Չեխ խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 4-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին:

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը գրառում է կատարել հուշամատյանում:
Միլան Շտեխը նշել է, որ հայ ազգն անցյալում շատ կորուստներ է ունեցել եւ հավելել, որ այստեղ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, բազմաթիվ հայերի հոգիների պատմությունն է: «Ես ցանկանում եմ, որ Հայաստանը երբեք նման ոճրագործություն, ցեղասպանություն չտեսնի, երբեք չլինի ճնշված: Հայերը շատ ընկերական ու բարեկամական ազգ են եւ արժանի են անկախ ու խաղաղ կյանքի»,-ասել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահը:

Դամասկոսում լույս է տեսել Արշակ Փոլադյանի գիրքը՝ նվիրված հայ-սիրիական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին

Հայ-սիրիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առիթով Դամասկոսում լույս է տեսել Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Արշակ Փոլադյանի՝ «Հայ-սիրիական հարաբերություններ. պատմական գործընկերություն» խորագրով գիրքը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպան Փոլադյանի աշխատությունում լուսաբանվում են հայ-սիրիական հարաբերությունները վաղ շրջանից՝ Տիգրան Մեծի (մ.թ.ա. I դար) ժամանակներից սկսած: Աշխատությունում ցույց է տրվում, որ մյուս գործոնների կողքին պատմական Սիրիայում հայերի տարածմանը մեծապես նպաստել է ուխտագնացությունը դեպի Երուսաղեմ, ուր դեռևս մ.թ. IV դարում սկսել էր կազմավորվել հայկական գաղութը, որը հետագայում նպաստեց տարածաշրջանում հայ համայնքների ձևավորմանը և Սիրիայի առևտրատնտեսական, մշակութային և հոգևոր կյանքում հայերի դերակատարության աճին:

Պատմական Սիրիայի մշակութային և հասարակական կյանքում հայերի մասնակցության համար խթան հանդիսացավ 640թ. Արաբական Խալիֆայության կազմի մեջ Հայաստանի ընդգրկումը, որը տևեց շուրջ 250 տարի, իսկ այնուհետև շարունակվեց և ավելի սերտացավ Օսմանյան տիրապետության ժամանակ, երբ Հայաստանը և պատմական Սիրիան ավելի քան չորս դար գտնվում էին կայսրության կազմում: Հեղինակն առանձնահատուկ ընդգծում է արաբալեզու հայերի մասնակցությունը արաբական զարթոնքին՝ «Նահդային»:

Սիրիայում հայերի տարածման վրա էապես ազդել են XIX դարի 90-ական թվականներից հայերի դեմ զանգվածային բռնությունները և ճնշումները Օսմանյան կայսրությունում: Սիրիայում հայկական գաղթօջախը, ինչպես գրում է հեղինակը, քանակապես առավել ընդարձակվել և ձևավորվել է որպես համայնք Հայոց Ցեղասպանությունից հետո: Դոկտոր Փոլադյանը բարձր է գնահատում ասպնջական սիրիացի ժողովրդի մարդասիրական հոգատար դրսևորումները հայ տարագիրների նկատմամբ XX դարի առաջին կեսին:

Անդրադառնալով ցեղասպանությունից հետո Սիրիայի հայ համայնքի անցած ճանապարհին՝ հեղինակը նշում է, որ ավելի քան հարյուր տարվա ընթացքում հայերը՝ որպես Սիրիայի լիիրավ քաղաքացիներ, սիրիացի ժողովրդի հետ հավասարապես մասնակցել են անկախության համար մղված պայքարին, ինչպես նաև նորանկախ Սիրիայի սոցիալ-տնտեսական կայացմանը և բանակաշինությանը: Այդ իսկ պատճառով հայերը՝ որպես ազգային և կրոնական փոքրամասնություն, մշտապես հարգված և գնահատված են ՍԱՀ իշխանությունների կողմից: Պետական իշխանության՝ հայերի հանդեպ նման վերաբերմունքը բարեբեր հող է հանդիսացել 1991թ. Հայաստանի անկախությունից հետո հայ-սիրիական պաշտոնական հարաբերությունների արդյունավետ զարգացման համար: Եթե նախկինում հայ-սիրիական հարաբերությունները մնում էին հիմնականում ժողովուրդների փոխադարձ շփումների մակարդակին, ապա 1992թ. մարտի 6-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հուշագրի ստորագրումից հետո սկսվեցին երկկողմ միջպետական ակտիվ շփումները Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև ամփոփում է հեղինակը:

Գեղեցիկ և շքեղ կազմով հրապարակված գրքին կցվել է Սիրիայի Ժողովրդական Ժողովի պատգամավոր, սիրիացի անվանի մտավորական, ՀՀ նախագահի երախտագիտության մեդալակիր, «Դար ալ-շարկ» հրատարակչության սեփականատեր և հայ ժողովրդի մեծ բարեկամ Նաբիլ Տոոմեն, որը բարձր է գնահատում Ա.Փոլադյանի աշխատության գիտական մակարդակն ու արժանիքները:

Դեսպան Արշակ Փոլադյանի մենագրությունը արժեքավոր է նաև նրանով, որ հեղինակը, շուրջ քառորդ դար աշխատելով Հայաստանի դիվանագիտական համակարգում և 2007թ.-ից զբաղեցնելով Սիրիայում ՀՀ դեսպանի պաշտոնը, կանգնած եղել թե հայ-սիրիական և թե արաբական աշխարհի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների ակունքներում: Նա ականատես և մասնակից է դարձել վերջին 25 տարիների ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունների բոլոր կարևորագույն իրադարձություններին: Այսպիսով, աշխատությունն ունի ոչ միայն պատմական, այլ նաև՝ փաստագրական արժեք:

Հայաստանում առաջին անգամ կնշվի «Սպարապետի օրը»

Հոկտեմբերի 7-ին առաջին անգամ Հայաստանում կնշվի «Սպարապետի օրը»։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամից հայտնում են, որ Խնձորեսկում կայանալիք տոնակատարության շրջանակում տարբեր հարթակներում տեղի կունենան մի շարք միջոցառումներ։

Մասնավորապես, Խնձորեսկի կախովի կամրջի երկարությամբ կանգնած կատարողները դհոլ-զուռնայով կազդարարեն միջոցառման մեկնարկը: Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի և Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտների մասնակցությամբ և ուղեկցությամբ տեղի կունենա երթ դեպի Մխիթար Սպարապետի գերեզմանը, որտեղ նրանք զինվորական խոստում կտան և ծաղկեպսակ կդնեն՝ պատվո պահակ կանգնելով ի նշան հարգանքի: Ապա կտրվի զինվորական համազարկ:

Միջոցառման շրջանակներում հանդես կգա «Կարին» ավանդական երգի-պարի խումբը՝ Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ: Ցանկացողների համար կկազմակերպվի հայկական ռազմական պարերի (քոչարի, յարխուշտա, վերվերի) ուսուցում: Սբ. Հռիփսիմե եկեղեցու տարածքում կհնչեն շարականներ երգչախմբի կատարմամբ: Կանցկացվի նետաձգության մրցաշար:

Ամբողջ օրվա ընթացքում ներկաները հատուկ տաղավարներից կարող են գնել գյուղացիների պատրաստած էկոլոգիապես մաքուր ավանդական կերակուրներ, թխվածքներ ու խմիչքներ: Ելույթ կունենա Արսեն Գրիգորյանի (Մրո) ղեկավարած ազգագրական երգի համույթը՝ ներգրավելով ներկաներին և ելույթը վերածելով իսկական ժողովրդական տոնախմբության:

Միջոցառումների շարքը կեզրափակվի գալա համերգով՝ Շուշան Պետրոսյանի, Պարի պետական անսամբլի, Գագիկ Գինոսյանի «Կարին» համույթի, Արսեն Գրիգորյանի (Մրո), ՀՀ ԶՈՒ ԳՇ հատուկ զինվորական նվագախմբի մասնակցությամբ: Կցուցադրվեն գալա համերգի համար պատրաստված ֆիլմեր: Տոնակատարությունը կավարտվի հրավառությամբ:

«Թուրքիայում այսօր կա 37․055 ծպտյալ հայ ընտանիք». թուրք գործիչ․

Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ծավալած իր գործունեությամբ և հակահայ տրամադրություններով հայտնի թուրքական «ASİMDER» միության նախագահ Գյոքսել Գյուլբեյն անդրադարձել է Թուրքիայում բնակվող ծպտյալ հայերի հարցին։

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Գյուլբեյը նշել է, որ «հայերի տեղահանության» (այսինքն՝ Հայոց ցեղասպանության) ժամանակ իրենց տներից հեռանալ չցանկացող հայերը քողարկվել են քրդերի, ալևիների, թուրքերի անվան տակ և այսօր ծպտյալ հայերը Թուրքիայում մեծ թիվ են կազմում։ Որպես ապացույց թուրք գործիչը հիշեցրել է նաև Պոլսո հայոց պատրիարքի նախկին փոխանորդ Արամ Աթեշյանի այն հայտարարությունը, թե Թունջելիի բնակչության 90 տոկոսը հայեր են։

«ASİMDER»-ի նախագահի խոսքով՝ տարբեր ուսումնասիրություններ և հաշվարկների համաձայն՝ Թուրքիայում ներկայումս ընդհանուր առմամբ ապրում է 37․055 ծպտյալ հայ ընտանիք։

«Այսպես, Դիարբեքիրում 1.000 հայ ընտանիք ապրում է քրդի, ասորու կամ ալևիի անվան տակ, Մալաթիայում 3․655 հայ ընտանիք, Էլազըղում՝ 1000, Թունջելիում՝ 2․000, Սիիրթում ՝ 1․200, Երզնկայում (թրք․ Էրզինջան)՝ 1․300,  Սեբաստիայում (թրք․ Սիվաս)՝ 2․000, Քահրամանմարաշում՝ 3․000 հայ ընտանիք իրեն ներկայացնում է որպես քուրդ կամ ալևի:

Կեսարիայում կա 5.000 հայ ընտանիք, ովքեր քողարկված են որպես  թուրք, Վանում 4․000, Ադըյամանում՝ 1․600 հայ ընտանիք ծպտված է քրդի անվան տակ, Շանլըուրֆայում 3․000 ընտանիք ներկայանում է որպես արաբ կամ քուրդ, Մարդինում 1․500 հայ ընտանիքում ներկայանում է որպես արաբ, Ադանայում 2000 հայ  ընտանիք քողարկվում է քրդի, արաբի կամ ալևիի անվան տակ»- հայտարարել է Գյուլբեյը։

Հայատյաց գործչի պնդմամբ՝ մեծ թվով հայեր կան Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսկացության  (ԺԴԿ-HDP) և Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) կազմում։

Քյուլբեյը նշել է նաև, որ իրենք ամենայն ուշադրությամբ հետևում են ծպտյալ հայերին և ցանկանում են, որ պետական կառույցները համապատասխան միջոցներ ձեռք առնենք՝ նրանց բացահայտելու ու վերահսկելու համար։

Տավուշի մարզի Բերդի 3-րդ մանկապարտեզը հիմնովին վերանորոգվել ու կահավորվել է ՀՕՖ-ի միջոցով

Այսօր տեղի է ունեցել Տավուշի մարզի Բերդի 3-րդ մանկապարտեզի պաշտոնական բացումը, որին ներկա են եղելՀայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը, Բերդի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը։ Այս մասին հայտնում են ՀՕՖ-ի լրատվական ծառայությունից։

«Սա գեղեցիկ նվեր է մեր մանուկների ու նախակրթարանի ողջ անձնակազմի համար, քանի որ մենք բոլորս մեծ անհամբերությամբ էինք սպասում այս օրվան», – նշել է մանկապարտեզի տնօրեն Լուսինե Ավալյանը՝ իր երախտագիտությունը հայտնելով բարերարներ Տեր և Տիկին Մարդիգյաններին և ՀՕՖ-ի ղեկավարներին։

Բերդի 3-րդ մանկապարտեզի ավելի քան 35 տարվա հնության անմխիթար վիճակում գտնվող շինությունը հիմնովին վերանորոգվել ու մասնակի կահավորվել է ՀՕՖ-ի միջոցով «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրի շրջանակներում։

Մոտ չորս ամիս տևած շինարարական աշխատանքների արդյունքում վերանորոգվել է և բարեկարգվել են երեխաների սենյակները, ճաշարանը, խոհանոցը, ամբողջությամբ փոխվել է հատակը, ինչպես նաև դռներն ու պատուհանները, վարչական հատվածը և այլն։ Մանկապարտեզը համալրվել է նաև նոր սարքավորումներով և մասնակի կահավորմամբ։

ՀՕՖ-ի «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագիրը (ԱՀՏՄ) մեկնարկել է 2013թ։ Ծրագիրը մեծ ուշադրություն է դարձնում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի 16 համայնքներում կրթական, առողջապահական, սոցիալական ու տնտեսական զարգացմանը։ Ծրագրի աջակիցն ու հովանավորը «Մարդիգյան ընտանիք» հիմնադրամն է։

ՀՀ սփյուռքի նախարարությունում ամփոփվեց «Արի տուն-2017» ծրագիրը

Հոկտեմբերի 4-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ «Արի տուն-2017» հայրենաճանաչության ծրագրի ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Շահբազյանը, նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Քննարկվեցին «Արի տուն-2017» ծրագրի անցկացման հետ կապված հարցեր, վեր հանվեցին բոլոր ութ փուլերի ընթացքում առաջացած խնդիրները: ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը ներկայացրեց մասնակիցների վիճակագրական ամփոփ պատկերը: Տարածաշրջանային ստորաբաժանումների ղեկավարներն անդրադարձան իրենց տարածաշրջանների մասնակցությանը:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ նախարար Հրանուշ Հակոբյանը ընդգծեց ծրագրի կարևորությունը սփյուռքահայ երիտասարդներին  հայրենիքի հետ կապելու գործում: Կարևորվեց նաև Հայոց լեզվի արագընթաց դասընթացի և Ճամբարային օրերի առավել արդյունավետ օգտագործումը, հյուրընկալ ընտանիքների մասնակցությունը ծրագրին: Անդրադառնալով խնդիրներին՝ նախարարը մատնանշեց դրանք լուծելու ուղիները:

Խորհրդակցության ավարտին տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

Հավելենք, որ 2017 թվականին «Արի տուն» հայրենաճանաչության ծրագիրը հյուրընկալել է 36 երկրից ժամանած 1047 սփյուռքահայ երիտասարդի:

Ժողովրդական մարդը. Գևորգ Գանտահարյան

Հեռակա զրույց լիբանանահայ նշանավոր մանկավարժ, երաժիշտ-խմբավար, մշակութային և հանրային գործիչ Գևորգ Գանտահարյանի հետ՝ նրա վախճանի 11-րդ տարելիցի առիթով: Զրույցը կազմված է «Գէորգ Գանտահարեան՝ ամէնուն ուսուցիչը» գրքում զետեղված նյութերի հիման վրա (Երևան, 2011)

– Ընկեր Գանտահարյան, հայտնի է, որ Ձեր շրջապատում բոլորը՝ Ձեր սաները, գործընկերները, անգամ՝ կաթողիկոսները սովորաբար, որպես հարգանքի և մեծարանքի արտահայտություն, Ձեզ պարոն էին ասում։ Ոչի՞նչ, եթե ես նույնպես այդ ավանդույթին դիմեմ։

– Այո, այդպես էր։ Խնդրեմ, ինչպէս կը հաճիք։

– Շնորհակալություն։ Եվ այսպես, պարոն Գանտահարյան, ասում են՝ մարդուկյանքը ոչ թեապրած տարիներով պետք է   չափելայլ կատարածգործերով։Ցավոք, Ձեր երկրային կյանքը երկար չտևեց. ծնվել եք 1925թ., Դամասկոսում, երկրային կյանքին հրաժեշտ տվել 2006-ին, Բեյրութում։ Ո՞րն է Ձեր ապրած 81 տարվա գլխավոր չափորոշիչը։

 – Վստահաբար՝ աշխատանքը։ Առանց քրտինքի, առանց տքնութեան կարելի չէ նուաճում կատարել։ Աշխատանքը ո՜չ միայն մեր ինքութեան արտաբերումն է գործին ընթացքին, այլ ազնուական մակարդակի կը հասցնէ մարդ արարածը։ Ծուլութիւնը մայր է ամենայն չարութեանց։ Մեռելնե՜րը միայն չեն աշխատիր, հետեւաբար եթէ մենք չենք ուզեր ողջ մեռելներու վերածուիլ, էովին պիտի հրաժարինք ծուլութենէ։ Այլ խօսքով՝ հողին տակ անշարժ ողջեր կան հերոս նահատակ անունով, հողի մակերեսին շարժող երկոտանի մեռեալներ։ Աշխատանքը կեանքի գրաւականն է, իսկ ծուլութիւնը՝ մահուան։

-Ձեր կյանքի փորձից ելնելով, ասացեք, խնդրեմ, թեկուզ ընդհանուր գծերով ՝ ո՞րն է  մարդկային կյանքի խորհուրդը։

– Խորհուրդ մըն է մարդկային կեանքը. ցաւով լոյս աշխարհ կը մտնենք եւ ցաւով մահուան խաւարին մէջ կը թաղուինք։ Ինչ որ սակայն ցաւագոյնն է, ծնունդէն մահ թաւալող տարիներու ընթացքին մէջ ապրած կեանքն է։ Որովհետեւ երեք պարագային ալ մեր ազատ կամքը բացակայ է։ Կարճ՝ մեր կամքով չենք ծնիր, մեր կամքով չենք մեռնիր, բայց մանաւանդ մեր կամքով չենք ապրիր, որովհետեւ արտաքին պայմաններու, պահանջքներու բեռան տակ կը յարմարինք շրջապատին ու կը փորձենք վարել մեր կեանքը ըստ անոնց։ Քիչերուն, շատ քիչերուն, ընտրեալներուն միայն տրուած կ’ըլլայ շնորհքը պայքարելու այս դժբախտ կացութեան դէմ, ըլլալու ինքնզինքին հաւատարիմ, պահելու մարդու հարազատ պատկերը եւ այդ պատկերով ներկայանալու շրջապատին։ Այդպիսիներ կ’ունենան իրենց ներքին ճշմարտութիւնը, որուն շողերով կը փորձեն լուսաւորել մարդոց հոգիները եւ երջանկացնել մարդկային ընկերութիւնը։

-Դուք ծնվել, մեծացել եք Հայոց ցեղասպանությունից մազապուրծ այնթապցի գաղթականների վերընձյուղված օջախում և ողջ գիտակցական կյանքում, Ձեր ժամանակակիցների վկայությամբ, մշտապես հավատարիմ եք մնացել Ձեր ծնողներից ժառանգած հայ կոչվելու իրավունքին։ Ձեր կարծիքով, ծնունդով հայ լինելը միայն գենետի՞կ իրողություն է, թե՞ կոչում, որ պարտավորեցնում է ընդմիշտ լինել և ապրել այդպիսին։

– Հայ կոչուիլը, հայու զաւակ ըլլալը եւ հայօրէն ապրիլը տարբեր հասկացութիւններ են։ Որքան եան մականունը կրող հայեր կան, որոնք սակայն երբեք մաս չեն կազմեր հայութեան։ Անունով միայն հայեր են։ Հայօրէն ապրելու համար հայ ազգին պատկանած ըլլալու խորունկ գիտակցութեան եւ հպարտութեան տէր պէտք է ըլլայ մէկը։ Ինչպէս որ անձը անհատականութեան վերածուելու համար իր ինքնութեան զատորոշիչ ստորոգելիներու տէր պէտք է ըլլայ, այնպէս ալ ազգ մը իր առանձնայատկութիւններով անկախ իր տեղը պէտք է ունենայ ազգերու ընտանիքին մէջ։ Ծաղկաստանի մէջ ծաղիկ մը իր առանձին բոյրով ու գոյնով։ Արդ ինչպէ՞ս կարելի է ապրիլ հայօրէն։ Կը պատասխանեմ անմիջապէս. հաւատարիմ մնալով հայոց պատմութեան յաւերժական երթ ապահովող հիմնական արժէքներուն։

-Պարոն Գանտահարյան, Ձեր գերդաստանը մեկն է Հայոց մեծ եղեռնը վերապրած և աշխարհի չորս ծայրերը սփռված, այսպիսով իսկ՝ հայրենազուրկ դարձած բազում հայ ընտանիքներից։ Մեծ թվով հայեր, ինչպես որ Ձեր նախնիք, ապաստան են գտել հյուրընկալ արաբական երկրներում։ Բայց որքան էլ ապահով լինի այդ ապաստանը, այնուամենայնիվ, Դուք և Ձեր ժառանգները, փաստորեն, զրկված եք նախնյաց հողում՝ Արևմտյան Հայաստանում, կոնկրետ Դուք ու Ձեր զավակները՝ Այնթապում ապրելու բնականոն իրավունքից ու կարելիությունից։ Եվ այդպես՝ սերնդե սերունդ։ Հայրենի հողի Ձեր բնորոշումը, խնդրում եմ։ 

– Հայրենիքը հողի տարածք չէ միայն, լեռ ու ձոր, դաշտ ու գետ։ Այդ հողատարածքը նուիրականացած է մեր պապերուն քրտիքով ու արիւնով։ Հողին խառնուած ամէն մի աճիւն, նիւթեղէն այդ բնութիւնը հոգեղէն իսկութեան վերածած է, ու մենք հայրենիք հասկացութեամբ հողին ներքեւ հանգչող մեր բոլոր հերոսներէն, սուրբերէն, նահատակներէն, ստեղծագործ հանճարներէն ճառագայթող լոյսով ողողած ենք մեր հոգիները, ու ամէն անգամ որ վտանգ հասնի հողային տարածքին, մենք՝ ողջերս, մեր մեռելները պաշտպանելու համար պատրաստ կը դառնանք մեր կեանքը վճարելու։ Հայրենիքը աշխարհագրական տարածք մը չէ։ Անիկա դարերով յիշատակներ ծրարած, արիւն-քրտինք ամբարած, ստեղծագործ հանճարի հոյակերտումներով գեղեցկացած, հոգեղինացած, նուիրականացած, սրբագործուած խորհուրդ խորին է, որուն համար բոլոր սերունդները վճարած են իրենց է՜ն թանկագինը՝ Աւարայրէն մինչեւ Սարդարապատ, Ղարաքիլիսէ, Բաշ-Ապարան։

– Ավարտելով Անթիլիասի դպրեվանքը, որը բոլոր Հայրապետների կողմից կոչված է Կաթողիկոսության սիրտ, Ձեր հետագա ողջ կյանքը կապել եք հոգևորև աշխարհիկ գործիչների պատրաստման այդ  վաստակաշատ կրթօջախի հետ։ Թույլ տվեք հիշեցնել Արամ Ա Վեհափառի բարձր գնահատանքը, որ նա տվել է 2010թ. Ձեր 80-ամյա հոբելյանի առիթով. ՙԴպրեվանքի 75 տարիներու կեանքին ու առաքելութեան մեջ դուք 50 տարիներ եղաք մնայուն ու նուիրեալ ներկայություն՚։ Համաժամանակ, որպես հայտնի հասարակական գործիչ, հանրային-մշակութային կյանքի խոշորագույն դեմքերից մեկը, մշտապես մաս եք կազմել Մեծի Տանն Կիլիկիո Ս. Աթոռի Լիբանանի թեմի Քաղաքական ժողովին, Ուսումնական խորհրդին, Ազգային ընդհանուր ժողովին։ Դարձյալ՝ Վեհափառի բնորոշմամբ ասած՝ որպես ՙԿաթողիկոսարանէն ներս եղած անվեղար միաբան՚, անմնացորդ նվիրումով մասնակցել եք կաթողիկոսության բոլոր ձեռնարկումներին։ Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ խորհուրդ է պարունակում հայքրիստոնյա ավելի քան 1700-ամյա զուգակցությունը։ 

– Հայաստանեայց եկեղեցին ամէնէն ամուր կռուաններէն մէկն է մեր ազգի յաւերժութեան։ Հայ-քրիստոնեայ զուգակցութիւնը, իբրեւ ներդաշնակ բաղադրութիւն հայ գօյութեան՝ հաստատ համոզում է մեր ժողովուրդին մէջ։ Այնքան սերտօրէն առնչուած, ընդելուզուած կը տեսնենք ազգ-եկեղեցի հասկացութիւնները, հայ եկեղեցին Աստուծոյ տունը ըլլալու կողքին, է՜ նաեւ ազգին տունը։ Հայ եկեղեցւոյ քրիստոնէութեան յաւիտենական ճշմարտութիւններու հայացած օրրան է հայ եկեղեցին։ Դարերու ընթացքին նորակերպ զարդարեալ, բարոյական առաքինութիւններու շտեմարան։ Քաղաքական իշխանութեանց բացակայութեան ժողովուրդին տիրութիւն ըրած հեղինակութիւն։ Հայաստանեայց եկեղեցին այնքան սերտօրէն առնչուած է հայ ժորովուրդի պատմութեան, որ երկուքը  եղած են մէկ մարմին։ Ահա թէ ինչո՞ւ, անկախ զուտ կրօնական բնոյթէն, եւ  նոյնքան ազգային բնոյթով հաստատութիւն, որուն մէն մի քարը գաղտնի ճամբայ մը ունի, որ կը տանի ո՜չ միայն Աստուծոյ արքայութեան, այլ նաեւ հայոց հայրենիքին։

Ինչ կը վերաբերի Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Դպրեվանքին, ապա կը կրկնեմ, ինչ ըսած եմ Դպրեվանքի հիմնադրման 75-ամեակին առիթով՝ Թեհրանի եւ Թաւրիզի մէջ, 2005-ին կազմակերպուած հանդիսութեանց ընթացքին. Անթլիասի Դպրեվանքը պիտի դառնար դարբնոցը Մարդու եւ Հայու կազմաւորման, այլ բացատրութեամբ՝ նուիրական օճախ մարդակերտումի եւ հայակերտումի։ Երեք քառորդ դարու ընթացքին Դպրեվանքը հայ ազգին նուիրած է 4 կաթողիկոս՝ Զարեհ Ա., Խորէն Ա., Գարեգին Բ. եւ Արամ Ա., որոնց օրօք  բախտ  վիճակուած է ինծի ծառայել հայ եկեղեցւոյ եւ հայ դպրութեան, ապա՝ 35 եպիսկոպոս,  80 կուսակրօն քահանայ,  շուրջ 200 ամուսնացեալ քահանայ եւ 300 աշխարհական ուսուցիչներ, դպրապետներ, մտաւորականներ, հասարակական գործիչներ, նուիրեալ ծառաներ հայ մշակոյթի եւ կրթութեան։ Սխալած կըլլա՞նք արդեօք, կատարելով հետեւեալ հաստատումը. ՙԱռանց Դպրեվանքի ներդրումին, մեր ազգային կեանքը կարեւոր չափով պիտի աղքատանար՚։

– Ձեր ողջ գիտակցական կյանքում եղել եք Հայ Յեղափոխական Դաշնակցության նվիրյալ անդամներից մեկը՝ անձնուրաց մաս կազմելով կուսակցության ազգապահպան և հայրենաշեն գործունեությանը։ Այսօր էլ սերունդների հիշողության մեջ Դուք մնում եք այդպիսին՝ որպես անմոռաց կուսակցական գործիչ։ Ի՞նչ կմաղթեիք ՀՅԴ մերօրյա նորագիրներին։

– Դաշնակցակա՞ն կ’ուզենք ձեւանալ, թէ՞ դաշնակցական կ’ուզենք ըլլալ։ Դաշնակցութեան անդամ ըլլալը կայական բնոյթ չունի, այլ լինելային։ Այս իմաստով ով որ անդամ ըլլալէ ետք գոհանայ յայտարարելով, թէ դաշնակցական է, չարաչար կը սխալի եւ կէս ճամբէն կը նահանջէ ուխտադրուժ դառնալով։  Ամէն օր դաշնակցական տիպարը իրագործելու ձգտումը պէտք է ընկերը մղէ մտածելու, գործելու, որպէսզի նման բարոյական տիպարներու կազմակերպութեան վերածուի Դաշնակցութիւնը եւ այդ զոհաբերութեան պատրաստ ասպետական փաղանգով ապահովուի անհատ մարդու քաղաքացիական ազատութիւնը եւ հայ ժողովուրդի անկախ պետականութեամբ ինքնզինք իրագործելու, արժանի տեղ գրաւելով մարդկային ընտանիքին մեջ։

– 1915թ. ապրիլի 24-ին Օսմանյան Թուրքիայում սկիզբ առած Հայոց ցեղասպանությունը, որպես ազգային մեծագույն ողբերգություն, ահա արդեն մեկ դարուց ավելի է, ինչ սերնդե-սերունդ անդարմանելի վիշտ ու ցավ է դարձած մեր ժողովրդի համար։ Չնայած համայն հայության հետևողական ջանքերին, միջազգային հանրությունը տակավին դժվարանոււմ է միաձայն ճանաչել ու դատապարտել մարդկության դեմ ուղղված այդ զանգվածային եղեռնագործությունը։ Ձեր կարծիքով՝ ինչու՞մ է կայանում Հայ դատի խորհուրդը, առաջին հերթին՝ մեր ժողովրդի համար։

– Ապրիլեան մեր մէկուկէս միլիոն նահատակները, ճիշդ է, որ մեր հոգիները կը լեցնեն խորունկ թախիծով եւ սուգով, բայց զգացական դիմաւորում մը՝ լացով ու սուգով, յիշատակի հանդիսութիւններով, ոչինչ  կրնայ փոխել մեր ազգային իրավիճակէն, եթէ մենք ահաւոր այդ Եղեռնը չդիմագրաւենք քաղաքական մտածողութեամբ։ Սերունդներու պարտականութիւնն է յիշել իրենց մեռելները՝ շարունակելու համար յաւերժական երթը իրենց ցեղին եւ չկոտրելու համար թելը՝ անցեալին ու ներկային։ Բայց հոն կանգ առնելը անբաւարար է, եթէ սերունդները կատարուած ցեղասպանութիւնը համայն աշխարհին յիշեցնելու պարտքին յանձնառու դերակատարներ չըլլան։ Չարիքը մոռնալը նախատինք է հայութեան, բայց զայն ուրիշներուն չյիշեցնելը՝ աւելի մեծ ամօթ…։ Հետեւաբար, ազգային գիտակցութիւնը, քաղաքականութիւնը, հասուն մտածողութիւնը հրամայական անհրաժեշտութեան առջեւ կը դնեն հայութիւնը՝ մէկտեղելու իր բոլոր կարելիութիւններն ու ուժերը՝ ի սպաս Հայ դատին։ Ով որ կը գիտակցի պատմական այդ ճշմարտութեան, ով որ անկեղծ տագնապ կ’ապրի՝ հայուն դառն ճատագրին, ով որ կ’ուզէ իրագործուած տեսնել մեր հողային պահանջները, եւ ով որ կ’ուզէ երախտագէտ զգացումով յարգել յիշատակը մէկուկէս միլիոն նահատակներուն, պարտաւոր է հայու աչքերով նայիլ, հայու պէս, մաքուր եւ սրտցաւ, երբ հայը այդպէս նայած է այլ ազգերու զաւակներու աչքին։ Ուժեղանալ իրարմով, այս է կտակը ապրիլեան մեր նահատակներուն։

-Դուք մշտապես մտասևեռ կհետևեիք Արցախում տեղի ունեցող ազգային-ազատագրական պայքարի և արցախահայության դեմ հարևան Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքին։ Թեկուզ տակավին միջազգայնորեն չճանաչված, բայց արդեն քառորդ դարից ավելի է, ինչ Արցախը հաղթականորեն կերտում, ամրապնդում, կատարելագործում է իր անկախ, ինքնիշխան պետականությունը։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ խորհուրդ ունի Արցախի պայքարը յուրաքանչյուր հայի համար։

– Աստուած բախտ վիճակեց ինծի ըլլալու ազատագրուած Արցախ։ Հրաշալի ապրումներ էին Շուշիի Ս. Ամենափրկիչ եկեղեցւոյ մէջ լիբանանահայ մօտիկ բարեկամներու հետ մեր աղօթքի, խոկումի պահերը։ Այնտեղ խոր զգացողութիւն եւ համոզում ունեցանք, որ մեկնարկած է մեր ժողովուրդի զարգացման, յարատեւման եւ մեր դարաւոր երազներու իրականացման ճանապարհի կարեւորագոյն եւ անկիւնադարձային հանգրուանը։

Արցախը Միացեալ Հայաստանի վերականգնման կարեւորագույն հանգրուանն է։ Արցախը նաեւ մեր ժողովուրդի հոգեշարժն է, մեր գիտակցական զարթօնքի ամենահզօր կռուանը, որուն հանդէպ պէտք է գուրգուրալ եւ ընել հնարաւոր ամէն ինչ զայն պահպանելու, անվտանգ ու խաղաղ։ Արցախէն կը սկսի մեր վաղուան հզօր ու ամբողջական հայրենիքի վերակերտումը։ Ուստի, ամէն հայու պարտքն է ազատագրել Ղարաբաղը, որուն հողը ոռոգուած է մեր հայրերու մաքուր արիւնով, այնքան առատ, որքան Կասպից ծովու քարիւղը։ Ճիշդ է, քաղաքական աշխարհը այսօր մեր արեան եւ ազըրպէյճանական քարիւղը սակարկութեան  դրած է. չենք գիտեր ի՞նչ լուծում կը ստանայ հարցը, բայց հայութիւնը վճռած է. իր պապերու հողէն թիզ մը իսկ չզիջիլ  ու պայքարը շարունակել մինչեւ վերջին շունչ։

– Անթիլիասի դպրեվանքում, ապա և զուգահեռաբար՝ Բեյրութի Հայկազյան համալսարանում և ՙՀամազգայինի՚ Հայագիտական հիմնարկում Դուք երկար տարիներ դասավանդել եք հայ մատենագրություն, հայ հին գրականության պատմություն, գրաբար, հայ երաժշտության պատմություն և այլ առարկաներ։ Ինչպես վկայում են Ձեր ժամանակակիցները՝ շատ հաճախ Դուք ինքներդ եք հավաքել անհրաժեշտ բոլոր նյութերը, դասընթացներ ու ձեռնարկներ շարադրել սաների և աշակերտների համար։ Չէ՞ք ափսոսում, որ այդ շարադրանքներն ու մշակումներն ամբողջությամբ չեն պահպանվել։ Պատկերացնու՞մ եք՝ դրանց հազիվ մի քանի նմուշներ են, որ զետեղված են Ձեր կյանքին ու գործին նվիրված գրքում։ Բացի այդ, Դուք կարող էիք հարուստ հուշերի և տպավորությունների հետաքրքրական գիրք գրել։ Բայց, ավաղ…

– Դժբախտաբար յուշեր չեմ գրած. չեմ պահած նաեւ ուսումնասիրութիւններ երաժշտագիտական, շարականագիտական, մատենագրական։ Կը կարծեմ սակայն, որ այն, ինչ որ ունեցած եմ իբրեւ իմացականութիւն, մինչեւ վերջին գիրը, տառը, խորհուրդը փոխանցած եմ աշակերտներուս եւ ուսանողներուս։ Անմնացորդ ծառայած եմ հայ գիրին, գրականութեան, երաժշտութեան։ Յոյս ունիմ, որ այն, ինչ որ չեմ ըրած, աշակերտներս եւ ուսանողներս կ՜ամբողջացնեն իբրեւ յուշ, վկայութիւն, տպաւորութիւն։ Ինչպէս որ կ՜ընեն արդէն…

– Մանկավարժական գործունեությանը զուգահեռ՝ Դուք տասնյակ տարիներ զբաղվել եք երաժշտական-խմբավարական գործունեությամբ: Հիմնադրել եք մի շարք բազմաձայն երգչախմբեր՝ «Զվարթնոց», «Կոմիտաս», «Կանաչյան», «Հոբելյանական»: Անգամ մի շրջանում ստանձնել եք «Բարսեղ Կանաչյան» երաժշտանոցի տնօրենի պաշտոնը: Ձեր կարծիքով՝ որպես արվեստ, որպես մշակութային բաղադրիչ՝ ի՞նչ տեղ ու դեր ունի երաժշտությունը հայ ժողովրդի կյանքում:

– Երաժշտությունը հայ ժողովուրդի ամէնէն բարձր արուեստներէն մեկն է։ Պետք է գիտնալ, որ եթէ երբեք հայ ճարտարապետութիւնը, մանրանկարչութիւնը կրնան միջազգային մակարդակի վրայ մեզի վարկ ապահովել, անցեալին արդէն Կոմիտասի ճամբով եւ Կոմիտասի գործունէութեամբ հայ երաժշտութիւնը ինքնզինք պարտադրած էր օտարներուն՝ արեւելեան երաժշտական աշխարհին մէջ իր եզակի ազնուականութեամբ, խորութեամբ, լոյսով մը նոր աշխարհ բացած էին արեւմտեան աշխարհին։ Հայկական երգը հայ ժողովուրդի հոգիին ամէնէն անմիջական բխումը եւ ամէնէն հարազատ արտայայտութիւնն է։ Կը հաւատամ, որ սփիւռքեան մեր պայմաններուն մէջ հայեցի ինքնութեան պահպանման համար այլ ազդակներու կողքին հիմնականներէն մէկն է հայ երգը, որ մարդկային ձայնով հրամցուած անմիջական եւ խոր թափանցում մը կ’ունենայ հոգիներէն ներս՝ աւելի ամրացնելով զանոնք հայ արժէքներուն կառչած մնալու գիտակցութեան եւ հաւատքին մէջ։ Երգը շատ աւելի խորունկ անցեալէն կու գայ, շատ աւելի հարազատ արձագանգով կը հասնի մեզի, քան խօսքը: Կոմիտասն է ըսողը՝ ՙԵրբեմն իրա՜ւ երգ մը հազար ճառ արժէ՚։

– Պարո´ն Գանտահարյան, վերջին հարցս. ինչպիսի՞ն եք տեսնում հայ ժողովրդի վաղվա օրը: Արդյոք կիրականանա՞ Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի վերականգնման ու վերաշինման մեր նվիրական երազանքը: Դուք հավատո՞ւմ եք այդ երանելի ապագային:

– Կը հաւատամ, եւ ինծի հետ կը հաւատան բոլոր հայորդիները, որ պիտի գայ այդ օրը, ուշ կամ կանուխ, երբ վերջ պիտի գտնեն սփիւռքեան մեր կայանները, եւ պիտի չմնան Այնթապցի կամ Մարաշցի, Տէոօրթ-Եոլցի կամ Այնճարցի, Ատանացի կամ Ուրֆացի, այլ մենք պիտի դառնանք Երեւան ու Վան, Օձուն ու Սասուն, Թալին ու Կարին, Մուշ, Արածանի, Ախուրեան, Անի, Արագած ու Մասիս, Արաքս ու Տիգրիս, եւ ամբողջացած հայրենիքի մէջ, ամբողջացած հայութեամբ, այս ազնիւ ու պաշտամունքի արժանի ազգը դարձեալ պիտի ստեղծագործէ՝ դառնալով մեծ բարիք համայն մարդկութեան քաղաքակրթութեան։ Անպայման պիտի գայ երջանիկ այդ օրը, որքան ատեն որ յոյսը չէ մարած հոգիներուն մէջ եւ պայքարելու կամքը չէ տկարացած։ Այն ատեն, պանդխտութեան ցուպը մէկդի նետելով եւ օտարութեան փոշին թոթափելով, հայ ժողովուրդը պիտի վերադառնայ իր պապերուն երկիրը եւ դարձեալ իր հանճարով պիտի ստեղծէ հրաշակերտ կոթողներ, նոր Զուարթնոցներ եւ Հռիփսիմէներ։ Դարձեալ մշակներու բերնէն պիտի լսուի հայ հոգիի ջինջ ակունքէն բխող հորովելներ եւ հայորդիներու փաղանգը իր քրտինքով ու արիւնով դարձեալ պիտի շաղախէ մեր հողերը, մեր սուրբ հողերը, անոնց ընդերքներէն ունկնդրելով Արդարութեան եւ Ազատութեան անլռելի ղօղանջները։

– Պարոն ԳանտահարյանՁեր մաղթանքուղերձը հայ ժողովրդին։

– Ուխտենք պայծառ պահել մեր եկեղեցին։ Ուխտենք հզօր պահել մեր հայրենիքը։ Ուխտենք ազատագրուած Ղարաբաղը իր լրումին հասցնել։ Ուխտենք թշնամուն կրունկներուն տառապող մեր հայրերու աճիւններու վրայ նոր հայրենիք կերտել՝ հայութեամբ բնակուած։

– Խորապես շնորհակալ եմ Ձեզպարոն Գանտահարյան,  զրույցի համար։ Ինձ համար անչափ հաճելի ևառավելապես,իմաստնալից էր այս հեռակահանդիպումն ու   հաղորդակցությունը Մեծ հայի հետ։ Աստծո լույսն իջնե Ձեր  հոգունՄայր հայրենիքում՝ Երևանի գերեզմանատանը   հանգրվանած Ձեր շիրմին։

 – Աստուած պահապան Ձեզ եւ Աստուծոյ զօրակցութիւնը մեր ողջ ժողովուրդին։

Զրույցը վարեց Միքայել Հաջյանը

Սեպտեմբեր, 2017թ

http://aparaj.am

Սփյուռքի նախարարն ընդունեց «Հայկական առևտրային ցանցի» գործադիր խորհրդի նախագահ Հրաչ Գասպարին և խորհրդի անդամ Վահրամ Փիրջանյանին

Հոկտեմբերի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Հայկական առևտրային ցանցի» գործադիր խորհրդի նախագահ Հրաչ Գասպարին և խորհրդի անդամ Վահրամ Փիրջանյանին:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց Հրաչ Գասպարին «Հայկական առևտրային ցանցի» գործադիր խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթեց բեղմնավոր, արդյունավետ աշխատանք և հույս հայտնեց, որ նա մեծապես կնպաստի ամբողջ աշխարհի կարող ուժերի համախմբմանը տարբեր երկրներում նոր առևտրաարդյունաբերական պալատների ստեղծմանը, դրանց ներգրավմանը ՀԱՑ-ի աշխատանքներում:

Նախարարն իր գոհունակությունը հայտնեց արդյունավետ համագործակցության համար և բարձր գնահատեց սեպտեմբերի 19-ին «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի «Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ» ուղղության շրջանակներում տեղի ունեցած Հայկական առևտրային ցանցի (ATN) 3-րդ գործարար ֆորումի պատշաճ կազմակերպումը: Նախարարը հույս հայտնեց, որ կազմակերպության ակտիվ գործունեության շնորհիվ հայկական սփյուռքի գործարար ներուժը առավել  կհամախմբվի և  Հայաստանում կավելանան ներդրումները:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց այս համաժողովում արծարծված  խնդիրներին՝ Հայաստանի տնտեսության զարգացման, ներդրումների խթանման հնարավորություններին:

Քննարկվեցին «Հայկական առևտրային ցանցի» ընդլայնման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները, կազմակերպական խնդիրները, տարբեր երկրներում գործող մասնաճյուղերը ցանցում ներգրավելու մեխանիզմները:

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և նշեցին, որ «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովը ծառայեց իր նպատակին,  իսկ  Հայկական առևտրային ցանցի (ATN) 3-րդ գործարար ֆորումը համաժողովի շրջանակներում կազմակերպելը առանձնահատուկ հնչեղություն հաղորդեց միջոցառմանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց մի խումբ բրազիլացի լրագրողների

Հոկտեմբերի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց մի խումբ բրազիլացի լրագրողների՝ Վագներ Կալդեիյրաին, Ռիկարդո Կարվալոին, Ջուլիանա Ալբուքրեքին և Տատիան Բոֆֆին:

Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհակալություն հայտնեց 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները լուսաբանելու նպատակով Հայաստան այցելելու և Բրազիլիայում պատշաճ ներկայացնելու համար: Սփյուռքի նախարարը բարձր գնահատեց Բրազիլիայի կառավարության բարեհաճ վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ: Նա իր երախտագիտությունը հայտնեց այն հնարավորությունների համար, որ ընձեռվել է հայերին՝ ինտեգրվելու, կայանալու, մասնակցելու Բրազիլիայի զարգացման գործընթացին, ստեղծելու հայկական կառույցներ ու կազմակերպություններ:

Վագներ Կալդեիյրան շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց, որ երկրորդ անգամ Հայաստան են այցելել բրազիլահայ նշանավոր գործարարների՝ Բուրմայան ընտանիքի մասին գիրք գրելու նպատակով: «2015թ. մեր այցելությունը, կարծում եմ արդյունավետ եղավ, մենք մեր փոքրիկ լուման փորձեցինք ներդնել Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործում՝ օբյեկտիվ տեղեկատվություն տարածելով»,- նշեց բրազիլացի լրագրողը:

Նրանք հետաքրքրվեցին Սփյուռքի նախարարության գործունեությամբ, իրականացվող ծրագրերով, այն մեթոդներով ու ուղիներով, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում զարգացնել Հայաստան-Սփյուռք գործակցությունը:

Նախարարը ներկայացրեց աշխարհի 118 երկրներում ձևավորված հայ համայնքնեի հետ տարվող աշխատանքը, նշեց, որ միգրացիոն գործընթացները ալեկոծում են երկիր մոլորակը, որի բնակչության յուրաքանչյուր 34-րդը միգրանտ է, 70 միլիոն մարդ Եվրոպայում և 86 միլիոն՝ Ամերիկայում չի ապրում իր հայրենիքում, նշեց որ հայկական Սփյուռքը հիմնականում ձևավորվել է ցեղասպանությունից հետո: Վերջին տարիներին արտահոսքը Մերձավոր Արևելքի երկրներից և Հայաստանից՝ նոր արյուն են հաղորդել ուծացման եզրին կանգնած համայնքներին:

Նախարարը անդրադարձավ Հայաստան-Սփյուռք գործակցության ռազմավարական ուղղություններին: Կարևորեց Սփյուռքում հայապահպանությանն ուղղված աշխատանքները, մասնավորապես նախարարության կողմից սփյուռքահայ երիտասարդների հայրենաճանաչությանը, հայ մշակույթին հաղորդակցվելուն ուղղված ծրագրերն ու նախաձեռնությունները: Նշեց, որ աշխարհում գործում են 600-ից ավելի մշակութային կենտրոններ, հարյուրավոր երգի, պարի, թատերական խմբակներ, երիտասարդական կառույցներ:

Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց այն համահայկական խնդիրները, որոնց շուրջ համախմբվում է հայ ժողովուրդը, անդրադարձավ ժողովրդական դիվանագիտությանը և համաշխարհային քաղաքակրթության մեջ ներդրում ունեցող ազդեցիկ հայերին և նրանց ազգանվեր գործունեությանը:

Կողմերն անդրադարձան Բրազիլիայի հայ համայնքի խնդիրներին ու ձեռքբերումներին: Նրանք կարևորեցին Բուրմայան ընտանիքի դերակատարությունը համայնքի կազմակերպման, հայապահպանության և  խնդիրների լուծման գործում:

Նախարարը բարձր գնահատեց Բրազիլիայում ՀՀ պատվո հյուպատոս Հիլդա-Տիրուհի Բուրմայանի և նրա հանգուցյալ ամուսնու՝ Վարուժան Բուրմայանի՝ հայրենիքի զարգացմանը նպաստելուն, հայ բրազիլական հարաբերությունների ամրապնդմանն ու բրազիլահայության համախմբմանն ուղղված ջանքերը, իրականացրած ծրագրերը: «Պատահական չէ, որ Հիլդա-Տիրուհի Բուրմայանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով և Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալով,- նշեց Սփյուռքի նախարարը և հավելեց,- ես երեք անգամ եմ եղել Բրազիլիայում և չափազանց տպավորված եմ, դուք հայերի նման զգացմունքային եք, տաքարյուն, ինձ գրավեց ձեր ճարտարապետությունը, երաժշտությունն ու պարը, բազմամշակութային յուրահատուկ մթնոլորտը: Հպարտ եմ, որ Սան Պաուլոյի համայնքը համախմբված է Բուրմայան ընտանիքի շուրջը, և նա մեծ նվիրվածությամբ է լուծում համայնքի խնդիրները: Այդ հրաշալի ընտանիքը մեր հենման կետն է Բրազիլիայում, իսկ Վարուժան Բուրմայանը բարեսիրության լեգենդ է դարձել: Կարծում եմ, նրանց կերտած ազգանվեր պատմությունն արժանի է վավերագրման, և հուսով եմ՝ շուտով մեր սեղանին կլինի ձեր նախաձեռնած գիքը»:

Վերջում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տեսաուղերձով դիմեց Բրազիլիայի հայ համայնքին:

«Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» գիրքը` Սփյուռքի վավերագրության կարևոր աղբյուր. Խաչիկ Դեդեյան

Վերջերս լույս տեսած ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի «Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» գիրքը (650 էջ) ավելին է քան հանրագիտարան, այն Սփյուռքի հարցերի ուսումնասիրության, հայի ինքնության ու քաղաքական մտքի հոլովույթին կապված փաստավավերագրական աղբյուր է, տեղեկությունների և վիճակագրական տվյալների հսկա շտեմարան: Հարափոփոխ և բազմաշերտ Սփյուռքին լայնորեն քաջատեղյակ, նրա պատմությանը, հոլովույթին, պայքարին, բարդ խնդիրներին և ներքին նրբություններին մոտիկից ծանոթ հմուտ փորձագետի աշխատասիրություն, որտեղ ներբեռնված վավերական ու ամբողջական տվյալները տարիների անխոնջ բանահավաքչական աշխատանքի արգասիքն են, աշխատանք, որը ցույց է տալիս Սփյուռքի նախարարի՝ «իր հոտը» մոտիկից ճանաչելու հանգամանքը և փաստը:

Տիկին Հակոբյանն արդարացիորեն մատը վերքի վրա  է դնում, երբ նշում է, որ համաշխարհայնացման ու հարափոփոխ աշխարհի այսօրվա իրականության առջև Հայկական սփյուռքն աստիճանաբար կորցնում է իր հայի ինքնությունը, կանգնած է ուծացման արագ գործընթացի առջև, ուստի Սփյուռքի գլխավոր հիմնախնդիրն ու մարտահրավերը` հայապահպանության խնդիրն է: Այնուհետև շարունակում է, որ համայնքային կյանքը Սփյուռքում արմատական վերատեսության, վերակազմակերպման կարիք ունի: Նախարարի հիմնական կիզակետը` Հայաստանի և Արցախի զույգ հանրապետությունների հզորացման գործում Սփյուռքի կարևոր և մեծ դերակատարությունն է, ինչպես նաև Սփյուռքի գոյատևումն ու հարատևությունը:

Սփյուռքի կառույցների հետ գործակցության հսկա դաշտ է ներկայացնում հեղինակը, երբ մատնանշում է այն բնագավառները, որտեղ Հայաստանի համապատասխան կառույցները կարող են իրենց ներդրումն ունենալ, ինչպես օրինակ` հայագիտության, լրատվության և մամուլի, թանգարանների, բարձրագույն կրթության, Ցեղասպանագիտության և այլ ոլորտներում:

Սփյուռքի դիմագրաված բազմաթիվ դժվարությունների դիմաց հայրենի կառույցները կարող են և պարտավոր են նեցուկ կանգնել և միաժամանակ օգտվել Սփյուռքի համայնքների, կառույցների և անհատների ծով փորձառությունից և հսկա ներուժից՝ Հայաստանի հզորացման և արտաքին աշխարհի ու միջազգային կառույցների ու կազմակերպությունների հետ գործակցության հեռանկարով:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված Հայկական սփյուռքի հետ համակողմանի կապերի զարգացման, հայապահպանությանն ուղղված քաղաքականության և մշակութային, կրթական, լեզվի և այլ ոլորտներում գործակցության կարիքը ո´չ միայն ողջունելի է, այլ` պահանջ, որը ենթադրում է պարտավորություն: Այդ նպատակին հասնելու համար մշակված լուրջ ռազմավարությունը, ելնելով Սփյուռքի կարիքներից, կարող է ամրապնդել ու բարձրացնել վստահության մակարդակը Հայաստանի և Սփյուռքի միջև: Այդ զորակցությունը պետք է ընթանա երկու ուղղություններով:

Բնականաբար հասկանալի է նախարարի պահվածքը, երբ անդրադառնում է Սփյուռքի համայնքների ներքին դժվարություններին ու թերություններին: Մատնանշում է երևույթներ, կատարում առաջարկներ, սակայն չի խորանում դրանց պատճառների կամ պատասխանատուների փնտրտուքի մեջ:

Հեղինակն իրավացիորեն մատնանշում է Հայոց ցեղասպանության դառը ու ծանր հետևանքները՝ իրավազրկված և Ցեղասպանությունն իր մաշկի վրա ապրած սփյուռքահայի վրա, պատմական անցյալն ու հավաքական հիշողությունն արթուն պահելու կարևորությունը համարում՝ իբրև նոր սերունդների հայ մնալու ազգային արժեհամակարգի նախադրյալ: Պահանջատիրությունը, որը Հայաստանի պետական այրերը խուսափում են որդեգրել, փոխարենն օգտագործելով «հետևանքների վերացում» բառակապակցությունը, հայ ժողովրդի միասնականության կարևորագույն ազդակներից է, թեև ոʹչ միակը: «Ցեղասպանության 100-րդ տարելիցը հավաքական ու պատմական հիշողությունը պահպանելու և նոր սերունդներին որպես ուխտ և ավանդ փոխանցելու լավագույն առիթն էր»,- հաստատում է տիկին Հակոբյանը:

«Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» գրքում հանգամանորեն քննարկվում են Սփյուռքի պատմամշակութային արժեքները, նաև ազգային կառույցների և անհատների գույքի և ժառանգության հիմնախնդիրները, առաջարկվում մոտիկից զբաղվել այդ հարցով, նախանձախնդիր, որ անհատների և այլոց կտակները չյուրացվեն օտարների կողմից: Տիկին Հակոբյանը հարց է բարձրացնում` ովքե՞ր են այս կտակների իրավատերերը, ո՞վ է ազգ-ժառանգորդը եթե ոչ՝ ազգային պետությունը` Հայաստանի Հանրապետությունը, և առաջարկում ազգային ժառանգության հաշվառում կատարել, մինչև իսկ` այդ ժառանգության հայրենադարձություն: Այս հարցը և առաջարկված մոտեցումը լուրջ քննարկման կարիք ունեն՝ նկատի ունենալով նրանցից առաջացող նրբությունները:

Տիկին Հակոբյանը հանգամանորեն քննարկում է հայի ինքնության հիմնական բաղադրիչները` մայրենի լեզու, հայ մշակույթ ու դպրություն, եկեղեցի, ընտանիք, բարքեր ու սովորություններ, պատմական հիշողություն, շեշտելով հայրենիքի հետ կապն ու հողի` օջախի զորությունը սփյուռքահայի ինքնությունը պահելու և պահպանելու ջանքերի մեջ: Իրավացի է, երբ արևմտահայերենի նահանջին զուգակցում է նաև արևելահայերենի վտանգված լինելու իրողությունը կամ հայրենիքում լեզվի աղավաղումը, երևույթ, որը պարտավորեցնում է հայրենի պետությանը զորաշարժի ենթարկելու պետական իր ողջ լծակները՝ ի շահ մայրենի լեզվի երկու ճյուղերի փրկության: Ցավոք, հեղինակը չի մատնանշել միասնական ուղղագրության հարցը և հայ ժողովրդի երկու հատվածների միասնականությունն ամրապնդող այնքան կենսական այդ քայլը նախաձեռնելու անհրաժեշտությունը:

Միաժամանակ խոր վերլուծության է ենթարկում հայ ընտանիքի տեղն ու դերը, հայկական մշակույթի կարևոր հանձնառությունը հայապահպանման գործում՝ որպես կամուրջ նրա անցյալի, ներկայի ու ապագայի, հայ երեխային հայկական անունով կոչելու անհրաժեշտությունը` նրա հայեցի դիմագծի պահպանման մեջ: Անդրադառնում է հայախոսության նահանջին, խառն ամուսնություններին, օտար վարժարաններ հաճախող հայ աշակերտների թվի աճին, վերջինիս վտանգին, որոշ տեղեր ազգային կառույցների ոչ-արդյունավետ գործունեությանը: Շեշտում է Սփյուռքի համայնքների ազգային նկարագրի պահպանման մեջ հայ եկեղեցական երեք կառույցների համագործակցությունը` մշակույթի, կրթության, լեզվի և այլ ոլորտներում:

Բազմաշերտ են հարցերը և քննարկված թեմաները՝ հեղինակի շեշտադրումներով, գիտական, մեթոդաբանական, վերլուծական մոտեցումով, մի բան, որը գիրքը դարձնում է ավելի քան ամբողջական ու հագեցած: Հարկ է խոստովանել, որ աշխատությունը վերլուծելու կամ ներկայացնելու որևէ փորձ կանխավ դատապարտված է լինելու՝ մասնակի և ոչ ամբողջական: Այս տողերի հեղինակը նախապես գիտակցում էր այդ փորձի դժվարությունը:

Տիկին Հակոբյանը մատնանշում է Հայկական սփյուռքի ներուժը հայրենիքի հզորացմանը ծառայեցնելու տարբեր բնագավառները, կարևորությունը, միջոցները, Հայաստան-Սփյուռք գործակցության զանազան շերտերը, անհրաժեշտությունը, բաղդատում է հունական, հրեական և իռլանդական Սփյուռքերը՝ վեր հանելով նրանց փորձը, Սփյուռքի լոբբիի օգտագործումը՝ ի շահ Հայաստանի և Արցախի հզորացման, հայի ինքնության տագնապն ու առողջ ախտորոշումը կատարում է ի նպաստ հայի գոյատևման երաշխիքների ուժեղացման:

Հարուստ փորձի վրա հենված իր մատնանշումներն ամփոփում են Սփյուռքի ներկայի ու անցյալի մարտահրավերները՝ ներկայացնելով լուծման առաջարկներ, քննարկելի և նաև օգտագործելի արտերկրի մեր համայնքներում: Նա էապես հաջողված է դասակարգել հիմնախնդիրները և Սփյուռքի գոյատևումը ամրագրող միջոցները լուսարձակի տակ բերել:

Հատուկ բաժինով ներկայացվում են Սփյուռքի ունեցած նյութական հսկա ներդրումներն ու նպաստը անկախ Հայաստանի և Արցախի զորացման ու բարգավաճման մեջ, և այդ նույն Սփյուռքին վերապահված անուրանալի դերակատարությունը հայրենիքի զարգացման մեջ: Գիրքը ի մի  է բերում սփյուռքյան կառույցների և անհատ ազգայինների հսկայական նեդրումների պատկերը, աշխատանք, որը լավագույնս է արտահայտում վերջին տասնամյակների օժանդակությունների ծավալն ու չափը: Մեծ է Սփյուռքի դերը հայրենաշինության գործում:  Այս աշխատությունը գալիս է նաև հաստատելու այս ճշմարտությունը՝ իր ունեցած հարուստ տվյալներով:

Գրքում խոր քննարկման  է ենթարկվում հայի ինքնության հարցերը, Սփյուռքի նախարարության գործելաոճն ու գործունեությունը, հեռանկարներն ու անելիքները, Սփյուռքի հետ գործակցության նպաստող ծրագրերն ու բնագավառները, երկքաղաքացիության հաստատումը, բռնի իսլամացված հայերի հարցը, Թուրքիայի` Հայոց ցեղասպանության ժխտման և նենգափոխության քաղաքականությունը, Հայաստանի շրջափակումը, Ադրբեջանի թշնամական ու հարձակողապաշտ նկրտումները, արտագաղթի աճող մակարդակը, արտաքին և ներքին մարտահրավերները, Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովներն ու նրանց կարևոր դերը կամուրջների հաստատման և փոխըմբռնման տեսակետից, հայկական ողջ ներուժի օգտագործման կարևորությունը թե´ համայնքներում և թեʹ ի շահ Հայաստանի և Արցախի հզորացման՝ որպես կարևոր գործոն:

Աշխատությունը հագեցած է բազմաբնույթ վիճակագրական ու տարբեր անհատների և հաստատությունների կողմից կատարված ուսումնասիրություններով, որոնք այս գրքին տալիս են գիտական արժեք և հավաստիություն: Ներկայացված բոլոր առաջարկներն ու ծրագրերը խոր գիտակցումն են սփյուռքահայության հարցերի և դժվարությունների, նաʹև՝ փորձի, համադրում են բոլոր գիտական-ակադեմական զեկույցները, դասախոսությունների վերլուծություններն ու եզրահանգումները, որոնք գործադրելի են և´ Սփյուռքում, և´ հայրենի կյանքի որևէ բնագավառում:

«Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» գիրքը մեծ ներդրում է սփյուռքագիտության համար, հատկապես՝ քննադատական մտածողության (critical thinking) տեսակետից: Այս բոլորը վկայում են, որ շնորհիվ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի` մենք գործ ունենք նախարարությունը կառույցի և փորձ ունեցող հաստատության վերածած ուժեղ անհատականության հետ, պետական հարուստ մտածողությամբ, որի 9-ամյա աշխատանքի ու տեսլականի արգասիքն է այս հատորը, արժանի` լուրջ ուսումնասիրության Սփյուռքում և հատկապես՝ հայրենիքում:

Որպես վերջաբան նշեմ, որ ցանկալի կլիներ այս ծանրակշիռ հատորը լույս ընծայել նաև դասական ուղղագրությամբ և ինչու ոչ` արևմտահայերեն:

ԽԱՉԻԿ ԴԵԴԵՅԱՆ

Անթիլիասի դիվանապետ

«Ինձ համար ամենից կարևորը Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ընթացքում արծարծված հարցերն ու առաջարկները կյանքի կոչելն է». Սուրեն Շերիք

Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցներից շատերը դեռևս Հայաստանում են. նրանցից ոմանք մնում են՝ մասնակցելու Երևանի տոնակատարությանն ու վայելելու աշնանային քաղաքը: Նրանցից մեկի՝ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքից ժամանած դոկտոր Սուրեն Շերիքի հետ զրույց ունեցա «Հայերն այսօր»-ի համար, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

-Բարո՛վ եք եկել Հայրենիք. գիտեմ, որ եկել էիք ՝ մասնակցելու Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին, ուստի պետք է խնդրեմ, որ ներկայացնեք Ձեր տպավորությունները :

-Ես Հայաստան եմ եկել՝ ոչ միայն համաժողովին մասնակցելու, այլև՝ վայելելու երևանյան աշունը, մասնակցելու քաղաքի տոնակատարությանը: Սովորաբար, մենք՝ ես ու տիկինս՝ Մարգոն, գրեթե ամեն տարի այցելում ենք Հայրենիք և հատուկ ընտրում ենք սեպտեմբերի կեսերից մինչև հոկտեմբեր ամսվա սկիզբը, որովհետև դա հիասքանչ ոսկե աշնան ընթացքն է: Համաժողովը շատ լավ էր կազմակերպված, այդ առումով խոսք չունեմ, հսկայական աշխատանք էր արված, որի համար հատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ սփյուռքի նախարարին և նախարարության բոլոր աշխատակիցներին: Ինձ համար ամենից կարևորը համաժողովի ընթացքում արծարծված հարցերը, մտահոգություններն ու առաջարկները կյանքի կոչելն է: Հարկավոր է խոսքից անցնել գործի: Հիմնականում դա՛ եմ ակնկալում համաժողովից, կարևորն արդյունքն է:

-Պարո՛ն Շերիք, ի՞նչ եք կարծում՝ այս համաժողովը դրական որևէ տեղաշարժ կգրանցի՞ Հայաստանի զարգացման և Հայաստան-Սփյուռք կապերի առավել սերտացման ու համագործակցության առումով:

Բավականին հետաքրքիր հարցում է, սիրով և անկեղծորեն կպատասխանեմ, որովհետև մտածումներիս ու սրտիս մոտիկ է հարցը. մեծ ակնկալիքներ չունեմ համաժողովից, հույսեր ունեմ միայն: Կարծում եմ՝ պետք է գործնական քայլեր ձեռնարկել, դուրս գալ խոսքի, զեկուցումների դաշտից, բարձրացված յուրաքանչյուր հարց լուծելու համար որոշակի ժամկետներ սահմանել և արդյունք ստանալ, պահանջել կատարված ներդրումների ցանկը: Իհարկե, համաժողովները անմիջական արդյունքներ չեն կարող տալ:

-Անկախ համաժողովից՝ որպես հայրենասեր հայ, ո՞րն է Ձեզ համար այս պահին Հայաստանի զարգացման և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման առումով առաջնահերթ խնդիրը:

-Ես մի կարևոր մտածում ունեմ՝ արդյո՞ք Հայաստանն ու Սփյուռքը նույն ճանապարհով են ընթանում: Հայաստան-Սփյուռք առավել սերտ համագործակցության զարգացումն եմ համարում առաջնահերթ խնդիր:

-Համաժողովի ընթացքում հնչած ելույթներից, բազմաթիվ առաջարկներից ո՞րն էր Ձեզ առավել սրտամոտ:

Ինձ դուր եկավ պաշտպանության թեմայով զեկուցումը. հայապահպանության, հայոց  լեզվի, հայ դպրոցի պահպանման հարցերին վերաբերող ելույթներն եմ շատ կարևորում: Սփյուռքում անհրաժեշտ է ունենալ լավագույնս մասնագիտացված հայոց լեզվի մանկավարժներ:

Պարո՛ն Շերիք, ի՞նչ մասնագիտություն ունեք և ներկայումս ի՞նչ աշխատանք եք կատարում Ֆրանսիայում՝ ի շահ հայության:

-Մասնագիտությամբ քիմիագիտության գծով ինժեներ եմ, կոչումով՝ ակադեմիկոս, դոկտոր. համալսարանից դուրս եմ եկել և, մասնագիտանալով կաուչուկի գործում, աշխատել եմ այդ ոլորտում: Ես ծնվել եմ Ստամբուլում, 40 տարի է, ինչ գաղթել ենք Ֆրանսիա, ուր 40 տարի շարունակ աշխատել եմ քիմիագիտության ոլորտում, սակայն արդեն 10 տարի է, ինչ թոշակի եմ անցել ու մշակութային- հասարակական գործունեություն եմ ծավալել՝ աշխատելով հայկական «ԱՅԲ» ռադիոկայանում, որտեղ մի շարք հաղորդաշարեր եմ արել և սիրով շարունակում եմ այդ աշխատանքը: Առաջին հաղորդաշարս կոչվում էր ՝«Հինն ու նորը», որին հաջորդեց «Ի՞նչ գիտենք» վերնագրով հաղորդաշարը, երրորդ հաղորդաշարը կոչվում էր «Առակ մը», որի ընթացքում ես ներկայացնում էի հայկական մի առակ, առած, մեկնաբանում այն և ծավալվում դրա շուրջ, չորրորդ հաղորդաշարը, կոչվում էր «Մեր լեզուն», արդեն կես տարի է, ինչ ներկայացնում եմ հաջորդ հաղորդաշարը՝ «Արևմտահայ արդի գրականությունը»: Դրանք բոլորն իմ հեղինակային հաղորդաշարերն են:

… Փաստորեն, Դուք, չլինելով բանասեր, լեզվաբան, գրական-գեղարվեստական հաղորդումներ եք պատրաստում, վարում դրանք, ասմունքում…որտեղի՞ց այդ շնորհը:

-Դեռևս դպրոցական տարիներին տարված էի մաթեմատիկայով, սիրում էի ճշգրիտ գիտությունները, բայց միևնույն ժամանակ հոգով գրական աշխարհում էի, իմ ձեռքին միշտ մաթեմատիկայի գրքեր էին և գեղարվեստական որևէ գիրք:

Մոտենում է Երևանի տոնը. ի՞նչ կմաղթեք 3000-ամյակի շեմին մոտեցող մեր ծեր ու հավերժ երիտասարդ վարդագույն մայրաքաղաքին:

Մաղթում եմ, որ ավելի բարետես դառնա, մաքուր լինի, որպեսզի քաղաքաշինությունը թամանյանական երազանքին մոտ լինի, քաղաքի համայնապատկերը չաղավաղվի հայկական ավանդական ճարտարապետական լուծումներից զուրկ նորաոճ շենքերով, կառույցներով, որոնցով արտերկրից եկած հյուրերին չես զարմացնի: Թո՛ղ հավերժի Երևանը:

Զրուցեց Կարինե Ավագյանը

Ալմաթիի կիրակնօրյա դպրոցը մեկ տարեկան է

2016-ի հոկտեմբերի 1-ին Ալմաթիի «Ամուրե» համերգաժամանցային հա­մալիրի հարմարավետ շենքում Ղազախստանի հայերի միության «Մասիս» կազմա­կեր­պու­թյան ղեկավար Էռնեստ Վարդերեսյանի ջանքերով իր գործունեությունն սկսեց հայ­կա­կան կիրակնօրյա դպրոցը։ Թվում է՝ մեկ տարին բավարար չէ սեփական ձեռագիր ունե­նալու և «պատմություն» կերտելու համար, բայց արի ու տես, որ այդ կարճ ժամանա­կահատվածում Ալմաթիի դպրոցը ոչ միայն կարողացել է իր շուրջը համախմբել հայ երեխաներին, այլև դար­ձել է ազգային մշակույթի զարգացման ու տարածման յուրատեսակ կենտրոն, որտեղ կազ­մա­կերպվում են մշակութային միջոցառումներ, մեծ շուքով և հանդիսությամբ են նշվում նաև Ղազախստանի և ՀՀ պետական տոները։

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, այս տարի Լուսինե Շահվերդյանի նա­խա­ձեռ­նությամբ, ով, ի դեպ, կառույցի ղեկավար Է. Վարդերեսյանի բնորոշմամբ, հայրենասեր և իր գործի իսկական նվիրյալ մարդ է, կազմակերպվեց նաև ամառային դպրոց։ Այժմ էլ Լուսինեն «Մասիս»-ի ղեկավարության հետ համատեղ, նախագծում է Ալմաթիում հայերենի ուսու­ցիչ­ների դպրոց-կենտրոն հիմնելու ծրագիր և այլն։

Նրանք, ովքեր ճանաչում են Ղազախստանի հայերի միության «Մասիս» հասարակական կազմակեր­պու­թյան ղեկավար Էռնեստ Վար­դե­րեսյանին և գործադիր կոմիտեի անդամներին՝ Ռոդիկ Մնացականյանին, Սահակ Սալում­յա­նին, Ռիմա Ցականյանին, Լուսինե Շահվերդյանին, վստահ են, որ նրանց ցանկացած ծրա­գիր կամ նախագիծ շատ շուտով իրականություն է դառնալու։

Մենք էլ շնորհավորում ենք Ալմաթիի մեր հայրենակիցներին կիրակնօրյա դպրոցի մեկամյակի առթիվ և մաղթում բեղմ­նավոր գործունեություն՝ ի բարօրություն մեր ժողովրդի։

«ՀՕՄ-ն այնտեղ է, որտեղ աջակցության կարիք  կա». Ժանետ Մարտիրոսյան-Խաչատրյան

Հայ օգնության միությունը (ՀՕՄ) 1910 թվականից սկսած մարդասիրական ծրագրեր իրականացնող կարևորագույն կազմակերպություններից էՍոցիալական, առողջապահական, կրթական և այլ ոլորտներում ՀՕՄուհիների կյանքի կոչած ծրագրերն, իրապես, մեծ գովասանքի են արժանի:

Հայ օգնության միության Անգլիայի մասնաճյուղն այդ գաղափարի ջահակիրներից է, որի ատենապետուհի Ժանետ Մարտիրոսյան-Խաչատրյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ներկայացնում է միության գործունեությունն ու իրականացրած նախաձեռնությունները: Նշենք նաև, որ հոկտեմբերի 7-ին ՀՕՄ-ի Անգլիայի մասնաճյուղը տոնելու է հիմնադրման 35-ամյակը:

-Տիկի՛ն Ժանետ, այս անգամ ի՞նչ առիթով էիք Հայաստան այցելել:

-Շատ կարևոր նպատակով՝ ՀՕՄ-ի 17 երկրների ներկայացուցիչների հետ մասնակցելու ՀՕՄ-ի Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի բացման արարողությանը, որին ներկա էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետուհի Կարոլին Շմավոնյանը և այլ հյուրեր: Մանկապարտեզի կառուցման աշխատանքներին իր անմիջական մասնակցությունն ունի ՀՕՄ-ի ԱՄՆ արևմտյան շրջանը:

Այնուհետև այցելեցինք Արցախի զորամասեր՝ հանդիպելու քաջարի զինվորներին, որպեսզի ոգևորեինք և մայրական քնքշանքով պարուրեինք նրանց: Տեսնելով տղաների հայրենասիրական խրոխտ կեցվածքը և անկոտրում ոգին՝ հիացել, հուզվել էի շատ, անընդհատ գրկում էի նրանց ու զրուցում: Հետո ՀՕՄ-ուհիներով գնացինք ՀՕՄ-ի Ջավախքի գրասենյակ, ապա շրջայց կատարեցինք Թբիլիսիում:

-Առաջին անգա՞մ էիք լինում Արցախ աշխարհում:

-Այո՛: Տպավորված եմ Ստեփանակերտի մաքրությամբ, Արցախի գեղատեսիլ բնությամբ, մարդկանց ջերմ ու անկեղծ վերաբերմունքից: Բոլոր տեսարժան, պատմամշակութային վայրերում եղանք, որոնք շատ սիրեցի: Ի դեպ, եկեղեցիներ այցելելով՝ սահմանը հսկող մեր տղաների անփորձանք ծառայության համար մոմ ենք վառել:

-Համահայկական կառույցների կողմից առաջնային հարց էր դարձել Սիրիական պատերազմի հետևանքով օրհասական վիճակում հայտնված սիրիահայերին աջակցելը: ՀՕՄ-ի Անգլիայի մասնաճյուղն ի՞նչ նախաձեռնությամբ է հանդես եկել:

-ՀՕՄ-ը, առհասարակ, գործուն մասնակցություն է ունեցել սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ՝ ցուցաբերելով տարաբնույթ օժանդակություն:  Ինչ վերաբերում է մեր մասնաճյուղին, ապա նշեմ, որ Անգլիայում հաստատված սիրիահայերին ենք աջակցել: Անհրաժեշտության դեպքում օգնությունը շարունակական կլինի:

ՀՕՄ-ը միայն հայերին օգնելով չի սահամանփակվում. մենք այնտեղ ենք, որտեղ մեր աջակցության անհրաժեշտությունը կա:

-Տեղյակ եմ, որ մասնակցել եք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով ՀայաստանՍփյուռք 6-րդ համաժողովին: Պատմե՛ք, խնդրեմ, Ձեր տպավորությունների մասին:

-Նախևառաջ շատ հաճելի էր ևս մեկ անգամ գտնվել Հայաստանում, շփվել Հայաստանի և Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցների հետ: Երրորդ անգամ եմ մասնակցում ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող Հայաստան-Սփյուռք համաժողովին: Նկատեցի, որ այս անգամ ավելի շատ մարդ էր մասնակցում: Կազմակերպչական առումով ամեն ինչ գրագետ էր մտածված՝ սկսած երիտասարդ կամավորների աշխատանքից:

 Կարծում եմ՝ արդյունավետ համաժողով ստացվեց: Միայն թե արծարծված բոլոր առաջարկները, հնչեցրած տեսակետները պետք է խոսքից գործի վերածվեն՝ ի շահ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի  բարօրության:

 Շատ ազդեցիկ էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի լիագումար նիստում ունեցած ելույթը. նա մանրակրկիտ ներկայացրեց մեր հետագա անելիքներն ու համատեղ գործակցության ուղիները: Տպավորված եմ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի հետ հանդիպումից և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի՝ Հայաստանի տնտեսության ներկա ռազմավարությանը, բարեփոխումների ուղղություններին, զարգացման մեծ ներուժին և երկրի նոր իմիջի կերտմանը նվիրված ելույթից: Մի խոսքով, համաժողովին մասնակցությունս շատ կարևոր եմ համարում:

-Տիկի՛ն ժանետ, պատասխանեք, թերևս, վերջին հարցիս՝ ո՞րն է Ձեր երազանքների Հայաստանը:

Հայաստանը զարգացման և առաջընթացի համար բոլոր նախադրյալներն ունի: Մեր ունեցած հնարավորությունները ճիշտ օգտագործելով՝ կարող ենք միասնական ուժերով շենացնել մեր երկիրը: Իմ երազանքների Հայաստանը բարեկեցիկ, համահավասար իրավունքներով ապրող ժողովուրդ ունեցող Հայաստանն է:

Զրուցեց Գևորգ Չիչյանը

 

Սփյուռքի հայկական համայնքները կամուրջ են հանդիսանում իրենց հյուրնըկալած երկրների և հայրենիքի միջև

Հոկտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Բուլղարիայից մի խումբ ուխտավորների՝ ուղեկցությամբ Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի և ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի տնօրեն Վազգեն Յակուբյանի: Խումբը, որի կազմում էին Բուլղարիայի ազգային գործիչներ, արվեստի ներկայացուցիչներ և խորհրդարանի պատգամավորներ, Հայաստան է ժամանել մասնակցելու նաև Ամենյան Հայոց Կաթողիկոսի հովանու ներքո, Սոֆիայի ու Հայաստանի Ազգային պատկերասրահների ջանքերով կազմակերպված հանրահայտ բուլղարահայ գեղանկարիչ Պետիկ Պետրոսյանի նկարների ցուցահանդեսին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը վերհիշեց Բուլղարիա կատարած իր հովվապետական այցը՝ ընդգծելով, որ ականատեսն է դարձել բուլղարահայ համայնքի հավատավոր ընթացքին, Հայ Եկեղեցու շուրջը համախմբվելու և ազգային արժեքներով ապրելու նրա ձգտումին: Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց նաև, որ Բուլղարիայի հայկական համայնքը ունի հարուստ պատմություն և մշտապես իր կարողություններով մասնակից է դարձել երկրի զարգացմանն ու առաջընթացին:

Նորին Սրբությունն արձանագրեց, որ Սփյուռքի հայկական համայնքները կարևոր կամուրջ են հանդիսանում իրենց հյուրնըկալած երկրների և հայրենիքի միջև սերտ, բարեկամական հարաբերությունների հաստատման գործում:

Անդրադառնալով լուսահոգի Պետիկ Պետրոսյանի նկարների ցուցահանդեսին` Հայոց Հայրապետն իր գնահատանքը հայտնեց բոլոր կազմակերպիչներին` շեշտելով, որ նման մշակութային միջոցառումների անցկացումը միմիայն նպաստում երկու ժողովուրդների փոխճանաչողությանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ նմանօրինակ այցելությունները ևս խթան կդառնան թեմական կյանքի աշխուժացման, ինչպես նաև հայ-բուլղարական կապերի առավել սերտացման ու ամրապնդման համար:

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարիա Ցոցորկովա-Կայմակչիևան:

Scroll Up