Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում հնչեցին հոգևոր, ժողովրդական և ազգային երգեր

«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ հոկտեմբերի 7-ին, Երուսաղեմի Հայ Պատրիարք Ամենպատիվ Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հովանավորությամբ Ժառանգավորաց վարժարանի հանդիսությունների սրահում տեղի է ունեցել Կիպրոսի «Ս. Աստվածածին» երգչախմբի համերգը:

Հնչել են հոգևոր, ժողովրդական և ազգային երգեր:
Համերգն ավարտվել է Կիպրոսի Հայ եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճյանի փակման և օրհնության խոսքով:

Այնուհետև, հոկտեմբերի 8-ին, Երուսաղեմի Հայ պատրիարք Ամենապատիվ Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հովանավորությամբ Ժառանգավորաց վարժարանի հանդիսությունների սրահում կայացել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» խմբի համերգը` մաեստրո Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ:
Երգչախումբը նույնպես կատարել է հոգևոր, ժողովրդական և ազգային երգեր:
Համերգի ավարտին փակման և օրհնության խոսքով հանդես է եկել Հոգշնորհ Տեր Էմմանուէլ վարդապետ Աթաջանյանը:

 

 

 

 

 

Տեղի կունենա «Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիո նուիրուած հուշամատեաններու շարք»-ի մինչ այժմ հրատարակված 14 հատորների շնորհանդեսը

Հոկտեմբերի 10-ին, ժ.15:00-ին ՀՀ սփյուռքի նախարարության օժանդակությամբ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով «Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիո նուիրուած հուշամատեաններու շարք»-ի մինչ այժմ հրատարակված 14 հատորների շնորհանդեսը (հասցեն՝ Մարշալ Բաղրամյան 24/4 ):

Մատենաշարի վերահրատարակության նախաձեռնողը Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսությունն է:

Շնորհանդեսին կմասնակցեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության դիվանապետ Խաչիկ Դեդեյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ, մտավորականներ, հյուրեր:

Տպագրված հատորներն են՝

  • Ատանայի հայոց պատմութիւն, 1, Անթիլիաս, 2012,
  • Պատմութիւն Տարօնի աշխարհի, 2, Անթիլիաս, 2013,
  • Պատմութիւն Անթէպի հայոց, 3, հատոր Ա, Անթիլիաս, 2013,
  • Պատմութիւն Անթէպի հայոց, 4, հատոր Բ, Անթիլիաս, 2013,
  • Հաճընի ընդհանուր պատմութիւնը, 5, Անթիլիաս, 2014,
  • Դիւցազնական Ուրֆան եւ իր հայորդիները, 6, Անթիլիաս, 2014,
  • Պատմագիրք Կիւրինի, 7, Անթիլիաս, 2014,
  • Քեսապ: Տեղագրութիւն, բնակավայրեր, բնակչութիւն, պատմութիւն, տնտեսութիւն, 8, հատոր Ա, Անթիլիաս, 2015,
  • Մարաշ կամ Գերմանիկ եւ հերոս Զեյթուն, 9, Անթիլիաս, 2015,
  • Պատմութիւն հայ Կեսարիոյ, 10, հատոր Ա, Անթիլիաս, 2015,
  • Պատմութիւն հայ Կեսարիոյ: Տեղագրական, պատմական եւ ազգագրական ուսումնասիրութիւն, 11, հատոր Բ, Անթիլիաս, 2015,
  • Պատմութիւն հայոց Արաբկիրի, 12, հատոր Ա, Անթիլիաս, 2016,
  • Պատմութիւն հայոց Արաբկիրի, 13, հատոր Բ, Անթիլիաս, 2016,
  • Յիշատակարան Րումտիկինի, 14, Անթիլիաս, 2017:

ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Հոկտեմբերի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Նրանք ներկայացրին կատարված աշխատանքները, Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ամփոփման արդյունքները, ձեռքբերումներն ու բացթողումները, նշեցին առաջիկա անելիքները, հանդես եկան նոր առաջարկներով:

Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց Սրտաբանության եվրակովկասյան համաժողովի և Մխիթարյան միաբանության 300 և «Բազմավեպ» հանդեսի 175-ամյակներին նվիրված միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու անցկացումը:

Քննարկվեցին աշխատանքային այլ հարցեր: Տրվեցին հանձնարարականներ:

 

 

Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը Հալեպում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հոկտեմբերի 4-ից 7-ը Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանն այցելեց Հալեպ, որի շրջանակներում ծանոթացավ շուրջ քառամյա պաշարումից հետո ազատագրված Հալեպի կրած վնասներին և քաղաքի վերականգնմանն ուղղված ջանքերին, տեղում հանգամանալից ուսումնասիրեց հալեպահայության արդի խնդիրները, համայնքային իշխանությունների հետ քննարկեց այդ խնդիրների լուծման հնարավորությունները, ինչպես նաև հանդիպումներ ունեցավ Հալեպի նահանգային իշխանությունների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 4-ին Արշակ Փոլադյանն այցելեց Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն, որտեղ նորանշանակ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը դեսպանին ներկայացրեց հյուպատոսության գործունեության հիմնական ուղղությունները: Քննարկվեցին հալեպահայ համայնքի և Հալեպի նահանգային իշխանություների հետ համագործակցության խորացման հնարավորությունները:

Հանդիպումից հետո դեսպան Փոլադյանը գլխավոր հյուպատոսի ուղեկցությամբ այցելեց հյուպատոսության հիմնական շենք և ծանոթացավ շենքի ընդհանուր վիճակին՝ ուսումնասիրելով հյուպատոսության աշխատանքները հիմնական շենքում վերսկսելու հնարավորությունը: (2012թ.-ին զինյալների հարձակման պատճառով հյուպատոսությունը տեղափոխվել է ավելի ապահով հայաբնակ թաղամաս):

Հոկտեմբերի 5-ին դեսպան Փոլադյանը հանդիպեց Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբի հետ, որի ընթացքում նահանգապետն ամփոփ ներկայացրեց Հալեպում ռազմական գործողությունների ընթացքում կրած նյութական վնասները, այն թվում՝ տնտեսության, արտադրության, քաղաքաշինության, ենթակառուցվածքների և ծառայությունների այլ ոլորտներում ներկա իրավիճակը:

Հուսեյն Դիաբն անդրադարձավ նաև քաղաքի վերականգնման մի շարք նախագծերի իրականացմանը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Զրուցակիցները քննարկեցին այդ նախագծերին Հայաստանի մասնակցության, ինչպես նաև երկկողմ համագործակցության աշխուժացման հեռանկարները:

Նահանգապետը կարևորեց Հալեպի հայ համայնքի դերը քաղաքի տնտեսական, մշակությային և հասարակական կյանքում՝ վստահություն հայտնելով, որ հալեպահայությունն իր մեծ ներդրում կունենա քաղաքի վերականգնման և խաղաղ կյանքին վերադառնալու գործում: Նահանգապետը շատ բարձր գնահատեց Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը սիրիական ճգնաժամի վերաբերյալ, որը լավագույնս դրսևորվել է Հալեպում շրջափակման օրերին ՀՀ գլխավոր հյուպատոսության անխափան գործունեությամբ:

Նույն օրը Հալեպի Սբ. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու սրահում կայացավ դեսպան Փոլադյանի հանդիպումը Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին ներկա էին հոգևոր առաջնորնդեր, հալեպահայ համային իշխանությունների ներկայացուցիչներ, համայնքային ականավոր գործիչներ:

Հալեպահայերին ուղղված իր խոսքում դեսպանը նշեց, որ սիրիական ճգնաժամի առաջին իսկ օրերից Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը որոշում կայացրեց Սիրիայում պահել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հնարավորության սահմաններում զորավիգ լինել սիրիահայությանը: Նա հավելեց, որ Հայաստանը շարունակելու է ուշադրության կետրոնում պահել հայության խնդիրները և գործադրելու է հնարավոր բոլոր ջանքերը հայրենակիցների հոգսերը թեթևացնելու համար: Ելույթի ավարտին դեսպանը հալեպահայ համայնքին ներկայացրեց Հալեպում նորանշանակ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանին:

Միջոցառման ընթացքում Բերիո Հայոց Թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը դեսպան Փոլադյանին հանձնեց Բերիո թեմի «Ծառայության» շքանշանն՝ ի նշան սիրիահայության երախտագիտության դեսպանի երկարամյա արգասաբեր ծառայության:

Հոկտեմբերի 5-ի երեկոյան տեղի ունեցավ դեսպան Փոլադյանի՝ հայ-սիրիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ վերջերս լույս տեսած՝ «Հայ-սիրիական հարաբերություններ՝ պատմական գործընկերություն» խորագրով արաբերեն մենագրության շնորհանդեսը:

Այցի շրջանակներում դեսպանն այցելեց նաև Հալեպի հայկական հոգևոր, մշակությաին, կրթական հաստատություններ՝ այդ թվում Քառասուն Մանկաց և Սուրբ Գևորգ եկեղեցիներ, Կարեն Եփփե ճեմարան, Սիրիայի Օգնության խաչի բժշկական կենտրոն:

Հայաստանի Հանրապետության նախագահն ընդունել է Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան ընկերակցության նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան ընկերակցության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում Վիկտոր Կրիվոպուսկովը Հանրապետության Նախագահին ներկայացրել է իր գլխավորած կազմակերպության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը՝ մանրամասն խոսելով հատկապես առաջիկայում Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի կազմակերպման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների մասին:

Միջոցառումը կանցկացվի մշակույթի ոլորտում 2016-2018թթ. ՀՀ և ՌԴ միջև համագործակցության ծրագրի շրջանակներում: Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան ընկերակցության նախագահը Սերժ Սարգսյանին տեղեկացրել է, որ Ռուսաստանում Հայաստանի մշակույթային օրերի շրջանակներում մայրաքաղաքից բացի միջոցառումներ կանցկացվեն նաև Ռուսաստանի տարածաշրջաններում:

Հանրապետության Նախագահը ողջունել է հայ-ռուսական հարաբերությունների խորացմանն ու երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ուղղված ռուսաստանյան ընկերակցության գործունեությունը և մաղթել հաջողություններ: Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանի պետական կառավարման մարմիններն ամենայն օժանդակություն կցուցաբերեն ընկերակցությանը՝ վերոնշյալ նախաձեռնությունների իրականացման գործում:

Հայագիտական գիտաժողովներ Սանկտ Պետերբուրգում

Աշունը  Սանկտ Պետերբուրգի հայ  համայնքի կյանքում նշանավորվեց մի շարք  միջոցառումներով՝ համերգներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ:

 Հատկանշական են դրանցից երկուսը՝ միջազգային  և հայագիտական գիտաժողովներ, որոնք տեղի ունեցան քաղաքի բարձրագույն ուսումնական ու գիտական հարթակներում՝ ՌԴ ԳԱ Արևելյան ձեռագրերի ինստիտուտում, Եվրոպական համալսարանում և Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանում: Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է ՌԴ ԳԱ Արևելյան ձեռագրերի ինստիտուտի գիտաշխատող, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ավագ դասախոս Դոնարա Մկրտչյանը:

Առաջին գիտաժողովը, որը նվիրված էր մեծն հայագետ Կարեն Յուզբաշյանի ծննդյան 90-ամյակին, տեղի ունեցավ Արևելյան ձեռագրերի ինստիտուտի  Նովոմիխայիլովյան սրահում:

Հայաստանից գիտաժողովին ներկա էին 30 մասնակիցներ (ԵՊՀ,  ՀՀ ԳԱԱ,  Մատենադարան, Հնագիտության ինստիտուտ), ներկա էին նաև բանասերներ, պատմաբաններ, լեզվաբաններ, արևելագետներ, հնագետներ ու արվեստաբաններ  Փարիզից (Վիդալ՝ Գորենյ, Հարությունյան Գոհար՝Սորբոն),  Նիժնի Նովգրոդի Լոբաչևսկու անվան ազգային հետազոտությունների ինստիտուտից (Պավել Հակոբյան, Մոսկվայի լեզվաբանական հետազոտությունների ինստիտուտից, Սանկտ-Պետերբուրգի  պետհամալսարանից, Արևելյան ձեռագրերի ինստիտուտից, Հնագիտության ինստիտուտից, Ազգագրական թանգարանից, Եվրոպական համալսարանից:

Գիտաժողովի կազմակերպիչներն էին ՌԴ ԳԱ Արևելյան ձեռագրերի ինստիտուտը՝ ի դեմս Ս. Ֆրանցուզովի և Դ. Մկրտչյանի և Եվրոպական համալսարանը՝ ի դեմս Ե. Զելենևի:

Գիտաժողովի սկզբում բացման ու ողջույնի  խոսքով հանդես եկավ Արևելյան ձեռագրերի ինստիտուտի տնօրեն Ի. Պոպովան:

Այնուհետև հոր մասին պատմեց աղջիկը՝ Ելենա Կարենի Յուզբաշյանը: Սիրով ու խոնարհումով խոսեցին նրա մասին նաև  ուսանողներն ու  գործընկերները:

Երկար տարիներ Կարեն Յուզբաշյանը դասավանդել է Պետերբուրգի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Կովկասի և Կենտրոնական Ասիայի ամբիոնում: Նա համատեղ աշխատել է Արևելյան ձեռագրերի ինստիտուտում, համակարգել ու հրատարակել է տեղի հայկական ձեռագրերի տեղեկատուն, հեղինակ է բազմաթիվ արժեքավոր աշխատությունների:

Հիշատակման արժանի  էր թե’ գիտաժողովի աշխարհագրական ընդգրկումը, թե’ թեմաների բազմազանությունը: Դա պայմանավորված էր նախևառաջ այն հանգամանքով, որ Կարեն Յուզբաշյանը, բացի հայագետ ու բանասեր  լինելուց, արևելագետ է ու բյուզանդագետ, նրա գրչին են պատկանում թե’ հայոց լեզվի քերականությանը վերաբերող աշխատություններ, թե’ հայկական ձեռագրերին նվիրված շատ ուսումնասիրություններ՝ աղբյուրագիտական ու  պատմագրական, հայկական ծեսերին, ավանդույթներին ու ծիսակարգին, հայկական էպոսագիտությանն ու մանրանկարչական արվեստին նվիրված թեմաներ:

Հայագիտական այս գիտաժողովը եզակի էր իր տեսակով ու թեմաների բազմազանությամբ նաև ինստիտուտի պատմության մեջ: Այդ մասին էր  վկայում ինստիտուտի բոլոր աշխատակիցների հարգանքն ու խոնարհումը մեծն հայագետին:

Միջազգային հայագիտական երկրորդ գիտաժողովը տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Պետրովյան դահլիճում։ Այն անցկացվում էր  Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի Հայ Առաքելական եկեղեցու և քաղաքի իշխանությունների հովանու ներքո։

Թվով երկրորդ հայագիտական այս գիտաժողովի համակարգողն ու պատասխանատուն պետհամալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Կովկասի և Կենտրոնական Ասիայի ամբիոնն էր՝ ավագ դասախոս Դ.Մկրտչյանի գլխավորությամբ։

Գիտաժողովի ընթացքում  ողջույնի խոսքով հանդես եկան Սանկտ Պետերբուրգի փոխվարչապետ Ալ. Գովորունովը,  Ռուսաստանի  և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի առաջին պրոռեկտոր Ի. Դեմենտևը, Մերձավոր Արևելքի պատմության ամբիոնի պրոֆեսսոր Ն. Դյակովը, մուսուլմանների հոգևոր առաջնորդարանի մուֆտիի օգնական Զ.Ալիքբերովը, ՀՀ ԳԱ Գրականության ինստիտուտի տնօրեն Վ. Դևրիկյանը, Սանկտ Պետերբուրգի հայ մշակութային ինքնավարության նախագահ Կ. Մկրտչյանը, կրոնական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Բոլորն էլ ողջույնի ջերմ խոսքեր հղեցին ներկաներին՝ բարձր գնահատելով հայ եկեղեցու դերը ռուսահայ իրականության մեջ և կարևորելով նման հայագիտական գիտաժողովների անցկացումը ռուսական ու եվրոպական հարթակներում։

Գիտաժողովին Հայաստանից մասնակցում էին 14 ներկայացուցիչ՝դոկտորներ, պրոֆեսորներ և գիտությունների թեկնածուներ ԵՊՀ֊-ից, Մատենադարանից, ՀՀ ԳԱԱ լեզվի և գրականության, պատմության ինստիտուտներից, Հնագիտության ինստիտուտից, Կինոյի և թատրոնի ինստիտուտից և այլ բարձրագույն ուսումնական հաստատություններից։

Ռուսահայոց թեմի հայկական եկեղեցիների պատմությանն ու անցած ուղուն, եկեղեցական  ու համայնքային նշանավոր գործիչների գործունեությանն ու հայանվեր ավանդին, հայ համայնքների գործունեությանը, ՌԴ տարածքում առկա նյութական մշակութային արժեքների պահպանմանը    նվիրված բոլոր ուսումնասիրություններում ու զեկույցներում հեղինակները կարևորեցին նյութական այդ անմնացորդ ժառանգության պահպանման և այն սերունդներին փոխանցելու հիմնախնդիրը։

 Այս գիտաժողովն էլ արժեքավոր ներդրում էր ռուսահայ իրականության գիտական ասպարեզում և այն կարելի է համարել տեղի մշակութային ու նյութական արժեքների պահպանման հուսալի գրավականը։

 Երկու հայագիտական միջազգային գիտաժողովներին հաջորդեց ՌԴ ԳԱ Արևելյան ձեռագրերի ինստիտուտում տեղի Հայկական ֆոնդի գիտաշխատող Դ. Մկրտչյանի կազմակերպած  «300-ամյա մշակութային ժառանգություն» ցուցահանդեսը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի փոխտնօրեն Ի. Ֆիլատովը, ով իր խոսքում հիշատակեց պետերբուրգաբնակ հայ անվանի գիտնականների, արվեստագետների անունները՝ նշելով նրանց թողած ժառանգության մասին: Ցուցահանդեսին  իր օրհնությունն էր բերել Ռուսաստանի  և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Արբազանն իր երախտիքի խոսքն ուղղեց ինստիտուտի տնօրինությանն ու աշխատակազմին՝ կարևորելով գրավոր այս ժառանգության պահպանումն  ու գիտական հանրությանն այն հասու դարձնելու  հնարավորությունը:

Այնուհետև ֆոնդերի պատմությունը լուսաբանող զեկույցով հանդես եկավ Դ. Մկրտչյանը:

Ցուցասրահներից մեկում ցուցադրվում էին հայկական ձեռագրերի պետերբուրգյան հավաքածուից 13  ձեռագիր: Դրանցից ամենահինը թվագրվում է 1292թ.: Մյուս ձեռագիրը, որ էլի բավականին հին է, թվագրվում է 1298թ.:

Արևելյան ձեռագրերի ինստիտուտի հայկական  ձեռագրերի հավաքածուն բաղկացած է  410  ձեռագիր օրինակից:

Երկրորդ՝ Կանաչ դահլիճի ցուցասրահում զետեղված էին պետերբուրգյան՝ հայկական և ռուսական  տպարանների 38 ցուցանմուշներ, դրանց թվում՝ Խալդարյանի, Խուդաբախշյանի, Հովհաննիսյանի, «Արաքսի», Պատկանյանի, Լիբերմանի, Սկորոխոդովի, Պուշկինյան տպարանների տարբեր աշխատություններ:

Տեղին է հիշել, որ Ն. Մառի, Հ. Օրբելու բեղուն գործունեությունից հետո այստեղ երկար տարիներ աշխատել է Կարեն Յուզբաշյանը, ով համակարգել է հայկական ձեռագրերի ֆոնդը, կազմել ֆոնդի համառոտ տեղեկատուն: Ցավոք, նա չի հասցրել համակարգել տեղի հնատիպ, ժամանակակից ֆոնդերը, անմխիթար վիճակում էին Մառի և Օրբելու ֆոնդերը:

Այսօր այդ ֆոնդերը  հասու են հայ ուսումնասիրողին, համակարգված են և գտնվում են  հուսալի ձեռքերում, քանզի առաջնորդվում  ենք՝ «Ձեռս մաշի, դառնայ ի հող, գործս մնայ յիշատակող» սկզբունքով:

 

 

 

 

 

 

 

«Յուրաքանչյուր հայի համար Արցախը սրբավայր է».ամերիկահայ իրավաբան

«Հայերն այսօր»-ի զրուցակիցը ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի «Միացյալ հայ երիտասարդներ» կազմակերպության նախագահ Հարություն Հարությունյանն է:

Նա սովորել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում՝ ստանալով քաղաքագիտության բակալավրի աստիճան, ապա սովորել է Հարավարևմտյան համալսարանի իրավաբանության դպրոցում, իրավագիտության դոկտոր է: Աշխատանքային գործունեությունը շարունակել է Գարո Ղազարյանի իրավաբանական գրասենյակում, ապա սեփական՝ «Հարություն Հարությունյան իրավաբանական գրասենյակ»-ում ՝ որպես իրավաբան: Գլենդելի իրավաբանական խմբի հիմնադիր անդամ է և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման հանձնախմբի գործադիր տնօրեն:

-Պարո՛ն Հարությունյան, ո՞րն է եղել  «Միացյալ հայ երիտասարդներ» կազմակերպության ստեղծման շարժառիթը:

-«Միացյալ հայ երիտասարդներ» անկախ կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է 2001 թվականին՝ Լոս Անջելեսի «Little Armenia» թաղամասում նախաձեռնած քայլարշավ-ցույցով:

Ստեղծելով կազմակերպությունը՝ նախ նպատակ ունեինք բարձրաձայնել հայ երիտասարդին հուզող խնդիրները՝ դրանց դրական լուծումներ տալու համար: Այնտեղ, որտեղ հակահայկական տրամադրություններ ենք նկատում, շտապ արձագանքելով՝ հակազդում ենք և համապատասխան  քայլեր ձեռնարկում:

Կազմակերպությունը պայքարում է Հայոց ցեղասպանության, ինչպես նաև այլ ազգերի (Դարֆուր, Սուդան) դեմ տեղի ունեցած անարդարությունների դատապարտման և ճանաչման համար: Գործուն քայլեր ենք ձեռնակում նաև Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի ուղղությամբ: Հասել ենք այն արդյունքին, որ մեր ջանքերով 2014թ. ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Սենատը ճանաչել է Արցախի անկախությունն ու ինքնորոշման իրավունքը։

Շուրջ 10 տարվա իրականացրած աշխատանքերը բազմաթիվ են ու  տարաբնույթ.ինչպես հայտնի է,  Գլենդելում «Ամերիկանա» առևտրի կենտրոնի ղեկավարները մերժեցին Հայոց ցեղասպանության մասին «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի գովազդային պաստառի ցուցադրման համար տարածք տրամադրել, և այս խնդրի լուծման հետ կապված մեր կազմակերպությունը նույնպես մասնակցություն է ունեցել: Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի դեմ ուղղված բողոքի ցույցերն ենք կազմակերպել, մասնակցել ենք Գլենդելի քաղաքապետի ընտրությունների աշխատանքներին և այլն:

Նշեմ նաև, որ  2007 թվականին անվճար հիմունքներով հայկական դպրոց ենք բացել, որտեղ դասավանդվում է հայոց լեզու, հայոց պատմություն, մշակույթ: Դպրոցի աշխատանքներն սկսեցինք  հինգ աշակերտով, իսկ այժմ յոթանասուն աշակերտ ունենք:

 –Արդարության դեմ պայքարում քանի՞ հոգի է ընդգրկված, և ովքե՞ր կարող են ներգրավվել կազմակերպության շարքերում:

-Տարիների ընթացքում կազմակերպության կազմում եղել են տարիքային տարբեր խմբերի, տարբեր երկրներից ԱՄՆ եկած ավելի քան 700 հայ մարդ: Մեր դռները բաց են բոլորի առջև: Պատրաստ ենք աշխատելու մեզ հետ համագործակցել ցանկացող շահագրգիռ բոլոր անհատների և կառույցների հետ:

Մեր սերտ  համագործակցության շրջանակներում է նաև Գլենդելում ՀՀ հյուպատոսությունը:

– Ի՞նչն է Ձեզ առաջ մղում՝ այս աշխատանքները կատարելու:

-Կարծում եմ՝ ամեն ինչ սկսվեց երիտասարդական շարժումից: Մի կարևոր բացթողում կար, որը պետք էր լրացնել: Հարկավոր էր համայնքը համախմբել, հայ երիտասարդներին թույլ չտալ կտրվել իրենց արմատներից, կապվել Հայաստանին՝ այդպիսով նրանց ներգրավելով հայապահպան աշխատանքներում: Եթե մենք՝ երիտասարդներս, նմանօրինակ քայլեր չձեռնարկենք ու պահանջատեր չլինենք, ապա ո՞վ պետք է մեր փոխարեն դա անի:

Այս աշխատանքները կատարելուն շատ է օգնում իրավաբանական կրթությունս: Ի դեպ, կազմակերպության ղեկավարների մեծ մասը իրավաբաններ են:

-Ներկայում ո՞րն է կազմակերպության առաջնահերթ խնդիրը:

– Այժմ մեզ համար օրակարգային է Գլենդելի փողոցներից մեկը Արցախի փողոց վերանվանելու հարցը: Այս ուղղությամբ աշխատանքներ ենք տանում՝ մեր թիկունքում ունենալով Գլենդելի չորս հայ քաղաքական գործիչների աջակցությունը:

Երկու տարի առաջ Գլենդելի ներկայիս քաղաքապետ Վարդան Կարապետյանի հետ կարողացանք հարցը ներկայացնել համապատասխան ատյաններին: Լիահույս եմ, որ մի քանի ամիս հետո կազդարարենք այս կարևոր հարցի իրականություն դառնալու լուրը:

-Պարոն Հարությունյան, ասացեք, խնդրեմ, ինչպիսի՞ զգացողություն է Ձեզ պատում՝ Արցախ ասելիս:

-Համոզված եմ՝ յուրաքանչյուր հայի համար Արցախը սրբավայրն է, որն ամեն գնով պետք է մեր համախմբված աշխատանքի միջոցով պահպանենք:

ԱՄՆ-ից հետևում ենք Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձություններին: Մենք չենք ուզում որևէ տարածք նահանջած տեսնել, այլ մեր սերունդների համար ցանկանում ենք խաղաղ կյանք ապահովել: Գործնական քայլերով պետք է հակառակորդներին ստիպել լռել և ընդունել, որ Արցախը եղել և մնում է հայկական տարածք.Ապրիլյան քառօրյա պատերազմը մեզ շատ բան սովորեցրեց:

-«Միացյալ հայ երիտասարդներ» կազմակերպությունն իր գործունեության ընթացքում Հայաստանի հետ կապը որքանո՞վ է պահպանում:

Մեր ուշադրության կենտրոնում միշտ Հայաստանն է ու հայ ժողովուրդը՝ անկախ այն հանգամանքից, գալիս ենք Հայաստան, թե՝ ոչ: Հուսով ենք՝ հետագայում Հայաստան այցելությունները պարբերական բնույթ կկրեն և համագործակցության դաշտը կսերտացնենք Հայրենիքի հետ:

Մինչ այս մտածել ենք Լոս Անջելեսի հայ համայնքը ավելի զորացնելու և համախմբելու մասին: Մենք մտահոգ ենք Հայաստանի զարգացման համար, ուզում ենք մեր Հայրենիքում դրական շատ փոփոխություններ տեսնել, իսկ այդ գործում կարող ենք հաջողության հասնել միայն համակարգված աշխատանքի շնորհիվ:

Հայաստան կատարած այցելության շրջանակներում հանդիպեցի նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Սփյուռքի նախարարը կարևորեց կազմակերպության ակտիվ, ազգանպաստ գործունեությունը և նշեց, որ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ կատարած բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար է, որ մեր կազմակերպությունն արժանացել է ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրին:

Հարցազրույցը՝ Գևորգ Չիչյանի

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ջինիշյան» հիմնադրամի ներկայացուցիչներին

Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ամերիկյան խորհրդատվական կոմիտեի անդամներին, հիմնադրամի վարչության նախկին անդամներին, նվիրատուներին և հյուրերին՝ գլխավորությամբ հոգաբարձուների խորհրդի անդամ տեր և տիկին Մայքլ և Մարի Հարաթունյանի, Ամերիկայի Երիցական եկեղեցու համաշխարհային առաքելության տնօրեն Վերապատվելի Խոսե Լուիս Քասալի և «Ջինիշյան» հիմնադրամի ամերիկյան գրասենյակի տնօրեն տիկին Էլիզա Մինասյանի: Այս մասին հաղորդում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգից:Խումբը ուխտավորաբար Հայաստան էր ժամանել «Ջինիշյան» հիմնադրամի 50-ամյակի առիթով:

Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ «Ջինիշյան» հիմնադրամը, հաստատվելով Հայաստանում անկախությունից հետո, բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացրել`մեծ աջակցություն բերելով երկրին և ազգին հատկապես դժվարին տարիներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն գնահատանքով արձանագրեց, որ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի և հիմնադրամի միջև առկա է սերտ համագործակցություն, որի շրջանակներում «Ջինիշյան» հիմնադրամն իր կարևոր ներդրումն է բերում Մայր Աթոռի մի շարք ծրագրերին, այդ թվում նաև՝ թեմերում ու հոգևոր կառույցներում իրականացվող կրթական, սոցիալական ու համայնքային զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրերին:

Հանդիպմանը Գարեգին Բ Կաթողիկոսը պատասխանեց հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերություններին ու Հայ Եկեղեցու ընդարձակ գործունեությանը:

Վերջում Վեհափառ Հայարապետը հյուրերին մաղթեց Աստծո օրնությունն ու Սուրբ Հոգու առաջնորդությունը իրենց հանրօգուտ գործունեության մեջ:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն, հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի խորհրդատվական կոմիտեի ատենապետ Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանը:

Հյուրերն այցելեցին նաև Մայր Աթոռի թանգարանները և մասնակցեցին նաև Պատարագի Սրբազան արարողությանը:

 

Քարվաճառում վերանորոգվում է մշակույթի տունը. նախատեսվում է նաև արվեստի կենտրոն կառուցել

«Արցախպրես»-ի  թղթակցի հետ զրույցում Քարվաճառի մշակույթի կենտրոնի, երիտասարդության հարցերի կազմակերպիչ Տաթև Վիրաբյանն ասել է, որ վերանորոգման աշխատանքներն իրականացվում է ԱՄՆ-ում գործող «Արարատ» հիմնադրամի և «Պատիվ» կազմակերպության համաֆինանսավորմամբ:

«Բարերարները պատրաստակամություն են հայտնել ֆինանսական միջոցներ տրամադրել մշակույթի տան կապիտալ վերանորոգման համար, որտեղ կապահովվի ժամանակակից պայմաններ, ինչպես նաև շենքի հարևանությամբ նախատեսվում է կառուցել արվեստի կենտրոն, որտեղ երեխաները տարբեր խմբակներ կհաճախեն»,-ասել է Տ. Վիրաբյանը և հավելել, որ նշված աշխատանքների նախագծերն արդեն պատրաստ են: Խոսելով ներկայումս տարվող աշխատանքների մասին՝ Տ. Վիրաբյանն տեղեկացրել է, որ առաջին փուլով նախատեսված է մշակույթի տան տանիքի վերանորոգումը: «Վերանորոգման աշխատանքներն իրականացվելու են փուլերով և հույս ունենք, որ ամեն ինչ կընթանա նախատեսվածի համաձայն»,- նշել է Տ. Վիրաբյանը:

 

Անցած շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1100 կրակոց.ՊԲ

Ինչպես հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հոկտեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ:

Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1100 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

 

Varsity.Փարաջանովն աշխարհի ամենամեծ վիզուալ բանաստեղծներից է

Բրիտանական Varsity թերթը հոկտեմբերի 7-ին հոդված է հրապարակել ԽՍՀՄ ամենագեղեցիկ ֆիլմերի մասին, որտեղ հատուկ տեղ է հատկացված Սերգեյ Փարաջանովի աշխատանքներին.նա համարվում է աշխարհի ամենամեծ վիզուալ բանաստեղծներից մեկը: Այս մասին տեղեկանում ենք www.panarmenian.net կայքից:

«Փարաջանովը ծնվել է խորհրդային Թբիլիսիում, հայկական ընտանիքում: ԽՍՀՄ-ում կինեմատոգրաֆիստի կարիերա սկսելուց առաջ, նա դարձել է քնարական կինոյի հիմնադիրը: Սոցռեալիզմի անտեսումը, ինչպես նաև Փարաջանովի անսովոր կենսակերպը, հանգեցրին նրան, որ ռեժիսորի գրեթե բոլոր աշխատանքներն արգելվեցին ԽՍՀՄ-ում», -ասվում է հոդվածում:

Հոդվածի հեղինակը խոստովանում է, որ կրկին վերանայել է Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերներն» ու «Նռան գույնը» և վերջինը համարում է ռեժիսորի ամենաազդեցիկ ու վիճահարույց աշխատանքը:

Ռուբէն Նաճարեանի «Գոյնէն անդին» ցուցահանդեսը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հոկտեմբերի 9-ից ներկայացնելու է Ռուբէն Նաճարեանի «Գոյնէն անդին» անհատական ցուցադրությունը։ Թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ,  «Գոյնէն անդին» ցուցադրանքում ընդգրկված է Ռուբէնի ստեղծագործական վերջին ժամանակաշրջանի (1990-2015 թթ.) ընթացքում ստեղծված մատիտանկար աշխատանքների մի փունջ։

Ռուբէնի գծանկարներն առանձնանում են իրենց ինքնատիպ ոճով թե՛ իրականությունը պատկերելու յուրօրինակ մոտեցմամբ` աշխարհը ներկայացնելով նոր հայացքով, թե՛ իր գործածած նյութով` մատիտով։ Արվեստագետը ներկայացնում է իր գծանկարները որպես ավարտուն ստեղծագործական նկարներ։

Ռուբէն Նաճարեանն ապրում և ստեղծագործում է Փարիզում։ Գեղարվեստական նախնական կրթությունը ստացել է Բեյրութում (ներքին դիզայն մասնագիտությամբ), ապա տեղափոխվել է Փարիզ՝ ուսումը շարունակելու։

Ռուբէնը մասնագիտացել է նկարչության և որմնանկարչության ճյուղերում։ Ունի նաև արվեստի պատմության վկայական։ Նա արժանացել է Henri Lehmann նկարչական մրցանակին Institut de France-ի կողմից: Տարիներ շարունակ ստեղծագործելով այս ոլորտներում, հեղինակել է բազմաթիվ աշխատանքներ Ֆրանսիայում, Պարսից ծոցի երկրներում, Սինգապուրում և Բրունեյում։

Իր ջրանկարներով, յուղանկարներով և գծանկարներով Եվրոպայի տարբեր քաղաքներում հանդես է եկել հավաքական և անհատական ցուցահանդեսներով։ 1990-ից ի վեր Ռուբէնը կենտրոնացել է մատիտանկար գծանկարների վրա։

Ցուցադրության համադրողն է Նայիրի Խաչատուրեանը։ Այն կշարունակվի մինչև 2018 թ. փետրվարի 9-ը։

 

 

«Հայապահպանության առաջին և կարևոր նախապայմանը հայոց լեզուն օտար ափերում չկորցնելն է». Եվգինե Ղարիբյան

ՀՀ սփյուռքի նախարարությունը միշտ ըստ արժանվույն է գնահատում Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների ծավալած ազգանպաստ գործունեությունը. օրերս  ՀՀ սփյուռքի նախարարը «Մեսրոպ Մաշտոց» մեդալով պարգևատրեց Բոստոնի «Հայկական անկախ ձայնասփյուռ» ռադիոժամի տնօրեն տիկին Եվգինե Ղարիբյանին, ում հետ «Հայերն այսօր»-ի համար զրուցեցի ռադիոժամի հիմնադրման, 37 տարի ծավալած գործունեության և այլ հարցերի շուրջ:

-Տիկի՛ն Ղարիբյան, շնորհավորում եմ Ձեր և Ձեր երջանկահիշատակ ամուսնու՝  ռադիոժամի հիմնադիր Ժիրայր Ղարիբյանի ջանքերով ստեղծված ու երբեք չդադարող ձայնասփյուռի հայանպաստ հաղորդումների համար մեդալով պարգևատրվելու առիթով:

-Անչափ շնորհակալ եմ շնորհավորանքի համար, շնորհակալ եմ տիկին Հրանուշ Հակոբյանին՝ այս  թանկ  ու պարտավորեցնող պարգևատրման համար. շատ թանկ է  հենց միայն  նրա համար, որ  Մեսրոպ Մաշտոցի անվամբ է կոչվում: Հայաստան-Սփյուռք  գործակցության զարգացմանը նշանակալի ծառայություններ մատուցելու և Սփյուռքում մայրենի լեզվի անաղարտության պահպանման գործում ունեցած մեծ ներդրման համար ՀՀ սփյուռքի նախարարը 2016թ. ինձ պարգևատրել է նաև «Մայրենիի դեսպան» մեդալով: Իհարկե, մենք աշխատում ենք սիրով, առանց ակնկալիքների, սակայն, անշուշտ, հաճելի է, որ Հայրենիքը գնահատում է մեր աշխատանքը:

Դուք Հայաստան եք եկել կարևոր առաքելությամբ՝ մասնակցելու Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին. ի՞նչ եք կարծում, այս համաժողովը դրական արդյունքներ կգրանցի՞ արդյոք Հայաստան-Սփյուռք  համագործակցության, կապերի առավել զարգացման  առումով:

-Հավատում եմ, որ շոշափելի արդյունքներ կգրանցվեն: Շատ լավ էր կազմակերպված համաժողովը: Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ բոլորը սիրով էին  մասնակցում:

-Ո՞ր  թեմաներն  էին  Ձեզ առավել սրտամոտ:

-Հայապահպանության խնդիրներին առնչվող թեմաները, որովհետև այս հարցն օրեցօր դժվարանում է. դրսում ապրող ընտանիքների ծնողները ցանկանում են, որ իրենց երեխաները լավ տիրապետեն անգլերենին, և կամաց-կամաց  հայկական ընտանիքներն անգլախոս են դառնում: Հայկական դպրոցները վճարովի են, ուսման վարձն էլ թանկ է, դրա համար շատե՛րն են իրենց երեխաներին ուղարկում անվճար հիմունքներով  գործող ամերիկյան դպրոցներ: Հայապահպանության առաջին և կարևոր նախապայմանը հայոց լեզուն  օտար ափերում չկորցնելն է:

-Տիկի՛ն Ղարիբյան, խոսենք Ձեր՝ Բոստոնում հաստատվելու, ռադիոժամի ստեղծման պատմության և նրա երկարամյա գործունեության մասին:

– Ամուսինս ծնվել է Իրաքում, 1959-ին մեկնել է Լոնդոն՝ ամբողջացնելու իր համալսարանական կրթությունը, որն ավարտել է 1964-ին, այնուհետև, գործի բերումով, գնացել է Պարսկաստան և գործուն մասնակցություն ունեցել ՀՅԴ  պատանեկան միությունների ազգային-գաղափարական դաստիարակության աշխատանքներին: Նա հիմնադրել է և եղել «Ալիք պատանեկան»-ի գլխավոր խմբագրի տեղակալը: 1975-ին հրավիրվել է  Ամերիկայի արևելյան շրջանի ՀԵԴ-ի կողմից և մինչև կյանքի վերջ հաստատավել Բոստոնում:  Իմ մասին՝ ես ծնվել եմ Պարսկաստանում, գնացել եմ՝ սովորելու Լոնդոնում, որտեղ էլ հանդիպել եմ ապագա ամուսնուս՝ Ժիրայր Ղարիբյանին. այն ժամանակ Լոնդոնում  շատ քիչ հայություն կար, բայց մենք կարողացանք  հայերի մի լավ թիմ կազմել, միասին համագործակցել, հայապահպանական գործունեություն ծավալել: Նրա մահից հետո՝ արդեն  26  տարի, ես եմ ղեկավարում ռադիոն: Ամուսինս մասնագիտությամբ  լրագրող չէր, սակայն հետագայում՝ 1977-ին, ընդունվեց ու ավարտեց Բոստոնի համալսարանի լրագրության բաժինը՝ ստանալով մագիստրոսի տիտղոս:  1980-ի հոկտեմբերին  նա հիմնադրել է Բոստոնի «Հայկական անկախ ձայնասփյուռ» ռադիոժամը, որի համար ինքը գրել ու վարել է բազմաթիվ հաղորդումներ:  ժիրայր Ղարիբյանը  նաև գրքերի, բանաստեղծությունների, մշակութային, քաղաքական բազմաթիվ հոդվածների հեղինակ է: Մեր ռադիոժամի մասին՝ ունենք 5 հոգանոց վարչություն, խոսնակներ, նյութականի հետ երբեք կապ չենք ունեցել, ամուսինս չէր սիրում գործ ունենալ այդ մասի հետ, մերը միայն ստեղծագործական աշխատանքն էր, ծրագրեր կազմելը, հաղորդումներ պատրաստելն ու սփռելը, և այդ ամենն՝ անվճար, կամավոր հիմունքներով: Մեր տունը դարձել էր ռադիոստուդիա. ովքեր ասեք՝ չեն եղել մեր ստուդիայում՝  Համո Սահյանը, Սիլվա Կապուտիկյանը, Վահագն Դավթյանը, Հակոբ Կարապենցը, երգչուհի Մելանյա Աբովյանը, ասմունքող Սիլվա Յուզբաշյանը  և այլոք:   Հյուրընկալել ենք նաև ՀՀ սփյուռքի նախարար հարգարժան Հրանուշ Հակոբյանին: Շաբաթական մեկ անգամ մեկուկես ժամով հեռարձակվող մեր  ռադիոն ունի լուրերի բաժին, գրական-գեղարվեստական, մանկապատանեկան հաղորդումներ: Չենք կարող ավելի մեծ հաճախականությամբ և ավելի շատ ժամաքանակով հեռարձակել մեր հաղորդումները, որովհետև  վարձը  շատ թանկ է: Ասեմ, որ մեկուկես ժամից 15 րոպեն անգլերենով են հեռարձակվում հաղորդումները, որպեսզի մեր ռադիոյի միջոցով հային ու Հայաստանը ծանոթացնենք նաև օտարներին. նրանց շարքում մենք ունենք օտարերկրացի, անգլալեզու բազմաթիվ ունկնդիրներ:

-Ի՞նչ  հաճախականությամբ եք  գալիս Հայաստան:

-Երկու տարին մեկ գալիս եմ Հայաստան, այստեղ է հուղարկավորված երջանկահիշատակ ամուսինս՝ լրագրող, խմբագիր, ազգային գործիչ Ժիրայր Ղարիբյանը: Նա միշտ ասում էր, որ  մահից հետո իրեն անպայման Հայրենիք բերենք, ասում էր՝ ես ոչինչ չեմ ուզում, ընդամենը՝ մի փայտե խաչ…Վահագն Դավթյանի խորհրդով նրան հուղարկավորեցինք Հայրենիքում: Ես երկու թանկ արժեքներ ունեմ այստեղ՝ Հայրենիքս և ամուսնուս շիրիմը:

-Դե ինչ, հարգարժա՛ն տիկին Ղարիբյան, հաջողություն  և երկարակեցություն եմ մաղթում «Հայկական անկախ  ձայնասփյուռ»  ռադիոժամին՝ ակնկալելով, որ այդ  ձայնն օտար ափերում միշտ արթուն ու հայեցի  կպահի հայի հոգին, ինչպես նաև՝ Հայաստան-Սփյուռք հաջորդ համաժողովին Դուք ևս կունենաք Ձեր գործուն մասնակցությունը:

Կարինե  Ավագյան

 

 

Քաշաթաղում մերձարևադարձային մրգերի աճեցման հաջողված փորձի պտուղները ներկայացվել են Բերքի տոնին

 Հոկտեմբերի 8-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված «Բերքի տոնին» ներկայացվել են Քաշաթաղի շրջանի Քաշունիք համայնքում մերձարևադարձային մրգերի աճեցման հաջողված փորձի պտուղները:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Քաշունիք համայնքի ղեկավար Լևոն Մովսիսյանն ասել է, որ էկզոտիկ մրգերից առաջինի՝ կիվանոյի սերմերը, որի հայրենիքն Աֆրիկան է, բերվել են արտերկրից:

Անսովոր և էկզոտիկ միրգը նման է վարունգի, ունի փշածածկ տիրույթ: Կիվանոյի միջուկը վառ կանաչ ժելեանման զանգված է` վարունգի և սեխի նման սերմերով: Կիվանոն օգտագործում են ինչպես հում, այնպես էլ մարինացված տարբերակով: Այն թթու են դնում, պատրաստում կոմպոտներ: Բույսի մշակման մասին առավել լայն տեղեկատվություն, ըստ համայնքի ղեկավարի, գյուղացիները ստացել են համացանցից:

«Փորձը հաջողություն է ունեցել և այժմ մշակողները այլ տեսականիներ են փորձարկում, որոնց առաջին արդյունքները դրական են»,- ասել է Լ. Մովսիսյանը և հավելել, որ տեղանքը նպաստավոր է՝ եղանակային պայմանների առումով:

 

 

 

Scroll Up