Կառավարությունը շահագրգռված է ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդները կկարողանան դրսևորվել ու մասնակցել երկրի զարգացման գործին. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել Երևանում «Ազգային մրցունակություն. Ձևավորի՛ր առավելությունդ» խորագրով անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի «Shape Eurasia-2017» համաժողովի աշխատանքներին:
Ողջունելով համաժողովի անցկացումը մեր երկրում՝ վարչապետը գոհունակությամբ է նշել, որ «Global Shapers» երևանյան կենտրոնը գործունեության 5 տարիների ընթացքում կայացել է ու պատիվ ունի հյուրընկալել համաժողովի մասնակիցներին: «Արդեն 47 տարի է Համաշխարհային տնտեսական ֆորումը ստեղծել է այս հարթակը, որտեղ տնտեսական, գործարար միջավայրում քննարկվում է, թե ինչպես ունենալ ավելի բարեկեցիկ և զարգացող աշխարհ: Սա այն հարթակն է, որտեղ ձևավորվում են այսօրվա օրակարգը, նորարարական թրենդները, ինչպես օրինակ՝ չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը կամ առաջիկա Davos 2018-ի գլխավոր թեման: Կարծում եմ՝ դուք ունեք ֆանտաստիկ հեռանկարներ, բոլորդ երիտասարդ եք, լի էներգիայով, ինքներդ ձևավորել եք ձեր եսը և հանդիպելով այստեղ՝ կարող եք մտքեր, փորձ փոխանակել, ձևավորել կապեր ու մասնակցել այսօրվա օրակարգերին, ձևավորել վաղվա օրը»,- նշել է Կարեն Կարապետյանը: Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը չափազանց շահագրգռված է ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդները կկարողանան դրսևորվել, լինել հաջողակ, մասնակցել սեփական երկրի զարգացման գործին:
Այնուհետև վարչապետ Կարապետյանը համաժողովի մասնակիցներին հյուրընկալել է կառավարությունում, պատասխանել նրանք հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են հայկական սփյուռքին, համաշխարհային տնտեսության միտումներին, մարտահրավերներին, Հայաստանում իրականցվող բարեփոխումների ուղղություններին և այլն: Համաժողովի մասնակիցները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության, «Shape Eurasia-2017»-ի անցկացմանն աջակցելու համար և Կարեն Կարապետյանին շնորհել «Global Shapers»-ի պատվավոր անդամի կոչում:
Համաշխարհային տնտեսական ֆորումի նախաձեռնությունը համարվող «Global Shapers Community»-ի նպատակն է համախմբել երիտասարդ առաջնորդներին «աշխարհում իրավիճակը բարելավելու» գաղափարի շուրջ: Այն կազմակերպված է ցանցային կենտրոնների ձևաչափով, որոնց գործունեությունը միտված է տեղական ազդեցություն ունեցող ծրագրերի ստեղծմանը: «Shaper»-ների համայնքը ներառում է աշխարհի 170 երկրներից ավելի քան 6800 երիտասարդ առաջնորդների:

Գյումրիի դոմիկներում ապրող 31-րդ ընտանիքը տուն ստացավ

Դոմիկում Պետրոսյանների վեցհոգանոց ընտանիքն ապրում է արդեն 22 տարի։ Ընտանիքի հայրը՝ Սամվել Պետրոսյանը, զբաղվում է մրգի և բանջարեղենի սեզոնային առևտրով։ Ընտանիքի մայրը՝ Մարիամը, չի աշխատում։ Ավագ որդին՝ Նարեկը, նոր է վերադարձել Արցախի Եղնիկներում ծառայությունից։ Դուստրը՝ Լիանան, ամուսնալուծությունից հետո վերադարձել է հայրական տուն՝ մեկամյա դստեր՝ Ֆլորայի հետ։ Ընտանիքի վեցերորդ անդամը դպրոցական Կարենն է։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գերմանիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ ընտանիքին անակնկալ էր պատրաստել՝ սեփական բնակարան Մուշ 2 2 թաղամասում։ Սեպտեմբերի 25-ին Գերմանիայի տեղական մարմնի ներկայացուցիչները՝ Ժիլբեր Մոմջայնի գլխավորությամբ, անձամբ հանձնեցին նոր բնակարանի բանալիները ընտանիքին։

Պետրոսյանների ընտանիքը 31-րդ ընտանիքն է Գյումրիում, որ դոմիկից տուն է տեղափոխվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ Հիմնադրամը Գյումրիի տնակներում ապրող ընտանիքներին բնակարաններով է ապահովում 2014-ից։ Ընտանիքների վերաբնակեցումը հնարավոր է դարձել 2014-ին Լոս Անջելեսում կայացած Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքագրված ամբողջ գումարի, հետագայում կատարված դրամահավաքների, անհատ բարերարների հանգանակությունների, ինչպես նաև Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ֆինանասավորման շնորհիվ։

Ադրբեջանի սև ցուցակում հայտնված թուրք գործիչները մեկնաբանել են Արցախ կատարած այցը

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Արցախի Հանրապետություն այցելած թուրք պատգամավոր Ուֆուք Ուրասի, գրող Սաիթ Չեթինօղլուի, լրագրող և գրողներ Ալի Բայրամօղլուի և Էրոլ Քաթըրջըօղլուի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացրել։ Նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, միաժամանակ այդ անձինք ներառվել են Ադրբեջանի սև ցուցակում։

Ուֆուք Ուրասը Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքին տված հարցազրույցում թեմայի վերաբերյալ հետևյալն է պատմել․

«Բաքվից զանգեցին ու հարցրեցին՝ թույլտվություն ստացե՞լ ենք, թե՞ ոչ։ Ես էլ պատասխանեցի, որ մենք այնտեղ փշալարերի վրայով անցնելով չենք գնացել, իսկ ճանապարհին ոչ ոք ոչինչ չի հարցրել։ Չեմ հասկանում, թե ինչու են հատկապես մեր նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերում, այն դեպքում, երբ տարբեր երկրներից զբոսաշրջիկների խմբեր և ԱՄՆ-ի կոնգրեսի պատվիրակություններ են գալիս-գնում Ղարաբաղ»։

Իսկ Ալի Բայրամօղլուն ասել է․

«Ղարաբաղ գնալիս ենթադրում էինք իհարկե, որ կծագեն խնդիրներ, բայց ավելի շատ դա սպասում էին Թուրքիայի ազգայնական շրջանակների կողմից։ Մինչդեռ նման արձագանք ստացվեց Ադրբեջանի կողմից։ Իրականում անհրաժեշտ է, որ Անկարան Բաքվին ուղղված հստակ հայտարարություններ անի՝ ի պաշտպանություն իր քաղաքացիների։ Մինչդեռ արտգործնախարարությունը նախընտրեց աչք փակել այս իրավիճակի վրա։ Կցանկանայինք, որ Բաքվում Թուրքիայի դեսպանն ավելի հստակ մոտեցում ցուցաբերեր»։

Բայրամօղլուի խոսքով՝ կալանավորման որոշման մասին հայտարարած ադրբեջանցի դատախազը հայտարարել էր, թե Ղարաբաղ այցելած վերոնշյալ քաղաքացիները հայամետ են, աջակցում են «Քուրդիստանի բանվորական» կուսակցությանը (ՔԲԿ-PKK) և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության անկախացմանը։ Թուրք գրողի խոսքով՝ ինտերպոլի միջոցով իրենց վերաբերյալ միջազգային հետախուզում հայտարարված լինելու պատճառով որոշ երկրներ այցելելը վտանգավոր է դարձել, քանի որ այդ երկրները կարող են նրանց արտահանձնել Ադրբեջանին։ Այդ պատճառով Բայրամօղլուն հարկադրված է եղել չեղարկել նախօրոք պլանավորված իր այցելությունը Բեյրութ։

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել՝ զգուշացնելով իր քաղաքացիներին՝ զերծ մնալ «Հայաստանի կողմից օկուպացված» Ղարաբաղի տարածք առանց Ադրբեջանի թույլտվության այցելելուց։

Աղբյուր`    Ermenihaber.am

Վիրահայոց թեմի երգչախմբերը մասնակցեցին «Երգում ենք Կոմիտաս» փառատոնին

2017 թվականի սեպտեմբերի 25-28-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և հովանավորությամբ տեղի ունեցավ «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնը: Փառատոնին մասնակցեցին Հայաստանից, Արցախից և աշխարհի 12 երկրներից ժամանած երգչախմբեր և մենակատարներ:

Վիրահայոց թեմի մշակույթի բաժինը, առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ և հայրական բարեմաղթանքով, փառատոնին ներկայացավ թեմի հովանու ներքո գործող երեք երգչախմբերով: Դրանք են Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու Մակար Եկմալյան երգչախումբը խմբավար Սվետլանա Տատոևայի և դաշնակահար Կարեն Միրզոյանի, «Հայարտուն» կենտրոնի «Սուրբ Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախումբը Մարիա Աբուլյանի և Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի «Աղբյուր» երգչախումբը խմբավար Ռուզաննա Օվանիսյանի գլխավորությամբ:

Վիրահայոց թեմի երգչախմբերի մասնակցությունը համակարգում էին մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը և արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը:

Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնի «Աղբյուր» երգչախումբը պատիվ ունեցավ ելույթ ունենալու փառատոնի բացմանը նվիրված համերգին:

Վիրահայոց թեմի երեք երգչախմբերը Կոմիտասի ստեղծագործությունների արհեստավարժ կատարումներով հանդես եկան Վանաձորում, Գյումրիում և Երևանում, ամենուրեք արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:

«Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի յուրաքանչյուր օրը հագեցած էր ու հետաքրքիր: Երգչախմբերի անդամները ծաղիկներ խոնարհեցին անմահ երգահանի շիրիմին, այցելեցին Կոմիտասի տուն-թանգարանը, Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգեցին Ծիծեռնակաբերդում, եղան Ցեղասպանության թանգարանում, այցելեցին Սերգո Փարաջանովի տուն-թանգարան:

Սեպտեմբերի 28-ին Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում Վիրահայոց թեմի Մակար Եկմալյան և Սուրբ Ներսես Շնորհալի երգչախմբերը մասնակցեցին փառատոնի փակմանը նվիրված գալա-համերգին:

Հանրագումարելով «Երգում ենք Կոմիտաս» փառատոնի օրերը, ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը արժևորեց այն մեծ դերը, որ կատարում են այս փառատոները աշխարհասփյուռ հայությանը մայր հայրենիքին մոտեցնելու, հայի ինքնությունը պահպանելու և ազգային մշակույթը զարգացնելու գործում: Փառատոնը դարձավ տպավորիչ և անմոռանալի մասնակից երգչախմբերի համար: Փոխնախարար Սրապիոնյանը երգչախմբերի խմբավարներին հանձնեց փառատոնին մասնակցության հավաստագրեր:

«Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնն ավարտվեց Առնո Բաբաջանյանի «Ազգ փառապանծ» երգի համատեղ կատարմամբ:

Համահայկական փառաատոնի օրերը վիրահայ երգչախմբերի համար ավարտվեցին Սևանավանք կատարած ուխտագնացությամբ:

http://armenianchurch.ge

Օտարերկրացիները ցանկանում են «Մեղրի» ազատ տնտեսական գոտում ներդրումներ կատարել երկու ուղղություններով

Օտարերկրյա ներդրողները հետաքրքրված են գործունեություն ծավալելու «Մեղրի» ազատ տնտեսական գոտում։  Երևանում կայացած հանդիպման ժամանակ նրանք այդ մասին հայտնել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին: Հանդիպմանը մասնակցել է նաև Արա Աբրահամյանը:

Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ներդրողները նշել են, որ հետազոտություն կատարելով ստեղծվող ԱՏԳ-ի վերաբերյալ եզրահանգել են, որ այն շատ գրավիչ է ներդրումներ կատարելու տեսանկյունից։

Գործարարների խոսքով՝  հայկական ազատ տնտեսական գոտին կարող է որպես միջանցք հանդես գալ Իրանի, ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև: Նրանք  պատրաստակամություն են հայտնել ներդրումներ կատարելու երկու ուղղություններով` արտադրական ձեռնարկություն և ժամանցային ծառայություններ։

Համահայկական խորհուրդը կյանքի կկոչվի մինչև 2018 թվականի մայիս. Հրանուշ Հակոբյան

Համահայկական խորհուրդը կյանքի կկոչվի մինչև 2018 թվականի մայիս։ Ներկայումս մեխանիզմներն են մշակվում։ Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Հարցին՝ խորհուրդը մե՞կ, թե ավելի նախագահներ կունենա, նախարարը պատասխանեց. «Քննարկման փուլում է, բոլորի փոխարեն չեմ կարող պատասխանել»։

Դիտարկմանը, որ սփյուռքահայերը դժգոհում են՝ համարելով, որ նման մեծ կառույցը չի կարող ղեկավարվել մեկ անձի կողմից, Հրանուշ Հակոբյանը նշեց. «Տարբեր կարծիքներ կան, ես չեմ կարող մեկի կարծիքն ընդունել հիմք և ասել՝ համամիտ եմ կամ ոչ։ Կա հանձնախումբ, հանձնախումբն աշխատում է»։

Իսկ հավաստի՞ են խոսակցությունները, որ հնարավոր է՝ խորհուրդը ղեկավարվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, հետաքրքրվեցին ներկաները։

«Նորից եմ կրկնում՝ որևէ մեկը դեռ չի որոշել՝ ինչպիսի մեխանիզմով և ովքեր են լինելու։ Երբ կհավաքվենք, կճշտենք՝ ովքեր են ներսում նոր կորոշեմ ինձ համար ընդունելի թեկնածուններին»,-հավելեց նա։

«Արենի» փառատոնին ընդառաջ՝ մեկնարկել է հայկական շուրջ 100 տեսակի գինիների համտես-մրցույթ

«Արդեն 9-րդ անգամ մենք կազմակերպում ենք «Արենի» գինու փառատոնը, որի շրջանակում այս տարի ունենք պատվավոր հյուրեր և առաջին անգամ Երևանի գինու ակադեմիայի հետ համատեղ անցկացնում ենք չափազանց կարևոր միջոցառում՝ գինիների համտես-մրցույթ, որը նպաստում  է հայկական գինու զարգացմանը և ճանաչելիությանը»,- գյուղնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝  այսօր ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է «Արենի» փառատոն հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը։

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, կարևորելով գինու փառատոնի անցկացումը, ընդգծել է. «Շատ ուրախ ենք, որ այս տարի Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ կարող ենք  փոքր-ինչ թեթևացնել փառատոնի կազմակերպիչների հոգսը՝ առավել պրոֆեսիոնալ և ներկայանալի դարձնելով այն: Հուսանք, որ տարեցտարի այն առավել հաջողված կլինի: Նման միջոցառումները նպաստում են ոչ միայն հայկական գինիների ճանաչելիության բարձրացմանը, այլև օգնում են զարգացնել գինու մշակույթը ներքին շուկայում, վերականգնել գինի խմելու երբեմնի տարածված ավանդույթը Հայաստանում: Մենք հրավիրել ենք նաև գինու ոլորտը լուսաբանող միջազգային առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների, որոնց փառատոնի շրջանակներում կներկայացնենք մեր մշակույթը:  Գինեգործության զարգացման համար չափազանց կարևոր են նաև համտես-մրցույթները, բարձր ճանաչում ունեցող գինու մասնագետների կարծիքները և գնահատականները հայկական գինիների որակի վերաբերյալ»:

Համտես-մրցույթի ընթացքում հայկական գինիները գնահատել են գինու միջազգային  առաջատար փորձագետներ Գերմանիայից, Ֆրանսիայից,  Հունաստանից և Ֆինլանդիայից:

Մասնավորապես գերմանացի գինեգործ Քրիստիան Քլոսը բարձր է գնահատել հայկական խաղողի յուրահատուկ տեղածին սորտերի բազմազանությունը` նշելով. «Շատ երկրներ գինու արտադրության մեջ օգտագործում են աշխարհում հայտնի ու տարածված սորտեր, մինչդեռ Հայաստանում գինեգործության մեջ շեշտը դրվում է էնդեմիկ սորտերի վրա՝ ընդգծելով հայկական գինիների յուրահատկությունը: Նաև ողջունում եմ աշխարհի տարբեր երկրներում կրթություն ստացած հայ երիտասարդ  մասնագետներին, որոնք վերադարձել են հայրենիք՝ տեղում գինեգործությունը զարգացնելու նպատակով»:

Երևանի գինու ակադեմիայում դեռևս շարունակվում է հայկական 21 գինեգործական ընկերությունների շուրջ 100 տեսակի գինիների համտեսը, որի արդյունքները կամփոփվեն վաղը՝ հոկտեմբերի 7-ին,  «Արենի» փառատոնի ընթացքում:

Նախագահն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավորությունները, այդ թվում ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման վերաբերյալ հարցերը, անդրադարձել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակին:

Հանդիպման մասնակիցները կարևորել են հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը:

Տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Հոկտեմբերի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահեց նախարար Հրանուշ Հակոբյանը:

ՀՀ սփյուռքի նախարարն ընդգծեց, որ Սիրիայում ընթացող պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի խնդիրները մշտապես գտնվել են Հայաստանի Կառավարության ուշադրության կենտրոնում: «Սիրիահայերի հետ մեր ամենօրյա աշխատանքի ընթացքում նկատեցինք, որ վերջիններս բավարար չափով տեղեկացված չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, լավ չգիտեն իրենց իրավունքներն ու պարտականությունները: Ուստի որոշեցինք Սիրիայից և այլ հակամարտության վայրերից Հայաստան տեղափոխված անձանց համար կազմել հաճախ տրվող իրավական հարցերի տեղեկատվական ձեռնարկ: Այն իրականացրինք ԱՄՆ պետդեպարտամենտի բնակչության, փախստականների և միգրացիայի բյուրոյի կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցով», – նշեց նախարարը:

Այնուհետև սիրիահայերին ցուցաբերած աջակցության և նախատեսվող ծրագրերի մասին զեկուցեց ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը: Պարոն Եորդեկյանը նշեց, որ սիրիահայ ուսանողների վարձավճարների փոխհատուցման ծրագիրը ՀՀ Կառավարության և այլ կառույցների հետ համագործակցաբար կշարունակվի նաև 2017-2018թթ. ուսումնական տարում:

«ԱՄՔՈՐ Հայաստան» հիմնադրամի սիրիահայերի աջակցության ծրագրերի համակարգող Անահիտ Գասպարյանը խոսեց իրենց հիմնադրամի կողմից սիրիահայերին տրամադրվող աջակցության մասին:

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը ներկայացրեց Երևանի դպրոցներում սիրիահայ երեխաների ինտեգրման գործընթացի ներկա վիճակը: Նա տեղեկացրեց, որ հատուկ ուշադրություն է դարձվում տարբեր միջոցառումներում սիրիահայ երեխաներին ընդգրկելու հարցին:

Քննարկվեց երևանյան որոշ դպրոցներում արևմտահայերենի դասընթացներ կազմակերպելու հարցը:

Սիրիահայ երեխաների ամառային հանգստի կազմակերպման մասին զեկուցեց Սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը: Անդրադառնալով կազմակերպչական աշխատանքներին՝ զեկուցողն ասաց, որ ամեն տարի՝ ամառային ճամբարների նախաշեմին Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ հանդիպումներ են կազմակերպվում գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվում են ճամբարների կազմակերպման հարցում համագործակցության հնարավոր տարբերակները: «Այս տարի սիրիահայ երեխաները հանգստացան «Արի տուն» ծրագրի շրջանակներում իրենց համար կազմակերպված ամառային ճամբարում, ինչպես նաև Սևանի, Հանքավանի «Արագած» և «Շողիկ», Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի «Գուգարք» ճամբարներում: Ընդհանուր առմամբ 2017թ. կազմակերպվեց 171 սիրիահայ երեխայի հանգիստը», – նշեց Անտոնյանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց Հայաստանի տարբեր ճամբարներում սիրիահայ երեխաների հանգստի կազմակերպումը՝ նշելով, որ այն նպաստում է նրանց հոգեկան և ֆիզիկական առողջության ամրապնդմանը, մտավոր զարգացմանը և բերկրանքի պահեր է  հաղորդում երեխաներին:

Նախարարը շնորհակալություն հայտնեց գործընկեր կառույցներին, ովքեր այս տարիների ընթացքում մշտապես եղել են սիրիահայ երեխաների կողքին և հորդորեց վերջիններիս գալիք տարվա բյուջեն կազմելիս՝ նախատեսվող ծրագրերում ընդգրկել առանձին բաղադրիչ՝ սիրիահայ երեխաների ամառային ճամբարների կազմակերպման համար:

Սփյուռքի նախարարն ընդունեց Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդին և «Երևան» թերթի գլխավոր խմբագրին

Հոկտեմբերի 6-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանին և Բուլղարիայի ամենահին «Երևան» հայալեզու թերթի գլխավոր խմբագիր, Բուլղարիայում Հայ Դատի համանախագահ  Վարդանուշ Թոփաքաշյանին:

Ողջունելով հյուրերին՝  Սփյուռքի նախարարը բարձր գնահատեց նրանց համայնքային ակտիվ, հայապահպան գործունեությունը: «Հայաստանի հզորացումը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, հայապահպանությունը, եկեղեցու շուրջ համախմբումը, սիրիահայերի խնդիրները այսօր մեզ համար դարձել են համահայկական հիմնախնդիրներ, որոնց լուծման համար պիտի համախմբենք համայն հայության ներուժն ու հնարավորությունները: Այս ամենի համար նախևառաջ համախմբված և միասնական պիտի լինեն Սփյուռքի հայկական հազարավոր համայնքները, ուստի կոչ եմ անում ձեզ ճանաչել, վստահել միմյանց, համայնքից հեռացածներին նորից բերել դեպի հայկական միջավայր, ստեղծել ջերմ մթնոլորտ, հաճախ կազմակերպել հավաքներ, միջոցառումներ, հնչեցնել մայրենի լեզուն, հայկական երգն ու պարը»,-նշեց Հրանուշ Հակոբյանը: Նախարարը հյուրերին ներկայացրեց նաև Սփյուռքի նախարարության 2018 թվականի ծրագրերը. «Հաջորդ տարի մենք նշում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը, և մեր բոլոր ծրագրերը նվիրված են լինելու հայոց հաղթական պատմության այս ընթացքին: Չեմ կարող չխոսել «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի մասին, որին նախորդ անգամ մասնակցեց շուրջ 1500 սփյուռքահայ աշխարհի  16 երկրից, մյուս տարի, վստահ եմ, մասնակիցների թիվն ու աշխարհագրությունն ավելի կընդլայնվեն: «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերը ևս կշարունակեն իրենց առաքելությունը: Իսկ ահա մոտ ապագայում տեղի կունենա Սրտաբանության եվրակովկասյան համաժողովը, մեծ շուքով կնշվեն Մխիթարյան միաբանության 300 և «Բազմավեպ» հանդեսի 175-ամյակները:  Կհրատարակվի «Սփյուռք» տարեգիրքը, որը Հայաստան-Սփյուռք գործակցության արդյունքների յուրահատուկ ամփոփումն է: Հուսով եմ՝ մյուս տարի բուլղարահայ համայնքն առավել ակտիվ կմասնակցի նախարարության ծրագրերին»:

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և ներկայացրեցին Բուլղարիայի հայ համայնքի խնդիրները, դժվարություններն ու ունեցած հաջողությունները: ««Երևան» թերթը շարունակում է իր գործունեությունը, ունենք 1200 բաժանորդ: Փորձում ենք համայնքին տեղեկացնել Հայաստանի առօրյայի, հնարավորությունների, Արցախի մասին: Վերջերս պարզեցի, որ մեր թերթը հետևողականորեն ընթերցում է նաև Բուլղարիայում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը, և բնականաբար, վատ է վերաբերվում մեր կողմից իրականացվող հայկական քարոզչությանը: Սերտորեն աշխատում ենք Բուլղարիայում ՀՀ դեսպանության հետ: Երկար ժամանակ է՝ Սոֆիայում գործում է հայկական մի շարք կազմակերպությունների և կառույցների համադրիչ խորհուրդը, որի հիմնական նպատակը համայնքային ներուժի համախմբումն է»,-նշեց Վարդանուշ Թոփաքաշյանը:

Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանն ընդգծեց, որ չնայած առկա դժվարություններին ու տարակարծություններին՝ համայնքային կյանքն ակտիվ է, և դրա ապացույցը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպված 35 միջոցառումներն ու ձեռնարկներն էին: «Հոկտեմբերի 3-ին Երևանում բացվեց բուլղարահայ նկարիչ Պետիկ Պետրոսյանի նկարների ցուցահանդեսը, որը կայացավ նկարչի զարմիկ Գևորգ Գրիգորյանի, ՀԲԸՄ-ի և Հայաստանի ու Սոֆիայի ազգային պատկերասրահների համատեղ ջանքերով: Այս առիթով Բուլղարիայից Երևան էր ժամանել 40 հոգուց բաղկացած պատվիրակների խումբը, որի կազմում էին բուլղարացի պետական ու մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ես շատ ուրախ եմ, որ ցուցահանդեսի հետ մեկտեղ մենք Հայրենիք բերեցինք նաև բուլղարահայ համայնքի շունչն ու ոգին»,- նշեց Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը:

9 ամսում Վանի Աղթամար կղզի է այցելել 109 հազար զբոսաշրջիկ

2017 թվականի 9 ամիսների ընթացքում Վանի Աղթամար կղզի է այցելել 109 հազար զբոսաշրջիկ: Այս մասին տեղեկացնող թուրքական «Cumhuriyet» թերթի փոխանցմամբ՝ 2017 թվականի հունվար-սեպտեմբերի ամսիներին  կղզի այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 25.5 տոկոսով: 2016 թվականին Աղթամար էր այցելել 82 հազար զբոսաշրջիկ:

Վանում զբոսաշրջային ակտիվ շրջան են համարվում ամռան ամիսները, երբ հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում կղզի:

Ըստ թերթի՝ պատմական հայկական եկեղեցիով նշանավոր դարձած կղզի այցելող զբոսաշրջիկների ճնշող մեծամասնությունը իրանցիներն են:

Հիշեցնենք, որ Աղթամար կղզում է գտնվում 10-րդ դարում Գագիկ Արծրունի թագավորի կողմից կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին:  Այն հայտնի է իր որմնանկարներով և զարդաքանդակներով:

Թուրքական իշխանությունները 2007 թվականին վերանորոգել են եկեղեցին, որը գործում է որպես թանգարան: Կրոնական ծիսակատարություն թույլատրվում է կատարել տարին մեկ անգամ՝ սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կամ նախորդող կիրակի: Սակայն վերջին երկու տարվա ընթացքում Թուրքիայում քրդերի և թուրքական ուժայինների միջև բախումների հետևանքով եկեղեցում պատարագ չի մատուցվել:

Աղբյուր`    Ermenihaber.am

IDeA-ի գլխավոր տնօրեն է նշանակվել Րաֆֆի Պաղճեանը

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Րաֆֆի Պաղճեանը։

Րաֆֆի Պաղճեանն ավելի քան 35 տարի աշխատել է էներգետիկ ոլորտի համաշխարհային առաջատար Shell ընկերությունում՝ զբաղեցնելով ղեկավար տարբեր պաշտոններ։ Մինչ Shell ընկերությունից հեռանալը, նա զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը։

«Վերջին մի քանի տարիները IDeA հիմնադրամի համար եղել են կայացման տարիներ։ Մենք հուսով ենք, որ Րաֆֆի Պաղճեանի փորձն ու գիտելիքները թույլ կտան, որպեսզի հիմնադրամը Հայաստանում սոցիալական ձեռներեցության մշակույթի զարգացման նոր փուլ մտնի»,- նշել են IDeA հիմնադրամի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը:

«Ուրախ եմ միանալ IDeA հիմնադրամին: Ինձ համար մեծ հաճույք է ծառայել հայրենիքիս՝ Հայաստան բերելով Shell ընկերության հետ իմ աշխատանքի 35 տարվա փորձը»,- ասել է Րաֆֆի Պաղճեանը:

Էդգար Մանուկյանը, որը IDeA հիմնադրամը ղեկավարում էր 2015թ. հուլիսից, որոշել է զբաղվել սեփական նախաձեռնությունների իրականացմամբ։

«Մենք շնորհակալ ենք Էդգար Մանուկյանին՝ IDeA հիմնադրամում աշխատանքի եւ UWC Դիլիջան դպրոցի կառուցման գործում ունեցած մեծ ներդրման համար, ու հաջողություն ենք մաղթում նրա ձեռնարկումներում»,- նշել են Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը:

Րաֆֆին Պաղճեանը ծնվել է 1956թ. Բեյրութում։ 1981թ. ավարտել է Ֆրանսիայի Ecole Nationale Supérieure de Chimie de Lille ինստիտուտը՝ քիմիական ինժեների որակավորմամբ:

Կարիերան սկսել է 1984թ. Shell-ի Հաագայի գրասենյակում: Զբաղեցնելով նույն ընկերությունում տարբեր պաշտոններ՝ 2012թ. դարձել է Աբու Դաբիում Shell-ի գործառնական տնօրենը, իսկ 2016թ. մայիսին՝ նշանակվել Միացյալ Թագավորության Shell-ի գործադիր տնօրեն։

2017թ. փետրվարին նշանակվել է N2Growth խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն:

Րաֆֆին Պաղճեանն ամուսնացած է, ունի երկու որդի:

Առաջին Diaspora Dialogues քննարկումները կանցկացվեն Հայաստանում

Հոկտեմբերի 8-10-ը Դիլիջանում եւ Երեւանում տեղի կունենան առաջին Diaspora Dialogues քննարկումները, որը տարբեր ազգերի սփյուռքի առաջնորդների հավաք է: Քննարկումները, որոնք կազմակերպվել են Common Purpose առաջնորդության զարգացման կազմակերպության կողմից՝ UWC Dilijan քոլեջի հետ համագործակցությամբ եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության աջակցությամբ:
«Ողջ աշխարհով մարդիկ բարդ խնդիրների ականատես են լինում. այդ խնդիրները սահմաններ չունեն: Դրա համար էլ մենք ունենք առաջնորդների կարիք, որոնք կարող են գործել սահմաններից դուրս: Diaspora Dialogues-ը եզակի հնարավորություն է համախմբելու բացառիկ առաջնորդների, որոնք իրենց ողջ կյանքի ընթացքում գործել են՝ հաղթահարելով սահմանները: Սա չափազանց ոգեւորող է», – ասաց Common Purpose կազմակերպության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ջուլյա Միդլթոնը:
Diaspora Dialogues-ի մասնակիցները ծագումով տարբեր երկրներից են եւ ունեն բազմազան  փորձառություններ: Նրանք կրթության, գործարարության, բարեգործության, նորարարության բնագավառների, քաղաքացիական հասարակության եւ հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչներ են:
«Պատահական չէ, որ առաջին Diaspora Dialogues-ն անցկացվում է UWC Dilijan քոլեջում, որովհետեւ այն ապագա առաջնորդների կենտրոն է, որոնք տարբեր համայնքների համար դառնում են կամուրջներ եւ պայքարում են աշխարհում բաժանարար գծերի դեմ: Մենք ողջունում ենք սփյուռքի առաջնորդներին UWC Dilijan-ում՝ վստահ լինելով, որ ներկայացնելով մեր փորձն ու գիտելիքները, մենք կկարողանանք ստեղծել եւ զարգացնել նոր գաղափարներ, որոնք հնարավոր կլինի գործնականում կիրառել», – ասաց UWC Dilijan քոլեջի համահիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը:
Երեք օրվա ընթացքում Diaspora Dialogues-ի մասնակիցները, այդ թվում՝ UWC Dilijan-ի ուսանողները, միմյանց կներկայացնեն գաղափարներ, ռազմավարություններ եւ ոգեշնչող պատմություններ: Քննարկումներին «բանախոսներ» չեն լինելու, որովհետեւ հենց մասնակիցներն են ապահովելու բովանդակությունը:
Ակնկալվում է քննարկումների արդյունքում առաջացած գաղափարներն ու մտքերը ներկայացնել ավելի մեծ լսարանի՝ բլոգի, էսսեների կամ գրքի տեսքով, զարգացնելու սփյուռքի առաջնորդների հաջորդ սերնդին, ինչպես նաև հիմնել համերաշխության ցանց՝ սփյուռքի տարբեր համայնքների միջեւ:

Կկայանա Պետրոս Դուրյանի նորակառույց դամբարանի բացման արարողությունը

Հոկտեմբերի 7-ին Կ. Պոլսի Սկյուտար թաղամասի հայկական գերեզմանատանը կայանալու է արևմտահայ բանաստեղծ Պետրոս Դուրյանի նորակառույց դամբարանի բացման արարողությունը: «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ դամբարանի մտահղացման հեղինակը Դավիթ Այնալին է, Նախագիծն իրականցվել է Պոլսի Հայ ճարտարապետների և ճարտաևագետների «ՀայՃար» միության մասնակցությամբ: Աշխատանքները ֆինանսավորել են ֆրանսաբնակ եղբայրներ Հրաչ-Անուշավան և Հակոբ Քրմզյանները: Դամբարանի երեսին քանդակված է Դուրյանի «Իմ մահը» բանաստեղծությունը:

«Մենք շատ հարուստ անցյալ ունենք, որը պետք է պահպանենք: Այս քայլով մենք ցանկանում ենք հարգանքի տուրք մատուցել վաղամեռիկ բանաստեղծին և սերունդներին փոխանցել Դուրյանի պես մարդկանց հիշատակը վառ պահելու գաղափարը», -«Հայերն այսօր»-ի հետ զրույցում նշել է Հրաչ-Անուշավան Քրմզյանը:

Հավելենք, որ Հրաչ-Անուշավան և Հակոբ Քրմզյանների հովանավորությամբ կառուցվել է նաև պոլսահայ հայտնի ճարտարապետներ Պալյանների ընտանեկան գերեզմանակոթողը, որի բացումը կատարվել է մեկ տարի առաջ՝ 2016 թվականի հոկտեմբերի 1-ին։

Scroll Up