Սիդնեյի «Արշակ և Սոֆի Գոլստըն» ամենօրյա վարժարանի ղեկավարները Սփյուռքի նախարարությունում

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի «Արշակ և Սոֆի Գոլստըն» ամենօրյա վարժարանի խնամակալության նախագահ Հրաչ Պողոսյանին և փոխնախագահ Հարմիկ Հակոբյանին:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր գնահատեց ավստրալիահայ գործիչների՝ հայապահպանությանն ուղղված գործունեությունը: Նա նշեց, որ դպրոցը բացառիկ առաքելություն ունեցող ազգապահպանության օջախ է Սիդնեյում, որը կարող է մրցել ցանկացած ավստրալական հանրային կրթօջախի հետ, և, որ ամենակարևորն է այնտեղ իշխում է հայկական ոգին, իսկ վարժարանի խնամակալության երիտասարդ նախագահ Հրաչ Պողոսյանը, ում երեք որդիները հաճախում են հայկական վարժարան, կարող է օրինակ ծառայել բոլոր հայկական երիտասարդ ընտանիքների համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և աջակցության համար՝ Հրաչ Պողոսյանը ներկայացրեց վարժարանի խնդիրներն ու ձեռքբերումները, կարևորեց Սփյուռքի նախարարության կողմից Ավստրալիայի հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստումը, իրականացվող մշակութային միջոցառումները և նշեց, որ վերջին 2 տարիներին բավական մեծ ֆինանսական ներդրումներ են կատարվել, որպեսզի Գոլստըն վարժարանում սովորելը հայ երեխաների համար լինի գրավիչ ու հետաքրքիր, կրթօջախը դառնա առավել մրցունակ: Նա կարևորեց, որ Աշակերտների թիվը գնալով ավելանում է, կյանքի են կոչվում նոր կրթական ծրագրեր: Հետաքրքրական է, որ վարժարանի լավագույն աշակերտը, ով բացառիկ արդյունք է գրանցել՝ Ավստրալիայում հաստատված սիրահայ է:

Հարմիկ Հակոբյանը նշեց, որ «Արշակ և Սոֆի Գոլստըն» ամենօրյա վարժարանը Հիմնվել է 1986թ. Սիդնեյում` ազգային բարերարներ Սոֆի և Արշակ Գոլստընների (Գալստյաններ) նվիրատվությամբ, Համազգային մշակութային միության հովանավորությամբ: Ուսումն իրականացվում է պետական կրթական ծրագրով: Վարժարանում դասավանդում են հայոց լեզու, պատմություն, կրոն: Ունի մանկապարտեզ, նախակրթարան, երկրոր­դական բաժիններ: 2017թ վարժարանում կրթություն է ստանում շուրջ 330 աշակերտ: Շրջանավարտներից շատերն ուսումը շարունակում են տեղի համալսարաններում:

Քննարկվեցին Սփյուռքի նախարարության ծրագրերին դպրոցի սաների և ուղուցիչների մասնակցության հետ կապված հարցեր:

 

Ամփոփվեց «Սփյուռք» ամառային դպրոց-2017» ծրագիրը

Հոկտեմբերի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրի ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը, Վահագն Մելիքյանը, դպրոցի իրականացման ԵՊՀ պատասխանատու Մհեր Հովհաննիսյանը, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Շահբազյանը, նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Քննարկվեցին «Սփյուռք» ամառային դպրոց-2017» ծրագրի անցկացման հետ կապված հարցեր, վեր հանվեցին բոլոր 5 ուղղություններով դասընթացներում առաջացած խնդիրները: ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը ներկայացրեց մասնակիցների վիճակագրական պատկերը և աշխարհագրությունը:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց դպրոցի դերը Սփյուռքում ազգային ինքնության, հայեցի լեզվամտածողության պահպանման և զարգացման, համայնքներում հայապահպանության ծրագրերին աջակցելու ուղղությամբ:

Նախարարը նշեց, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել երիտասարդության հետ տարվող աշխատանքներին: «Անհրաժեշտ է որդեգրել դասավանդման նոր ինտերակտիվ մեթոդ, կազմակերպել մրցույթ «Լավագույն երիտասարդական ծրագիր» թեմայով: Հատկապես երիտասարդներին պետք է կապենք Հայրենիքի հետ», – հավելեց գերատեսչության ղեկավարը: Նախարարը ուրախությամբ շեշտեց, որ մեծաթիվ հայտեր են ստացվում Հայոց լեզվի արագացված ուսուցման և Հայոց լեզվի ուսուցիչների և կրթական գործի կազմակերպիչների  վերապատրաստման դասընթացների ուղղություններով:

Կարևորվեց նաև «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի քարոզչությունն առավել արդյունավետ կազմակերպելու հարցը:

Խորհրդակցության ավարտին տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

Սփյուռքի նախարարն ընդունեց կանադահայ գործիչ Սուրեն Հաճյանին և ճարտարապետ Պետրոս Աբաջյանին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց կանադահայ գործիչ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Կանադայի հանձնախմբի անդամ Սուրեն Հաճյանին և ճարտարապետ Պետրոս Աբաջյանին:

Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհակալություն հայտնեց Սուրեն Հաճյանին Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցելու և իր ծավալած ազգանպաստ գործունեության համար, կարևորեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները Կանադայում պատշաճ կազմակերպելն ու Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Քննարկվեցին համաժողովում արծարծված խնդիրները:

Այնուհետև Սուրեն Հաճյանը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին փոխանցեց հատուկ համաժողովի առիթով ամերիկահայ գեղանկարիչ Էմմա Գրիգորյանի նվիրած կտավը: Ամերիկաբնակ նկարչի անհատական ցուցահանդեսի բացումը տեղի է ունենալու հոկտեմբերի 16-ին, Նյու Յորքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Ջոն Փաշալյան սրահում՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանի հովանու ներքո:

Կարեն Կարապետյանը և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները քննարկել են Գյումրիի զարգացման տեսլականը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) ճարտարապետական և քաղաքային պլանավորման ֆակուլտետի դեկան Հաշիմ Սարկիսին և քաղաքային պլանավորման մասնագետ, պրոֆեսոր Բրենթ Ռայանին:
Հանդիպմանը քննարկվել են Գյումրիի զարգացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները: MIT-ի մասնագետները նշել են, որ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հրավերով ճանաչողական այցով ժամանել են Հայաստան՝ Գյումրիի հնարավորություններին ծանոթանալու և քաղաքի զարգացումը խթանելուն ուղղված նորարարական մոտեցումներ մշակելու նպատակով։
Կարեն Կարապետյանը ներկայացրել է քաղաքի զարգացման իր տեսլականը՝ ընդգծելով, որ Գյումրին ունի Հայաստանի այցեքարտերից մեկը դառնալու համար անհրաժեշտ ներուժ, և նպատակային աշխատելու դեպքում կարելի է ցանկալի արդյունքի հասնել, փոխել քաղաքի տրամադրությունն ու մթնոլորտը: Վարչապետը ողջունել է MIT-ի ներկայացուցիչների այցը Հայաստան և առաջարկել համատեղ աշխատանքի հետագա քայլերը քննարկել Հայաստանի զարգացման հիմնադրամի ու Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի մասնագետների հետ՝ նշելով, որ կառավարությունը պատրաստ է երկարաժամկետ արդյունավետ համագործակցության:

«Ճիշտ չէ՝ հայրենիքի հետ կապի և հաղորդակցության ընթացքում հուսահատվել». Զավեն Խանջյան

2018 թվականին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը կտոնի հիմնադրության 100-ամյակը: Հայաստանի և Արցախի հանրապետությունների անկախությունից հետո մեծ է Ընկերակցության ներդրումը հայրենիքում:

Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի հետ զրույցում «Հայերն այսօր»-ը փորձել է հետադարձ հայացքով ներկայացնել մեկդարյա պատմություն ունեցող կառույցի գործունեությունը Հայաստանում և Արցախում, ինչպես նաև 100-ամյա անցած ճանապարհը:

– Պարո´ն Խանջյան, Դուք մասնակցեցիք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին, և մեր զրույցը կցանկանայի համաժողովից սկսել: Ինչպե՞ս կամփոփեք այն:

– Խոսքս կցանկանամ երկու դիտանկյունից արտահայտել:

Առաջին՝ ստեղծված մթնոլորտն էր՝ փոխադարձ վստահության՝ շատ ջերմ, լավ պատրաստված, եղբայրական, տաքուկ, որտեղ հայտնվելով՝ զգում էիր, որ հայ ժողովուրդը կորիզ ունի, կիզակետ, որի զավակներն աշխարհի չորս կողմերից հավաքվել են, միացել. ոմանք ծանոթանում են, շատերը հին ծանոթություններն են նորգում: Օգտակար իրավիճակ, քանի որ այդ ծանոթությունները կարող են ընդլայնվել, արդյունաբերել տարբեր ձևերով: Համախմբումն, իսկապես, շատ ուրախալի, նաև ջերմ ու արդյունաբեր է: Նաև դժվար աշխատանք, որովհետև  հեշտ չէ 1000-ից ավելի պատվիրակներ հավաքել աշխարհի չորս կողմերից: Այս առումով գնահատում եմ ինչպես Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, այնպես էլ աշխատակիցների կատարած աշխատանքը:

Ուզում եմ առանձնացնել նաև կամավորների ներկայությունը համաժողովին: Շատ լավ պատրաստված երիտասարդներ, որոնք մեզ համար ուղեցույց եղան, մեր քարտեզն այդ երեք օրերի ընթացքում: Չեմ հիշում՝ նախկին համաժողովներին կա՞ր նման բան, թե՞ ոչ, բայց նախաձեռնությունը շատ գովելի է:

Երկրորդ՝ կազմակերպչական, միասնականության առումով համաժողովի չորս ուղղությունների բաժանումը շատ ճիշտ էր արված: Յուրաքանչյուր մարդ ընտրության հնարավորություն ուներ, և մասնակցելով այս կամ այն քննարկմանը՝ կարող էր գործնականում հետևել ծրագրի ընթացքին և իր մտքերն արտահայտել:

Ինչ վերաբերում է փոխադարձ վստահություն ստեղծելուն և պատասխանատվություն ստանձնելուն, մեզ հուզող հարցերը քննելուն և լուծումներ գտնելուն, պետք է նշեմ, որ կար առաջարկությունների հարթակ, ինչը շատ լավ կազմակերպում էին նիստավարները: Եթե որևէ հարցի շուրջ մարդիկ տարակարծիք էին, իրենց տեսակետն էին ցանկանում արտահայտել, նիստավարը նրանց խոսելու հնարավորություն էր տալիս՝ փորձելով հասկանալ, թե ինչպես կարող է լուծվել, շտկվել այդ հարցը: Այս երևույթը նույնպես շատ դրական եմ համարում:

Իսկ ժողովի ամբողջական ընթացքին, քննարկված հարցերի լուծմանը ճիշտ գնահատական տվողը միայն ժամանակը կարող է լինել:

Մինչ համաժողովը ժխտական կարծիքների որոշ ալիք էր բարձրացել Սփյուռքում, ինչը հիմնականում հիմնված էր նախորդ համաժողովների արդյունքների իրականացման վրա: Իմ կարծիքով այդ մարդիկ պակաս հայրենասեր չեն, քան վերջին համաժողովի մասնակիցները: Նրանք պարզապես հուսախաբության, հուսահատության պատճառով՝ որոշել էին չմասնակցել: Չեմ ուզում քննադատել նրանց կամ արդարացնել, բայց կարծում եմ, որ ճիշտ չէ՝ հայրենիքի հետ կապի և հաղորդակցության ընթացքում հուսահատվել: Կարող ենք մի պահ հուսալքվել, հուսահատվել, բայց միշտ պետք է դրական մոտեցում ցուցաբերել, դրական արտահայտություններ անել, լավը փնտրել, լուծումներ որոնել, ավելի խիզախ լինել մեր արտահայտությունների մեջ:

Ես սկզբից ի վեր հանգիստ եմ եղել նախ ինքս ինձ հետ, արտահայտել եմ այն՝ ինչ մտածել եմ: Այդ պատճառով դժվարություններ չեմ ունեցել մեր հանդիպումների, երկխոսության ընթացքում: Դժվարություն չեմ ունեցել ներկա լինելու, որոշելու, որ կարևոր է մեր մասնակցությունն այս համաժողովին: Շատ լավ բաներ սերտվեցին, կարևոր նյութեր էին տեղ գտել օրակարգում, որոնք կապ ունեն մեր ժողովրդի կյանքի հետ:

Հայրենիքի հողը սուրբ է մեզ համար, բայց Հայաստանի ամենակարևոր, գերկարևոր արժեքը՝ մարդ էակն է, հայ քաղաքացին: Այն ամեն ինչ մենք ծրագրում ենք, մտածում, որոշում՝ նրա համար է: Ու եթե ցանկանում ենք արդար գնահատականը տալ համաժողովների, պետք է երբեմն նաև մեր քաղաքացիներին հարցնել:

– Պարո´ն Խանջյան, մայիսի 28-ին Նախագահ Սերժ Սարգսյանը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար Ձեզ պարգևատրեց «Երախտագիտության մեդալով»: Համաժողովի օրերին հանդիպեցիք Արցախի Նախագահ Բակո Սահակյանին և Արցախին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության 100-ամյակի առիթով Ձեզ փոխանցվեց Ընկերակցությանը շնորհված «Երախտագիտության մեդալը»: Ընկերակցության համար ի՞նչ նշանակություն ունի պարգևատրումը: Կխնդրեի նաև, որ խոսեք այն օժանդակությունների, ծրագրերի մասին, որոնք իրականացնում եք Արցախում:

– Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը կարող է հպարտությամբ հայտարարել, որ Անկախության առաջին օրերից եղավ Արցախում և իր ծառայությունները սկսեց մատուցել:

Արցախը մեր գերխնդիրների կիզակետն է: Արցախի անկախության հզորացումը, խարսխումը գերխնդիր է ազգի համար: Բոլորս պարտավոր ենք հնարավոր ամեն բան անել՝ օգտակար լինելու Արցախին, հզորացնել Արցախի պետությունը: Շահել ենք պատերազմը, բայց ոչ՝ խաղաղությունը, ինչը տակավին շարունակում է որպես տագնապ մնալ թե´ Հայաստանի, թե´ Սփյուռքի, թե´ Արցախի համար: Մենք պետք է օգտագործենք մեր կարողությունները, որպեսզի շահենք Արցախի խաղաղությունը:

Արցախի ժողովուրդը չի կարող իր հանգիստ, արժանապատիվ կյանքը շարունակել, երբ տակավին խաղաղության ապահովությունը չկա:

Ինչ վերաբերում է գնահատանքին և երախտիքին, որը մեզ փոխանցվեց, ես կարող եմ միայն խոնարհվել այդ ժողովրդի և նրա ներկայացուցիչ Նախագահ Բակո Սահակյանի առջև, որը մեզ այդ ձևով պատվեց, որովհետև մենք մեր պարտականությունն ենք կատարում: Ապավինելով մեր ազգային, քրիստոնեական ոգուն՝ մեր ծրագրերով օգտակար ենք լինում մեր ժողովրդի հոգևոր, կրթական և ֆիզիկական պետքերին:

Գնահատանքը և երախտիքը մեզ առավել հանձնառու է դարձնում, որպեսզի ավելի մեծ ճիգով, մեր ծառայությունները ընդլայնելով՝ շարունակենք օժանդակել Արցախի ժողովրդին:

– Պարո´ն Խանջյան, անցնող տարիների ընթացքում Ընկերակցությունն իր օժանդակություններով սատար կանգնեց նաև Սիրիայի պատերազմից տուժած մեր հայրենակիցներին:

– Հինգ տարի շարունակ սիրիահայության տագնապը Սփյուռքի, և ո´չ միայն, գերխնդիրն էր: Ժամանակավոր  կերպով ես այն ազգային աղետ եմ համարում:

Սիրիահայ գաղութը սփյուռքահայության խարիսխն է: Հայոց ցեղասպանությունը վերապարծ հայ մարդը  փրկություն գտավ և հաստատվեց այդ հյուրընկալ քաղաքում, որը և դարձավ Սփյուռքի Մայր գաղութը:

Գաղութի կորուստը ահռելի ցնցում էր ողջ Սփյուռքի, սփյուռքահայության համար: Կարծում եմ՝ սիրիահայության վնասը՝ ֆիզիկական, նյութական ու մարդկային՝ անգնահատելի է և, դժբախտաբար, անվերադարձ:

Սիրիայի պատերազմը անակնկալ էր ո´չ միայն Սփյուռքի համար, այլև՝ Սիրիայի: Եվ Ընկերակցությունն առաջին իսկ օրերից սիրիահայ համայնքի կողքին կանգնեց: Ես նաև անհատապես, քանի որ տակավին Ավետարանչական ընկերակցության ղեկավարությունը չէի ստանձնել, և որպես նախկին հալեպահայ՝ Լոս Անջելեսում հիմնեցինք Սիրիահայության օժանդակության գործադիր մարմին՝ ՍԱՐՖ: Վերջինս հոյակապ աշխատանք տարավ նյութապես օժանդակելու կրակի տակ գտնվող մեր հայրենակիցներին և բարձրացնելու ժողովրդի գիտակցության մակարդակը, որովհետև ԱՄՆ-ում, և արտասահմանում ընդհանրապես, դժվար էր իրապես ըմբռնել, թե ինչ է կատարվում Սիրիայում: Կարծես շղարշված էր Սիրիան իր պատերազմով: Թե´ ՍԱՐՖ-ի շրջանում, և արդեն 2014 թվականին Ավետարանչական ընկերակցության ղեկավար ընտրվելով, մենք մեծ ներդրում ունեցանք օժանդակություն ցուցաբերելու Սիրիայում աղետալի վիճակում հայտնված մեր հայրենակիցներին:

Այս 5 տարիների ընթացքում, երբ նրանցից շատերը հեռացան Սիրիայից, բնականաբար, գլխավոր հյուրասերը հայրենիքը դարձավ: Սա հրաշք էր, որը մենք պետք է գիտակցեինք: Մարդիկ, որոնց անձնագրերը անընդունելի էին աշխարհի չորս կողմերում, մեկ տեղ կարող էին ազատ մուտք ունենալ՝ հայրենիք: Միակ երկիրը, որը նրանց ընդունեց, ապաստան, տուն տվեց՝ Հայաստանն էր: Սիրիահայությունը սա շատ լավ է գիտակցում: Հայաստանում հաստատված սիրիահայերին ես անվանում եմ անկողմնացույց, որովհետև փախչելով պատերազմի ճիրաններից՝ ֆիզիկապես փրկություն գտան այստեղ, բայց չէին կողմնորոշվում՝ անկողմնացույց էին, թե ինչ պետք է անեն: Շատերը եկան, հետո գնացին այլ երկրներ, որոշները մնացին՝ կողմնորոշվելու, թե ո՞ւր գնան, ի՞նչ անեն:

Մեր օժանդակությունը թիրախավորված էր այնպես, որ Հայաստանում հաստատված սիրիահայերը կողմնորոշվեին հաստատվել հայրենիքում: Գործակցելով Սփյուռքի նախարարության, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության հետ՝ իրականացրել ենք, և դեռ շարունակում ենք, նյութական աջակցության ցուցաբերել, բնակարանների վարձավճարները փոխհատուցել, բժշկական ծառայությունների համար գումարներ հատկացնել, կրթական օժանդակություններ իրականացնել, նպաստներ վճարել, իսկ նրանց, ովքեր ամենօրյա սննդի կարիք ունեն, նպաստ հատկացնել:

Շարունակեցինք նաև ուղղության տալ, որ երկուստեք շահը պահանջում է, որ նրանք հաստատվեն հայրենիքում: Որպես Սփյուռք՝ հայությունը անկասկած կշահի, որ այդ խումբը այստեղ հաստատվի, դա օգտակար կլինի նաև հայրենիքին՝ նրանց կարողությունները, տաղանդը, ներուժը օգտագործելով: Այդ աշխատանքները տակավին շարունակվում են:

Ընկերակցությունը նույնիսկ Կանադայում հաստատված սիրիահայերին է նեցուկ կանգնել: Սակայն մեր գլխավոր նպատակակետը անցնող տարիներին՝ Սիրիան էր և Հայաստանը:

– Պարո´ն Խանջյան, դուք Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրենն ենք 2014 թվականից: Հե՞շտ էր Ձեզ համար ստանձնել այդ պաշտոնը և ի՞նչ է Ձեզ համար այս աշխատանքը:

– Հասարակական աշխատանքը միշտ համընթաց քայլել է իմ անձնական կյանքի, աշխատանքային գործունեությանը զուգահեռ: Նույնիսկ այս պաշտոնը ստանձնելուց տասնամյակներ առաջ՝  ԱՄՆ-ում հաստատվելուց ի վեր, շուրջ 30-35 տարի՝ ազգին, համայնքին, ժողովրդին ծառայելը զուգորդվել է իմ անմիջական գործի ասպարեզի հետ: Այդ պատճառով ինձ համար հեշտ էր այս փոխանցումը և հարազատ, որովհետև գտնվում եմ այնպիսի մթնոլորտում, որն ինձ հոգեկան գոհունակություն է տալիս: Իմ կարողությունները, ծառայություններն ի սպաս եմ դնում այնպիսի ընկերակցության, որի սկզբունքներին արդեն իսկ հավատացել եմ, որը իմ գաղափարախոսության, հավատամքի մեկ մասն է կազմում:

Աշխատանքային պարտականություններս ստանձնելը շատ հեշտ, սահուն եղավ: Այնքան գոհունակությամբ եմ կատարում իմ աշխատանքը, որ երբեմն աշխատանքային ժամերը չեմ զգում:

Իհարկե, տագնապները շատ են, դժվարություններ, մարտահարվերներ միշտ կան, անգամ լուրջ մարտահրավերներ էլ ունեցանք, բայց կարողացանք հաղթահարել:

Մեր հաջողության գրավականն այն է, որ Ավետարանչական ընկերակցությունը մի քանի կարևոր սկզբունքներ է որդեգրել, որոնցով և առաջնորդվում է:

Առաջին. շատ թափանցիկ կազմակերպություն է, երբեք ներփակ չենք, մեր ծրագրերը, աշխատանքը բաց են բոլորի առջև: Մեր ծառայության  ընտրական ոճը ժողովրդավար է, մեր ներկայացուցիչները, գործադիր մարմնի կազմը ընտրվում են անդամների կողմից, բոլորը քվեարկելու իրավունք ունեն:

Երկրորդ՝ մենք հաշվետու ենք: Կանոնավոր, մեր տարեկան ժողովների ընթացքում, կայք-էջի հրապարակումների, հաղորդագրությունների միջոցով տեղյակ ենք պահում մեր անդամներին մեր գործունեության մասին: Ընկերակցությանը կարող է անդամակցել այն մարդը, ով Ավետարանչականին տարեկան նպաստ է տալիս: Կարևոր չէ, թե որ հարանվանությանն է պատկանում, որ երկրից է:

Երրորդ՝ պատասխանատու է: Այս պատասխանատվության գիտակցումն է, որը արդեն 100 տարի օգնում է դիմագրավել բոլոր դժվարությունները, անակնկալներն ու մարտահրավերները:

– Պարո´ն Խանջյան, 2018 թվականին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը տոնելու է հիմնադրման 100-ամյակը: Ինչպիսի՞ն էին ընկերակցության համար անցնող 100 տարիները:

– Առաջին՝ այս 100 տարվա ընթացքում այն, ինչին հասել է Ավետարանչական ընկերակցությունը, պարտական է այն հազարավոր մարդկանց, որոնք հիմնադրությունից ի վեր իրենց միտքը, նյութական կարողությունը,  ժամանակը, քրիտինքն են թափել, որ ունենանք այն, ինչ ունենք այսօր: Հրաշալի 100-ամյա կյանք, անցած ճանապարհ, որի համար պարտական ենք միմիայն այդ մարդկանց: Մարդիկ, որոնք այս ժառանգությունը կերտեցին և մեզ հասցրին: Ամեն սերունդ, ամեն հանգրվան մեկ քար է  դրել՝ կառուցելով մի կառույց, որը տարեցտարի բարձրանում է: Այսօր մենք վայելում ենք այն զոհողությունների արդյունքը, որը իրենցն էր: Այս ամենի գիտակցումը միայն հիացում է պատճառում բոլոր նրանց հանդեպ, որոնք մեզանից առաջ էին:

Երկրորդ խորհուրդն այն է՝ թե ո՞րն է մեր դերն այսօր: Մենք հավաքվում ենք, ուրախանում, խնդակցում, սակայն ո՞րն է մեր դերը: Մեր դերը հաջորդ քարը դնելն է, հաջորդ 100-ամյակը ծրագրելն է, եկող սերունդների կյանքը ապահովելը, ինչը մենք այսօր մեր քրտինքով, մեր զոհողությամբ, մեր նվիրատվությամբ պետք է կարողանանք կերտել:

Այս ամենը հաշվի առնելով՝ ընկերակցությունը 2016 թվականին ծրագրեց 20 միլիոն դոլարի հանգանակություն կազմակերպել: Աշխատանքներն ընթացքի մեջ են, որոնք կեզրափակենք 2018 թվականի տարեվերջին:

Հուսանք, որ կկարողանանք մեր ամբողջ էությամբ այդ մեկ քարը երկու քար դարձնել, որպեսզի ավելի դյուրացնենք հաջորդ սերունդների կարիքները, անգամ կյանքը՝ գալիք 100-ամյակի ընթացում:

– Ինչպե՞ս եք պատրաստվում տոնել հոբելյանը:

– Մենք 5 մայրցամաքների 24 երկրների վրա բաժանված ծրագիր և ծառայություն ունենք. մտածեցինք, որ պետք է ընդգրկենք հնարավորինս շատ շրջան:

Թեև հանգանակությունը նախաձեռնեցինք 2016 հոկտեմբերին, սակայն մեր հանդիսությունները, տոնակատարությունների մեկնարկը կտրվի 2017-ի հոկտեմբերի 21-ին՝ ԱՄՆ Արևելյան շրջանից: Ավետարանչական ընկերակցության տարեկան ժողովի ժամանակաշրջանն է, որը զուգադիպում է տարեկան ժողովի ճաշկերույթին: Տոնակատարությունները կշարունակվեն մարտին՝ Ավստրալիայում, մայիսին՝ Կանադայում, հունիսի սկզբին՝ Լիբանանում, հունիս երկրորդ կեսին՝ Ֆրանսիայում, սեպտեմբերին՝ Հայաստանում, իսկ արդեն հոկտեմբերին կեզրափակենք մեր հանդիսությունները Լոս Անջելեսում, զուգահեռ նաև՝ մեր դրամահավաքը:

– Պարո´ն Խանջյան, ինչո՞վ կցանկանաք եզրափակել մեր զրույցը:

– Կուզեմ վերադառնալ համաժողովին և հետևյալ միտքն արտահայտել: Ինչպես և նշեցի, մեր երկրի ամենակարևոր հարստությունը հայ մարդն է, հայ անհատը: Անկախությունը դյուրին չէր: Դյուրին չէր հատկապես Արցախի անկախությունն ու ազատությունը, որը մեզ արծաթե ափսեի վրա չհրամցվեց: Արյան և քրտինքի ոռոգումով մեր հողերը ազատագրվեցին և Անկախություն հռչակվեց:

Հայաստանի պարագան մի փոքր տարբեր է: Հայաստանի անկախությունը, որի 26-ամյակը ուրախությամբ տոնեցինք օրերս, ստեղծվեց Խորհրդային Միության փլուզման արդյունքում և մեր ժողովրդի ազատ ապրելու ինքնորոշմամբ:

26 տարի առաջ կատարվեց բոլորիս երազը, և աշխարհատարած հայությունն իր անկախությունը գտավ այստեղ: Անակնկալ էր, սակայն պայքարով շահված անկախություն չէր, թեև ամեն ինչ զրոյից պետք է սկսվեր, քանի որ Խորհրդային հասարակարգից անցում կատարվեց մի նոր հասարակարգի: Այս վիճակում խարխափումը տրամաբանական էր, սխալներ գործելը՝ ակնկալելի, քանի որ պետություն կերտելը ժամանակ է պահանջում:

Սակայն, դժբախտաբար, անցնող 26 տարիների ընթացքում ժողովրդի սոցիալական վիճակը՝  լավի և վատի միջև տարբերությունը՝ հսկայական է, ինչը մեզ շատ ցավ է պատճառում:

Զանազան կազմակերպություններ ջանում են օգտակար լինել նեղ դրության մեջ գտնվող զանգվածներին, սակայն տակավին այդ հսկա զանգվածը վեր բարձրացնելու խնդիր ունենք: Այս համաժողովը որքանով կարողացավ այս հարցերը քննել, ճանապարհներ գտնել օգտակար լինելու՝ ապագան ցույց կտա:

Շատ կարևոր է մեզ համար այդ տարածությունը կրճատելը և սոցիալական անհավասար պայմաններում ապրող մարդկանց վեր բարձրացնելը: Այդ ձևով նաև նրանց կպահենք հայրենի հողի վրա, որովհետև ես չեմ հավատում, որ մեկը, ով կարող է այստեղ հոգալ իր ընտանիքի կարիքները, որոշի դուրս գալ հայրենի, պապենական հողից:

Կհուսանք, կաղոթենք, կաշխատենք, մեր բաժինը կբերենք և կակնկալենք, որ մեր երկրի իշխանությունները ևս կորոնեն ճանապարհներ՝ այդ տարածությունը նվազեցնելու և մեր ժողովրդին ավելի բարեկեցիկ վիճակում պահելու ուղղությամբ:

Զրուցեց Լուսինե Աբրահամյանը

Քրմզյան ընտանիքի նվերը Պոլսին

Հոկտեմբերի 7-ին Կ. Պոլսի Սկյուտար թաղամասի հայկական գերեզմանատանը կայանալու է Պետրոս Դուրյանի նորակառույց դամբարանի բացման արարողությունը: Աշխատանքները նախաձեռնել և ֆինասավորել են ֆրանսաբնակ եղբայրներ Հրաչ-Անուշավան և Հակոբ Քրմզյանները: Նպատակը մեկն է՝ մեկ անգամ ևս հարգանքի տուրք մատուցել բանաստեղծին և սերունդներին փոխանցել Դուրյանի պես մարդկանց հիշատակը վառ պահելու գաղափարը:

Մտահղացումը ծագել է մեկ տարի առաջ, երբ 2016 թվականի հոկտեմբերի 1-ին Հրաչ-Անուշավան և Հակոբ Քրմզյան եղբայրների նախաձեռնությամբ նորոգվեց ու բացվեց պոլսահայ հայտնի ճարտարապետներ Պալյանների ընտանեկան գերեզմանակոթողը, որը կառուցվել է Բեշիքթաշում Պալյանների կողմից կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանի տեսքով։

«Պալյանների հիշատակը հավերժացնելու ծրագիրն ու գերեզմանակոթողի կառուցումը իրականացրել ենք Ստամբուլի «ՀայՃար» միության, ինչպես նաև Աշոտ Գրիգորյանի օգնությամբ, որը հաճելի զուգադիպությամբ Պալյան գերդաստանի մասին գիրք էր պատրաստում. «Հայոց ազգին պարտեզի գանձերը. Պալյաններ» վերտառությամբ գիրքը լույս տեսավ անցյալ ամիս:

Պալյանները Պոլսում թողել են ճարտարապետական հարուստ ժառանգություն՝ պալատներ, զինվորական շենքներ, եկեղեցիներ, մզկիթները, դպրոցներ, այդ ամենը հպարտություն կարող է բերել ցանկացած ազգի: Եվ ինչպես վայել է նրանց պես մարդկանց, գերեզմանակոթողի բացումը անցավ շատ հետաքրքիր մթնոլորտում, որին ներկա էին Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը, Թուրքիայի մշակույթի և տուրիզմի փոխնախարար Օմեր Արըսոյը, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ և լրագրողներ: Շատ հաճելի էր մեզ համար տեսնել, որ այն երկրում, որտեղ Պալյանները շուրջ 2 դար շատ մեծ աշխատանք են կատարել, պատմություն կերտել, նրանց հիշում են, այլ ոչ թե փորձում մոռացնել տալ նրանց ծագումը և հայ ազգի զավակ լինելու հանգամանքը: Մեզ համար անչափ կարևոր էր, որ բացման հաջորդ օրը թուրքական ԶԼՄ-ները շատ դրական ձևով անդրադարձ կատարեցին, չկարողացան որևէ ժխտական բան գտնել»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում նշում է Հրաչ-Անուշավան Քրմզյանը:

Աշխատանքի նպատակը մեկն էր, որպեսզի նոր սերունդը ճանաչի հայ մեծերին, մարդկանց, որոնք հպարտություն կարող են բերել յուրաքանչյուր ազգի. «Երբ ստանձնել էինք այդ աշխատանքը, մեզ հաճախ էին հարցնում. «Դուք Պալյանների ազգակա՞նն ենք»: Պատասխանում էինք. «Ո´չ, թեև բոլորս էլ ինչ-որ չափով Պալյանների ժառանգորդն ենք, որովհետև նրանք ո´չ թե մեկ համայնքին են պատկանում, այլ՝ հայ  ազգին»:

Ես էլեկտրո-ինժեներ եմ, այժմ հանգստի եմ անցել, եղբայրս գործարար է, Ռումինայում գործարան ունի: Միշտ մտածում էինք՝ իբրև հայ, ինչո՞վ կարող ենք օգտակար լինել մեր ազգին: Դժբախտաբար մի քիչ կանուխ ենք ծնվել, և մի քիչ դժվար կլինի Հայստանում որևէ գործ ձեռնարկել: Եվ ճանապարհով փորձեցինք օգտակար լինել մեր ազգին: Յուրաքանչյուր հայ իր կարողությունների չափով պետք է փորձի անպայման հայրենիքին օգտակար լինել, որովհետև քո օրինակով կարող ես նաև հաջորդ սերունդներին վարակել», -նշեց նախաձեռնության հեղինակը:

Հրաչ-Անուշավան Քրմզյանը նաև հավելեց, որ այս աշխատանքների շնորհիվ իրենք հնարավորություն են ունեցել ծանոթանալու շատ հետաքրիր մարդկանց հետ, առանց որոնց  հնարավոր չէր լինի հաջողել: Եղբայրներն են հովանավորել նաև «Հայոց ազգին պարտեզի գանձերը. Պալյաններ» գիրքը, որը կհրատարակվի նաև արևմտահայերեն, թուրքերն և անգլերեն. «Ուրախ եմ, որ կարողացա ճանաչել «Հայճար» միության անդամներ՝ Նազար Բինաթլիի, Գևորգ Օսկարագյոզի և Դավիթ Այնալի հետ: Հիացած եմ նաև Աշոտ Գրիգորյանի աշխատանքով: Նա շատ կարևոր գործ է կատարել և արժեքավոր գիրք հրատարակել: Մեծ պատիվ և ուրախություն են մեզ համար նման ծանոթությունները: Երբ ճամփա ես ելնում, չգիտես՝ ի՞նչ կպատահի, ո՞ւմ կհանդիպես, ովքե՞ր կհայտնվեն քո ճանապարհին: Աստված մեզ օգնեց, որ մեր ճանապարհին շատ կարևոր մարդկանց հետ ծանոթացանք և մեր ազգին կարողանանք օգտակար լինել: Ես հաճախ եմ կրկնում՝ գրված թուղթը, նույնիսկ՝ սխալ, ավելի արժեքավոր է, քան ճերմակը: Ես նախընտրում եմ թղթի վրա մի բան գրել: Սխալ լինի, կսրբագրեմ, հնարավոր է նար, որ կկարողանամ իմ «գրածով» մեկ ուրիշին վարակել:

Նույնը վերաբերում է նաև մեր երկրին՝ Հայաստանին: Ճիշտ է՝ ժողովուրդը շատ դժվարություններ ունի, բայց այդ բոլորը ժամանակավոր են: Մի քանի օր առաջ գնացել էի Դիլիջանի միջազգային դպրոց, Թումո կենտրոն: Երբ այդ ամենը տեսնում ես, մտածում ես, որ  մեր ազգի ապագան փայլուն է լինելու: Հույս ունեմ, որ նոր սերունդը շատ ավելի լավ երկրում կապրի»:

Լ. Ա.

«Oտար երկրում դպրոցը դառնում է հայության փոքրիկ հայրենիքը».Հրանուշ Հակոբյան

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ

Սփյուռքի հայկական դպրոցներին՝ Գիտելիքի օրվա առթիվ

Ջերմորեն շնորհավորում եմ Սփյուռքի հայկական դպրոցների բոլոր սաների, ուսուցիչների, տնօրենների, կրթական գործի կազմակերպիչների նոր ուսումնական տարվա մեկնարկը, Գիտելիքի, գրի և դպրության օրը, որը Հայաստանում, աշխարհի շատ երկրներում նշվում է սեպտեմբերի 1-ին:

Սփյուռքում հայկական դպրոցի ուսումնական տարին կրկնակի տոն է, քանի որ հայ երեխան, աշակերտը սկսում են  հավաքվում են իրենց մայրենի լեզվուն, հայոց պատմությունն ու մշակույթը սովորելու անկյունաքարային գործընթացը,   այստեղ են նրանք հաղորդակից դառնում ազգային ավանդական արժեքներին, հաղորդակցվում իրենց հայրենակիցների հետ և իրենց նվիրյալ ուսուցիչներից հայրենասիրության դասեր առնում: Հայ դպրոցն է հայ սերունդներին ներշնչում ազգային պատկանելության և ազգային հպարտության զգացումը, սերմանում ինքնության գիտակցության առաջին սերմերը, հաղորդում և սերնդեսերունդ փոխանցում գեղեցիկը, բարին ու արդարությունը խորությամբ ընկալելու, ազնիվ ու արժանավայել գործերով ինքնություն հաստատելու հային բնորոշ հատկանիշները, հայի որակները: Այս է պատճառը, որ օտար երկրում դպրոցը դառնում է հայության փոքրիկ հայրենիքը,  հայապահպանության օջախը, հայի ոգու ու հոգու կենտրոնը:

Հայկական կրթօջախների՝ որպես ազգաշեն կառույցների գործունեությունը հպարտության զգացում է առաջացնում մեզանից յուրաքանչյուրի մոտ, հույս պարգևում, հավատ ներշնչում:

Հայ դպրոցի սիրելի՛ մանկավարժներ, կրթական գործի հարգարժա՛ն պատասխանատուներ, ուզում եմ իմ անսահման շնորհակալությունը և ամենամեծ խոնարհումը փոխանցել Ձեզ, որ կարողացել եք օտար հողում հայապահպանության ամենամեծ կռվանի՝ դպրոցի համար մեծագործություններ կատարել, իրողություն դարձնել «Հայ դպրոց» ծրագիրը՝ գործունեության առանցք ընտրելով «Լեզուն մեր ինքնության պահապանն է, մեր միասնության հիմքը, մեր ինքնապաշտպանության կարևոր վահանը» ճշմարտությունը:

Սիրելի՛ ուսուցիչներ, դուք այսօր ձեր համայնքներում սփյուռքահայ երիտասարդներին պատրաստում պատրաստում եք այն խնդիրների իրականացման համար, որոնք  այսօր ու վաղը կանգնած են Հայաստանի ու հայ ժողովրդի առջև Հայրենիքում և Սփյուռքում: Այսօր մենք պետք է համախումբ լինենք մեկ գաղափարի՝ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության շուրջ և հայրենաշեն գործունեությամբ պատասխանենք մեր առջև ծառացած մարտահրավերների համար: Միշտ պետք է հիշենք մեր համազգային առաջնահերթությունները.

  • Հայաստանի Հանրապետության առավել զորացում և ապահովություն,
  • Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի միջազգային իրավունքի հիման վրա արդարացի լուծում,
  • Սփյուռքի առավել կազմակերպվածություն,
  • ազգային ինքնության պահպանմանը և աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբում,
  • Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, դատապարտում և հետևանքների վերացում,
  • հայ եկեղեցու շուրջ հայության համախմբում,
  • արտակարգ իրավիճակներում հայտնված հայերին օգնություն ու աջակցություն:

Ահա սրանց լուծմանն է նվիրվելու բարձր ու որակյալ կրթություն, հայազգային ինքնագիտակցությամբ և հայ ինքնության գիտակցությամբ, Հայաստան-հայրենիքի ապագայի հանդեպ ոչ միայն զգացումներ, այլև պատասխանատվություն ունեցող հայրենասեր սփյուռքահայ երիտասարդությունը: Իսկ նրան որպես այդպիսին կռում եք դուք՝ ձեր անխոնջ հայապահպանական աշխատանքներով, ձեր դժվարին, բայց, հայրենանվեր առաքելությամբ:

Հայաստանի զորությունը Սփյուռքի զորությունն է, Հայաստանն ուժեղ է ուժեղ Սփյուռքով:

Փա՛ռք հային ու հայ դպրոցին, հայ ուսուցչին՝ Հայաստանում և աշխարհի բոլոր ծայրերում:

 

Բոստոնի հայկական անկախ ռադիոյի տնօրենը հյուրընկալվեց Սփյուռքի նախարարությունում

Սեպտեմբերի 5-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Բոստոնի հայկական անկախ ռադիոյի հիմնադիր, քաղաքի  միակ հայկական կրթօջախի՝ «Սուրբ Ստեփանոս» վարժարանի համահիմնադիր Ժիրայր Ղարիբյանի տիկնոջը՝ Եվգինե Ղարիբյանին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Ձեր ընտանիքի կողմից հիմնադրված ռադիոկայանն արդեն 37 տարի Հայրենիքից հեռու շարունակում է նպաստել ազգապահպանությանն ու հայապահպանությանը: Բոստոնյան մեծ հայկական համայնքը, ցավոք, չունի անհրաժեշտ քանակությամբ լրատվամիջոցներ, սական Ձեր ռադիոն յուրաքանչյուր շաբաթ կարողանում է Հայաստանից ստացված լուրերը, նորությունները մատուցել մեր հայրենակիցներին, լսելի դարձնել նրանց Հայրենիքի սրտի զարկը, մայրենի լեզուն: Ցավում եմ, որ Ձեր արժանավոր ամուսին Ժիրայրը անժամանակ հեռացավ կյանքից, սակայն նրա նվիրական գործը շարունակում եք Դուք»: Նախարարը հյուրին հորդորեց ռադիոժամերի ընթացքում շատ խոսել հայադարձության, հայրենադարձության մասին, որպես օրինակ ներկայացնել հայրենադարձված հայերին, նրանց հաջողությունները Մայր հայրենիքում:

Սփյուռքում մայրենի լեզվի անաղարտության պահպանման գործում ունեցած նշանակալի ներդրման և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու համար նախարար Հրանուշ Հակոբյանը Եվգինե Ղարիբյանին պարգևատրեց ՀՀ ՍՆ «Մայրենիի դեսպան» մեդալով:

Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար՝ Եվգինե Ղարիբյանը ներկայացրեց Բոստոնի հայ համայնքի խնդիրները և հայապահպանությանն ուղղված աշխատանքները: «Ժամանակին Բոստոնում էր ապրում և ստեղծագործում Ամերիկայի հայ մտավորականության մի համաստեղություն: Ցավոք, այժմ այդպես չէ: Վտանգված է հայ դպրոցը, սակայն փորձում ենք հեռու մնալ ուծացումից»,-նշեց տիկին Ղարիբյանը՝ խոստանալով առավել սերտ համագործակցել Սփյուռքի նախարարության հետ՝ ռադիոյի միջոցով ներկայացնելով նաև նախարարության՝  հայապահպանությանն ու հայրենաճանաչությանն ուղղված ծրագրերը:

«Ուրարտու» համայնքը Ղազախստանում հայկականություն է տարածում

Ղազախստանի Ակտոբեի մարզում բնակվում է շուրջ 1000 հայ, ովքեր հիմնականում զբաղ­վում են շինարարական աշխատանքներով և բիզնեսով։ Նրանց նա­խա­ձեռ­նութ­յամբ 1997 թվականի դեկտեմբերի 2-ին Ակ­տո­բե մարզկենտրոնում ստեղծվել է «Ուրարտու» հայկական համայնքը, որի ղեկավարը գործարար, Ակտոբեում ՀՀ պատվո հյուպատոս Հայկ Տերտերյանն է:

«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ներկայացնելով համայնքի գործունեությունն ու կատարած աշխատանքները՝ Հայկ Տերտերյանը նշեց, որ միությունը Ղազախստանի հայկական ակտիվ կենտրոն­նե­րից է, ո­րը սերտորեն համագործակցում է Ղազախստանի ինչպես հայկական, այնպես էլ մյուս ազգու­թ­յունների մշակութային կենտրոնների և Ղազախստանում ՀՀ դեսպանատան հետ։

Հայկ Տերտերյանը կարևոր իրադարձություն է համարում 2013թ. մայիսի 31-ից հունիսի 2-ը Ակտոբեում կայացած Ղազախստանի հայկա­կան համայնքների հերթական համագումարը, որին մասնակցում էին ներկայա­ցու­ցիչ­ներ Ղազախստանի գրեթե բոլոր շրջանների հայկական համայնքներից և այլ ազգային- մշա­կու­թային միավորումներից:

Համայնքի անդամների կարիքները ճշտելու, գնահատելու, նախասիրությունները, հնարա­վորու­թյուն­նե­րը, վիճակագրական ուսումնասիրություն անցկացնելու և օգնելու համար «Ուրարտուն» 2015թ.  ստեղծել է «Հանրային ընդունարան» կենտոնը:

«Հայապահպանության հիմնախնդիրները լուծելու համար Ակտոբեի Բարեկամության տանը բացել ենք «Ուրարտու» կիրակնօրյա դպրոցը, որտեղ աշակերտները սովորում են հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաները: Դպրոցն ունի ավագ և կրտսեր դասարաններ և պարի խմբակ, տնօրենը վաստակաշատ մանկավարժ Վարդանուշ Բարեղամյանն է»,-ասաց Հայկ Տերտերյանը՝ հավելելով, որ իրենց նպատակը ամենօրյա աշխատանքի միջոցով ինքնության և ազգային դիմագծի պահպանումն է:

«Ուրարտու» համայնքային կենտրոնում կազմավորվել է երիտասարդական կազմակերպություն, որը ղեկավարում է Հայկ Ղարիբջանյանը: Կազմակեր­պությունը համագործակցում է Ղազախստանի հայ երիտասարդական հիմնադրամի հետ:

Խոսելով համայնքային ավանդույթների մասին՝ մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ նշվում են պետական, եկեղեցական և ազգային տոները, նարդու, շախմատի մրցաշարեր են կազմակերպում, որոնց մաս­նակցում են նաև այլ ազգերի ներ­կա­յա­ցու­ցիչներ:

Համայնքը մշակութային ծաղկուն կյանքով է ապրում: Հայկական մշակույթը օտար ափերում տարածելու և հանրահռչակելու գործում մեծ է վերաբացված  «Ուրարտու» պարախմբի ավանդը, որի պարողների թիվն օրեցօր ավելանում է: Ակտյուբինսկի մարզում վերջերս կազմակերպվել էր Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակին նվիրված դաշնամուրային գործերի կատարման մրցույթ, որի հաղթող Ջանիս Շաուկեմբաևան համայնքի ջանքերով Հայաստան էր եկել:

Հավելենք նաև, որ համայնքը ՀՀ սփյուռքի նախարարության հետ սերտ համագործակցության մեջ է գտնվում. անդամներից շատերը պարբերաբար մասնակցում նախարարության կողմից իրականացվող ծրագրերին : Դպրոցի չորս ուսուցիչներ՝ Նաիրա Մամիկոնյանը, Անժելա Չոպիկյանը, Ռոքսաննա Արշակյանը և Վարդուհի Սարիբեկյանը պարգևատրվել են ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով, դպրոցի տնօրեն Վարդանուշ Բարեղամյանը՝ «Մայրենիի դեսպան» մեդալով, իսկ Հայկ Տերտերյանը մասնակցել է սեպտեմբերի 18-20-ը «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով կայացած Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին:

Գևորգ Չիչյան

 

 

Շնորհավոր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ

Այսօր մեր ժողովուրդը խորին ակնածանքով ու հարգանքով նշում է ուսուցչի օրը: Այն ևս մեկ առիթ է` գնահատելու և բարեմաղթանքի խոսքեր ասելու այն ուսուցիչներին, ովքեր իրենց նվիրական ու անբասիր նկարագրով սիրված են բոլորիս կողմից: Ուսուցիչն է, որ, իր վեհ առաքելությանը հավատարիմ, բազում սերունդներ է կրթում ու դաստիարակում: Անշուշտ, դժվար է գերագնահատել ուսուցչի աշխատանքը՝ անկախ նրա դասավանդած առարկայից, սակայն ինձ համար հայեցի կրթության և դաստիարակության ջահակիրը եղել և մնում է մայրենիի ուսուցիչը: Այսօր ես առանձնահատուկ ջերմությամբ եմ ցանկանում շնորհավորել Սփյուռքի կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներին, բոլոր նրանց, ովքեր մանուկներին և պատանիներին փոխանցում են ոչ միայն հոգևոր գիտելիքներ, այլև աստվածաշնչյան կարևոր սկզբունքներ ու քրիստոնեական չափանիշներ: Թող Աստված օրհնի ձեզ և ձեր կատարած հրաշալի աշխատանքը:

Իմ ձայնը միացնելով շնորհավորանքի բազում մաղթանքների` ասում եմ.

– Շնորհավոր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ:

Դուք Ձեր իմաստությամբ, համբերատարությամբ ու սիրով ամեն օր Ձեր սաների համար բացահայտում եք քաջության, բարու, գեղեցիկի ու ճշմարտության խորախորհուրդ գաղտնարանները: Մաղթում եմ Ձեզ տոկունություն, առողջություն ու գեղեցկություն: Թող անխափան լինի Ձեր երթը պատմության քառուղիներում…

Սուսաննա Դերենիկի Առաքելյան,

Ղազախստանի Կանատ Դարժումանի անվան ազգային վերածննդի դպրոցի

հայկական բաժնի ուսուցչուհի,

ք. Պավլոդար

Համերգներ՝ Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում

Ինչպես «Հայերն այսօր»-ը տեղեկանում է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանից, հոկտեմբերի 7-ին վարժարանի հանդիսությունների սրահում տեղի է ունենալու Կիպրոսի հայկական երգչախմբի, իսկ հոկտեմբերի 8-ին` «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգը՝ երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանի գլխավորությամբ:

Ծրագրում ներառված են հայ և համաշխարհային հոգևոր, աշխարհիկ և ջազային ստեղծագործություններ:

Տեղի կունենա Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Հոկտեմբերի 6-ին, ժամը՝ 16:00-ին, տեղի կունենա Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը կնախագահի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը (հասցե՝ Վ.Սարգսյան 3, 9-րդ հարկ):

Կքննարկվեն սիրիահայերին ցուցաբերած աջակցությանը և նախատեսվող ծրագրերին, Երևանի դպրոցներում սիրիահայ երեխաների ինտեգրման գործընթացին, ամառային հանգստին վերաբերող և այլ հարցեր:

«Մասնագիտության ընտրության հարցում հայրս է ինձ ուղորդել».Միքայել Ավետիսյան

Ամերիկաբնակ դիրիժոր Միքայել Ավետիսյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցի ընթացքում անդրադառնում է իր ստեղծագործական գործունեությանը, կատարած աշխատանքներին, ինչպես նաև լուսավոր հիշողություններ է պատմում սիրելի հայրիկի՝ անվանի կոմպոզիտոր, քանոնահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Խաչատուր Ավետիսյանի մասին:

Որպես սկիզբ

1984 թվականին ավարտել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի դաշնամուրի, ապա՝ կոմպոզիցիայի բաժինը, 1989 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի օպերային և սիմֆոնիկ դիրիժորության բաժինը՝ պրոֆեսոր Հակոբ Ոսկանյանի դասարանը, 1991 թվականին՝ նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ Օհան Դուրյանի ղեկավարությամբ։

 1985-1990 թվականներին Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում դիրիժորության դասեր է ստացել պրոֆեսոր Իլյա Մուսինից։ 1996 թվականին Հոլանդիայում մասնակցել է Կիրիլ Կոնդրաշինի դիրիժորության 35-րդ վարպետության դասերին՝ սըր Էդուարդ Դոունեսի և Փիթեր Էոթվոսի հետ։ 1991-1997 թվականներին դիրիժորություն է դասավանդել Երևանի կոնսերվատորիայում, միևնույն ժամանակ եղել է ՀՀ ազգային ռադիոյի և հեռուստատեսության նվագախմբի և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր։ 1994-1997 թվականներին եղել է Երևանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը:

 Հանդես է եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Հունաստանում, Իսպանիայում, Ռուսաստանում և Թուրքիայում:

Ղեկավարել է եվրոպական նվագախմբեր և ԽՍՀՄ սիֆոնիկ նվագախումբը։ 1996 թվականին լույս են տեսել նրա՝ Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարած ձայնագրությունները (RCD):

-Մաեստրո´, երկարուձիգ տարիներ ԱՄՆ-ում եք բնակվում, Հայաստանի հետ կապն արդյոք  պահպանու՞մ եք:

-1999 թվականին ԱՄՆ տեղափոխվելուց հետո Հայաստանի հետ կապը, բնավ, չեմ կտրել. միշտ Հայրենիք այցելելու, ընկերներիս հանդիպելու առիթներ լինում են: Հայաստանում լիցքավորվում եմ և նոր եռանդով շարունակում աշխատել:

-Խոսենք ԱՄՆ-ում ծավալող գործունեության մասին:

-Հիմնել եմ Գլենդելի սիմֆոնիկ նվագախումբը, որի լուծարումից հետո մի քանի երիտաարդ կատարողների հետ ստեղծեցինք Գլենդելի ֆիլհարմոնիկ նվագախումբը, սակայն այն ևս դադարեց գործել՝ չնայած կատարած բեղուն աշխատանքների:

Արդեն երկու տարի է՝ ստեղծել եմ «Զանգակատուն» կոչվող սիմֆոնիկ նվագախումբը: Այդ խմբով վերջերս լեփ-լեցուն դահլիճում հրաշալի համերգ ունեցանք, հրավիրել էինք նաև աշխարհահռչակ գերմանաբնակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:

-Համայնքային կյանքին մասնակցու՞մ եք:

-ԱՄՆ-ում հաստատվելու առաջին տարիներին Լոս Անջելեսի իրանահայ միության հիսուն տարվա պատմություն ունեցող երգչախմբի խմբավար լինելու հրավեր ստացա: Ամեն տարի դասական, էստրադային, ժողովրդական և այլ ժանրերի հաշվետու համերգ ենք ունենում: Փորձում եմ այս երգչախմբի հետ թատերական համերգներ կազմակերպել:

Իրանահայ միության երգչախմբին զուգահեռ արդեն հինգ տարի է ղեկավարում եմ Լոս Անջելեսի «Կալիֆորնիայի հայ երիտասարդաց միության» երգչախումբը: Ի դեպ, երգչախումբը 2015 թվականին մասնակցել է  ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին՝ արժանանալով նախարարության Ոսկե մեդալին:

Նվագախմբի ճնշող մեծամասնությունն այլազգիներ են, որոնք մեծ սիրով, հոգու բերկրանքով են հայկական երաժշտությունը կատարում:

– Այս անգամ ի՞նչ առաքելությամբ էիք գտնվում Հայաստանում:

-«Նարեկացի» արվեստի միության տնօրեն Նարեկ Հարությունյանից նամակ ստացա այն մասին, որ որոշել են միության գործունեության տասներեքերորդ տարեդարձի առթիվ Խաչատուր Ավետիսյանին նվիրված միջոցառումների շարք կազմակերպել: Համերգից բացի, նաև նրա անձնական իրերի՝ քանոն, Աստվածաշունչ և այլն, ցուցադրություն կազմակերպվեց: Բոլոր միջոցառումներին հաճույքով մասնակցեցի: Ամեն տեղ չեմ դադարում արտահայտելու հիացմունքս «Նարեկացի» արվեստի միության ծավալած ազգանվեր գործունեության համար: Այնտեղ տաղանդավոր երիտասարդ սերունդ է հավաքված:

-Հետաքրքիր է իմանալ, թե Ձեր հայրիկի կերպա՞րն է առաջնորդել հասնելու այն բարձունքին, որի վրա այժմ կանգնած եք:

-Նախ ասեմ, որ խստապահանջ հայր է եղել: Մասնագիտական ընտրություն կատարելու հարցում նա է ինձ ուղորդել. վեց տարեկանում նկատելով դաշնամուրի և ստեղծագործելու հանդեպ հետաքրքրությունս՝ հաստատակամորեն որոշեց, որ պետք է երաժշտության հետքերով գնամ:

Ապրելով կոմպոզիտորների շենքում՝ մանկության տարիներին բախտ եմ ունեցել շփվելու այնպիսի մեծանուն մարդկանց հետ, որոնց անունը երաժշտական աշխարհում չափանիշ էր՝ Ալեքսանդր Հարությունյան, Գրիգոր Հախինյան, Ղազարոս Սարյան, Վարդան Աճեմյան, Էմին Արիստակեսյան, Ավետ Տերտերյան, Կոստանդին Օրբելյան և այլք:

Միշտ հիշում եմ նրանց աշխատանքային եռուզեռը և մեր տանը տարբեր թեմաների մասին զրուցելը: Շնորհակալ եմ ինձ բաժին հասած ճակատագրից:

-Հայրիկից ստացած ամենաթանկ խորհուրդը ո՞րնէ  եղել Ձեզ համար:

– Առհասարակ, նրա տված բոլոր խորհուրդներն ինձ համար շատ կարևոր և ուսանելի են եղել: Մեկ դրվագ հիշեցի. երբ որպես խմբավար Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Գայանե» բալետն էի ղեկավարում՝ առաջնախաղից հետո  հայրս մոտեցա ինձ և ասաց, որ անչափ ուրախ է, որ իրեն արդեն Միքայել Ավետիսյանի հայր են ճանաչելու, այլ ո´չ թե հակառակը: Նրա խոսքերն ամուր դաջվեցին հիշողությանս մեջ:

Մեկ պատմություն էլ հիշեցի. երեկոյան երբ կոնսերվատորիայից տուն էի վերադառնում, միասին, զրույցի բռնվելով, հաճախ էինք ամփոփում օրվա անցուդարձը, այդ ընթացքում նա ինձ միշտ հարցնում էր, թե անցնող օրվա ընթացքում որևէ լավ բան արե՞լ եմ, կամ ստեղծագործական ի՞նչ աշխատանք եմ կատարել: Մինչև հիմա, երբ օրվա այդ պահը մոտենում է, կարծես, «տագնապի» ժամ է սկսվում ինձ մոտ. ակամայից սկսում եմ խորհել հայրկիս  խոսքերի շուրջ:

-Ձեզ համար հայրիկի ո՞րն ստեղծագործությունն է ավելի սիրելի:

-Երբ հայրիկիս էին այս հարցը տալիս, նա պատասխանում էր, որ բոլոր ստեղծագործություններն իր զավակի պես է ընդունում: Ես նույնպես այդ պատասխանն եմ տալիս՝ նկատի ունենալով նաև ժողովրդի՝ Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունների և անձի հանդեպ առ այսօր ունեցած սերն ու նվիրումը:

Հարցազրույցը Գևորգ Չիչյանի

 

Scroll Up