Համերգ՝ Հայաստանի և Սփյուռքի երգիչների մասնակցությամբ

Հոկտեմբերի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Բա՛ց գիրկդ, երկի՛ր, քեզ մոտ եմ գալիս» խորագրով համերգը, որին մասնակցեցին երգիչներ Հայաստանից և Սփյուռքից:

Համերգին ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ելույթ ունեցան ամերիկաբնակ սիրված երգիչ Պապին Պողոսյանը, Արմեն Հովհաննիսյանը (հայտնի երգիչ Րաֆֆի Հովհաննիսյանի որդին), Հերմինե Ամիրյանը, Էմմա Թովմասյանը, Սալբի Մայիլյանը, Հայաստանից՝ Վարդան Բադալյանը, Անահիտ Սահակյանը, Մավր Մկրտչյանը, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ Նորայր Դավթյանի ղեկավարությամբ։

Համերգի ընթացքում երգիչներից յուրաքանչյուրը ներկայացավ իր երգացանկով, հնչեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպես նաև գուսանական, աշուղական երգեր։

Խմբի համերգային շրջագայությունը Հայաստանում կազմակերպել էր Հասմիկ Զալյանը:

Երեկոյի ավարտին ելույթ ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Նա Պապին Պողոսյանին փոխանցեց 2016թ. նրան շնորհած ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալը, որին արվեստագետն արժանացել էր  Սփյուռքում հայկական արվեստը տարածելու, այդ ոլորտում ստեղծագործական և կատարողական բարձր վարպետության և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում զգալի ներդրում ունենալու համար:

Արվեստագետներ Սալբի Մայիլյանը, Էմմա Թովմասյանը, Հերմինե Ամիրյանը և Արմինե Հովհաննիսյանը պարգևատրվեցին Սփյուռքի նախարարության պատվոգրերով:

Սփյուռքի նախարարը մասնակցեց բուլղարահայ նկարիչ Պետիկ Պետրոսյանի ցուցահանդեսի բացմանը

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցեց  Հայ բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ, ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանավորությամբ, Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության, Հայաստանի ազգային պատկերասրահի և Սոֆիայի քաղաքային պատկերասրահի աջակցությամբ կազմակերպված բուլղարահայ նկարիչ Պետիկ Պետրոսյանի «Նավամատույցներ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արք. Հովհաննիսյանը, Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովան, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, հասարակական, քաղաքական գործիչներ, արվեստագետներ:

Ավելի քան 90 գեղանկարչական ու գրաֆիկականաշխատանքները ներկայացնոմ են Հայաստանի, Սիլիստրայի, Բալչիկի, Դոբրուջայի գեղատեսիլ վայրերն ու գողտրիկ անկյունները: Ընդգրկված են աշխատանքներ ընտանիքի ու մասնավոր հավաքածուներից, Սոֆիայի քաղաքային պատկերասրահից, Սիլիստրայի, Վառնայի, Տուտրականի, Պազարջիկի, Դոբրիչի, Պլովդիվի պատկերասրահներից, Սիլիստրայի հայկական առաքելական եկեղեցուց, որոնք ներկայացնում են բնանկարներ, քաղաքային ու ծովային տեսարաններ, ինչպես նաև մեկ սրբապատկեր և եկեղեցու զարդապատկերների վերատպություններ:

Ցուցադրությունը կգործի սույն թվականի հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 3-ը:

Ամերիկաբնակ հայ արվեստագետները հյուրընկալվեցին Սփյուռքի նախարարությունում

Հոկտեմբերի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը հյուրընկալեց ամերիկահայ արվեստագետներ Հասմիկ Զալյանին, Անահիտ Ներսիսյանին և Սոնա Վանին:

Ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց արվեստագետների հայապահպան գործունեությունը և նվիրումը հայ մշակույթին: «Հայ ինքնությունը, մշակույթը մեր ոգին են, լինելիության անձնագիրը, և դուք աշխարհի հեռավոր անկյուններից մեկում՝ Լոս Անջելեսում, նպաստում եք հայապահպանությանը, հայ մշակույթի հանրահռչակմանը, հայկական հզոր համայնքի համախմբմանը հայ մշակույթի շուրջ: Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում Հասմիկ Զալյանի նախաձեռնությամբ տեղի կունենա «Բա՛ց գիրկդ, երկի՛ր, քեզ մոտ եմ գալիս» խորագրով համերգը, որի ընթացքում ելույթ կունենան ամերիաբնակ հայ երգիչներ Պապին Պողոսյանը, Սալբի Մայիլյանը, Էմմա Թովմասյանը, Հերմինե Ամիրյանը, Արմինե Հովհաննիսյանը: Նրանք իրենց հիասքանչ կատարումով հանդես եկան նաև «Նաիրի» համահայկական փառատոնի ընթացքում»,-նշեց Հրանուշ Հակոբյանը:

Սփյուռքի նախարարը Հայաստան-Սփյուռքի կապերի ամրապնդման գործում ներդրման, ինչպես նաև հայապահպանության գործում մեծ ավանդ ունենալու համար պրոդյուսեր Հասմիկ Զալյանին պարգևատրեց ՀՀ ՍՆ ոսկե մեդալով: Սփյուռքի նախարարության պատվոգրերով պարգևատրվեցին նաև արվեստագետներ Պապին Պողոսյանը, Սալբի Մայիլյանը, Էմմա Թովմասյանը, Հերմինե Ամիրյանը, Արմինե Հովհաննիսյանը:

Երգչուհի Հասմիկ Զալյանը շնորհակալություն հայտնեց պարգևի համար և նշեց. «Սա կյանքիս ամենամեծ նվերն է, որը երբեք չեմ մոռանա»:

Բանաստեղծուհի Սոնա Վանը իր խոսքում ընդգծեց. «Ուրախ եմ այստեղ գտնվելու համար, քանի որ տեսնում եմ, թե ինչպես է յուրաքանչյուրիդ մեջ ապրում Հայրենիքի ոգին, Հայաստանին ծառայելու պատրաստակամությունը: Շնորհավորում եմ քեզ, սիրելի՛ Հասմիկ, ես քեզ համարում եմ մեր օրերի լավագույն հայ պրոդյուսերից մեկը, ով կարողանում է տեսնել, նկատել երիտասարդ, տաղանդավոր հայ մարդկանց, գնահատել նրանց աշխատանքը և  ստեղծել պայմաններ, որ նրանք ելույթ ունենան, ներկայացնեն հայ երգը ամբողջ աշխարհում»:

Հանդիպման ավարտին օպերային երգչուհի Անահիտ Ներսիսյանը կատարեց կոմպոզիտոր Աշոտ Սաթյանի ստեղծագործություններից:

«Լրագիր»-ը դարձավ 15 տարեկան

Սեպտեմբերի 30-ին «Նուարդ» մշակութային միությունը նշել է  Բելգիայում  և Բենելյուքսի երկրներում իր տեսակի մեջ եզակի «Լրագիր» ամսաթերթի 15-ամյակը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է «Նուարդ» մշակութային միության լրատվական ծառայությունը, երեկոն բացել և ամսաթերթի անցած ուղու, խնդիրների մասին խոսել է միության նախագահ, ամսաթերթի գլխավոր խմբագիր Գևորգ Մինասյանը՝ նշելով, որ չնայած առկա մարտահրավերներին, առանց վհատվելու շարունակում են իրենց տպագրական աշխատանքները: Գլխավոր խմբագիրը շնորհակալություն է հայտնել նաև ընթերցողներին, ովքեր մինչև այժմ անդավաճան իրենց կողքին են գտնվում:

Ամսաթերթին շնորհավորական խոսքեր էին հղել նաև բազմաթիվ կազմակերպություններ, ընթերցողներ:

Երեկոյին մասնակցում էր և ելույթ ունեցավ «Ինտերնացիոնալ կոմիտեի» համախմբող, Անտվերպեն քաղաքի ավագանու անդամ Գալինա Մատյուշինան:

Հավելենք, որ թերթին շնորհավորելու էին եկել ռուսական, ուկրաինական, բելոռուսական և, իհարկե, հայկական երգի, պարի համույթներ, անհատ կատարողներ, իսկ երիտասարդ գեղանկարիչ Արման Վարդանյանը երեկոյի մասնակիցների համար բացել էր իր ահատական ցուցահանդեսը:

  ]

 

 

 

 

 

«Երգի միջոցով լեզու դասավանդելն ավելի հաճելի և դյուրին է». Շողիկ Փահլևանյան  

Վերջերս լույս տեսավ ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից գործող Մոսկվայի «Վերածնունդ» հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն և մանակավարժ, մ. գ. թ. Շողիկ Փահլևանյանի «Հայկական երգերի ժողովածու» աշխատությունը: Այս առիթով ներկայացնում ենք «Հայերն այսօր»-ի հարցազրույցը հեղինակի հետ:

-Տիկի´ն Շողիկ, վերջերս տպագրվեց Ձեր նոր գիրքը՝ «Հայկական երգերի ժողովածու»: Ի՞նչն է առիթ հանդիսացել հրատարակելու նման ձեռնարկ, և ո՞րն է վերջինիս առաքելությունը:

– «Հայկական երգերի ժողովածու»-ի միտքը վաղուց էր հասունացել, քանի որ երգի միջոցով որևէ  լեզու դասավանդելը՝ գործընթացն  ավելի հաճելի և դյուրին է դարձնում, միաժամանակ նպաստելով՝ լեզվի հնչերանգի, բառի կայուն ընկալմանը և լեզվամտածողության զարգացմանը:

-Ի՞նչ լսարանի համար է նախատեսված հիշյալ ձեռնարկը:

– Այն նախտեսված է նախադպրոցական, դպրոցական, միջին և բարձր տարիքի դպրոցահասակների, ինչպես նաև ուսուցիչների և հայերենն ու հայ երգը ուսումնասիրել ցանկացող յուրաքանչյուր մարդու համար:

-Ինչպե՞ս է կատարվել երգերի ընտրությունը:

-Ձեռնարկը հրաշալի միջոց է հայ երաժշտական մշակույթին հաղորդակից լինելու համար, քանզի  ներառում է հայոց ազգագրական երգերից  ու հայ կոմպոզիտորական դպրոցի մեծերի ժառանգությունից ընտրված 68 երգ: Կատարվել է երկսկզբունք ընտրություն. նախ՝ թեմատիկ բաժանումով, երկրորդ՝ հայ երգի համապատկերի ներկայացումով:

-Տիկի´ն Շողիկ, նմանօրինակ առաջի՞ն դասագիրքն է:

-Հայ իրականության մեջ կարծում եմ անդրանիկ ձեռնարկն է, որովհետև տրված են երգերի հայերեն բնագրերը, դրանց թարգմանությունները, տառադարձությունն ու նոտագրումը:

– Ի՞նչ արձագանքներ եք ստացել:

-Գրքի վերբերյալ գրվել են գրախոսություններ, հնչել մի շարք դրվատանքի խոսքեր ո´չ միայն հայաստանյան մասնագետների, այլև՝ Ռուսաստանի հայկական դպրոցների ուսուցիչների կողմից, որոնք բոլորն էլ առանձնանում են օբյեկտիվությամբ:

Գրախոսականներով և կարծիքներով հանդես են եկել՝ մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ Յուրի Յուզբաշյանը, մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ջուլիետա Գյուլամիրյանը, բ. գ. թ., դոցենտ Աշոտ Գալստյանը, բան. գիտ. դոկտոր, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, մ. գ. թ., դոցենտ Լիլիթ Տեր-Գրիգորյանը, գրքի խմբագիր բ. գ. թ. Լուսինե Հայրիյանը և այլք:

– Տիկի´ն Շողիկ, այս աշխատանքին զուգահեռ՝ արդեն երեք տարի է դասավանդում եք  նաև «Արի տուն» ծրագրի Հայոց լեզվի արագընթաց դասընթացներում, ի՞նչ փորձառություն տվեցին այդ տարիները:

– Նշեմ, որ ինձ համար շատ հետաքրքիր է աշխատել «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած մասնակիցների հետ: Այդ կարճ ժամանակահատվածում փորձում ես նրանց մեջ ներարկել հայերենի հանդեպ այն սերը, որը հետագայում կարող է ինքնուրույն ծլարձակել:

Միաժամանակ այս դասընթացների ընթացքում ես մեկ անգամ ևս համոզվեցի, որ հեղինակային ուսումնական ձեռնարկներիս՝ «Ռուս-հայերեն զրուցարան»-ի, «Ռուսերեն-անգլերեն-հայերեն զրուցարանի», «Հայակական երգերի ժողովածու»-ի և այլ գրքերի մեթոդական ուղենիշը ճիշտ է, ինչն էլ նպաստում է լեզվի արագ ուսուցմանը:

 

Մհեր Հովհաննիսյանը հանդիպեց Մոսկվայի «Հայորդյաց տան» սաների հետ

Սեպտեմբերի 24-ին Մոսկվայի «Հայորդյաց տան» սաների հետ հանդիպեց ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հովհաննիսյանը։ Հանդիպման նպատակը կրթօջախի սաներին ԵՊՀ ծրագրերին ծանոթացնելը և հայրենիքում կրթություն ստանալու հարցում ոգևորելն էր։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնից:

«Ամեն տարի տասնյակ երկրներից մեր հայրենակիցները գալիս են Հայաստան՝ մասնակցելու ՀՀ սփյուռքի նախարարության և ԵՊՀ համատեղ կազմակերպած  վերապատրաստման ծրագրերին։ Դրանք ընդգրկում են՝ հայերենի արագացված, երիտասարդ առաջնորդների, լրագրության, ագային երգ ու պարի դասընթացներ և կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում։ Այդ դասընթացների ընթացքում նաև գերատեսչություններով շրջայցեր և Հայաստանի տեսարժան վայրեր ճանաչողական այցելություններ են կազմակերպվում։ Մասնակության համար պետք է լինել առնվազն 17 տարեկան, լրացնել էլեկտրոնային հայտը, ունենալ երաշխավորող նամակ և հայտնվել վերապատրաստման ծրագրում։ Այդ ամենն առաջին անգամ մասնակցողների համար անվճար է»,- հանդիպման մեկնարկին ասաց Մհեր Հովհաննիսյանը։ Նա Մոսկվայում էր Պատմագիտության միջազգային կոմիտեի հրավիրած գիտաժողովին մասնակցելու համար, որին ի թիվս աշխարհի 54 երկրի անդամակցում է նաև Հայաստանը։

Այնուհետև բանախոսը ներկայացրեց իր հեղինակային «Համասփյուռք» նորաստեղծ ծրագիրը, որից հետո հանդիպմանը ներկա սաները հետաքրքրվեցին, թե սփյուռքահայերի համար նախատեսված ինչ ծրագրեր կան ԵՊՀ-ում և ուսուցման ինչպիսի պայմաններ են գործում։

«Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն ունեք ցեղասպանագիտության, հայագիտության ոլորտում, որի համար Հայաստանի Հանրապետությունը բակալավրիատում 70 անվճար տեղ է հատկացրել, իսկ ովքեր ունեն բարձրագույն կրթություն՝ կարող են դիմել մագիստրատուրա։ Նրանց համար, ովքեր մնալու տեղի խնդիր ունեն՝ ասեմ, որ այս տարի կավարտվի արտասահմանից եկած 500 ուսանողի համար նախատեսված հանրակացարանի կառուցումը, որն իր հնարավորություններով չի զիջի թանկարժեք հյուրանոցին»,- վստահեցրեց Մհեր Հովհաննիսյանը՝ միաժամանակ ինքնակրթության համար խորհուրդ տալով օգտվել մի շարք գիտական կայքերից, որոնց հղումները կարելի է գտնել armin.am կայքում։

Հետաքրքրական զրույցի և ծրագրերի նեկայացման համար հյուրին իրենց շնորհակալությունը հայտնեցին «Հայորդյաց տան» հոգևոր տեսուչ Տեր Առաքել քահանա Ամիրյանը և տնօրեն Հմայակ Գևորգյանը՝ ողջունելով նմանօրինակ հանդիպումների շարունակականությունը և սփյուռքահայերի համար հայրենիքում կազմակերպվող բազմատեսակ ծրագրերի առակայությունը, որոնցում անմիջական մասնակցություն և ներդրում ունի Մհեր Հովհաննիսյանը։

Հանդիպման ավարտին որոշ ուսանողներ հավաստիացրեցին, որ այսուհետ ԵՊՀ-ում ուսանելու նպատակ ունեն և հնարավորության դեպքում եկող ուսումնական տարում կհամալրեն ԵՊՀ ուսանողների շարքերը։

Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրում օծվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին

Արցախի սահմանամերձ Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրի մոտ նախօրեին տեղի է ունեցել Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման և բացման հանդիսավոր արարողությունը:

 «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ բարերար Գրիգոր Մովսիսյանի միջոցներով կառուցված եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը կատարել է ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Սկզբում օծվել է եկեղեցու Աշոտ Երկաթ թագավորի հայոց բանակին պահապան Սուրբ Խաչի կրկնօրինակ խաչը, այնուհետև եկեղեցին, որից հետո մատուցվել է պատարագ, որի ընթացքում ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդն իր շնորհավորական խոսքն ուղղելով ներկաներին՝ կարևորել է այդպիսի աստվածահաճո նախաձեռնությունը՝ կառուցել Աստծո տուն մեր հայրենիքի ազատագրված հատվածներում. «Կամոքն բարձրյալ աստուծո, այսօր մենք ունեցանք ևս մի աղոթավայր, որն առաջինն է ազատագրված մեր պապական Մեխակավան բնակավայրում: Ունեցանք մի սրբավայր, որը պետք է գոտեպնդի մեր զինվորներին՝ առավել հաստատուն լինելու իրենց ծառայության մեջ, որովհետև այստեղից է սկսում նաև քրիտոնեության սահմանը, ինչի կնիքը եղավ նորակառույց այս Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին»,- ասել է Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Պատարագի ավարտին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդը կարդացել է ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակը, որով եկեղեցու բարերար Գ. Մովսիսյանին շնորհվել է հայ եկեղեցու բարձրագույն Ս. Ներսես Շնորհալի պատվո շքանշանը:

Նշենք, որ արարողությանը ներկա էին ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ԱՀ ՊԲ հրամանատարի ԱՀՏԱԳՏ գեներալ-մայոր Վարդան Բալայանը, եկեղեցու կառուցման հովանավոր Գ. Մովսիսյանը, Երկրապարահ կամավորականների միության վարչության ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր:

Լուսանկարները՝ http://www.armchaplain.org-ի

‹‹Համահայկական համաժողովը հաջող ընթացք ունեցավ››.Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ

‹‹Մեծապես ուրախ եմ «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին ներկա գտնվելու համար, կարծում եմ` համաժողովը հաջող ընթացք ունեցավ, բոլոր քննարկումներն արդյունավետ էին: Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի հայությունը մեկտեղվեց՝ քննարկելով բոլորիս մտահոգություններն ու անելիքները››,-‹‹Հայերն այսօր››-ի հետ զրույցում ասաց Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը՝ հավելելով, որ կազմակերպվող այս համաժողովներն իրենց ուրույն տեղն են ունենալու Հայաստանի և հայ ժողովրդի կյանքում:

Սրբազան հայրը, խոսելով Ռումինիայի հազար տարուց ավելի պատմություն ունեցող համայնքի մասին, տեղեկացրեց, որ 3000 հայ է ապրում, որոնք հիմնականում կենտրոնացված են Բուխարեստում, հայեր կան գրեթե բոլոր քաղաքներում: Նշեց նաև, որ համախմբված համայնք է, գործող հայկական կառույցները համահայկական հարցերում բռուցքված են՝ հետամուտ լինելով Հայ դատի և Արցախի հիմնախնդրի լուծմանը:

Անդրադառնալով հայկական համայնքի հոգևոր կյանքին՝ նա ասաց, որ ռումինահայերը եկեղեցակենտրոն են, մասնակցում են պատարագներին՝ փորձելով հաղորդ լինել բոլոր արարողություններին: Սակայն համայնքում գերխնդիր է մնում խառնամուսնությունների, Մայրենիի պահպանման հարցը, քանի որ մարդկանց ճնշող մեծամասնությունը հայերեն չի խոսում:

 

 

Սեւ ցուցակի բաղադրությունը շեշտակի երանգավորվում է. Շահան Գանտահարյան

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանատահարեան կը գրէ.

Արցախ այցելող օտարերկրացի դեմքերի այցերից մինչ այժմ ամենից հզոր հարվածը Բաքվին` Թուրքիայի քաղաքացի մտավորականների ներկայությունն էր Ստեփանակերտում։

Հայաստանի տարածքով Արցախ այցելած գրող Սայիթ Չեթինօղլուի, քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասի, լրագրողներ Ալի Բայրամօղլուի եւ Էրոլ Քաթըրջըօղլուի քայլը «դավաճանություն է ոչ միայն եղբայրական Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի հանդեպ»: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Այդըն Հուսեյնովը:

Հուսեյնովը ցանկություն է հայտնել, որ թուրք մտավորականներին արտահանձնեն Բաքվին. «Թուրքիան եւ Ադրբեջանը եղբայրական պետություններ են: Վստահ եմ՝ շուտով նրանց կարտահանձնեն Ադրբեջանին»:

Սա խոսում է այն փաստի մասին, որ խորհրդարանական մակարդակով արդեն խնդրո առարկայի բնույթով է դիտվում թուրք-ադրբեջանական հարաբերությունները։ Թե` վստահ եմ շուտով նրանց կարտահանձնեն Ադրբեջանին հայտարարությունն ու նրա հաջորդած միտքը, թե Թուրքիան եւ Ադրբեջանը եղբայրական պետություններ են, նշանակում է արտահանձնումը չիրականանալու դեպքում կարող են վտանգվել Անկարայի եւ Բաքվի հարաբերությունները։

Մինչ այժմ պաշտոնական Անկարայի կողմից որեւե համարժեք արձագանք չկա. Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության պատգամավորներից Աթիլլա Քայանը ևս դատապարտել է թուրք մտավորականների այցն Արցախ և անվանել նրանց «ծպտյալ հայեր»: Ինչպես ասել է՝ նրանք դավաճանել են Թուրքիային՝ Արցախում անելով հայամետ հայատարարություններ, որոնք աջակցում են «Ադրբեջանի 20 տոկոսն օկուպացրած Հայաստանին»:

Պաշտոնական առումով Ադրբեջանի գլխավոր դատախազությունը «Ադրբեջանի պետական սահմանը անօրինական կերպով հատելու» մեղադրանքով հետաքննություն է սկսել սեպտեմբերի 22-ին ճանաչողական նպատակով Արցախ այցելած 4 թուրք հասարակական-քաղաքական և մշակութային գործիչների նկատմամբ: Իհարկե Ադրբեջանի դատախազությունը չէր կարող ինքնուրույն շարժվել. սա գալիս է վերեւներից, ուղղակի Ալիեւ ընտանիքից։  Դրա համար էլ դեռեւս նույն մակարդակով արձագանք չի հնչել գործընկեր Անկարայից։

Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը հայտնել է, որ «սա որոշ թուրք քաղաքացիների անձնական սադրիչ ակցիա էր՝ Թուրքիայի հայկական լոբբիի հովանավորությամբ, եւ նրանք բոլորն արդեն մտցվել են ԱԳՆ «սեւ ցուցակի» մեջ: Իսկ Թուրքիայի ԱԳՆ-ից կայքին հայտնել են, որ թուրք քաղաքացիների Լեռնային Ղարաբաղ այցի կապակցությամբ արդեն քննություն է սկսվել:

Թե գլխավոր դատախազության եւ թե արտգործնախարարության մակարդակներով ուրեմն թուրքական հարթության վրա համարժեք արձագանքներ չեն հնչել։

Այս իրադարությունները արձանագրվում են ուղիղ Լապշինի նկատմամբ շնորհված ներումին։ Սա խոսում է նաեւ այն փաստի մասին, որ արտահանձնումները, հետախուզում հայտարարելը, նույնիսկ իբրեւ պատժամիջոց կալանքը իրենց ազդեցությունը չեն կարող ունենալ Արցախ այցերի հոսքի վրա։ Սեւ ցուցակի իմաստազրկումը՝ Բաքվի հեղինակազրկումն է։

Այս նախադեպը կարող է դուռ բացել Թուրքիայի այլ քաղաքացիների այցերի համար։ Թուրքիայի համապատասխան մարմինները նեղ ընտրություն կատարելու առաջ կկանգնեն`իրենց քաղաքացիներին արտահանձնելու առումով։

Չի բացառվում, որ այցերի բաղադրությունը որոշակի փոփոխության ենթարկվի եւ Արցախում հայտնվեն նաեւ Ադրբեջանի քաղաքացիները։ Սեւ ցուցակը արդեն ներառել է թուրքերին։ Գուցե ներառի նաեւ ադրբեջանցիներին։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Աստվածահաճո նախաձեռնություն. բուլղարահայ երիտասարդ գործարարը Երևանում կազմակերպել է Պետիկ Պետրոսյանի նկարների ցուցահանդեսը

ՀՀ սփյուռքի նախարարությունում Բուլղարիայի Վառնա քաղաքից հյուրընկալված  երիտասարդ հայ գործարար Գևորգ Գրիգորյանը մի գեղեցիկ առաքելությամբ է եկել  Հայրենիք, այն է՝ բուլղարահայ նկարիչ Պետիկ Պետրոսյանի նկարների ցուցահանդեսի կազմակերպումը: Այդ առիթով «Հայերն այսօր»-ի համար մի փոքրիկ հարցազրույց  ունեցա   Գևորգի  հետ, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

-Գևո՛րգ, Դուք գործարար եք, ի՞նչ առնչություն ունեք նկարիչ  Պետիկ Պետրոսյանի  նկարների ցուցահանդեսի հետ:

-Այո՛, ես գործարար եմ, աշխատում եմ «ԱԳՐԻՔ-Բուլղարիա» կազմակերպությունում,  որի գործադիր տնօրենն եմ, արտադրում և արտերկիր ենք ուղարկում ցորեն, եգիպտացորեն: Ծնվել եմ Բուլղարիայում, Եղեռնից մազապուրծ հայերի սերնդից եմ: Նախնիներս Կայզերիից և Պոլսից են: Ծնվելով ու ապրելով Սփյուռքում՝ ես երբևէ չեմ մոռացել իմ ծագման, իմ արմատների մասին: Տարին երկու անգամ լինում եմ Հայաստանում: Ապրելով Վառնայում՝ մանուկ հասակում  շատ եմ եղել Սիլիստրա քաղաքում և դպրոցական արձակուրդներս անցկացրել նկարիչ, մեծ մորս քրոջ ամուսնու՝ Պետիկ Պետրոսյանի տանը: Շատ տարիներ են անցել այդ երջանիկ  օրերից, ու ես որոշել եմ Հայրենիքում կազմակերպել երջանկահիշատակ (1912-1989թթ.) Պետիկ Պետրոսյանի նկարների ցուցահանդեսը. դա մի տեսակ հոգու պարտք եմ համարում այդ մեծ մարդու և տաղանդավոր նկարչի հիշատակի հանդեպ: Մայրաքաղաքի ազգային պատկերասրահում՝ «Նավամատույցներ» խորագիրը կրող ցուցահանդեսում, կներկայացվեն Պետիկ Պետրոսյանի գեղանկարչական և գրաֆիկական 100 աշխատանքները, որոնք ներկայացնում են Հայաստանի, Սիլիստրայի, Բալչիկի, Դոբրուջայի, Պազարչիկի, Տուտրականի, Դոբրիչի  գեղատեսիլ վայրերը: Դրանք բնանկարներ են, ծովային տեսարաններ: Ցուցադրվելու է նաև մեկ սրբապատկեր և եկեղեցու զարդապատկերների վերատպություններ:  Ներկայացվող աշխատանքների շարքում ներառված են ընտանիքին պատկանող գործեր, Սոֆիայի պատկերասրահի, Սիլիստրայի, Վառնայի, Պլովդիվի և այլ քաղաքների  պատկերասրահների հավաքածուներ:

– Պետիկ Պետրոսյանը, որքանով տեղյակ եմ, Սիլիստրայի  հայկական եկեղեցու սրբապատկերների գծագրերի հեղինակն է, այդպե՞ս է…

Այո՛, նա Սիլիստրա քաղաքի 1620-ականներին կառուցված հնագույն հայկական եկեղեցու պատերն է նկարազարդել 1941-ին: Արժանավոր հայորդու  մոնումենտի  փոքրիկ մոդելն առաջին անգամ պետք է ցուցադրվի Ազգային պատկերասրահում, որը  բուլղարացի հայտնի  քանդակագործ, պրոֆեսոր Գեորգի Ցըպկանովի գործն է, իսկ հաջորդ տարի Սիլիստրա քաղաքի պատկերասրահի առջև պետք է կանգնեցվի այդ արձանը, պատկերասրահն էլ պետք է կոչվի Պետիկ Պետրոսյանի անունով:  Երեք լեզուներով ՝ հայերենով,  անգլերենով, բուլղարերենով տպագրվել է նաև Պետիկ Պետրոսյանի նկարների ալբոմը, որը նույնպես կներկայացվի  ցուցահանդեսի ընթացքում: Պետրոսյանը գրել է նաև ոտանավորներ, որոնք, սակայն, գրքի չեն վերածվել. դրանք էլ կցուցադրվեն, իսկ հետագայում կամբողջացնենք մի ժողովածուում և տպագրության կհանձնենք:

-Աստվածահաճո  նախաձեռնությամբ եք հանդես գալիս՝ կազմակերպելով  հայազգի նկարչի ցուցահանդեսը…Գևո՛րգ,  երբ Հայաստան  եք գալիս, առաջին հերթին  ո՞ւր եք շտապում  գնալ:

-Էջմիածի՛ն, Սու՛րբ քաղաք, Ուխտավա՛յր…Իսկ Սփյուռքի նախարարություն առաջին անգամ մտել եմ պատահաբար՝ առանց որևէ մեկին դիմելու…Հրաշալի ընդունելության արժանացա, ասես հարյուր անգամ այստեղ եղած լինեի: Երբ այս մասին պատմում եմ Բուլղարիայի իմ հարազատներին, ընկերներին ու ծանոթներին, զարմանում են…Միայն հարազատ օջախում կգտնես այսպիսի ջերմություն:

 Զրուցեց Կարինե Ավագյանը

Scroll Up