Մայիսի 31-ից կմեկնարկեն Աստանա-Երևան-Աստանա ուղիղ չվերթները

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը ղազախական Scat ավիաընկերությանն Աստանա-Երևան-Աստանա երթուղին շահագործելու թույլտվություն է տրամադրել:

Ինչպես տեղեկացնում են Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից, ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ կիրականացնի մայիսի 31-ից: Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին:

Հիշեցնենք, որ Scat ավիաընկերությունը շաբաթական 3 անգամ՝ չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին, թռիչքներ է իրականացնում նաև Ակտաու-Երևան-Ակտաու երթուղով:

Թեհրանում բացվել է «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը

Թեհրանի «Արարատ» մշակութային միությունում բացվել է Հայաստանի անկախության հռչակման 25-ամյա տարեդարձին նվիրված «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը,-տեղեկացնում է «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամը:

Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել են Հայաստանի Հանրապետության 1990-2016 թվականների ընթացքում տեղի ունեցած կարևոր մշակութային, գիտական, քաղաքական, հասարակական, տնտեսական և այլ իրադարձությունների ժամանակագրությունը:

Վերջիններս ներկայացվում են մեկ կամ երկու լուսանկարի տեսքով և տեքստային հավելվածով: Ավելի քան 160 լուսանկար ներկայացվում են փաստագրական, արխիվային և գեղարվեստական ձևաչափով:

Հիշեցնենք, որ ցուցահանդեսը 2016 թ. առաջին անգամ ներկայացվել է Երևանում, ապա Լոս Անջելեսում և Փարիզում:

Ընթացիկ տարում ցուցահանդեսը կկազմակերպվի նաև Մոսկվայում (Հայկական եկեղեցական համալիրի Տապան թանգարանում), իսկ Թեհրանի ցուցահանդեսից հետո այն կներկայացվի Բեյրութում՝ հունիսի սկզբին:

Շուշիի Մեղրեցոց եկեղեցում պեղումներ են կատարվում

Շուշիում գտնվող Մեղրեցոց եկեղեցում առաջին անգամ մեկնարկել են պեղման և մաքրման աշխատանքներ:

 «Արցախպրես»­-ի   թղթակցի  հետ զրույցում տարածքում պեղումներ    իրականացնող  «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-­ի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանն   ասել  է, որ  նպատակը եկեղեցու ուրվագիծը բացելն է:

«Եկեղեցին հիմնականում քանդել և բետոնապատել են: Մեր հիմնական ակնկալիքը եկեղեցու հիմքերն ուսումնասիրելն է: Կարևորն  այն  է, որ  եկեղեցու արևելյան պատն ու խորանը պահպանված են»,-­նշել է   Ն.  Երանյանը:

Նշենք, որ   Շուշիի    Մեղրեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին   կառուցվել է 1833 թվականին Մահտեսի Հախումյանի ծախսերով Շուշիի վերին մասում համանուն թաղում։ Արձանագրություններում այն  հիշատակվում է,  որպես Սուրբ Ամենափրկիչ Մեղրեցոց եկեղեցի։ Աղոթասրահը  ուղղանկյուն ծավալատարածական հորինվածք է ունեցել։ Թաղակապ կամարները հանգում էին սրահի կենտրոնի չորս սյուների և երկայնական պատերի վեց որմնասյուների վրա։ ՈՒնեցել է երկու դուռ հարավային և արևմտյան կողմերից և 10 լուսամուտ։

Փայլանը խորհրդարանում բարձրաձայնել է Ցեղասպանության մասին առաջիններից բարձրաձայնած թուրքական «Բելգե» հրատարակչության հանդեպ ճնշումների մասի

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Ստամբուլում հեղինակավոր «Բելգե» հրատարակչության գրասենյակի վրա թուրքական ոստիկանության հատուկջոկատայինների կազմակերպած գրոհի և հրատարակչության 2000-ից ավելի գրքի առգրավման հարցը տեղափոխել է խորհրդարանի օրակարգ, Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական t24.com.tr կայքը:

Հայազգի պատգամավորը գրավոր հարցում է հղել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին և խնդրել պատասխանել, թե նման ոստիկանական գործողությունը և նման գրքերի առգրավումն ինչ շոշափելի օգուտ են տալիս թուրքական հասարակությանը, և ինչ հիմքեր ունի հրատարակչության վրա կազմակերպված գրոհը:

Փայլանը նաև հետաքրքրվել է, թե որ իրավունքով են առգրավվել գրքերը՝ առանց դատարանի համապատասխան որոշման:

Ավելի վաղ Twitter-ի իր պաշտոնական էջում Փայլանը նշել էր, որ «Բելգե» հրատարակչությունը լույս է սփռել ու փաստարկել Թուրքիայի հանցավոր անցյալը, հայազգի պատգամավորը խորհուրդ էր տվել ոստիկանության հատուկջոկատայիններին կարդալ իրենց կողմից առգրավված գրքերից գոնե մի քանիսը:

«Բելգե»-ն «փաստաթղթավորել» է Թուրքիայի հանցավոր անցյալը: Այդ առգրավված գրքերից մի քանիսը գոնե կարդացեք…», – գրել էր Փայլանը:
«Բելգե» հրատարակչությունը, շուրջ 40 տարի չհրաժարվելով իր ընդդիմադիր հայացքներից, գործել է Թուրքիայում և զբաղվել բազմաթիվ օտարալեզու պատմագիտական գրքերի թուրքերեն թարգմանությամբ, ինչպես նաև թուրքերեն հեղինակային գրքերի, որոնք լույս են սփռել Թուրքիայի այլընտրանքային, պաշտոնական պատմագրությունից դուրս մնացած անցյալի վրա:

Հրատարակչությունը պարբերաբար ենթարկվել է հարձակումների և ժամանակ առ ժամանակ ստիպված եղել դադարեցնել աշխատանքը:

«Բելգե» հրատարակչությունն առաջիններից էր Թուրքիայում, որն անդրադարձել է Հայկական հարցին դեռևս 1990-ականների սկզբին: «Բելգե» հրատարակչությանն են պատկանում «Հուշամատյան ապրիլի 24-ի», «Թուրքիայի վարած ուծացման և լեզվասպանության քաղաքականությունը», «Հայոց ցեղասպանություն» և Հայկական հարցին նվիրված տասնյակ այլ գրքեր:

Ստորագրվեց ՀՀ և ՉԺՀ միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր

Մայիսի 12-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և դեսպան Թիան Ըրլունը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը:

Ստորագրված փաստաթղթով նախատեսվում է Չինաստանի կողմից Հայաստանին շուրջ 14,5 մլն ԱՄՆ դոլարի անհատույց տրամադրում՝ շտապ օգնության 200 մեքենաներ ձեռք բերելու նպատակով:

Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկուն (նստավայրը՝ Թբիլիսի)՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել պապական նվիրակին վերջին հինգ տարիների նրա աշխատանքի, Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի և անձնական մեծ ներդրման համար:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ վերջին հինգ տարիները նոր հնչեղություն հաղորդեցին Հայաստան-Վատիկան միջպետական հարաբերություններին՝ ամրապնդելով բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու առկա փոխըմբռնումը։ Նախագահ Սարգսյանի համոզմամբ, այդ ժամանակահատվածում տեղի ունեցած, հիրավի, պատմական իրադարձությունները՝ Վատիկանում Հայաստանի դեսպանության հիմնումը, բարձր մակարդակի փոխայցելությունները, այդ թվում՝ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի «Այցը առաջին քրիստոնյա երկիր»՝ Հայաստան, Պապի կողմից ի լուր աշխարհի էկումենիկ պատարագի մատուցումը հայ ժողովրդի ցեղասպանված որդիների հավերժ հիշատակին, աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու վարդապետի» տիտղոսի շնորհումը, նոր բովանդակությամբ հարստացրին միջպետական օրակարգն ու լրացուցիչ հնարավորություններ բացեցին համագործակցության հետագա խորացման համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին իր հետագա առաքելության իրականացման ժամանակ էլ կհիշի Հայաստանը և կշարունակի մնալ մեր երկրի և ժողովրդի լավ բարեկամը:

Արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին՝ իր գործունեության ողջ ընթացքում ցուցաբերած աջակցության համար և ընդգծել, թե երախտապարտ է, որ իրեն հնարավորություն և շնորհ տրվեց մասնակցություն ունենալ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված պատմական իրադարձությունների կայացմանը:

Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Սարգիսյանն այցելեց ՀՀ սփյուռքի նախարարություն

Մայիսի 12-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Սարգիսյանն այցելեց ՀՀ սփյուռքի նախարարություն և հանդիպեց մտավորականների, նախարարության աշխատակազմի հետ:

Ողջունելով Թեհրանի Հայոց թեմի առաջնորդին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ մեծ պատիվ և երջանկություն է հանդիպել Հայ Առաքելական եկեղեցու ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի հետ: «Տեր Սեպուհ արք. Սարգիսյանը ծնվել է Սիրիայի Ճուխա հայաբնակ գյուղում,  կրթությունը շարունակել Լիբանանում, Անթիլիասում: Եղել է Իրաքի Բասրա քաղաքի հայ համայնքի հոգևոր հովիվը, Բերիո հայոց թեմի Առաջնորդական Փոխանորդը, ծավալել է միջեկեղեցական գործունեություն, նշանակվել կաթողիկոսական փոխանորդ Քուվեյթում և Պարսից Ծոցի երկրներում, այնուհետև՝ ընտրվել Թեհրանի Հայոց թեմի Պատգամավորական ժողովի առաջնորդ: Նա նաև խմբագրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կիրակնօրյա դպրոցների պաշտոնական ամսագիրը՝ «Նոր Դրազարկ»-ը»:

Նախարարը կարևորեց Սեպուհ Սրբազանի ներդրումը Իրանում հրատարակչական աշխատանքներում՝ ընդգծելով, որ  նրա անմիջական հովանավորությամբ լույս են տեսել ավելի քան 130 գրական և աստվածաբանական գրքեր:

«Ուր էլ գնացել եք, Ձեր հոգու ջերմությունն ու սերն եք փոխանցել մեր հայրենակիցներին, Ձեզ սիրել են և հարազատի նման ընդունել: Շնորհակալ ենք, որ Դուք կաք, որ այդքան վառ և հզոր եք պահում Իրանի հայ համայնքը: Դուք մեր մեծագույն բարեկամն ու ընկերն եք, մենք սիրում և սպասում ենք Ձեզ Հայրենիքում», – նշեց ՀՀ սփյուռքի նախարարը:

Բարձր գնահատելով Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Սարգիսյանի՝ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, Հայրենիքին և Սփյուռքին մատուցած ծառայությունների, Սփյուռքի համայնքների միջև և Հայրենիքի հետ կապերի ամրապնդման, հայապահպանության գործում նշանակալի ներդրումը, ինչպես նաև բարեգործական և հասարակական ակտիվ գործունեությունը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը վերջինիս պարգևատրեց  ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալով:

Գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Սարգիսյանը շնորհակալություն հայտնեց գնահատանքի համար և նշեց. «Սիրելի՛ տիկին Հակոբյան, ինձ համար հաճելի և հուզիչ է այս պահը: Ես մեր եկեղեցու և իմ ժողովրդի խոնարհ ծառան եմ: Երանի նրանց, ովքեր ծառայում են իրենց ազգին: Որ երկրում էլ եղել եմ, առաջինը հպարտությամբ նշել եմ, որ հայ եմ՝ Ցեղասպանություն տեսած և վերապրած ազգի զավակ: Փառք Աստծո, որ այսօր ունենք ազատ, անկախ Հայաստան և Արցախ: Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը նույնպես այսօր իրականություն է: Մենք պետք է հավատանք, որ մի օր էլ ունենալու ենք ամբողջական Հայրենիք»:

Այնուհետև Թեհրանի Հայոց թեմի առաջնորդը պատասխանեց ներկաների հարցերին:

%d5%a9%d5%a5%d5%b0%d6%80%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%b8%d6%81-%d5%a9%d5%a5%d5%b4%d5%ab-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%b6%d5%b8%d6%80%d5%a4-%d5%a3%d5%a5%d6%80%d5%a1%d5%b7%d5%b6%d5%b8%d6%80%d5%a9%d5%a5%d5%b0%d6%80%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%b8%d6%81-%d5%a9%d5%a5%d5%b4%d5%ab-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%b6%d5%b8%d6%80%d5%a4-%d5%a3%d5%a5%d6%80%d5%a1%d5%b7%d5%b6%d5%b8%d6%80

ՀՀ քաղաքացիները կարող են մեքենա վարել ՌԴ-ում՝ նաև ՀՀ վարորդական վկայականով

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են առանց խոչընդոտների Ռուսաստանի Դաշնության տարածքում վարել տրանսպորտային միջոցներ ինչպես ՀՀ ազգային, այնպես էլ միջազգային (ազգայինի հետ միասին) վարորդական վկայականներով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը:

Նշվում է, որ 1968 թվականի նոյեմբերի 8-ին Վիեննա քաղաքում ստորագրված «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող ՀՀ ազգային և միջազգային վարորդական վկայականները վավեր են կոնվենցիայի անդամ (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, մասնավորապես՝ ՌԴ-ում) բոլոր երկրներում:

Որևէ երկրի տարածքում անմիջականորեն տրանսպորտային միջոց վարելու հետ կապված ձեռնարկատիրական և (կամ) աշխատանքային գործունեության իրականացմանը (օրինակ՝ տաքսու կամ երթուղային ավտոբուսի վարորդ կամ առաքիչ աշխատելը), ապա այդ դեպքում վարորդական վկայականի կիրառության հարցը կարգավորվում է տվյալ երկրի օրենսդրությամբ:

Կայացել է Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը:
Նիստում ներկայացվել են տոնական միջոցառումների վերաբերյալ մի շարք առաջարկություններ, քննարկվել են գերատեսչությունների կողմից այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է բոլոր շահագրգիռ մարմիններին՝ սեղմ ժամկետում ամփոփել միջոցառումների ծրագրի հայեցակարգի շուրջ քննարկումները, մշակել ծրագրի նախագիծ՝ ներառելով բոլոր առաջարկությունները և ներկայացնել քննարկման հանձնաժողովի հաջորդ նիստում:

Կիրականացվեն Երևան-Լոնդոն չվերթներ

Armenia ավիաընկերությունը վրացական Georgian Airways ավիաընկերության հետ համատեղ մեկնարկում է Երևան–Լոնդոն–Երևան կանոնավոր չվերթը՝ Թբիլիսիում կանգառով։ Առաջին չվերթը նախատեսված է մայիսի 20-ին, հաղորդում է Armeniasputnik.am-ը:

«Թբիլիսին այսօր այլընտրանք է դարձել Մոսկվային, Փարիզին, Վիենային։ Մեր ավիաընկերություններն արել են դրա համար ամեն հնարավոր բան` սկսած հասանելի սակագներից մինչև հարմարավետ թռիչք»,- ասել է Armenia ավիաընկերության տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը։

Նրա խոսքով` եթե Երևանից Լոնդոն Մոսկվայով թռիչքը կարող է տևել 22 ժամ, ապա Թբիլիսիով թռիչքի դեպքում այդ ժամանակահատվածը կրճատվում է երեք անգամ։ Դա այն բանի հաշվին է, որ Թբիլիսիում կանգառը կարճ է, իսկ առանձին դեպքերում ուղևորները դուրս չեն գալիս ինքնաթիռից։

Ինքնաթիռը Երևանից կթռչի Թբիլիսի, որտեղից կեսժամանոց կանգառից հետո կուղևորվի Լոնդոն՝ Gatwick օդանավակայան:

Հալեպի հայկական ծերանոցն այսօր. լուսանկարներ

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ Perio News-ը լուսանկարների միջոցով ներկայացնում է Հալեպի Պոստան Փաշա շրջանում գտնվող հայկական ծերանոցի այսօրվա վիճակը:

Հավելենք, որ Սիրիական պատերազմի պատճառով ծերանոցում ապրող տարեցները նախ տեղափոխվել էին Աստուրյան հիվանդանոց, ապա՝ «Վերժինե Գյուլբենկյան» մայրանոց-հիվանդանոց:

%d5%ae%d5%a5%d6%80%d5%a1%d5%b6%d5%b8%d6%81%d5%ae%d5%a5%d6%80%d5%a1%d5%b6%d5%b8%d6%811%d5%ae%d5%a5%d6%80%d5%a1%d5%b6%d5%b8%d6%812%d5%ae%d5%a5%d6%80%d5%a1%d5%b6%d5%b8%d6%813%d5%ae%d5%a5%d6%80%d5%a1%d5%b6%d5%b8%d6%814 %d5%ae%d5%a5%d6%80%d5%a1%d5%b6%d5%b8%d6%816%d5%ae%d5%a5%d6%80%d5%a1%d5%b6%d5%b8%d6%817

Արցախում գրանցվել է օտարերկրյա զբոսաշրջիկների քանակի աճ

2017 թվականի առաջին եռամսյակում Արցախում գրանցվել է ներգնա զբոսաշրջիկների թվաքանակի 10 տոկոս աճ 2016 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ:

Ինչպես հայտնում են ԱՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունից, առաջին եռամսյակում Արցախ են այցելել հիմնականում ՌԴ, ԱՄՆ, Իրանի և եվրոպական մի շարք երկրների քաղաքացիներ: Առաջին եռամսյակում ամենաայցեվող զբոսաշրջավայրերի շարքում են Տիգրանակերտի արգելոցը, Գանձասարի վանական համալիրը, Հունոտի կիրճ բնապատմական արգելոցը և Ծաղկաշատի ազգագրական համալիրը՝ Նիկոլ Դումանի տուն-թանգարանով հանդերձ: Հետաքրքրության աճ է նկատվում նաև Տողի մելիքական ապարանք արգելոցի նկատմամբ: Զբոսաշրջիկների այցելության հիմնական նպատակն է ճանաչողական հանգստի կազմակերպումը Արցախում:

ԱՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ս. Շահվերդյանի խոսքով, զբոսաշրջային սեզոնին ընդառաջ նման տվյալների արձանագրումը խոստումնալից է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոսքը վերաբերում է միայն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր մուտքի արտոնագրեր են ստացել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում:

ԱՄՆ Ազգային հետախուզությունը նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղում լարվածության պահպանման մասին

Միացյալ Նահանգների ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոթսը մայիսի 11-ին հրապարակել է ԱՄՆ Հետախուզության (Intelligence Community) 2017 թվականի զեկույցը, որում կա հատված՝ 2016 թվականի ապրիլին Արցախում Ադրբեջանի նախահարձակ գործողությունների մասին: Արմենպրեսի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Asbarez-ը:

Հայտարարության Հայաստանի ու Ադրբեջանի մասին հատվածում մասնավորապես նշվում է, որ կողմերի միջև հարաբերություններում լարվածությունն ավելացել է 2016 թվականի ապրիլին: «Փոխզիջման գնալու կամքի բացակայությունը և ներքին ճնշման աճը խոսում են այն մասին, որ բռնության լայնածավալ աճի ներուժը 2017 թվականին պահպանվելու է»,- ասվում է հետախուզական ծառայության զեկույցում:

Առանձին հատված անդրադառնում է նաև Ադրբեջանին. «Ադրբեջանում առկա տնտեսական բարդությունները կարող են մարտահրավեր նետել ռեժիմին և ավելացնել այլախոհների նկատմամբ բռնաճնշումները՝ միտված իշխանության պահպանմանը, մինչ երկիրը փորձում է հավասարակշռել հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի ու Արևմուտքի միջև»:

ՀՀ սփյուռքի նախարարության Երախտագիտության մեդալ` Վենետիկի համալսարանի պրոֆեսորին

Մայիսի 5-ին Հռոմում` Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում, տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որի ընթացքում Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Վիկտորիա Բաղդասարյանը ՀՀ սփյուռքի նախարարության Երախտագիտության մեդալ հանձնեց Վենետիկի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանին:

Սոնա Հարությունյանը հեղինակ է Հայոց ցեղասպանությանը, հայ դանթեագիտությանը, լեզվաբանությանը, թարգմանաբանությանը նվիրված քառասունից ավելի հրապարակումների: Նա նաև «Հայոց Ցեղասպանության թեման իտալական գրականության մեջ» մենագրության հեղինակն է: Նրա թարգմանությամբ լույս են տեսել Ա. Հերմետի և Պ. Ռատտիի «Հայերի Վենետիկը» գիրքը, ինչպես նաև Ա. Արսլանի «Արտույտների ագարակը», «Զմյուռնիայի ճանապարհը» և «Մշո գիրքը» Հայոց ցեղասպանությանը նվիրված վեպերը:
Սոնա Հարությունյանը գիտական զեկույցներով հանդես է եկել Հայաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Մալթայի, Հոլանդիայի, Լեհաստանի, Շվեյցարիայի, Հունգարիայի, Թայվանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մի շարք համալսարաններում ու գիտական հաստատություններում: Որպես այցելու դասախոս դասավանդել է Ֆրեզնոյի և Նյու Յորքի համալսարաններում:

Սոնա Հարությունյանի անխոնջ գործունեության շնորհիվ հատկապես կրթական ոլորտում հայ-վենետիկյան փոխհարաբերությունները վերջին տարիներին թևակոխել են մի նոր փուլ: Հարկ է նշել, որ այս գործունեությունը ոչ միշտ է հնարավոր եղել ծավալել բարենպաստ պայմաններում, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին ադրբեջանցիները ներթափանցել են նաև Կա’Ֆոսկարի համալսարան` փորձելով ոչ միայն հիմք դնել ադրբեջաներենի դասավանդմանը, այլև խանգարել հայկական միջոցառումներին:

«Առավոտ» օրաթերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք, թե ինչպես Սոնա Հարությունյանի «Հայոց Ցեղասպանության թեման իտալական գրականության մեջ» գրքի շնորհանդեսի օրը ադրբեջանցիները զուգահեռ միջոցառում էին կազմակերպել համալսարանի միևնույն պալատի մեկ այլ դահլիճում «Ադրբեջանական և իտալական տեսակետները բազմամշակութայնության վերաբերյալ» թեմայով: Սակայն նրանց չէր հաջողվել շեղել հանրության ուշադրությունը հայազգի գիտնականի` Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքի շնորհանդեսից:

Նշենք, որ Եվրախորհրդի նախաձեռնությամբ 2016 թվականին Վենետիկում տեղի ունեցած «Լեզուների եվրոպական օր» ամենամյա միջոցառման շրջանակում արևելյան լեզուների համակարգողը Սոնա Հարությունյանն էր, և առաջին անգամ, ի թիվս այլ լեզուների, Վենետիկի Գոլդոնիի անվան թատրոնի բեմից հնչեց նաև հայերեն` Վենետիկի համալսարանում հայագիտություն ուսումնասիրող ուսանողների կողմից: Սոնա Հարությունյանի համառ ջանքերի և Վենետիկի ու Երևանի պետական համալսարանների գործուն համագործակցության շնորհիվ կրթական ոլորտում հայ-վենետիկյան փոխհարաբերությունների ամենամեծ հաղթանակը եղավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+» ծրագիրը, որի արդյունքում ԵՊՀ մասնագետները կդասախոսեն և հետազոտական աշխատանքներ կկատարեն Վենետիկի համալսարանում, իսկ Կա’Ֆոսկարիից մասնագետներ կմեկնեն ԵՊՀ: Նախատեսվում է նաև ուսանողների փոխանակություն: Ստացված դրամական միջոցների գերակշռող մասը հատկացվելու է Հայաստանին:

«Հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հակոբյանին` ինձ նման պատվի արժանացնելու համար, և Ձեզ` տիկի´ն դեսպան, այս հանդիսավոր արարողության համար: Մեծապես զգացված և հուզված եմ ու պիտի խոստովանեմ, որ ինձ համար մեծ անակնկալ էր, քանզի երբեք չեմ համարել, որ այն, ինչ անում եմ, արժանի է պարգևի: Վստահ եմ, որ աշխարհասփյուռ հայերս, համախմբվելով մեր պետության հովանու ներքո, համատեղ ջանքերով և համառ գործունեությամբ մեր ձայնը հասու կդարձնենք աշխարհի տարբեր կողմերում` հարվածելով Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը, ինչպես նաև ըստ արժանվույն ներկայացնելով Մայր Հայաստանի և Արցախ աշխարհի ձեռքբերումները»,- նշել է տիկին Հարությունյանն իր շնորհակալական ելույթում: Մեդալի հանձնման հանդիսավոր արարողության ավարտին Սոնա Հարությունյանի որդին` տասներեքամյա Նարեկը, դուդուկով կատարել է «Դլե յաման» ու «Էս գիշեր, լուսնյակ գիշեր» ստեղծագործությունները:

Աղբյուրը՝ aravot.am

%d5%ab%d5%bf%d5%a1%d5%ac%d5%ab%d5%a13 %d5%ab%d5%bf%d5%a1%d5%ac%d5%ab%d5%a12 %d5%ab%d5%bf%d5%a1%d5%ac%d5%ab%d5%a11