Ամերիկահայ իրավաբանն այցելեց Սփյուռքի նախարարություն

Սեպտեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ Գլենդելի իրավաբանական խմբի հիմնադիր անդամ, «Միացյալ հայ երիտասարդներ» կազմակերպության նախագահ, իրավագիտության դոկտոր Հարություն Հարությունյանին:

Ողջունելով հյուրին՝ սփյուռքի նախարարը կարևորեց կազմակերպության ակտիվ, ազգանպաստ գործունեությունը, նշեց, որ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ կատարած բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել է ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրին:

Հարություն Հարությունյանը շնորհակալություն հայտնեց բարձր գնահատանքի համար և ներկայացրեց իր գլխավորած՝ «Միացյալ հայ երիտասարդներ» կազմակերպության նպատակներն ու ծրագրերը: Նա նշեց, որ Հայ երիտասարդ մասնագետների կողմից ստեղծված անկախ կազմակերպությունը նպատակ ունի բարձրաձայնել հայ երիտասարդին հուզող խնդիրները՝ դրանց դրական լուծումներ տալու նպատակով: «Շուրջ 10 տարի կազմակերպությունը պայքարում է Հայոց ցեղասպանության, ինչպես նաև այլ ազգերի (Դարֆուր, Սուդան) դեմ տեղի ունեցած անարդարությունների ճանաչման համար: Կազմակերպությունում ներգրավված են 500-ից ավելի երիտասարդներ, որոնք իրենց ձայնն են բարձրացնում բազմաթիվ կարևոր խնդիրների արդարացի լուծման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության համար», – հավելեց ամերիկահայ իրավաբանը:

Քննարկվեցին հետագա համագործակցության, նախարարության ծրագրերին կազմակերպության մասնակցության հետ կապված հարցեր:

Վիրահայ համայնքի ներկայացուցիչները՝ Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովում

2017 թվականի սեպտեմբերի 18-20-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը:Այն ընթանում էր «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» կարգախոսով և աչքի էր ընկնում իր ներկայացուցչականությամբ: Համաժողովին ներկա էր ավելի քան 1800 մասնակից, աշխարհի 71 երկրներից:

Վրաստանի հայ համայնքը ներկայացնում էին 54 հրավիրյալներ Թբիլիսիից, Բաթումից, Սամցխե Ջավախքի և Քվեմո Քարթլիի տարածաշրջաններից: Մասնակիցները հայկական կազմակերպությունների ու կառույցների, օրենսդիր, գործադիր և տեղական մարմինների հայազգի ղեկավարներ և ներկայացուցիչներ էին, մտավորականներ, համայնքային գործիչներ:

Համաժողովի աշխատանքին իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

ՀՀ սփյուռքի նախարարության ջանքերով կազմակերպվել էր լիարժեք, հարուստ ծրագրով համաժողով, լիագումար և թեմատիկ նիստերով, ձևավորվել էին տաղավարներ, որոնցում իրենց նվաճումներն էին ներկայացրել «Թումո» նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը, «Այբ» նորարարական դպրոցը, «Քվանտ» վարժարանը:

Վիրահայ համայնքի ներկայացուցիչները ընդգրկվեցին հայապահպանության, արտաքին քաղաքականության, հակահայկական քարոզչության և ՀՀ զարգացման ուղղություններով նիստերին:

Համաժողովի աշխատանքի օրերը հագեցած էին նաև գեղարվեստական միջոցառումներով, որոնցից յուրաքանչյուրը անկրկնելի տպավորիչ էր:

Համաժողովը նաև փորձի փոխանակման, աշխարհասփյուռ հայրենակիցների հետ շփվելու, նոր ծանոթություններ և կապեր հաստատելու մեծ հարթակ էր: Ուրախալի էր, որ Վիրահայ համայնքի մասին գիտեին Սփյուռքի մեր հայրենակիցներից շատ -շատերը և հետաքրքրությունը Վրաստան այցելելու, հայ մեծաց մեծերի շիրիմներին ծաղիկներ խոնարհելու, Սայաթ-Նովա աշուղի հայրենիքի բույրն զգալու ցանկությունը անչափ մեծ էր:

Նշենք, որ առաջին համազգային հավաքը տեղի է ունեցել 1999թ. սեպտեմբերին և կոչվել է Հայաստան-Սփյուռք խորհրդաժողով: Առաջին երեք համաժողովները կազմակերպել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, իսկ 2011 և 2014 թվականներին՝ ՀՀ սփյուռքի նախարարությունը:

http://armenianchurch.ge

«Եթե մարդն իր արմատները մոռանա, կործանված է». Գևորգ Գրիգորյան

Սեպտեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին Արևելքի և Հայաստանի ծրագրերի պատասխանատու Վազգեն Յակուբյանին և Վառնայի մասնաճյուղի ատենապետ Գևորգ Գրիգորյանին:

Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր գնահատեց բուլղարահայ համայնքային գործչի բարեսիրական ձեռնարկները, համայնքի զորացմանն ու համախմբմանն ուղղված նրա ծրագրերը:

Վազգեն Յակուբյանը ներկայացրեց Վառնայի մասնաճյուղի ատենապետի կատարած աշխատանքը, քննարկվեցին հետագա համագործակցության և նախարարության ծրագրերին մասնակցության հետ կապված հարցեր:

Գևորգ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց, որ ներկա կարողությունները ուժեղացնելու համար պետք է ամրապնդվեն հայ-բուլղարական գործարար, մշակութային կապերը, կամուրջներ ստեղծվեն,: «Պետք է պահենք, զորացնենք համայնքը, հատկապես երիտասարդ սերնդին հայ պահելու համար կարևոր են լեզուն և մշակույթը: Եթե մարդն իր արմատները մոռանա, կործանված է», – հավելեց նա:

«Լավագույն տպավորություններն ունեմ Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովից».Անտոն Վարդանյան

Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը միասնության համահավաք մի աննախադեպ երևույթ էր մեր իրականության մեջ, որի շրջանակներում մի հարկի ներքո հավաքված հայությունն իր առջև գերխնդիր էր դրել՝ առաջնորդվելով  փոխադարձ վստահության, միասնականության և պատասխանատվության բարձր զգացումով՝ միահամուռ ուժերով լուծել շատ հարցեր, ճանապարհներ գտնել Հայաստանի հետագա զարգացման, հզորացման, Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության առավել սերտ համագործակցության համար: Այդ առիթով համաժողովի մասնակիցներից «Հայերն այսօր»-ի համար հարցազրույց ունեցա Ստավրոպրոպոլի «Նաիրի» ազգամշակութային ինքնավարության հասարակական կազմակերպության երիտասարդ նախագահ, Ստավրոպոլի երկրամասի Դաշնային միգրացիոն ծառայության վարչությանը կից հասարակական-կոնսուլտատիվ խորհրդի անդամ, Ստավրոպոլի երկրամասի էթնիկական խորհրդի նախագահի տեղակալ Անտոն Վարդանյանի հետ, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

Հարգելի՛ հայրենակից, հրավիրված լինելով Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին՝ Դուք, անշուշտ, այս առիթով ունեք Ձեր խորհրդածություններն ու ակնկալիքները. խոսեք, խնդրեմ այդ մասին:

-Ես և իմ գործընկերների մեծ մասն, անկասակած, ուրախ ենք՝ աշխատանքային նման հանդիպման առիթով, առավել ևս՝ Հայրենիքում: Այս համաժողովից մենք ակնկալում ենք աշխատանքների առավել աշխուժացում համայն Սփյուռքում և ավելի սերտ համագործակցություն՝ Հայաստանի իշխանությունների հետ:

-Բավականին երիտասարդ եք՝այդպիսի կազմակերպություն ղեկավարելու համար. դժվարություններ չե՞ք ունենում:

-Ես 5 տարի առաջ եմ ստանձնել այդ պարտականությունը՝ մեծ պատասխանատվություն վերցնելով ինձ վրա: Սկզբում, իհարկե, դժվար էր, սակայն ժամանակի հետ փորձառություն ու որոշակի գիտելիքներ ձեռք բերեցի: Ես միայնակ չեմ աշխատում: Մեր կազմակերպությունն ունի խորհուրդ, որը ղեկավարում է Միխայիլ Բեյրյումովը: Իհարկե, մեր հայրենակիցների խնդիրները չեն վերջանում, և ամեն անգամ հարկ է լինում ինքդ քեզ համար մի նոր բան բացահայտել: Մեր թիմի և մեզ արձագանքող մարդկանց շնորհիվ կարողանում ենք միանգամայն հաջողությամբ իրականացնել մեր աշխատանքները և մեր առջև դրված ծրագրերը:

-Ինչպե՞ս են ապրում Ստավրոպոլում մեր հայրենակիցներն, ինպիսի՞ խնդիրներ են ծառացած նրանց առջև և արդյո՞ք լուծելի են դրանք :

-Այսօր Ստավրոպոլում ապրում է մոտ 50 հազար հայ. նրանցից շատերը հասել են մասնագիտական  հաջողությունների և արժանի ձևով ներկայացնում են բիզնեսը, բժշկությունը, կրթությունը, գիտությունը, մտավորականության ու հայ նոր սերնդի՝ երիտասարդության  պատկերը: Հատուկ աջակցության կարիք ունեին մեր այն հայրենակիցները, ովքեր փախել էին 1988-ի երկրաշարժի սարսափներից, Բաքվում, Սումգաիթում, Լեռնային Ղարաբաղում կատարված ողբերգական իրադարձություններից: Բոլոր փախստականներն  ընդունվել են ջերմորեն և ըմբռնումով, նրանց ցուցաբերվել է մարդասիրական օգնություն և հոգեբանական աջակցություն:

  Սակայն, ինչպես միշտ, մեր հայրենակիցներից շատերը հայտնվում են կյանքի շատ ծանր իրավիճակներում. խոսքը հիմնականում վերաբերում է վերջերս աշխատանք գտնելու  հույսով Ստավրոպոլ եկած հայերին, ովքեր չունեն սեփական տուն, դրամական միջոցներ ու մշտական աշխատանք, հիմնականում չունեն  կրթություն ու մասնագիտական հմտություններ: Դրա վառ օրինակը Ուկրաինայի բռնագրավված տարածքներից փախած հայ  ընտանիքներն են: Ստավրոպոլ  տեղափոխված այդ ընտանիքները  հայկական համայնքի ուժերով և, իհարկե, քաղաքի վարչակազմի աջակցությամբ, ապահովվել են պարենային մթերքներով, առաջին անհրաժեշտության կենցաղային պարագաներով, դրամական օգնությամբ և աշխատանքով:

  Մեծ դժվարություններ կան փախստականներին  աշխատանքի տեղավորելու հարցով: Դա պայմանավորված է աշխատանք փնտրողի իրավական կարգավիճակից, աշխատանքային ստաժ և անհրաժեշտ որակավորում չունենալու հետ:

-Ներկայացրեք, խնդրեմ համայնքային առօրյան, համայնքում իրագործվող աշխատանքները:

– Ամեն տարի Ստավրոպոլի «Նաիրի» ազգամշակութային հասարակական ինքնավարության ներկայացուցիչներն ակտիվ մասնակցություն են ունենում  քաղաքի համար այնպիսի նշանակալից միջոցառումների, ինչպիսիք են՝ Հաղթանակի օրը, Ստավրոպոլ քաղաքի օրը, Ժողովուրդների միասնության օրը, բարձրագույն ուսումնական հաստատություններում անցկացվող միջազգային բարեկամության փառատոներին: Կազմակերպվում են հայկական ավանդական տոներ՝ Տեառընդառաջի, Վարդավառի, նշվում են Առաջին հանրապետության, Հայաստանի անկախության օրերը: Փետրվարի 23-ին և մայիսի 9-ին ՀՄՊ հայ վետերանները, ինչպես նաև նրանց այրիները, ստանում են նվերներ, օգնություն է ցուցաբերվում Արցախի ազատագրմանը մասնակցած ազատամարտիկներին: Ապրիլի 24-ի օրվա հետ կապված՝ անցկացվում են միջոցառումներ:

 Մեր երեխաները հաճախում են հայկական կիրակնօրյա դպրոց, ժողովրդական պարի խմբակ, մեր համայնքում գործում են ազգային խոհարարական վարպետության, թատերական արվեստի, դհոլի խմբակներ: Ստավրոպոլի երիտասարդներն ամեն տարի մասնակցում են ՀՀ սփյուռքի ախարարության ամառային ծրագրերին:

-Ինչպիսի՞ հարաբերություններ են ձևավորված Ստավրոպոլի մյուս համայնքների եհտ:

 -Բարիդրացիական հարաբերություններ ունենք գրեթե բոլոր համայնքների և կազմակերպությունների հետ. ոմանց հետ՝ ուղղակի աշխատանքային, իսկ մյուսների հետ՝ արդեն բարեկամական: Մեր քաղաքականությունը միտված է Սփյուռքի բոլոր համայնքների հետ արդյունավետ համագործակցությանը: Մասնավորապես՝ ադրբեջանական կազմակերպության հետ ունենք աշխատանքային լավ հարաբերություններ:

. Մի անգամ չէ, որ օգնել ենք մեկս մյուսին, համատեղ ուժերով լուծել ենք կենցաղային որոշ հարցեր և աննշան վեճեր: Փոխադարձաբար մեկս մյուսին հրավիրում ենք միջոցառումների և տոնախմբությունների: Դրսում շատ կարևոր է պահպանել բարիդրացիական հարաբերություններ:

– Անտո՛ն, բացի համայնքային հասարակական բնույթի աշխատանքներից՝ ուրիշ ի՞նչ աշխատանքով եք զբաղված. Ձեր բուն մասնագիտությամբ աշխատու՞մ եք արդյոք:

-Իմ հիմնական և միակ աշխատանքը համայնքային գործունեությունն է: Մասնագիտությամբ ճարտարագետ եմ և մոտավորապես 5 տարի աշխատել եմ իմ մասնագիտությամբ:

-Համայնքի առաջնահերթ խնդիրները որո՞նք են:

-Հիմնական խնդիրը ավանդական արժեքների պահպանումն է՝ երիտասարդների հետ աշխատելով՝ նրանց մեր ազգային, մշակութային բոլոր արժեհամակարգերին ծանոթացնելը, Հայոց պատմության դասերը սովորեցնելը, սերտ համագործակցությունը Հայ առաքելական եկեղեցու հետ: Ներկայումս ներքին մեծ մարտահրավերներ են ծառացած ժամանակակից հասարակության առջև : Շատ կարևոր է երիտասարդությանը ուշադրության կենտրոնում պահելը: Ամուսնությունը և ընտանի՛քն են հայ ժողովրդի անխախտ արժեքները, որոնք պետք է սրբությամբ պահպանվեն մեր երիտասարդների կողմից՝ տուրք չտալով Արևմուտքի կողմից քարոզվող գենդերային հավասարությանը և հակակառուցողական սոցիալական այլ երևույթների: Աշխարհի խոշոր տերությունները և նրանց զինակիցներն ակտիվ աշխատանք են տանում պատմական արժեքների, ազգերի միասնության քայքայման, նրանց հոգևոր ու բարոյական արժեքների հիմքերի խարխլման գծով: Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես է խեղաթյուրվում պատմությունը, ինչպես են առաջ քաշվում գաղափարներ՝ մարդկության հիմնարար արժեքների վերանայման գծով, որոնք ոչ միայն խարխլում են բարոյականության անխախտ հիմքերը, այլև ոչնչացնում են հասարակության պատմականորեն ձևավորված նորմերը, այդ թվում՝ նաև հայկական: Հայաստանը, լինելով հնագույն քրիստոնեական պետություններից, պետք է շարունակի պայքարել իր ազգային արժեքների պահպանման համար, այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝ աշխատասիրությունը, ընտանիքը, հարգանքն՝ առ մարդկային արժանապատվությունը, անսահման սերը Հայրենիքի նկատմամբ: Դրանում անգհահատելի է Հայկական Առաքելական եկեղեցու դերը: Ելնելով վերոհիշյալից՝ ասեմ, որ ինքնավարության հիմնական խնդիրներից մեկն ազգային ավանդական արժեքների, Հայաստանի մշակույթի, կենցաղի և պատմության պահպանումն ու զարգացումն է, Հայկական Առաքելական եկեղեցու հետ սերտ համագործակցությունը:

Ինչպիսի՞ տպավորություններ ունեք համաժողովից:

 – Շատ ուրախալի էր մասնակիցների աշխարհագրական պատկերը: Լավագույն տպավորություններն ունեմ համաժողովից. անմիջապես երևաց կազմակերպվածության բարձր մակարդակը, որի համար շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանն ու ՀՀ սփյուռքի նախարարությանը:

 Զրուցեց Կարինե Ավագյանը

Սփյուռքի նախարարությունը շնորհավորում է

Սփյուռքի նախարարությունը շնորհավորում է բոլոր նրանց, ովքեր Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ ՀՀ Նախագահի հրամանագրով Համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով և պատվավոր կոչումներով.

Մեծանուն բարերար Էդուարդո ԷՌՆԵԿՅԱՆ (Արգենտինա)՝ «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում

Հոլիվուդյան դերասան Մարկո Խան (Խանլյան) (ԱՄՆ)՝  «Մովսես Խորենացի» մեդալ

Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյան (ԱՄՆ )՝ Պատվո շքանշան

Ամերիկահայ հայտնի խոհարար Ժերարդ Գեխառո (ԱՄՆ)՝ Երախտագիտության մեդալ

«Կոնվերս բանկ» ՓԲԸ Խորհրդի անդամ Խուան-Պաբլո Գեչիդջյան (Արգենտինա)՝ «Անանիա Շիրակացի» մեդալ

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլադիս Բերեջիկլյան

(Ավստրալիա)՝ «Մխիթար Գոշ» մեդալ

Օպերային երգչուհի Իզաբել Բայրաքդարյան (Կանադա)` «Մովսես Խորենացի» մեդալ

Գործարար, բարերար Վարդան Սիրմաքեշ (Շվեյցարիա)` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան

Բրիտանահայ գործարար, բարերար Վաչե Մանուկյան (Մեծ Բրիտանիա)` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան

Գործարար, բարերար Արմեն Սարգսյան (Մեծ Բրիտանիա)` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան

Լիրաբույժ-գյուտարար Լորդ Արա Դարզի (Մեծ Բրիտանիա)` Պատվո շքանշան

Ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆ (Ֆրանսիա)` Երախտագիտության մեդալ

Ֆրանսահայ նախկին ռազմիկ Արսեն Չաքարյան (Ֆրանսիա)` Երախտագիտության մեդալ

Հայ Կաթողիկե եկեղեցու Ջեզիրեի թեմի առաջնորդ Հայր Անդրանիկ  ծայրագույն

Վարդապետ Այվազյան (Սիրիա)` Երախտագիտության մեդալ

Լոս Անջելեսի «Լարք» երաժշտական միության հիմնադիր Վաչե Պարսումյան (ԱՄՆ)` «Մովսես Խորենացի» մեդալ

«Նարեկ» կրթական-մշակութային հաստատության հիմնադիր նախագահ Ռիմա Սարյան (ԱՄՆ)` «Մովսես Խորենացի» մեդալ

ՀՅԴ բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատուրյան (Կանադա)` «Մխիթար Գոշ» մեդալ

«Գուսան» նվագախմբի հիմնադիր ղեկավար Էնրիկե Ավագյան (Արգենտինա)՝  «Մովսես

Խորենացի»  մեդալ

ՌՀՄ  Տվերի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ, Տվերի նահանգապետի խորհրդական Սեյրան Կոչկանյան (ՌԴ)՝ Երախտագիտության մեդալ

Իրկուտսկի  «Հայկական մշակութային ընկերություն» ՀԿ նախագահ, «Արգիշտի»  ՍՊԸ տնօրեն, գործարար Սամվել Ոսկանյան (ՌԴ)` Երախտագիտության մեդալ

Սանկտ Պետերբուրգի «Հավատամք» ամսաթերթի գլխավոր խմբագիր Արմեն Մերուժանյան (ՌԴ)` «Մովսես Խորենացի» մեդալ

Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայան (ՀՀ)՝  «Մովսես Խորենացի» մեդալ

ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վասկեն  Յակուբյան (ՀՀ)` Երախտագիտության մեդալ

Գերմանահայ լրագրող, համայնքային գործիչ Րաֆֆի Կանտյան (Գերմանիա)` «Մովսես Խորենացի» մեդալ

Շվեյցարիայի Հայ կաթողիկե եկեղեցու բարերար, Լիբանանի ցեղասպանության թանգարանի կառուցող Ալեք Պեզիկեան (Շվեյցարիա)` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

«Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկություն կազմակերպության տնօրենների խորհրդի տեսուչ, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի հայկական համայնքների բաժանմունքի ղեկավար, Գալուստ Կյուլպենկյանի թոռ Մարտին Եսայան (Մեծ Բրիտանիա)` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

Ազգային, հասարակական գործիչ Կարապետ Բաբահեքյան (Լիբանան)` Երախտագիտության մեդալ

Գործարար, բարերար, գրող, հրապարակախոս Արմեն  Հարությունյան (Լիբանան)` «Մովսես Խորենացի» մեդալ

Քուվեյթի ազգային վարժարանի հոգաբարձու, բարերար Ֆիլաիփ (Ֆիլիպ) Փաթաթանյան (Քուվեյթ)` Երախտագիտության մեդալ

Արվեստագետ, խեցեգործ Լևոն Օսիպով (Վրաստան)` «Մովսես Խորենացի» մեդալ

Ստամբուլի «Եսայան» վարժարանի տնօրեն Սաթենիկ Նշան (Թուրքիա)` Երախտագիտության մեդալ

Գրող, հրապարակախոս Մկրտիչ Մարկոսյան (Թուրքիա)` «Մովսես Խորենացի» մեդալ

 Ճապոնիա-Հայաստան բարեկամության ասոցիացիայի հիմնադիր-ղեկավար Հիդեհարու Նակաջիմա  (Ճապոնիա)` Երախտագիտության մեդալ

Հայագետ, թարգմանիչ Հերբերտ Մաուրեր (Ավստրիա)` Երախտագիտության մեդալ

Ալեքսանդրիայի համալսարանի Դամանհուրի մասնաճյուղի պատմության ամբիոնի պրոֆեսոր, հայագետ-ցեղասպանագետ Մուհամմադ Ռեֆաաթ Ալ-Իմամ (Եգիպտոս)` Երախտագիտության մեդալ:

Տեղի կունենա «Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» գրքի շնորհանդեսը

Հոկտեմբերի 2-ին, ժամը 15.00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հասարակական գիտությունների բաժանմունքը ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ կազմակերպում է «Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» (հեղինակ՝ Հրանուշ Հակոբյան) մենագրության շնորհանդեսը, որը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում (հասցե՝ Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ):

Մենագրության շնորհանդեսին հրավիրված են պետական, քաղաքական, հասարակական գործիչներ, ակադեմիկոսներ, վերլուծաբաններ, փորձագետներ:

Հրանուշ Հակոբյանի «Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» աշխատությունը հրատարակության է երաշխավորել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտական խորհուրդը:

Աշխատության ուսումնասիրության առարկան Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման ընթացքն է, արդյունքները և հեռանկարները:

Առաջին անգամ փորձ է արվում ուսումնասիրել հարափոփոխ աշխարհում «Սփյուռք» հասկացությանը, ընդհանրական կերպով ներկայացնել Հայկական սփյուռքի ծագման, ձևավորման, զարգացման պատմության փուլերը, արդի վիճակը, առանձնահատկությունները:

Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ անցկացվում են գյուղական մարզական խաղեր

2017 թվականին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն առաջին անգամ կազմակերպում է «Հայաստանի Հանրապետության գյուղական մարզական խաղեր» միջոցառումը:

Միջոցառումը մեկնարկել է 2017 թվականի օգոստոսին Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքներում: Առաջին գյուղական խաղերի եզրափակիչ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 1-ից 4-ը Վանաձորում:

Նշենք, որ ծրագրին մասնակում են գյուղերում բնակվող 20 տարեկանից բարձր տղամարդկանց և 16 տարեկանից բարձր կանանց ՀՀ մարզերի հավաքական թիմերը: Մասնակիցները մրցելու են ատլետիկական հնգամարտի ծրագրով:

 

Արցախը դարձել է ոչ միայն էներգաբավ, այլև՝ էլեկտրաէներգիա արտահանող հանրապետություն

Սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության պետական նախարար ԱրայիկՀարությունյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում  նա հակիրճ ներկայացրել է ԱՀ կառավարության անցած 10 տարվա գործունեության վերաբերյալ որոշ ցուցանիշներ և պատասխանել լրագրողների հարցերին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ա. Հարությունյանի խոսքով՝ այդ տարիների ընթացքում կառավարությունը, առաջնորդվելով նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագրերով, տարեցտարի ապահովել է ՀՆԱ-ի աճ՝ ավելացնելով պետական բյուջեն ու կյանքի կոչելով սոցիալական շատ ծրագրեր: «Այսպես, օրինակ, եթե 2007 թվականին հանրապետության  ՀՆԱ-ն (համախառն ներքին արդյունք) կազմում էր 70,8 մլրդ դրամ, 2016թ.՝ 229,6 մլրդ, ապա 2017 թվականին այն կանխատեսվում է  հասցնել շուրջ 270 մլրդ-ի՝ տասը տարում ապահովելով անվանական ՀՆԱ-ի գրեթե 4 անգամ աճ: Եթե 2007թ. արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 22,4 մլրդ դրամ, 2016թվականին՝ 59 մլրդ, ապա 2017 թվականին այն անցնելու է 70 մլրդ-ը»:

Արայիկ Հարությունյանը կարևոր ձեռքբերումներից մեկն է համարել փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը: «ՀԷԿ-երի կառուցման շնորհիվ՝ 10 տարվա ընթացքում շուրջ 4 անգամ ավելացել է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ 90,4 մլն կՎտ/ժ-ից հասնելով 345 մլն կՎտ/ժ արտադրանքի: Արդյունքում, Արցախը դարձել է ոչ միայն էներգաբավ, այլև՝ էլեկտրաէներգիա արտահանող հանրապետություն: Պլանավորում ենք ցուցանիշը մոտ ապագայում հասցնել մինչև 700 մլն կՎտ/ժ-ի»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Ա. Հարությունյանը շեշտադրել է, որ լուրջ տնտեսական աճ է արձանագրվել նաև գյուղատնտեսության բնագավառում՝ 2,9 անգամ ավելացնելով գյուղատնտեսական համախառն արտադրանքը: Եթե 2007 թվականին արձանագրվել է հացահատիկային մշակաբույսերի 53,000 տոննա բերք, ապա 2017 թվականին այն կազմել է 150,000 տոննա:

Պետնախարարն անդրադարձել է նաև շինարարական ծավալների ավելացման, կենսական անհրաժեշտության ենթակառուցվացքների վերականգնման և զարգացման մի շարք այլ ծրագրերի:

Իր մուտքի խոսքի ավարտին Արայիկ Հարությունյանը նշել է, որ 2018 թվականի բյուջեն պլանավորվում է կազմել 100 մլրդ դրամի սահմաններում՝ ընդգծված ծախսային ուղղություններով՝ սոցիալական ծրագրերի կյանքի կոչման, ենթակառուցվածքների վերականգնման, ներդրումային նախագծերի կատարման և այլ ծրագրերով:

Պատասխանելով պետական նախարարի պաշտոնում իր լիազորությունների մասին հարցին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ Նախագահի հրամանագրով հստակ սահմանվել են պետնախարարի լիազորությունները, անելիքներն ու գործունեության շրջանակը:

«Ըստ Նախագահի հրամանագրի՝ պետական նախարարի դիրքում զբաղվելու եմ պետական գույքի և ֆինանսների կառավարմամբ, ինչպես նաև համակարգելու եմ տնտեսական ոլորտի նախարարությունների գործունեությունը: Դա ինձ հնարավորություն է տալու շարունակել իմ ակտիվ աշխատանքը հատկապես Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ: Ներկա պայմաններում, երբ հանրապետության համախառն ներքին արդյունքը հասնում է 270 մլրդ դրամի, տարեկան շուրջ 10 տոկոս տնտեսական աճ ապահովելու համար անհրաժեշտ է տնտեսության մեջ ավելացնել ևս  27 մլրդ դրամ: Դրա համար պահանջվում է ավելի մեծ աշխատանք տնտեսության ոլորտում՝ ներգրավելով լրացուցիչ ներդրումներ: Ահա այդ ուղղությամբ էլ կենտրոնացնելու եմ իմ գործունեությունը, որպեսզի ապահովենք ցանկալի արդյունքներ»,- ասել է Ա. Հարությունյանը:

Պատասխանելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված առաջարկներին և հայտարարություններին վերաբերող հարցին՝ Ա. Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածքում մենք իրագործում ենք բազմաթիվ ծրագրեր: Շահումյանի շրջանում ավարտել ենք Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի շինարարությունը, կառուցել ենք բարձրավոլտ օդային էլեկտրագիծը: Այնտեղ նախատեսում ենք իրականացնել հարյուրավոր միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր. մասնավորապես՝ սկսված են ՀԷԿ-երի, ջրի գործարանի, բնակարանների կառուցման աշխատանքները, Քաշաթաղի շրջանի Միջնավան և Իշխանաձոր բնակավայրերում շարունակվում են բնակարանաշինության ծրագրերը և այլն: Մեծ ուշադրություն ենք դարձնում կրթության, մշակույթի բնագավառների զարգացմանը՝ դպրոցների, մանկապարտեզների, մշակութային օջախների կառուցման միջոցով: Իսկ ոչ բնակելի տարածքներում մեծ ներդրումներ ենք նախատեսում՝ գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ: Ուստի, որպես Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածքներ, դրանք զարգանում են և ծառայելու են մեր երկրին»:

Տեղի ունեցավ «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը

Սեպտեմբերի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ  Սերժ Սրապիոնյանը :

«Երգում ենք Կոմիտաս» փառատոնը կայացավ սեպտեմբերի 25-28-ը: Փառատոնին մասնակցեցին Հայաստանից, Արցախից և աշխարհի 12 երկրներից ժամանած երգչախմբեր և մենակատարներ: Մասնակիցները համերգներով հանդես եկան Երևանում, Գյումրիում և Վանաձորում:

Երեկոյի ընթացքում Կոմիտասի և հայ կոմպոզիտորների երգերի կատարումներով հանդես եկան «Վարդավառ» (Հորդանան), «Մակար Եկմալյան» (Վրաստան), «Աղբյուր» (Վրաստան),  «Ներսես Շնորհալի» (Հայաստան), «Ովսաննա» (Հայաստան), «Վարանդա» (Արցախ) երգչախմբերը, «Նարեկ» (Իրան), «Ծաղկազարդ» (Հայաստան) վոկալ  անսամբլները, անհատ կատարողներ, Միքայել Քոչարյանը, Էլվիրա Մարգարյանը, Հրաչուհի Գևորգյանը (Ռուսաստան), Սոնա Տալյանը (Գերմանիա), Ջոնի Քէօքճեանը (Բեյրութ), Սերլի Ռոստոմյանը (Իրան), Նառա Նոյանը (Բելգիա), Վարդուհի Թորոյանը (Հորդանան), Սոսե Գրիրգորյանը (Երուսաղեմ), Լիլիթ Դավթյանը, Արփի Սինանյանը և Հայկ Եսայանը (Հայաստան), Ճապոնացի դաշնակահար Կեյտո Նյումատան, արգենտինահայ երաժիշտ Գագիկ Գասպարյանը, ՀՀ ՊՆ «Զորական» անսամբլը:

Ցուցադրվեցին Կոմիտասի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացնող տեսանյութեր:

Ողջունելով փառատոնի մասնակիցներին և հանդիսատեսին՝ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նշեց, որ պահպանելով, տարածելով ու Սփյուռքում հնչեցնելով հայ երգը՝ հայկական երգչախմբերն ու անհատ կատարողները հայի լինելիության հիքերն են ամրապնդում, կատարելով կոմիտասյան երգերն ու մյուս անվանի հայ երգահնների ստեղծագործությունները, պահպանում են իրենց ազգային ինքնությունը, ճանաչելի դարձնում հայ մշակույթը:

Սերժ Սրապիոնյանը փառատոնի մասնակիցներին փոխանցեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը, որում մասնավորապես ասված էր. «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի սիրելի մասնակիցներ, թող բարի լինի ձեր գալուստը Հայրենիք։

Կոմիտասյան անզուգական արվեստով ներշնչված` դուք հայապահպան գործունեություն եք իրականացնում` Սփյուռքն ապրեցնելով հայ երգով, մատաղ սերնդի հոգու և արյան մեջ ներարկելով ազգայինը ճանաչելու և գնահատելու կարողություն, հայրենասիրություն, իսկ ձեր գալուստով Հայաստան փոխանցում այն պատգամը, որ իրական ու ազդեցիկ արվեստն իր ակունքներից պիտի «սնունդ» առնի։

Հավերժ է այն ազգը, որը Կոմիտաս է ծնել, ինչը նշանակում է, որ դուք նվիրական աշխատանքով ոչ միայն ձեր ինքնությունն եք պահպանում օտար անբարենպաստ ազդեցություններից, այլև ներդրում ունեք հայի լինելիության ապահովման գործում։

Ի վերջո, մեզանից յուրաքանչյուրն իր պարտավորությունն ունի Հայրենիքի և հայոց մեծերի արժանի հետևորդը լինելու գործում։

Ձեր պարագայում այն դրսևորվում է Հայ երգի Մաշտոցի, Հավերժի ճամփորդի, մեր սիրելի Կոմիտասի թողած ժառանգությունը պահպանելու, պաշտպանելու, ի դեմս նրա՝ հաջորդ մեծերի թողած «կտակներին» հավատարիմ մնալու մեջ, հատկապես որ իր եղերական վախճանով Կոմիտասը խորհրդանշեց հայ ժողովրդի ճակատագիրը, իսկ այն, ինչ ունենք այսօր նրա շնորհիվ՝ վերածնունդն ու ապրելու կամքը: Էլ ինչպես չլինել նրան արժանի հետևորդ, ինչպես «չօգտագործել» մշակույթը՝ որպես զենք, աշխարհասփյուռ հայությանը հա­մախմբե­լու համար:

Այս տարի արդեն երրորդ անգամ ականատեսն ու վկան ենք մշակութային այն գեղեցիկ իրադարձության, որ տեղի է ունենում Հայրենիք-Սփյուռք գործակցության երկնակամարում, որը պիտի թնդացնի Երևանի ու մարզերի դահլիճները, որն էլ այդ համախմբման արտահայտություններից մեկը կլինի:

Անսահման հպարտ եմ, ուրախ և շնորհակալ լինելով յուրաքանչյուրիդ ձեր գործունեության ու նվիրումի համար՝ հավատալով, որ այսօր ունենք մշակութային այնպիսի ներուժ, որը երաշխավորն է վաղվա սերնդի նույն ու էլ ավելի հզոր ու հայրենասեր սերնդի:

Ձեզ ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ, Հայրենիքում և Հայրենիքով լիանալու բազմաթիվ ակնթարթներ»:

 

ԱՄՆ Միչիգան նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը

ԱՄՆ Միչիգան նահանգը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Միչիգանի հայ դատի հանձնախումբը:

ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատը ընդունել է բանաձև, որով կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչպես նաև տնտեսական և մշակութային կապեր հաստատել Արցախի հետ և աջակցել խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում:

Միչիգանը ԱՄՆ 8-րդ նահանգն է, որը ճանաչում է Արցախի անկախությունը:

Սիրիահայ վիրաբույժ Ջանի Հադդադն արժանացել է Արցախի Հանրապետության պետական պարգևի

Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանը սեպտեմբերի 26-ին ընդունել է սիրիահայ վիրաբույժ, Հայկական Քրիստոնեական Բժշկական Ասոցիացիայի նախագահ Ջանի Հադդադին: Հիշեցնենք, որ Ջանի Հադդադը 2011 թվականից տարին 2 անգամ այցելում է Արցախ և Շուշիի շրջանային բուժմիավորումում իրականացնում անվճար խորհրդատվություններ ու վիրահատություններ: Նրա կողմից Արցախում կատարվել է 350-ից ավելի վիրահատություն: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից:

Հանդիպման ժամանակ նախարար Աթայանը սիրիահայ վիրաբույժ Ջանի Հադդադ Ֆոադին է հանձնել Արցախի Հանրապետության նախագահի կողմից շնորհած «Երախտագիտություն» մեդալը՝ Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և ի նշանավորումն Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձի:

«Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի մասնակիցները հյուրընկալվեցին Լոռու մարզում

Սեպտեմբերի 27–ին Վանաձորի թիվ 1 երաժշտական դպրոցում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի մասնակիցների համերգը:

Կոմիտասյան և հայ անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան «Բյուրական» (Հայաստան), «Աղբյուր» (Վրաստան), «Սայաթ-Նովա» (Թուրքիա), «Նարեկ» (Իրան), «Նաիրյան» (Հայաստան) երգչախմբերը: Ելույթն ունեցան նաև Ռուսաստանից Էլվիրա Մարգարյանը, Հրաչուհի Գևորգյանը, Միքայել Քոչարյանը, Լիբանանից Ջոնի Քէօքճեանը, Իրանից Սերլի Ռոստոմյանը, Գերմանիայից Սոնա Տալյանը: Համերգին մասնակցում էր նաև Վանաձորի քաղաքապետարանի կամերային երգչախումբը՝ Ռուզաննա Մխիթարյանի ղեկավարությամբ:

Փառատոնի մասնակիցներին ողջունեց Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը, նա շնորհակալություն հայտնեց մարզի մշակութային կյանքը նման միջոցառումներով հարստացնելու համար, կարևորեց մարզերի մասնակցությունը Հայաստան-Սփյուռք գործակցությանը:

Համերգի վերջում իր ողջույնի խոսքն ասաց «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Եսայանցը և շնորհակալություն հայտնեց Վանաձոր քաղաքին ջերմ ընդունելության համար:

Աշխատանքների կիզակետում պետք է լինի հայ երիտասարդների կյանքի որակը բարելավելը.Գարո Արմեն

Սեպտեմբերի 18-20-ը կայացավ «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը, որտեղ ի մի բերվեցին և ամփոփվեցին Հայաստան-Սփյուռք գործակցության ձեռքբերումները՝ վեր հանելով հայության առջև ծառացած մարտահրավերները և նախանշելով ապագային միտված անելիքները: Համաժողովին մասնակցեցին պետական բարձրաստիճան այրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, համահայկական կառույցների և համայնքներում գործող կազմակերպությունների ղեկավարներ և անդամներ, լրագրողներ, տնտեսության, կրթության, մշակույթի և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր-նախագահ Գարո Արմենը ‹‹Հայերն այսօր››-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ համաժողովի շրջանակներում հնչեցրած կարծիքները, առաջարկներն ու ծրագրերը թղթի վրա չեն մնա, այլև խոսքից գործի կվերածվեն՝ հաշվի առնելով մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները և Հայաստան-Սփյուռք գործակցության առաջնահերթությունները:

Նա շեշտեց նաև, որ աշխատանքների կիզակետում պետք է լինի հայ երիտասարդների կյանքի որակը բարելավելը, քանի որ այդ ամենի համար բոլոր նախապայմաններն առկա են:

Հավելենք, որ Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումն սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր զուգահեռաբար իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները:

«Դուք միավորում եք Սփյուռքը». Դանիել Վարուժան Հեջինյան

Սեպտեմբերի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեջինյանին:

Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր գնահատեց արվեստագետի գործունեությունը, որը միտված է Սփյուռքում հայապահպանությանը, հայ մշակույթի զարգացմանն ու տարածմանը:

Դանիել Վարուժան Հեջինյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, կարևորեց նախարարի և  նախարարության դերը Սփյուռքի համախմբման գործում: «Դուք զբաղվում եք ոչ միայն հայապահպանությամբ, նաև միավորում եք Սփյուռքը», – հավելեց նա:

Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին` հայազգի նկարիչը նշեց, որ այն կարևոր էր այլ երկրների արվեստագետների հետ մշակութային նոր կապեր հաստատելու, մասնագիտական ցանցեր ստեղծելու, ինչպես նաև հայրենասիրական ոգին բարձր պահելու առումով:

Քննարկվեցին հետագա համագործակցության, նախարարության ծրագրերին մասնակցության հետ կապված հարցեր:

 

Scroll Up