն ընձեռեց ծանոթանալ սփյուռքահայ գրողներին և նրանց ստեղծագործությանը: Նախարարը կարևորեց նաև օտար լեզվով հայ գրականությունն ու միտքը աշխարհին ներկայացնելու հանգամանքը: «Ժամանակակից հայ գրականությունը մեծ հարստություն է ստեղծել, որին պիտի հասու լինի ոչ միայն հայ, այլև օտարազգի ընթերցողը: Այս իմաստով շատ կարևոր է մեր օտարագիր գրողների դերը: Սփյուռքահայ գրողներից շատերը մասնակցեցին նաև Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին, և այս երկու համաժողովները լավագույն հնարավորություն էին ինչպես գրող-ընթերցող, այնպես էլ հայաստանցի և սփյուռքահայ գրողների միջև նոր կապերի ստեղծման համար», – նշեց նախարարը:

Սփյուռքի նախարարը հավելեց, որ հայ գրողներն են մտավորականության զարդը, քանի որ նրանք ոչ միայն ստեղծում են նոր գործեր, այլև մայրենի լեզվի կրողներն ու պահապաններն են օտար երկրներում:

Բարձր գնահատելով ամիրիկահայ գրող, թարգմանիչ և խմբագիր Սարգիս Վահագնի՝ Սփյուռքում հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեությունը և ստեղծագործական գործունեությամբ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը բերած ավանդը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը պարգևատրեց նրան Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և պարգևի համար՝ Սարգիս Վահագնը նշեց, որ հպարտանում է Սփյուռքի նախարարության գործունեությամբ:

Վրաստանում հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ, վրաց խորհրդարանի նախկին պատգամավոր Ժորա Սնխչյանն ընդգծեց, որ Սփյուռքի նախարարության հետ ակտիվ համագործակցության արդյունքում միությունը կարողանում է արագ լուծել իր խնդիրները:

Իրանահայ գրող Վարանդն իր ստեղծագործությունների վերջին ժողովածուն նվիրելով Սփյուռքի նախարարին՝ նկատեց, որ համաժողովի ձևաչափով հանդիպումները գրողներին լավագույն հնարավորություն են ընձեռում միասին աշխատելու, համատեղ գրական-մշակութային ծրագրեր մշակելու և իրագործելու:

Ռումինահայ գրող Մադլեն Գարագաշյանը շեշտեց, որ «Արի տուն»-ը լավագույն հայադարձության  ծրագիրն է, և այս տարի իրենց համայնքից ծրագրին մասնակցած երկու աղջնակ վերադարձել են Ռումինիա ու ակտիվորեն ներգրավվել համայնքում իրականացվող հայապահպանական ծրագրերին, հանդես են գալիս հետաքրքիր նախաձեռնություններով:

Լիբանանահայ գրող, հրապարակախոս Խաչիկ Դեդեյանն իր հերթին շնորհավորեց Սփյուռքի նախարարին՝ վերջերս տպագրած «Հայկական Սփյուռքը հարափոփոխ աշխարհում» հանրագիտարանային նշանակություն ունեցող աշխատության համար՝ նշելով. «Տիկի՛ն Հակոբյան, Դուք նույնպես գրում ու ստեղծագործում եք, և մենք ուրախ ենք, որ Սփյուռքի բոլոր համայնքներին վերաբերող Ձեր գիրքն այսուհետև պիտի օգնի մեզ բազում հարցերի լուծումները գտնելու ճանապարհին»:

Ամերիկահայ Ֆիրա Ակյանը նշեց, որ նախարարությունում ստացավ այն ջերմությունը, որն անհրաժեշտ է գրողին լավագույն զգացումներով լիցքավորվելու համար:

Քննարկվեցին առաջիկայում իրանահայ, վիրահայ, պոլսահայ գրողների օրերը Հայաստանում անցկացնելուն, ինչպես նաև երիտասարդ գրողների ընդլայնված խորհրդակցության կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ավարտին Սփյուռքի նախարարը գրողներին նվիրեց «Գրական Սփյուռք 2016» տարեգիրքը:

Մեր նվիրատվություններով աջակցենք Հայոց բանակի զինվորներին

Ամեն տարի Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանելիս զոհվում կամ հաշմանդամ են դառնում երիտասարդ տղաներ: Ամեն տարի հայ ընտանիքները կորցնում են իրենց զավակներին, կանայք կորցնում են իրենց ամուսիններին և երեխաներ մնում են առանց հոր խնամքի: Այդ երիտասարդ տղաները կատարում են մեծագույն զոհողությունը՝ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ հայ ժողովուրդը միավորել է իր ուժերը, որպեսզի օգնի որդեկորույս ընտանիքներին և աջակցի հայրենիքը պաշտպանելիս վիրավորված քաջ տղաների ապաքինմանը: Այս նպատակով 2016թ. դեկտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքը:

Օրենքի ուժով ՀՀ-ում աշխատանքային պայմանագրով աշխատող յուրաքանչյուր անձ ամսական 1 000 դրամ իր աշխատավարձից տրամադրում է զինվորների և զինվորականների ընտանիքների ֆինանսական աջակցությանը: Հավաքագրված գումարներն այնուհետև տրամադրվում են զոհված կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին կամ հաշմանդամ զինծառայողներին:

Այդ հոդվածի հիման վրա 2017թ.-ի հունվարի 16-ին ստեղծվեց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը»:

Գումարների հավաքագրման երկրորդ միջոցը նվիրաբերություններն են: Հիմնադրամը փորձել է նվիրաբերությունների իրականացումը դարձնել հնարավորինս հեշտ և մատչելի: Նվիրաբերել հնարավոր է` այցելելով Հիմնադրամի կայքէջ՝ www.1000plus.am: Նվիրաբերողը ուղղակի պետք է ընտրի նվիրաբերության չափը, տրամադրի իր անուն-ազգանունը, էլ. հասցեն և մուտքագրի իր բանկային քարտի տվյալները:

Նվիրաբերություն իրականացնելու հետ մեկտեղ նվիրաբերողը կարող է ուղերձ գրել և իր նվիրաբերություն կատարելու մասին կիսվել սոցիալական ցանցերով:

Հիմնադրամի ստեղծման առաջին 8 ամիսների ընթացքում նվիրաբերությունների միջոցով հավաքվել է 72մլն ՀՀ դրամ (մոտ $150 000): Նվիրաբերությունները ստացվել են ավելի քան 14 պետություններից: Առավելագույն նվիրաբերությունները կատարվել
են հետևյալ երեք երկրներից.
1. Հայաստան (50մլն ՀՀ դրամ, մոտ $104,000)
2. Ֆրանսիա (7մլն ՀՀ դրամ, մոտ $15,000)
3. Կիպրոս (4,8մլն ՀՀ դրամ, մոտ $10,000)

Ֆեյսբուքյան էջի շնորհիվ Հիմնադրամի աշխատանքը հասու է նաև սոցիալական ցանցերի օգտատերերին:

Brochure – design v1 (AM)

Հայոց բանակի զինվորը Կալկաթայի հայկական եկեղեցու վարչության աջակցությամբ անհրաժեշտ բուժում է ստացել

Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց 2016 թ. նոյեմբերին` ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մարտական գործողությունների ժամանակ, ծանր վիրավորում ստացած սերժանտ Գևորգ Դադասյանին` ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Վրթանես եպիսկոպոսը Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց, որ զինվորը, Նորին Սրբության օրհնությամբ ամիսներ առաջ մեկնելով Հնդկաստան,  Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցու վարչության աջակցությամբ անհրաժեշտ բուժում է ստացել:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունն ու մաղթանքները բերելով քաջարի հայորդուն, նշեց, որ մեծ մխիթարություն է որևէ կերպ զորավիգ լինել իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած արիասիրտ զավակներին, որոնց ծառայությամբ ապահով և անվտանգ են պահվում հայրենյաց սահմանները: Վեհափառ Հայրապետը նշեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն այսուհետ ևս կշարունակի աջակցություն ցուցաբերել վիրավոր զինվորներին իրենց բուժման և ապաքինման հարցում:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Խնձորեսկում ֆունիկուլյոր (ճոպանաքարշով ռելսուղի) կկառուցվի

Խնձորեսկ գյուղում ֆունիկուլյոր (ճոպանաքարշով ռելսուղի) կկառուցվի: Ֆունիկուլյորի կառուցման սկզբնական փուլում ներդրումները կկազմեն 6.100.000 դոլար։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ներկայությամբ, «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտի և «Դոփփելմեյր Գարավենտա» խմբի (Doppelmayr Garaventa Group) վերազգային ընկերության անդամ «Գարավենտա ԱԳ» (Garaventa AG) շվեյցարական ընկերության միջև պայմանագիր է ստորագրվել։

Այս նպատակով հոկտեմբերի 6-8-ը Հայաստանում էին «Գարավենտա ԱԳ» ընկերության մարքեթինգի և վաճառքների մասով նախագահ Ֆիլիպ Բիները և վաճառքների գծով տնօրեն Թոմաս Կուրտը:

Պայամանագրով նախատեսվում է Խնձորեսկ գյուղում, «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի ծրագրի զարգացման շրջանակներում, «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտի կողմից ֆունիկուլյորի կառուցում:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը կարևորել է պայմանագրի ստորագրումը և ծրագրի իրականացումը Սյունիքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման և գրավչության բարձրացման համատեքստում, ասվում է նախարարության մամուլի ասուլիսում:

Ֆունիկուլյորը ճոպանաքարշով ռելսուղի է, որը նախատեսված է կտրուկ վերելքով ուղևորների և բեռների փոխադրման համար։ Կիրառվում է քաղաքներում, առողջարանային կենտրոններում, ինչպես նաև լեռնային շրջաններում, արդյունաբերական ձեռնարկություններում։ Ֆունիկուլյորը կարող է լինել մեկ կամ երկու վագոններով (առավել տարածված)։ Ռելսուղին միալար է, մեջտեղում՝ ուղեբաժանքով։

Կստեղծվի Հայաստանի տեխնոլոգիական համալսարան

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգը: Այս ամսին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից: Կրթության ոլորտի պատասխանատուների և շահագրգիռ այլ անձանց մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը Հանրապետության Նախագահի խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանը և կրթության և գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը իրենց զեկույցներում անդրադարձել են տեխնոլոգիական բուհի ստեղծման մոտեցումներին ու սկզբունքներին: Նրանք նշել են, որ անցած մեկ տարվա ընթացքում իրականացված ծավալուն աշխատանքը, ըստ էության, շարունակությունն է 2016թ. Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտ Հանրապետության Նախագահի այցի, որից հետո փորձ է արվել մշակել ծրագիր՝ միտված Հայաստանում միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիական համալսարանի հիմնմանը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի և նման այլ հեղինակավոր բուհերի հետ գործընկերության ձևավորման ու համագործակցության արդյունքում:

Համալսարանի հիմնական թիրախն է լինելու բարձր տեխնոլոգիաների բեկումնային ուղղությունների զարգացումը: Հայաստանի և արտերկրի բուհերի ու գիտահետազոտական ինստիտուտների հետ համագործակցության շնորհիվ համալսարանի շրջանավարտները, ըստ զեկուցողների, հնարավորություն կունենան ստանալ երկու դիպլոմ՝ տեխնոլոգիական համալսարանի և գործընկեր բուհի կողմից:
Հայեցակարգը մշակողները Հայաստանում նման բուհի ստեղծման անհրաժեշտությունն այսօրվա տեխնոլոգիական դարաշրջանի հրամայականն են համարել: Աշխատանքն իրականացնելիս, ըստ հեղինակների, ուսումնասիրվել են բարձր տեխնոլոգիաների համաշխարհային զարգացման միտումները, Հայաստանի բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, ինչպես նաև սփյուռքի գիտական ու տեխնոլոգիական ներուժը:

Նախագահը հանձնարարել է լրամշակել հայեցակարգը և փաստաթուղթը վերջնական տեսքով ներկայացնել կառավարություն:

Պահպանել սեփական լեզուն, հավատքը և մշակույթը. հեռավոր Մալայզիայի հայերը ջանք չեն խնայում այդ ուղղությամբ

Հեռավոր Մալայզիայում թեպետ հայ համայնքը փոքրաթիվ է, սակայն մեծ է հայերի թողած հետքը:

Դեռ 200 տարի առաջ, երբ Մալայզիան զարգացման նոր փուլ էր մտնում, իշխանությունները փորձում էին հրավիրել տարբեր կողմերի առևտրականների, բիզնեսմենների ուշադրությունը՝ նպաստելով ներդրումների զարգացմանը: Այդ փնտրտուքների ճանապարհին Մալայզիան հետաքրքրեց նաև հայերին: Հնում հայերը Մալայզիա են եկել հիմնականում Հնդկաստանից և Հին Ջուղայից, արմատավորվել այնտեղ և շատ կարճ ժամանակում վճռորոշ դեր են ունեցել տեղի տնտեսական, մշակութային և ճարտարապետական պատմության մեջ:

Այս մասին նշել է Մալայզիայի հայ համայնքի ղեկավար Էմիլ Պետրոսյանը, հայերի թողած հետքը շատ նշանակալի է:

«Մինչև հիմա կան կանգուն շենքեր, որոնք ժամանակին կառուցվել են հայերի կողմից: Դրանց թվում կա մեծ թանգարան-հյուրանոց (Eastern and Oriental hotel), որտեղ պահպանվել են նաև հիմնադիր հայերի անունները: Հյուրանոցի մասնաշենքները, սենյակները հիմնադիրների անուններով են կոչված: Այսօր Կուալա Լումպուրում կան հայկական փողոցներ. մեկը կոչվում է Արմենիա (Armenian Street), մյուսը՝ Արատուն (Aratoon Road): Ի դեպ, դրանք ամենահայտնի փողոցներից են և միշտ զբոսաշրջիկների հետաքրքրությունների կենտրոնում են»,-ասաց Էմիլ Պետրոսյանը:

Տարիների ընթացքում տեղի հայերը տեղափոխվել են այլ երկրներ: Սկզբում Սինգապուր, այնուհետև առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Ավստրալիա, Նոր Զելանդիա: 1930-ական թվականներից հետո Մալայզիայում բնակվող հայերի մասին տեղեկություն չկա:

Տարիներ անց Մալայզիայում հայերը սկսել են հաստատվել 2000-ական թվականներից: Արդի հայկական համայնքի ձևավորումը սկսվում է այդ շրջանից: Ներկայում Մալայզիայում բնակվող փոքրաթիվ հայերը կենտրոնացած են հիմնականում Կուալա Լումպուրում։ Էմիլ Պետրոսյանի խոսքով, ներկայում մոտ 45 հայ է ապրում:

«Տեղի հայերը տարբեր երկրներից են: Հայաստանից տեղափոխված ընտանքիները մի քանիսն են: Քիչ չեն խառն ամուսնությունները: Նրանց գործունեության ոլորտները տարբեր են՝ բիզնես, հեռահաղորդակցություն, ծառայություններ, կրթություն, ֆինանսներ: Նրանցից շատերը առաջատար մասնագետներ են»,-ասաց Էմիլ Պետրոսյանը:

Մալայզիայում հայկական դպրոց չկա, հետևաբար հայոց լեզվի պահպանության գլխավոր պատասխանատվությունն ընտանիքիների ուսերին է: Մալայզիայում չկա նաև հայկական եկեղեցի, սակայն դա ամենևին չի խանգարում այնտեղ հայերենով աղոթք հնչեցնելուն:

Այս տարի հայ համայնքի համար պատմական իրադարձություն տեղի ունեցավ: Կուալա Լումպուրի Սուրբ Միքայել Հրեշատակապետ եկեղեցում (Ռուս Ուղղափառ) փետրվարի 4-ին առաջին անգամ մատուցվեց Սուրբ պատարագ՝ ձեռամբ Հոգեշնորհ Տեր Զավեն Վարդապետ Յազիչյանի:

«Սա իսկապես պատմական պահ էր: Տասնյակ տարիներ այստեղ հայերենով աղոթք չէր հնչել: Համայնքի կազմակերպչական ջանքերով արվեց դա: Պատարագին ներկա են եղել համայնքի բոլոր անդամները, հյուրեր, հայ ազգի բարեկամներ: Սուրբ Պատարագի ավարտին տեղի է ունեցել Սուրբ Մկրտություն: Երեք մանուկ կնքվել է»,-պատմում է Էմիլ Պետրոսյանը:

Անդրադառնալով մալայզիացիների շրջանում Հայաստանի մասին տեղեկացվածությանը՝ Էմիլ Պետրոսյանը նշեց, որ հայերի մասին գիտեն, բայց Հայաստան պետության մասին՝ ոչ: Շատերը ինֆորմացված չեն Հայաստանի, նրա աշխարհագրական դիրքի, զբոսաշրջային հնարավորությունների մասին: Այդ ուղղությամբ շատ աշխատանք կա կատարելու: Էմիլ Պետրոսյանը նկատեց, որ վերջին շրջանում Հայաստանի ճանաչմանը նպաստում է Հենրիխ Մխիթարյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանից Մալայզիա զբոսաշրջային հոսքին, ապա այն նույնպես պասիվ է: Էմիլ Պետրոսյանը դա կապում է ուղևորության թանկ լինելու հետ:

Աննա Գզիրյան

Աղբյուրը՝ Արմենպրես

Հայաստանը՝ «նորարարական նվաճում արձանագրող» երկրների խմբում

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է «Գլոբալ նորարարության ինդեքս 2017թ.» կլոր սեղան-քննարկմանը, որը կազմակերպվել էր Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության, INSEAD գործարարության դպրոցի և Քորնել համալսարանի կողմից՝ Նյու Յորքում։

Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նորարության ոլորտի առաջատար փորձագետների, ակադեմիական շրջանակների, ՄԱԿ-ի անդամ-երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած միջոցառմանը քննարկվել են նորարարության դերը՝ տնտեսական աճ և կայուն զարգացում խթանելու առումով, 2017թ․ վարկանիշավորման արդյունքներն ու մեթոդաբանությունը։

Հայաստանի օրինակով արձանագրվել է, որ նորարարությունը չի սահմանափակվում տնտեսության ոլորտում աշխարհի առաջատար երկրներով։ «Գլոբալ նորարարության ինդեքս 2017թ.» վարկանիշավորման համաձայն, Հայաստանն ընդգրկվում է «նորարարական նվաճում արձանագրող» երկրների խմբում, որտեղ ներկայացված է թվով 17 զարգացող երկիր՝ նորարարության արդյունավետության և կատարողականի բարձր ցուցանիշներով։

«Գլոբալ նորարարության ինդեքս» զեկույցը վարկանիշավորում է երկրների տնտեսությունների նորարարական ներուժը։ «Գլոբալ նորարարության ինդեքս 2017թ» վարկանիշը կազմվել է 81 չափորոշիչների հիման վրա՝ 127 երկրների տնտեսությունների համար (աշխարհի բնակչության 92.5%-ը և համաշխարհային ՀՆԱ-ի 97.6%-ը)։

Դերասան Ջոն Մալկովիչինը Մայր Աթոռում 

Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հոլիվուդյան հայտնի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջոն Մալկովիչին և նրա տիկնոջը` ուղեկցությամբ միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Ջոն Մալկովիչին հայ ժողովրդի հանդեպ ունեցած ջերմ վերաբերմունքի, ինչպես նաև փառատոնի բացմանը Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ից կատարված ասմունքի համար, ինչը հայ հանդիսատեսին անմոռանալի զգացումներ է պարգևել և մեծ խանդավառություն առաջացրել:

Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց դարերի ընթացքում հայ ժողովրդի զորավոր հավատքով ստեղծված հոգևոր-մշակութային ժառանգությանը, որն իր բարձրարժեքությամբ կարևոր տեղ է գրավում համաշխարհային մշակույթի մեջ:

Գարեգին Բ Կաթողիկոսը նշեց նաև, որ երկրում առկա սոցիալ-տնտեսական դժվարությունների, պատերազմի վերսկսման մշտական սպառնալիքի պայմաններում նման մշակութային ձեռնարկների կազմակերպումը մեծ մխիթարություն է ժողովրդի համար: Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ հայ հասարակությունը շարունակում է ապրել մշակութային կյանքով` հաղորդ դառնալով նաև համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետների ստեծագործություններին ու ձեռնարկներին:

Անվանի դերասանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ խոսքերի համար` իր ուրախությունն արտահայտելով Հայաստանում գտնվելու առիթով: Անվանի դերասանը Նորին Սրբությանը ներկայացրեց նաև իր ապագա ծրագրերը:

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը պատասխանեց Ջոն Մալկովիչի հարցերին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատմությանը և հայ ժողովրդի կյանքում նրա դերակատարությանը, ինչպես նաև Սփյուռքի հայ համայնքների կենսագործունեությանը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը տիար Ջոն Մալկովիչին մաղթեց հաջողությամբ շարունակել իր առաքելությունն արվեստի բնագավառում:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

 

Հայ-եգիպտական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված համերգ Կահիրեում

Հոկտեմբերի 8-ին Եգիպտոսի մշակույթի նախարարության և Կահիրեի Հայոց ազգային առաջնորդարանի հովանավորությամբ Կահիրեի Օպերայի տանը տեղի ունեցավ «Աշոտ Տիգրանյան մշակութային երաժշտական հիմնադրամի» լարային քառյակի համերգը՝ նվիրված Հայաստանի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հյուրերի թվում էին ԵԱՀ ԱԳ նախարարության պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, եգիպտահայեր։

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանն իր բացման խոսքում բարձր գնահատեց անցած 25 տարիներին հայ-եգիպտական համագործակցության շրջանակներում գրանցված ձեռքբերումները, անդրադարձավ միջպետական հարաբերությունների զարգացման հեռանկարներին։

Քառյակի կատարմամբ հնչեցին ստեղծագործություններ հայ և համաշխարհային դասական երաժշտության գանձարանից։

Մեկնարկում է Սրտաբանների եվրակովկասյան 6-րդ համաժողովը

Հոկտեմբերի 13-ին, ժամը՝ 09:00-ին, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի Մանթաշով սրահում  «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախաձեռնությամբ, ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ կմեկնարկի «Սրտաբանության եվրակովկասյան 6-րդ համաժողովը»:

Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, հայտնի սրտաբաններ Փոլ Բարրագանը, Ավեդիս Մատիկյանը, Ալեք Վահանյանը:

Համաժողովին կմասնակցեն 38 օտարազգի և սփյուռքահայ անվանի սրտաբաններ՝ Ֆրանսիայից, Մոնակոյից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Իրանից, Իտալիայից: Շուրջ 250 սրտաբաններ Հայաստանից և Արցախից կմասնակցեն համաժողովի շրջանակներում կազմակերպվող սեմինարներին:

Համաժողովի նպատակն է նպաստել սրտաբանության ոլորտի զարգացմանը, աշխարհի հայ սրտաբանների ներուժի համախմբմանը, Հայաստանի Հանրապետության, Սփյուռքի և Արցախի սրտաբանների համագործակցությանը, մասնագիտական որակների բարձրացմանը, կատարելագործմանը և նրանց միջև փորձի փոխանակմանը:

Թեքեյան կենտրոնը նշեց իր 20-ամյա հոբելյանը. լուսանկարներ

«Թեքեյան կենտրոն» հիմնադրամը շքեղ հանդիսությամբ նշեց Թեքեյան Կենտրոնի բացման 20-րդ տարեդարձը: Կենտրոնը հիմնադրվել է Հայաստանի եւ Սփյուռքի սերտ համագործակցության արդյունքում եւ հանդիսանում է աշխարհասփյուռ հայերի միավորման խորհրդանիշներից մեկը: Սկսած 2001թ-ից գործում է որպես «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ (ԹԿՀ) եւ, ինչպես իր հիմնադիր Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմինը (Tekeyan Trust London), ունի հայապահպան նշանակություն:

Կրթական, մշակութային, սոցիալական եւ բազմազան այլ մարդասիրական ծրագրերի միջոցով ԹԿՀ նպաստում է ազգային ինքնության եւ ժառանգության պահպանմանն ու տարածմանը, ինչպես նաեւ Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդմանը: 2010թ. սկսած հիմնադրամի ուշադրության կենտրոնում են Հայաստանի եւ Արցախի դպրոցների եւ աշակերտների հիմնախնդիրները: Հիմնադրամը նաեւ ակտիվ գործունեություն է ծավալում մշակույթի ոլորտում, մասնավորապես բազմաժանր ցուցահանդեսներ կազմակերպելով եւ հայ ժամանակակից արվեստագետներին լայն հանրությանը ներկայացնելով: ԹԿՀ ակտիվորեն համագործակցում է հայաստանյան, միջազգային պետական եւ հասարակական, ինչպես նաեւ Սփյուռքի բազմաթիվ կազմակերպությունների հետ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Հիմնադրամից, Թեքեյան կենտրոնում հոբելյանական ձեռնարկին ներկա էին պետական կառույցների եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչներ, բարերարներ, համակիրներ Հայաստանի մարզերից, Արցախից եւ Սփյուռքից:

Բացման խոսքով հանդես եկավ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Ուզունյանը: Շնորհավորելով ներկաներին գեղեցիկ տոնի կապակցությամբ, նա երախտիքի խոսք հայտնեց Թեքեյան Կենտրոնի բոլոր բարերարներին, համակիրներին եւ գործընկերներին Հայաստանից եւ Սփյուռից, որոնց շնորհիվ ստեղծվել եւ կայացել է հիմնադրամը: Նախագահը ներկայացրեց Կենտրոնի ստեղծման գաղափարը, պատմությունը, անցած ուղին, իրականացվող ծրագրերը. կարճ ժամանակում ԹԿՀ ձեռք բերեց ուրույն դիմագիծ եւ հսկայական թռիչք արձանագրեց: Այս ամենն ամփոփ ներկայացվեց նաեւ էկրանին՝ սլայդերի միջոցով:

Հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, խոսելով ԹԿ ապագա անելիքների մասին, մասնավորապես խիստ մտահոգություն հայտնեց Սփյուռքի հայ կրթօջախների պահպանման վերաբերյալ եւ հավելեց, որ հիմնադրամը պատրաստ է սերտ համագործակցել ՀՀ ԿԳՆ հետ եւ մշակել լուրջ ռազմավարություն դպրոցների փակման գործընթացը կանխելու համար:

ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական, միջազգային եւ եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ Քնարիկ Պետրոսյանն իր ելույթում անդրադարձավ ԹԿ հիմնադրամի եւ Լոնդոնի Թեքեյան Թրաստի բազմամյա մշակութային եւ բարեսիրական գործունեությանը՝ ի նպաստ հայ ինքնության պահպանմանը, մշակույթի զարգացմանն ու տարածմանը, Հայրենիքին օգտակար լինելու գործին: Նա նաեւ կարեւորեց ԹԿ հիմնադրամի հայանպաստ ծրագրերը, որոնք մատաղ սերնդի շրջանում առողջ հոգեւոր, մտավոր, մշակութային խորաթափանց դաստիարակություն են սերմացնում: Բարձր գնահատելով ՀՀ սփյուռքի նախարարության հետ ազգանպաստ համագործակցությունը, նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից հանձնեց շնորհակալագիր՝ «Թեքեյան Կենտրոնի 20-ամյակի առթիվ եւ Հայաստան-Սփյուռք մշակութային կապերի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար»:

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանի կողմից նույնպես արժանացավ շնորհակալագրի՝ «սերտ համագործակցության եւ մշակութային ծրագրերի իրականացման, Արցախում հոգեոր-մշակութային առողջ միջավայրի պահպանման եւ ապագա սերունդների գեղագիտական ճաշակի զարգացման համար»:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանն արժեւորեց «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի մասնակցությունը կրթական գործընթացներին, արձանագրելով նաեւ հիմնադրամի ակտիվ մասնակցությունն ու մեծ ներդրումը դպրոցաշինության ոլորտում: Անդրադառնալով սփյուռքի հայ դպրոցների հարցին, նա ասաց. «ՀՀ ԿԳՆ այսօրվա մտահոգություններից մեկը դպրոցների պահպանումն է: Եւ եթե բոլորս հետեւականորեն ընդգրկվենք այս գործընթացում, ապա հայի պահպանման խնդիրը սփյուռքում կարելի է համարել ինչ-որ չափով լուծված»:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը փոխանցեց քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը, որում քաղաքապետը մասնավորապես արժեւորում էր ԹԿՀ անցած ճանապարհը հայեցի տեսակի պահպանման եւ հանրահռչակման բարդ գործընթացում: «Վստահ եմ՝ կազմակերպության մշակույթի, կրթության եւ գիտության ոլորտում իրականացվող բազմաբովանդակ ծրագրերն իրենց բնույթով ունեն ռազմավարական մեծ կարեւորություն, քանի որ ձեւավորում են մի տեսակ, որը ապագայի հաղթանակների ու ձեռքբերումների կերտողն է»:

Այնուհետեւ, ընթերցվեց նաեւ Երեւանի քաղաքապետարանի Երեւան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի ողջույնի եւ շնորհավորական ուղերձը:

Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի Հայոց թեմի հայրապետական պատվիրակ եւ առաջնորդ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը բրիտանահայ համայնքի անունից շնորհավորեց Թեքեյան Կենտրոնին հոբելյանական տոնի առթիվ, հատկանշելով, որ կազմակերպությունն այն առաջատարներից է, որոնք գործնական հողի վրա սկսեցին ամրապնդել Հայրենիք-Սփյուռք կապերը: Խոսելով Լոնդոնի Թեքեյան Թրաստի մասին, սրբազանը առանձնահատուկ անդրադարձավ նրա պատվավոր քարտուղար եւ ԹԿՀ նախագահ Վարդան Ուզունյանին, ում համարում է Լոնդոնում «դեսպան», որն իր նվիրական ու անխոնջ  աշխատանքով հզորացնում է Թեքեյան կառույցները թե Հայաստանում եւ թե Անգլիայում: «Շատ ցանկալի կլիներ, եթե Սփյուռքի բոլոր կազմակերպություններն այսպես կապված լինեին Մայր Հայրենիքի հետ»:

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Արթուր Խաչատրյանին

Հոկտեմբերի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՌԴ Կամչատկայի հայ համայնքի ղեկավար Արթուր Խաչատրյանին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց համայնքային գործչի ակտիվ, հայրենանվեր գործունեությունը:

Արթուր Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ մշտապես պատրաստ է լինել Հայրենիքի կողքին: Նա իր իսկ նախաձեռնությամբ գնել է մեկ ԼԱԶ մակնիշի ավտոբուս և ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում պատրաստվում է նվիրել Արցախին:

Թեհրանում կայացել է «Իրանահայ համայնքի ամբողջական պատմությունը» գրքի շնորհանդեսը

Սեպտեմբերի 13-ի երեկոյան Թեհրանի Հայ մարզամշակութային «Րաֆֆի» համալիրի «Սայաթ Նովա» սրահում տեղի ունեցավ «Իրանահայ համայնքի ամբողջական պատմությունը» գրքի շնորհանդեսը, որի հեղինակն է գիտահետազոտող, հասարակական ու մշակությային ակտիվիստ դոկտ. Էդիկ Բաղդասարյանը՝ Է. Գերմանիկ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Միությունից, միջոցառումը սկսվեց Համալիրի երգչախմբի՝ «Հայ Մեր»-ի կատարմամբ, որից հետո Համալիրի նախագահ Վիգեն Մանդանին հանդես եկավ բարի գալստյան ու ողջյունի խոսքով: Այնուհետև միջոցառումն անցկացնելու նպատակով նա բեմ հրավիրեց Համալիրի փոխնախագահ Ռուբիկ Սարդարյանին և գրքի հեղինակ Էդիկ Բաղդասարյանին:

Դոկտ. Ռ. Սարդարյանը դրվագներ պատմեց Դոկտ. Է. Գերմանիկի կյանքից ու աշխատանքներից: Նա նշեց, որ Է. Գերմանիկի առաջին գիրքը եղել է «Հայաստանի պատմություն» գրքի թարգմանությունը՝ երկու հատորով, որը մեծ խանդավառություն առաջացրեց իրանահայության մեջ՝ ներկայացնելով Սովետական  Հայաստանի հայտնի պատմաբանների գրքի թարգմանությունը պարսկերեն: Ռ. Սարդարյանը տեղեկացրեց, որ շահի օրոք Է. Գերմանիկը իր տարրական ուսումը ստացել է Հեշմաթիե թաղամասի «Խորենի» դպրոցում, որի տնօրենը առաջադիմական մարդ է եղել և իր դրական ազդեցությունն է թողել բազմաթիվ մարդկանց վրա՝ այդ թվում նաև Էդիկ Բաղդասարայանի: Է. Բաղդասարյանի համար մեծ աղբյուր է հանդիսացել Ս. Աստվածածին եկեղեցու դիմացի հայկական «Սաքո» գրախանութը, որը կարողանում էր շահի բռնապետության օրոք Սովետական Հայաստանի գրականությունը ներմուծել Իրան և ծանոթացնել իրանահայ մտավորականներին Սովետական Հայաստանի գիտնականների մոտեցումների և ընդհանրապես երկրի անցուդարձերի հետ:

Այնուհետև ցուցադրվեց 15 րոպեանոց մի տեսաժապավեն, որտեղ Է. Գերմանիկը ներկայացնում էր իր հրատարակած ու թարգմանած գրքերը, որոնց ընդհանուր քանակը 138-ն է՝ 98-ը պատմական, մշակութային, Հայոց ցեղասպանության մասին ու հասարակական բնույթ ունեցող գրքեր են, իսկ մյուսները՝ տեխնիկական ու ավելի շուտ համակարգչին վերաբերող:

Արտահայտվեց նաև գրքերի հեղինակ Է. Բաղդասարյանը: Նա նշեց իր աշխատանքային պայմանների ու տարբեր ժամանակների հարցերի, ինչպես նաև տարբեր երևույթների նկատմամբ իր վերաբերմունքի մասին: Ընդգծեց այն դրդապատճառները, որոնք իրեն մղեցին այդ քանակությամբ գրքեր հրատարակելու: Նա խոսեց նաև ապագայի ծրագրերի մասին: Ապրելով Կանադայի Տորոնտո քաղաքում և ունենալով որոշակի հնարավորություններ՝ ծրագրել է անգլերեն, հայերեն ու պարսկերեն պատրաստել մի շարք աշխատություններ:

Գեղարվեստական բաժնում համալիրի երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար Համլետ Խաչատրյանի գլխավորությամբ կատարեց երեք երգ: Իր գեղեցիկ ասմունքով ներկայացավ համալիրի մշակութային բաժանմունքի պատասխանատուներից Մագդինե Մինասյանը:

Վերջում օրվա առթիվ արտահայտվեց Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Պրն. Արտաշես Թումանյանը: Նա բարձր գնահատեց Է. Բաղդասարյանի կողմից կատարված աշխատանքները և անկեղծորեն խոստովանեց, որ տեղյակ չի եղել նման աշխատությունների մասին: Նա իր խրախուսանքի խոսքը ուղղեց համալիրին և իրանահայ համայնքին:

 

Scroll Up