ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Մայիսի 16-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Նախարարը ներկայացրեց ՀՀ Նախագահի պատվիրակության կազմում Կատարի Պետություն կատարած այցի արդյունքները և հանդիպումը հայ համայնքի հետ:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախարարության ծրագրերին մասնակցության հայտերի, իրականցրած միջոցառումների, առաջիկա անելիքների մասին:

Նախարարը կարևորեց նախարարության ծրագրերի նախապատրաստական աշխատանքների իրականացումը, առաջիկա՝ «Վարդանանց հետքերով» խորագիրը կրող շաբաթվա շրջանակներում իրականացվող հանդիպումների ու միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու լայն լուսաբանումը:

Քննարկվեցին կազմակերպական և աշխատանքային այլ հարցեր:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց մի խումբ գործարարների

Մայիսի 16-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Բելիգիայից, Կոնգոյից ու Վիետնամից Հայաստան ժամանած մի խումբ հայ և օտարազգի գործարարների, ովքեր մասնակցելու են Երևանում կայանալիք «Բիզնեսը բիզնեսին» (B2B) ձևաչափով միջոցառմանը:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ-բելգիական առևտրային պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը և փոխնախագահներ Ֆելիքս Փայտյանը և Յաննիկ Քալանթարյանը, Վիետնամում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռաիսա Վարդանյանը, Կոնգոյում Բելգիայի առևտրային ներկայացուցիչ Ժերոմ Ռուն, Բելգիական «Salmex» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալբերտ Կառազիվան, «SCS» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ժան Ռոբերտ Իսիֆուան և կոմերցիոն կառավարիչ, նաև Կոնգոյի հայ համայնքի ներկայացուցիչ Գարո Նանիկյանը, «Zenufa group» ընկերությունների գլխավոր գործադիր տնօրեն Վիշա Վիսանին, «Puratos Grand-Place Group» ընկերության տնօրեն և համասեփականատեր Գրիշա Սաֆարյանը, դիվանագետներ Վիետնամից և այլ հյուրեր:

Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց նման գործարար շփումները և նշեց. «Հայաստանն այն կարևոր հարթակն է, որտեղ դուք կարող եք ներդրումներ կատարել և նոր գործ ստեղծել: Հայաստանը հնարավորությունների երկիր է, օգտվեք այդ հնարավորություններից: Մեր երկրում առկա է բարերար քաղաքական, իրավական, տնտեսական միջավայր՝ հաջող բիզնես սկսելու համար: Հայաստանը նպաստավոր դիրք է գրավում աշխարհում Doing business-ի տեսանկյունից: Մեր կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, ակտիվ գործունեություն է ծավալում, Հայաստանում օտարերկրյա ներդրումների ակտիվացման ուղղությամբ:

Ես տեղյակ եմ, որ դուք հետաքրքրված եք մի շարք ոլորտներով: Մեր նախարարության կայքում տեղադրված են անհրաժեշտ օրենսդրությունը և շուրջ 100 մշակված ծրագրեր, որոնք ուսումնասիրելով, դուք կարող եք ընտրություն կատարել: Թեև Հայաստանը փոքր շուկա է, բայց այն լայն կամուրջ է, որի երեք վեկտորները տանում են դեպի Եվրասիական տնտեսական միություն և Իրան, Վրաստան, այնտեղից էլ՝ Եվրոպա, այստեղ առկա է հրաշալի, գրագետ մասնագիտական ներուժ: Վստահ եմ, որ եթե դուք որոշեք ներդրում կատարել, կհաջողեք»:

Նախարարն անդրադարձավ հայոց ցեղասպանության հետևանքով ձևավորված հայկական Սփյուռքին և նշեց, որ ամբողջ աշխարհում հայերը հրաշալի ինտեգրվում են, դառնում բնակության երկրի օրինակելի քաղաքացիներ, կայացած անհատականություններ ու փայլուն մասնագետներ՝ մեծապես նպաստելով քաղաքակրթությունների զարգացմանը:

Ալբերտ Կառազիվան շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ իր ղեկավարած «Salmex» ընկերությունը ավելի քան 40 երկրում զբաղվում է կենսաչափական անձնագրերի տպագրությամբ և ցանկանում է գործունեություն ծավալել նաև Հայաստանում:

,«SCS» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ժան Ռոբերտ Իսիֆուան հայտնեց, որ նպատակ ունի Կոնգոյում հայկական արտադրանքների վաճառքով զբաղվող բիզնես ընկերություն հիմնադրել և ցանկանում է հանդիպել հայ արտադրողների ու արտահանողների հետ և քննարկել ալկոհոլային խմիչքներ, չորացված մրգեր, տեքստիլ արտադրանք, տեղեկատվական տեխնոլոգիաներ Կոնգո ներմուծելու հետ կապված հարցեր:

«Zenufa group» ընկերությունների գլխավոր գործադիր տնօրեն Վիշա Վիսանին հետաքրքրում էր հանքարդյունաբերության ոլորտը:

Բելգիահայ գործարար «Puratos Grand-Place Group» ընկերության տնօրեն և համասեփականատեր Գրիշա Սաֆարյանը, վերջերս շոկոլադի գործարան է հիմնել Վիետնամում և վստահ է, որ շուտով բելգիական շոկոլադի մեջ կմիձուլվեն նաև հայկական համերը, և այն կդառնա անգերազանցելի:

Քննարկվեցին Հայաստանում ներդրումներ կատարելուն առնչվող այլ հարցեր:

2 3 4

Պոլսահայ պատմաբանը արխիվացնում է հայկական ֆեմինիզմի պատմությունը

Պոլսահայ պատմաբան, Մասաչուսեթսի համալսարանի գիտաշխատող Լեռնա Էքմեքչիօղլուն իր կայքում արխիվացնում է հայկական ֆեմինիզմի պատմությունը և դրան առնչվող գրքերը, ստեղծագործությունները:

Այս մասին տեղեկացնող «Gazetekarinca» լրատվական կայքը հայտնում է, որ արխիվացվող պատմությունը ընդգրկում է 1860-1960 թվականները:

Ներկացված կլինեն Ստամբուլում սկիզբ առած շարժման ողջ պատմությունն ու պայքարը` 1860-ականների սկզբից մինչև 1960-ականները՝ Բեյրութում հրապարակվող «Երիտասարդ հայուհի» ամսագրի փակումը:

2016 թվականին Սթենֆորդի համալսարանը հրատարակել էր Էքմեքչիօղլուի առաջին մենագրությունը՝  «Հայաստանի վերականգնումը. Պատկանելիության սահմանափակումները Թուրքիայում ցեղասպանությունից հետո»: Այժմ Լեռնան դասագիրք է պատրաստում Օսմանյան կայսրությունում և դրա անկումից հետո աշխարհում հայ ֆեմինիստների մասին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում

Մայիսի 14-ին Պրահայում ավարտվեց Դերասանական բարձրագույն դպրոցի 6-րդ Միջազգային թատերական ՊԻԴԻՖԵՍՏ ուսանողական փառատոնը, որին մասնակցում  էր  նաեւ Երեւանի Հովհ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը։

Ներկայացման ռեժիսորն էր Սամսոն Մովսեսյանը, նկարիչը՝ Կարինե Բաբայանը, գլխավոր դերերում հանդես եկան՝ Մուրադ Նադիրյանը, Դուստրիկ Խաչատրյանը, Մարգարիտա(Ինգա) Զահալյանը։  Ներկայացման տեխնիկական կողմն ապահովեցին Հայկ Իսրայելյանը, Հայկ Հակոբյանը, Ներսես Զոհրաբյանը։

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց թատրոնի պրոդյուսեր Արտաշես Բաբայանը, իրենց համար գնահատելի էր, որ ներկայացման ժամանակ դահլիճը լեփ-լեցուն էր, եւ շատ զգացված են հայ համայնքի ներկայությունից, եւ հայ ու օտար երեխաների ջերմ ընդունելությունից։

Նրա ասելով, քանի որ խոսքը քիչ էր, հիմնականում օգտագործված էին տեսա-լսողական եւ ստվերային էֆեկտներ, հնարավոր եղավ նման դրական ընկալում ապահովել։  Ավելին, կազմակերպիչներն այնքան են հավանել ներկայացումը, որ Հայկ Իսրայելյանը չեխ ուսանողների համար վարպետության դաս է տվել տեսաձայնային էֆեկտների վերաբերյալ, եւ իբրեւ մնջախաղի վարպետ, նաեւ մի էտյուդ է ներկայացրել փակման արարողության ժամանակ։

«Մատնաչափիկ» ներկայացման բեմադրիչ Սամսոն Մովսեսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ներկայացման առաջնախաղը եղել է 2016 թվականի սեպտեմբերին Երեւանում։ Բեմադրությունն արդեն արժանացել է Հայաստանի ,,Արտավազդ,, թատերական մրացանկի՝ «Տարվա լավագույն մանկական ներկայացում» եւ «Լավագույն բեմադրական աշխատանք» անվանակարգերում։  Պրահայի մրցանակը թվով երրորդն է։

Ներկայացումը երիտասարդ ռեժիսորի 20-րդ բեմադրությունն է,  որը համարվում է թատրոնի ամենապահանջված ներկայացումներից մեկը։ Այս ներկայացման տոմսերը անմիջապես վաճառվում են։ Ներկայացման հաջողության գաղտնիքը Սամսոն Մովսեսյանը բացատրում է այն հանգամանքով, որ օգտավործվել են տիկնիկային արվեստի գրեթե բոլոր հնարավոր տեսակները՝ անիմացիա, գունային եւ ստվերային ձեւավորում, ձայնային եւ դերասանական խաղ։ «Մեր թատրոնի պատմության մեջ նման ներկայացում դեռեւս չէր եղել, սա առաջինն է, որտեղ խառնված են ստվերային թատրոնի բոլոր տեսակները«,- ասաց նա։

«Հետաքրքիր էր, որ Պրահայի հայ փոքրիկներն արձագնքում էին ճիշտ այնպես, ինչպես Երեւանի մեր հանդիսատեսը»- ասաց բեմադրիչը։ Այժմ նա  պատրաստում  է նոր՝ «Վինի Փու արջուկը» ներկայացումը։

Դերասան Մուրադ Նադիրյանը, ով ինը տարի առաջ Պրահայում նույնպես խաղացել է Երեւանի տիկնիկային թատրոնի մեկ այլ՝ Գոգոլի «Շինել»-ի մոտիվներով «Ակ-Ակ» ներկայացման մեջ, նշեց, որ տարբերությունը երկու բեմադրությունների միջեւ մեծ է, քանի որ նախորդը մեծահասկաների համար էր, իսկ այս տարվանը՝ երեխաների համար։ Նրա ասելով, այս անգամ թե հյուրընկալող թատրոնը, թե Պրահան իրենց ընդունել են մի այլ  կոլորիտով։

Հիշեցնենք, որ  Ռուբեն Բաբայանի բեմադրությամբ «ԱԿ-Ակ»-ը նույնպես 2008ին արժանացել էր Տիկնիկային թատրոնների փառատոնի դիպլոմին՝ Դրամատիկ գործի լավագույն մեկնաբանության համար։

Վերջում, ինչպես նշեց պրոդյուսեր Արտաշես Բաբայանը, թատրոնի ներկա ճամփորդությունը ֆինանսավորել էր Հայաստանի մշակույթի նախարարությունը, իսկ ապագայում իրենց դեռեւս սպասվում են նոր հյուրախաղեր Ռուսաստանի Օմսկում, Կանադայում, Ֆրանսիայում, Չեռնոգորիայում եւ այլ երկրներում։

Հայկական թատերախմբի հաղթանակի կապակցությամբ  Հայաստանի դեսպանությունը եւ հայ համայնքի ,,Ապրիլ 24,, կոմիտեն դեսպանությունում կազմակերպել էին ընդունելություն՝ նվիրված հայ դերասաններին։ Նրանց ողջունեցին Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, «Ապրիլ 24» կոմիտեի անդամները։

Իրապես,  կեցցեն մեր տիկնիկային թատրոնի նվիրյալները։ Ներկայացումից հետո չեխ դերասաններն ու փառատոնի կազմակերպիչներն ուղղակի հիացած էին նրանց բեմադրությամբ։ Պատահական չէ, որ ե՜ւ հանդիսատեսը, ե՜ւ ժյուրին քվեարկել էին նրանց օգտին։

Հ.Ա. , ՕՐԵՐ

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի

Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականը միջազգային մրցաշարում գրավել է առաջին տեղը

Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբայի հիշատակին նվիրված՝ այդ երկրի Գագրա քաղաքում մայիսի 10-ին մեկնարկած ֆուտբոլի վետերանների 6-րդ միջազգային մրցաշարում այսօր՝ մայիսի 16-ին տեղի ունեցած եզրափակիչ խաղում Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականը գրավել է առաջին տեղը:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այսօր եզրափակիչ հանդիպման ժամանակ մեր թիմը հանդիպել է ՌԴ Պյատիգորսկի թիմի հետ և 2-0 հաշվով վստահ հաղթանակ տարել:

Մեր թղթակցի հետ զրույցում, Արցախի թիմի ղեկավար Կարեն Վանյանը նշել է, որ մրցաշարի ընթացքում մեր տղաները խփել են 23 և բաց թողել ընդամենը 1 գնդակ՝ ճանաչվելով որպես լավագույն թիմ: Բացի դրանից, Արցախի թիմից մրցաշարի լավագույն խաղացող է ճանաչվել Լևոն Մկրտչյանը, լավագույն հարձակվող՝ Արսեն Սարկիսյանը (9 գոլ) և լավագույն դարպասապահ Ալեքսանդր Մելքումյանը:

Մրցաշարին մասնակցում էին 9 թիմեր՝ Աբխազիայից, Արցախից, Հարավային Օսիայից և Ռուսաստանի Դաշնության տարբեր երկրամասերից։

Նշենք, որ անցած տարի, Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբայի հիշատակին նվիրված, ֆուտբոլի վետերանների 5-րդ մրցաշարում Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականը գրավել էր 2-րդ պատվավոր տեղը՝ արժանանալով արծաթե մեդալի և գավաթի:

Բակո Սահակյանն այցելել է Թալիշ գյուղ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ:

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ Նախագահը ծանոթացել է գյուղում իրականացվող աշխատանքներին, համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

«Արիստոտելը Հայաստանում» խորագրով գիտաժողով Ժնևի համալսարանում

Մայիսի 12-13-ը Ժնևի համալսարանում տեղի ունեցավ «Արիստոտելը Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողով, որին մասնակցում էին գիտաշխատողներ ինչպես Մատենադարանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների, այդ թվում՝ Հունաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Միացյալ Թագավորության, ԱՄՆ-ի համալսարաններից և գիտական կենտրոններից։ Գիտաժողովը նվիրված էր Արիստոտելի երկերի՝ հայկական վաղ միջնադարյան ուսումնասիրություններին և մեկնաբանություններին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Գիտաժողովին իր բացման խոսքում Շվեյցարիայում ՀՀ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը երախտագիտություն հայտնեց Ժնևի համալսարանին և, մասնավորապես, հայագիտության ամբիոնի ղեկավար Վալենտինա Կալցոլարիին գիտաժողովի կազմակերպան հարցում աջակցության, ինչպես նաև Հայոց պատմության, մշակույթի, լեզվի, քաղաքակրթության տարածմանն ու զարգացմանն ուղղված բազմամյա աշխատանքի համար։

Հասմիկ Տոլմաջյանն ընդգծեց, որ արիստոտելյան երկերի վաղ ուսումնասիրությունները վկայում են Հայաստանում անտիկ շրջանի հունական փիլիսոփայական մտքի և հելլենիստական մշակույթի լայն տարածուման, հայ-հունական սերտ առնչությունների, ինչպես նաև այդ ժամանակաշրջանում Հայաստանում առկա գիտական մտքի խորության և զարգացածության բարձր մակարդակի մասին։

Գիտաժողովի ավարտին մասնակիցներին ներկայացվեցին Դավիթ Անհաղթի կողմից Արիստոտելի երկերի հնգահատոր մեկնաբանությունների անգլերեն թարգմանության առաջին երեք հատորները։

Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ

Մայիսի 16-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ գումարված Գերագույն հոգևոր խորհուրդը, անդրադառնալով մայիսի 15-ին արցախաադրբեջանական սահմանին արձանագրված հերթական սադրանքին, հանդես եկավ հայտարարությամբ։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Տեղեկանալով մայիսի 15-ին արցախաադրբեջանական սահմանին ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված սադրիչ գործողությունների մասին՝ մեր մտահոգությունն ենք արտահայտում և խստորեն դատապարտում կատարվածը։

Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով հանգուցալուծելու՝ Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականությունը, իրավիճակի շարունակական  սրացումը և դրանց հետևանքով պատճառվող մարդկային կորուստները մեծապես վտանգում են հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերը, նաև ձախողեցնում միջազգային հանրության ջանքերով սկզբնավորված բանակցային գործընթացը։

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, հավատարիմ մնալով իր խաղաղարար առաքելությանը, պիտի շարունակի ամենայն ջանք գործադրել հանուն հակամարտության խաղաղ կարգավորման, արցախաբնակ մեր զավակների անվտանգ և ապահով կյանքի»։

Արևմտահայերենի պահպանումը Հայաստանում հաստատված սիրիահայի աչքերով. տեսանյութ

Սիրիայի հայ համայնքը Մերձավոր Արևելքի ամենահին ու ավանդական համայնքներից մեկն է, որտեղ հայերը բնակվել են վաղնջական ժամանակներից: Սիրիահայ համայնքը մեծապես համալրվեց 1915թ. Հայոց ցեղասպանությունից մազապուրծ գաղթականներով, որոնք չնայած սկզբնական ժամանակների դժվարություններին՝ կարողացան հարմարվել նոր երկրին, ժամանակի ընթացքում սկսեցին ինքնակազմակերպվել որպես համայնք, որը ձգտում էր ամեն կերպ պահպանել ազգային ինքնությունը:

2012 թվականի Սիրիական պատերազմը շատ բան փոխեց համայնքի կյանքում: Հայերը աստիճանաբար սկսեցին գաղթել տարբեր երկրներ: Նրանցից շատերը նախընտրեցին ապաստան գտնել Մայր հայրենիքում: Հայաստանում, չնայած հարազատ միջավայրին, սիրիահայերը ունեցան ինտեգրման խնդիր և որոշ դժվարություններ:

Շատերի համար ամենատեսանելին արևելահայերենի և արևմտահայերենի տարբերությունն է, ինչն էլ պատճառ է դարձել 4 տարի առաջ Հայաստանում հաստատված Լյուսի Վանա Կարապետյանի համար խնդրին նայել սեփական աչքերով՝ փոքրիկ տեսանյութի միջոցով: «Ես Սիրիայի հայկական համայնքի անդամ եմ, ով այսօր ապրում է Հայաստանում, և նույնպես անցել է այն դժվարությունների միջով, որին բախվում են Հայաստանում հաստատված սիրիահայերը: Քանի որ ապագա լրագրող եմ, «Կռունկ» խորագրը կրող տեսանյութի միջոցով փորձել եմ այս խնդիրը դիտարկել տարբեր տեսանկյուններից»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Լյուսի Վանա Կարապետյանը: Վերջինս նշեց, որ տեսանյութը անվանել է «Կռունկ», որովհետև կռունկը դարձել է  հայրենասիրության և հայրենիքի կարոտի խորհրդանիշ։

«Բավական չէ ազգասեր ու հայրենասեր լինել, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրե´լ, պաշտե´լ, գգվե´լ հարազատ մոր հարազատ լեզուն: Միայն այսպիսի սերը կբացի մեր առջև մեր լեզվի անհատնում ճոխությունը, նրբությունը և քաղցրությունը»,-ասաց Լյուսի Վանա Կարապետյանն ու հավելեց. «Կցանկանայի Հայաստանում, հայաստանյան եթերում լսել արևմտահայերեն խոսք»:

Լուսանկարը՝ Սահակ Մուրադյանի

Մեկնարկել է «Վրձնահարված Նոյի երկրում» խորագրով միջազգային սիմպոզիումը

Մայիսի 15-ին «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ում տեղի է ունեցել «Վրձնահարված Նոյի երկրում» խորագրով «Մաչանենց» միջազգային արվեստի 3-րդ սիմպոզիումի բացման արարողությունը: Բացմանը ներկա էին՝ Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն Եպիսկոպոս Ադամյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, «Արփինետ» ընկերության տնօրեն Արմեն Մուրադյանը, ներկայացուցիչներ Սփյուռքից, արվեստագետներ և այլ հյուրեր: Այս մասին «Հայերն այսօր»-ին  տեղեկացնում են  «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ից:
Սիմպոզիումը տևելու է 7 օր: Սիմպոզիումին մասնակցում է աշխարհի 15 երկրից 67 արվեստագետ: Մայիսի 22-ին ժամը 17:00-ին կբացվի սիմպոզիումի ընթացքում ստեղծված աշխատանքների ցուցահանդեսը:

«Մաչանենց» միջազգային սիմպոզիումը արդեն 3-րդ տարին է կազմակերպվում է «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության կողմից՝ Էջմիածնի քաղաքապետարանի, «Մաչանենց տուրիզմ և արտ» սոցիալական ձեռնարկության, «Արփինետ» ՍՊԸ-ի  և «Ինովացիոն  էթնիկ մարզային կենտրոն»ի աջակցությամբ: 2017թ.-ի սիմպոզիումը նվիրված է ջրհեղեղից հետո մարդկության վերածննդին և անց է կացվելու մայիսի 15–22-ը Հայոց հոգևոր կենտրոն Էջմիածին քաղաքում։

  Սիմպոզիումի նպատակն է՝

 Հայ և օտարերկրացի արվեստագետներին հնարավորություն ընձեռել ծանոթանալ և փոխանակվել փորձով, համալրել Էջմիածին քաղաքում ստեղծված միջազգային արվեստի պատկերասրահի հավաքածուն՝ նպաստելով միջմշակութային երկխոսությանը:

   Մասնակիցները սիմպոզիումի ընթացքում ականատես կլինեն հայ մշակույթի զարդ՝  խաչքարի ստեղծմանը։ Սիմպոզիումի ընթացքում հրավիրված կավագործ վարպետը կպատրաստի հայկական խեցեգործության բազմադարյա ավանդույթները ներկայացնող կավե նմուշներ, որոնք կհամալրեն «Մաչանենց» խեցեգործության թանգարանը։

 Սիմպոզիումի վերջին օրը, մայիսի   22-ին, տեղի կունենա սիմպոզիումի արդյունքում ծնված աշխատանքների ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՈՒՄԸ: Ցուցահանդեսի բացմանը  ներկա կլինեն ներկայացուցիչներ հոգևոր դասից, պաշտոնական հյուրեր, մշակույթի գործիչներ, լրատվամիջոցներ։

Հավելենք, որ «Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունը ոչ քաղաքական, ոչ կրոնական, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է: Հիմնադրվել է 1991թ․-ին Գրիգոր (Մաչանենց) Բաբախանյանի կողմից՝ Էջմիածին քաղաքում։

12 3 4

5 6

7 8

Բալաշիխայի նորաստեղծ հայկական դպրոցը մասնակցեց «Անմահ գունդ» երթին

Մայիսի 9-ին ՌԴ մերձմոսկովյան Բալաշիխա քաղաքի հայկական համայնքին կից գործող նորաստեղծ Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական կիրակնօրյա դպրոցի ուսուցչական կազմն ու աշակերտները մասնակցեցին քաղաքի «Անմահ գունդ» երթին, որի ժամանակ նրանք իրենց  ձեռքերում պահել էին Հայրենական մեծ պատերազմի մասնակից, հաղթանակած հայազգի գեներալների ու մարշալների դիմանկարները։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է դպրոցի տնօրեն Սուսաննա Հովհաննիսյանը, Բալաշիխայի Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական կիրակնօրյա դպրոցի սաները  մեծ հպարտությամբ տանում էին ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակովի), բանակի գեներալ, հետագայում` մարշալ Հովհաննես Բաղրամյանի, նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովի, բժշկական ծառայության գեներալ-գնդապետ Լևոն Օրբելիի, տանկային զորքերի գեներալ-մայոր Համազասպ Բաբաջանյանի, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-մայոր Համո Յոլյանի, հետախույզ Գևորգ Վարդանյանի, Հունան Ավետիսյանի և շատ այլ փառապանծ հայորդիների լուանկարները: Սա, հատկապես Սփյուռքի հայ երիտասարդների համար, և´ հպարտության, և´ դաստիարակության հրաշալի առիթ է։

%d5%a2%d5%a1%d5%ac%d5%a1%d5%b7%d5%ab%d5%ad%d5%a1%d5%a2%d5%a1%d5%ac%d5%a1%d5%b7%d5%ab%d5%ad%d5%a11%d5%a2%d5%a1%d5%ac%d5%a1%d5%b7%d5%ab%d5%ad%d5%a12%d5%a2%d5%a1%d5%ac%d5%a1%d5%b7%d5%ab%d5%ad%d5%a13%d5%a2%d5%a1%d5%ac%d5%a1%d5%b7%d5%ab%d5%ad%d5%a14 %d5%a2%d5%a1%d5%ac%d5%a1%d5%b7%d5%ab%d5%ad%d5%a15 %d5%a2%d5%a1%d5%ac%d5%a1%d5%b7%d5%ab%d5%ad%d5%a16 %d5%a2%d5%a1%d5%ac%d5%a1%d5%b7%d5%ab%d5%ad%d5%a18

 

Գուրգեն Դաբաղյանը տպավորված է ստամբուլահայերի ընդունելությունից

Մայիսի 10-ին ժողովրդական երգիչ Գուրգեն Դաբաղյանն իր երաժշտախմբի հետ մենահամերգ է ունեցել Ստամբուլի հայկական համայնքում, որտեղ վերջին անգամ երգիչը հինգ տարի առաջ էր ելույթ ունեցել:

«Հայերն այսօր»-ի թղթակցի հետ զրույցում Գուրգեն Դաբաղյանն ասաց, որ համերգը կայացել է Ստամբուլի հայկական «Վարդանանց» երգչախմբի հիմնադրման 85-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում: Այն անցել է շատ ջերմ մթնոլորտում, կազմակերպչական առումով՝ ամեն ինչ բարձր մակարդակով է եղել, տպավորություններն աննկարագրելի են: Լեփ-լեցուն դահլիճում ամենուր հայկական շունչն ու ոգին է թևածել, իսկ մարդիկ ոգևորված ձայնակցել են նրան՝ բուռն ծափողջույնների արժանացնելով:

«Ստամբուլի հայկական համայնքը համախմբված, հայրենասեր համայնքներից մեկն է, իսկ ստամբուլահայերը միշտ աչքի են ընկնում հայկական մշակույթի հանդեպ հետաքրքրվածությամբ: Հատկանշական է համայնքի ու եկեղեցու՝ հայ երիտասարդների ազգային ինքնության պահպանման, իրենց արմատներից չհեռանալու  ուղղությամբ ծավալող աշխատանքները: Ամեն ջանք գործադրվում է նրանց հայեցի կրթություն և դաստիարակություն տալու համար»,-զրույցն ամփոփեց Գուրգեն Դաբաղյանը:

18342496_1337552132989452_1149103311381723695_n 18425062_1338845099526822_1767056776714471566_n

Կայացել է ՀՀ-ում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Քննարկվել և հաստատվել են Հայաստանի Հանրապետութունում 2018-2020 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մշակման հիմքում դրվելիք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները և հարկաբյուջետային շրջանակը: Վերջինս առաջիկա 3 տարվա համար ձևավորվելու է առավել տնտեսական աճին նպաստող շեշտադրմամբ: Մասնավորապես, եթե տարիներ շարունակ պետական բյուջեի կապիտալ ծախսերը զիջում էին պետական բյուջեի պակասուրդի մակարդակին` հիմնականում պայմանավորված լինելով արտաքին շոկերին դիմակայելու հանգամանքով, ապա միջնաժամկետ ժամանակահատվածում այն գերազանցելու է պետական բյուջեի պակասուրդի մակարդակը: Փոխարենը ընթացիկ ծախսերը հնարավորինս չափավորվելու են, և առավելապես կարևորվելու է այդ ծախսերի իրականացման արդյունավետությունը:

Միաժամանակ, հաստատվել են պետական կառավարման մարմնի գծով համապատասխան ոլորտներում ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2018-2019 թթ. ճշգրտված և 2020 թ. կողմնորոշիչ չափաքանակները:

Դասախոսություն Սփյուռքի նախարարությունում՝«Հայազգի զորավարները, մարշալները» թեմայով

Մայիսի 17-ին, ժ.15:00-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում «Սարդարապատի հերոսամարտի և Առաջին հանրապետության ականավոր գործիչների մեծարման օրեր» ծրագրի շրջանակում պատմաբան, ՀՀ բանակի փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանցը հանդես կգա հայազգի զորավարների, մարշալների մասին դասախոսությամբ  (հասցեն՝ Վ.Սարգսյան 3, 9-րդ հարկ):

Ներկա կգտնվեն սփյուռքահայ մտավորականներ, ուսանողներ և նախարարության աշխատակիցներ: