Տեղի ունեցավ «Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» գրքի շնորհանդեսը

Հոկտեմբերի 2-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում Գիտությունների ազգային ակադեմիայի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի նախաձեռնությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ տեղի ունեցավ Հրանուշ Հակոբյանի «Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» մենագրության շնորհանդեսը: Գիրքը հրատարակության է երաշխավորել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտական խորհուրդը: Աշխատության ուսումնասիրության առարկան Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման ընթացքն է, արդյունքները և հեռանկարները: Առաջին անգամ փորձ է արվում ուսումնասիրել հարափոփոխ աշխարհում «Սփյուռք» հասկացությունը, ընդհանրական կերպով ներկայացնել Հայկական սփյուռքի ծագման, ձևավորման, զարգացման պատմության փուլերը, արդի վիճակը, առանձնահատկությունները:

Շնորհանդեսին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արք. Հովհաննիսյանը, Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը, պետական, քաղաքական, հասարակական գործիչներ, գիտնականներ, վերլուծաբաններ, փորձագետներ:

Ներկաներին ողջունեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Բացման խոսքով հանդես եկավ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը: «Այս հանրագիտարանային նշանակություն ունեցող աշխատության մեջ  նախևառաջ թույլ տվեք առանձնացնել «Հայկական սփյուռքի պատմությունը և արդի բնութագիրը» բաժինը, որտեղ հեղինակը գիտական մեկնաբանությամբ ներկայացնում է սփյուռք եզրույթը ընդհանրապես, տարանջատում հայկական սփյուռքի ձևավորման փուլերը, տալիս ընդհանրական պատկեր՝ անդրադարձ կատարելով հայկական սփյուռքի ոչ միայն պատմությանը, այլև կրթական, գիտական, մշակութային ժառանգությանն ու ներկային, համահայկական, մասնագիտական կառույցներին, հայագիտական կենտրոններին, մամուլին, սփյուռքյան թանգարաններին և գրադարաններին, պատմամշակութային ժառանգությանը, վերհանում հայ ինքնության հիմնահարցերը, անդրադարձ կատարում Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում պետական քաղաքականությանը»,-նշեց Յուրի Սուվարյանը:

Ներկաներին իր օրհնության խոսքը հղեց Գերաշնորհ Տեր Նաթան արք. Հովհաննիսյանը՝ նշելով. «Այս կոթողային մենագրությունը ևս մեկ ապացույցն է մեկ ազգ, մեկ Հայրենիք միասնականության, և գրքի հրատարակման առթիվ թույլ տվեք շնորհավորել մեզ բոլորիս»:

Ընդգծելով «Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» աշխատության գիտագործնական նշանակությունը՝ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն ընդգծեց. «Լույս են տեսնում բազում գիտական մեծ արժեք ունեցող գրքեր, որոնք սակայն գործնական առումով այդպես էլ հասանելի չեն դառնում լայն հանրությանը: Այս մենագրությունը եզակի է իր տեսակի մեջ, քանի որ ունի և՛ գիտական, և՛ գործնական ու ճանաչողական, և՛ պատմագիտական մեծ նշանակություն: Հեղինակը յուրաքանչյուր համայնքի պատմությունը ներկայացնում է առանձնահատուկ կերպով՝ ընդգծելով դրանց արմատական տարբերությունները: Ամբողջական և ընդհանրական է ներկայացվում սփյուռքում գործող Հայ եկեղեցին: Հիրավի, հեղինակն օժտված է բարդ սփյուռքը հասկանալու մեծագույն կարողությամբ: Աշխատության մեջ կարևորվում են համահայկական խնդիրները՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացից մինչև Լեռնային Ղարաբաղի հիմնահարց: «Հայ Սփյուռք» հանրագիտարանից հետո սա մի գիտավերլուծական այնպիսի աշխատություն է, որից ոչ միայն կարելի է ահռելի քանակությամբ տեղեկատվություն ստանալ, այլև հասկանալ այսօրվա արդյունքները և կանխատեսել վաղվա օրը»:

ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, առանձնացնելով աշխատության ներդրումը ժամանակակից պատմագիտության, հասարակագիտության և սփյուռքագիտության մեջ, հատկապես արժևորեց հեղինակ Հրանուշ Հակոբյանի անդրադարձը Հայաստան-Սփյուռք գործակցության պատմությանը, զարգացմանը, արդյունքներին և հեռանկարներին: «Սփյուռքին վերաբերող լուրջ հարցադրումները ներկայացված են գիտական մակարդակով, համադրված են հանրագիտարանային նյութերն ու վիճակագրական աղյուսակները: Հաշվի առնելով գրքի ամբողջական նշանակությունը սփյուռքի հայ համայնքների, կառույցների, կազմակերպությունների համար՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայ բարեգործական ընդհանուր միությունը պատրաստ է ստանձնել գրքի անգլերեն հրատարակության հովանավորությունը»,-նշեց Վազգեն Յակուբյանը:

«Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» աշխատության վերաբերյալ ելույթ ունեցավ նաև Տորոնտոյի Հայ կենտրոնի նախագահ, Ս. Թեհլերյան կոմիտեի ատենապետ Հակոբ Ջանբազյանը:

ԳԱԱ Պատմության ինստիտուտի բաժնի վարիչ, ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյանը ընդգծեց աշխատության գիտական, հանրային և համազգային արժեքը: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը կարևորեց աշխատության դասագրքային նշանակությունը՝ գրքի լույսընծայման առթիվ շնորհակալություն հայտնելով նախևառաջ սփյուռքագիտություն առարկան ուսումնասիրող ուսանողների և պատմության ֆակուլտետի անունից:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը գիրքը արժևորեց  ժամանակակից միտումները հասկանալու, գնահատելու և վերլուծելու համատեքստում: «Մենք ապրում ենք անորոշությունների ժամանակաշրջանում, որին գումարվում են միգրացիոն հոսանքները, ինքնության ճգնաժամը, քաղաքացիական և քաղաքական անկայունությունը, դարի մարտահրավերները: Այս առումով գիրքը շատ հարցերի պատասխաններ է տալիս, շատ անորոշությունների համար նախանշում է որոշակի ճանապարհային քարտեզ: Եվ այդ քարտեզը ոչ միայն ունի գիտական լուրջ նշանակություն, այլև նմանվում է քաղաքական մանիֆեստի, թե ինչպես պիտի զարգանա Հայաստան-Սփյուռք գործակցությունը: Սակայն ինձ համար՝ որպես լրատվադաշտի ներկայացուցչի, հատկապես հետաքրքրական էր հեղինակի անդրադարձը համահայկական լրատվական դաշտի խնդիրներին»:

Այնուհետև ելույթներով հանդես եկան նաև Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, Իրանի «Ալիք» թերթի խմբագիր Դերենիկ Մելիքյանը, Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը:

Շնորհանդեսի ավարտին ելույթ ունեցավ «Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» մենագրության հեղինակ Հրանուշ Հակոբյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն համահայկական, եկեղեցական կառույցներին, տարբեր երկրներում գործող հայկական դեսպանատներին, որոնց միջոցով ճշգրտվել են աշխատության մեջ ներկայացված մի շարք վիճակագրական տվյալներ: Հեղինակն իր երախտագիտության խոսքն ասաց նաև գիտնականներին, ովքեր հանդես են եկել գրքի գրախոսականներով, առաջարկներով, կարծիքներով: «Հայոց պետությունը պետք է հասնի նրան, որ ՄԱԿ-ում սփյուռքի մասին հռչակագիր ընդունվի և մշակվի կոնվենցիա, որովհետև սփյուռքի իրավունքները, պարտավորությունները, սփյուռքը վերպետական, ներպետական, երկկողմանի, սփյուռք-սփյուռք, սփյուռք-Հայրենիք հարաբերությունները միջազգային իրավունքի ասպարեզում այսօր դարձել են սուբյեկտ, սակայն դեռևս որևէ գնահատական չեն ստացել»,-նշեց Հրանուշ Հակոբյանը՝ ընդգծելով, որ  Հայաստանի և սփյուռքի գիտական միտքը պետք է ծառայեցվի նախևառաջ Հայրենիք-Սփյուռք գործակցության խորացմանն ու ընդլայնմանը:

 

 

Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ի պատմական այցը Ռումինիա

Սեպտեմբեր 26-ին Ալեքսանդրիոն հիմնադրամի հրավերով Ռումինիա է ժամանում Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ը, որին Օտոպեն միջազգային օդանավակայանում դիմավորում են Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը և առաջնորդական փոխանորդ արժ. Տ. Գրիգոր քահանա Հոլկան: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Ռումինիայի Հայոց թեմի մամլո դիվանից:

Նույն օրը Տաթև Սրբազանը ներկա է գտնվում Նորին Սրբություն Իգնատիոս Բ Պատրիարքի պարգևատրման արարողությանը: Ալեքսանդրիոն հիմնադրամի կողմից Պատրիարքը պարգևատրվում է «Կոնստանտին Բրընկովեանու» հատուկ մրցանակով:

Հայ Առաքելական և Ասորի Ուղղափառ Քույր Եկեղեցիներն ունեն միևնույն քրիստոսաբանությունը և սրբազան ավանդությունը, հայրախոսական և ծիսական ժառանգությունը, ընդհանուր սրբեր և այսօր էլ սերտորեն զարգանում են պատմական ակունքներ ունեցող հարաբերությունները այդ երկու Եկեղեցիների միջև:

Հոկտեմբերի 1-ին, Նորին Սրբություն Իգնատիոս Բ-ը և իրեն ուղեկցող եպիսկոպոսաց դասը մասնակցում են Ռումինահայոց թեմի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում մատուցված սրբազան պատարագին: Պատարագիչն էր Թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, ով իր խոսքում մեկ անգամ ևս շեշտում է Հայ և Ասորի եկեղեցիների առաքելահաստատ և առեքալահիմն լինելը, այն դարավոր բարեկամությունն ու համագործակցությունը, որ առկա է երկու հնագույն եկեղեցիների միջև: Սրբազան հայրը նաև իր մտահոգությունն է հայտնում Սիրիայում և Մերձավոր Արևելքում տիրող պատերազմական ու լարված իրավիճակի համար և աղոթք բարձրացնում առ Աստված խաղաղության համար:

Պատարագի ավարտից հետո, Հայ Եկեղեցում սրբազան պատարագ է մատուցում նաև Իգնատիոս Պատրիարքը, ով իր խոսքում շնորհակալություն է հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին, Ռումինահայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանին եղբայրական ջերմ ընդունելության և երկու եկեղեցիների միջև սերտ հարաբերությունների շարունակականության և համագործակցության համար` հայցելով մեկ ու կես միլիոն հայ նահատակների բարեխոսությունը:

Նորին Սրբություն Իգնատիոս Բ Պատրիարքի այցը Ռումինիա պատմական էր մի քանի առումներով: Նախ՝ Ասորի Ուղղափառ Եկեղեցու հիմնադրումից ի վեր սա այդ եկեղեցու առաջնորդի առաջին այցն էր Ռումինիա, երկրորդ՝ առաջին անգամ Ռումինիայի տարածքում մատուցվում է ասորական պատարագ, այն էլ Հայ Եկեղեցվո մեջ՝ արամեերեն, այն լեզվով, որով խոսում էր Հիսուս Քրիստոս:

Սրբազան Պատարագներին ներկա էին ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայերի Միության նախագահ տիար Վարուժան Ոսկանյանը, երկու եկեղեցիների հոգևոր դասի ներկայացուցիչներ, հյուրեր, հայ համայնքի անդամներ: Պատարագների ավարտից հետո ներկաները մասնակցում են Հայոց Առաջնորդարանի սրահում կազմակերպված հյուրասիրությանը:

Գերմանիայում առաջին անգամ կայացավ Մուսալեռան հերոսամարտին նվիրված տոնակատարություն. լուսանկարներ, տեսանյութ

Ավանդական զուռնա-դհոլով, հարիսայով, ազգային երգ ու պարով Գերմանիայի հայ համայնքն առաջին անգամ նշել է Մուսալեռան հերոսամարտին նվիրված տոնակատարությունը:

Գերմանիայի Ներքին Սաքսոնիայի Լեեր (Leer) քաղաքում բնակվող միակ հայ Թովմասյանների ընտանիքը Օսթֆրիզլանդ (Ostfrisland), Էմսլանդ (Emsland) մարզերի եւ Լաուենբուրգ (Lauenburg) քաղաքի համայնքների հետ համատեղ կազմակերպել էր Մուսալեռան հերոսամարտին նվիրված միջոցառում: Հատկանշական է, որ միջացառումն անց է կացվել 2015 թվականին տեղադրված Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին հարող այգում: Հատուկ այս առիթով Լեերի քաղաքային իշխանությունները թույլ են տվել քաղաքապետարանի դիմային մասում տեղադրել Հայոցը եռագույնը: Միջոցառումը ազդարարվել է ավտոերթով. ավտոմեքենաների համարների փոխարեն «Մուսա լեռ» եւ «Հայաստան» գրություններով մոտ 20 ավտոմեքենա, ծածանելով հայոց դրոշը, շրջել են Լեեր քաղաքով, որից հետո խաչքարին հարող այգում մեկնարկել է միջոցառման սկիզբը: Այս մասին «Հայերն այսօր»-ին հաղորդում են միջոցառման կազմակերպիչները:

Միջոցատմանը մասնակցել են ոչ միայն Գերմանիայի ամբողջ տարածքում ապրող հայերը, այլ նաեւ գերմանացի պաշտոնյաներ, որոնց հայ համայքը դիմավորել է աղուհացով՝ ուղեկցելով զուռնա-դհոլի պարեղանակով: Միջոցառման սկզբում գերմաներեն եւ հայերեն ներկայացվել է Մուսալեռան հերոսամարտի պատմությունը, Գերմանիայի տարբեր համայնքներից ներկայացուցիչներ ողջունել են ներկաներին՝ կարեւորելով նման միջոցառումների անցկացման դրական ազդեցությունը Գերմանիայում հայ համայնքի զարգացման վրա: «Հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունն առաջինն էր աշխարհում, որի ժամանակ թուրքերը փորձեցին կոտորել եւ պատմության գիրկն ուղարկել մի ամբողջ ժողովուրդ: Նկատենք, որ Ֆրանց Վերֆելի կողմից գրված «Մուսա լեռան քառասուն օրը» գիրքն արգելվել էր Նացիստական Գերմանիայում, քանի որ փորձ էր արվում ամեն կերպ թաքցնել ճշմարտությունը: Այսօր, ահա, այդ գիրքը մեծ տարածում ունի Գերմանիայում, ավելին՝ Լեեր քաղաքում նշվում է հերոսամարտին նվիրված այս միջացառումը: Շնորհակալություն եմ հայտնում Լեերի միակ հայ ընտանիքի հայր Ալբերտ Թովմասյանին, ով այս միջոցառումով բացեց մեր աչքերը՝ ներկայացնելով տեղի ունեցածը»,-ասել է ներկաներից մեկը:

«Պարոն Թովմասյանն իրավամբ համարվում է մեր տարածաշրջանի հայ-գերմանական մշակութային կյանքի եւ միասնականության դեսպանը»,-իր խոսքում ասել է միջոցառման հատուկ հյուր, Քրիստոնեահրեական միասնական աշխատանքային կազմակերպության նախագահ, նախկին քաղաքապետ Քելլները, որը, ի դեպ, ժամանակին թույլատրել էր խաչքարի տեղադրումը: Իր ելույթի վերջում նա ավելացրել է հայերեն՝ «Հարիսա, մենք բոլորս ցանկանում ենք համտեսել հարիսա»: Ելույթներից հետո կենտրոնական եւ հյուսիսիային Գերմանիայի հոգեւոր հովիվ տեր Գնել քահանա Գաբրիելյանն օրհնել է հարիսան, որից հետո ազդարարվել է բուն միջոցառման մեկնարկը:

Լեեր քաղաքի նախկին քաղաքապետ Վոլֆգանգ Քելլերը, հայագետ, լրագրող, արձակագիր Յոխն Մանգելսենը, Քրիստոնյա եկեղեցիների արհմիության «Ացեկա» նախագահ Ուվէ Վիառդան առաջիններից էին, որ փորձել են հատուկ մուսալեռցիների բաղադրամասով մատուցված հարիսան: Միջացառումն ուղեկցվել է ավանդական երգ ու պարով, հայ փոքրիկները, ովքեր երբեւէ չեն եղել Հայաստանում, արտասանել են հայ գրողների հայտնի բանաստեղծություններից հատվածներ: Բացի հարիսայից միջոցառմանը մատուցվել է նաեւ թեմատիկ տորթ, որը պատրաստել էր Վիլեմ Սաֆենից հայ խոհարարը:

Պոլսահայ երգահան Մաժակ Թոշիկյանն այցելեց Սփյուռքի նախարարություն

Հոկտեմբերի 2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց պոլսահայ երգահան Մաժակ Թոշիկյանին և օպերային երգիչ Պողոս Եղիազարին:

Նախարարը ողջունեց հյուրերին, կարևորեց տաղանդավոր երգահանի ներդրումը՝ հայ երաժշտարվեստը պահպանելու, հայկական մշակույթը սփյուռքում տարածելու գործում,և հետաքրքրվեց տաղանդավոր երգահանի նոր ստեղծագործական ծրագրերով ու մտահղացումներով:

Մաժակ Թոշիկյանը շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի համար, նշեց, որ աշխատում է Գևորգ Էմինի «Պարեց Սասուն» բանաստեղծության մոտիվներով նոր երաժշտական կոմպոզիցիայի վրա, որը Հայաստանում ներկայացնելուց հետո մտադիր է բեմադրել նաև Թուրքիայում. «Ուզում եմ հայ երգն ու պարը ակադեմիական մակարդակով հնչեցնել նաև Թուրքիայում», – հավելեց երգահանը:

Հայրենիքին և Սփյուռքին մատուցած ծառայությունների և հայապահպանության գործում ունեցած նշանակալի ներդրումների համար պոլսահայ տաղանդավոր երգահան Մաժակ Թոշիկյանը պարգևատրվել է Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալով:

 

ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Հոկտեմբերի 2-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը, Վահագն Մելիքյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին կատարված աշխատանքները, «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի ամփոփման արդյունքները, նշեցին առաջիկա անելիքները, հանդես եկան նոր առաջարկներով:

Նախարարը շնորհավորեց աշխատակազմին՝ նախարարության ստեղծման 9 ամյակի կապակցությամբ և մասնավորապես նշեց. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախևառաջ ՀՀ Նախագահին, որի հրամանագրով ստեղծվեց նախարարությունը և 9 ամյակը կարողացանք պատվով դիմավորել: Շնորհակալություն բոլորին»

Նախարարը կարևորեց առաջիկա միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու լայն լուսաբանումը:

Քննարկվեցին աշխատանքային այլ հարցեր: Տրվեցին հանձնարարականներ:

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Գյումրու օրվան նվիրված միջոցառումներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին, որոնց շրջանակներում այցելել է քաղաքի մի շարք մշակութային օջախներ, դիտել գյումրեցիների ավանդական կենցաղը, արհեստներն ու ավանդույթները ներկայացնող «Հացի փառատոնը», մասնակցել Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի բացման արարողությանը: Նախագահն այցելել է նաև Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շինհրապարակ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: «Թումո»-ի ընդլայնման` նոր կենտրոնի ստեղծման վերաբերյալ Նախագահ Սարգսյանը հանձնարարական էր տվել դեռևս 2015 թվականին` Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի և մարզային գերակայությունների քննարկման նպատակով մարզպետարանի պատասխանատուների և Գյումրու քաղաքապետի մասնակցությամբհրավիրած խորհրդակցությունների ժամանակ: Նույն խորհրդակցության ընթացքում Հանրապետության Նախագահը հետաքրքրվել էր Գյումրու փողոցների վերականգնման աշխատանքների ընթացքով: Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:

Այսօր Նախագահին տեղում զեկուցել են նաև այդ ուղղությամբ իրականացված աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին. Գյումրու թվով տասը փողոցների հիմնանորոգման և քաղաքի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներն իրականացվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսական աջակցությամբ` «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում: Ծրագրի արդյունքում քաղաքը կունենա անվտանգ երթևեկության կազմակերպման համար բարեկարգ փողոցներ և էներգախնայող արտաքին լուսավորության ցանց։ Հանրապետության Նախագահին Գյումրիում ներկայացրել են նաև Ռուսթավելի փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը:

Նախագահի շրջայցը տոնական Գյումրիում մեկնարկել է «Սև ամրոց» համալիրից, որը հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան է և գտնվում է «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի պահպանման գոտում: Սերժ Սարգսյանը ծանոթացել է նախկինում որպես ռազմական կառույց ծառայած և այժմ մշակութային կենտրոն դարձած համալիրի պայմաններին, «Սև ամրոցի» տարածքում բացված թանգարանի ցուցանմուշներին, որոնք պատմում են «Ալեքսանդրապոլ» ամրոցի կառուցման, քաղաքի հիմնման և ռուս-թուրքական պատերազմներին մասնակցած հայ գեներալների մասին:

Հանրապետության Նախագահը Գյումրու մեկ այլ մշակութային օջախում՝ «Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում», ծանոթացել է ցուցասրահներում ներկայացված ցուցանմուշներին, որոնք այցելուներին պատմում են 19-րդ դարի 60-ական թվականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականներն ընկած ժամանակահատվածի Ալեքսանդրապոլի ինքնավարության, առավել տարածում գտած արհեստների, հասարակական կենցաղի ու հոգևոր մշակույթի մասին։ Նախագահի հանձնարարությամբ ֆինանսական աջակցություն կցուցաբերվի վերանորոգման կարիք ունեցող թանգարանին:

Գյումրու նորաբաց մանկապատանեկան արվեստի պալատում Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում ստեղծված պայմանները: Պատասխանատուների հավաստմամբ, այստեղ կտեղափոխվեն և իրենց գործունեությունը կիրականացնեն քաղաքի մանկապատանեկան՝ երգի, պարի, նկարչության, ասմունքի, զգեստների մոդելավորման, օտար լեզվի ուսուցման և այլ խմբակներ, հնարավորություններ կստեղծվեն նաև նոր խմբակների գործունեության համար: Հանրապետության Նախագահը հետաքրքրվել է արվեստի պալատի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներով և խոստացել աջակցել դրանց հնարավորին շուտ լուծմանը` կարևորելով երեխաների կրթության ու բազմակողմանի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքը:

«Թումո Գյումրի» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շինհրապարակում Հանրապետության Նախագահին ներկայացվել է 2017թ. հունիսի 10-ից մեկնարկած Գյումրու առաջին թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը, որոնց ավարտին «Թումո» կենտրոնը կտեղափոխվի թատրոնի շենք և կկարողանա սպասարկել շուրջ 4000 ուսանողի։ Կենտրոնը կունենա դասընթացների սենյակներ, ինքնուսուցման հարթակներ, ինչպես նաև կգործի որպես մշակութային օջախ, որտեղ կգործեն մեծ բեմ և կինոթատրոն, կանցկացվեն հասարակության համար բաց միջոցառումներ։

«Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գտնվող Ռուսթավելի փողոցում Նախագահ Սարգսյանին զեկուցել են փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքի մասին: Նշվել է, որ մինչ այսօր փոխվել են արտաքին ջրամատակարարման, գազամատակարարման և հաղորդակցության, կապի գծերը, տեղադրվել է հեղեղատար կոյուղի և դրենաժային համակարգ, անցկացվել են բարձր լարման հզորության մալուխային գծեր, ցածր լարման օդային գծերը փոխարինվել են ստորգետնյա մալուխային գծերով: Իրականացվել են փողոցի վերևի շերտի բետոնային աշխատանքները, և տեղադրվել են գրանիտե սալահատակ քարեր, բազալտե եզրաքարեր, իսկ մայթերին՝ բազալտե սալեր: Ի թիվս իրականացված աշխատանքների, փողոցում տեղադրվել են նաև արտաքին լուսավորության սյուներ, նստարաններ:

Տոնական միջոցառումների շրջանակներում Նախագահն այցելել է Գյումրու «Երիտասարդական պալատ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, որտեղ կյանքի են կոչվում բազմաթիվ երիտասարդական նախաձեռնություններ: Համայնքային ենթակայության այս կազմակերպությունը միտված է համախմբելու Հայաստանի մշակութային մայրաքաղաքի երիտասարդությանը՝ դառնալով ժամանցի, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթության լավագույն վայր քաղաքում: Գյումրու օրվա առթիվ «Երիտասարդական պալատում» կազմակերպվել է Արհեստների փառատոն, որին մասնակցել են Գյումրի, Վանաձոր, Իջևան և Արթիկ քաղաքները՝ ներկայացնելով իրենց արհեստավորների աշխատանքները:

Այցի ավարտին Սերժ Սարգսյանը Սուրբ Աստվածածին (Սուրբ Յոթ վերք) եկեղեցում մոմ է վառել:

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Բավրայի նորակառույց սահմանային անցման կետի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյան սեպտեմբերի 30-ին աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ՝ մասնակցելու Բավրայի նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությանը: Բավրայի անցակետի շահագործման հանձնմամբ ամբողջանում է Հայաստանի հյուսիսային մաքսային դարպասների արդիականացման ծրագիրը: Այս անցակետը վերջին շրջանում շահագործման հանձնված երրորդ ժամանակակից կառույցն է՝ Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված անցակետերից հետո: Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:

Բավրայի սահմանի անցման կետը կառուցվել է Եվրոպական միության և Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսական աջակցությամբ և իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցման կետերի արդիականացման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 54.43 մլն եվրո:

ՀՀ պետական սահմանի անցակետերի արդիականացման գործընթացը մեկնարկել է դեռևս 2010 թվականին՝ «ՀՀ սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարություն հաստատելու մասին» Հանրապետության Նախագահի կարգադրությամբ, որին հաջորդել է միջոցառումների ծրագրի հաստատումը:

Նորաբաց անցակետի շինարարական աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2013 թվականին: Տասնմեկ հեկտար տարածքի վրա կառուցված անցակետը, որն ունի նաև ուղղաթիռային հարթակ, զինված է ժամանակակից տեխնիկական բոլոր միջոցներով:

Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել սահմանային անցակետի տարածքում, ծանոթացել ստեղծված պայմաններին և մատուցվող ծառայություններին: Նախագահ Սարգսյանին զեկուցվել է, որ անցակետում գործող ժամանակակից չափանիշներին համապատասխանեցված «1 կանգառ, 1 պատուհան» էլեկտրոնային համակարգը հնարավորություն է տալիս մեկ վայրում կենտրոնացնել սահմանային ծառայություն իրականացնող բոլոր կառույցների գործունեությունը և ապահովել տեղեկատվության սահուն փոխանակում բոլոր պատկան ծառայությունների միջև:

Պատասխանատուների հավաստմամբ՝ արդիական ենթակառուցվածքների ներդրումը դրականորեն կանդրադառնա Վրաստանի, ինչպես նաև երրորդ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության և ուղևորաշրջանառության ծավալների վրա, նոր հնարավորություններ կստեղծվեն դեպի Իրան և Իրանից դեպի եվրոպական ու ԵԱՏՄ երկրներ, ինչպես նաև Վրաստան տարանցիկ փոխադրումների համար, կմեծանա Վրաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ զբոսաշրջային հոսքը, կընդլայնվի միջպետական առևտուրը:

Պետական սահմանի անցման կետերի արդիականացումը կնպաստի նաև տեղի բնակչության կենսամակարդակի բարելավմանը՝ նկատի առնելով, որ շինարարության ընթացքում ստեղծվել են ժամանակավոր, իսկ անցակետերը շահագործման անցնելուց հետո նաև մշտական աշխատատեղեր, որոնց միջոցով կապահովվի սահմանային անցակետերի առօրյա տնտեսական գործունեությունը: Հանրապետության Նախագահին զեկուցվել է, որ բնակչության համար բարելավվում են կապի և հաղորդակցության հետ կապված խնդիրները ևս: Ծրագրի շրջանակում նոր կառուցված անցակետի գազաֆիկացմանը զուգընթաց գազաֆիկացվել է Շիրակի մարզի վեց համայնք:

Բավրայի նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությանը մասնակցել են ՀՀ սահմանի կառավարման ոլորտի պետական մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, Հարավային Կովկասում Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Սեբաստիեն Հուսոն դե Սամպինին: Հյուրերի շարքում ներկա է եղել նաև Վրաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Դիմիտրի Կումսիշվիլիի գլխավորած պատվիրակությունը:

Նոր նշանակում Իրաքի հայոց թեմում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ազատվելով Եգիպտոսի հայոց թեմում ստանձնած իր պարտականություններից, ծառայության է կոչվել Իրաքի հայոց թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի լրատվական ծառայությունից:

«Իմ այս այցելությունը Հայրենիք բերքառատ է՝ մասնակցություն համաժողովին և գրքերիս շնորհանդեսն աշնանաբույր Երևանում».Արմինե Մինասյան

«Փոխադարձ վստահություն, միասնականություն, պատասխանատվություն» խորագիրը կրող Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակներում աշխարհի տարբեր ծայրերից Երևանի Կարեն Դեմիրճանի անվան մարզահամերգային համալիրում մեկտեղված հայ մտավորականները, ազգային-մշակութային, քաղաքական գործիչներն իրենց ելույթներում արծարծում էին տարբեր հարցեր՝ միտված Հայաստանի զարգացման հիմնախնդիրներին, արտաքին արդի մարտահրավերներին, Հայաստան-Սփյուռք գործակցության հետագա զարգացման, ազգ-բանակ հավաքական ներուժի զարգացման, հայապահպանության գործում մշակույթի դերի, Արցախի հիմնահարցի կարգավորման, Հայաստան-Սփյուռք տնտեսական համագործակցության և այլ խնդիրներին: Համաժողովի մասնակիցներից «Հայերն այսօր»-ի համար առիթ ունեցա զրուցելու Նյու Յորքից ժամանած իրանահայ, դեռևս Նոր Ջուղայում՝ ՀՕՄ-ի անդամ, Համազգային հայ կրթական և մշակութային միության անդամ (հետագայում և ներկայումս՝ ատենապետուհի), լրագրող, մանկավարժ, ԱՄՆ-ում հայտնի դիմահարդար, բանաստեղծուհի, հրաշալի մտավորական Արմինե Մինասյանի հետ, ով պատրաստվում է նաև «Հայրենիքիս ճամփեքով» հայրենասիրական բանաստեղծությունների և «Սիրո արահետներ» իր երկու ժողովածուների շնորհանդեսն անցկացնել Հայրենիքում:

-Արմինե՛, Դուք կրկին Հայրենիքի ճամփեքին եք, այդպես եք վերնագրել նաև Ձեր բանաստեղծությունների ժողովածուն. սկսենք մեր զրույցը համաժողովի մասին ունեցած Ձեր տպավորություններից և ակնկալիքներից:

-Շատ ուրախ եմ, որ նման հայահավաք համաժողով գումարվեց: Ինձ ամենից շատ հուզում է Սփյուռքում հայ մշակույթի պահպանումը և սփյուռքյան երիտասարդության ներկայիս վիճակը. նոր սերունդը դժվարությամբ է մասնակցում ազգային-մշակութային միջոցառումներին, երիտասարդները ցանկություն չունեն ներգրավվելու որևէ կազմակերպությունում: Դրսում շատ կարևոր է կազմակերպությունների, եկեղեցու դերը, որովհետև անհատապես չես կարող մշակույթ պահպանել. եթե չես անդամակցում որևէ կազմակերպության, չես կարող ազգապահպան կարևոր գործեր անել: Համաժողովից ես ակնկալում եմ նաև այս հարցերի լուծման ճանապարհները: Իմ զեկուցման թեման  հե՛նց առնչվում էր Սփյուռքում հայապահպանությանը, լեզվի խնդիրներին, մշակույթին…Պակաս մտահոգիչ չեն ինձ համար նաև Հայրենիքում ամենուր աչք ծակող անգլերենով գրված ցուցանակները, գովազդային վահանակները, հայկական հեռուստաընկերությունների եթերում շարունակ հնչող անգլերենաբառ հաղորդաշարերի վերնագրերը: Թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում հայոց լեզուն պետք է ապրեցնել, պահպանել, անաղա՛րտ պահել: Ինձ համար ողջ կյանքում ամենից կարևորը հայոց լեզվին ու գրականությանը, Հայրենիքին ծառայելն է եղել: Իմ այս այցելությունը Հայրենիք բերքառատ է՝ մասնակցություն համաժողովին և գրքերիս շնորհանդեսն աշնանաբույր Երևանում:

Առաջին անգամ «Հայերն այսօր»-ի համար ունեցած մեր հարցազրույցում հիմնականում արծարծվում էր Ձեր անցած ստեղծագործական Ճանապարհը, Համազգայինում կատարած Ձեր հասարակական աշխատանքը և առավելապես՝ Ձեր հայրիկի՝  իրանահայ հայտնի մատենագետ, Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի մատենադարանի ձեռագիր գանձերի վաստակաշատ գիտաշխատող, ուսուցիչ, գրող, նկարիչ Լևոն Մինասյանի աշխատանքային գործունեությունը. այսօր ուզում եմ շեշտադրել Ձեր երկու ժողովածուների թեմաները, պատմեք, խնդրեմ, դրանց ստեղծման շարժառիթների մասին:

– Վերջերս ՀՕՄ–ի հետ, նախքան համաժողովը, գնացել էինք Արցախ՝  մասնակցելու Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի բացմանը: Ճանապահին ես հիանում էի ցորենի արտերով, բնության անկրկնելի տեսարաններով, և հենց այդ ժամանակ էլ ծնվեց գրքիս առաջին էջում զետեղված բանաստեղծությունը: Այդ ցորենի արտերն ինձ հիշեցրեցին իմ ծննդավայրի՝ Փերիայի գավառի Խոյգյան գյուղի արտերը, ցորենի հատիկները կտցահարող ճնճղուկներին:

-Որքա՞ն ժամանակ պահանջվեց գիրքը գրելու համար:

-Գրքում ամփոփված են հայրենասիրական թեմաներով գրված նաև ոչ նոր գործեր. հավաքեցի բոլորը և զետեղեցի գրքում. իմ Հայրենիքի ճամփեքին, Հայրենիքիս սիրուց ծնված բանաստեղծություններ են դրանք: Գրքի խմբագիրը Արվեստի և գրականության թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն է, առաջաբանի հեղինակներից մեկը գրող, հրապարակագիր Գրիգոր Ջանիկյանն է, մյուս՝ «Սիրո արահետներ» գրքիս առաջաբանը գրել է գրականագետ Ֆելիքս Բախչինյանը:

– Դուք Ձեր գրքերի առաջին շնորհանդեսը նախընտրել եք Հայրենիքում անցկացնել, իսկ Նյու Յորքու՞մ…

-Այո՛, նախապատվությունը տվել եմ Հայրենիքիս, դա ինձ համար հպարտություն է. գուցե հետագայում շնորհանդես լինի նաև Նյու Յորքում: Մտադրություն ունեմ հաջորդ տարի ամբողջացնել նաև մեր համայնքի գործունեությունն արտացոլող տարբեր թերթերում լույս տեսած հոդվածներս:

– Արմինե՛, Դուք  զբաղված եք  նաև հասարակական գործունեությամբ, պատմեք այդ մասին:

-Սիրով եմ կատարում նաև այդ աշխատանքը: Լրացավ Նյու Յորքի համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադրման 50-ամյակը. այդ առիթով կազմակերպված միջոցառումների հասույթը՝ 15 հազար դոլար, ամբողջությամբ տրամադրվել է Արցախի սահմանապահ զինվորներին՝ արյանը հոսքը կասեցնող բժշկական սարքեր հայթայթելուն. 3000 սարք է հատկացվել զինվորներին, սակայն ինչպես ասաց Արցախի «Վիրավոր զինվորների ֆոնդ»-ի երկհիմնադիր Ռազմիկ Արզումանյանը, կարիք կա ավելին անելու, և այդ աշխատանքը շարունակական պետք է լինի: Դոկտոր Հրանտ Մարգարյանն ու իր տիկինը՝ Ժանետ Մարգարյանն, այդ առիթով Արցախ գնացին և սարքերը նվիրեցին: Այդպիսով, մեր միությունն արձագանքել է ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժմանը: Մեր միության միջոցառումներից մեկի ժամանակ դոկտոր Հրանտ Մարգարյանն ասաց. «Հավաքական մեր կյանքը մեկ գերխնդիր ունի այսօր, որը կոչվում է Արցախ: Արցախը մեր ազգային պայծառ հեռանկարի գրավականն է»: Հիրավի՛, մեր հայացքները հառել ենք դեպի Հայաստան ու Արցախ աշխարհ. Հայրենիքի բարօրությունը մե՛ր բարօրությունն է:

Շնորհակալություն, սիրելի Արմինե. թո՛ղ Աստծո կամոք իրականություն դառնան Ձեր հայրենանվեր բոլոր ծրագրերը, թո՛ղ Ձեր բոլոր ժողովածուները խոսեն Հայրենիքի մասին, Հայրենիքի՛ լեզվով ու Հայրենիքի գույներով:

Կարինե Ավագյան

 

Արգենտինայի ՀԲԸՄ Տիկնանց միության անդամները այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հոկտեմբերի 1-ին Արգենտինայի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Տիկնանց միության անդամները` գլխավորությամբ միության ատենապետուհի Մարթա Էմիրյանի, այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ինչպես «Հայերն այսօրին» տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից:

Միության անդամները հանդիպում ունեցան Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ:

Սրբազան Հայրը, հյուրերին փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույններն ու օրհնությունը, անդրադարձավ Տիկնանց միության կարևոր դերակատարությանը Արգենտինայի համայնքային կյանքից ներս, մասնավորապես օգտաշատ գործունեությանը` ի նպաստ ապագա սերունդների հայեցի դաստիարակության, հայկական ինքնության և հայոց լեզվի պահպանման:

Այնուհետև Նաթան Սրբազանը խոսեց Սփյուռքի համայնքների առջև ծառացած խնդիրների, մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների մասին: Այս առնչությամբ մեծապես կարևորվեց Հայոց Եկեղեցու առաքելությունը Սփյուռքում:

Վերջում Նաթան Սրբազանը, իր գնահատանքը հայտնելով Տիկնանց միության անդամներին, մաղթեց Ամենակալ Աստծո պահպանությունն ու առաջնորդությունը և արգասաբեր գործունեություն Արգենտինայի հայկական համայնքներում:

Ավարտին միության անդամները մասնակցեցին Սուրբ Պատարագի արարողությանը, այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ:

Նույն օրը Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ընդունեց նաև Վիեննայի Պեռխդոսելդորֆի կաթոլիկ համայնքի ուխտավորներին՝ գլխավորությամբ համայնքի հոգևոր հովիվ Հայր Յոզեֆ Գրյունվիդելի:

Scroll Up