«Հերոսների հետքերով». շուրջ 300 երիտասարդներ քայլարշավ են կազմակերպել դեպի Շուշի. լուսանկարներ

Այսօր ԱՀ մշակույթի ու երիտասարդության հարցերի և պաշտպանության նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել է ավանդական դարձած դաս-արշավ «Հերոսների հետքերով»՝ նվիրված Շուշիի ազատագրման և արցախյան բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ արշավը կազմակերպվել է Ստեփանակերտից դեպի Շուշի՝ երեք ուղղություններով՝ արևելյան՝ Ասկերանի շրջանի Շոշ գյուղի ուղղությամբ, կենտրոնական՝ Ստեփանակերտ-Շուշի մայրուղիով և արևմտյան՝ մայրաքաղաքի արվարձանային Կրկժան թաղամասից: Ուղղություններն ընտրվել են՝ Շուշիի ազատագրման մարտերի ժամանակ հայ զինվորականների առաջխաղացման պլանից ելնելով:

Մինչ արշավի սկսվելը Շուշիի ազատագրման արևելյան ուղղության հրամանատար Արկադի Կարապետյանը արշավի մասնակիցներին պատմել է բերդաքաղաքի ազատագրման գործողությունների վերաբերյալ, և այն ներկայացրել ռազմագործողությունների սխեման պատկերող պաստառի վրա:

Շուշի հասնելուց հետո արշավի մասնակիցները Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու բակում միասին բացել են Արցախի պետական դրոշը: Եկեղեցում օրհնություն ստանալուց և մոմավառությունից հետո մասնակիցները մեկնել են «Հունոտի կիրճ» արգելոցի Կատարոտ դաշտավայր, որտեղ կազմակերպվել է ճաշ, որին հաջորդել է ավանդական խաղեր, ազգային երգ ու պար: Արշավը եզրափակվել է մասնակիցների՝ Շուշիի Կերպարվեստի թանգարան այցելությամբ:

Մեր թղթակցի հետ զրույցում ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գայանե Գրիգորյանն ասել է, որ արդեն հինգերորդ անգամն է, ինչ եռատոնին ընդառաջ՝ անցկացվում է նմանատիպ արշավ:

«Միջոցառման խորհուրդն է հաղթանակի ոգին հաղորդել մեր երիտասարդ սերնդին, որպեսզի նրանք իմանան Շուշիի ազատագրման պատմությունը, և անցնելով այն ուղիները, որոնցով անցել են մեր մարտիկները, կարողանան ճիշտ գնահատել ազատամարտի դերն ու նշանակությունը: Սա մասնակիցների համար նաև լավ միջոց է՝ շփվելու միմյանց հետ և հետաքրքիր ժամանցի համար»,- ասել է փոխնախարարը:

ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության հարցերի բաժնի պետ Դավիթ Ղուկասյանն ասել է, որ արշավին մասնակցել են 300-ից ավելի մասնակիցներ՝ երիտասարդական և ուսանողական կառույցների ներկայացուցիչներ, պաշտպանության բանակի զինծառայողներ և այլոք:

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին

Վարչապետ Կարեն Կարապետյանը Շուշիի ազատագրման 25-ամյա հոբելյանի և Երկրապահի օրվա առթիվ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին: Կարեն Կարապետյանը ծաղիկներ է խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշաքարին:

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն

Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 25-ամյակի կապակցությամբ մայիսի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն, որտեղ Նախագահը հանդես է եկել ելույթով:

ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս եւ Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության եւ խիզախության համար պաշտպանության բանակի եւ ԱԱԾ մի խումբ զինծառայողների, ազատամարտիկների եւ կամավորների հանձնվել են պետական բարձր պարգեւներ:

Տարբեր ոլորտներում ակնառու հաջողություններ գրանցած եւ Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար պարգեւատրվել են նաեւ մի խումբ երախտավորներ:

Իր ելույթում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ մայիսյան Եռատոնը համայն հայության, հայոց անկախ պետականության ամենանվիրական տոներից է, տոն, որը լի է մեծագույն հպարտության ու արժանապատվության զգացումով, տոն, որը խորհրդանշում է մեր ժողովրդի տոկունությունն ու անկոտրում կամքը, հայրենասիրությունն ու անձնվիրությունը, անսպառ լավատեսությունն ու անսասան հավատքը:

«Մայիսյան եռատոնը յուրահատուկ պատգամ է մեր ողջ ժողովրդին, մեզ բոլորիս՝ հիշել հայրենիքի նվիրյալներին, շարունակել նրանց կիսատ թողած գործը, անել հնարավորը մեր անկախ պետականության հետեւողական ամրապնդման, զարգացման ու զորացման համար: Դա անվերապահորեն պահանջում է համակարգված, միասնական եւ քրտնաջան աշխատանք, հարենիքին ծառայելու անմնացորդ նվիրում»,- ընդգծել է Արցախի Հանրապետության Նախագահը:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Ֆրանսիայի նորընտիր նախագահի երդմնակալությունը կկայանա մայիսի 14-ին

Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի երդմնակալության արարողությունը  կայանալու է մայիսի 14-ին: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը Հաղթանակի 72-րդ տարեդարձի առիթվ  Փարիզում կազմակերպված միջոցառմանը:

Նախօրեին Ֆրանսիայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Թեկնածուներից Է. Մակրոնը ստացել է ձայների 66,06 տոկոսը՝ ընտրվելով Ֆրանսիայի նախագահ: Մյուս թեկնածու Մարին Լե Պենը հավաքել է 33,9 տոկոս, գրում է panorama.am-ը:

25 տարի առաջ ազատագրվեց Շուշին

Մայիսի 8-ը հայ ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունի: 1992 թվականի հենց այս օրը ազատագրվեց Շուշին։ Շուշիի ազատագրումը բեկումնային դարձավ Ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին: Այս տարի լրանում է Շուշիի ազատագրման 25-րդ տարին:

Ադրբեջանի կողմից սկսված պատերազմի շրջանում Շուշին վերածվել էր ադրբեջանական զինվորական հենակետի։ Հակառակորդը, օգտագործելով քաղաքի բարձրադիր դիրքը, արդեն 1991 թվականի ավարտին սկսել էր գնդակոծել ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը։ Իրավիճակը կտրուկ վատացել էր 1992 թվականի փետրվարին: Հակառակորդը սկսել է գնդակոծել հատկապես բնակելի թաղամասերը: Նույն թվականի ապրիլի վերջին  ընդունվել է որոշում՝ գրոհելով ազատագրել Շուշին ադրբեջանցիների զինված խմբավորումներից։

1992 թվականի մայիսի 8-ի գիշերը Շուշիի ազատագրմանը մասնակցել է 3800 կամավոր՝ Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) գլխավորությամբ։ Ճակատը եղել է 45 կմ։ Հարձակումն իրականացվել է մի քանի ուղղություններով։

Արդեն մայիսի 9-ի առավոտյան՝ 04:00-ին, Արկադի Տեր-Թադևոսյանը հայտարարել է, որ հակառակորդի բոլոր խմբավորումները լքել են Շուշին և այն այլևս ազատագրված է:

Շուշիի ազատագրման գործողությունը կոչվում է «Հարսանիք լեռներում»: Այս մասին հարցազրույցներից մեկում Արկադի Տեր-Թադևոսյանը պատմել է. «Ռազմական տեսանկյունից մենք պատրաստ չէինք Շուշին ազատագրել: Վազգեն Սարգսյանը (այդ ժամանակ պաշտպանության նախարար) ասաց, որ շտապել պետք չէ, բայց Շուշին պետք էր ազատագրել: Այդ ժամանակ ես խոստացա նրան, որ եթե մենք գրավենք Շուշին, ապա լեռներում կկազմակերպենք նրա հարսանիքը: Այդպես առաջացավ օպերացիայի «Հարսանիք լեռներում» անվանումը»:

Հավելենք, որ Շուշի անվանումն առաջացել է «շոշ» բառից, որն Արցախի բարբառում նշանակում է ծառի այն նորաբույս ճյուղը, որն ամենաբարձրն է բոլոր մնացածներից: Այս անվանումը Շուշին ստացել է իր աշխարհագրական բարձրադիր դիրքի համար:

Նախագահը Արցախում հանդիպում է ունեցել զորացրված և դեռևս ծառայության մեջ գտնվող զինծառայողների հետ

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր Շուշիում հանդիպում է ունեցել 2017 թվականին զորացրված, ինչպես նաև ներկայումս ժամկետային զինծառայության մեջ գտնվող և ծառայության ընթացքում անձնվիրության ու խիզախության համար խրախուսման արժանացած մի խումբ զինծառայողների և զորացրված սպաների հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ինչպես նաև լեգենդար զինվորականներ` գեներալ լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը և գեներալ մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, որոնց անցած ուղին օրինակ է ներկայիս զինծառայողների համար:

Արդեն ավանդական դարձած այս ձևաչափով հանդիպմանը Նախագահը զինծառայողներին առաջարկել է անկաշկանդ խոսել իրենց անհանգստացնող խնդիրների, պաշտպանության ոլորտի արդիականացման, բարեփոխումների, հայրենիքի հետագա հզորացման ու զարգացման պատկերացումների մասին և ներկայացնել իրենց առաջարկությունները: Սերժ Սարգսյանը նաև պատրաստակամություն է հայտնել պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, լսել զինվորականների կարծիքները պաշտպանության նախարարի առաջարկած «Պատիվ ունեմ» և «Ես եմ» գաղափարների վերաբերյալ:

«Հենց առաջին հանդիպումից հետո ծնվեց գաղափար` այս հանդիպումները դարձնել պարբերական՝ հույս ունենալով, որ հունվարին Դիլիջանում տեղի ունեցած խոսակցությունը կզարգանա և կընթանա նույն ճանապարհով: Սա մեզ հնարավորություն է տալիս մի կողմից` որպես խրախուսանք օգտագործել այս հանդիպումները, որովհետև դժվար թե ձեզնից շատերը հնարավորություն ունենային հանդիպելու Կոմանդոսի, Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ, մյուս կողմից էլ` դա մեզ հնարավորություն է ընձեռում ուշադրություն դարձնել այն հարցերի և հանգամանքների վրա, որոնք, միգուցե, առաջին հայացքից մեզ համար տեսանելի չեն՝ սկսած ձեր համազգեստի հարմարավետությունից, ձեր սպառազինության ամբողջականությունից, վերջացրած մարտական պատրաստականության խնդիրներով:

Այսօր մեզ բոլորիս համար շատ հիշարժան օր է, շատ հիշարժան օր, որովհետև, եթե 25 տարի առաջ չլիներ այս օրը, մենք ոչ միայն հնարավորություն չէինք ունենա այստեղ նստելու, այլ միգուցե արդեն կորցրած կլինեինք այս Արցախ աշխարհը, որովհետև Շուշիի ազատագրումը հնավորություն տվեց մեզ ամբողջովին մոբիլիզացնելու մեր ուժերը, դառնալու «ազգ-բանակ» ու հասնելու նրան, որ Ղարաբաղն ամբողջովին ազատագրվի, և ապահովվի գոնե այստեղ ապրողների անվտանգությունը:

Հիմա շատերն են փորձում խոսել, մեկնաբանել՝ ոմանք դրական տեսանկյունից, ոմանք բացասական, ուրիշներն ինչ-որ տեղ նաև հեգնական, այն գաղափարը, որ առաջ քաշեց պաշտապնության նախարարը, նկատի ունեմ` «ազգ-բանակ»-ը: Ովքեր լավ չեն ըմբռնում այս գաղափարի էությունը, նրանց խորհուրդ կտամ շփվել այն մարդկանց հետ, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել մեր ազատամարտին՝ անկախ նրանից` եղել են զինված ուժերի կազմում, թե ապրել են քաղաքացիական կյանքով:

Ուզում եմ, որպեսզի դուք, գնահատելով ուրիշների վաստակը, գնահատելով այն մարդկանց վաստակը, ովքեր հնարավոր են դարձրել մեր հաղթանակը, գնահատեք նաև ձեր վաստակը, որովհետև եթե չլինեիք դուք, չլինեին ձեզնից առաջ ծառայողները, ակնհայտ է, որ ավագ սերնդի հաղթանակները գրոշի արժեք չէին ունենա: Հաղթանակը նրանով է հաղթանակ, երբ կարողանում ես այն պահել: Ինքներդ գնահատելով ձեր վաստակը՝ պետք է պահանջատեր լինեք, պետք է ակտիվ լինեք, որպեսզի մեր երկիրը զարգանա, հնարավորություն ունենա պահելու իր զինված ուժերը, համալրելու սպառազինությունը»,-հանդիպման սկզբում ասել է Նախագահը:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հանրապետության նախագահին և հանդիպման մասնակիցներին ներկայացրել է պաշտպանության ոլորտի արդիականացման և բարեփոխումների շրջանակում կատարվող հերթական նախագիծը, որը կոչվում է «Դիտակետ»: Այն, ըստ նախարարի, կոչված է զորացրված զինծառայողների մասնակցությամբ զորամաս առ զորամաս վեր հանելու առկա խնդիրները, դրանց լուծումներ տալու և բանակում ապահովելու առավելագույն թափանցիկություն և հաշվետվողականություն:

Նախագահը ողջունել և կարևորել է նման ծրագրի ներդրումը` հանձնարարելով պարբերաբար զեկուցել արդյունքների մասին համապատասխան հետևություններ կատարելու նպատակով:

Հունաստանի քաղաքական կուսակցությունները զորակցել են հայկական պահանջատիրական պայքարին

Կիրակի, մայիսի 7-ին, Աթենքի Նիկիայի քաղաքապետարանի սրահում Հայկական Հարցին նվիրված ՌԱԿ Հայ իրավանց հանձնախումբը միջոցառում էր կազմակերպել։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են հունահայ համայնքի «Հայաստան կենտրոն»-ից,միջոցառմանը իրենց զորակցությունը հայտնելու էին եկել Հունաստանի խորհրդարանի քաղաքական կուսակցություննեը և հայկական հայրենասիրական ճակատի ուժերը։

Հունաստանի խորհրդարանի անունից ողջույնի խոսք հղեց խորհրդարանի պատգամավոր Էվանգելիա Կարակոստան, իսկ ՀՀ իշխանության անունից՝ լիազոր դեսպան Ֆադեյ Չարչողլյանը։

Ողջույնի խոսքերով հանդես եկան նաև Սոցյալ Դեմոկրատ Հնչակյան կուսացությունը, Հայկական Ժողովրդային Շարժումը, Հունահայոց թեմական խորհուրդը, Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը, Հունահայ Երիտասրադության ներկայացուցիչը։

Օրվա հիմնական բանախոսներ էին համալսարանի դասախոս, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Կոնստանտինոս Արվանիտոպուլոսը, ով խոսեց Հայոց ցեղասպանության քաղաքական տարողության մասին, իսկ լրագրող, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Լիանա Կանելին բանախոսեց Հայոց ցեղասպանության մարդկային տարողության թեմայով։

Հանդիսությանը հնչեց հայկական մեղեդի՝ Տիգրան Սարգսյանի (դուդուկ), Քրիստինե Էլեֆտերովայի (շվի) և Մարգար Էլեֆտերիադիսի (դհոլ) կատարմամբ։ Ասմունքեց նաև Սոնա Գալստյանը։
Գեղարվեստական բաժնին հաջորդեցին Հունաստանի խորհրդարանի նախկին նախագահ, Ապոստոլիս Կակլամանիսի զորակցության ուղերձը և հաջորդեցին Հունաստանի խորհրդարանական կուսակցությունների զորակցության խոսքերը։

«Սուգը հավերժ է, առանց պայքարի» նշանաբանով միջոցառումը խորհրդանշեց հունահայ համայնքում հայրենասիրական ուժերի միասնությունը և համատեղ աշխատանքի կամքը։

unnamed-2unnamed-3unnamed-4unnamed-5unnamed-6 unnamed-7 unnamed-8 unnamed-9 unnamed-10 unnamed

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արցախում «ԹՈւՄՈ-բանակ» ծրագրի պաշտոնական մեկնարկին

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ տրվել է Արցախում «ԹՈւՄՈ-բանակ» ծրագրի պաշտոնական մեկնարկը: Կրթական այս ծրագրին մասնակցում են Ստեփանակերտի մոտակա զորամասերի 200-ից ավելի ժամկետային զինծառայողներ:

ՀՀ պաշտպանության նախարարության և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի համատեղ այս նախաձեռնությունն իրականացվում է ս.թ. փետրվարից. «ԹՈւՄՈ-բանակ»-ը մեկնարկել է Դիլիջանի «ԹՈՒՄՈ» կենտրոնում, որտեղ զինվորներն արդեն հաղթահարել են կրթական ծրագրով նախատեսված շարունակական ուսուցման առաջին փուլը:

Ծրագիրը, պատասխանատուների հավաստմամբ, հայկական բանակի զինծառայողներին հնարավորություն կտա յուրահատուկ կրթական միջավայրում ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ, որոնք կբարձրացնեն նրանց մրցունակությունը թե՛ ծառայության ընթացքում, թե՛ զորացրվելուց հետո։

Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել «ԹՈւՄՈ-բանակ»-ի իրականացման ընթացքին և կրթական այս նախաձեռնության զարգացման հետագա ծրագրերին, զրուցել զինծառայողների և կենտրոնի աշխատակիցների հետ, մաղթել հաջողություններ կարևոր այս ծրագրի իրականացմանը: