Տեղի ունեցավ «Ստեղծարարություն, նորարարություն, ժուռնալիստիկա և հանրային կապեր» թեմայով դասախոսություն

Մայիսի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում  Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս Մարի-Հրաչուհի Պողոսյանը հանդես եկավ դասախոսությամբ, որին ներկա էին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ:

Բանախոսը, ծավալելով երկարամյա աշխատանքային գործունեություն «NASA տիեզերական առաքելությունների զարգացման» ծրագրում՝ որպես նորարարական տեխնոլոգիական առաջարկների վերանայման և գնահատման մենեջեր, ինչպես նաև ունենալով  երկարամյա դասավանդման փորձ ստեղծարար մտածողության, տեխնոլոգիական ինովացիաների, ինովացիոն ձեռնարկատիրության, համակարգերի նախագծման և արժեքի գնահատման ոլորտներում, նախարարության աշխատակիցներին ներկայացրեց ստեղծարարության, նորարարության, ժուռնալիստիկայի և հանրային կապերի մերօրյա կարևորության  և կիրառելիության բանաձևերը:

Մարի-Հրաչուհի Պողոսյանը մասնավորապես նշեց. «Ստեղծարարությունը ուղղակի և անուղղակի կերպով բարելավում է մեր կյանքը, նոր գիտելիքներով զինում մեզ, ծնում նոր մտքեր և մոտեցումներ, հարստացնում  առօրյան, կոտրում է պահպանողական կարծրատիպերը, արթնացնում նորը հայտնաբերելու մեր մեջ առկա բնազդը: Այն ի վերջո ստեղծում է ավելի բարեկարգ պետություն և միջավայր: Այս դասախոսության նպատակը ստեղծարար և նորարար մտածողության հիմունքների, հմտությունների, տարրերի և գործոնների բացահայտումն է, քննադատական մտածողության խրախուսումը և համագործակցության կարևորության վերհանումը: Այս ամենի կիրառումը թույլ կտա աշխարհի հետ համարժեք քայլել և զարգանալ»:

Դասախոսության ընթացքում հնչեցին հարցեր, ներկաները ներկայացրին իրենց կարծիքներն ու փորձը:

Նշենք, որ դասախոսությունը կրելու է պարբերական բնույթ, և Սփյուռքի նախարարության բոլոր աշխատակիցները կունենան հնարավորություն այն ունկնդրելու:

Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում

Մայիսի 4-ին Նիդերլանդների Միդելհարնիս քաղաքում՝ հայ ռազմաերիներին նվիրված հուշարձանի մոտ, ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվեց հիշատակի արարողություն, որի ընթացքում հարգանքի տուրք մատուցվեց Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ հոլանդական դիմադրության շարժմանն ակտիվորեն մասնակցած, այնուհետև, գերի ընկած և նացիստների կողմից գնդակահարված հայ զինվորների հիշատակին։

Մայիսի 9-ին Նիդերլանդների Ամերսֆորտ քաղաքում տեղի ունեցան Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցեցին մի շարք երկրների դեսպաններ, այդ թվում՝ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Ուտրեխտի նահանգում Թագավորի հանձնակատարը, Ամերսֆորտի և Լյուսդենի քաղաքապետերը, պաշտոնյաներ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունից և այլ գերատեսչություններից, վետերաններ, ազգային համայնքների ներկայացուցիչներ:

Տեղի ունեցավ «Անմահ գնդի» երթը, որի մասնակիցները կրում էին Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած իրենց հարազատների նկարները:

Դիվանագիտական առաքելությունների ղեկավարների, այդ թվում ՝ ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանի և քաղաքային իշխանությունների կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին «Ռուստհոֆ» հուշահամալիրում` խորհրդային զինվորների փառքի հուշարձանին և ծաղկեզամբյուղներ՝ Դաշնակից զորքերի օդաչուների հուշարձանին:

Տեղեկանք․«Ռուստհոֆ» հուշահամալիրում ամփոփված են խորհրդային 865 զինվորի աճյուններ: Վերջին տարվա ընթացքում շարունակվել է անհայտ կորած համարվող զինվորների ինքնության ճշտման գործընթացը և արդեն հաջողվել է պարզել նրանցից 201-ի ինքնությունը:

Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներ Բաթումիում

Մայիսի 9-ին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայ համայնքային կառույցների և ներկայացուցիչների կողմից Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղիկների զետեղման արարողություն՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում և 1992 թ. Շուշիի ազատագրման մարտերում զոհված մարտիկների:

Այնուհետև, Ալեքսանդր Մանթաշյանի անվան հայկական կրթամշակութային կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հաղթանակի օրվան, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման 25-ամյակին: Ելույթներով հանդես եկան Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Աջարիայի հայերի միության նախագահ Գրիգոր Վարդանյանը, Վրաստանի ՀՕՄ Բաթումիի մասնաճյուղի համակարգող Էթերի Հակոբյանը:

Հայրենասիրական բանաստեղծությունների ասմուքնով հանդես եկան Մանթաշյանի անվան կրթամշակութային կենտրոնի սաները: Ցուցադրվեցին վավերագրական ֆիլմեր Շուշիի ազատագրման և Հայրենական Մեծ պատերազմի մասին: Միջոցառումների ավարտին ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից ներկաների համար կազմակերպվեց ընդունելություն:

Տեղեկանք․Մայիսի 8-ին ՀՀ գլխավոր հյուպատոսը և աջարահայ համայնքային կառույցների ղեկավարները այցելել էին Հայրենական մեծ պատերազմի բաթումցի վետերաններին և նրանց հանձնել նվերներ:

Կրկնակի հաղթանակի օր Սուրգուտի հայկական դպրոցում

Մայիսի 7-ին ՌԴ Սուրգուտ քաղաքի Գրիգոր Նարեկացու անվան հայկական կիրակնօրյա դպրոցի աշակերտների և ուսուցիչների համատեղ ուժերով նշվեց Մայիսի 9-ը՝ Հայրենական մեծ պատերազմի և Շուշիի հաղթանակի օրը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են դպրոցից, ցերեկույթի մասնակիցները պատմեցին Հայրենական մեծ պատերազմին մասնակցած քաջարի հայորդիների, նրանց պայքարի, հերոսացման, հաղթանակի, Բեռլինում պարած քոչարիի, ինչպես նաև 1992 թվականի մայիսի 9-ին արիասիրտ հայորդիների ազատագրած Շուշիի, «Հարսանիք լեռներում» գործողության, Արցախյան պատերազմում հաղթանակի,   հայ ժողովրդի մարտական ոգու և հերոսության մասին:

Մասնակիցները ծանոթացան նաև Հայրենական մեծ պատերազմում զոհված Հովսեփ Եղիշի Վարպետյանի կյանքին և գործունեությանը՝ վերջինիս անձնական, պետական փաստաթղթերի և լուսանկարների միջոցով:

%d5%bd%d5%b8%d6%82%d6%80%d5%a3%d5%b8%d6%82%d5%bf %d5%bd%d5%b8%d6%82%d6%80%d5%a3%d5%b8%d6%82%d5%bf2

Շուշիի ազատագրման 25-ամյակին նվիրված ցուցահանդես Լոս Անջելեսում

Լոս Անջելեոսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կայացավ Շուշիի ազատագրման 25-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդես: Արարատ ցուցասրահի հետ գործակցությամբ ներկայացվեցին հայ հայտնի գեղանկարիչների և քանդակագործների աշխատանքներ: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Իր ելույթում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչ Վալերի Մկրտումյանը շեշտեց մշակութային ձեռնարկների դերն ու նշանակությունը՝ համայնքին համախմբելու և Հայաստանի և Սփյուռքի արվեստագետներին ու արվեստասերներին միմյանց կապելու գործում:

Ցուցահանդեսին ներկա էին Գլենդեյլի քաղաքապետ Վարդան Կարապետյանը, քաղաքային խորհրդի անդամներ, հայ համայնքի հոգևոր և հասարակական կառույցների ներկայացուցիչներ, արվեստասերներ:

Տեղեկանք․ Ամերիկահայ արվեստասերներին ներկայացվեցին Մինաս Ավետիսյանի, Արա Ալեքյանի, Այվազ Ավոյանի, Վահրամ Դավթյանի, Գագիկ Գևորգյանի, Հակոբ Հակոբյանի, Վահագն Իգիթյանի, Գաբրիել Մանուկյանի, Տարոն Մուրադյանի և Վարուժան Վարդանյանի աշխատանքները:

%d5%b7%d5%b8%d6%82%d5%b7%d5%ab1%d5%b7%d5%b8%d6%82%d5%b7%d5%ab2%d5%b7%d5%b8%d6%82%d5%b7%d5%ab3

Խաչքարի օծման արարողություն Բելգիայի Կորտրիկ քաղաքում

Բելգիայի Կորտրիկ քաղաքի «Նարեկ» հայկական մշակութային միությունը Կորտրիկ քաղաքում տեղադրել է Խաչքար՝ որպես Բարեկամության խորհրդանիշ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է միության նախագահ Արտակ Ժամհարյանը, այդ առթիվ մայիսի 27-ին, ժամը՝ 13:00-ին, տեղի է ունենալու խաչքարի բացման և օծման արարողությունը:

Նախագահի նստավայրում ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև ստորագրվել է քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագիր

Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև ստորագրվել է քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագիր, որը կգործի մինչև 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:

Քաղաքական վերոնշյալ երկու ուժերը կոալիցիոն հուշագրով քաղաքական պատասխանատվություն են ստանձնել կառավարության ողջ գործունեության համար: Ստորագրված փաստաթղթում ամրագրված են քաղաքական կոալիցիայի շրջանակներում համագործակցության ռազմավարական նպատակները, կոալիցիայի առաջնահերթությունները, գործունեության և կազմակերպման կարգը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության կողմից՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

***

Երևան, 11 մայիսի 2017թ.

ՀՈՒՇԱԳԻՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը՝

– վերահաստատելով 2016 թվականի փետրվարի 24-ին երկու կուսակցությունների միջև կնքված քաղաքական համագործակցության մասին համաձայնագրին իրենց հավատարմությունը և նրանում ամրագրված դրույթների կատարման պատասխանատվությունը,

– հաշվի առնելով 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրության արդյունքները,

– համադրելով Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ներկայացրած նախընտրական ծրագրերը,

– կարևորելով 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական բարեփոխումներով սկսված համակարգային և որակական փոփոխությունները խորացնելու և անշրջելի դարձնելու անհրաժեշտությունը,

– առաջնահերթ համարելով հասարակության մեջ պետության և ապագայի հանդեպ վստահության ու լավատեսության հիմքերի ստեղծման նպատակով նոր որակի իշխանության ձևավորումը,

– նպատակ ունենալով կառավարության կազմում երկու կուսակցությունների համատեղ ջանքերով ապահովելու մարդու անվտանգ ու բարեկեցիկ կյանքը՝

ձևավորում են քաղաքական կոալիցիա և քաղաքական պատասխանատվություն են ստանձնում կառավարության ողջ գործունեության համար:

1. Համագործակցության ռազմավարական նպատակները

1.1. Ամբողջացնել մարդու արժանապատվության անխախտելիության ու իրավունքի գերակայության սկզբունքների լիարժեք իրացումը երաշխավորող մարդու իրավունքների ու ազատությունների ապահովման համակարգը:

1.2. Կառավարման խորհրդարանական ձևին անցնելու այս փուլում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համահունչ և միջազգային լավագույն փորձի հաշվառմամբ, ձևավորել համապատասխան օրենսդրություն:

1.3. Ապահովել հանրային իշխանության բոլոր մարմինների թափանցիկ, հաշվետու և արդյունավետ աշխատանքը՝ ձևավորելով սահմանադրական նոր կարգից բխող ներիշխանական հարաբերություններ:

1.4. Նպաստել քաղաքական կուսակցությունների միջև մրցակցության, հանդուրժողականության և համագործակցության մթնոլորտի խորացմանը, կուսակցությունների ներքին ժողովրդավարության զարգացմանը:

1.5. Երաշխավորել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ընդհանուր անվտանգությունը:

1.6. Արտաքին հարաբերություններում առաջնորդվել բացառապես ազգային-պետական շահերով:

1.7. Ապահովել հայ ժողովրդի լիարժեք և անմիջական մասնակցությունը հայոց պետականության ամրապնդման գործում՝ վերարժևորելով հայության տարբեր հատվածների դերն ու նշանակությունը:

2. Քաղաքական կոալիցիայի առաջնահերթությունները

2.1. Նոր թափ հաղորդել հակակոռուպցիոն պայքարին և արժանիքահենք կադրային քաղաքականությանը:

2.2. Սահմանել արդյունավետ կառավարման չափորոշիչներին համապատասխանող կառավարության նոր կառուցվածք և գործունեության կարգ:

2.3. Ամբողջացնել ազգ-բանակ հայեցակարգը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հայրենական գիտական և տեխնոլոգիական մտքի վրա հիմնված ռազմարդյունաբերական համակարգի ստեղծմանը:

2.4. Շարունակել կատարելագործել ընտրական համակարգը:

2.5. Ձևավորել կայուն զարգացում ապահովող սոցիալական շուկայական տնտեսական համակարգ, վերանայել իրականացվող սոցիալական քաղաքականությունը:

2.6. Սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնք կբացառեն բնական ռեսուրսների գերշահագործումը, նվազագույնի կհասցնեն շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու կյանքի և առողջության վրա բացասական ազդեցությունը, կապահովեն բնական ռեսուրսների արդյունավետ կառավարումը և դրանց նկատմամբ վերահսկողությունը:

3. Քաղաքական կոալիցիայի գործունեության և կազմակերպման կարգը

3.1. Քաղաքական կոալիցիոն համագործակցությունը վերաբերում է կառավարության ողջ գործունեությանը:

3.2. Քաղաքական կոալիցիայի կողմերն առաջնորդվում են փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության, տարաձայնությունները բանակցությունների և քննարկումների միջոցով լուծելու մոտեցումներով՝ հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության ամբողջական պատասխանատվության գիտակցմամբ:

3.3. Քաղաքական կոալիցիայի կողմերը քաղաքական պաշտոնները միմյանց միջև բաշխում են խորհրդակցությունների միջոցով ձեռք բերված համաձայնությամբ: Վարչապետի առաջադրման իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:

3.4. Քաղաքական կոալիցիայի կողմերը մինչև համապատասխան պաշտոնի համար թեկնածու ներկայացնելը՝ այն ներկայացնում են կոալիցիայի մյուս կողմին:

3.5. Քննարկումների արդյունքում տվյալ կուսակցությանը վերապահված պաշտոնում կարող է նշանակվել միայն տվյալ կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն:

3.6. Թեկնածուի առնչությամբ մյուս կուսակցությունը կարող է ներկայացնել դիրքորոշումներ, որոնք հրապարակման ենթակա չեն:

3.7. Քաղաքական կոալիցիայի կողմերը պարտավորվում են.

3.7.1. Սահմանադրության փոփոխությունները, սահմանադրական օրենքները ընդունել համախոհությամբ: Կողմերը պետք է ձգտեն այլ հարցերի շուրջ որոշումները ևս ընդունել համախոհությամբ:
Համախոհություն չձևավորվելու դեպքում քաղաքական կոալիցիայի կողմերը, պահպանելով փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության նորմերը, կարող են հրապարակայնորեն ներկայացնել իրենց դիրքորոշումները: Համախոհության բացակայության դեպքում, անկախ իրենց դիրքորոշումից, կողմերը պարտավոր են ապահովել ընդունված որոշման իրագործումը իշխանության բոլոր մակարդակներում և օղակներում:

3.7.2. Համագործակցության կողմերից մեկի առաջարկությամբ քննարկման առարկա դարձնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և կառավարության գործունեությանը վերաբերող ցանկացած հարց:

3.7.3. Քաղաքական կոալիցիայի աշխատանքների արդյունավետության, կանոնավոր միջկուսակցական շփումների ապահովման և տեսակետների համադրման նպատակով ձևավորել կոալիցիոն խորհուրդ, որն իր գործունեությունը իրականացնում է պարբերաբար հրավիրող նիստերի միջոցով: Կողմերի համաձայնությամբ կարող են ձևավորվել նաև մարզային խորհուրդներ:

3.8. Քաղաքական կոալիցիայի կողմերի միջև սկզբունքային տարաձայնությունների առաջացման դեպքում դրանք լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերելու դեպքում կուսակցություններից յուրաքանչյուրը, մյուս կողմին գրավոր տեղեկացնելով, կարող է դուրս գալ կոալիցիայից:

3.9. Քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին սույն հուշագիրը գործում է մինչև 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:

Հայաստանի Հանրապետական
կուսակցության նախագահի
տեղակալ

Արմեն Աշոտյան

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ

Աղվան Վարդանյան

Շվեյցարացիները մեծ շուքով ներկայացրել են հայկական մշակույթը.լուսանկարներ

Մայիսի 1-ին Շվեյցարիայի Բազելի հարևանությամբ գտնվող Աեշ գյուղաքաղաքի ավստրիացի փիլիսոփա Ռուդոլֆ Շտայների անվան դպրոցում տեղի է ունեցել «Հայկական մշակույթի օր» խորագրով ամենամյա միջոցառումը: 12-րդ անգամ կազմակերպվող միջոցառման նպատակն է շվեյցարացիներին ծանոթացել այլազգիների մշակույթին, խոհանոցին ու ավանդույթներին: Այս անգամ ընտրվել էր Հայաստանը, որի մշակույթը ներկայացնելու էին հրավիրվել Գերմանիայի Մյունխեն քաղաքի Հայ հայրենակցական միության «Անուշ» պարախումբը և «Շողեր» երգչախումբը:

«Շատ ջերմ, հայերին բնորոշ անկեղծ հյուրընկալության արժանացանք. ամենուր հայկական շունչն էր թևածում, կարծես՝ փոքրիկ Հայաստանում գտնվեինք, իսկ մեր ազգային խորհրդանիշերը՝ Եռագույն, նուռ և այլն, զարդարում էին դպրոցը, որոնցից աննկարագրելի զգացողություններով էինք համակվում»,Հայերն այսօր»-ի հետ զրույցում իր տպավորություններով կիսվեց «Անուշ» պարախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Անուշ Չախալյանը՝ հավելելով, որ բերկրանքի ու հպարտության պահերը կրկնապատկվել են՝ տեսնելով, թե ինչպես են դպրոցի աշակերտներն իրենց ծնողների հետ հայկական պարեր պարում և կերակուրներ պատրաստում: Ի դեպ, նրանք ամեն ջանք գործադրել են, որ զգեստները հայկական տարազի մոտիվներով լինեն:

«Անուշ»-ը  ներկայացրել է Սայաթ-Նովայի «Նազանի», «Անուշ», «Մենք ենք, մեր սարերը», «Վեր-վերի», Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին նվիրված պարային համարներ և այլն: Ավարտին բեմ են բարձրացրել Անմոռուկը՝ բացատրելով խորհուրդն ու նշանակությունը:

«Շողեր» երգչախումբը ժողովրդական, հոգևոր, դասական երգերով է հանդես եկել՝ ելույթն ամփոփելով «Էրեբունի-Երևան» երգի կատարմամբ:

«Միջոցառման վերջում դպրոցի կառավարիչներից Վեռենա Հեսփելթի առաջարկով՝ ներկայացրի հայ ազգի պատմությունը, նաև խոսեցի ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժման և դրա շուրջ մեր պարախմբի կատարած աշխատանքների մասին՝ ցուցադրելով շարժման հայերեն և անգլերեն պաստառները»,-զրույցն ամփոփեց Անուշ Չախալյանը:

Գևորգ Չիչյան

 74

18 9a

116

Ցուցատախտակ և վահանակ Տաջիկստանում՝ հայկական համայնքի նախաձեռնությամբ

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվա առիթով Տաջիկստանի հայկական համայնքը՝ Հրանտ Ղազարյանի ղեկավարությամբ, ցուցատախտակ և մեծ վահանակ է պատրաստել, որը տեղադրել է Տուրսունզադե քաղաքի  դպրոցի պատին, որը կրում է Հայրենական մեծ պատերազմի վետերան, «Փառքի նշան» շքանշանի ասպետ, մեր քաջազուն հայրենակցի՝ Գ. Իսրայելյանի անունը։

Մերի Փափազյանը դարձել է Սիլիկոնային հովտի խոշորագույն համալսարանի նախագահը. լուսանկարներ

Մերի Փափազյանը դարձել է ԱՄՆ Կալիֆորնիայի Սան-Խոսե համալսարանի նախագահը: Սիլիկոնյան հովտի համար համալսարանը հանդիսանում է մասնագետների դարբնոց: Փափազյանը դարձել է ուսումնական հաստատության 30-րդ ղեկավարը:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով rusarminfo.ru կայք-էջին, հայտնում է, որ երդմնակալության արարողությունը կայացել է համալսարանի տարածքում և Մարտին Լյութեր Քինգի անվան գրադարանում՝ մասնակցությամբ բուհի դասախոսական կազմի, ուսանողների, ինչպես նաև հայկական համայնքի և Հայ առաքելական եկեղեցու Արևմտյան թեմի ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Երդմնակալության ժամանակ արտասանած խոսքի ընթացքում ճանաչված գիտնական, անգլերեն գրականության դոկտոր Մերի Փափազյանը հիշել է Հայոց ցեղասպանությունը վերապրած իր նախնիների պատմությունը, ինչպես նաև խոսել է Կալիֆորնիայի կրթական ոլորտում հայերի ունեցած ներդրման մասին,-ասվում է համալսարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրութան մեջ:

Մերի Փափազյանը ամերիկյան Սա Խոսե համալսարանի ռեկտոր էր ընտրվել 2016 թվականին: Փափազյանը ոչ միայն ճանաչված դասախոս է, այլև Կալիֆորնիայի հայկական համայնքի գործուն անդամ, ինչպես նաև հայագիտությանը նվիրված մի շարք ծրագրերի նախաձեռնող ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ՝ Հայաստանում:

Մերի Փափազյանի ամուսինը պրոֆեսոր Դենիս Փափազյանն է, որը հանդիսանում է Միչիգանի համալսարանի հայագիտության կենտրոնի հիմնադիր տնօրենը:

c_agx40v0aar64_ c_ajhj0vyaaje_o c_cb5bjvoaakk1t meripap

 

Քուվեյթի ազգային վարժարանը ակտիվորեն մասնակցում է Սփյուռքի նախարարության ծրագրերին. Ներսես Սարգսյան

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առիթով Աբու Դաբի էր այցելել Քուվեյթի ազգային վարժարանի տնօրեն, դոկտոր Ներսես Սարգսյանը: Նա Ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառմանը հանդես եկավ բանախոսությամբ՝ մանրամասն անդրադառնալով Հայ դատի պատմությանը, Ցեղասպանության ճանաչման գործընթացին, Թուրքիայի ներկայիս ներքաղաքական իրավիճակին, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում Հայաստանի Հանրապետության անելիքներին, հայրենիքի հզորացման անհրաժեշտությանը:

Միջոցառման ավարտին Ներսես Սարգսյանի հետ զրուցեցինք Քուվեյթի ազգային վարժարանի մասին: Մինչ զրույցին անցնելը նշենք, որ 1961 թ. հիմնադրված ուսումնական հաստատությունը Ծոցի երկրների վարժարանների շարքում լավագույններից մեկն է: Շրջանավարտներն ընդունվում են ոչ միայն Արաբական երկրների բուհեր, այլև իրենց կրթությունը շարունակում Հայաստանի համալսարաններում: Վարժարանը կազմված է երեք մասից՝ նախակրթարան, միջնակարգ և երկրորդական դպրոց: Ի դեպ` վերջինն աշակերտներին նախապատրաստում է բակալավրիատ ընդունվելու:

Քուվեյթի ազգային վարժարանն այս ուսումնական տարում 398 աշակերտ ունի: Ընդգծենք, որ վարժարանում սովորում են միայն հայ աշակերտներ: Նրանց բարձրորակ կրթությունն ապահովում են 56 ուսուցիչներ, որոնց թվում՝ հայ և օտարազգի ուսուցիչներ: Կես դարից ավելի պատմություն ունեցող վարժարանը եղել և մնում է համայնքի ոգին, հայապահպանության ջատագովը: Հայաստանից, Արցախից Քուվեյթ այցելող պաշտոնյաները, քաղաքական, մշակութային գործիչներն առիթը բաց չեն թողնում ծանոթանալու ազգային վարժարանին: Մեր հարցին՝ համայնքի ծնողները ազգային վարժարանի՞ն, թե՞ այլ դպրոցների են նախապատվություն տալիս, Ներսես Սարգսյանը պատասխանեց, որ մեծ մասամբ համայնքը նախընտրում է երեխաներին ուղարկել ազգային վարժարան: Կան նաև ամերիկյան, անգլիական դպրոցներ ուղարկողներ: Վերջինս հասկանալի պատճառ ունի: Այդ դպրոցներում սովորած երեխաներն արտերկրի անգլալեզու համալսարաններ դիմելիս՝ դժվարությունների չեն հանդիպում: Եվ միանգամից ընդգծեց. «Ոչ թե հարցը ազգային միջավայրից հեռանալն է»: Նա նաև նշեց, որ վարժարանում քայլեր պետք է ձեռնարկվեն դասավանդման չափորոշիչները փոխելու, ընդհանուր չափորոշիչներին հարմարեցնելու ուղղությամբ: Նա վստահեցրեց, որ այդ փոփոխություններից հետո ծնողները երեխաներին այլ դպրոցներ չեն տանի:

Բնականաբար, ուսումնական հաստատության մակարդակն ապահովում են մասնագիտական կրթությամբ, բարձր որակավորում ունեցող մանկավարժները: Այդպիսիք են դասավանդում նաև Քուվեյթի ազգային վարժարանում. «Մենք պետք է որոշ չափանիշներ ամողջացնենք. յուրաքանչյուր դասավանդող պետք է վկայական ունենա, պետք է հատուկ քննություն անցնի»: Ի թիվս այլ առարկաների վարժարանում դասավանդվում է հայոց լեզու առարկան, որին մեծ ուշադրություն են դարձնում: Հետաքրքիր էր, թե վարժարանի կրթական համակարգում ինչպիսի դեր ունի արևելահայերենը, և կարող են արդյոք Հայաստանից եկած մասնագետները դասավանդել այստեղ. «Հայերեն առարկայի դասավանդման դեպքում արևելահայերենի հարցը մի քիչ դժվար է, որովհետև մենք, որպես Սփյուռքի դպրոց, արևմտահայերենի պահպանման առաքելություն ունենք: Մեր քերականությունը և դասավանդվող առարկաներն արևմտահայերեն են: Չնայած որպես գրականություն՝ արևելահայ գրողներ էլ ենք անցնում: Բայց սկզբունքը արևմտահայերենն է: Խորքում սա հակասական վիճակ չէ: Այլ առարկաների դասավանդման դեպքում խնդիր չկա, որ որևէ հայ մասնագետ Հայաստանից գա և դասավանդի»: Նա նշեց, որ մարմնամարզության ուսուցիչը՝ Արթուր Միրզոյանը, Հայաստանից է (Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից): Շուտով դպրոցում աշխատանքի պետք է անցնի նաև նրա բժշկուհի տիկինը:

Զրույցի ընթացքում չշրջանցեցինք նաև դասավանդման նոր մեթոդների կիրառման հարցը: Ներսես Սարգսյանն ասաց, որ իրենք փորձում են հնարավորինս ինտերակտիվ դաս մատուցել, որպեսզի հետաքրքրեն ժամանակակից երեխային, ինչպես նաև փորձում են կապել աշակերտին բնությանը, շրջապատող աշխարհին: Որպես օրինակ հիշեց Հովհաննես Այվազովսկու մասին ծովի ափին անցկացվող դասը, որն աշակերտներին հնարավորություն է տալիս տեսնելու նկարչի պատկերած ծովը, զգալու այդ շունչը:
Ինչպես հայտնի է, այսօրվա դպրոցն այլևս չի կարող քարացած մեթոդներով աշխատել, այն ձգտում է դառնալ ստեղծագործական, համագործակցության միջավայր աշակերտի և ուսուցչի համար: Դպրոցի որակը և հեղինակությունը պահելու համար անընդհատ պրպտումներ, քրտնաջան աշխատանք են անհրաժեշտ: Կարևոր են նաև այլ կրթօջախների հետ համագործակցությունը, փորձի փոխանակումը: Մեզ հետաքրքրում էր, թե Քուվեյթի ազգային վարժարանը համագործակցո՞ւմ է սփյուռքյան կրթօջախների հետ. «Ուղղակի համագործակցություն չունենք դպրոցական ցանցի հետ: Այդպիսի համակարգ էլ գոյություն չունի, որ մենք այլ համայնքների դպրոցների հետ հարաբերություններ ունենանք: Բայց, եթե, օրինակ, դասագիրք ենք ուզում բարեփոխել, սկսում ենք շփվել այլ համայնքների հետ, ինչպես նաև համագործակցում ենք սփյուռքի նախարարության հետ»: Ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարությանը, ապա այն ակտիվորեն մասնակցում է նախարարության համահայկական ծրագրերին: Այդպիսի օրինակ է Մայրենիի տոնին նվիրված «Իմ քաղցր լեզու» թեմայով շարադրությունների մրցույթը: Ի դեպ, մրցույթին ակտիվ մասնակցելու համար Քուվեյթի ազգային վարժարանը Սփյուռքի նախարարության կողմից արժանացել է շնորհակալագրի: Ներսես Սարգսյանը նաև հավելեց, որ իրենք անմասն չեն մնում Կիլիկիայի կաթողիկոսության նմանատիպ միջոցառումներից:

Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում irates.am-ի հատուկ թղթակից

Արցախում գնդակոծվել է «Շանթի» նկարահանող խումբը

Մայիսի 10-ին, ժամը 18-00-ի սահմաններում արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը:

«Շանթ» հեռուստաընկերությունից հայտնել են, որ հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան:

Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը:

Ուխտագնացություն սահմանից այն կողմ. տեսանյութ

Չինարիի մոտ՝ հակառակորդի վերահսկած տարածքում Վանական վարդապետի շիրմին, ուխտի էր գնացել հոգևորականների փոքրիկ խումբը՝ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ: Նրանք մոմ են վառել, խունկ ծխել, աղոթել հավատքի անսասանության ու հայրենիքի սահմաններին խաղաղության համար:

Մանրամասները՝ Հանրային հեռուստաընկերության տեսանյութում.

Ադրբեջանական զինուժը Թափկարակոյունլու-Թալիշ ուղղությամբ կատարել է զրահատեխնիկայի տեղաշարժ

Մայիսի 10-ին և լույս 11-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 65 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1700 կրակոց:

Ինչպես հաղորդում են ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից, Ադրբեջանական զինուժը Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետեր (4 արկ) և Դ-44 տիպի հրանոթներ (8 արկ): Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից մայիսի 10-ին ժամը 13:30-ի սահմաններում Թափկարակոյունլու-Թալիշ ուղղությամբ կատարել է զրահատեխնիկայի (շուրջ 10 տանկ) տեղաշարժ: Ժամը 14:55-ին դիտարկված տանկերը վերադարձել են իրենց ելման շրջանները:

ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շփման գծի ողջ երկայնքով իրականացրել աչալուրջ մարտական հերթապահություն:

Այս պահի դրությամբ օպերատիվ իրավիճակն առաջնագծում հանգիստ է: