ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն

Հոկտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը, ԱՊՀ հայ համայնքների, Մերձավոր Սփյուռքի հետ կապերի և Մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունների աշխատակիցները:

Քննարկվեցին նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը կայանալիք «Հայաստանի օրերը Ռուսաստանում» ծրագրի իրականացման հետ կապված հարցեր:

Պատասխանատուները ներկայացրին այն 107 միջոցառումներն ու ձեռնարկները, որոնք ծրագրի շրջանակներում իրականացվելու են Ռուսաստանի Դաշնության գրեթե բոլոր մարզերում:

Նախարարը հանձնարարեց առավել համակարգված և հետևողականորեն կազմակերպել աշխատանքները՝ համագործակցելով համայնքների և պետական կառուցների հետ:

Տրվեցին նոր հանձնարարականներ, նշանակվեցին պատասխանատուներ:

Սփյուռքի նախարարն ընդունեց շվեյցարահայ գործարար Մայք Պարոնյանին և Տիգրան Հախվերդյանին

Հոկտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց շվեյցարահայ գործարար, Հայաստան-Շվեյցարիա առևտրային պալատի նախագահ Մայք Պարոնյանին և «Ազադ» դեղագործական ընկերության գործադիր տնօրեն Տիգրան Հախվերդյանին:

Նախարարը բարձր գնահատեց նրանց հայրենանվեր գործունեությունը՝ նշելով, որ Սփյուռքի նախարարությունը նախաձեռնել է «Աջակցություն սահմանապահ գյուղերին» ծրագիրը, որի շրջանակներում սփյուռքյան տարբեր կազմակերպություններ և անհատներ ստանձնում են հայաստանյան կամ Արցախի սահմանապահ որևէ գյուղի հովանավորությունը՝ լուծելով այդ գյուղի սոցիալ-տնտեսական և բազում այլ խնդիրներ: «Ուրախ եմ, որ ձեր օժանդակությամբ հիմնանորոգվեց ու կահավորվեց Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի մանկապարտեզը, իսկ այժմ վերանորոգում եք Այգեհովիտի բուժհաստատությունը, որից օգտվում են նաև հարևան գյուղերի բնակիչները», – ընդգծեց նախարարը:

Հյուրերը ներկայացրին Հայաստանում իրենց հիմնադրած «Ազադ» դեղագործական կազմակերպությունը, որտեղ այսօր աշխատում է 60 հայ գիտնական ու բժիշկ: «Մեր արտադրանքը հիմնականում արտահանվում է, հուսով ենք՝ տարեցտարի արտադրանքի ծավալները կմեծանան, ինչը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը», – նշեց Մայք Պարոնյանը:

Կարևորելով Հայրենիքում ներդրումներ կատարելու գործարարների արդյունավետ ջանքերը՝ նախարարն անդրադարձավ նաև Շվեյցարիայի «Հայաստանին օգնություն» բարեգործական կազմակերպության գրեթե 30-ամյա գործունեությանը Հայաստանում, որի ներկայացուցիչը Մայք Պարոնյանն է: «1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո հիմնադրված «Հայաստանին օգնություն» կազմակերպությունը բազում բարեգործական ծրագրեր է իրականացրել Հայաստանում և մինչ օրս մշակում և կյանքի է կոչում այլ օգտակար ձեռնարկներ», – հավելեց նախարարը:

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի ներդրումային գրավչությունը սփյուռքահայ գործարարներին ներկայացնելուն և «Ազադ» դեղագործական կազմակերպության հաջող փորձը տարածելուն վերաբերող հարցեր:

Արտավազդ Փելեշյանը, Նարա Շլեպչյանը, Ռազմիկ Դավոյանն ու Ռալֆ Յիրիկյանը՝ «Երևանի պատվավոր քաղաքացի»

Երևանի ավագանին այսօր գումարած արտահերթ նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հաստատել է Երևանի քաղաքապետի առաջարկը՝ Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ, կինոարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Աշոտի Փելեշյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշման նախագիծը։

Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ավագանու մեկ այլ որոշմամբ, Երևանի 2799-րդ տարեդարձի առթիվ, նկատի առնելով հայկական հեռուստատեսության բնագավառում ներդրած նշանակալի ավանդը, բազմամյա վաստակն ու բեղմնավոր գործունեությունը, «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհվել  հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նարա Սուրենի Շլեպչյանին։

Երևանի 2799-րդ տարեդարձի առթիվ, հաշվի առնելով հայ գրականության բնագավառում ներդրած նշանակալի ավանդը, ակնառու վաստակն ու բազմամյա գործունեությունը, Երևանի ավագանին քննարկել և հաստատել է բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Նիկողոսի Դավոյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշման նախագիծը:

Ավագանու մեկ այլ որոշմամբ, տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և Երևան քաղաքում ակտիվ գործունեություն ծավալելու համար, Երևանի 2799-րդ տարեդարձի առթիվ, «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհվել նաև «ՎիվաՍել–ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Սեզարի Յիրիկյանին:

Ջոն Մալկովիչը հատվածներ է կարդալու «Մատյան Ողբերգության» պոեմից

Այսօր Երևանում մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնը: Բացման համերգին դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես է գալու ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալկովիչը։

Մալկովիչը կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից՝ 20-րդ դարի 2-րդ կեսի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկի՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։ Որպես մենակատար հանդես կգա ճանաչված դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան։

Փառատոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ համերգին Ջոն Մալկովիչի կողմից անակնկալ է մատուցվելու՝  հատվածներ է կկարդալու Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմից՝ «Ի խորոց սրտից խոսք ընդ Աստուծոյ»:

Ստալինգրադի մոտ զոհված 10.000 հայերի հիշատակին Վոլգոգրադում խաչքար կկանգնեցվի

Հոկտեմբերի 12-ին Վոլգոգրադում խաչքար կկանգնեցվի ի հիշատակ Ստալինգրադի ճակատամարտում ընկած հայերի: Խաչքարը կտեղադրվի Ստալինգրադի մոտ զոհվածների հուշահամալիրում՝ Մամաև Կուրգանում:

Խաչքարը կօծի ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի ղեկավար արքեպիսկոպոս Եզրասը, գրում է Rusarminfo-ն:

Միջոցառումը կանցնի հանդիսավոր պայմաններում, Պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ, որը կկատարի Ռուսաստանի և Հայաստանի օրհներգերը:

Հուշարձանը կանգնեցվում է ի հիշատակ Ստալինգրադի մոտ զոհված 10.000 հայերի:

Ստալինգրադի ճակատամարտի արդյունքում խորհրդային բանակը ջախջախիչ պարտության մատնեց Գերմանիայի 6-րդ բանակի միավորումներին, իտալական բանակի 8-րդ դիմիզիային: Վճռական մարտերի ժամանակ 20 օրվա ընթացքում զոհվել է թշնամու բանակի 1,5 միլիոն զինվոր, գերի ընկել 90 հազարից ավելի զինծառայող: Գերմանիայում Համաշխարհային պատերազմի ակզբից ի վեր առաջին անգամ հայտարարվեց ազգային սուգ:

«Բոլոր հայերի հոգու պարտքն է Արցախի սահմանները պահած ու պահող զինվորներին, նրանց ընտանիքներին օգնելը». Գրիգոր Շագմելյան

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ դեռևս անցյալ տարի սկիզբ առած «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժման շրջանակներում Սփյուռքի տարբեր երկրներից շարունակվում են անհատական, համայնքային օգնություններն Արցախին, վիրավոր զինվորներին ու զոհված զինվորների ընտանիքներին, արցախյան գյուղերի կարիքավոր բնակիչներին, դպրոցներին: Այս հայրենանվեր գործում իրենց նշանակալի լուման ունեն նաև ՌԴ Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանի Նովոմիխայլովկայի հայկական համայնքի անդամները, որի նախագահի՝ Գրիգոր Շագմելյանի, համայնքի ակտիվ անդամ Արթուր Հարությունյանի և նրանց հետ համագործակցող, ղարաբաղյան առաջին գոյամարտի ազատամարտիկ, «Տիգրան Մեծ» գնդի հիմնադիր-հրամանատար, այսօր՝ Արմավիրի «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի տնօրեն Կորյուն Ղումաշյանի հետ մի հետաքրքիր զրույց ունեցա «Հայերն այսօր»-ի համար: Ստորև մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այդ հարցազրույցը:

-Հարգելի՛ հայրենակից, խնդրում եմ ներկայացնեք «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում ձեր համայնքի ունեցած ներդրումը, օգնությունը:

-Դժվար է խոսել այդ մասին, նույնիսկ ամաչում եմ, որովհետև կարծում եմ՝ բոլոր հայերի հոգու պարտքն է Արցախի և, առհասարակ, մեր երկրի սահմանները պահած ու պահող, զոհված ու վիրավոր զինվորների ընտանիքներին, հաշմանդամ դարձած զինվորներին, զինծառայողներին օգնելը: Մենք ամեն կերպ ձգտում ենք օգտակար լինել մեր բանակին, լինել նրա կողքին: Մեր երկրի պաշտպանությունը բոլորիս գործն է: Մենք դեռևս ղարաբաղյան առաջին գոյամարտի տարիներից ենք սկսել մեր գործունեությունը:

-Պարո՛ն Շագմելյան, ի՞նչ միջոցներով եք կազմակերպում դրամական օգնությունը:

-Մեր համայնքի ուժերով. մեր համայնքը խորհուրդ ունի, որի նիստերի ժամանակ քննարկում, որոշում ենք բոլոր հարցերը: Պետք է ասեմ, որ բոլորն այդ գործի համար սիրով են ներդնում իրենց լուման: Հավաքված գումարով շտապ օգնության մեքենա, բժշկական տարբեր պարագաներ, ռենտգեն կաբինետ, դիալիզի սարքավորում են նվիրել Արցախի սահմանները պաշտպանող մեր զինվորներին…Մեր շրջանի բոլոր համայնքները գումար են հավաքել ու հանձնել Կրասնոդարի հայկական համայնքի ղեկավարությանը, իսկ մնացած տեղեկատվությունը նրանցից ենք ստացել. գիտենք, որ բժշկական անհրաժեշտ սարքավորումները, տեխնիկան Երևանում բարձել են մեքենաների մեջ և ուղարկել Արցախ:

-Երբևէ եղե՞լ եք Արցախում:

-Ցավոք, չեմ եղել և շատ եմ ափսոսում. կարծում եմ՝ հեռու չէ այդ ժամանակը: Թեև ես չեմ եղել Արցախում, սակայն ասեմ, որ մեր համայնքի երիտասարդներին ուղարկել ենք Արցախ, եղել են զորամասերում, շփվել զինվորների հետ:

-Ի՞նչ առիթով եք Հայաստանում:

-Շատ լավ առիթով. թոռանս Տուապսեից բերել եմ՝ մկրտելու Սուրբ Էջմիածնում. բնականաբար, կվայելենք հայաստանյան աշունը, մասնակից կդառնանք մայրաքաղաքի տոնակատարությանը: Հանդիպել ենք նաև մեր լավ ընկերոջը՝ Կորյուն Ղումաշյանին՝ մի մարդու, ով, ինչպես արդեն տեղեկացաք, մասնակցել է արցախյան գոյամարտին, հիմնադրել ու ղեկավարել է մի նշանավոր ու հերոսական գունդ: Թվացյալ խաղաղ ժամանակներում էլ նա պայքարի մեջ է. Ղումաշյանը սերտորեն համագործակցում է մեզ հետ, հնարավորինս օգնում բոլոր հարցերում: Մենք անմիջական կապի մեջ ենք ՀՀ պաշտպանության նախարարության հետ: Կորյուն Ղումաշյանն ավելի լավ կներկայացնի մեր աշխատանքները:

-Դե ինչ, պարո՛ն Ղումաշյան, ներկայացրեք, խնդրեմ այն ամենն, ինչի մասին համեստորեն լռեց պարոն Շագմելյանը:

-Այո՛, իրականում նա հրաշալի է կազմակերպում այդ գործը և ամաչում է խոսել այդ մասին: Իմացանք, որ եկել է Երևան՝ մկրտելու թոռանը, հանդիպեցինք Շագմելյանին և ուղեկցեցինք ՀՀ սփյուռքի նախարարություն, ուր դեռևս չէր եղել, որովհետև շատ վաղուց չի եղել նաև Հայաստանում: Նախարարության համապատասխան վարչությունն էլ մեզ ուղղորդեց դեպի «Հայերն այսօր»-ի խմբագրություն: Նրան շատ լավ են ճանաչում ՀՀ Պաշտպանության նախարարությունում, որովհետև Գրիգոր Շագմելյանի ղեկավարած համայնքի ծավալած այսօրինակ գործունեությունն անմիջականորեն կապված է զոհված ու վիրավոր զինվորների, նրանց ընտանիքների հետ: «Նիվա» մակնիշի մարդատար մեքենա էին ուղարկել «Տիգրան Մեծ»-ի «Արամազդ» ջոկատին, մեքենան կանգնած է եղել դիրքերում: Ասեմ, որ այդ մեքենան ակամայից մարդկային կյանքեր է փրկել. տղաները դիրքերից իջնում են ՝ մի 60 մետր հեռավորության վրա գտնվող մեքենան տեսնելու, և հենց այդ ժամանակ արկն ընկնում է տղաների դիրքերի մեջ…Այդ մեքենան հետո փոխարինվել է ավելի մեծ մարդատար մեքենայով, որն ամեն շաբաթ Արմավիրից Արցախում ծառայող տղաների ծնողներին տանում է զորամասեր՝ տեսնելու իրենց զավակներին և ետ է բերում տուն: Անցյալ տարի, Ապրիլյան քառօրյայից հետո, մեր հայրենակիցները եկան և այցելեցին հերոս Արմեն Հովհաննիսյանի տուն, ծանոթացան հերոսի մոր, հարազատների, հետ և նույն օրն էլ որոշում կայացրեցին, որ մեր հերոսների մայրերի հանգիստը կազմակերպեն ծովափնյա քաղաքում: Շատ արագ իրականություն դարձրեցին այդ ծրագիրը, և 13 մայրեր իրենց հանգիստն անցկացրեցին Սև ծովի ափին: Այս տարի ապրիլյան պատերազմի մասնակից 15 հաշմանդամ զինծառայողներ 14 օր իրենց հագիստն անցկացրեցին ծովի ափին՝ Նովոմիխայլովկայում: Գրիգոր Շագմելյանի ղեկավարած համայնքի ջանքերով զինծառայողները հանգստացան ափամերձ մի հյուրանոցում, որի բոլոր ծախսերը, սննդի հարցերը լուծվեցին մեր հայրենակիցների շնորհիվ: Առջևում ուրիշ ծրագրեր կան: Ի դեպ, մեզ հետ այստեղ ներկա երիտասարդը՝ Արթուր Հարությունյանը, ով Միխայլովկայի հայկական համայնքի անդամներից է, այս գործունեության ակտիվ մասնակիցներից է: Նույն մտածելակերպ ունեցող մարդկանցով հավաքվեցինք և շարունակեցինք սկսած գործը. այս մարդիկ 3 տարի արդեն անում էին այդ հայրենանվեր գործը, ես միացա նրանց, ծնվեցին նոր գաղափարներ: Հրաշալի համագործակցություն ստեղծվեց: Իրենց ծավալած գործունեության համար մեր հայրենակիցները պարգևատրվել են շնորհակալագրերով, մեդալներով, թեև նրանք աշխատում են, բարի գործ անում՝ առանց որևէ ակնկալիքի: Մենք որոշել ենք համագործակցության կամուրջներ ստեղծել սփյուռքյան տարբեր համայնքների, կառույցների հետ, որպեսզի ամեն մի համայնք իր միջոցներով ու բարի կամքով թե՛ արցախյան առաջին գոյամարտի, թե՛ Ապրիլյան քառօրյայում վիրավորված, կռված տղաներին, զինծառայողներին ապահովի լավագույն հանգստով. ինչու՞ պետք է միայն օլիգարխների զավակները հանգստանան աշխարհի լավագույն հանգստավայրերում, իսկ սահման պահող ու պահած, կռված տղաներն իրենց կյանքում երբևէ չօգտվեն այդ բարիքներից: Կարծում եմ՝ այս ծրագիրն անպայման տարածում կունենա:

-Պարո՛ն Ղումաշյան, Դուք այնքան հանգամանալից ներկայացրեցիք Նովոմիխայլովկայի հայկական համայնքի և նրա նախագահի գործունեությունը, որ, կարծես թե, հարցերս սպառվեցին, և ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել բոլորիդ, մասնավորապես՝ պարոն Շագմելյանին, Նովոմիխայլովկայի հայկական համայնքին և ցանկալ, որ ապրենք խաղաղ պայմաններում, որ Արցախի չարչրկված հարցն իր վերջնական ու արդարացի լուծումը ստանա խաղաղ բանակցությունների շրջանակում, որ մեր սահմաններից հայ զինվորի զոհվելու կամ վիրավորվելու լուր չառնենք, որ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը դառնա աշխարհի գերհզոր տերություններից մեկը:

Կարինե Ավագյան

Մոնրեալից՝ Հայաստան, հոլիվուդյան ֆիլմարտադրությունից՝ «Թումո». ուզում էի զգալ, թե ինչ է հայ լինելը

Ալինա Կոչերյանը ծնվել է 1988 թ., Մոնրեալում: Ծնողները Եգիպտոսից Կանադա են տեղափոխվել 50-60-ականներին: Ալինան 6 ամիս առաջ առաջին անգամ ոտք է դրել Հայաստան 1-2 ամսով և որոշել է այստեղ մնալ: Ծնողներն այնքան էլ ոգևորված չեն դստեր որոշմամբ, քանի որ կարծում են, որ Կանադայից հետո «հետամնաց» Հայաստանում իրենց աղջկան լավ ապագա չի սպասում, բայց Ալինան վստահ է՝ ծնողները կարծիքը կփոխեն, եթե գոնե մեկ անգամ գան ու սեփական մաշկի վրա զգան Հայաստանը:

«Պարադոսք է՝ այնտեղ մեր ծնողները մեզ սովորեցնում են հայերեն, ուզում են, որ հայ մնանք, բայց երբ որոշում ենք Հայաստանում ապրել, դեմ են լինում: Շատ կարևոր է, որ ամեն սփյուռքահայ գոնե մեկ անգամ տեսնի Հայաստանը, որովհետև վստահ եմ, որ կմտափոխվի: Եթե Հայաստանում չես եղել, գաղափար անգամ չունես իրականության մասին, ավելի ճիշտ՝ շատ ավելի վատը գիտես, քան իրականությունն է»:

Ալինան Հայաստան է եկել «Դեպի Հայք» ծրագրով՝ 2 ամիս կամավորություն անելու, բայց մտքով անգամ չէր կարող անցնել, որ այնքան կսիրի Հայաստանը, որ այլևս չի ցանկանա վերադառնալ Կանադա: «Հունիսին պիտի վերադառնայի, բայց ժամկետը երկարացրեցի մինչև հուլիս, իսկ հուլիսին մերոնց ասացի՝ լավ, օգոստոսին կգամ, օգոստոսին էլ ասացի՝ գիտե՞ք, աշխատանք եմ գտել, հիմա չեմ կարող գալ,-ծիծաղում է Ալինան, հետո մի քիչ մտահոգ շարունակում,- մերոնք անհանգիստ էին: Մեր մեծ մայրերը, մեծ հայրերը Թուրքիայից Եգիպտոս գնացին, Եգիպտոսից՝ Կանադա, որ իրենց երեխաների համար ավելի լավ կյանք ապահովեն, ու իրենց համար իմ Հայաստան վերադարձը մի քիչ անսովոր է: Այո, մեր հայրենիքն է, բայց իրենց կարծիքով՝ Հայաստանը մի քիչ հետամնաց երկիր է»:

Ինչևէ, ծնողները խոստացել են գարնանը գալ Հայաստան դստերը տեսակցության: Ալինան վստահ է, որ այդ այցը նրանց համար կարևոր նշանակություն կունենա:

Ալինան հայերեն դժվար է խոսում: Կանադայում մինչև 12 տարեկանը շաբաթօրյա հայկական վարժարան է հաճախել, միաժամանակ «Հայ մարմնակրթական ընդհանուր միություն» սկաուտական կազմակերպություն, սակայն հայ ազգի և մշակույթի հետ կապն այդքանով սահմանափակվել է: 14 տարեկանից հետո ավելի քիչ է ներգրավված եղել հայ համայնքի կյանքում, տանն էլ հայերենը կամաց-կամաց զիջել է անգլերենին:

Սովորել է Մոնրեալի «Կոնկորդիա» համալսարանի հաղորդակցության և կինոարտադրության ֆակուլտետում: Համալսարանն ավարտելուց հետո միանգամից աշխատանքի է անցել ֆիլմարտադրությամբ զբաղվող ընկերությունում, որը ֆիլմեր էր նկարահանում Հոլիվուդի համար: Ալինան այս ընկերությունում աշխատել է 4 տարի իբրև ֆիլմերի պրոդյուսերի օգնական: Մասնակցել է հոլիվուդյան այնպիսի հայտնի ֆիլմերի նկարահանման աշխատանքներին, ինչպիսիք են X-Men-ը, The walk-ը, որի ռեժիսորը հայտնի Ռոբերտ Զեմեքիսն է: Շփվել է Հյու Ջեքմենի, Մայքլ Ֆասբենդերի և հոլիվուդյան այլ հայտնի դերասանների հետ:

Հետո աշխատանքի է տեղափոխվել վիդեոխաղեր արտադրող ընկերությունում: «Ուզում էի համալսարանում սովորած մյուս գիտելիքներս էլ օգտագործել՝ գովազդ, մարքեթինգ, սոցիալական մեդիա»: Երկու տարի այս ընկերությունում աշխատելուց հետո, նոր փոփոխության կարիք զգալով, որոշել է՝ ժամանակն է Հայաստան գնալ:

Մինչ այդ երբևէ Հայաստանը չտեսած և Հայաստանի մասին ավելի շատ նեգատիվ արձագանքներ ստացած երիտասարդ աղջկան այդ որոշումը կայացնելու հարցում օգնել են նաև բարեկամները, որոնք «Դեպի Հայք» ծրագրով արդեն եղել էին Հայաստանում: «Նրանք այնքան ոգևորված էին, որ ասում էին՝ այդ մի քանի ամիսն իրենց կյանքի ամենահետաքրքիր ու արդյունավետ փորձաշրջանն է եղել»:

2017 թվականի մարտի 26-ին Ալինան գալիս է Հայաստան: «Հիշում եմ՝ Կիևով էի գալիս: Երբ մոտեցա Երևան գնացող օդանավին, շուրջս այնքան հայ կար, բոլորը բարձր-բարձր հայերեն էին խոսում, դա ինձ համար այնքան արտասովոր էր: Իսկ օդանավի մեջ կողքիս մի ծեր կին էր նստած, ինձ ինչ-որ բան հարցրեց, բայց ինչպես գիտեք, ձեր հայերենը մի քիչ տարբեր է, ուզեցի իրեն օգնել, չկարողացա, չէի հասկանում, թե ինչ է հարցնում»,- ծիծաղելով հիշում է նա:

Հայաստան գալուց հետո Ալինան 4 ամիս կամավորություն է անում «Բարս մեդիա» կինոստուդիայում: Խոստովանում է, որ շատ բան է սովորել, որովհետև այլ բան է աշխատել հոլիվուդյան ֆիլմեր արտադրող ընկերությունում, որտեղ գումարի խնդիր չկա, լրիվ այլ բան՝ աշխատել հայկական ֆիլմարտադրող ընկերությունում, որտեղ աշխատանքի մեծ մասն անցնում է գումարներ հայթայթելու վրա: Մինչդեռ նյութի բովանդակության առումով, ըստ Ալինայի, այստեղ այնքան բան կա նկարելու, այնքան պատմություն կա. «Հայաստանը մարդկային հարուստ ու հետաքրքիր պատմությունների երկիր է»,- ասում է նա:

Ի՞նչն է Ալինային այս կարճ ժամանակում այսպես ամուր կապել մայր հողի հետ:

«Հայաստանում կա մի բան, որ Կանադայում չկա: Այստեղ մարդիկ ավելի անկեղծ են, պարզ, առանց ձևականությունների: Եթե մեկին հարցնես՝ ո՞նց ես, ճիշտը կասի: Եթե լավ չի, կասի՝ լավ չեմ ու կպատմի, թե ինչու է վատ: Այստեղ մարդիկ այնպիսին են, ինչպիսին կան: Իսկ ես այս փոփոխության կարիքն ունեի: Եվ ես ուրախ եմ, որ հիմա որոշում կայացրեցի գալ Հայաստան: Եթե կորցնեի այդ հնարավորությունը, միգուցե այլևս երբեք չգայի: Սա շատ կարևոր շրջան էր ինձ համար: Ի վերջո, ես ուզում էի զգալ, թե ինչ է հայ լինելը: Ճիշտ է, դեռ ամբողջովին չեմ զգացել, բայց այդ ճանապարհին եմ»,- ծիծաղում է նա:

Սակայն նրան մտահոգող մի բան կա՝ բացասական տրամադրությունները, հատկապես տաքսու վարորդների պարագայում: Ասում է՝ ամեն անգամ տաքսի նստելիս, երբ վարորդներն իմանում են, որ Կանադայից եկել է Հայաստան, սկսում են զարմանալ ու զայրանալ, թե ոնց կարելի էր նման սխալ բան անել: Բայց Ալինան նախապատրաստված էր տաքսիստների գրոհին, քանի որ հենց սկզբից «Դեպի Հայք»-ում իրենց զգուշացնում են՝ Հայաստանում շատերը, հատկապես՝ տաքսու վարորդները, կփորձեն բացասական խոսել, փնովել Հայաստանը, բայց դրա վրա չպետք է ուշադրություն դարձնել, այլ պետք է սեփական աչքերով տեսնել երկիրը:

Այժմ Ալինան աշխատում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Խոստովանում է, որ երբ Կանադայում կարդացել է «Թումոյի» մասին, շատ է զարմացել ու հիացել: Բայց չէր կարող պատկերացնել, որ օրերից մի օր առավոտյան կարթնանա, որ շտապի «Թումո»՝ աշխատանքի:

Աղբյուրը՝ Ankakh.com

Հայկական թեմատիկայով թուրքական «Քարավան 1915» ֆիլմը հանվել է կինովարձույթից

Թուրքիայում հայկական թեմատիկայով նկարահանված «Քարավան 1915» գեղարվեստական ֆիլմը հանվել է կինովարձույթից: «NTV» լրատվականի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ ֆիլմը կինովարձույթից հանելու որոշման մասին հայտարարել է ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Իսմայիլ Գյունեշը:

Նա նշել է, որ նման որոշում է կայացվել ֆիլմի տարածման հարցում առաջացած խնդիրների, կինոթատրոնների կանխակալ տրամադրվածության պատճառով:

Գյունեշի խոսքերով՝ ֆիլմի ստեղծման գրեթե բոլոր փուլերն ուղեկցվել են խնդիրներով, իսկ այժմ էլ ֆիմը ներկայացնելու հարցում են խոչընդոտների հանդիպել:

Գյունեշը այս վերաբերմունքը գրաքննության հետ է համեմատել՝ նշելով, թե տարբերություն չկա ով է խոչընդոտում ֆիլմի ցուցադրությանը՝ պետությունը, թե կինոթատրոնը:

«Արդյունքը նույն է: Հարցի էությունը գրաքաննությունն է, երբ թույլ չեն տալիս, որ ֆիլմը հանդիսատեսին ներկայացվի: Իսկ թե դա ով է անում, բացարձակապես կարևոր չէ»,-ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նշել է ռեժիսորը:

Ռեժիսորը դժգոհել է, որը ֆիլմը ցուցադրելու համար նախնական համաձայնության ձեռք էր բերվել ընդամենը 54 կինոթատրոնի հետ, հետո դժվարությամբ կարողացել էին այդ թիվը հասցնել 84-ի, այնինչ ֆիլմը պետք է ցուցադրվեր ամենաքիչը 300 կինոթատրոնում:

Նա նաև անդրադարձել է այս թեմայի վերաբերյալ Թուրքիայի հասարակության անտեղյակության խնդրին՝ նշելով, որ հարցի մասին գիտելիքներ ունեն միայն նրանք, ովքեր պատմություն են ուսումնասիրում:

Գյունեշը հայնտել է, որ ֆիլմի համար մեծ ծավալի ուսումնասիրություններ են կատարել, և փորձել են դրանց հիման վրա ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել 102 տարի առաջ:

Ըստ Գյունեշի ուսումնասիրությունների՝ Օսմանյան պետությունը աղքատության պայմաններում 256 միլիոն քուրուշ է ծախսել հայերի տեղահանությունը կազմակերպելու համար:

«Եթե պետությունը նպատակ ունի ինչ-որ ցեղի ոչնչացնել, այդքան գումար ծախսելու կարիք չունի: Պետությունը ծրագիր է մշակել, օրենքներ ու կանոնակարգեր է հաստատել և հայտարարել՝ նրանք, ովքեր չեն գործի այդ օրենքների համապատասխան կպատժվեն: Անվտանգության նկատառումներով մարդիկ Օսմանյան կայսրության մի հատվածից մի այլ հատված են տեղափոխվել, մեկը գնացքով, մյուսը էշով: Մենք էլ ցանկացել ենք ցույց տալ այն տառապանքը, որ տեղի է ունեցել այդ տեղափոխման ընթացքում»:

Ֆիլմի ռեժիսորը ընդգծել է, որի «Քարավան 2015»-ը նկարահանելու որոշումը կայացրել է Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վարչապետության շրջանում 1915-ի վերաբերյալ հղած ուղերձից հետո:

Նրա խոսքերով՝ ֆիլմը ստեղծվել է «արդար հիշողության» (Թուրքիայում վերջին շրջանում Հայոց ցեղասպանություն ժխտողական քաղաքականության նոր դրսևորումները ի ցույց դնող արտահայտություն է, որի նպատակն է շեշտել, որ 1915-ին հավասարապես տառապել են և թուրքերը և հայերը-խմբ.) գաղափարի հիման վրա:

Կարեն Կարապետյանն ընդունել է «Լիդիան Ինթերնեշնլ»-ի նախագահին և միջազգային ներդրողների խմբին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է տարբեր ընկերություններ ներկայացնող միջազգային ներդրողների խմբին՝ «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորությամբ: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետ Կարապետյանը կարևորել է Հայաստանում «Լիդիան Ինթերնեշնլ»-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագիրը և նշել, որ ՀՀ կառավարությունը բոլոր նախաձեռնություններում, որոնք ուղղված են տնտեսության զարգացմանն ու զբաղվածության աճին, կանգնած է ներդրողների կողքին որպես գործընկեր: Վարչապետը միաժամանակ ընդգծել է ընկերության կողմից բնապահպանական ու սոցիալական պարտավորությունների կատարման կարևորությունը:

Կարեն Կարապետյանը ներդրողներին է ներկայացրել մեր երկրի տնտեսության ներկայիս վիճակն ու հեռանկարները՝ ավելացնելով, որ արձանագրվող տնտեսական միտումները կարող են լավ հիմք լինել կայուն ու երկարատև աճ ապահովելու համար: Միաժամանակ, վարչապետը ներդրողներին հորդորել է Հայաստանը դիտարկել որպես եվրասիական և իրանական շուկաներ մուտք գործելու լավ հարթակ՝ հաշվի առնելով առկա առևտրային բարենպաստ ռեժիմները:

Հովարդ Սթիվենսոնը նշել է, որ «Լիդիան Ինթերնեշնլ»-ի օրինակով մշտապես փորձում են միջազգային ներդրողներին ներկայացնել, որ Հայաստանը կարող է բիզնեսի համար բարենպաստ հարթակ լինել: Նա նաև վստահեցրել է, որ ըստ սահմանված ժամանակացույցի ստանձնած բոլոր պարտավորությունները և սոցիալական ու բնապահպանական ծրագրերը կյանքի են կոչվելու և հավելել է, որ իրենց նախաձեռնած ծրագրից պետք է օգուտ քաղեն ինչպես համայնքները, այնպես էլ պետությունը:
Հանդիպման ընթացքում վարչապետ Կարապետյանը պատասխանել է ներդրողներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են կառավարության բարեփոխումներին և բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին:

Սոչիում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստը

Սոչիում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում է աշխատանքային այցով այսօր Ռուսաստանի Դաշնություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստը նախագահում է հյուրընկալող երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:

Նախատեսվում է, որ նիստում կքննարկվեն քաղաքական, տնտեսական, մշակութային-հումանիտար ոլորտներում և ԱՊՀ գործունեության այլ առանցքային ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Պետությունների ղեկավարները նեղ կազմով նիստում մտքերի փոխանակում կիրականացնեն ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության վերաբերյալ, ինչպես նաև կքննարկեն ԱՊՀ-ում նախագահության և ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացման օրն ու վայրը:

Ընդլայնված կազմով նիստում նախատեսվում է քննարկել տնտեսական, մշակութային-հումանիտար, պաշտպանական քաղաքականության, արտաքին սահմանների պահպանության, ահաբեկչությանը հակազդեցության ոլորտներում համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները, ինչպես նաև նոր իրողություններին ԱՊՀ-ի ադապտացիայի վերաբերյալ հարցեր:

Խորհրդի նեղ, ապա դրան հաջորդող ընդլայնված կազմով նիստերում պետությունների ղեկավարների քննարկման արդյունքները, այդ թվում` ստորագրված փաստաթղթերի մասին տեղեկատվություն, ԶԼՄ-ների հետ հանդիպմանը կներկայացնի ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:

Այսօր ավելի ուշ Սոչիում նախատեսված է նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ:

Ստորև «Հայերն այսօր»-ը ներկայացնում է Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Սոչիում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում.

Հարգելի՛ պարոն նախագահող,

Պետությունների և պատվիրակությունների հարգելի՛ ղեկավարներ,

Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Վլադիմիր Վլադիմիրի, ավանդական ջերմ ընդունելության և հյուրընկալության, ինչպես նաև գագաթնաժողովը նման բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Այսօրվա հանդիպման օրակարգը, դրանում ներառված հարցերն արտահայտում են Համագործակցությունում Ռուսաստանի Դաշնության ակտիվ նախագահության արդյունավետությունը՝ ուղղված նախ և առաջ ԱՊՀ հետագա զարգացմանը՝ հաշվի առնելով ժամանակակից իրողություններին ադապտացիան:

Կցանկանայի անդրադառնալ, մեր տեսանկյունից, ԱՊՀ-ի և միջպետական համագործակցության համար արդիական մի քանի թեմաների: Մեկնարկել են մի շարք հարցերի շուրջ առարկայական քննարկումները, որոնք արտացոլված են ադապտացիայի վերաբերյալ նախորդ տարվա որոշման մեջ: Մենք աջակցում ենք այդ գործընթացին, որը պետք է իր իրական դրսևորումը գտնի բոլոր հնարավոր ոլորտներում փոխգործակցությամբ հետաքրքրված պետությունների համագործակցության մեջ:

Համատեղ աշխատանքի մեկ այլ կարևոր ուղղություն է հումանիտար ոլորտում համագործակցությունը: Մենք աջակցում ենք ռուսական կողմի ներկայացրած Ընտանիքի ինստիտուտին և ավանդական ընտանեկան արժեքներին աջակցության մասին հայտարարությանը` հրաշալի գիտակցելով, որ ընտանիքի ինստիտուտը հասարակության հիմքն է, ինչպես նաև ժողովուրդներին միավորող գործոն:
Հետաքրքրված լինելով հումանիտար ոլորտում համագործակցության ընդլայնմամբ՝ կարծում ենք, որ «Մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագիրն օգտակար նախաձեռնություն է ԱՊՀ պետությունների մշակութային կապերի պահպանման և զարգացման գործում:

Հաջորդ տարի նախատեսվում է հայկական Գորիս քաղաքը հայտարարել Համագործակցության մշակութային մայրաքաղաք: Հրավիրում ենք ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին մասնակցելու այն միջոցառումներին, որոնք այդ տարվա ընթացքում կանցկացվեն Հայաստանի Սյունիքի մարզի այդ հրաշալի անկյունում:
Կցանկանայի նաև ընդգծել 2019թ. Գրքի տարի, իսկ 2020թ. Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 75-ամյակի տարի հռչակելու կարևորությունը:

Հինգ տարի առաջ՝ հայկական գրատպության 500-ամյակի կապակցությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հռչակեց գրքի համաշխարհային մայրաքաղաք՝ մի իրադարձություն, որը մենք լայնորեն նշեցինք հյուրերի մասնակցությամբ, այդ թվում նաև՝ ԱՊՀ երկրներից: Մարդկային կապիտալի զարգացմանը մեծ նշանակություն տալով՝ մենք որպես բազմաթիվ միջոցառումների լեյտմոտիվ ընտրեցինք ընթերցողների շրջանակի ընդլայնումը, քանի որ ընթերցող, զարգացած հասարակություն ունենալը մեզ համար կենսական կարևորություն ունեցող պայման է:

Համոզված եմ, որ Մեծ Հաղթանակի առաջիկա հոբելյանը ևս մեկ առիթ է հարգելու ֆաշիզմի դեմ պայքարում զոհվածների հիշատակը: Հայաստանում չկա որևէ ընտանիք, որի կողքով անցած լինի այդ ողբերգությունը. առաջնագիծ զորակոչված յուրաքանչյուր երկրորդ հայը հետ չի վերադարձել: Սա նաև լավ առիթ է ֆաշիզմի գաղափարախոսության վերակենդանացման փորձերի, աշխարհում քսենոֆոբիայի և ռասիզմի տարածման դեմ համագործակցաբար հանդես գալու համար:

Հայաստանը բազմիցս ընդգծել է միջազգային հանրության ջանքերի համախմբման անհրաժեշտությունը այնպիսի դրսևորումների դեմ պայքարում, ինչպիսիք են միջազգային ահաբեկչությունը, ծայրահեղականությունը և կազմակերպված հանցավորությունը: Աջակցում եմ համապատասխան փաստաթղթերի ընդունմանը, որոնք կանոնակարգում են ԱՊՀ երկրների համագործակցությունը հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտների օրինականացման, ահաբեկչության ֆինանսավորման, թմրաբիզնեսի և միջազգային բնույթի այլ հանցագործությունների դեմ պայքարում:

Վերջում կցանկանայի հաջողություն մաղթել մեր տաջիկ գործընկերներին և անձամբ նախագահ Էմոմալի Ռահմոնին, ով ստանձնում է ԱՊՀ նախագահությունը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել աջակցելու նախատեսված ծրագրերի իրականացմանը՝ ի շահ ԱՊՀ-ի:

Շնորհակալություն:

««Հայ դպրոց»-ը հրաշալի առիթ է ընձեռում՝ մասնակցելու հայրենաշինության գործին». Մոնեհ Տեր-Գրիգորյան

ԱՄՆ Գլենդել (Կալիֆորնիա) քաղաքում գործող «Հայ դպրոց» հիմնադրամն իր գործունեությամբ, կատարած աշխատանքով անվերապահորեն Հայաստանի, հայ ժողովրդի կողիքին է: Երկար տարիներ հիմնադրամը բազմակողմանի աջակցություն է ցուցաբերում Հայաստանի և Արցախի դպրոցներին ու մանկապարտեզներին և նպաստում, որպեսզի հայ երեխաներն առավել հաճույքով դպրոց հաճախեն:

Հիմնադրամի նախագահ Մոնեհ Տեր-Գրիգորյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ներկայացնում է իրենց ծավալած գործունեությունը և կյանքի կոչած ծրագրերը:

-Տիկի՛ն Մոնեհ, «Հայ դպրոց» հիմնադրամի ստեղծումն ի՞նչ նախապատմություն ունի:

   -Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ պարսկահայ բարերար Լևոն Ահարոնյանը, հեռուստատեսությամբ տեղեկանալով Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղամասի թիվ 136 դպրոցի հրդեհվելու մասին, որոշեց հովանավորել վերանորոգման աշխատանքները: Ապա նա նկատել է, որ Հայաստանում անմխիթար վիճակում գտնվող այլ դպրոցներ էլ կան, որոնք նույնպես վերանորոգման կարիք ունեն: Այդ պատճառով դրամահավաքներ կազմակերպելու նպատակով սկսել է շրջել տարբեր երկրներով:

Այսպիսով, 2003 թվականին  հիմնադրվում է Գլենդելի (Կալիֆորնիա) «Հայ դպրոց» ոչ շահույթ հետապնդող հիմնադրամը՝ ձգտելով հարմարավետ և անվտանգ միջավայր ստեղծել՝ դասասենյակային նոր կահույքով, այլ պարագաներով ապահովելով Հայաստանի և Արցախի հեռավոր քաղաքների, սահմանամերձ գյուղերի դպրոցները: Տարիների ընթացքում, բարեբախտաբար, նվիրատուների թիվն աճեց՝ շնորհիվ մեզ վստահող համախոհ ընկերների ու բարեկամների: Համագործակցում ենք նաև հայաստանյան և արտասահմանյան տարբեր կազմակերպությունների հետ:

Հայաստանի բնակչության համար աշխատատեղեր և ռեսուրսներ ստեղծելու համար՝ դպրոցներին տրամադրվող կահույքը Հայաստանում է պատրաստվում: Արտադրամասը Արտաշատում է գտնվում, և շնորհիվ այս նախաձեռնության՝ այսօր շուրջ 12-15 ընտանիք կարողանում է լուծել ապրուստը հոգալու խնդիրը:

Նշեմ նաև, որ սեպտեմբեր ամսին Ստեփանակերտում բացված ՀՕՄ-ի «Սոսե» մանկապարտեզի ամբողջ կահույքը, բացի մահճակալներից, «Հայ դպրոց» հիմնադրամն է տրամադրել:

 -Ի՞նչ կազմով եք աշխատում:

-Մեր թիմն այնքան էլ մեծ չէ, սակայն բոլորս, պատասխանատվության մեծ զգացում ունենալով, քաջ գիտակցում ենք մեր ստանձնած գործի կարևորությունը:

Գլենդելում աշխատակազմը բաղկացած է տասնմեկ հոգուց, իսկ Հայաստանում՝ յոթ, որոնց հետ մշտական կապի մեջ ենք գտնվում:  Տարվա ընթացքում մի քանի շահութաբեր ձեռնարկներ՝ նկարների ցուցահանդեսներ, ամանորյա միջոցառումներ, ճաշկերույթներ կազմակերպելով՝ կարողանում ենք նպաստել դրամահավաքին: Գումարը փոքր-ինչ դժվարությամբ է հավաքվում, բայց մինչև վերջին լուման տրամադրում ենք մեր որդեգրած առաքելությանը:

-Եթե ամփոփելու լինենք տասնչորս տարվա կատարած աշխատանքները, ապա արդյունքն ինչպիսի՞ն կլինի:

-Նախ ասեմ, որ վերջին տարիներին ուշադրության կենտրոնում հիմնականում պահում ենք սահմանամերձ գոտիների դպրոցները:

2016 թվականի ընթացքում Տավուշի մարզում դպրոցական  կահույք և անհրաժեշտ այլ պարագաներ ենք տրամադրել 15 դպրոցի, 2017 թվականին  ծրագրում 32 դպրոց ենք ընդգրկել: Եթե ընդհանուր պատկերը ներկայացնեմ, ապա հիմնադրամի խոշոր  նվիրատուների շնորհիվ մինչև օրս մոտավորապես 24,000 երեխաներ 260 դպրոցներում և մանկապարտեզներում նոր, գունագեղ, բազմաֆունկցիոնալ սեղաններ, աթոռներ, գրատախտակներ, գրապահարաններ, համակարգչային սեղաններ, կախիչներ և ուսուցիչների համար նախատեսած պարագաներ են ստացել:

Նշեմ նաև, որ բոլոր աշխատանքներն ավարտում ենք մինչև սեպտեմբերի 1-ը, որպեսզի երեխաներն առավել բարձր տրամադրությամբ մուտք գործեն նոր ուսումնական տարի:

– Նմանօրինակ նախաձեռնություններից հետո սահմանամերձ շրջանների ու գյուղերի բնակիչների մոտ ի՞նչ ոգևորություն եք նկատում:

-Առաջին այցից արդեն ոգևորությունը նկատելի է: Նրանք հույսով են լցվում, հասկանում են, որ լքված չեն, այլև կարող են իրենց թիկունքում կանգնած մարդկանց ապավինել:

Ամեն անգամ աննկարագրելի զգացողությամբ եմ պարուրվում, հոգեպես ինձ հանգիստ եմ զգում այն մտքից, որ կարողանում ենք սահմանամերձ գոտիներում ապրող հրաշալի, վառվռուն աչքերով երեխաներին ժպիտ պարգևել. չէ՞ որ նրանք են մեր վաղվա ապագան:

 Պետք է միշտ հիշենք, որ մեզանից յուրաքանչյուրը փոքր աշխատանք կատարելով՝ կարող է նպաստել Հայաստանի զարգացմանը: Առհասարակ, «Հայ դպրոց»-ը մեզ հրաշալի առիթ է ընձեռում՝ մասնակցելու հայրենաշինության գործին:

– Հայաստան կատարած այցելության ընթացքում հանդիպել եք նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Ինչպե՞ս կորակեք կայացած հանդիպումը:

Կարծում եմ՝արդյունավետ հանդիպում էր, շնորհակալ եմ Հրանուշ Հակոբյանին ջերմ ընդունելության համար: Նախարարը բարձր գնահատեց հիմնադրամի գործունեությունը, Արցախի և Հայաստանի դպրոցներին օգնելու, դպրոցական կահույքով ապահովելու ծրագիրը՝ հորդորելով առավել սերտացնել համագործակցությունը ՀՀ սփյուռքի նախարարության հետ և շարունակել աջակցել սահմանապահ բնակավայրերի խնդիրների լուծմանը, որպեսզի մեր սահմաններն ամուր ու ապահով լինեն:

 Գևորգ Չիչյան

 

 

 

 

Դեսպանը կարևորել է կանադահայ համայնքի դերը Հայաստանի զարգացման գործում

Հոկտեմբերի 10-ին Կանադայում ՀՀ դեսպանությունում կայացավ պաշտոնական ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 26-ամյակին և Հայաստանի ու Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Միջոցառմանը մասնակցում էին հոգևոր հայրեր, Կանադայում հավատարմագրված շուրջ 15 երկրների դեսպաններ, Կանադայի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հայ համայնքային կառույցների ղեկավարներ, մեծ թվով կանադահայեր, լրագրողներ:

Իր խոսքում Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանն անդրադարձ կատարեց անկախության 26 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության ձեռքբերումներին և այդ ճանապարհին հաղթահարված խոչընդոտներին: Դեսպանն առանձնահատուկ կարևորեց անցած 26 տարիների ընթացքում Սփյուռքի և հատկապես կանադահայ համայնքի դերը Հայաստանի զարգացման գործում:

Ընդգծելով, որ տարին յուրահատուկ է նաև նրանով, որ նշվում է Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, դեսպանը խոսեց այդ առթիվ Հայաստանում և Կանադայում կայացած և կայանալիք բազմաթիվ միջոցառումներից, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումներից: «Այսօր հայ-կանադական հարաբերությունները դինամիկ զարգանում են քաղաքական, տնտեսական, մշակութային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում: Մենք ակտիվ փոխգործակցություն ենք ծավալել մի շարք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում», – իր խոսքում նշեց ՀՀ դեսպանը:

Երեկոյի ընթացքում դաշնակահարուհի Մարլեն Բակմազեանի կատարմամբ հնչեցին հռչակավոր հայ երգահանների ստեղծագործությունները:

Միջոցառումից հետո դեսպան Մարտիրոսյանը Կանադայում կայանալիք ՀՀ Անկախության 26-ամյակին նվիրված միջոցառումների, ինչպես նաև հայ-կանադական հարաբերությունների առաջիկա զարգացումների վերաբերյալ հարցազրույց տվեց Օտտավայի հայկական հեռուստածրագրին:

 

Ֆրեզնոյից ժամանած բժիշկներն Արցախում են

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների, ովքեր բարեգործական հիմունքներով իրականացնում են բժշկական սպասարկում մեր քաղաքացիների համար:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,  քննարկվել են առողջապահության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահը գոհունակությամբ ընդգծել է, որ Ֆրեզնոյից ժամանած բժիշկների այցելությունն Արցախ դարձել է ավանդական, նշելով, որ ամերիկացի բժիշկների հետ համագործակցությունը դրական ազդեցություն է թողնում մեր երկրում բժշկական ծառայությունների մատուցման վրա:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը, Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հայաստանի սահմանին 19-ամյա զինվոր է զոհվել. ՀՀ ՊՆ

Հոկտեմբերի 10-ին ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը (ծնված 1998թ.):

Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին»,-ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

Scroll Up