Victoria Hall-ում հանրահայտ ջութակահար Մաքսիմ Վենգերովը կներկայացնի Կոմիտասի ստեղծագործությունները

Ժնեւի «ԱՎԵՏԻՍ» հայ-շվեյցարական մշակութային կազմակերպությունը, որը բավականին մեծ ճանաչում է ձեռք բերել Շվեյցարիայում վերջին մի քանի տարիների ընթացքում, ակտիվորեն շարունակում է իր գործունեությունը: Այսօր «ԱՎԵՏԻՍ»-ը Ժնեւ քաղաքի դասական երաժշտության  լավագույն կազմակերպիչների շարքում է: Ժնեւյան փառահեղ Victoria Hall սրահում կայացած վերջին «ՎԻՎԱ ԿԱԼԱՍ» եւ «ՎԻՎԱ ՕՊԵՐԱ» համերգներին, որտեղ  «ԱՎԵՏԻՍ»-ը շվեյցարացի հանդիսատեսին ներկայացրեց հայ հանրահայտ երաժիշտներ Բարսեղ Թումանյանին, Հովհաննես Այվազյանին, Վարդուհի Խաչատրյանին, Վահագ Պապյանին, Հարություն Արզումանյանին, հաջորդեց աշխահահռչակ դաշնակահար Խատյա Բունիաթիշվիլիի ցնցող մենահամերգը: Դահլիճում հնչեցին Առնո Բաբաջանյանի եւ Կոմիտաս Վարդապետի դաշնամուրային ստեղծագործությունները:

Այժմ մայիսի 18-ին Victoria Hall-ը կհյուընկալի հանրահայտ ջութակահար Մաքսիմ Վենգերովին, որը իր ծրագրում եւս կընդգրկի Կոմիտասի ստեղծագործություններից, այս անգամ արդեն  1727թ Stradivarius գործիքի հնչողությամբ:

Հավելենք, որ ԱՎԵՏԻՍ-ի շնորհիվ հենց Կոմիտասն արդեն բավականին մեծ ճանաչում ունի շվեյցարացի ունկդրի մոտ: «ԱՎԵՏԻՍ»-ի կազմակերպած համերգների շրջանակներում բազմիցս Կոմիտասը ներկայացվել է  ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի, օպերային երգչուհիներ Ջուլիետ Գալստյանի, Վարդուհի Խաչատրյանի եւ այլ կատարողների կողմից:

«ԱՎԵՏԻՍ»-ի հաջորդ միջոցառումը Սերգեյ եւ Լուսինե Խաչատրյանների համերգն է, որտեղ եւս կներկայացվեն Կոմիտասի եւ 6 այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Դասախոսություն Սփյուռքի նախարարությունում՝«Հայազգի զորավարները, մարշալները» թեմայով

Մայիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում «Սարդարապատի հերոսամարտի և առաջին հանրապետության ականավոր գործիչների մեծարման օրեր» ծրագրի շրջանակում պատմաբան, ՀՀ բանակի փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանցը հանդես եկավ հայազգի զորավարների, մարշալների մասին դասախոսությամբ:

Հայ ժողովրդի համար հաղթանակ խորհրդանշող ամսին՝ մայիսին կազմակերպված դասախոսությանը մասնակցեցին սփյուռքահայ մտավորականներ, ուսանողներ և նախարարության աշխատակիցներ:

Տիգրան Պետրոսյանցը խոսեց համաշխարհային երկու պատերազմներում հայազգի գեներալների, մարշալների դերի մասին: «Տարիներ շարունակ իմ խնդիրն եմ համարել հայոց պատմության ընթացքում աչքի ընկած հայազգի հերոսներին գտնելն ու հասարակությանը ներկայացնելը: Եվ վերջապես 2002թ. Հայկ Խաչատրյանի հետ տպագրեցինք մեր առաջին «Հայկազունք» աշխատությունը, որտեղ ներկայացրինք ազգությամբ հայ 406 գեներալների»:

Տիգրան Պետրոսյանցը ներկայացրեց նաև Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերում հայերի ինքնակազմակերպման պատմությունը և այդ հաղթանակներում զինվորական բարձրագույն կոչումներ ունեցող հայերի ներդրումը:

Այնուհետև բանախոսն անդրադարձավ Հայաստանի 3-րդ Հանրապետության ժամանակաշրջանում, Արցախյան ազատամարտի ընթացում իրենց մեծ ներդրումը բերած բարձրաստիճան զինվորականներին: «Միքայել Հարությունյան, Նորատ Տեր-Գրիգորյանց, Մուրադ Սարգսյան, Կոմանդոս և այլք. նրանք կանգնած են մեր հաղթանակների և բանակի ձևավորման ակունքներում», – նշեց Տիգրան Պետրոսյանցը:

Շնորհակալություն հայտնելով Տիգրան Պետրոսյանցին ուշագրավ փաստերով հագեցած դասախոսության համար՝ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նշեց. «Դուք ներկայացրիք հայ գեներալների ու մարշալների 3 սերնդի պատմությունը: Այսօրվա սերունդը պետք է ճանաչի մեր հերոսներին, դաստիարակվի նրանց օրինակով, իմանա սեփական ժողովրդի ռազմական պատմությունն ու հպարտանա  նրանով»:

img_5011img_5024 img_5029img_4998

Վեցերորդ վիրավոր զինվորը վերանորոգված առանձնատուն ստացավ Թուֆենկյան հիմնադրամից

 Արցախյան ազատամարտի ընթացքում վիրավորված զինվոր Սամվել Մեջլումյանը այսօր բնակարանամուտ նշեց Արցախի Ասկերան քաղաքում: Առանձնատունը վերանորոգվել է Թուֆենկյան հիմնադրամի կողմից`«Վիրավոր զինվորների բնակարանային ապահովում» ծրագրի շրջանակներում: Միջոցառմանը մասնակցել են Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը, ինչպես նաև Թուֆենկյան հիմնադրամի, Ասկերանի վարչակազմի և տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են հիմնադրամից, 2003 թվականից ի վեր Թուֆենկյան հիմնադրամը մի շարք ծրագրեր է իրականացրել Արցախին աջակցելու նպատակով: 2016թ. ապրիլին, ի պատասխան Քառօրյա պատերազմին, հիմնադրամը ֆոնդահայթայթման հրատապ արշավ նախաձեռնեց պատերազմից տուժած անձանց օգնելու համար: Այս հրատապ դիմումի արդյունքում ստացված դրամական միջոցների և անհատ դոնորների հավելյալ աջակցության շնորհիվ Թուֆենկյան հիմնադրամը վերանորոգել կամ նոր տներ է գնել 5 վիրավոր զինվորների համար` երեքը Մարտակերտի, իսկ երկուսը Հադրութի շրջաններում:

Սամվել Մեջլումյանը Թուֆենկյան հիմնադրամի կողմից նոր կամ վերանորոգված տուն ստացած վեցերրորդ զինվորն է: Սակայն նա 1992թ. պատերազմի մասնակից առաջին զինվորն է, ում աջակցություն է տրամադրվել այս ծրագրի շրջանակներում. առաջին հինգ տները գնվել կամ վերանորոգվել են 2016թ. ապրիլյան պատերազմի զինվորների համար: «Մենք հանձնառու ենք Արցախի զինվորների համար արժանապատիվ բնակարանային պայմաններ ապահովելու, անկախ նրանից, թե երբ և որ պատերազմի ընթացքում են նրանք վիրավորվել: Այս անձիք վտանգել են իրենց կյանքը մեր հայրենիքի պաշտպանության համար, և նրանց աջակցելը մեր պարտավորությունն է և պատիվը», – բնակարանամուտի արարողության ընթացքում ասաց Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը:

Հիսուներկուամյա Սամվել Մեջլումյանը ազատամարտիկներից է, ովքեր 1990-ականների սկզբում պայքարել են Արցախի պաշտպանության և ազատագրման համար: Նա կռվել և վիրավորվել է իր հայրենի Ասկերանի շրջանում, որից հետո մի շարք վիրահատությունների է ենթարկվել, կորցրել իր երկու ոտքերը և այժմ տեղաշարժվում է անվասայլակով:

Մինչև վերանորոգումը տունը ծանր վիճակում էր և չէր համապատասխանում Սամվել Մեջլումյանի` հաշմանդամությունից բխող տեղաշարժման կարիքներին:

«Պատշաճ բնակարանային պայմանների ապահովումը ինձ պես զինվորներին աջակցելու լավագույն միջոցներից մեկն է: Անձամբ ինձ համար վերանորոգված տունը ոչ միայն առավել հարմար ապրելատեղի է, այլ նաև սեփական տանս մեջ ազատ տեղաշարժվելու և ավելի անկախ լինելու հնարավորություն», – ասաց Սամվել Մեջլումյանը:

Ի հավելումն ընդհանուր նորոգումների, հիմնադրամը հիմքից նոր խոհանոց է կառուցել: Անվասայլակով տեղաշարժվելու համար տան մատչելիությունը ապահովելու նպատակով լայնացվել են տան դռները և բռնաձողեր են տեղադրվել սանհանգույցում:

«Մենք միշտ պատրաստ ենք ողջունել և սատարել այն կազմակերպություններին, որոնք աջակցում են այս շրջանին: Այս բնակարանամուտին մասնակցելը մեզ համար պատիվ է, և մենք հուսով ենք, որ Արցախի բոլոր զինվորները շուտով կացության արժանապատիվ պայմաններ կունենան», – ասաց Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը:

Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի մասին

Հիմնադրամը բացվել է 1999թ. գործարար Ջեյմս Թուֆենկյանի կողմից` նպատակ ունենալով հզորացնել տեղի քաղաքացիների նախաձեռնությունները, աջակցել հասարակության առավել խոցելի խմբերին, նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը և խթանել սոցիալական արդարությունը Հայաստանում: 2003թ. ի վեր Հիմնադրամը ընդլայնել է իր գործունեության շրջանակը դեպի Լեռնային Ղարաբաղ, որտեղ այն խթանում է վերաբնակեցման և զարգացման ծրագրերի իրականացումը շրջանի ամենախոցելի սահմանային գոտիներում:

%d5%bf %d5%bf2 %d5%bf4 %d5%bf5

Կաննի 70-րդ կինոփառատոնը մեկնարկում է. Առաջին անգամ կբարձրացվի ՀՀ դրոշը

Մայիսի 17-ին Ֆրանսիայի Լազուրե ափին մեկնարկել է Կաննի 70-րդ կինոփառատոնը: Հիմնական ցուցադրության ցանկում ընդգրկված է 18 ֆիլմ, այդ թվում՝ Սերգեյ Լոզնիցայի «Հեզը», Անդրեյ Զվյագինցևի «Չսերը», Յորգոս Լանտիմոսի, Միխաել Հանեկեի, Թոդ Հեյնսի և այլոց նոր ֆիլմերը: Ծրագրում ընդգրկված են ֆիլմեր 29 երկրից:

Փառատոնը կբացի Առնո Դեպլեշենի «Իսմաելի ուրվականները» ֆիլմը Մարիոն Կոտիյարի, Շառլոտտա Գենսբուրի, Լուի Գարելի մասնակցությամբ: Բացման և փակման արարողությունները կվարի Մոնիկա Բելուչին:

Մրցույթի ժյուրին գլխավորում է Պեդրո Ալմոդովարը: Նրա հետ մրցույթի մասնակիցներին կգնահատեն գերմանացի ռեժիսոր Մարեն Ադեն, ամերիկացի դերասաններ Ջեսիկա Չեսթեյնը և Ուիլ Սմիթը, չինացի դերասանուհի Ֆան Բինբինը, ֆրանսիացի դերասանուհի Անյես Ժաուին, հարավկորեական Փակ Չհան Ուկը, իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոն, ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել Յարեդը:

Հայաստանը՝ Կաննում

2017-ին Հայաստանն առաջին անգամ է ներկայանում որպես փառատոնի կինոշուկայի առանձին մասնակից: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտնել Կաննում հայկական պատվիրակության անդամ, ռեժիսոր և պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը:

«Առաջին անգամ Կաննում կբարձրանա Հայաստանի դրոշը: Մենք վերջապես մեր առանձին տաղավարը կունենանք Լազուրե ափին: Վրաստանը, Ուկրաինան, ՌԴ-ն, Ադրբեջանը վաղուց արդեն ներկայացված էին», -ասել է Գալստյանը:

Նա պատմել է, որ Հայաստանը Կաննի կինոշուկայում ներկայանում է երիտասարդ հայ ռեժիսորների 3 նախագծով, որոնք ընտրվել են մրցութային կարգով: Մրցույթը հայտարարել էր ՀՀ մշակույթի նախարարությունը:

Առաջին նախագիծը, որը Հայաստանը կներկայացնի Կաննի փառատոնի ներդրողներին, Սերգեյ Ուստյանի «Փոխանակում» ֆիլմն է: Երկրորդը՝ Իննա Սահակյանի անիմացիոն խաղարկային «Ավրորայի արշալույսը» ֆիլմն է, իսկ երրորդը Արթուր Սուքիասյանի Գյումրիի մասին «Վիրավոր քաղաքը» փաստագրական ֆիլմի նախագիծն է:

Ըստ ռեժիսորների, նրանք շատ են ոգևորված իրենց մասնակցությամբ: «Սպասելիքները Կաննից մեկն են՝ որ դա օգնի մեզ որքան հնարավոր է շուտ սկսել նկարահանումները», -ասել է Սերգեյ Ուստյանը:

«Չէ որ Կաննը լոկ փառատոն չէ, այստեղ են պայմանագրեր կնքվում, կապեր հաստատվում: Առաջին անգամ Հայաստանն ունի շուկային մասնակցելու իր ռազմավարությունը: Դա չի նշանակում, որ Կաննից վերդառնալուց անմիջապես հետո, մեզ առաջարկներով կհետապնդեն, սակայն, մենք կաշխատենք: Մեր ուղևորության նպատակներից մեկն է ներկայացնել մեր հնարավորություններն ու պայմանավորվել, որ տարբեր երկրների կինոընկերություններ կինո նկարահանեն մեզ մոտ: Հայաստանում կան դրա համար բոլոր պայմանները և դա նաև էժան կլինի»,-ասել է Գալստյանը:

2016-ին Հայաստանը Կաննում ներկայացրել է Էվելինա Բարսեղյանի «Բրավիստ» կարճամետրաժ ֆիլմը, որը Eurochannel ընկերությունն ընտրեց միջազգային ցուցադրության համար: Հետագայում «Բրավիստը» նաև Օսկարի առաջադրվեց:

Հայաստանը նաև մասնակցում է արտամրցութային Short film corner ծրագրին՝ հայտագրված է 3 ֆիլմ. «Հրանտ Նազարյանց», «Գիշերային պատմություն» և «Մասնիկ» ֆիլմերը:

Գրիգոր Հարությունյանի «Հրանտ Նազարյանց» ֆիլմը հայ պոետ Հրանտ Նազարյանցի մասին է, որը 1915-ին Հայոց ցեղասպանության ժամանակ Թուրքիայից տեղափոխվում է իտալական Բարի և դառնում է Իտալիայի ազգային բանաստեղծ: 1920-ին նա օգնել է ավելի քան 200 հայ փախստականի հասնել Բարի և հիմնավորվել այնտեղ, հիմնել է Նոր Արաքս գյուղը, որտեղ բացել է նաև գորգագործական կոմբինատ:

Էլեոնորա Աբովյանի «Գիշերային պատմությունը» 2-րոպեանոց անիմացիոն մուլտֆիլմ է տարօրինակություններով ընտանեկան զույգի՝ տեր և տիկին Բոկլիի մասին, որը ռուսալեզու է, սակայն ներկայացնում է Հայաստանը:

Նարեկ Սարգսյանի «Մասնիկ» փաստագրական ֆիլմը ևս հայտագրված է Հայաստանից: Ֆիլմի գործողությունը ծավալվում է փոքր հայկական գյուղում: Ռեժիսորը գյուղի բնակիչների հետ զրույցների միջոցով անդրադառնում է սոցիալական և ազգայինն խնդիրներին, մարդկանց հուսահատ վիճակին և շարունակական արտագաղթին:

Հայաստանի պատվիրակությունը Կաննի կինոփառատոնում ֆինանսավորվում է ՀՀ մշակույթի նախարարության կողմից: Փառատոնը կանցնի մայիսի 17-ի28-ը:

Արփինե Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից: Այս մասին այսօր հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ նա ընտրվել է ԱԺ պատգամավոր: Կառավարության վերջին նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն էր հայտնել նրան աշխատանքի համար:

Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կստանան անվճար ուսանել Վրաստանում

Հայաստանի ու Վրաստանի գիտակրթական համակարգերում առկա են միևնույն մարտահրավերները, որոնց պետք է լուծումներ գտնել համատեղ ջանքերով և տարածաշրջանային ծրագրերով: Նման կարծիք են հայտնել երկու երկրների ԿԳ նախարարները Երևանում կայացած հանդիպմանը:

ԿԳՆ-ից հայտնում են, որ Վրաստանի փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավայի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է պաշտոնական այցով: Նախարարները հանդիպմանը հուշագիր են ստորագրել: Հայաստանցի նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ այն ոչ միայն մտադրությունների հուշագիր է, այլ նաև ունի հստակ առաջադրանք աշխատանքային խմբեր ձևավորելու վերաբերյալ, որի արդյունքում ընդամենը մի քանի ամսից անցում կարվի գործնական աշխատանքի: ԿԳՆ հաղորդմամբ, համաձայն հուշագրի` վրացական կողմը պարտավորվում է Հայաստանի քաղաքացիներին ազատել Վրաստանի պետական բարձրագույն կրթական հաստատություններում ուսման վճարից, եթե այն չի գերազանցում 2250 վրացական դրամական միավոր: Հայկական կողմը պարտավորվում է Վրաստանի քաղաքացիներին ազատել Հայաստանի պետական բարձրագույն կրթական հաստատություններում  ուսման վճարից, եթե վերջինս չի գերազանցում 1.000.000 դրամը:

«Ալեքսանդրե Ջեջելավայի` նախարար նշանակվելուց հետո կտրուկ և լուրջ փոփոխություններ են եղել մեր երկկողմ հարաբերություններում՝ հանրակրթության, միջին և բարձրագույն կրթության ոլորտներում, ինչպես նաև գիտության բնագավառում այն իմաստով, որ փորձելու ենք անցնել գործնական ծրագրերի՝ մեր երկու երկրների կրթական հիմնախնդիրները քննարկելու և համապատասխան լուծումներ գտնելու համար: Մեր երկու երկրներն էլ նույն կրթական բարեփոխումների փուլում են՝ միաժամանակյա և միաձև հիմնախնդիրներով, և իսկապես համագործակցության մեծ հնարավորություն կա ոչ միայն երկկողմ, այլ նաև Հայաստան-Վրաստան դեպի Եվրոպա ուղղությամբ»,-ԿԳՆ հասարակայնության հետ կապերի փոխանցմամբ, ասել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Նա նշել է, պետք է փորձենք մեր երկրները դիտարկել իբրև մեկ միասնական կրթական տարածք՝ նույն խնդիրներով և նույն արժեհամակարգով:

«Իմ աշխատանքային առաջին այցերից մեկը հենց եղել է  Ախալքալաքում հայ մանկավարժների հետ հանդիպումը: Սա ևս մեկ անգամ ընդգծում է այն փաստը, որ մեր երկու երկրների համագործակցությունը լավագույն մակարդակում է վերջին տասնամյակում, իսկ այս պահին, կարծում եմ, այն ամենաբարձրն է»,-ասել է վրացի նախարարը:

Ալեքսանդրե Ջեջելավան ընդգծել է, որ համագործակցության առաջին ուղղությունը լինելու է հայկական դպրոցների որակի բարելավումը և հայոց լեզվի դասավանդման ծրագիրը:
«Այստեղ շատ կարևոր է երիտասարդ ուսուցիչների վերապատրաստումը, որպեսզի վերջիններս պատրաստ լինեն նորովի մտնել դպրոցներ և կատարել մեծ փոփոխություններ: Մենք նախատեսում ենք որոշակի համատեղ գործընթացներ նաև բարձրագույն կրթության ոլորտում և հավատում ենք, որ կկարողանանք այդ ամենն իրականացնել միջազգային մակարդակով»,-նշել է վրացի նախարարը՝ ընդգծելով, որ ձևավորվող աշխատանքային խմբերի գործունեության առաջին արդյունքը մինչև տարեվերջ տեսանելի կլինի:

Հայաստանի և Իռլանդիայի միջև կարող է ուղիղ օդային հաղորդակցություն հաստատվել

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանն մայիսի 16-ին ընդունել է Իռլանդիայի պատվիրակությանը՝ ի դեմս Իռլանդիայի ավիացիոն իշխանության ղեկավար Էամոնն Բռեննանի:
Այս մասին հայտնում են Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իռլանդիայի միջև օդային հաղորդակցությունների ոլորտում համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր, այդ թվում՝ երկու պետությունների միջև ուղիղ օդային հաղորդակցության հաստատման հնարավորության հարցը, որն իր դրական ազդեցությունը կունենա երկու երկրների միջև համագործակցության զարգացման վրա:
Անդրադարձ է կատարվել նաև «Եվրակոնտրոլ» միջազգային կազմակերպության շրջանակներում իրականացվող աշխատանքներին և սպասվող ընտրություններին:
Հանդիպման ավարտին հյուրերը շրջայց են կատարել «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ ծանոթանալով ենթակառուցվածքներին:

 

Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ գրող եւ հրատարակիչ Հովսեփ Նալբանդյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին ընդունել է ամերիկահայ գրող եւ հրատարակիչ Հովսեփ Նալբանդյանին:

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, քննարկվել են գրականության ասպարեզում Արցախ-Սփյուռք փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Բակո Սահակյանն արժեւորել է նման կապերի ամրապնդումը՝ դրանք համարելով Հայրենիք-Սփյուռք միասնականության կարեւոր բաղադրամասերից:

Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա հարձակվողներն Էրդողանի անվտանգության աշխատակիցներն են եղել

Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ հայկական համայնքի կազմակերպած խաղաղ ցույցի մասնակիցների վրա հարձակման հեղինակները հենց Էրդողանի անվտանգության աշխատակիցներն են եղել: Ինչպես հաղորդում է «Արﬔնպրես»-ը, այս մասին գրում է հեղինակավոր The Guardian-ը:

Պարբերականի հետ զրույցում ականատեսներից ﬔկն ասել է, թե Էրդողանի անվտանգության աշխատակիցները ծեծկռտուք են սկսել այն ժամանակ, երբ ցույցի մասնակիցներից ﬔկը պահել է քրդական «Ժողովրդավարական ﬕություն» կուսակցության (PYD) դրոշը: Կատարվածին անդրադարձել են նաև հեղինակավոր ﬕ շարք այլ լրատվաﬕջոցներ ևս:

CNN-ը հայտնել է, որ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց իրականացված հարձակման հետևանքով տուժել է ինը մարդ:

New York Post-ը ևս գրում է, որ ցուցարարների վրա հարձակվել են Էրդողանի անվտանգության աշխատակիցները: Տեղադրված տեսանյութում երևում է նաև, թե ինչպես են նրանք հայհոյանքներ հնչեցնում խաղաղ ցուցարարների հասցեին:

Լրատվաﬕջոցը հայտնում է, որ վիրավորներից երկուսը ծանր վիճակում են: Ոստիկանական դեպարտաﬔնտի խոսնակ Դաստին Ստերնբեքը տեղեկացրել է, որ կատարվածի առնչությամբ երկու մարդ ձերբակալվել է: Նրանցից ﬔկը ﬔղադրվում է բախման ժամանակ ոստիկանի վրա հարձակվելու ﬔջ: «Նման հարձակուﬓեր չենք ակնկալել տեսնել ԱՄՆ մայրաքաղաքում, հակառակ նրա, որ դրանք սովորական են Էրդողանի կառավարած Թուրքիայում ու այլ բռնատիրական երկիրներում։ Թուրքիան փորձում է իր անհանդուրժողականությունը Միացյալ Նահանգներ փոխադրել»,- այս առնչությամբ հայտարարել է Հայ Դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ով հարձակման ﬕ մասը տեսագրել է և տեղադրել Հայ Դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում:

Ցույցը կազմակերպվել էր Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի, Աﬔրիկայի Հելենական խորհրդի ու ﬕ շարք այլ՝ քրդական, ասորական ու հունական կազմակերպությունների կողﬕց:

Ավարտվեց ՀՀ և Արցախի հանրակրթական դպրոցների 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպորտլանդիան»

Մայիսի 16-ին, «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության մարզադահլիճում կայացավ Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլը: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից:

Ուժերն են չափել Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը, Երևան քաղաքը և Արցախի Հանրապետությունը ներկայացնող թիմերը:

«Սպորտլանդիայի» հաղթող է ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի № 3 հիմնական դպրոցի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է ՀՀ Արարատի մարզի Վանաշեն գյուղի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երրորդ տեղը՝ ՀՀ Լոռու մարզի Գուգարքի հիմնական դպրոցի թիմը:

Մրցման մասնակցած դպրոցներին հանձնվել է մարզագույք, իսկ բոլոր թիմերի անդամներին՝ խրախուսական նվերներ:

Առաջին տեղը գրաված թիմն արժանացել է հաղթողի գավաթի և 450.000 ՀՀ դրամ պարգևավճարի: Երկրորդ տեղը գրաված թիմը պարգևատրվել է 350.000 ՀՀ դրամով, իսկ երրորդ տեղը գրաված թիմը՝ 250.000 ՀՀ դրամով:

Նշենք, որ դրամական պարգևները դպրոցների կողմից պետք է օգտագործվեն բացառապես մարզագույք ձեռք բերելու նպատակով:

%d5%bd%d5%ba%d5%b8%d6%80%d5%bf1 %d5%bd%d5%ba%d5%b8%d6%80%d5%bf2 %d5%bd%d5%ba%d5%b8%d6%80%d5%bf3

ՊԲ կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը կորուստներ է կրել. տեսանյութ

Ի պատասխան արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հակառակորդի դրսևորած ակտիվության, ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ, ինչի արդյունքում, ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած հավաստի տվյալների, ադրբեջանական կողմը կրել է կորուստներ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ գործողության տեսագրությունից մի հատված՝ ստորև:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալն ընդունեց Ավստրիալիայում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչ Լեն Ուիքսին

Մայիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանն ընդունեց ծագումով նորզելանդացի, Ավստրիալիայում ՄԱԿ-ի  գրասենյակի ներկայացուցիչ Լեն Ուիքսին և նրա տիկնոջը՝ Արմինե Հակոբյանին:

Ողջունելով հյուրերին՝ Սերժ Սրապիոնյանը  բարձր գնահատեց նրանց  հայանպսատ գործունությունը:

Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրին իրենց ծրագրերը: Լեն Ուիքսը մասնավորապես նշեց. « «Ծագում» ծրագիրը նպատակ ունի աշխարհին ներկայացնել Հայաստանի, Բաշկորտոստանի, Չինաստանի և Նեպալի մշակույթն ու պատմությունը: Հենց այս ծրագրի շրջանակներում ես գրեցի «Ծագում: Բացահայտում» վեպը, որը թարգմանվել է նաև հայերեն: Իսկ «Որդեգրի´ր մի գյուղ» ծրագիրը միտված է ուղիղ հարաբերություններ հաստատելու հայկական Սփյուռքի և հայաստանյան գյուղերի միջև՝ փորձելով աջակցել գյուղական բնակավայրերի համաչափ զարգացմանը: Սփյուռքի դերակատարությունը մեծ է, քանի որ այն դառնում է կապող օղակ Հայաստանի գյուղերի, սփյուռքահայ անհատների և կազմակերպությունների միջև, ովքեր հնարավորություն և ցանկություն ունեն օգնելու  գյուղական համայնքներին: Նոր Զելանդիայի հայկական համայնքը «Որդեգրի´ր մի գյուղ» ծրագրի շրջանակներում արդեն սկսել է աջակցել Արենի գյուղին»:

55

Սփյուռքահայ ուսանողները և սիրիահայ հայրենադարձ ընտանիքները հանդիպեցին «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի ռեժիսորի և դերասանների հետ

Մայիսի 16-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ «Շարմ Հոլդինգ» ընկերությունը կազմակերպեց «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի դիտումը սփյուռքահայ ուսանողների, սիրիահայ հայրենադարձ ընտանիքների համար:

Ներկաներն առանձնակի հուզմունքով դիտեցին ֆիլմը, որից հետո ռեժիսոր Մհեր Մկրտչյանն ու դերասանները զրուցեցին հանդիսատեսի հետ:

Սփյուռքահայ ուսանողների խորհրդի փոխնախագահ Սարգիս Ղազարյանն ընդգծեց, որ հայ հանդիսատեսը միանգամից սիրեց ու բարձր գնահատեց ֆիլմը՝ հավելելով. «Պարզապես անհրաժեշտ է կոմերցիոն նպատակներով նկարահանված ֆիլմերի կողքին ստեղծել ազգային գաղափարախոսություն, արժեհամակարգ  ձևավորող նման գործեր»:

Դերասանուհի Նարինե Գրիգորյանը նշեց, որ ինքը և դերասանական ողջ կազմը հաճույքով ու նվիրումով են աշխատել Մհեր Մկրտչյանի հետ՝ գիտակցելով, թե որքան կարևոր ասելիք ունի ֆիլմը ինչպես հայաստանցիներին, այնպես էլ Սփյուռքի հայությանը:

«Ֆիլմը հայության բոլոր շերտերի, աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերի համար է: «Կյանք ու կռիվ» ֆիլմի նկարահանումների ընթացքում սկսվեց ապրիլյան պատերազմը, որն էլ  մեզ մղեց ստեղծելու երկրորդ ֆիլմը», – նշեց ռեժիսոր Մհեր Մկրտչյանը:

Հանդիսատեսն անդրադարձավ նաև ֆիլմի երաժշտությանը՝ նշելով, որ կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի երաժշտությունն ամբողջացնում և ավելի հոգեհարազատ է դարձնում ֆիլմը:

«Պատահական չէ, որ Սփյուռքում այդքան լավ ընդունվեց և այդպես սիրվեց առաջին ֆիլմը: Վստահ եմ, որ նույն ճակատագրին կարժանանա «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց»-ը», -ասաց սիրիահայ հայրենադարձ տիկին Աշխենը:

Հանդիպման ավարտին ներկաները շնորհակալություն հայտնեցին ստեղծագործական խմբին նման հնարավորություն ընձեռելու համար և հույս հայտնեցին, որ հայ իրականության մեջ կշարունակեն ստեղծվել բարձրարժեք ֆիլմեր:

%d5%af%d5%b5%d5%a1%d5%b6%d6%84-%d5%b8%d6%82-%d5%af%d5%bc%d5%ab%d5%be1 %d5%af%d5%b5%d5%a1%d5%b6%d6%84-%d5%b8%d6%82-%d5%af%d5%bc%d5%ab%d5%be2 %d5%af%d5%b5%d5%a1%d5%b6%d6%84-%d5%b8%d6%82-%d5%af%d5%bc%d5%ab%d5%be3

«Ես ապրում եմ Լոս Անջելեսում, սակայն իմ սիրտը Հայրենիքում է, և ես Հայրենիքից եմ լիցքավորվում, այն իմ ողնասյունն է». Հովսեփ Նալբանդյան

«Հայերն այսօր»-ի խմբագրությունում հյուրընկալված լոսանջելեսաբնակ մեր հայրենակցի՝ գրող, հրապարակախոս-խմբագիր, հասարակական-քաղաքական-ազգային գործիչ, գրականագետ-մատենագետ Հովսեփ Նալբանդյանի հետ թեև առաջին անգամ չեմ զրուցում, սակայն կրկին ու կրկին հիանում եմ նրա բեղուն, բազմաբովանդակ գործունեությամբ: Այս անգամ Հովսեփ Նալբանդյան հայորդու կերպարն ինձ համար բացահայտվում է տարբեր տեսանկյուններից՝ այն, որ նա մասնակցել և  11 անգամ վիրավորվել է սիրիական առաջին պատերազմի ժամանակ՝ դեռևս իր զինվորական պարտքը 1980-82թթ. կատարելիս՝ որպես Սիրիայի քաղաքացի: Բացահայտում էր նաև ինձ համար այն, որ Հովսեփ Նալբանդյանը 4 օր աշխատել է Հայաստանը ցնցած երկրաշարժի գոտում…

– Պարո՛ն Նալբանդյան, Ձեզ նայելիս՝ որևէ մեկի մտքով չի անցնի, որ Դուք այդքան դժվարին ճանապարհ եք անցել, սակայն մինչ օրս ժրաջան մեղվի պես աշխատում եք և գրքեր հրատարակում. որտեղի՞ց է տրվում այդքան աշխատասիրությունն ու նպատակասլացու­թյունը:

– Դա մարդու բնույթն է, ինչպես նաև՝ ի վերուստ տրված պարգևը… 18 տարում ես հրատարակել եմ 38 գիրք, որոնցից 18-ն իմ գրքերն են՝ 5840 էջով: Դրանք հրատարակել եմ 28200 օրինակով, այդ գրքերից 9200-ը նվիրել եմ անհատների, Հայաստանի, Արցախի բոլոր դպրոցներին, Սփյուռքի 9 երկրներում գործող հայկական դպրոցներին, քոլեջներին, համալսարաններին:

– Եվ… այս ահռելի աշխատանքին զուգահեռ, որքանով տեղյակ եմ, նաև դասավանդում եք:

– Ես ծնվել եմ Հալեպում, 1992-93թթ. եղել եմ Մեսրոպյան վարժարանի տնօրենը, շատ ծրագրեր ունեի: Եղբայրս, ով ապրում է ԱՄՆ-ում, հարցրեց, թե կուզե՞մ արդյոք գնալ Միացյալ Նահանգներ, ես դրական պատասխան տվեցի և օրինական ճանապարհով տեղափոխվեցի ԱՄՆ, որտեղ 4 տարի աշխատել եմ «Մասիս» շաբաթաթերում: Հիմա աշխատում եմ «Մաշտոց» քոլեջում, նաև հայերեն եմ դասավանդում «Բևերլի հիլզ միջազգային լեզվաբանական ինստիտուտ»-ում: Այդ ինստիտուտում 20 լեզու է դասավանդվում, բայց, ցավոք, հայերեն սովորելու ցանկություն ունեցողները շատ չեն: Գները մատչելի են, սակայն, միևնույն է, մերոնք ձգտում են սովորել ուրիշ լեզուներ, օրինակ՝ չինարենի դասարանում սովորողների թիվն ավելի շատ է: Մանկավարժությունից զատ՝ ես ամբողջովին նվիրված եմ գիրք ստեղծելու և հրատարակելու գործին: Ամիսներ հետո 4 ընկերներով լույս կընծայենք «Արդի առձեռն բառարան»-ը՝ դասական հայերենի ուղղագրությամբ. այն մոտավորապես կպարունակի 15-16 հազար բառ:

– Պարո՛ն Նալբանդյան, խոսենք վերջերս Ավ. Իսահակյանի անվան գրադարանում կայացած Ձեր երեքհատորյա և Ավետիս Ռազմիկի «Կյանքի կարուսել» (362 էջանոց) գրքերի մասին:

– Երեք գրքերը կոչվում են «Հայկական պատմվածքներ»՝ այբ, բեն, գիմ հատորներով, որոնցում զետեղված են արևելահայ, արևմտահայ, սփյուռքահայ գրողների գործերից (60 հեղինակ, 70 պատմվածք, որոնցից 2-ն իմն են): Ավ. Իսահակյանի անվան գրադարանում կայացած գրքերի շնորհանդեսին հրավիրել էի քանոնահարուհի Մարիանա Գրիգորյանին, թառահար Միքայել Ոսկանյանին, երգիչ Արսեն Համբարյանին: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ելույթ ունեցան ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը, բանասիրական գիտությունների պրոֆեսոր, մանկավարժական համալսարանի սփյուռքագիտության գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Սուրեն Դանիելյանը, ԵՊՀ-ի բանասիրության ֆակուլտետի գրականության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, գրականագետ, թուրքագետ Էլինա Միրզոյանը: Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլորին և գրադարանի տիրուհի Հասմիկ Կարապետյանին: Շնորհանդեսի երկրորդ բաժնում ելույթ ունեցավ պատմաբան, խմբագիր Գևորգ Յազիչյանը, շնորհակալության խոսք ասաց ազգային գործիչ, հրապարակախոս Ավետիս Ռազմիկը, ով ավարտել է ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետը: Ավարտին ելույթ ունեցա ես: Գրքերի շնորհանդեսը մայիսի 10-ին կայացել է նաև Արմավիրի մարզային գրադարանում:

– Իսկ ովքե՞ր են Ձեզ հովանավորում գրքերի հրատարակման գործում:

– Երեք հոգի են հովանավորում… ես, Հովսեփը և Նալբանդյանը. հրատարակության ֆինանսական բոլոր գործերն ինքս եմ կարգավորում, իմ ուժերով և իմ միջոցներով եմ լուծում այդ հարցերը:

– Ի՞նչն է Ձեզ միշտ ուղղորդում դեպի գրականությունն ու գիրքը. Ամերիկայի նման մի երկրում Դուք կարող էիք նաև հաջողակ գործարար լինել:

– Ազգային խենթությունը, պաշտամունքս լեզվի ու գրականության, գրքի հանդեպ, հայրենասիրական զգացումներս: Ես երբեք չուզեցի շեղվել բանասիրությունից: 30 տարի շարունակ բանասիրության ֆակուլտետն ինձ նման մի այնպիսի շրջանավարտ չի տվել, ով այսքան գրքեր է հրատարակել: Երկու տարի առաջ իմ գրական գործունեության 35-ամյակին նվիրված Արծրուն Ալեքսանյանը գիրք հրատարակեց իմ մասին՝ «Հայ մշակույթի նվիրյալը» վերնագրով: Ես ոտքից գլուխ նվիրված եմ հայ մշակույթին:

– Պարո՛ն Նալբանդյան, որտե՞ղ եք կարողանում Ձեզ ավելի լավ դրսևորել՝ արձակո՞ւմ, հրապարակախոսությա՞ն մեջ, թե՞ գիտական հետազոտական աշխատանքներում:

– Բոլոր այդ աշխատանքներում. ասեմ նաև, որ 16-18 տարեկանում գրել եմ մոտ 50-52 բանաստեղծություններ, սակայն բանաստեղծություններիս տետրը կորցրեցի:

– Հարգելի՛ հայրենակից, շնորհավորելով Ձեր գրքերի ծնունդը՝ հիացմունքս ու զարմանքս եմ արտահայտում. Դուք երկար տարիներ շարունակ գրքի ու գրականության հետ եք, ընտանիքի և ընկերների համար ժամանակ ունենո՞ւմ եք:

– Ես շատ եմ սիրում շփվել մարդկանց հետ: Կալիֆորնիայի հայ գրողների միության փոխնախագահն եմ, գործուն մասնակցություն ունեմ նաև ՀԲԸՄ-ի գործունեության մեջ: Հասարակական-բարեսիրական տարբեր միությունների խորհրդի անդամ եմ և քարտուղար: Մշտապես շփվում եմ բոլորի հետ, իսկ ամենից շատ՝ գրքերի:

– Պարո՛ն Նալբանդյան, ի՞նչ են Ձեզ համար ծննդավայրն ու Հայրենիքը:

– Հալեպից 24 տարի առաջ եմ դուրս եկել, շատ եմ կարոտում իմ ծննդավայրը. այդ բառն ինքնին ասում է ամեն ինչ: Կուզեի վերադառնալ, սակայն, ցավոք, 5000 տարվա պատմություն ունեցող Հալեպի 70 տոկոսն այսօր ավերված է: … Հայրենի՜քը… Հայրենիքն ինձ համար ինքնություն է, հարազատ մի երկիր, ուր սովորել և ավարտել եմ ԵՊՀ-ի բանասիրության բաժինը: Երախտապարտ եմ Լույսի այդ տաճարին, մեծանուն գիտնական-դասախոսներիս: Հայրենիքն իմ ողնասյունն է: Ես բնակվում եմ Լոս Անջելեսում, սակայն հաճախ եմ լինում Հայրենիքում, որովհետև սիրտս այստեղ է, և ես այստեղից եմ լիցքավորվում:

Զրուցեց Կարինե  Ավագյանը