Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Մայիսի 17-18-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում Գերագույն հոգևոր խորհուրդը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ, շարունակեց իր աշխատանքը։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Ժողովի մնացյալ նիստերն ատենապետեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

Ժողովին Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկեց Ազգային-եկեղեցական ժողովի՝ 1945 թվականին գործադրության մեջ դրված կանոնադրության լրամշակված նախագիծը։ Այս առնչությամբ զեկույց ներկայացրեց Կանոնադրությունների մշակման հանձնախմբի անդամ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։ Լուսաբանություններ տրվեցին նաև հանձնախմբի անդամ, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի կողմից։

Հանգամանալից քննությունից հետո Գերագույն հոգևոր խորհուրդն ընդունեց կատարված աշխատանքը և թելադրեց Վեհափառ Հայրապետի օրհնությամբ հաստատված նախագիծը ներկայացնել հունիս ամսին գումարվելիք Եկեղեցական-ներկայացուցչական ժողովին։

2017 թ. հունիս 6-9-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի նախապատրաստական աշխատանքների մասին տեղեկություններ հաղորդեց ժողովի կազմակերպիչ հանձնախմբի պատասխանատու Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ ԳՀԽ անդամները, գնահատանքով ընդունելով կատարված աշխատանքը, նաև իրենց թելադրությունները կատարեցին ժողովի առնչությամբ։

Ժողովին զեկույցով հանդես եկավ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը՝ ներկայացնելով Պատրիարքությունում տիրող բարդ իրավիճակը։ Գերագույն հոգևոր խորհուրդը մտահոգություն հայտնեց Հայոց Պատրիարքությունում ստեղծված կացության  առնչությամբ, երբ պատրիարքական ընտրյալ տեղապահը հնարավորություն չունի ձեռնամուխ լինելու իր պարտականությունների իրականացմանը։ Գերագույն հոգևոր խորհուրդը զորակցություն հայտնեց Պատրիարքական տեղապահին՝ հորդոր ուղղելով, որպեսզի Պատրիարքության հոգևոր դասի և ազգայինների հետ գործակցության խաղաղ մթնոլորտի մեջ ջանքեր ներդրվեն պետական պատկան կառույցների հետ բարվոք լուծումներ գտնելու ստեղծված կացությանը։

Անդրադարձ կատարելով այս գործընթացում Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի դրսևորած կեցվածքին՝  Գերագույն հոգևոր խորհուրդն անհրաժեշտ համարեց հորդորել նրան, առաջնորդվելով Հայ Եկեղեցու կարգերով և կանոններով, զորավիգ լինելու Պատրիարքական ընտրյալ տեղապահին և ձեռնարկելու անհրաժեշտ քայլերը՝ Պատրիարքության բնականոն կյանքի վերականգնման համար։

Գերագույն հոգևոր խորհուրդը քննության առավ նաև 2018 թվականին Երիտասարդության տարվա տոնախմբությունների հետ առնչված ծրագրերը։ Դեռևս 2016 թվականի ԳՀԽ նյույորքյան ժողովի ժամանակ որոշում էր կայացվել 2018 թվականը հռչակել իբրև Երիտասարդության տարի։

Այս կապակցությամբ տարվող աշխատանքների մասին զեկույց ներկայացրեց Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։ Տեղեկացվեց, որ այդ տարում առանձին տարածաշրջաններում նախատեսվում են երիտասարդական հավաքներ ու միջոցառումներ, հուլիս ամսին աշխարհասփյուռ թեմերի երիտասարդների մասնակցությամբ կկազմակերպվի նաև եռօրյա մեծ ուխտագնացություն դեպի Հայաստան և Մայր Աթոռ Ս. Էջմիածին։ Եռօրյա հավաքը կավարտվի Հայրապետական Ս. Պատարագով։

ԳՀԽ եռօրյա ժողովի ավարտին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մասին զեկույց ներկայացրեց թեմակալ առաջնորդ Տ․ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ երախտագիտություն հայտնելով Ամենայն Հայոց Հայրապետին՝ Գերագույն հոգևոր խորհրդի հերթական նիստը  Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում անցկացնելու համար։

Եզրաս Սրբազանը, համառոտ պատմական ակնարկ կատարելով Ռուսաստանում հայոց թեմի հաստատման մասին, ներկայացրեց թեմի ներկայիս գործունեությունը։ Սրբազան Հոր առաջնորդության տարիներին թեմում գրանցվել է 83 ծուխ, գործող եկեղեցիների թիվը 7-ից հասցվել է 41-ի,  հոգևոր սպասավորների թիվը 8-ից բարձրացվել է 34-ի։ Կառուցման ընթացքի մեջ է 15 եկեղեցի, որոնցից  9-ի օծումն ու հանդիսավոր բացումը նախատեսվում է կատարել 2017 թվականին` թեմի հիմնադրման 300-ամյա հոբելյանի շրջանակներում:

Սրբազան Հայրն անդրադարձավ թեմի հոգևոր-մշակութային կյանքին, որին մեծապես նպաստեցին 2013 թ. Մոսկվայի Ս. Պայծառակերպություն առաջնորդանիստ նոր եկեղեցու օծումը և եկեղեցական համալիրի բացումը։ Հոգևոր-քարոզչական գործունեության շրջագծում կազմակերպվում են ուխտագնացություններ դեպի Մոսկվայի առաջնորդանիստ տաճար և տարբեր համայնքներ, առաջնորդարանում կազմակերպվում են հոգևոր զրույցներ:

Թեմի գիտական-մշակութային կյանքին նպաստում է հայագիտության նորաստեղծ կենտրոնը, որը պարբերաբար կազմակերպում է գիտաժողովներ, գրքերի շնորհանդեսներ, բանախոսություններ: Հիմնվել են «Տապան» թանգարանը և նորագույն սարքավորումներով հագեցած գրադարանը։ Հայաշատ քաղաքներում հրատարակվում է  4 երկլեզու ամսաթերթ,  լույս են ընծայվել երկու տասնյակից ավելի գրքեր։

Մեծ ուշադրություն դարձնելով կրթության և հայեցի դաստիարակության գործին՝ գործում է Սանկտ Պետերբուրգի թիվ 259 միջնակարգ դպրոցը, ավելի քան 3000 երեխա հաճախում է 18 հայորդյաց տուն, որոնց մեջ գործում են զանազան խմբակներ։ 2006 թ. հիմնված Մոսկվայի Հայորդյաց տանը անցնող 10 տարիների ընթացքում կրթվել է 8000 հայորդի։ Առաջիկայում Մոսկվայի եկեղեցական համալիրի տարածքում կբացվի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» գիմնազիան, կկառուցվի նաև մանկապարտեզ-կրթարան։ Սրբազանը տեղեկացրեց, որ բոլոր ծխերում գործում են երիտասարդաց միություններ, հանդիպումներ են կազմակերպվում Մոսկվայի ԲՈՒՀ-երում սովորող հայ ուսանողների հետ։

Նշվեց, որ թեմը մասնակցում է Հայ Եկեղեցու բարեգործական ծրագրերին թե՛ հայրենիքում և թե՛ նրա սահմաններից դուրս, մեծ աջակցություն է ցուցաբերում Արցախին։ Առաջնորդանիստ համալիրում գործում են սոցիալական օգնության  և իրավաբանական անվճար խորհրդատվության բաժինները։ Վերջինիս ծառայություններից օգտվում են ոչ միայն հայորդիները, այլև օտարազգիներ։ Հիմնվել է նաև բժշկական երկու հաստատություն. ատամնաբուժարան Սանկտ Պետերբուրգում և բժշկական կենտրոն Մոսկվայում, որտեղ ևս անվճար ծառայություններ են մատուցվում կարիքավորներին:

Գերագույն հոգևոր խորհրդի անդամները գոհունակությամբ ընդունեցին ներկայացված զեկույցը՝ իրենց գնահատանքը հայտնելով թեմի կողմից իրականացվող բազմաբնույթ ազգաշահ և եկեղեցանպաստ ծրագրերի կապակցությամբ։ Ժողովականները Աստծո զորակցությունը հայցեցին առաջնորդ Սրբազան Հորը և հոգևոր դասին իրենց նվիրյալ և օգտաշատ ծառայության մեջ։

Ժողովն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության ու գնահատանքի խոսքով։

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ավստրալիայի Միավորված եկեղեցու անդամներին

Մայիսի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ավստրալիայի Միավորված եկեղեցու անդամներին` Ավստրալիայի Հայ Ավետարանական Ընկերակցության նախագահ և Լոնգուվիլի Սուրբ Էնդրյու Միավորված եկեղեցու հոգևոր հովիվ վերապատվելի Գրիգոր Յումաշջեկյանի գլխավորությամբ:

Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարարը կարևորեց միջեկեղեցական կապերի դերը ժողովուրդների փոխճանաչման և համագործակցության գործում, շնորհակալություն հայտնեց 2015թ. Միավորված եկեղեցու համագումարի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման համար: Նա մասնավորապես ասաց. «Ուրախ եմ, որ այսպիսի մեծ խմբով այցելել եք առաջին քրիստոնյա երկիր: Վերջին շրջանում Հայաստան տեղափոխված սիրիահայերի խնդիրների լուծման ուղղությամբ, մենք ավելի ակտիվ ենք համագործակցում Ավետարանական Եկեղեցու հետ, ինչպես նաև կրթության և մշակույթի ոլորտներում: Մեծ ուշադրություն ենք դարձնում սահմանային գյուղերին, և ուրախ եմ, որ դուք որդեգրել եք Չորաթանը և փորձում եք օգնել: Հուսով եմ, որ դուք շրջագայելով Հայաստանում և Արցախում՝ կճանաչեք և կսիրեք մեր երկիրը, ձեր տպավորություններով ու ոգևորությամբ կվարակեք բազմաթիվ ավստրալացիների, որպեսզի նրանք ոչ միայն այցելեն Հայաստան, այլև գան և ներդրումներ կատարեն մեծ հնարավորությունների ու հեռանկարների երկիր Հայաստանում»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գրիգոր Յումաշջեկյանը նշեց, որ Հայ Ավետրանական եկեղեցին Ավստրալիրայում Միավորված եկեղեցու լիիրավ անդամներից է: Նա տեղեկացրեց, որ այս այցելությունը դեպի Հայաստան կազմակերպվել է Լոնգուիլիի Սուրբ Էնդրյու Միավորված եկեղեցու միաբանության  անդամների խնդրանքով: Ճամփորդության նպատակն է անմիջականորեն առնչվել հայ ժողովրդի մշակույթին, այցելել Հայաստանի և Արցախի բոլոր մարզերի պատմամշակութային վայրեր: Նա ևս համոզմունք հայտնեց, որ  հետևելով այս խմբի օրինակին՝ Հայաստանը բացահայտելու ճանապարհը կբռնեն բազմաթիվ ավստրալացիներ, և հատկապես՝ հայ համայնքի ներկայացուցիչները:

img_5075 img_5101

ՀՀ անկախության և Հայաստանի ու Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված համաժողով

Մայիսի 16-ին Իտալիայի Հանրապետության Սենատի «Ջուստինիանի» պալատի «Ձուկկարի» սրահում կայացավ համաժողով՝ նվիրված ՀՀ անկախության և Հայաստանի ու Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, որը կրում էր «Հայաստան 25 տարի. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագիրը և, Հայաստան-Իտալիա միջխորհրդարանական բարեկամության խմբի հետ համագործակցաբար, կազմակերպվել էր Իտալիայում Հայաստանի դեսպանության կողմից:

Համաժողովը, որին ներկա էին Իտալիայի քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, դիվանագետներ, համայնքային կառույցների և ԶԼՄ ներկայացուցիչներ, վարում էր Սենատի՝ ԵՄ քաղաքականության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, սենատոր Վանինո Կիտին:

Համաժողովին ելույթ ունեցավ Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, ով իր խոսքում հակիրճ ներկայացրեց երկու հազարամյակի պատմություն ունեցող հայ-իտալական համատեղ անցյալը, հիշատակելով նաև հայկական համայնքի երկարատև ներկայությունը, ինչը հիմք հանդիսացան ժամանակակից հարաբերությունները զարգացնելու համար: Նա անդրադարձ կատարեց միջպետական հարաբերություններում անցած 25 տարիների ընթացքում տեղի ունեցած նշանակալի իրադարձություններին, ս.թ. հունիսի 7-ին կայանալիք հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի աշխատանքներին, ինչպես նաև Հայաստան-Իտալիա երկկողմ հարաբերությունների բազմաբնույթ օրակարգի այլ հարցերին:

Համաժողովի բանախոսների թվում էին նաև Իտալիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ, սենատոր Բենեդետտո Դելլա Վեդովան, Իտալիայի Սենատի Հայաստան-Իտալիա միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ, սենատոր Էմիլիա Գրացիա Դե Բիազին և Պատգամավորների պալատի համանախագահ Ֆլավիա Պիկկոլի Նարդելին, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ, պատգամավոր Պաոլո Ալին, Սենատի արտաքին հարաբերությունների և միգրացիայի մշտական հանձնաժողովի անդամ Էմմա Ֆատտորինին, Հայաստանի Ազգային ժողովի նախորդ նստաշրջանի բարեկամության խմբի հայկական կողմի համանախագահ Կորյուն Նահապետյանը, Իտալիայի հայերի միության նախագահ Պայքար Սվազլյանը, սենատորներ և պատգամավորներ:

Բանախոսներն անդրադարձան Իտալիա-Հայաստան պատմական առնչություններին և բազմադարյա բարեկամությանը, անցած 25 տարիների ընթացքում Հայաստանի արձանագրած առաջընթացին, հայ-իտալական հարաբերությունների ձեռքբերումներին և հեռանկարներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, միջխորհրդարանական հարաբերություններին և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին: Համաժողովը եզրափակվեց Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությամբ:

ՀՀ Նախագահը Կարեն Կարապետյանին նշանակել է ՀՀ վարչապետի պաշտոնում

«Հայերն այսօրը»-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը՝ Կարեն Կարապետյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ ո ր ո շ ու մ ե մ.

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետ:

 

 

Դեսպան Եգանյանի գլխավորությամբ Կանադայում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպանները հանդիպում ունեցան Կանադայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

Մայիսի 15-ին Կանադայում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպանները ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի՝ որպես եվրոպական երկրների դեսպանների դուայենի գլխավորությամբ հանդիպում ունեցան Կանադայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոֆ Ռիգանի հետ: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպման օրակարգում էին յուրաքանչյուր երկրի հետ Կանադայի երկկողմ հարաբերությունների արդի զարգացումներից բացի նաև առևտրին և միգրացիային ու փախստականներին վերաբերող հարցերը:

Հանդես գալով ելույթով` դեսպան Եգանյանն անդրադարձավ փախստականներ ընդունելու և նրանց ապաստան տալու Հայաստանի փորձին, նշելով, որ Սիրիայից շուրջ 20000 փախստականներ ապաստան են գտել Հայաստանում՝ մեր երկիրը դարձնելով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում:

Դեսպանը նաև ներկայացրեց հայ-կանադական երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները և խոսեց առաջիկա ծրագրերի մասին: Անդրադարձ կատարվեց 2018թ. Հայաստանում նախատեսվող Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին:

Հանդիպման ընթացքում նախանշվեց հետագա հանդիպումներին քննարկվելիք հարցերի օրակարգը:

Արցախի պետական համալսարանում դասախոսությամբ հանդես է եկել սփյուռքահայ գրող Հովսեփ Նալբանդյանը

Արցախի պետական համալսարանում մայիսի 17-ին հյուրընկալվել և դասախոսությամբ հանդես է եկել լոսանջելեսաբնակ հայ գրականագետ, մատենագետ, թարգմանիչ, հրապարակախոս, Հայաստանի գրողների միության անդամ, ազգային-հասարակական գործիչ Հովսեփ Նալբանդյանը:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ Հ. Նալբանդյանը իր դասախոսության ընթացքում անդրադարձել է սփյուռքահայության ներկայիս վիճակին, հայապահպանության խնդիրներին` կարևորելով ազգային մշակույթի և հայ գրքի ու գրականության դերն առհասարակ այդ գործում:

«Բոլորս մեր անձնական շահերը պաշտպանելուց զատ, պիտի ձգտենք զարգացնել և ամրապնդել մեր ազգային հավաքական գիտակցությունը: Այսօր Սփյուռքում ապրող 8 միլիոն հայության մեկ երրորդը հայ չէ, քանի որ նրանք կապ չունեն հայկականության և հայի արմատների հետ: Այս ուղղությամբ հսկայական աշխատանք ունենք անելու, ուրեմն՝ միասին կերտենք մեր ապագան, որպեսզի սերունդները ոչ միայն հպարտանան, այլև հզորանան»,- ասել է սփյուռքահայ գործիչը:

Հանդիպմանը ներկա էին գրականագետներ, հայոց լեզվի և գրականության մասնագետներ, ուսանողներ, հյուրեր:

Forbes. Հայուհու Ani&Alex ոսկերչական բրենդը կարող է աշխարհում առաջատարներից դառնալ

Ամերիկյան Forbes-ի հունիսյան համարի շապիկին ամերիկյան Ani&Alex ոսկերչական բրենդի հիմնադիր Քերոլին Ռաֆայելյանն է:

Ամերիկահայ դիզայներ, բարերար և գործարար Քերոլին Ռաֆայելյանը ներառվել է ԱՄՆ ամենահարուստ կանանց Forbes-ի ցանկում, որոնք ինքնուրույն են վաստակել իրեց կարողությունը:

Ռաֆայելյանը տարեկան 10 մլն դոլար է վաստակում՝ 33-դոլարանոց թևնոցներ վաճառելով: Հոդվածում ասվում է, որ ընկերության եկամտի 80%-ը էքսկլյուզիվ թևնոցներն են, որոնց դիզայնի վրա աշխատել է ինքը Ռաֆայելյանը:

Forbes-ը նշում է, որ 50-ամյա հայուհուն է պատկանում ոսկերչական բրենդի բաժնետոմսերի 80 տոկոսը, որոնք գնահատվում են առնազվն 1,2 մլրդ դոլար:

Ըստ կանխատեսումների, 2020-ին Ռաֆայելյանի հիմնած բրենդը կարող է լուրջ մրցակից դառնալ հայտնի Pandora ապրանքանիշի համար, որը ոսկերչական աքսեսուարների համաշխարհային շուկայի առաջատարն է:

Ռաֆայելյանը նաև ընդգրկվել է «Աշխարհի ամենազորեղ 50 կանանց» ցանկում, ըստ ամերիկյան Working Together ամսագրի: Նրա կարողությունը 700 մլն դոլար է: Նա համարվում է աշխարհի ամենահարուստ հայուհին, գրում է panarmenian.net-ը:

2004-ին Ռաֆայելյանը հիմնել է Alex&Ani ընկերությունն, անվանելով այն դստրերի պատվին և ստանձնելով Ռոդ Այլենդում գործող հոր ոսկերչական գործարանի զարգացումը: Նա կենդանակերպի նշաններով թևնոցների արտադրություն է սկսել, որը դարձել է նրա բրենդի հիմնական արտադրանքը: 2010-ին ընկերության եկամուտը կազմել է մոտ $4.5 մլն: 2015-ին վաճառքի ծավալները հասել են $500 միլիոնի, որի շնորհիվ 49-ամյա գործարարը հայտնվել է Forbes-ի ամենահաջողակ գործարար կանանց ցանկում:

Ստամբուլում այսօր կբացվի Հրանտ Դինքի «հիշողության անկյունը». լուսանկար

«Հույսն ապրում է, երբ մարդիկ հիշում են». այս կարգախոսով է առաջնորդվում Հրանտ Դինքի անվան հիմնադրամը, որի նախաձեռնությամբ 2007թ.-ին սպանված պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի հիմնած «Ակօս» հայկական պարբերականի նախկին խմբագրատունը վերածվել է «հիշողության անկյունի»։

Ինչպես հայտնում է «Ակօսը», Հրանտ Դինքի «հիշողության անկյունը» կբացվի մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը։

Նշենք, որ հենց այս խմբագրատան դիմաց է սպանվել Դինքը 2007թ.-ի հունվարի 19-ին:

Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի Օսմանբեյ պողոտայի վրա գտնվող «Ակօսի» հին խմբագրատան տարածքը որպես խմբագրություն է ծառայել 1999թ.-ից մինչև 2015թ.-ը:

Հրանտ Դինքը սպանվել է 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը, գրում է tert.am-ը:

%d5%a4%d5%ab%d5%b6%d6%84-%d5%a1%d5%b6%d5%af%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6

Վաշինգտոնում թուրքերի կողմից հայերի, քրդերի վրա հարձակումը չի կարող անպատիժ մնալ. Շիֆ

Խոսքի, մամուլի, հավաքների ազատության վրա հարձակումները Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ղեկավարվող Թուրիքայում սովորական երևույթներ են:

Այս մասին Facebook սոցցանցի իր էջում գրել է ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը՝ անդրադառնալով մայիսի 16-ին Վաշինգտոնում՝ Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած միջադեպին:

Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփի և Էրդողանի հանդիպումից մի ժամ հետո, որի ընթացքում ամերիկացի նախագահը գովեստներ է շռայլել գնալով ավելի ինքնակալ դարձող թուրք առաջնորդին, Էրդողանի անվտանգության աշխատակիցները դաժան հարձակում են գործել խաղաղ ցույց անկացնող հայերի, քրդերի, եզդիների վրա: «Մինչ մենք դեռևս հետազոտում ենք տեղի ունեցածի մանրամասները, տագնապահարույց հոլովակում պատկերված է, թե Էրդողանի անվտանգության ծառայողներն ինչպես են հարձակվում ցուցարարների վրա»,-գրել է Շիֆը:

Կոնգրեսականը շեշտել է, որ այդ հարձակումը չի կարող անպատասխան մնալ, և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել անձանց դեմ, որոնք հարձակվել են իրենց իրավունքներն իրականացնող ցուցարարների վրա:«Անհրաժեշտ է նրանց անձը պարզել և հարցաքննել մինչև երկրից հեռանալը: Էրդողանի Թուրքիայում սովորական բան են դարձել խոսքի, մամուլի և հավաքների ազատության վրա հարձակումները: Մենք պետք է համոզված լինենք, որ մեր տանը երբեք նման բան չի կատարվի»,- Արցախպրեսի փոխանցմամբ՝ ընդգծել է կոնգրեսականը:

Ամերիկայի հայկական համագումարի հայտարարությունը մի խումբ թուրքերի կողմից խաղաղ ցուցարարների հարձակման ենթարկվելու կապակցությամբ

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) միանում է սենատոր Ջոն Մըքքեյնին (հանրապետական, Արիզոնա), Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերին, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ կոնգրեսական Էդ Ռոյսին (հանրապետական, Կալիֆորնիա) և այլոց՝ խստագույնս դատապարտելով նախօրեին թուրք թիկնապահների կողմից Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա անցկացվողների վրա դաժան հարձակման դեպքը:

Սենատոր Մըքքեյնը թվիթթերյան գրառմամբ հայտարարել է. «Սա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է: Այստեղ մենք նման բաներ չենք անում: Նման ավազակային պահվածքը ներում չունի»:Վաշինգտոնի քաղաքապետ Բաուզերը հայտարարել է. «Բռնի հարձակումը խաղաղ ցուցարարների վրա, ինչին երեկ ականատես եղանք, վաշինգտոնյան արժեքների և մեր՝ որպես ամերիկացիների իրավունքների ոտնահարում է: Խստորեն դատապարտում եմ այդ գործողությունները»:

Մամլո ասուլիսի ժամանակ Վաշինգտոնի ոստիկանապետ Փիթեր Նյուշամը նշել է, որ նախագահ Էրդողանի թիկնապահներից ոմանք զենք ունեին, ինչը միջադեպն առանձնապես վտանգավոր էր դարձնում Վաշինգտոնի ոստիկանների համար, ովքեր փորձում էին սաստել բռնությունը և վերականգնել հասարակական կարգը:

Թուրքիան ճնշել և պատժել է սեփական քաղաքացիներին, այդ թվում՝ հազարավոր լրագրողներին, սակայն նման բան Ամերիկայի Միացյալ Նահանգներում անհանդուրժելի է:

ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզին և պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին հղված նամակում կոնգրեսական Էդ Ռոյսը պահանջել է պատասխանատվության ենթարկել հարձակումների մեղավորներին: «Հստակ ուղերձ հղելով, որ այդ բռնարարքները չենք հանդուրժի՝ հորդորում եմ, որ անմիջապես հետաքննեք այս հարցը, և համապատասխան բոլոր քրեական մեղադրանքները ներկայացնեք՝ նախքան այդ անձիք կհեռանան Միացյալ Նահանգներից: Օտարերկրյա կառավարությունների ներկայացուցիչները երբեք չպետք է քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիությունից օգտվեն հանցավոր վարքագծի դեպքում: Առաջին հերթին նրանց երբեք չպետք է թույլ տալ խախտել ԱՄՆ Սահմանադրության Առաջին լրացմամբ ամրապնդված պաշտպանության սկզբունքները»:

Ցավոք, սա առաջին նմանատիպ դեպքը չէ և մտահոգիչ համակարգային վարքագիծ է, որ դրսևորվեց թե՛ անցյալ տարի Բրուքինգս ինստիտուտում միջոցառման ընթացքում, երբ Թուրքիայի նախագահի թիկնապահները և Էրդողանի կողմնակիցները բռնությամբ փորձեցին արգելել մարդկանց ներկա գտնվել գիտահետազոտական միջոցառմանը, թե՛ այն ժամանակ, երբ Թուրքիան անամոթաբար աջակցում էր Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ ուղղված հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները, այդ թվում՝ ԻԼԻՊ-ի ոճով տարեց զույգի խեղում-սպանությունը և երեք հայ զինվորների գլխատումը:

Կոչ ենք անում բոլոր բարի կամքի տեր մարդկանց դատապարտել Թուրքիայի կողմից մարդու հիմնարար ազատությունների անարգանքի դրսևորման այս վերջին դեպքը և հորդորում ԱՄՆ Կոնգրեսին և Վարչակազմին ևս նույն կերպ վարվել: Ավելի քան 80 կոնգրեսականներ «Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման և ժողովրդավարական արժեքների շարունակվող զգալի անկման կապակցությամբ» իրենց մտահոգություններն են արտահայտել նախագահ Թրամփին ուղղված նամակում՝ նախքան վերջինիս հանդիպումը նախագահ Էրդողանի հետ:

Հարկավոր է Թուրքիային թույլ չտալ ազատ խոսքի իր ժխտողականությունը բերել այստեղ՝ Ամերիկա, որի կապակցությամբ Պետքարտուղարության խոսնակն առանձին հայտարարությամբ նշել է, որ «բռնությունը երբեք համարժեք պատասխան չէ ազատ խոսքին, և մենք պաշտպանում ենք ամենուր ազատ արտահայտվելու և խաղաղ բողոքի ցույցի մարդկանց իրավունքները»:

Արա Բաբլոյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

Վեցերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը: Այս մասին Ազգային ժողովի նիստի ընթացքում հայտնեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը:

 «105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 100-ը: Արա Բաբլոյանի օգտին քվեարկել է 88 պատգամավոր: 12 պատգամավոր քվեարկել է Էդմոն Մարուքյանի օգտին»,- նշեց Մելիքյանը:

Ազգային ժողովի նորընտիր նախագահն ընդգծեց, որ ﬔծ պատասխանատվությամբ ընդունում է իրեն տրված բարձր վստահությունը: «Ստանձնելով այս պաշտոնը հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորությունները, նպաստել Հայաստանի ինքնիշխանության և շահերի պաշտպանությանը: Ավելացնելու ոչինչ չունեմ»,- եզրափակեց Բաբլոյանը:

Մայիսի 18-ին ﬔկնարկեց վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Նիստը վարում է Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը, ով նորընտիր խորհրդարանի աﬔնատարեց պատգամավորն է: Նիստին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Աﬔնայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը:

Հայաստանի օրը Մերձմոսկվայում

«ԴԻԱԼՈԳ» կազմակերպության նախաձեռնությամբ, Մոսկվայի մարզի Ռամենսկոյե շրջանի վարչակազմի հետ համագործակցաբար  մայիսի 19–ին Ռամենսկոյե քաղաքի «Սատուրն» մշակույթի պալատում տեղի կունենա «Հայաստանի օրը Մերձմոսկվայում» միջոցառումը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «ԴԻԱԼՈԳ» կազմակերպությունից, Մոսկվայի մարզի կառավարության աջակցությամբ կազմակերպվող հայկական ձեռնարկը  մարզային ձևաչափով առաջին անգամ է կայանում:

Այն  տեղի է ունենում «ԴԻԱԼՈԳԻ»` Մոսկվայի մարզի խոշոր և հայահոծ քաղաքներում հայկական համայնքային կազմակերպություններ և կիրակնօրյա դպրոցներ հիմնելու ծրագրի շրջանակներում և նվիրվում է մայիսյան հաղթանակներին ու Առաջին Հանրապետության տոնին:

Միջոցառման ժամանակ ներկաներին կդիմեն Մոսկվայի մարզի կառավարության, Ռամենսկոյեի վարչակազմի և «ԴԻԱԼՈԳԻ» ներկայացուցիչները, ՌԴ Դաշնային Խորհրդի անդամներ, դիվանագետներ և մշակույթի գործիչներ:

Ձեռնարկի գեղարվետական մասում իր վարպետությունը կցուցադրի Հրազդան քաղաքի «Նինահար» պարային համույթը: Հայաստանցի արտիստները յուրովի մեկնաբանությամբ ռուսաստանյան բազմազգ լսարանի ուշադրությանը կներկայացնեն հայակական պարարվեստի գոհարները հանդիսացող համարներ:

Մոսկվայի յոթ միլիոն բնակիչ ունեցող մարզում հայերը թվով չորրորդ ժողովուրդն են, իսկ Ռամենսկոյե և մի շարք այլ քաղաքներում` երրորդը:

«ԴԻԱԼՈԳ» կազմակերպությունը նախատեսում է նմանատիպ ծրագրեր իրականացնել նաև Մոսկվայի մարզի այլ քաղաքներում, ինչպես նաև նպաստել Հայաստանի և մարզի բնակավայրերի միջև  քույր քաղաքների ձևաչափով համագործակցության հաստատմանը և զարգացմանը:

 

Արգենտինահայերը կարևորել են «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժումը

Մայիսի 4-ին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում, իսկ մայիսի 6-ին՝ Կորդոբայում, տեղի են ունեցել ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի համերգային ծրագրերը՝ նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժմանը:

Երաժշտական կատարումներով հանդես են եկել «YANNI» նվագախմբի ջութակահար Սամվել Երվինյանը, արգենտինաբնակ երաժիշտ, ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի պատվավոր անդամ Գագիկ Գասպարյանը, դաշնակահար Արմեն Կուզիկյանը, իսկ Կորդոբայում հայկական պարերի կատարումներով միացել է «Արարատ» պարախումբը (ղեկավար՝ Վերոնիկա Կարադախյան):

Համերգների ժամանակ ցուցադրվել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի տեսաուղերձը, որը զուգահեռաբար թարգմանվել է իսպաներեն: ՀԲԸՄ կենտրոնական վարչության պատվավոր անդամ Անտոնիո Սարաֆյանը հանգամանալիորեն ներկայացրել է համահայկական շարժման մանրամասները՝ խոսելով այդ ուղղությամբ կատարված աշխատանքների ու հետագա անելիքների մասին:

Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է Գագիկ Գասպարյանը, համերգներն անցել են շատ ջերմ մթնոլորտում: Արգենտինահայերը ոգևորված ընդգծել են այն փաստը, որ նմանօրինակ նախաձեռնությունները նպաստում են Սփյուռքը Հայաստանի շուրջ համախմբելուն:

 Բուենոս Այրեսում կայացած համերգին ներկա են եղել համայնքային կառույցների ներկայացուցիչերը, մասնավորապես՝  ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչության անդամ, Հարավային Ամերիկայի ՀԲԸՄ-ի պատասխանատու և պատվո  ատենապետ  Ռուբեն Քեշիշյանը, ՀԲԸՄ-Ի Արգենտինայի մասնաճյուղի ատենապետ Համբարձում Հալաջյանը, Բուենոս Այրեսի Հայ տիկնանց միության ատենապետուհի Մարտա Բալյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը և այլազգի հյուրեր: Բուենոս Այրեսում օրհնության խոսք է ասել Գիսակ Սրբազանը և բարի ընթացք մաղթել ազգանպաստ գործին:

Կորդոբայում կայացած համերգին նույնպես մասնակցել են համայնքային կառույցների ղեկավարներ, Կորդոբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Հարություն քահանա Սեփանյանը, օտարազգի հյուրեր: Իբրև հատուկ հյուր՝ հրավիրված է եղել Արգենտինայում մեծ ճանաչում ունեցող քաղաքական լրագրող, միջազգային մեկնաբան, պրոֆեսոր, գրող և դասախոս Մարիանո Սարավիան: Վերջինս քաջալերանքի խոսք է հղել հայ ժողովրդին՝ մեկ անգամ ևս շեշտելով իր այն համոզմունքը, որ Արցախը եղել և մնում է միայն հայկական տարածք: ՀԲԸՄ-ի կողմից բոլոր մասնակիցները շնորհակալագրեր և հուշանվերներ են ստացել:

Հավելենք, որ նախատեսված է համերգներից գոյացած ողջ հասույթով երաժշտական գործիքներ գնել Արցախի երաժշտական դպրոցների համար: Համերգները, որոնց նպատակը նաև Արցախը օտարազգիների մոտ ճանաչելի դարձնելն է, կկազմակերպվեն նաև Արգենտինայի այլ քաղաքներում և Բրազիլիայում:

Հարավային Ամերիկայում իրականացվող միջոցառումներն ամփոփվելու են Հայաստանում և Արցախում՝ սեպտեմբեր ամսին:

Գևորգ Չիչյան

23 4 5

67 818579182_10211549129156145_1819694605_n

911

12 13

1415 16 17

1819 20 21

«Թանգարանների գիշեր» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածում

«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի կունենան հետևյալ ձեռնարկները:

Մայիսի 20, ժ. 14:00 – Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում առաջին անգամ հանրությանը կցուցադրվի Վեհարանի գեղանկարչական հավաքածուից «Իջեցումն խաչից» կտավը:

Մայիսի 20, ժ. 15:00 – Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում կներկայացվի բանախոսություն-քննարկում` «Հայոց Եկեղեցու մշակութային գործունեությունն այսօր» խորագրով: Բանախոսն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը:

Մայիսի 20, ժ. 16:30 – Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում կներկայացվի «Հայոց Վեհից այցերը Վատիկան» վավերագրական ֆիլմերի ցուցադրությունը:

Մայիսի 20, ժ. 18:30 Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանում տեղի կունենա «Վատիկանի ընծաները Ս. Էջմիածնին» ցուցահանդեսի բացումը:

Մայիսի 20-ին Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանը և Ռուբեն Սևակի թանգարանը բաց կլինեն այցելուների համար մինչև ուշ գիշեր: