Մաեստրո Չեքիջյանը Ստամբուլում պարգևատրվել է Օրմանյանի ոսկե շքանշանով

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի բազմաթիվ պարգևների թիվն ավելացել է ևս մեկով:

 ՀՀ մշակույթի նախարարության հաղորդմամբ, մաեստրոն, որն իր ծննդյան 90-ամյակի կապակցությամբ հրավիրված է ծննդավայր՝ Ստամբուլ, Պոլսի Պատրիարքարանի Վարդանաց դպրաց դաս երգչախմբի նախագահ Ծ.Վրդ Թաթուլ Անուշավանի կողմից Սուրբ Վարդանանց եկեղեցում պարգևատրվել է Մաղաքիա Պատրիարք Օրմանյանի անվան ոսկե շքանշանով:

Հովհաննես Չեքիջյանը ծնվել է 1928 թվականին Ստամբուլում: 1951 թ. ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիան, 1953 թ. Փարիզի «Էկոլ-Նորմալը», որտեղ պարապել է Ֆուրնեի մոտ, իսկ 1961 թվականին՝ Ստամբուլի կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ 1946-1960 թթ. (1951-1954 ընդմիջմամբ) Ստամբուլի պետական երգչախմբի գլխավոր դիրիժորի տեղակալն էր, միաժամանակ 1958-1961 թթ. Ստամբուլի օպերայի երաժշտական ղեկավարը։

1961 թվականից ապրում է Հայաստանում, այդ թվականից էլ ՀԽՍՀ պետական ակադեմիական երգչախմբի գլխավոր դիրիժորն է։ Նրա ղեկավարությամբ կոլեկտիվը մեծ վարպետությամբ կատարում է դասական և ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, հայկական ժողովրդական երգեր, օպերաներից հատվածներ։ Ղեկավարում է նաև սիմֆոնիկ համերգներ: Հյուրախաղերով հանդես է գալիս արտասահմանում։ Հեղինակ է երաժշտական ստեղծագործությունների, այդ թվում և «Գարնանային անուրջներ», «Տոնական ձոն» վոկալ-սիմֆոնիկ պոեմների։ 1973-1977 թթ. դասավանդել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1975 թվականից Երևանի կոնսերվատորիայում (1982 թվականից պրոֆեսոր է)։

 «Տապան» թանգարանում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց հայ նկարիչների ցուցահանդեսի բացմանը

Մայիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ ժամանեց Մոսկվա, որտեղ, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հրավերով, թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, մայիսի 16-18-ը կանցկացվի Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությանը «Շերեմետյեվո» օդանավակայանում դիմավորեցին թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսը և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, թեմական կառույցների և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ապա հայրապետական շքախումբն ուղղվեց դեպի Մոսկվայի առաջնորդանիստ եկեղեցական համալիր, ուր Գերագույն հոգևոր խորհրդի անդամների և թեմի հոգևոր դասի ներկայացուցիչների ուղեկցությամբ Գարեգին Բ Հայրապետն այցելեց Սուրբ Պայծառակերպություն տաճար։

Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց համալիրի տարածքի  «Տապան» թանգարանում թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված՝ հայ անվանի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսի բացման արարողությանը։ Ցուցահանդեսում ներկայացված են տարբեր բարերար հայորդիների կողմից թեմին նվիրաբերված հայ անվանի նկարիչների 23 կտավ և 4 քանդակ։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամները, թեմի հոգևոր սպասավորներ, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, մտավորականներ և Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Կայսերական Ուղղափառ պաղեստինյան ընկերության նախագահ Սերգեյ Ստեպաշինը, հասարակական գործիչ պրոֆ․ Լեոնիդ Ռոշալը, Պատմության պետական թանգարանի տնօրեն Ալեքսեյ Լևիկինը և ռուս արվեստագետներ։

Արարողությունը սկսվեց Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ողջույնի խոսքով։ Սրբազանն իր ուրախությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մոսկվա այցելության առիթով, որը զուգադիպել է թեմի համար հոբելյանական տարուն։ Անդրադառնալով կազմակերպված ցուցահանդեսին՝ Եզրաս արքեպիսկոպոսը շնորհակալություն հայտնեց բոլոր այն անձանց, որոնք շարունակ իրենց ներդրումն են բերում հայոց ազգային-հոգևոր կյանքի շենացման գործում, ինչպես նաև նրանց, որոնք մշտապես աջակցում են հայ ժողովրդին և բարեկամ Հայաստանին։

Այնուհետև ցուցահանդեսի բացման առիթով իր օրհնությունը ներկաներին բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը։

«Գոհություն և փառք ենք մատուցում առ Աստուած, որ ռուսաստանաբնակ Մեր զավակները Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հոգածու առաջնորդությամբ ամուր են պահում իրենց հավատարմությունը մեր արժեքներին, մեր հայրերի սուրբ ու նվիրական ավանդներին: Բարձրյալի օրհնությամբ Տիրախնամ թեմը արդյունավորապես ընդլայնում է իր գործունեության շրջանակները, հոգևոր քարոզչական առաքելության հետ մեկտեղ սպասավորում հայ մշակույթի զարգացմանը, մեր մատաղ սերնդի հայեցի կրթությանն ու դաստիարակությանը, հայորդյաց ազգային ու հոգևոր ինքնության զորացմանը:

Ուրախ ենք այսօր Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամների հետ առաջին անգամ լինելու Մոսկվայի առաջնորդանիստ եկեղեցական համալիրի «Տապան» թանգարանում և ծանոթանալու ներկայացված հոգևոր-մշակութային արժեքավոր ցուցանմուշներին՝ մեր անցյալից ժառանգված սրբազան մասունքներին, որոնցից յուրաքանչյուրը առանձին մի պատմություն է մեր ժողովրդի ստեղծարար ոգու, լուսավոր հավատքի ու աստվածսիրության, մշակույթի, գիտության ու կրթության հանդեպ աննվազ նվիրումի ու նախանձախնդրության մասին: Թանգարանը իր կարճատև գործունեության ընթացքին դարձել է մշակութային կարևոր օջախ ռուսահայոց կյանքում, որն իր առաքելությամբ նպաստում է բարեպաշտ  հայորդիների հոգիներում զորեղ պահելու ազգային գիտակցությունը, կապվածությունը մեր մշակույթին, մեր նվիրական արմատներին:

Այսօր, սիրելիներ, ի տես հայ և օտարազգի այցելուների, թանգարանում ներկայացվում են հայ գեղանկարչության բարձրարժեք գործեր` Հովհաննես Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի, Եղիշե Թադևոսյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Մինաս Ավետիսյանի և մեր այլ մեծերի վրձնած ստեղծագործությունները, որոնք տարբեր ժամանակահատվածներում բարերար հայորդիների կողմից ընծայաբերվել են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմին», – ասաց Վեհափառ Հայրապետը՝ իր օրհնությունն ու բարձր գնահատանքը բերելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բարեջան առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, թեմական խորհրդի անդամներին, կտավների և քանդակների պատվարժան նվիրատուներին և «Տապան» թանգարանի աշխատակիցներին:

Նորին Սրբությունը մաղթեց, որ Բարձրյալն Աստված առատապես օրհի ու շնորհազարդի ամենքին՝ պարգևելով ազգանվեր ու եկեղեցաշեն գործունեության նորանոր հաջողություններ՝ ի պայծառություն Հայոց Եկեղեցու և ի բարօրություն հավատավոր հայ ժողովրդի: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հայցեց Ամենակալին՝ օրհնել և առավել զորացնել երկու ժողովուրդների դարավոր եղբայրությունը, Ռուսաստանի և Հայաստանի արդյունավետ համագործակցությունը։

Արարողության առիթով իր սրտի խոսքն ասաց նաև Կայսերական Ուղղափառ պաղեստինյան ընկերության նախագահ Սերգեյ Ստեպաշինը՝ ուրախություն հայտնելով ցուցահանդեսի բացման կապակցությամբ։ Վերջինս անդրադարձավ Ռուսաստանի հայ համայնքի աշխույժ ազգային-եկեղեցական կյանքին,  խոսեց երկու Եկեղեցիների գորակցության մասին։

Ցուցահանդեսը ողջունեց նաև Պատմության պետական թանգարանի տնօրեն Ալեքսեյ Լևիկինը։ Կարևորելով ցուցահանդեսի բացումը՝ Պրն․ Լևիկինը վստահությամբ նշեց, որ այն կհարստացնի Մոսկվայի մշակութային կյանքը։ Նա իր խոսքում, ներկայացնելով հայ-ռուսական բազմադարյա կապերը, մասնավորապես ընդգծեց պատմության ընթացքում հայորդիների ունեցած կարևոր դերակատարությունը Ռուսաստանի պետականության զարգացման և զորացման գործում։

Վերջում ցուցահանդեսի բացման կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և հյուրերին շնորհակալական խոսքով դիմեց թանգարանի պատասխանատու Տիգրան Մանասյանը։ Վերջինս, ներկայացնելով թանգարանի առաքելությունը, նշեց, թե թանգարանի անունն իսկ վկայում է, որ այն նպաստելու է հոգևոր, մշակութային և պատմական նվիրական արժեքների պահպանմանը,   հայ և ռուս ժողովուրդների մշակույթների փոխհարստացմանը։ Նա հավելեց, որ հայրենիքից հեռու ապրող հայերի համար եկեղեցական համալիրն իր զանազան կառույցներով դարձել է ոչ միայն հոգևոր, այլև ազգային ու մշակութային կյանքի կենտրոն։

Արարողությունն ավարտվեց Հայրապետական «Պահպանիչ» աղոթքով։

1 3

«Հայկական մշակույթի շաբաթ» Տոկիոյում

Մայիսի 9-ից 14-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացավ արդեն ավանդական դարձած ամենամյա «Հայկական մշակույթի շաբաթ» միջոցառումը, որն այս տարի նվիրված էր Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից: Մշակութային շաբաթը կազմակերպվել էր Ճապոնիայում ՀՀ դեսպանության կողմից՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Մշակութային շաբաթվա ընթացքում տեղի ունեցան հայ և ճապոնացի անվանի նկարիչների ցուցահանդեսներ, հայկական երաժշտության երեկո, հայկական ու ճապոնական ավանդական երաժշտական գործիքների կատարումներով համեմված համերգներ, լուսանկարչական ցուցահանդես, դասախոսություններ, մշակութային այլ միջոցառումներ:

Ցուցադրվեցին հայտնի արվեստի գործիչներ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Վլադիմիր Մարգարյանի (Վալմար), ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Հռիփսիմե Սիմոնյանի, Սրբուհի Աբաջյանի, Դեյնա Վոլրաֆի, Ժանսեմի, Ճապոնիայի նկարիչների ընկերության անդամների աշխատանքները:

Մայիսի 10-ին տեղի ունեցավ «Հայաստանի յուրօրինակ արտադրանքը» խորագրով դասախոսությունը, ինչպես նաև «Հայկական երաժշտության երեկո» երաժշտական միջոցառումը, որին մասնակցեցին նաև «Ճապոնիայի Կոմիտասի անվան երաժշտական ընկերության» հոգաբարձուների խորհրդի նախագահ Տակահիրո Ակիբան, Հայաստանից ժամանած քանոնահար Մերի Մուսինյանը, հանրահայտ սոպրանո Արաքս Մանսուրյանը:

Մայիսի 12-ին տեղի ունեցավ «Հայկական ասեղնագործություն» խորագրով սեմինար, ինչպես նաև «Քանոն+կոտո» համերգ, որին հայկական և ճապոնական երաժշտական կատարումներով հանդես եկան քանոնահար Մերի Մուսինյանը և կոտոիստ Ջունկո Իշիվատան: Միջոցառմանը ներկա էին մեծ թվով հանդիսատեսներ՝ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, երաժշտասերներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Մայիսի 13-ին տեղի ունեցավ «Հայկական գինիներ» միջոցառումը, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ճաշակելու հայկական արտադրության տարատեսակ գինիներ և հայկական խորտիկներ:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական նամակը Նայիրի Նահապետյանին՝ Գլենդելի միացյալ կրթական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

ԳԼԵՆԴԵԼԻ ՄԻԱՑՅԱԼ ԿՐԹԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

ՏԻԿԻՆ ՆԱՅԻՐԻ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՆ

Հարգելի տիկին Նահապետյան,

Մեծ ուրախությամբ տեղեկացանք, որ Գլենդելի միացյալ կրթական խորհրդի անդամների կողմից կրկին ընտրվել եք խորհրդի նախագահի պաշտոնում: ՀՀ սփյուռքի նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ այս պատասխանատու պաշտոնն ստաձնելու կապակցությամբ:

Հայ ժողովուրդը ամենածանր պայմաններում էլ մեծապես արժևորել է դպրոցի դերը՝ քաջ գիտակցելով սերունդների կրթական բարձր մակարդակի կարևորությունը: Այսօր, արդեն, Գլենդելի միացյալ կրթական խորհրդի հայ անդամները, շարունակում են մեր նախնիների գործը՝  ջանք ու եռանդ, միջոցներ չխնայելով այդ նպատակի իրականացման համար: Վերոնշյալի հաստատումը Գլենդելի բնակչության կողմից նրանց տրված վստահության քվեն է:

Հպարտ եմ, որ Դուք, ինչպես նաև խորհրդի նախագահի պաշտոնը տարիներ շարունակ զբաղեցնող մեր հայորդիները, չեն մոռանում և ակտիվորեն մասնակցում են հայ համայնքի կյանքին՝ իրենց նպաստը բերերով հայապահպանության, հայեցի կրթության ու դաստիարակության գործում:

Վստահ եմ, որ շարունակելու եք Ձեր գործունեությունը՝ ուղղված հայ-ամերիկյան կրթական, ինպես նաև Հայաստան-Սփյուռք կապերի առավել ամրապնդմանը: Մաղթում ենք Ձեզ բեղմնավոր գործունեություն և նորանոր հաջողություններ:

Օգտվելով առիթից կցանկանայի տեղեկացնել նաև, որ ս.թ. սեպտեմբերի 18-20-ը Երևանում կայանալու է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը: Սիրով հրավիրում եմ Ձեզ՝ մասնակցելու համաժողովի աշխատանքներին (հրավերը կցվում է):

Լավագույն մաղթանքներով՝

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Մայիսի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախարարության ծրագրերին մասնակցության հայտերի, իրականցրած միջոցառումների, առաջիկա անելիքների մասին, ներկայացրին նոր առաջարկներ:

Նախարարի տեղակալը Սերժն Սրապիոնյանը կարևորեց Առաջին Հարապետության 100-ամյակին նվիրված համապետական միջոցառումների կազմակերպման գործընթացում նախարարության ակտիվ մասնակցությունը և առաջիկա՝ «Վարդանանց հետքերով» խորագիրը կրող շաբաթվա շրջանակներում իրականացվող հանդիպումների ու միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու լայն լուսաբանումը:

Աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը ներկայացրեց նախարարության պաշտոնական կայքի համապատասխան բաժինների պատասխանատուների նշանակման վերաբերյալ Սփյուռքի նախարարի հրամանը և հանձնարարեց հետևել և   ժամանակին տեղադրել անհրաժեշտ նյութերը:

Քննարկվեցին կազմակերպական և աշխատանքային այլ հարցեր:

10-05-2017

ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ

Արժույթի միջազգային հիմնադրամին և Համաշխարհային բանկին Հայաստանի Հանրապետության անդամակցության հոբելյանի կապակցությամբ ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ:
Ինչպես հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «REPUBLIC OF ARMENIA», «2017», «1000 ԴՐԱՄ» մակագրությունները:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարբերանշանները՝ Հայաստանի Հանրապետության անդամակցության 25-ամյա հոբելյանի նշումով: Ստորին և վերին շրջագծերով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈԲԵԼՅԱՆ», «ARMENIA’S MEMBERSHIP ANNIVERSARY» հայերեն և անգլերեն մակագրություններն են:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը       1000 դրամ
Մետաղը և հարգը             արծաթ 9250
Քաշը                                  33,6 գ
Տրամագիծը                       40,0 մմ
Որակը                               պրուֆ
Դրամաշուրթը                  ատամնավոր
Քանակը                            300 հատ
Էսքիզների հեղինակ՝ Հարություն Սամուելյան:
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

 

Հայկական տարազներով բրենդային տիկնիկներ՝ Արցախից

Ստեփանակերտում պատրաստում են հայկական տարազներով բրենդային տիկնիկներ:

«Արցախպրես»-ի    թղթակցի     հետ  զրույցում   տիկնիկներ   պատրաստող  Սյուզին    և  Լուսինեն       ասել   են,   որ  իրենք  տիկնիկ  պատրաստելու   գործով  զբաղվել  են  իրարից  անկախ. ծանոթանալուց  հետո  են  որոշել  միասին աշխատել:

«Արդեն  2  տարի  է, ինչ  ես  և  Լուսինեն    ճանաչում  ենք  միմյանց: Մեզ  իրար  հետ   կապել  է    նույն   գործով  զբաղվելը.  երկուսիս   հոբբին  էլ  տիկնիկներ   պատրաստելն  է: Մեր      գործն  էլ     հետագայում  վեր  է   ածվել   յուրօրինակ    բրենդի:

Ես  տիկնիկ  պատրաստելու     գործում     մասնագիտական  կրթություն  չունեմ.  տիկնիկ   պատրաստելը    սովորել  եմ   տատիկիցս:  Մենք  հավաքածուներ  ենք   ստեղծում՝ կապված    որևէ  առիթի  հետ:  Տարեմուտի    մեր  առաջին  հավաքածուն  միայն  Ամանորին  էր    վերաբերում: Այս  անգամ  էլ  որոշել  ենք  հայկական  ազգային  տարազով  տիկնիկներ   պատրաստել: Տիկնիկների  շորիկների  նախշազարդերը  համապատասխանեցրել  ենք  հայկական  տարազների  երանգներին: Մենք  շատ  կապված ենք  մեր   տիկնիկների  հետ  և  նրանցից    դժվարությամբ  ենք  բաժանվում:  Մեր   տիկնիկները  կրում  են  միայն   հայկական  անուններ՝  Նանե,   Նարե, Սաթեն, Արփի, Գոհար  և  այլն:  Շատերն  են  սիրում  ու  գնահատում   ձեռքի  աշխատանքը  և   հաճույքով  էլ այն  գնում  են:  Մենք   սիրում  ենք  նաև   մեր  տիկնիկները   մեր մտերիմներին նվիրել:

Երազում   ենք   ունենալ   տիկնիկներ  պատրաստելու     դպրոց-արհեստանոց, որտեղ   շատերը   կսովորեն       հայկական   բրենդային  տիկնիկներ     պատրաստելու  գործը: Մենք   ցանկանում  ենք    աշխարհին  ներկայանալ    հայկական  տիկնիկների   հավաքածուներով»,-ասել է  Սյուզին:

Լուսինե  Պետրոսյանն  էլ  խոստովանել  է, որ    ինքն     ընդհանրապես   տիկնիկ  պատրաստելու փորձ չուներ.   Սյուզիի  հետ  համագործակցելու    ժամանակ    է    այն    սովորել:

«Մեկ տիկնիկ պատրաստելու   համար   մոտ    3  ժամ  աշխատում  ենք: Գործն  այնքան  էլ   բարդ   չէ,  բայց  մեծ  ուշադրություն  և   ջանք  են  պահանջվում  մեզնից:  Ընկերուհիներով  ձգտում    ենք  օգտագործել  միայն բնական  հումքից կտորներ,  թելեր,  լցոնանյութեր, որը     մեզ   միշտ   չի  հաջողվում:

Այս  տարվա    մայիսի  9-ին  մենք   մասնակցել   Շուշիում կազմակերպվածցուցահանդեսին: Շատերն  էին  հետաքրքրված  մեր  տիկնիկներով. կային  հետաքրքիր  արձագանքներ:  Ընդունում  ենք  նաև  անհատական  պատվերներ: Կարծում  ենք, որ մեր  տիկնիկները   մշակութային  կյանքում   իրենց   ուրույն տեղն  ու  դերը  կունենան: Հորդորում  ենք  դեռահասներին  ու  երիտասարդներին, որ   ոչ  թե  կախվածություն   ունենան   համակարգչից, այլ  մեզ  նման   զբաղվեն   ձեռքի  աշխատանքով. չէ՞-որ  դրանք   էլ  արվեստի   յուրօրինակ տեսակներ  են:

Աղջիկ    երեխաների  ամենասիրած   խաղալիքը     տիկնիկն  է: Ես  էլ  եմ  մանկուց    սիրել  տիկնիկով   խաղալը: Ուրախ եմ, որ    այսօր   էլ   ուրիշ երեխաներ   են   խաղում    իմ  ու  Սյուզիի  պատրաստած      տիկնիկներով: Մենք   ոգևորված  և հպարտ  ենք   մեր      աշխատանքով»,-մասնավորապես  ասել է   Լուսինեն:

Ուղիղ չվերթներ Եգիպտոսից Երեւան

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Էյէմսի էյրլայնզ» ավիաընկերությանը տրամադրել է թույլտվություն Հուրգադա-Երեւան- Հուրգադա, Շարմ էլ-Շեյխ- Երեւան- Շարմ էլ-Շեյխ, ինչպես նաեւ՝ Հուրգադա-Երեւան-Շարմ էլ-Շեյխ երթուղիներով թռիչքներ իրականացնելու:

Հուրգադա-Երեւան- Հուրգադա երթուղով թռիչքները կմեկնարկեն 2017 թվականի հունիսի 18-ից, Շարմ էլ-Շեյխ- Երեւան- Շարմ էլ-Շեյխ երթուղով թռիչքները՝ 2017թ. սեպտեմբերի 24-ից: Հուրգադա-Երեւան-Շարմ էլ-Շեյխ երթուղով թռիչքը կիրականացվի սեպտեմբերի 17-ին:

«Էյր Կաիրո» ավիաընկերությանը եւս տրամադրվել է թույլտվություն 2017 թվականի ամառային նավիգացիոն շրջանում, մասնավորապես՝ հունիսի 20-ից հոկտեմբերի 28-ն ընկած ժամանակատվածում, շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, թռիչքներ իրականացնել Հուրգադա-Երեւան- Հուրգադա երթուղով:

 Ավիաընկերությունը հունիսի 22-ից հոկտեմբերի 28-ն ընկած ժամանակատվածում թռիչքներ է նախատեսում նաեւ Շարմ էլ-Շեյխ- Երեւան- Շարմ էլ-Շեյխ երթուղով: Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի:

Հայաստանում ցանկանում են «Նոյյան տապան» կառուցել

Հայաստանում նախատեսվում է կառուցել «Նոյյան տապան» պատմամշակութային, գիտակրթական համալիր: Այդ նպատակով ստեղծվել է հիմնադրամ, որը կրում է «Կառուցենք ազգովի» խորագիրը:

Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ առաջարկվում է մեկտեղել «հայության հնարավորությունները համաշխարհային նշանակության այս ձեռնարկն իրականություն դարձնելու համար»:

Տապանը կառուցվելու է Արարատին դիմահայաց բարձունքի վրա: Ունենալու է այն տեսքն ու այն չափսերը, ինչ նկարագրված է Աստվածաշնչում: Այն է` երկարությունը 300 կանգուն (132 մ), լայնությունը 50 կանգուն (22 մ), բարձրությունը 30 կանգուն (13.2 մ): Կառուցվելու է երկաթբետոնից, երեսպատվելու է փայտով:

«Տապանը հիշեցնելու է, որ մարդկության նախահայրենիքը Հայաստանն է: Համաշխարհային ջրհեղեղից հետո հայոց աշխարհից սկիզբ առավ նրա փրկությունը: Ուստի պատմամշակութային, գիտակրթական այս համալիրն ունենալու է համամարդկային նշանակություն: Այն փաստացի լինելու է մարդկության` իր տեսակի մեջ աշխարհում եղած միակ սրբավայրը, որը չի ենթադրի կրոնական խտրականություն, որտեղ կիշխի խաղաղությունն ու հանդուրժողականությունը: Գտնվելով Հայաստանում, որպես համամարդկային արժեք, կպատկանի ողջ մարդկությանը, կդառնա ուխտատեղի բոլոր ազգությունների համար»,- ասված է հաղորդագրության տեքստում:

Տապանում կկառուցվի 200 տաղավար, որոնցից յուրաքանչյուրում կտեղադրվեն առանձին ազգերի, ժողովուրդների կամ պետությունների դրոշներն ու զինանշանները, նրանց ազգային մշակույթն արժեվորող տարբեր ցուցանմուշներ:

Համալիրը կունենա նաև գործառնական նշանակություն. իր 40 առանձնասենյակը կառաջարկի ուխտավորներին ու զբոսաշրջիկներին: Նրանում կլինեն թանգարան, պատկերասրահ, գրադարան: Միաժամանակ կապահովի պետական-պաշտոնական գործառույթ. կունենա կոնֆերանս դահլիճներ, կառավարության ընդունելությունների, ինչպես նաև պետական նշանակության հանդիսությունների սրահներ:

Արդեն ձևավորվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը: Հիմնադրամի գործադիր տնօրեն է հաստատվել «Գեղարվեստի կոմբինատի» տնօրեն Մարտուն Հարությունյանը:

Ծրագիրը ներկայացվելու է Կառավարություն: Համապատասխան հողատարածքը հատկացվելուց հետո կսկսվեն կառույցի նախագծման և շինարարական աշխատանքները:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Կատար Էյրվեյս» ընկերության գործադիր տնօրենի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել «Կատար Էյրվեյս» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բաքրի հետ: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:

Զրուցակիցները քննարկել են ավիացիոն բնագավառում հայ-կատարական համագործակցության ընթացքն ու զարգացման հնարավորությունները: Նախագահ Սարգսյանը երկկողմ միջպետական հարաբերությունների օրակարգն ընդլայնելու գործում էական դերակատարում է վերապահել «Կատար Էյրվեյս» ավիաընկերության կողմից իրականացվող ավիաթռիչքներին. «Կատար Էյրվեյս»-ը հայկական ավիափոխադրումների շուկա է մուտք գործել 2016թ. մայիսից` իրականացնելով Դոհա-Երևան-Դոհա երթուղով կանոնավոր օդային փոխադրումներ:

Նախագահի համոզմամբ, տարեցտարի Ծոցի երկրներից, այդ թվում՝ Կատարից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի ավելացման գործում վճռորոշ դեր ունի ուղիղ ավիաչվերթերի առկայության հանգամանքը:

Նշելով, որ 2013 թվականից Հայաստանը որդեգրել է «Բաց երկնքի» քաղաքականություն՝ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ քաղաքացիական ավիացիայի և օդային հաղորդակցության ոլորտում Հայաստանի կողմից վարվող այդ քաղաքականությունը նոր հնարավորություններ է ընձեռում թե՛ հայկական և թե՛ արտասահմանյան ավիաընկերություններին՝ ապահովելով բոլորի համար հավասար և ազատ մրցակցային պայմաններ:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կողջունի և կաջակցի Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ավիացիոն բնագավառում կատարցի ներդրողներին:

«Կատար Էյրվեյս» ընկերության գործադիր տնօրենը տեղեկացրել է Նախագահ Սերժ Սարգսյանին, որ Նորին Վսեմություն Կատարի Էմիրից արդեն ստացել է հանձնարարություն` իր գլխավորած ոլորտում Հայաստանի հետ զարգացնելու փոխգործակցությունը և վստահեցրել է, որ կանի ամեն ինչ այդ հանձնարարությունը իրականացնելու համար: Աքբար Ալ Բաքրը նշել է, որ ավիաընկերությունը տեսնում է համագործակցությունը զարգացնելու ներուժ և ձգտում է զարգացնել փոխշահավետ հարաբերություններ:

ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողոﬖ արտահերթ նիստում ամփոփեց մայիսի 14-ին կայացած Երևանի ուավագան ընտրությունների նախնական արդյունքները և կազﬔց արձանագրություն:

Նախնական արդյունքներով՝ Երևանի ավագանու ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 842 հազար 151 ընտրողից մասնակցել է 354 հազար 158 քաղաքացի:

«Արﬔնպրես»-ի հաղորդմամբ՝ «Ելք» կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիﬖ է 70 հազար 731 կամ 21 տոկոս:

«Երկիր ծիրանի» կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիﬖ է 26 հազար 109 կամ 7.75 տոկոս:

Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիﬖ է 240 հազար 36 կամ 71.25 տոկոս:

Ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորման տպած կտրոնների թիﬖ է 345 հազար 65: Ընտրողներից ստացված համարակալված կտրոնների թիվը` 81: Ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիﬖ է 345 հազար 146, չօգտագործված համարակալված կտրոնների թիվը` 47 հազար 318:

 Չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը 518 հազար 943: Անվավեր քվեաթերթիկների թիﬖ է 8 հազար 259:

Արձանագրությունը ստորագրվել է հանձնաժողովի բոլոր անդաﬓերի կողﬕց, հատուկ կարծիք առկա չէ:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը, ում պատվիրակության կազմում է նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, այսօր առանձնազրույց է ունեցել Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Էմիրի դիվանում մինչ այդ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:

Հանդիպման ժամանակ Նախագահը շնորհակալություն է հայտնել Էմիրին բարեկամ Կատարի Պետություն այցելելու հրավերի և իր գլխավորած պատվիրակությանը ցուցաբերվող ջերմ ընդունելության համար:

Ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ մերձավորարևելյան տարածաշրջանը նշանակալի տեղ է զբաղեցնում, և արաբական աշխարհի հետ Հայաստանը ունի յուրահատուկ հարաբերություններ` հիմնված դարերի պատմություն ունեցող բարեկամության վրա, Սերժ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը շահագրգիռ է Կատարի Պետության հետ բարձրաստիճան քաղաքական երկխոսության ակտիվացմամբ և բոլոր ոլորտներում համագործակցության խորացմամբ:

Զրուցակիցները երկուստեք հույս են հայտնել, որ Հայաստանի Նախագահի Կատար առաջին այցի արդյունքներն իրենց լուրջ ներդրումը կունենան հայ-կատարական հարաբերությունների հետագա զարգացման գործում: Նրանք խորհրդանշական են համարել, որ այցելությունը տեղի է ունենում Հայաստանի և Կատարի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի տարում, որը, կողմերի համոզմամբ, պատեհ առիթ է հայ-կատարական հարաբերությունները վերաիմաստավորելու և դրանց նոր խթան հաղորդելու համար:

Երկկողմ փոխգործակցության զարգացման համատեքստում կարևորվել է երկու երկրների միջև քաղաքական շփումների, մասնավորապես՝ արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացումը, որը հնարավորություն կտա տեսակետներ փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացման, տարածաշրջանի խնդիրների, միմյանց համար զգայուն հարցերի և դիրքորոշումների վերաբերյալ:

Գոհունակությամբ արձանագրելով, որ տարեցտարի ավելանում են Ծոցի երկրներից, այդ թվում՝ Կատարից զբոսաշրջիկների այցելությունները Հայաստան, որում էական դերակատարում ունեն կատարական ավիաընկերության կողմից իրականացվող ավիաթռիչքները, զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև մուտքի արտոնագրի ազատականացման հնարավորությունը, ինչպես նաև փոխշահավետ համագործակցության ծավալման նպատակով կատարական ավիաընկերության հետ համագործակցությունը զարգացնելու հեռանկարը:

Հանրապետության Նախագահը և Կատարի Էմիրը փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության խթանման տեսանկյունից կարևորել են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչպես նաև միջկառավարական հանձնաժողովի նիստերի անցկացումը:

Հայկական կողմից քննարկման համար առաջարկվել են տարբեր ոլորտներում մի շարք ներդրումային ծրագրեր: Դիտարկվել է Հայաստանի տարանցիկ հնարավորությունների օգտագործումը, հատկապես` Հայաստանի միջոցով մուտքը դեպի Եվրասիական տնտեսական միության երկրներ:

Հանրապետության Նախագահի առաջարկով Կատարի Էմիրը հանձնարարել է Կատարի էկոնոմիկայի նախարարին, ով միաժամանակ Կատարի ներդրումային կազմակերպության նախագահի տեղակալն է, առանձին հանդիպում ունենալ ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Կատարում գտնվող Հայաստանի էկոնոմիկայի նախարարի հետ և առավել հանգամանորեն քննարկել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ներուժն ու հեռանկարը: Այցի շրջանակներում նման քննարկումներ իրականացնելու հանձնարարություն ՀՀ Նախագահից և Կատարի Էմիրից ստացել են նաև երկու երկրների ավիացիայի բնագավառի պատասխանատուները:

Երկկողմ հարաբերություններից բացի, զրուցակիցները քննարկել են բազմակողմ ձևաչափով փոխգործակցության զարգացման հնարավորությունները: Նախագահ Սերժ Սարգսյանը և Կատարի Էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Այդ համատեքստում Կատարի Էմիրը կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումը` ընդգծելով, որ ԼՂ հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով և երկխոսության միջոցով այլընտրանք չունի:

Հանդիպումից հետո ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի, Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b01 %d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b02 %d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b03

Իմ գործունեության ոլորտը երկու թև ունի՝ թատրոն և գրականություն. Անուշ Ասլիբեկյան

Թատերարվեստի, աշխատանքային գործունեության և գրականության արդի խնդիրների մասին է «Հայերն այսօր»-ի հարցազրույցը գրող, ՀՀ գրողների միության անդամ, թատերագետ Անուշ Ասլիբեկյանի հետ:

Անո´ւշ, ստեղծագործական ի՞նչ ուղի եք անցել:

-Ամեն բան սկսվեց բուհի ընտրությունից, ընդունվեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, թատերագիտական ֆակուլտետն ավարտելուց հետո՝ հրավիրվեցի դասավանդելու նույն ինստիտուտի Արվեստի պատմության և տեսության ամբիոնում: Միաժամանակ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի գիտաշխատող եմ: Իսկ գրականությունն ինձ հետ է մանկությունից: 2009թ. առաջին՝ «Բարի գալուստ իմ հեքիաթ» (պատմվածքներ և մեկ պիես) ժողովածուիս լույս ընծայումից հետո՝ առաջին քայլերս արեցի նաև դրամատուրգիայի ոլորտում: 2010թ. գրքում զետեղված «Թռիչք քաղաքի վրայով» պիեսս բեմադրվեց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի բեմում (բեմադրիչ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյան): Ներկայացումը մասնակցել է 10-ից ավելի միջազգային թատերական փառատոների՝ ստանալով մի շարք գլխավոր մրցանակներ:

2015 թվականին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրվեց  իմ «Մերսեդես» պիեսը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին (բեմադրիչ՝ Հակոբ Ղազանչյան): Գլխավոր դերի համար ԱՄՆ-ից հատուկ հրավիրվեց սփյուռքահայ դերասանուհի Նորա Արմանին:

Պիեսն անմիջականորեն Հայոց ցեղասպանության իրադարձությունների մասին չէ, այլ՝ հայ ժողովրդի հետագա ճակատագրի վրա թողած հետևանքների: Ներկայացվում է 1948 թվականի մեծ ներգաղթի ժամանակ Հայաստան եկած Զարուհու և իր ընտանիքի պատմությունը:

Ներկայացման երաժշտությունը գրել է ամուսինս՝ երաժիշտ Վահան Արծրունին, որը 2015 թվականին արժանացավ Ազգային թատերական ամենամյա «Արտավազդ» մրցանակին` «Ներկայացման համար գրված լավագույն երաժշտություն» անվանակարգում: «Արտավազդ» մրցանակին արժանացավ նաև երիտասարդ դերասանուհի Նառա Սարգսյանը՝ «Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում: 2016-ին «Մերսեդես» ներկայացումը հրավիրվեց մասնակցելու «Կահիրեի ժամանակակից և փորձարարական ներկայացումների 23-րդ միջազգային թատերական փառատոնին», որտեղ, չնայած լեզվական խոչընդոտին, ներկայացումը մեծ հաջողություն ունեցավ: Ներկայացմանը ներկա են գտնվել նաև Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը և Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Տ.Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը, որոնց հրավերով «Մերսեդեսը» խաղացվել է տեղի հայկական մշակութային կենտրոնում. երկու երեկո լեփ-լեցուն դահլիճներով՝ հայ համայնքի համար:

2015 թվականին Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի կողմից առաջարկ եմ ստացել գրելու Կոմիտաս վարդապետի կյանքն ու գործունեությունը ներկայացնող պիես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Կոմիտաս. Լույս բարեբեր» պիեսը հայ-ռուսական համատեղ նախագիծ էր, բեմադրիչներն էին Իվան Լատիշևը և Սանկտ Պետերբուգում բնակվող ռեժիսոր, բեմադրիչ Համլետ Հայրապետյանը: Ներկայացման մեջ Վահան Արծրունին ոչ միայն երաժշտական ձևավորման հեղինակն էր, այլև՝ երգչուհի Հասմիկ Բաղդասարյանի հետ գործող անձ էր և կատարող:

Սանկտպետերբուրգաբնակ հայերը հնարավորություն ունեցան Վարդապետի կյանքի ամենակարևոր, շրջադարձային իրադարձությունների մասին ներկայացում դիտելուց բացի, լսել նաև Վահան Արծրունու երգերը՝ «Կոմիտաս. Տասը հայտնություն» շարքը՝ գրված Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա:

Լրագրողական ասպարեզում էլ աշխատանքային փորձ ունեմ: Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում սովորելու տարիներին զգալով, որ ուսանողական մամուլի կարիք կա՝ հիմնադրեցի և ուսումնառության տարիներին խմբագրեցի «Արվեստ» ուսանողական ամսագիրը։

2014 թվականին լույս է տեսել իմ երկրորդ՝ «Մոյրաների նոթատետրից» ժողովածուն (խմբագիր՝ Դավիթ Մուրադյան): Բացի այդ, նշեմ, որ ստեղծագործություններս ներկայացված են մի քանի լեզուներով՝ տեղի ու արտերկրի գրական մամուլում և մի շարք գրական անթոլոգիաներում (ծաղկաքաղ):

Վերջերս գերմանաբնակ գրող Ագապի Մկրտչյանի թարգմանությամբ Գերմանիայում լույս տեսավ հայ ժամանակակից պոետների անթոլոգիան: Գերմանական հայտնի հրատարակչության (Größenwahn Verlag Frankfurt am Main, 2017) պատվերով տպագրված հայ ժամանակակից բանաստեղծների «Հայաստանի սիրտը»(«Armeniens Herz») ժողովածուում, հուրախություն ինձ՝ ընդգրկված են նաև իմ բանաստեղծությունները:

–«Մերսեդես» պիեսը գրելիս՝ ի՞նչ աղբյուրներից եք օգտվել:

-Ականջալուր լինելով Հայաստանում հաստատված Հայոց ցեղասպանության վերապրածների շառավիղների պատմություններին՝ հարուստ նյութ քաղեցի պիեսիս համար:

Ինձ շատ են օգնել լուսահոգի սկեսուրիս՝ Նարիս Արծրունու պատմած պատմություններն իր հայրենադարձ ընկերների մասին: Ծաղկաքաղ անելով այդ պատմությունները՝ մի օր նրան գրքի տեսքով անակնկալ մատուցեցի: Այս է պատճառը, որ գիրքը նվիրեցի նրան:

 Հե՞շտ է երաժշտի կին լինելը:

-Ես կասեի հաճելի է երաժշտի, արվեստագետի, ազնիվ մտավորականի կին լինելը: Իրար հետ համագործակցում ենք ու ոգշնչվում: Մեր գործունեությունը հպման մի կետ ունի՝ թատրոնը: Պիեսներիս բեմադրությունների երաժշտությունը հիմնականում Վահան Արծրունին է գրում: Նշեմ նաև, որ համատեղ ամուսնությունից երկու երեխա ունենք՝ Անաիսը և Անդրեասը:

%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b73

Սփյուռքի հայկական համայնքների հետ համագործակցությունն ինչպե՞ս է ստացվում:

-Ի տարբերություն ամուսնուս՝ Սփյուռքի հետ հաստատված բազմամյա ստեղծագործական կապին, իմ կապը հայկական համայնքների հետ տեղի ունեցավ Կոմիտասին նվիրված վերոնշյալ բեմադրությունից հետո միայն: Ցավոք, մյուս բեմադրությունները Սփյուռքում ներկայացնելու առիթ դեռևս չի եղել, միայն, երբ որևէ երկրի միջազգային թատերական փառատոնին մասնակցելու հրավեր ենք ունենում, այդ առիթից օգտվելով՝ հայ համայնքները դիմում են մեզ՝ նաև իրենց համար խաղալու առաջարկով: Եվ սա ամենամեծ խնդիրն է:

Կոմիտասի երաժշտությունը Ձեզ միշտ ուղեկցու՞մ է:

-Անշուշտ: Ոչ միայն երաժշությունը, այլև նրա անձը՝ որպես մեծ հայրենասեր, արվեստի իսկական մշակ, ուղեկցում է ինձ: Ապշեցուցիչ է. նա կարողացել է իր լուռ, անդադրում, նպատակասլաց աշխատանքով բյուրեղացնել հայկական մշակույթը, ակունքները մաքրել և փոխանցել մեզ՝ ապագա սերունդներիս՝ որպես անգնահատելի պարգև ու գանձ: Առհասարակ, կոմիտասյան բոլոր ստեղծագործությունները հոգեհարազատ են ինձ:

Վերջերս հանդիպել եք ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Ի՞նչ թեմաների շուրջ եք քննարկում ծավալել:

-Քանի որ Սփյուռքում հայկական դրամատուրգիան լավ չի ներկայացված, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ քննարկեցինք այն աշխարհասփյուռ հայերի շրջանում տարածելու հետ կապված հարցեր: Նախարարը պատրաստակամորեն համաձայնեց համապատասխան քայլեր ձեռնարկել և համագործակցության մեջ լինել: Սփյուռքյան համայնքներում պետք է  հայ ժամանակակից դրամատուրգներին ճանաչելի դարձնել:

Արվեստի տարբեր ճյուղերով եք զբաղված: Չէիք ասի, թե ո՞րն է հատկապես Ձեզ հոգեհարազատ:

-Առհասարակ, իմ գործունեության ոլորտը երկու թև ունի՝ թատրոն և գրականություն: Մասնագիտությամբ թատերագետ եմ, բայց հոգիս, էությունս ու կենսակերպս՝ գրականությունն է, գրող եմ՝ անկախ ժանրային բազմազանությունից:

Ինչ վերաբերում է թատրոնին, սկսած 1998թ., թատերախոսականներս ու գիտական հոդվածներս պարբերաբար տպագրվում են մամուլում: Այժմ պատրաստում եմ «Վիլյամ Սարոյանի դրամատուրգիայի բեմականության հարցը» թեմայով գիտական թեզը: Սա մի թեմա է, որը մինչև այժմ լիարժեքորեն չի ներկայացվել:

Վիլյամ Սարոյանի մասին մենք շատ քիչ բան գիտենք, մեր իրականության մեջ Սարոյանն իբրև արձակագիր ուսումնասիրված է, սակայն, որպես դրամատուրգ՝ ոչ այնքան: Իմ նպատակն է գիտականորեն հետազոտել, գտնել այն կարևոր հենքը, որն էլ բեմական է դարձնում այս դրամատուրգիան և ուղղորդել բեմադրիչներին, ընթերցողներին: Ընդունված է համարել, թե Սարոյանը շուրջ 15 պիեսների հեղինակ է, սակայն նա մոտ 250 պիեսի ունի, որոնց մեծ մասը թարգմանված չէ, մի մասն էլ անտիպ են:

Ժամանակակից գրողների մասին ի՞նչ կասեք:

-Սա նույնպես խնդիր է, կարծում եմ՝ ժամանակակից հայ գրողները լավ չեն ներկայացված: Այսօր էլ նրանց կողմից ստեղծվում է փառահեղ գրականություն,  ունենք հրաշալի գրողներ, սակայն պետք է նրանց ներկայացնել ոչ միայն մեր ընթերցողներին, այլև թարգմանաբար՝ դրսում: Ժամանակն է նաև դասագրքերում ընդգրկել ժամանակակից գրողների ստեղծագործությունները, նրանց հետ պարբերաբար հանդիպումներ կազմակերպել՝ վերականգնելով նախկին ավանդույթը:

Համացանցը նույնպես քիչ դեր չունի գրողի հանրահռչակման գործում, օրինակ՝ Ֆեյսբուքում գրականագետ Անի Փաշայանը ստեղծել է «Գրականություն» փակ խումբը, որը գործում է 2014 թվականից: Այս բովանդակալից խմբում ամեն օր օգտատերերը կարող են կարդալ ժամանակակից գրողների ստեղծագործությունները, ծավալել բանավեճ գրականության և արվեստի շուրջ, ազատորեն մասնակցել տեղադրված նյութերի շուրջ ծավալված բանավեճերին: Էջը նպատակ ունի հայտնաբերել և ներկայացնել գրական նոր անուններ:

Ո՞րն է Ձեր սեղանի գիրքը:

-Այս պահին հիշեցի գրասեղանս, որը ծանրաբեռնված է հիմնականում մասնագիտական, թատերագիտական, տեսական գրականությամբ, նաև՝ Վիլյամ Սարոյանի գրքերով՝ կապված իմ գիտական թեզի հետ:

Կրկին պետք է ասեմ, որ իմ սիրելի գրողը Վիլյամ Սարոյանն է՝ իր հրաշալի պիեսներով, «Մարդկային կատակերգություն» վեպով: Առհասարակ, իմ նախապատվությունը գրականության հարցում շատ լայն է: Սեղանիս գրքերից է նաև Կոմիտասի բանաստեղծությունների ժողովածուն, որը ժամանակին հրատարակել են Վահան Արծրունին և Այդին Մորիկյանը:

Զրուցեց Գևորգ Չիչյանը

 

Հայագիտությանը նվիրված գիտական կոնֆերանս Զալցբուրգի համալսարանում

Մայիսի 12-ին Զալցբուրգի համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ «Հայագիտության օր» խորագրով գիտական կոնֆերանս, որին մասնակցեց Ավստրիայում ՀՀ դեսպանությունը: Այն կազմակերպել էր Զալցբուրգի համալսարանի քրիստոնեական Արևելքի ուսումնասիրության կենտրոնը՝ հայագիտության ամբիոնի վարիչ Յասմին Դում-Թրագուտի գլխավորությամբ և Ավստրիայում ՀՀ դեսպանության հետ գործակցությամբ: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Գիտաժողովը նվիրված էր Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

Համալսարանի ռեկտորի անունից բացման խոսքով հանդես եկավ պրոռեկտոր Ֆաթմա Ֆերեյրա-Բրիզման, ով ողջունեց գիտաժողովի մասնակիցներին և ունկնդիրներին և ներկայացրեց Զալցբուրգի համալսարանի կողմից քրիստոնեական Արևելքի ուսումնասիրությանը և, մասնավորապես, հայագիտության ուղղությամբ տարվող հետևողական քաղաքականությունը:

Այնուհետև, ՀՀ դեսպանության ներկայացուցիչը ներկաներին փոխանցեց Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի ուղերձը, որում ՀՀ դեսպանը շնորահակալություն էր հայտնել ինչպես համալսարանի ղեկավարությանը՝ հայագիտության նկատմամբ հատուկ ուշադրություն ցուցաբերելու, այդպես էլ այդ գիտական հավաքն իր հյուրընկալ տանիքի տակ ընդունելու համար: ՀՀ դեսպանը հատուկ առանձնացրել էր հայագիտության ոլորտում բազմաբովանդակ գիտական նախագծերի մեջ առանձնահատուկ ակտիվությամբ աչքի ընկնող պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտի՝ եվրոպական հայագիտության մեջ ունեցած մեծ ներդրումը:

Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան գիտնականներ, հետազոտողներ Ավստրիայի և եվրոպական այլ երկրների տարբեր համալսարաններից, ԱՄՆ-ից (Միչիգանի համալսարան), Ավստրալիայից (Սիդնեյի համալսարան), ինչպես նաև Զալցբուրգի համալսարանում գտնվող ԵՄ «Erasmus+» դասախոսների փոխանակման ծրագրով ԵՊՀ-ի գործուղաված արևելագիտական ֆակուլտետի դասախոսներ, որոնք իրենց ելույթներում արծարծեցին հայագիտական թեմաների լայն շրջանակ:

Գիտական քննարկումների ավարտից հետո աստվածաբանական ֆակուլտետի մատուռում Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու քահանա տեր Անդրեաս Իսախանյանը մատուցեց հայկական ժամերգության կարգ՝ հայկական հոգևոր երգերի ուղեկցությամբ:

Գիտաժողովի մասնակցիների և ունկնդիրների համար Ավստրիայում ՀՀ դեսպանության անունից կազմակերպվեց ընդունելություն:

%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b61 %d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b62 %d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b64