Ջոն Մալկովիչն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան և հուշահամալիր

Հոլիվուդի լեգենդ՝ դերասան, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Ջոն Մալկովիչն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան: Նրան ուղեկցում էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը աշխարհահռչակ հյուրին ծանոթացրեց Հայոց ցեղասպանության պատմությանը՝ վավերական մանրամասներով։ Շրջայցից հետո Ջոն Մալկովիչը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Սուրեն Մանուկյանը հոլիվուդյան դերասանին նվիրեց Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» և Հայկ Դեմոյանի ու Լուսինե Աբրահամյանի համահեղինակած «Ավրորայի ճանապարհը. Հայոց ցեղասպանությունը վերապրածի ոդիսականը» գրքերը, այնուհետև ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Ջոն Մալկովիչը և նրան ուղեկցող հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Հիշեցնենք, որ հայտնի դերասանը Երեւան է ժամանել՝ մասնակցելու Արամ Խաչատրյանի անվան 5-րդ փառատոնի բացմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին:

Մոսկվայում հարգել են ԽՍՀՄ ատոմային ոլորտի հիմնադիրներից Ռիչարդ Սողոմոնյանի հիշատակը

Մոսկվայում հարգել են ԽՍՀՄ ատոմային ոլորտի հիմնադիրներից Ռիչարդ Սողոմոնյանի հիշատակը, որը մեծ ավանդ ունի ուրանի հարստացման արդյունաբերության ստեղծման գործում:

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի վառելիքային ընկերության երիտասարդական միացյալ խորհրդի անդամները ծաղիկներ են դրել Սողոմոնյանի գերեզմանին»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, գրում է Rusarminfo-ն:

Ռիչարդ Սողոմոնյանը շատ մեծ ավանդ է ունեցել ուրանի հարստացման գործարանների նախագծման, կառուցման և գործարկման մեջ, որոնք մինչ այժ գործում են:

Ռիչարդ Սողոմոնյանը ծնվել է 1907թ. հոկտեմբերի 9-ին: 1947-ից նա աշխատել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդին կից Առաջին գլխավոր վարչությունում, որը զբաղվում էր խորհրդային ատոմային ծրագրի բոլոր ուղղությունների ինժեներային մշակումների համակարգմամբ: 1949-1953թթ. զբաղեցրել է վերոնշյալ Վարչության արդյունաբերության և տեխնիկական բաժնի պետի պաշտոնը, իսկ 1956-1974թթ.՝ ԽՍՀՄ Միջին մեքենաշինության նախարարության Գլխավոր տեխնիկական վարչության պետի պաշտոնը: Սողոմոնյանը վախճանվել է 1981-ի նոյեմբերի 6-ին:

Տեղի ունեցավ «Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիո նուիրուած հուշամատեաններու շարք»-ի մինչ այժմ հրատարակված 14 հատորների շնորհանդեսը

Հոկտեմբերի 10-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության նախաձեռնությամբ, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիո նուիրուած հուշամատեաններու շարք» մատենաշարի 14 հատորների շնորհանդեսը («Ատանայի հայոց պատմութիւն», «Պատմութիւն Տարօնի աշխարհի», «Պատմութիւն Անթէպի հայոց Ա», «Պատմութիւն Անթէպի հայոց Բ», «Հաճընի ընդհանուր պատմութիւնը», «Դիւցազնական Ուրֆան եւ իր հայորդիները», «Պատմագիրք Կիւրինի», «Քեսապ: Տեղագրութիւն, բնակավայրեր, բնակչութիւն, պատմութիւն, տնտեսութիւն», «Մարաշ կամ Գերմանիկ եւ հերոս Զեյթուն», «Պատմութիւն հայ Կեսարիոյ Ա», «Պատմութիւն հայ Կեսարիոյ: Տեղագրական, պատմական եւ ազգագրական ուսումնասիրութիւն Բ», «Պատմութիւն հայոց Արաբկիրի Ա», «Պատմութիւն հայոց Արաբկիրի», «Յիշատակարան Րումտիկինի»):

Շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության դիվանապետ Խաչիկ Դեդեյան, ՀՀ ԳԱԱ պատմությա ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, մատենաշարի խմբագիր Ժիրայր Դանիելյանը, գիտնականներ, մտավորականներ, հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Արտահայտելով իր հիաացմունքը իրականացված հսկայածավալ աշխատանքի վերաբերյալ՝ նա նշեց. «Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության նախաձեռնությամբ և անձամբ Արամ Ա կաթողիկոսի հայրենանվեր ջանքերով վերահրատարակվել են Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի քաղաքներին, շրջաններին նվիրված հուշամատյանները, ամենատարբեր ուսումնասիրությունները՝ մատչելի դարձնելով դրանք գիտական ու հասարակական լայն շրջաննակներին: Այդ նպատակով ձևավորված Հանձնախումբը հսկայական աշխատանք է տարել Հայոց Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ մեր ժողովրդի պատմությունը և հավաքական հիշողությունը հավերժացնող այս հատորյակների սրբագրական, տեղանունների ու անձնանուների ցանկերի կազմման, լրացումների ու հրատարակության գործում: Խնամքով պահպանվել են յուրաքանչյուր հատորին մաս կազմող բաժինները, քարտեզները, գծանկարներն ու լուսանկարները: Առաջին հատորի հրատարակության լույսընծայման առթիվ հատորյակի առաջաբանում տեղ գտած Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի Հայրապետական օրհնության գիրը լավագույնս արտահայտում է այսօրինակ ձեռնարկի նպատակներն ու կարևորությունը»:  Նախարար Հրանուշ Հակոբյանը հատուկ շնորհակալություն հայտնեց նաև մատենաշարի մեկենասներին:

Շնորհավորելով մատենաշարի լույսընծայման առթիվ՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշեց, որ այս շնորհանդեսը իր տեսակի մեջ եզակի և յուրօրինակ իրադարձություն է: «Այսօր մեր սեղանին են ծանրակշիռ գիտական աշխատություններ: Երբ 2012 թվականին գտնվում էի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանում, տեսնում էի, թե ինչպես, ինչ տքնանքի և աշխատասիրության գնով էին հրատարակվում այս գրքերը: Գրքեր, որոնք լուսաբանում են Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի պատմությունը Ցեղասպանությունից առաջ, Ցեղասպանության ժամանակ և հետո: Յուրաքանչյուր հատոր ներառում է Կիլիկիայի և Արևմտյան Հայաստանի այս կամ այն գավառի աշխարհագրությունը, պատմությունը, բանահյուսությունը, ազգագրությունը, կենցաղը, ասել է թե՝ պատմությունն իր ամբողջության մեջ»,-նշեց Աշոտ Մելքոնյանը:

Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանն ընդգծեց, որ հուշամատյանները սոսկ հուշագրություններ չեն, դրանք իրենց ծավալով, նյութի առատությամբ և ամենատարբեր բնագավառների մասին տեղեկություններով առավել նմանվում են հանրագիտարանների: «Մոռացությունից և կորուստից փրկվել է վիթխարի նյութ: Այս գրքերը սոսկ վերահրատարակումներ չեն: Խմբագրակազմը ահռելի աշխատանք է կատարել՝ իրականացնելով ճշգրտումներ, քերականական շտկումներ, յուրաքանչյուր հատորին կցելով նաև տեղանունների և անձնանունների ցանկեր, որոնք աշխատություններին առանձնակի գիտական արժեք են հաղորդում»:

Ելույթ ունեցավ նաև «Քեսապ: Տեղագրութիւն, բնակավայրեր, բնակչութիւն, պատմութիւն, տնտեսութիւն» հատորի հեղինակ, պատմաբան Հակոբ Չոլաքյանը և հույս հայտնեց, որ հատորների հրատարակությունը շարունակական բնույթ կկրի:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը ֆակուլտետի անունից շնորհակալություն հայտնեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսությանը և մատենաշարի խմբագիր Ժիրայր Դանիելյանին նման պատմագիտական աշխատությունների լույսընծայման համար:

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության դիվանապետ Խաչիկ Դեդեյանն իր խոսքում նշեց. «Չեմ կարող երախտագիտություն չհայտնել Գիտությունների ազգային ակադեմիային, Սփյուռքի նախարարությանը՝ հանձին նախարար Հրանուշ Հակոբյանի, ով իր քաջալերանքի խոսքերով մեզ միշտ ուժ է տալիս: Վստահ եմ, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության և Սփյուռքի նախարարության սերտ, գործնական հարաբերությունները շարունակական և առավել արգասաբեր կլինեն: Մենք պիտի շարունակենք նույն ոգով և փորձենք  հաջորդիվ հրատարակել նաև մեր պատմագրության անտիպ էջերը»:

Այնուհետև ելույթ ունեցավ «Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիո նուիրուած հուշամատեաններու շարք» մատենաշարի խմբագիր Ժիրայր Դանիելյանը: Նա ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսի օրհնության խոսքը: «Մեր այս գործի շարժիչ ուժը եղել է հենց Վեհափառ Հայրապետը: Երբ նոր էինք սկսում մատենաշարը հրատարակել, նպատակ ունեինք հատորների թիվը հասցնել 60-ի, այժմ տպարանում է գտնվում մատենաշարի 15-րդ հատորը: Կա մարդուժի պակաս, սակայն ես վստահ եմ, որ հետագա սերունդները կշարունակեն մեր գործը: Ցանկանում եմ տեղեկացնել, որ շուտով մատենաշարի 50 օրինակ կուղարկվի Հայաստան, որոնք կտրամադրվեն Մատենադարանին, ակադեմիական կենտրոններին, պատմաբաններին, բանասերներին»:

Ստելլա Կիրիակիդեսն ընտրվել է ԵԽԽՎ նախագահ

ԵԽԽՎ պատվիրակները Ստելլա Կիրիակիդեսին ընտրել են Վեհաժողովի նախագահ։

Կիպրոսի ներկայացուցիչը հոկտեմբերի 10-ին կայացած քվեարկության 3-րդ փուլում ստացել է ձայների մեծամասնությունը։

Մյուս թեկնածուն լիտվացի Էմանուելիս Զինգերիսն էր։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտն անցյալ շաբաթ հրաժարական էր տվել։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց ՀՀ ԶՈՒ խաչվառների օրհնության կարգ

Հոկտեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց ՀՀ Զինված ուժերի զորամիավորումներին ընծայվող խաչվառների օրհնության և հանձման արարողությունը: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը,  ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, զորամիավորումների հրամանատարներ, ՀՀ ՊՆ վարչության պետեր, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության գնդերեցներ և սպասավորներ, Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը և զինվորականներ:

Մայր Տաճարի զանգերի ղողանջների ներքո հանդիսավոր խաչվառազարդ թափորը Ամենայն Հայոց Հայրապետին առաջնորդեց դեպի Ս. Տրդատի բաց խորան, ուր կատարվեց քսանմեկ խաչվառների օրհնության արարողությունը:

Խաչվառների օրհնությունից հետո ներկա զինվորական դասին իր պատգամը փոխանցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ամենքին բերելով   Հայրապետական իր ողջույնն ու օրհնությունը:

«…Հայրենիքի անվտանգության, խաղաղության և մեր ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության համար ձեր ծառայությունը համահունչ է քրիստոնեական մեր հավատքի կոչին ու հրավերին՝ պայքարելու Աստծո կամքին հակառակ կործանարար ընթացքների, բռնության, մարդու և ժողովուրդների իրավունքների ոտնահարման դեմ: Քրիստոնեությունը հաղթության ու զորության կրոն է, որը բացահայտում է առ Աստված հավատքի մեծագույն ուժը՝ առ Բարձրյալն ապավինությամբ ու Բարձրյալի զորակցությամբ աննկուն մաքառելու բարու հաստատման համար: Այդ հիանալի իրողությունը մենք տեսնում ենք մեր Փրկչի երկրային կյանքում: Տերը պայքար մղեց մեղքի ու չարի դեմ, հաղթանակ տարավ ու հաղթության հավատը շնորհեց Իր հետևորդներին՝ ասելով. «Քաջալերվեցե՛ք, որովհետև Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. ԺԶ 33): Դարերի ընթացքում մեր ժողովուրդը հաճախ ստիպված է եղել ելնել իր ինքնության ու անկախության պաշտպանության և իր գոյապայքարը վերածել է ազատամարտերի ու հերոսամարտերի, իր հավատքով զորացել ու անպարտելի դարձել՝ ընդդեմ կործանման ու ավերի: Հավատքով հզորացած մեր ժողովուրդը հայության բնաջնջման փորձերը պատմության հոլովույթներում վերածել է վերհառնումի, հարության ու հարատևության: Աստծո զորակցությունը մենք զգացել ենք Ավարայրից մինչև Սարդարապատ ու Արցախ՝ գիտակցելով, որ զինվորն ենք Քրիստոսի, զինվորը արդարության, խաղաղության ու ամեն բարի գործի:

Քրիստոսի Եկեղեցին այս աշխարհի վրա կոչվում է զինվորյալ Եկեղեցի, որի հաղթության նշանն է խաչվառը: Խաչվառը դրոշ է, որով՝ որպես տեսանելի նշան, բարձր ենք պահում մեր հավատքը՝ մեզ առաջնորդող ու զորագլուխ ճանաչելով մեր Փրկչին ու Տիրոջը ու նրա փրկարար խաչը: Խաչվառի հայտնությունը մեր Տերն Ինքը տվեց, երբ 4-րդ դարում հռոմեական արդարամիտ կայսր Կոստանդիանոսին վճռական ճակատամարտից առաջ օրը ցերեկով երկնքում ցույց տվեց փայլատակող աստղազարդ խաչ և գրություն՝ «սրանով կհաղթես»: Խաչն իրենց դրոշներին պատկերած Կոստանդիանոսի զորքը հաղթանակ տարավ և կայսրը հռչակեց քրիստոնեական հավատքի ազատ դավանությունը: Մարտերից առաջ մեր բանակը նույնպես օրհնել են հայոց հայրապետները և ուղեկցել բանակին խաչով ու խաչվառով: Խաչվառ դրոշը, որ տերունի և սրբերի պատկերներն է կրում, հիշեցնում է Աստծո ներկայության ու մշտական զորակցության մասին՝ փորձությունների ու հարվածների առջև անպարտելի մնացած քրիստոնյա զորավարների օրինակներով, սրբերի բարեխոսություններով: Խաչվառները, որ զետեղվելու են մարտական դրոշի մոտ, մեր զինվորների համար լինելու են քաջալերություն՝ առ Աստված հավատքով, սրբոց բարեխոսությամբ ամուր և ուժեղ լինելու ծառայության մեջ: Հավատքով զորեղ զինվորը ուժեղ է կյանքում ու մարտում, սրբությունների պաշտպանության իր բարձրագույն առաքելության մեջ: Հոգու զորությունն է, որ ուժ է տալիս, պարգևում արի սիրտ ու խիզախ ոգի, առաջնորդում սխրանքների, անօրինակ հերոսությունների: Առաքյալը, Աստծո հաղթանակաբեր աջակցության մասին հայտարարելով, բացականչում է. «Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ» (Հռոմ. 8.31): Գիտցե՛ք, սիրելի զորականներ, Աստված ձեզ հետ է օրհնված խաչվառների նշանով, մեր Սուրբ Եկեղեցու հայցով, մեր եկեղեցական սպասավորների աղոթքներով, ձեր հավատքով ու սրբերի բարեխոսության խնդրանքով: Տիրոջով հաղթական պիտի լինեք, և ձեր սրբազան գործը փառքով ու պատվով իրագործեք, ձեր սրբազան ծառայությունը ձեռքբերումներով զարդարեք, հայրենիքի սահմանները աննահանջ պաշտպանեք՝ վաստակելով նաև Աստծո օրհնությունը ձեր կյանքին՝ ձեր ազգասիրության ու հայրենասիրության համար:

Մեր աղոթքն է առ Ամենազոր Տերը, որ Իր Սուրբ Աջով մշտապես օգնական ու զորակից լինի ձեզ, պահի ու պահպանի ամենքիդ երևելի ու աներեևույթ թշնամիներից: Աղոթում ենք, որ Աստված հզոր ու հաղթական պահի Հայոց բանակը և պարգևի աննվազ կորով, անպարտելի ոգի և ամուր բազուկ քաջարի ծառայության ճանապարհին: Այլև հայց ենք բարձրացնում աշխարհի խաղաղության, ժողովուրդների բարօր ու ապահով կյանքի համար: Թող մեր երկիրը մեր խիզախ զորաց պաշտպանությամբ ապահով ընթանա դեպի նոր առաջընթաց և լուսավոր ապագա:

Փառք արդարության ու խաղաղության պաշտպան ու պահապան զորականներին, փառք հայոց պանծալի բանակին:

Մեր Տեր Հիսուս Քրիստոս ձեզ զորակից ու պահապան այսօր և միշտ. ամեն», – ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Այնուհետև ՀՀ ԶՈՒ զորամիավորումների հրամանատարները և ՀՀ ՊՆ վարչության պետերը գնդերեցների հետ միասին մոտեցան Հայոց Հայրապետին` ստանալով հայրապետական օրհնությունն ու բաշխվող` տերունի և Հայոց Եկեղեցու սրբերի պատկերներով խաչվառները:

Արարողությունն ավարտվեց Հայոց Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով:

Կարեն Կարապետյանն այցելել է Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցի

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ավարտին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի: Կառավարության ղեկավարին այստեղ դիմավորել են Թեհրանի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանն ու հայ համայնքի ներկայացուցիչները: Վերջիններս ողջունել և կարևորել են ՀՀ վարչապետի այցն Իրան և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի հայ-իրանական կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Կարեն Կարապետյանն ամփոփելով այցի արդյունքները՝ նշել է, որ Իրանի իշխանությունների հետ ունեցել են կառուցողական և արդյունավետ բանակցություններ, որոնք նոր թափ կարող են հաղորդել երկկողմ տնտեսական համագործակցությանն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Վարչապետը նշել է, որ քննարկել են էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում, ազատ տնտեսական գոտիներին, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր: «Ունեցել ենք բաց երկխոսություն և արդյունավետ բանակցություններ: Համոզված ենք, որ առկա է երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման մեծ ներուժ: Իրանն այսօր տարբեր պետություններից ներկրում է բազմաթիվ ապրանքներ, որոնք արտադրվում են Հայաստանում: Կարող ենք երկկողմ փոխշահավետ հարաբերություններին հաղորդել նոր լիցք՝ նաև Մեղրիում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտու գործարկմամբ», – ասել է կառավարության ղեկավարը: Անդրադառնալով հայ համայնքի հետ կապերին՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ կարևորում է համագործակցությունը և առաջին հերթին վերջիններիս ներգրավվածությունը տարբեր ոլորտներում՝ կառավարման մշակույթի, փորձի փոխանակման և նոր միայն ներդրումային ծրագրերի իրականացման առումով:
Թեհրանի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանը ՀՀ կառավարությանը մաղթել է արդյունավետ գործունեություն և հաջողություններ ձեռնարկած նախաձեռնություններում:

Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Սոչիում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:

Թեհրանում կայացել է Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպումը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հյատնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները: «Հայաստանը մեծապես կարևորում է հարևան Իրանի հետ ունեցած ջերմ և բարեկամական հարաբերությունները, որոնք ունեն դարավոր պատմական լուրջ հիմքեր և հիմնված են փոխադարձ շահերի վրա: Կարող եմ ուրախությամբ նշել, որ այդ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և երկկողմ համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխըմբռնման մթնոլորտում»,- ասել է ՀՀ վարչապետը:
Հասան Ռոհանին, ողջունելով Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի այցն Իրան, համոզմունք է հայտնել, որ այն կնպաստի հայ-իրանական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը տարբեր բնագավառներում: ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ պատրաստակամ է օժանդակել երկու երկրների կառավարությունների նախաձեռնություններին, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացմանը:
Զրուցակիցները կարևորել են մի շարք ոլորտներում, մասնավորապես, էներգետիկ բնագավառի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, «Սյունիք» և «Արաս» ազատ տնտեսական գոտիների համագործակցության խորացումն ու ընդլայնումը, երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացումը:
ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է հայ-իրանական քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցերի: Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հավասարակշռված վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում, ինչը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապահովման կարևոր երաշխիքներից է:
Իրանի նախագահը ՀՀ նախագահին ու հայ ժողովրդին է փոխանցել իր ջերմ բարեմաղթանքներն ու բարձր գնահատել հայ համայնքի դերը երկրի տարբեր ոլորտների զարգացման գործում:

Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների համաժողովի մասնակիցներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընդունեց Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների համաժողովի մասնակիցներին՝ գլխավորությամբ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Հայաստանի գրողների միության նախագահը Նորին Սրբությանը ներկայացրեց համաժողովի մասնակիցներին և համաժողովին քննարկվող նյութերի շրջագիծը: Պրն. Միլիտոնյանն անդրադարձավ նաև Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի և միության միջև առկա համագործակցությանը, որի շրջանակներում օրեր անց` համաժողովի ավարտին, Օշականի դպրատանը կանցկացվի ամենամյա «Կանթեղ» մրցնակաբաշխությունը:

Այնուհետև ներկա սփյուռքահայ գրողներին իր գնահատանքը հայտնեց Ամենայն Հայոց Հայարապետը` ուրախություն հայտնելով հայրենիքում պարբերաբար գումարվող հայ գրողների համաժողովի առիթով: Նորին Սրբությունը օգտակար նկատեց նման ձեռնարկները, որոնք առավել արդյունավոր են դարձնում հայ գրողի առաքելությունն ազգային կյանքում: Գարեգին Բ Հայրապետը կարևորեց նաև սփյուռքահայ գրականության տարածման խթանումը Հայաստանում, որպեսզի Հայրենիքում հասարակությունը ևս հաղորդ դառնա հայագիր և օտարագիր գրողների ստեղծած արժեքավոր գրական ժառանգությանը:

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտահոգություն արտահայտեց ազգային կյանքում նկատվող ազգային-բարոյական արժեքների նահանջի առիթով և այդ իրավիճակի շտկման գործում կարևորեց հայ գրողների, մտավորականների առաքելությունը: Նորին Սրբությունը շեշտեց, որ հայ գրողների ստեղծագործությունները պետք է նպաստեն երիտասարդության մեջ հայրենասիրարական ոգու, ազգային գիտակցության ու նկարագրի ձևավորմանը: Այս գործում Հայոց Հովվապետը շահեկան նկատեց գործակցությունը Հայոց Եկեղեցու և հոգևոր դասի հետ:

Նորին Սրբությունը, իր հայրապետական օրհնությունը փոխանցելով համաժողովի մասնակիցներին, պատրաստակամություն հայտնեց զորակցելու հայագիր և օտարագիր հայ գրողներին, ինչպես նաև Մայր Աթոռի հնարավորությունները ծառայեցնելու ազգօգուտ նման ձեռնարկների կազմակերպման համար:

Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ հայ գրողները շարունակեն իրենց ստեղծագործական կյանքով իրենց ծառայությունը բերել հայ ժողովրդին:

Նորին Սրբությունը պատասխանեց նաև գրողների հարցերին, որոնք վերաբերում էին Սփյուռքում հայոց լեզվի ուսուցման ու պահպանման խնդիրներին, հոգևորականների պատրաստությանը, Հայրենիքում առկա դժվարություններին:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

Անթիլիասում՝ Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված համաժողովն ունենալու է համահայկական ընդգրկվածություն. Շահան Գանտահարյան

Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը համահայկական հնչեղությամբ նշելու նպատակով  2018 թվականի ապրիլին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը ծրագրում է Հայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված համաժողով անցկացնել, որին կմասնակցեն գիտնականներ, պետական և հասարակական գործիչներ Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և աշխարհի տարբեր երկրներից: Այդ նպատակով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի նախագահութեամբ ստեղծվել է հանձնաժողով, որի անդամներն են սփյուռքահայ անվանի մտավորական, պատմաբան Երվանդ Փամբուկյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, ՀՅԴ-ի Հարավային Ամերիկայի պատասխանատու, Բուենոս Այրեսի Սան Անդրես համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքականության պրոֆեսոր Խաչիկ Տեր Ղուկասյանը և Անթիլիասի դիվանապետ Խաչիկ Դեդեյանը։

«Արամ Առաջինի նախագահությամբ Հանձնաժողովն իր առաջին նիստը կգումարի նոյեմբերին, որի ընթացքում կհստակեցվեն ընդհանուր ուղղվածությունները, թեմաներն ու զեկուցողները»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, հանձնախմբի անդամ Շահան Գանտահարյանը և հավելեց, որ շատ կարևոր է, որ համահայկական ընդգրկվածություն ունենա համաժողովը, որովհետև Հայաստանի Առաջին Հանրապետության գործիչներ Նիկոլ Աղբալյանը, Լևոն Շանթը, Սիմոն Վրացյանը, Կարո Սասունին Անկախության անկումից հետո հանգրվանել են Լիբանանում, որտեղ և շարունակել են իրենց հասարակական գործունեությունը։

Շահան Գանտահարյանը զրույցի ընթացքում շեշտեց նաև, որ Անթիլիասում կայանալիք համաժողովը կդառնա Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը համահայկական ձևաչափով նշելու ընդհանուր մթնոլորտի մի մասնիկը նաև այն պատճառով, որ Լիբանանը և այս դեպքում՝ Անթիլիասը, ունեն համասփյուռքյան նշանակություն։

«Մայիս 28-ի խորհուրդը և անկախ հանրապետություն վերակերտելու գաղափարախոսությունը սերունդների կազմավորման և կրթադաստիարկչական աշխատանքների առանցքն են հանդիսացել։

Համաժողովի ընթացքում կներկայացվեն պատմաքաղաքական նյութեր, այժմեական հնչեղություն ունեցող խնդիրներ, պետականության վերականգնման և ամրացման հիմնախնդիրները քննարկող զեկույցներ, ինչպես նաև մայիսյան գաղափարախոսությամբ Սփյուռքի քաղաքական մտածողության ձևավորման գործընթացի կայացման՝ տարիներ երկարող աշխատանքների հանրագումարային պատկերը»,- խոսքը եզրափակեց Շահան Գանտահարյանը։

«Որ Հայաստանում բոլորը լսեն» ծրագրի ներկայացուցիչները հյուրընկալվեցին Սփյուռքի նախարարությունում

Հոկտեմբերի 10-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ գործիչներ, լսողական սարքերի արդյունաբերող ամերիկյան Սթարկի (Starkey) ընկերության «Որ աշխարհը լսի» միջազգային բարեգործական ծրագրի բարերար և խորհրդատու տեր և տիկին Արմեն և Հայկուհի Կավուկչյաններին, ծրագրի հայաստանյան առաքելության  («Որ Հայաստանում բոլորը լսեն»)  ղեկավար Թրեվր Թրնըրին, համակարգող Լիանա Սահակյանին և ամերիկահայ բարերար, ծրագրի աջակից Նորա Յակուբյանին:

Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր գնահատեց Հայաստանում ծրագրի իրականացմանն ուղղված Լոս Անջելեսում բնակվող Կավուկչյան ընտանիքի ջանքերը: Նախարարը կարևորեց հայրենիքին աջակցելու, առողջապահայական նման առաջնային խնդիրը համալիր կերպով լուծելու նրանց նախաձեռնությունը և համագործակցությունը  «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հետ: Նա մասնավորապես ասաց. «Ուրախ եմ, որ մեր հայրենակիցները կարողանում են ինտեգրվել, կայանալ և իրենց կապերն ու հնարավորությունները, փորձն ու գիտելիքները ներդնել հայրենիքի զարգացման գործում: Սիրելի Արմեն և Հայկուհի, ձեր ընտանիքը փայլուն օրինակ է, գիտեմ որ այս լայնամասշտաբ, սրտառուչ ծրագիրը իրականություն է դարձել նախևառաջ ձեր մեծ ցանկության, աշխատանքի ու նվիրումի շնորհիվ, գիտեմ նաև, որ հատուկ ծրագրի մեկնարկին մասնակցելու նպատակով Հայաստան են գալու նաև ձեր չորս որդիները, և վստահ եմ, որ նրանք ևս շարունակելու են ձեր սկսած գործը, քայլելու են հայրենիքին սատար կանգնելու ձեր բացած ճանապարհով: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում ձեր ընտանիքին, ինչպես նաև ընկերության հիմնադիր-ղեկավար Բիլ Ասթնին և այս հրաշալի երիտասարդին` Թրեվր Թրնըրին,  ով այնքան է սիրել մեր երկիրը, որ արդեն հայերեն է խոսում, և լինելով ծրագրի միջազգային առաքելության համակարգողը, ցանկացել է գալ և անձամբ ղեկավարել  «Որ Հայաստանում բոլորը լսեն»  ծրագիրը: Իսկ Հայաստանը լսում, բարձր է գնահատում ու սիրում է Բիլ Ասթնի նման մարդասեր բարերարներին, Թրեվրի նման Հայաստանի սիրահարներին ու նրանց համարում է իր զավակները: Մեր ժողովրդի համար բարեկամությունը բարձրագույն արժեք է, մենք գթասրտությունն ընդունում ենք սիրով ու երախտագիտությամբ և փոխհատուցելու պատրաստակամությամբ: Ուզում եմ առանձնակի իմ երախտիքի խոսքը փոխանցեք անգամ Հայաստանի տեղը չիմացող այն ամերիկացի բարերարին, ով 125 000 դոլար է նվիրել  «Որ Հայաստանում բոլորը լսեն»  ծրագրին»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հայկուհի Կավուկչյանը նշեց, որ այս անգամ Հայրենի հողի վրա ոտք դնելն այլ զգացումով է համակել, այդքան հայրենակիցների լսելու խնդրի լուծմանն աջակցելու միտքը հանգստութուն, ու բացառիկ հուզմունք է պատճառել ամուսիններին:

Արմեն Կավուկչյանը կարևորեց նաև համայնքի աջակցությունը, որը կազմակերպվել էր Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի նախաձեռնությամբ: Նա նշեց, որ  2015թ. Կավուկչյան ընտանիքի նախաձռնությամբ լսողական սարքերի արդյունաբերող ամերիկյան հանրահայտ Սթարկի (Starkey) ընկերությունը, համագործակցելով «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հետ, Հայաստանում սկիզբ դրեց բարեգործական մի ծրագրի, որի նպատակն է կարիքավոր անձանց ապահովել հատուկ լսողական սարքերով: Մինչ այժմ իրականացվել է առաջին փուլը՝ հայտնաբերվել են կարիքավոր անձինք, հետազոտվել է նրանց լսողությունը, կատարվել է սարքերի կաղապարների չափում և այլն,  այժմ թիմը կյանքի է կոչում երկրորդ կարևոր հատվածը հոկտեմբերի 15-17-ը Երևանի Մարզահամերգային համալիրում ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից ժամանած մասնագետները կտեղադրվեն լսողական սարքեր, Ծրագրին մասնակցելու համար իր անձնական ինքնաթիռով Երևան է ժամանելու Սթարկի լսողական տեխնոլոգիաների ըննկերության հիմնադիր-նախագահ Բիլ Ասթնը: Ծրագրին մասնակցում են սոցիալապես անապահով 1800 շահառուներ:

Հայաստանյան առաքելության համակարգող Լիանա Սահակյանը նշեց, որ Սթարկի ընկերությունն ու Սթարկի լսողության հիմնադրամը առաքելությունն իրականացրել են աշխարհի 106 երկրներում, որոնցից 52-ում այն կրում է շարունակական բնույթ: Հայաստանը լինելու է թվով 107-ը, եթե  «Որ Հայաստանում բոլորը լսեն» ծրագիրն հաջող ընթանա՝ այն նույնպես լինելու է շարունակական և կայուն: Ծրագիրը մեկնարկել է Երևանում, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում, նախատեսվում է հետագայում իրականացնել նաև մնացած մարզերում և Արցախում: Կազմակերպվել է բոլոր շահառուների տեղափոխումը մարզերից Երևան:

Նախագահը հյուրընկալել է հոլիվուդյան դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ջոն Մալկովիչին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հոլիվուդյան հայտնի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ջոն Մալկովիչին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրին Հայաստանում՝ Նախագահը նշել է, որ մեծագույն հաճույք է տաղանդաշատ արվեստագետին հյուրընկալել մի երկրում, որտեղ շատ բարձր են գնահատում արվեստի ուժը, և որի ժողովուրդը դարերի ընթացքում կարողացել է ստեղծել մեծ մշակութային ժառանգություն ու ուրույն ներդրում ունենալ համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում:

«Գիտեմ, որ հայ հանդիսատեսը հնարավորություն է ունենալու ըմբոշխնելու Ձեր արվեստի, Ձեր տաղանդի առանձնահատուկ մի դրսևորում, որտեղ միահյուսվում են երաժշտությունն ու գրականությունը: Վստահ եմ, որ Ձեր մասնակցությունը Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի բացման արարողությանը միշտ մնալու է հայ հանդիսատեսի հիշողության մեջ»,-ասել է Հանրապետության Նախագահը և հույս հայտնել, որ Հայաստան թեև կարճատև այցելությանը՝ Ջոն Մալկովիչը հնարավորություն կունենա տեղում ավելի լավ ճանաչելու Հայաստանն իր պատմամշակութային հարուստ ժառանգությամբ և տաղանդաշատ մարդկանց մշտապես ակնածանքով վերաբերվող հյուրընկալ հայ ժողովրդին:

Ջոն Մալկովիչը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ջերմ խոսքերի, հյուրընկալության, ինչպես նաև այն աջակցության ու ուշադրության համար, որ Նախագահը հատկացնում է մշակույթի զարգացմանը, այդ թվում ՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին, որի հետ համագործակցության շրջանակներում է ժամանել Հայաստան: Հայտնի արվեստագետը նշել է, որ անհամբեր է Երևանում ներկայացնելու նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ մտահղացած համատեղ ձեռնարկը և հույս է հայտնել, որ այն սիրով կընդունվի հայ հանդիսատեսի կողմից:

Մեկնարկել է Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների 6-րդ համաժողովը

Հոկտեմբերի 9-ին Ծաղկաձորում գտնվող գրողների տանը մեկնարկեց Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների վեցերորդ համաժողովը` «Ժամանակակից հայ գրողն ու գրականությունը 21-րդ դարի մարտահրավերների առջև» խորագրով։

Հայաստան են այցելել Արցախից և աշխարհի տասնչորս այլ երկրից քառասունվեց գրողներ (Իրան, Վրաստան, Սիրիա, Արցախ, ԱՄՆ, Թուրքիա, Ռուսաստան, Աբխազիա, Ռումինիա, Գերմանիա, Շվեյցարիա, Իսրայել, Անգլիա, Ֆրանսիա, Լիբանան)։

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը համաժողովի մասնակիցներին փոխանցեց նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը, որում մասնավորապես ասվում է.

«Հարգելի´ հայրենակիցներ,

Ողջունում եմ բոլորիդ և շնորհավորում հայագիր և օտարագիր գրողների վեցերորդ համաժողովի մեկնարկը:

Օտար մշակույթների, քաղաքակրթությունների ազդեցություն­ների ներքո հայ ժողովրդի մի զգալի հատված ապրում է ազգային «ես»-ը չկորցնելու, այն պահպանելու ամենօրյա խնդրով:

Հայ ընտանիքը, լեզուն, մշակույթն ու հավատքն անփոխարինելի դերակատարություն ունեն այս հարցում, բայց անհատներն են, որոնք իրենց գործունեությամբ դրանց պաշտպանն են ու  լինելիության երաշխավորը:

Այս առումով բարձր գնահատանքի են արժանի հայ գրողները: Բոլոր ժամանակներում նրանք մեծ ազդեցություն են ունեցել հասարակական-քաղաքական կյանքի վրա, եղել են և մնում են հայի ինքնության պահպանման համար ճամփա բացած առաջամար­տիկ­ները: Հայ գրողը, ընդհանրապես, իսկ վերջին հարյուրամյակում սփյուռքահայ գրողն իր բարձր գիտակցակա­նությամբ, նվիրումով ու բացառիկ պատասխանատվությամբ կատարեց ազգա­պահ­պան իր առա­քելությունը:

Գրողների ներկա սերունդը շարունակում է իր նախորդների՝ Մուշեղ Իշխանի, Անդրանիկ Ծառուկյանի, Նիկողայոս Սարաֆյանի և մյուս մեծերի բարի ավանդույթները»:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը համաժողովի մասնակիցների փոխանցեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնության խոսքը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր ողջույնի խոսքում հակիրճ խոսեց այն խնդիրների մասին, որոնք ունեցել են և ունեն հայ գրողները Հայաստանում և Հայաստանից դուրս։

Համաժողովին զեկույցներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վ. Դևրիկյանը, ՀԳՄ անդամներ, գրականագետներ, գրողներ:

Տեղի ունեցավ սփյուռքահայ գրողների գրքերի ցուցադրություն։

Այնուհետև գրողներն այցելեցին Կեչառիսի վանական համալիր։

Նիստերը կշարունակվեն Ծաղկաձորում և Երևանում, ինչպես նաև կլինեն այցելություններ Էջմիածին, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Ծիծեռնակաբերդ։

Համաժողովն իր աշխատանքները կավարտվի հոկտեմբերի 12-ին:

Հայոց ցեղասպանության պահանջատիրություն, Արցախ, ՀՀ-ԵՄ հարաբերություններ. հաստատվել է Եվրոպահայերի համագումարի օրակարգը

Բելգիայում հոկտեմբերի 18-ին մեկնարկելու է Եվրոպահայերի 4-րդ համագումարը: Մասնակցելու են Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և այլք: Համագումարի մանրամասների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան այցի, տարածաշրջանային զարգացումների մասին «Արմենպրես»ը զրուցել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի  գրասենյակի հաղորդակցության եւ հասարակության հետ կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանի հետ:

-Հոկտեմբերի 18-ին և 19-ին Եվրոպահայերի 4-րդ համագումարն է անցկացվելու: Նախապատրաստական աշխատանքներն ի՞նչ փուլում են:

-Նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: Հրավիրյալները, ովքեր համագումարի սկզբին ողջույնի խոսքով պիտի հանդես գան, արդեն հաստատել են իրենց ներկայությունը: Մասնակցելու են Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Արցախի Հանրապետության բարձրաստիճան պետական ներկայացուցիչներ, ինչպես նաև մասնագետ բանախոսները: Նաև ակնկալում ենք եվրոպական խորհրդարանի տասնյակ պատգամավորների մասնակցությունը: Պետք է ասեմ, որ եվրոպահայ միությունների կամ անհատների մասնակցության թիվն արդեն բավական բարձր է:

-Համագումարի օրակարգում ի՞նչ հարցեր են լինելու: Այս անգամ համագումարը նախորդներից  ինչո՞վ է առանձնանալու:

-Համագումարն անդրադառնալու է 4 կարևոր թեմաների՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման պահանջատիրական պայքարը Եվրոպայում, այդ պայքարն իրավական դաշտ փոխանցելու գործընթացը, Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի հարց, ինչպես նաև թուրք և ադրբեջանական լոբբինգը Եվրոպայում և նրանց հակազդելու միջոցները: Երրորդը` Հայաստան-Եվրամիություն երկկողմանի հարաբերություններն են: Թեմային անդրադարձ կկատարվի  նոյեմբերին սպասվող Արևելյան գործընկերության գագաթաժողովի համատեքստում: Չորրորդը` հայապահպանության հարցն է Եվրոպայի գաղութներում:

-Արցախի հետ կապված Եվրոպայի Հայ դատի գրասենյակը ի՞նչ շեշտադրումներով է շարունակելու աշխատանքը:

-Արցախի հիմնախնդիրը մնում է Հայ Դատի կարևորագույն առաջնահերթություններից մեկը` քաղաքական առումով Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի պահպանումը ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում, Եվրամիության տարբեր հաստատությունների ներկայացուցիչների բառապաշարում, որովհետև միջազգային իրավունքի համաձայն, այս սկզբունքը նույնքան ուժ և պարտադրանք ունի, որքան տարածքային ամբողջականության սկզբունքը: Արցախի հիմնախնդրի վերաբերյալ երկրորդ հարցն է` հակազդել աշխարհաքաղաքական և տնտեսական մեկուսացմանը, որը պարտադրված է Արցախի ժողովրդին ադրբեջանական կողմից: Այդ համատեքստում շարունակելու ենք դիվանագիտական կապեր ամրապնդել եվրոպացի պատգամավորների հետ` նրանց Արցախ այցելելու հնարավորություններ ստեղծելով կամ խորհրդարանական բարեկամական խմբերի հետ աշխատելով: Մեկուսացման հետևանքն է այն, որ Արցախի ժողովրդի կյանքի որակը, տնտեսական զարգացումը սահմանափակվում է: Հայ դատի գրասենյակն այս խնդիրը բարձրացրեց ԵԱՀԿ-ի մարդու իրավունքների ոլորտին նվիրված վերջին համաժողովին, որը տեղի ունեցավ Վարշավայում: Նույն համաժողովի շրջանակում հանդիպումներ եղան տասնյակ պատվիրակությունների հետ, ցուցադրվեց Արցախի պատերազմի մասին «Պաշարվածներ» ֆիլմը:

-Համանախագահները փորձում են բանակցային գործընթացի ակտիվացման ուղղությամբ քայլեր իրականացնել: Ի՞նչ ակնկալիքներ կան այդ համատեքստում: Հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը արդյո՞ք դրական տեղաշարժ հնարավոր է:

-Այս փուլում ամենակարևորը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում արձանագրված առաջնահերթությունների իրականացումն է: Եթե Ադրբեջանը շարունակի խախտել զինադադարը, ապա կարող ենք երևակայել, որ բուն  բանակցությունները դժվար զարգանան: Պետք է սահմանին հանգիստ լինի, որ բանակցությունների համար դրական մթնոլորտ ձևավորվի: Դա հնարավոր կլինի շփման գծում հետաքննական մեխանիզմների ներդրման դեպքում: Դա պետք է լինի համանախագահների անմիջական առաջնահերթությունը: Եթե Ադրբեջանը շարունակի չհամաձայնել, պետք  է հայկական կողմը լրջորեն քննարկի այդ մեխանիզմի միակողմանի տեղադրման հարցը:

-Վերջերս համաշխարհային մի շարք լրատվամիջոցների հետաքննող լրագրողներ Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ տեղեկություններ հրապարակեցին: Եվրոպայի գործիչների շրջանում այն ի՞նչ արձագանք գտավ:

-Արձագանքը բարձր էր և կարող է ավելի բարձրանալ, որովհետև այս գործի մեջ թաթախված անձանց անունները քիչ-քիչ բացահայտվում են: Եվրախորհրդարանն արդեն խստորեն դատապարտել է և պահանջել խնդրի ուսումնասիրման հանձնախումբ ձևավորել: Եվրախորհրդարանը հատուկ բանաձև ընդունեց, ինչը շատ դրական է: Կարծում ենք, որ նման նախաձեռնություններ պետք է լինեն բոլոր այն երկրների խորհրդարաններում, որտեղ կասկած կա տվյալ երկրի քաղաքական գործիչների մասնակցությունն այս սկանդալին: Բոլոր նրանք, ովքեր մասնակից դարձան Ադրբեջանի պրոպագանդային, հակահայ կեցվածքներ ծավալեցին` ստանալով Ադրբեջանի նավթային դոլարները, պետք է համապատասխան պատիժ ստանան: Սա եվրոպական արժեքներ պահպանելու երաշխիք է:

-Կխնդրեմ ներկայացնել Եվրոպայի Հայ դատի գրասենյակի դիրքորոշումը Կատալոնիայի անկախության վերաբերյալ:

– Նախ անդրադառնամ հանրաքվեի ընթացքում ուժի կիրառմանը, Իսպանիային դա պատիվ չի բերում: Բռնությունը, որին ականատես եղանք, եվրոպական, ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքներին դեմ է: Ամեն ազգ և ժողովուրդ ունի իր կամքն ազատ արտահայտելու իրավունք: Այդ իրավունքը պետք է պահպանվի, հարգվի և ոչ թե բռնությամբ խլվի:

Աննա Գզիրյան

Scroll Up