Նշանակվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի նոր գործադիր տնօրեն

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Օրակարգային առաջին հարցով քննարկվել և հաստատվել են ՀԶՀ 2016թ. ֆինանսական և գործունեության հաշվետվությունները:
Խորհուրդն ընդունել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մկրտիչյանի հրաժարականի դիմումը: Նա տեղեկացրել է, որ պատրաստվում է ՀՀ-ում սեփական խորհրդատվական և ներդրումային ընկերություն հիմնել ու հաջողություն մաղթել հիմնադրամի անձնակազմին:
ՀԶՀ հոգաբարձուների խորհուրդը քննարկել և միաձայն քվեարկությամբ Արմեն Ավակ Ավակյանին նշանակել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն:

Մեծ Վանեցու՝ մանկավարժ-հոգեբան Համբարձում Երամյանի նվիրումը

Հայ մանկավարժության պատմության էջերը շատ հարուստ են անվանի մանկավարժների անուններով. հայ ժողովուրդը բոլոր ժամանակներում միշտ կարևորել է կրթությունը՝ դեռևս վաղ՝ Մաշտոցյան ժամանակներից հիմնելով դպրոցներ, նախակրթարաններ,երկրորդական վարժարաններ, համալսարաններ, գիտության ու մտքի կաճառներ:

…Մայիսի 5-ին Հովհաննես Թումանյանի տուն–թանգարանում հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, բազմաթիվ արժեքավոր գրքերի հեղինակ Սամվել Կարապետյանը դասախոսություն կարդաց վանեցի ճանաչված մանկավարժ, հրաշալի մտավորական Համբարձում Երամյանի մասին: Ներկաները՝ մանկավարժներ, ծնողներ, աշակերտներ, մտավորականներ ու լրագրողներ, համակ ուշադրությամբ էին լսում մեծ մանկավարժի կենսագրության ու նրա ծավալած հայրենանվեր գործունեության հետաքրքիր դրվագների պատմությունները: Մեր հասարակության մի ստվար մասն, այդ թվում՝ նաև աշակերտությունը, գրեթե տեղյակ չեն Վանում ծնված, հետագայում Եգիպտոսում՝ Ալեքսանդրիայում, Բուր Սայիդում աշխատած մեծ մանկավարժի ծավալած կրթական, բարեսիրական գործունեությանը, որի մասին Սամվել Կարապետյանը ներկայացրեց հանգամանալից՝ առանձնակի շեշտադրելով նրա կազմակերպչական ջիղն ու մարդասեր էությունը: Հարյուրավոր շրջանավարտներ տված Հ. Երամյանը հայտնի է նաև Վանում հիմնած իր՝ «Երամյան» ուսումնարանով, «Հուշարձան Վան-Վասպուրականի» աշխատությամբ, ուր գրել է Վասպուրականի պատմության մասին, լուսաբանել 1915թ. Ցեղասպանության հետ կապված իրադարձությունները: Երամյանն իր ողջ կյանքում սիրահարված է մնացել հարազատ ծննդավայրին և իր ընտրած՝ մանկավարժական աշխատանքին: Նա շատ է կարևորել ընթերցանությունը և այդ առիթով գրել է. «Անհագ ընթերցասեր մը եղած էի…»: Նրա ուշադրության կենտրոնում են միշտ եղել որբ ու աղքատ մանուկները, նրանց կրթության հարցերը: Սամվել Կարապետյանի հեղինակությամբ մանկավարժ-մտավորական և գրող Համբարձում Երամյանին նվիրված գիրքը մոտ ապագայում կլինի ընթերցողների սեղաններին: Մեծ Վանեցու ազգասեր նվիրումը կրթությանն ու բարեսիրությանը հրաշալի դաս է բոլոր մանկավարժների համար:

 …Ժամանակի մոռացության փոշով երբեք չեն կարող պատվել մեծ արժեքները, դրանք պարզապես նորովի և առավել ուսումնասիրված են ներկայանում մեր ժողովրդին: Համբարձում Երամյանին դեռ շատերը կանդրադառնան, կսովորեն նրանից, հետադարձ հայացք կձգեն մեծ վանեցու հիմնած կրթական մեթոդներին և իսկական մանկավարժին ու հոգեբանին հարիր լայնախոհ, բարեսեր, ազգասեր էության անցած բազմաբեղուն ճանապարհին:

Կարինե Ավագյան

«Հայերն այսօր»

18336548_1451591828227145_213250443_n

Քննարկվել են հայ-բուլղարական տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային:
Վարչապետը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է միջպետական հարաբերությունները խորացնելու հարցում: Կարեն Կարապետյանը կարևորել է տնտեսական համագործակցության, գործարար կապերի հետագա զարգացումը և այդ համատեքստում անհրաժեշտ համարել միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը: Կառավարության ղեկավարը նշել է, որ բուլղար ներդրողները Հայաստանը կարող են դիտարկել Եվրասիական տնտեսական միության և իրանական շուկաներ մուտք գործելու հարթակ՝ ավելացնելով, որ բուլղարական կապիտալը հնարավորություն ունի ներգրավվել նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտում: Կարեն Կարապետյանն ավելացրել է, որ համագործակցության հեռանկարներ է տեսնում նաև տրանսպորտի ոլորտում, մասնավորապես Սև ծով-Պարսից ծոց միջազգային տրանսպորտային միջանցքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների առումով: Վարչապետը խնդրել է իր ողջույններն ու շնորհավորանքները փոխանցել Բուլղարիայի նորընտիր վարչապետ Բոյկո Բորիսովին:
Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան նշել է, որ Բուլղարիան ևս կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը և ավելացրել, որ դրա համար լավ հիմք են երկկողմ բազմադարյա բարեկամական կապերը: Ընդգծելով տնտեսական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ նա անհրաժեշտ է համարել տարբեր բիզնես ֆորումների, գործարար կապերի խթանման, ներդրումային նոր ծրագրերի իրականացման միջոցով առևտրաշրջանառության ծավալների ավելացումը: Տիկին դեսպանը հավելել է նաև, որ Բուլղարիան պատրաստ է իր փորձը կիսել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պետական կառավարման համակարգում, գյուղատնտեսության բնագավառում իրականացված բարեփոխումների ուղղությամբ:
Զրուցակիցները հայ և բուլղար ժողովուրդների շփումների ամրապնդման կարևոր հիմնաքարերից են համարել կրթամշակութային համագործակցությունը, մասնավորապես, մշակութային օրերի անցկացման և կրթական փոխանակման ծրագրերի միջոցով:

Նիդերլանդներում հարգանքի տուրք է մատուցվել հայ նահատակներին

Մայիսի 4-ը և 5-ը առանձնակի կարևորությամբ է նշվում  Նիդերլանդներում: Մայիսի 4-ը՝ որպես Համաշխարհային երկրորդ պատերազմում զոհվածների ազգային հիշատակման (Dodenherdenking) օր է , իսկ 5-ը՝  Ազատագրման օր (Bevrijdingsdag ): Այս երկու օրերից յուրաքանչյուրն առանձնահատուկ է: Եթե Հիշատակման  օրը հարգում են  2-րդ աշխարհամարտում և այլ  կոմֆլիկտներում զոհվածների հիշատակը, տեղի է ունենում հոգեհանգստյան արարողություն և ծաղկեպսակների զետեղում՝ նահատակվածների շիրիմներին, ապա հաջորդ՝ Ազատագրման օրը, տոնախմբություն է:
1945թ. այդ օրը Նիդերլանդներն ազատագրվեց գերմանա-ճապոնական օկուպացիայից: Նիդերլանդների Վագենինգեն քաղաքի “De Wereld” հյուրանոցում ստորագրվեց Գերմանիայի կապիտուլացիայի ակտը: Այդ օրվանից մինչև 1990 թվականը Նիդերլանդներում Ազատագրման  օրը (Bevrijdingsdag ) նշվում էր յուրաքանչյուր հինգ տարին մեկ: 1987 թվականին հիմնադրված «Մայիսի 4-ի և 5-ի ազգային կոմիտե»-ն որոշեց 1990 թվականից սկսած տոնն անցկացնել պարբերաբար: Մայիսի 5-ի տոնակատարությունը առիթ է նաև խորհելու ազատության կարևորության մասին, մտածել, որքան փխրուն է աշխարհի խաղաղությունը:
Նիդերլանդները ևս դիմակայեց ֆաշիստական Գերմանիայի արհավիրքները:
Ծայր  առած  հոլանդական դիմադրության շարժմանն  աջակցել են ֆաշիստական Գերմանիայի հայկական լեգիոնում ծառայած  բազմաթիվ  հայ զինվորները: Խորհրդային բանակում ծառայող՝  ռազմագերիներ դարձած շատ զինվորների գերմանացիները համալրել են Հայկական  լեգիոնի գումարտակները, որոնք տեղակայված են եղել Զելանդի և Հարավային Հոլանդիայի մարզերի թերակղզիներում:
Հոլանդիայում գտնված տարիներին’ 1943-44թթ. հայերը շարունակ փորձել են կապեր հաստատել  տեղի դիմադրության շարժման ակտիվիստների հետ:  Գերմանացիները  շատերին բացահայտել են և գնդակահարել: Այդպիսի մի դեպք էլ եղել էր 1944թ դեկտեմբերի 9-ի չարաբաստիկ օրը, երբ գերմանացիները բացահայտեցին և Միդելհարնիս բնակավայրի մոտ գնդակահարեցին  Գերմանիայի հայկական լեգիոնի 7 հայ զինվորների, ովքեր անհաջող փախուստի փորձ են  կատարել:
Երախտապարտ հոլանդացիները նրանց  հիշատակին  հուշաքար են տեղադրել: Այն կոչվում է «Յոթ հայերի հուշարձան»:
Մայիսի 4-ին՝ հենց այստեղ ՝ Միդելհարնիսիում,  Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ գերի ընկած, հոլանդական դիմադրության շարժմանն ակտիվորեն մասնակցած և Նացիստական Գերմանիայի կողմից գնդակահարված հայ զինվորների հուշարձանի մոտ  Հիշատակի օրվան իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել WO2GO-ի՝ Երկրորդ աշխարհամարտի պատմական անցքերը ուսումնասիրող հիմնադրամի ներկայացուցիչ Դենիս Նոթենբոմը, հայ և նիդերլանդացի հասարակական, քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ: Հիշատակի օրվա խորհրդի ու երկրորդ աշխարհամարտի տարիներին ֆաշիզմի դեմ իրենց անձնուրաց դրսևորած հայ զինվորների մասին խոսեցին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը,  Խուրե-Օվերֆլակե համայնքապետարանի ավագ պաշոնյա Պիտեր Ֆելլերը, Աբովյան միության քարտուղար և FAON-ի «Ապրիլ 24 հանձնախմբի» (24 april Comité van FAON) անդամ Ինգե Դրոստը: Բոլոր ներկաները նաև  ծաղկեպսակ զետեղեցին հուշարձանին:
Հետաքրքիր էր նաև զրույցը Հանս Կոստրի հետ, ով ծնվել է 1944թ. և ում հայրը հոլանդական դիմադրության շարժմանն ակտիվորեն մասնակցած Մամիկոն Սաֆարի Մինասյանն է: Նա մորից իմացել է, որ հայրը հայ է և երկար փնտրտուքերից հետո Հայաստանում գտել է նրա ընտանիքը:
Աշխատանքներ են ընթանում պարզելու նաև հուշարձանի վրա  գրված 7 հայերի ինքնությունը: Հուշաքարին նշված է միայն նրանց անունները:
«Նիդերլանդական օրագիր»
unnamed-1 unnamed

Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին, ով Հայաստանում է գտնվում «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել արդեն լավ ավանդույթ դարձած Երևանում Սանկտ Պետերբուրգի, իսկ Սանկտ Պետերբուրգում Երևանի օրեր անցկացնելու գաղափարը, որը, Նախագահի համոզմամբ, օգտակար ու արդյունավետ հարթակ է երկու քաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցերի քննարկման համար: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ ՌԴ տարածաշրջանների հետ համագործակցությունը հայ-ռուսական դինամիկ զարգացող միջպետական հարաբերությունների կարևորագույն բաղկացուցիչն է և գոհունակությամբ է փաստել, որ ռազմավարական դաշնակից երկու երկրների միջև ապակենտրոնացված մակարդակով հարաբերությունները տարեցտարի ամրապնդվում ու խորանում են:

Նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության համար և բարձր գնահատել Սանկտ Պետերբուրգի ու Երևանի միջև ձևավորված հարաբերությունների մակարդակը, որի հիմքում, ըստ նրա, հատկապես վերջին տարիներին բազմաթիվ ոլորտներում երկկողմ ջանքերով իրականացված աշխատանքի արդյունքն է, այդ թվում՝ ապրանքաշրջանառության որոշակի աճը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ փոխգործակցությունը զարգացնելու հնարավորություններն ու հեռանկարը:

Սանկտ Պետերբուրգի նահանգապետը և հանդիպմանը ներկա Երևանի քաղաքապետը պատրաստակամություն են հայտնել հետևողականորեն շարունակելու երկու քաղաքների միջև հարաբերությունների զարգացման ու խորացման ուղղությամբ աշխատանքը:

Տեղի կունենա «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի մեկնարկի հանդիսավոր արարողությունը

Մայիսի 6-ին՝ ժամը 11:30-ին, Հանքավանի «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրի տարածքում ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների նախաձեռնությամբ մեկնարկած «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Նաիրի» երաժշտական այգու հիմնադրման հանդիսավոր արարողությունը: Փառատոնիի գլխավոր հովանավորն է ռուսաստանաբնակ գործարար Գրիգոր Ղուկասյանը:

Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը, փառատոնի գեղարվեստական խորհրդի անդամներ՝ Տիգրան Մանսուրյանը, Ալինա Փահլևանյանը, Երվանդ Երզնկյանը, Նորայր Դավթյանը, Թովմաս Պողոսյանը, Մարտին Վարդազարյանը, Մելիք Մավիսակալյանը, Դավիթ Ղազարյանը, Արա Գևորգյանը, Գևորգ Մանասյանը, գլխավոր մրցանակակիրներ՝ Ջիվան Գասպարյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Հովհաննես Չեքիջյանը, Անժելա Աթաբեկյանը, Մեդեա Աբրահամյանը, Սվետլանա Նավասարդյանը, Վլադիլեն Բալյանը և այլք:

Փառատոնը կմեկնարկի սափորի ամփոփման արարողությամբ, այնուհետև տեղի կունենա անվանական ծառատունկ՝ Հայաստանի երաժշտական կոլեկտիվների և ականավոր գործիչների կողմից կտնկվի շուրջ քառասուն  կաղնու ծառ:

Հանդիսավոր արարողությունը կեզրափակվի տոնական համերգով:

«Նաիրի» երաժշտական այգում հետագայում կտեղադրվեն հայ երաժշտությունը, նվագարանները, երգարվեստը խորհրդանշող բրոնզաձույլ պատկերաքանդակներով արձաններ, կկառուցվի հայ երաժշտության պատմությունը ներկայացնող թանգարան: 

(Մեկնումը՝ 09:30-ին՝ Շահումյան հրապարակից հարմարավետ միկրոավտոբուսներով:

Վերադարձը՝ 14:30-ին):

 

Հայրենադարձ գինեգործի երազանքն իրականություն դարձրին թոռները

Մայիսի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ «Երևան Էքսպո» կենտրոնում տեղի ունեցած Հայաստանում արդյունաբերության ոլորտում սփյուռքահայ ներդրողների արտադրանքների ցուցահանդես-վաճառքին մասնակցում էր ՀՀ Արմավիրի մարզի Արաքս գյուղի «Ոսկենի» գինեգործական ընկերությունը:

«Հայերն այսօր»-ի հետ զրույցում գործարանի գինեգործ Արեգ Խոջոյանը նշեց, որ  «Ոսկենի» գինեգործական ընկերության ստեղծումը շատ հետաքրքիր պատմություն ունի: Իրենց արտադրած գինիների շշի վրա գործարանի տնօրեն Սուսաննա Դավոյանի մեծ պապիկի՝ Սմբատ Մաթևոսյանի լուսանկարն է, ով տարիներ առաջ ցանկություն է ունեցել Հայաստանում խաղողի այգիներ ունենալ, զարգացնել հայկական գինեգործությունը, հայկական գինին հայտնի դարձնել ամբողջ աշխարհով։ Վերջինս 1920-ական թվականներին, 20 տարի Բոստոնում ապրելուց հետո, վաճառել է ունեցվածքը և վերադարձել Հայաստան: Արմավիրի շրջանում հիմնել է խաղողի այգիներ, բայց չի հասցրել գինի պատրաստել: 1936 թվականին նրան աքսորել են և ամեն ինչ ձեռքից վերցրել:

2008 թվականին Սմբատ Մաթևոսյանի թոռներն ու ծոռներն իմանալով այգիներ ունենալու մասին՝ ՌԴ-ից եկել են Հայաստան, վերագնել են այգիներն ու ընկերություն հիմնել՝ այդպիսով կատարելով իրենց պապիկի երազանքը:

Գինեգործը ասաց նաև, որ սպիտակ գինին պատրաստվում է խաղողի երկու՝ Ոսկեհատ, Գառան Դմակ, իսկ կարմիր գինին՝ Արենի և Խնդողնի տեսակներից: Գինիները արտահանում են ՌԴ, Եվրոպա, այժմ բանակցություներ են վարում ԱՄՆ-ի շուկա դուրս գալու համար:

Գևորգ Չիչյան

7 77

ՀՀ բուհերի պրոֆեսորադասախոսական անձակազմի այցը Լիբանան

Ապրիլի 25-28-ը Լիբանանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և հովանավորությամբ տեղի ունեցավ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական անձակազմի այցը Լիբանան։ Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Լիբանանում ՀՀ դեսպանության դիվանագիտական կցորդ Վլադիմիր Պողոսյանը, մասնագետների այցի ընթացքում տեղի ունեցան թվով չորս հանդիպումներ, որոնց ընթացքում նրանք հանդիպեցին 14 հայկական վարժարանների ու քոլեջների աշակերտների, ուսուցչական կազմի և տնօրենների հետ։ Ընդհանուր առմամբ հանդիպումներին մասնակցեցին  10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանների թվով 500-600 աշակերտներ։ Այցի նպատակն էր համապարփակ տեղեկատվություն տրամադրել լիբանանահայ աշակերտներին և խրախուսել նրանց ուսանել ՀՀ բուհերում։

Ապրիլի 25-ին, ժամը՝ 14։00-ին, Այնճար ավանում մասնագետները հանդիպեցին Այնճարի Հայ առաքելական և հայ ավետարանական համայնքների երկու վարժարանների աշակերտների հետ։ Հանդիպումներին մասնակցեցին շուրջ 100 համապատասխան դասարանների աշակերտներ։

Ապրիլի 26-ին, ժամը՝ 11։00-ին, Լիբանանի Հայոց թեմի Սրբոց Վարդանանց եկեղեցու «Երջո Սամուելյան» սրահում մասնագետները հանդիպեցին առաքելական չորս ազգային վարժարանների և Ազգային ճեմարանի, Սահակյան֊Լևոնյան, Դարուհի֊Հովակիմյան վարժարանների 250 աշակերտների հետ։

Ապրիլի 27-ին, ժամը՝ 11։00-ին, Հայ կաթողիկե Մեսրոպյան Բարձրագույն արվեստից վարժարանում մասնագետները հանդիպեցին Հայ կաթողիկե երեք վարժարանների շուրջ 150 աշակերտների հետ։

Ապրիլի 27-ին, ժամը՝ 13։00-ին, Հայ ավետարանական Շամլյան քոլեջում մասնագետները հանդիպեցին Հայ ավետարանական երկու վարժարանների 80-90 աշակերտների հետ։

Մասնագետների այցի ընթացքում հնարավոր եղավ իրականացնել ծրագրի գլխավոր նպատակը՝ ստեղծել անմիջական ու անձնական կապեր ՀՀ բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և Լիբանանում գործող վարժարանների տնօրենների հետ, որը  պետք է այսու լինի շարունակական և ավելի դյուրացնի հետագա համագործակցությունը։

libananlibanan1libanan3libanan4

Վանաձորի պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերի կմեկնի ՌԴ հայաշատ քաղաքներ

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցությամբ մայիսի 22-ից մինչև հունիսի 1-ը հյուրախաղերի է մեկնելու Ռուսաստանի Դաշնության Անապա, Նովոռոսիյսկ, Դոնի-Ռոստով, Կրասնոդար քաղաքների հայկական համայնքներ:

«Երբ արդեն պատրաստել էի ծրագիրը, նպատակահարմար գտա այն ՀՀ սփյուռքի նախարարության հետ իրականացնել: Դիմեցի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, և ինչպես սպասելի էր, համագործակցության առաջարկը մեծ սիրով ընդունեց, ինչի համար շատ շնորհակալ եմ: ՌԴ հայաշատ այնպիսի քաղաքներ ենք ընտրել, որտեղ հայկական թատերախմբեր կամ քիչ են այցելում, կամ մինչև օրս չեն այցելել»,«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը՝ հավելելով, որ հյուրախաղերի միջոցով ցանկանում են օտարության մեջ ապրող հայերի շրջանակում տարածել հայկական մշակույթը, որպեսզի նրանք չկտրվեն իրենց արմատներից և պահպանեն ազգային ինքնությունը:

Հյուրախաղերի է մեկնելու թատրոնի 26 առաջատար դերասաններից կազմված խումբը, որը հանդես է գալու «Լիր արքա» և «Խնայեցե՛ք տղամարդկանց» ներկայացումները: Ի դեպ, Անապայի հայերն են առաջարկել 1981 թվականից ռուսերենով բեմադրվող և մեծ պահանջ ունեցող «Խնայեցե՛ք տղամարդկանց» կատակերգությունը ներկայացնել, ինչն էլ փաստում է, որ առ այսօր հանդիսատեսը տպավորված է այդ ներկայացմամբ: «Լիր արքա»-ն զուգահեռաբար ռուսերեն է թարգմանվելու, որպեսզի ռուս հանդիսատեսին ներկայացումը նույնպես հասանելի լինի:

Հարցին, թե սփյուռքյան որ հատվածներում են հայերն առավել հետաքրքրված հայկական թատերարվեստով, Վահե Շահվերդյանը ասաց. «Դեռևս Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում աշխատելու տարիներին, Սփյուռքի տարբեր՝ Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Բելառուսի, Իրանի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի և հայկական այլ համայնքներում հյուրախաղերի մեկնելով՝ նկատել եմ, որ հատկապես Իրանի հայկական համայնքն է այս հարցում ակտիվություն ցուցաբերում, Ռուսաստանի, Ֆրանսիայի հայերը նույնպես հայկական մշակույթի հանդեպ մեծ հետաքրքրություն ունեն: Պետք է շեշտեմ, որ միշտ և ամենուր աշխարհասփյուռ մեր հայրենակիցների կողմից ջերմ ընդունելության, բուռն ծափողջյունների ենք արժանացել»:

Գևորգ Չիչյան

%d5%a9%d5%a1%d5%bf%d6%80%d5%b8%d5%b6 %d5%a9%d5%a1%d5%bf%d6%80%d5%b8%d5%b61 %d5%a9%d5%a1%d5%bf%d6%80%d5%b8%d5%b62 %d5%a9%d5%a1%d5%bf%d6%80%d5%b8%d5%b63

Տեղի ունեցավ Հայաստանում արդյունաբերության ոլորտում սփյուռքահայ ներդրողների արտադրանքների ցուցահանդես-վաճառք

Մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ «Երևան Էքսպո» կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում արդյունաբերության ոլորտում սփյուռքահայ ներդրողների արտադրանքների ցուցահանդես-վաճառքի բացումը:

Ցուցահանդես-վաճառքի բացմանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախարարը շրջեց տաղավարներով, ծանոթացավ արդյունաբերության ոլորտում սփյուռքահայ ներդրողների գործունեությանը, հետաքրքրվեց արտադրական գործընթացի նորարություններով և խնդիրներով, դիտեց «Աշխարհի կետրոնից տիեզերքներից մեկի մասնիկը» հայկական առաջին 360  աստիճան ֆիլմը, պատասխանեց լրագրողների հարցերին: Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց.««Պատրաստված է Հայաստանում» ապրանքանիշը կրող արտադրանքները միջազգային շուկայում գնալով դառնում են ավելի ընդունված, պահանջված և տարածված: Նման ցուցահանդեսներով մենք պետք է խրախուսենք  սփյուռքահայ ներդրողներին և աշխատենք օրինակ վերցնել հայրենադարձված մեր հայրենակիցներից, ովքեր աշխատանքի և արտանդրանքի որակի  հանդեպ  պատասխանատվության յուրահատուկ մոտեցում ունեն: Այս առումով նրանց արտադրանքները մրցունակ են և նորարարական: Հայրենիքում սփյուռքահայ արտադրողների համար պայմաններ են ստեղծվում, նրանց գործունեությունը դյուրացնելու նպատակով  որոշակի քայլեր են իրականացվում: Վերջին ժամանակաշրջանում, մասնավորապես տնտեսական ոլորտում կառավարությունը հարկային արտոնություններ է սահմանվում սփյուռքահայ ներդրողների և արտադրողների համար: Մեր ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ փոքր և միջին ձեռնարկությունները, որոնցով հատկապես զբաղվում են Հայաստանում հաստատված սիրիահայերը»: Նախարարը նշեց, որ ցուցահանդես-վաճառքին ներկա սփյուռքահայ ներդրողները և արտադրողները Հայրենիք են վերադարձել տարբեր երկրներից՝ ԱՄՆ, Ռուսաստան, Սիրիա, Լիբանան և այլն:

Ցուցահանդեսի բացման ընթացքում սիրիահայ գործարար Ալեքսան Կարադանայանը, ով Հայաստանում հիմնել է “Alexan Art” և “Sona Print” ընկերությունները, շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը ցուցաբերած աջակցության համար: «2012 թվականի հոկտեմբերի 24-ին Սփյուռքի նախարարությունում փոքր և միջին բիզնեսի սիրիահայ ներկայացուցիչները հանդիպում ունեցան հայաստանյան տիքստիլ ոլորտի արտադրողների հետ: Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց մեզ և ամուր գործակցության հիմք դրեց: Մեծ է նախարարության դերակատարությունը մեր բիզնեսի կայացման գործում, քանի որ առաջին համագործակցության առաջարկները ստացել ենք հենց Սփյուռքի նախարարությունում»,-ասաց Ալեքսան Կարադանայանը:

Նշենք, որ ցուցահանդեսը գործելու է մինչ  ժամը 20.00-ն:

%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd1 %d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd3 %d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd4

Հայ զինվոր, քեզնից սովորում ենք հայրենասեր լինել և հայությամբ պարծենալ. գրում են սփյուռքահայ աշակերտները

Սփյուռքի տարբեր ջաղթօջախների հայկական դպրոցների աշակերտներ նամակներ են հղել հայ զինվորին։ Այդ նամակներում նրանք իրենց սրտառուչ ցանկություններն են հայտնում սահմանին կանգնած զինվորներին, նկարագրում իրենց պատկերացումները հայրենասիրության, հայրենի սահմաններն անառիկ պահելու վերաբերյալ։

 Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ծրագիրը նախաձեռնել է «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ «Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք» խորագրով ծրագիրը բաղկացած է մի քանի փուլից. հաջորդ փուլերում նախատեսված են այցելություններ Հայաստանի և Արցախի զորամասեր, մարդասիրական աջակցություն կցուցաբերվի զինվորներին, հանդիպումներ տեղի կունենան դպրոցներում, բուհերում, որտեղ մասնագիտական կողմնորոշման համատեքստում կխոսվի զինվորականի մասնագիտության մասին, հանդիպումներ կլինեն քառօրյա պատերազմի հերոսների հետ։

Նշենք, որ նամակներ ստացվել են ԱՄՆ Արևմտյան շրջանի Ֆերահյան ազգային վարժարանի, ԱՄՆ Արևելյան շրջանի Հովնանյան հայկական, Քուվեյթի ազգային, Լիբանանի Համազգայինի Մելքոնյան վարժարանների, Լիբանանի Հայկ Արսլանյան ճեմարանի, Կանադայի Տորոնտո քաղաքի ՀՕՄ-ի ամենօրյա վարժարանի, Հալեպի «Զավարյան» վարժարանի, Հալեպի Ազգային «Քարեն Եփփե» ճեմարանի, Սիրիայի Ազգային միացյալ վարժարանի, Կանադայի ՀՕՄ-ի Քեմպրիճի «Մեղրի» մասնաճյուղի «Մեսրոպ Թիթիզյան» շաբաթօրյա, Կանադայի ՀՕՄ-ի Վանկուվերի «Արազ» շաբաթօրյա վարժարանների, Կանադայի Սուրբ Հակոբ Ազգային վարժարանի «Սարաֆեան» նախակրթարանի, Կանադայի ՀՕՄ-ի Համիլթոնի «Արև» դպրոցի, Ավստրալիայի Համազգայինի Սիդնեյի «Թարգմանչաց» շաբաթօրյա վարժարանի աշակերտներից։ Հալեպի Ազգային «Քարեն Եփփե» ճեմարանի սան Սեմ Պարմաքզյանը նամակում նշում է, որ փափագում է՝ երբ մեծանա, այսօրվա զինվորի նման պաշտպան դառնա՝ անառիկ պահելով Հայաստանն ու Ղարաբաղը։

Նույն կրթօջախից Սարին Պերթիզլյանի համար զինվորն ապահովության զգացում է. «Հայ զինվոր, դու հոգնում ես, որ մենք հանգստություն վայելենք։ Բարոյական պարտականություն է քեզ հիշելը։ Քեզնից սովորում ենք հայրենասեր լինել, ազատության արժեքն իմանալ և հայությամբ պարծենալ։ Ցանկանում եմ՝ մի օր անձամբ տեսնել քեզ քո մարտական գործողությունների ընթացքում։ Այդ պահը նվիրական է ինձ համար, ուժ ստանալու առիթ»։ Իսկ Մարինա Մանուկյանն էլ իր նամակում պատմում է, որ մեր նահատակ զինվորներին ինքը փորձում է փնտրել մեր օրերի մարդկանց մեջ, տեսնել նրանց հայացքը, աչքերը, հագուստը։ Ի դեպ, «Քարեն Եփփե» ճեմարանի սաների հայոց լեզվի ուսուցչուհին Հայաստանի հանրային հեռուստաընկերության թղթակից Մարիա Գաբրիելյանն է, ով իր նվիրական աշխատանքով երեխաներին է փոխանցում հայրենիքի շունչը։ Առաջիկայում ստացված նամակները կփոխանցվեն հասցեատերերին:

%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af1 %d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af2

Սիրիահայերը հայրենիք են վերադարձնում արհեստագործության ավանդույթները. տեսանյութ

Կառավարության հետ համատեղ ներդրումով՝ Ղամշլի քաղաքի հայտնի Կարապետյանների ընտանիքը մետաղական իրերի արտադրություն է սկսում Աշտարակում: Վստահ են՝ կստեղծեն որակյալ իրեր, որ առողջապահական համակարգը չներմուծի:

Մանրամասները՝ Հանրային հեռուստաընկերության տեսանյութում.

Նիդերլանդներում կանցկացվի հանգանակություն` ի նպաստ հալեպահայության

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեի հրավերով Նիդերլանդներում են գտնվում սիրիահայության հոգևոր առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգսյանը և համայնքի ղեկավարներից ՀՅԴ կառույցի ներկայացուցիչ Կարո Յուզբաշյանը։

ՀՅԴ Նիդերլանդների Հայ դատի հանձնախումբը պաշտոնական ընդունելություն է կազմակերպել Նիդերլանդների խորհրդարանում, որպեսզի օրենսդրի ներկայացուցիչներն անմիջական կապի միջոցով ծանոթանան սիրիահայության խնդիրներին։

Ինչպես Արմենպրեսին տեղեկացրեց ՀՅԴ Նիդերլանդների Հայ դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը, Նիդերլանդների ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի անդամների, ինչպես նաև Ալմելոյի Հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրդի ատենապետի ուղեկցությամբ Սիրիայից ժամանած հյուրերին ընդունեցին Նիդերլանդներում այս պահին կոալիցիոն կառավարություն ձևավորող կուսակցությունների ներկայացուցիչները։ Պաշտոնական ընդունելության նիստը վարում էր պարոն Հան Թեն Բրուկը ազատական VVD կուսակցությունից, Փիթր Օմտզիխտը և Ռայմոնդ Կնոպսը ներկա էին Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցությունից, իսկ Կանաչների կուսակցությունը ներկայացնում էր Բրամ վան Օյիկը։

«Հանդիպումն անցավ չափազանց ջերմ մթնոլորտում։ Շահան սրբազանը և պարոն Յուզբաշյանը հանգամանալից տեղեկություններ տվեցին և տեսաժապավեն ցուցադրեցին պատերազմի ժամանակ սիրիահայության կորուստների մասին։ Մոտավորապես մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում պատգամավորների կողմից հնչեցին հարցեր, որոնց հյուրերն ամբողջական պատասխաններ տվեցին։ Պատգամավորները խորին շնորհակալություն հայտնեցին Նիդերլանդների Հայ դատի հանձնախմբին՝ այս այցելությունը կազմակերպելու համար։ Նրանք շատ կարևորեցին այս անմիջական կապը, որի շնորհիվ իրենք ամբողջական տեղեկություններ ստացան»,-ասաց Մասիս Աբրահամյանը։

Նրա փոխանցմամբ, պայմանավորվածություն ձեռք բերվեց մշտական հաղորդակցության վերաբերյալ, որպեսզի ջանքեր գործադրվեն, որ սիրիահայությանը հնարավոր բոլոր միջոցներով օգնություն ցուցաբերվի։ Պատգամավորները խոստացան նաև հաջորդ օրերին առանձին հանդիպումների ժամանակ էլ ավելի ծանոթանալ հանգամանքներին։

Մասիս Աբրահամյանը տեղեկացրեց, որ սիրիահայության ներկայացուցիչների օրակարգը խիստ հագեցած է։ Երեկ խորհրդարանից հետո նրանք հանդիպեցին Ամստերդամի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այսօր նրանք հանդիպելու են Նիդերլանդներում գործող քրիստոնյա տարբեր եկեղեցիների պատվիրակների հետ։ Մայիսի 6-ին այցելելու են ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության բանակումին, որն անցկացվելու է Ռոտերդամի մատույցներում։ Հանդիպումներ են կազմակերպված Մաաստրիխտ և Առնհեմ քաղաքների հայկական համայնքների հետ, և այցելության վերջին հանգրվանը կլինի Ալմելո քաղաքում՝ մայիսի 7-ին, որտեղ կմատուցվի սուրբ պատարագ և կկատարվի հանգանակություն` ի նպաստ հալեպահայության։

Հայազգի արշավորդուհի Թելմա Ալթունը Հայաստանից ոտքով կգնա Արցախ

Հայազգի լեռնագնաց, արշավորդուհի Թելմա Ալթունը պատրաստվում է Հայաստանից ոտքով մոտ 280 կիլոմետր անցնել դեպի Արցախ։ Երկու երեխայի մայր, 42-ամյա Թելմա Ղազարյան Ալթունը նախկինում բազմիցս է մասնակցել արշավների` հայկական եռագույնը ձեռքին, մինչդեռ առաջին անգամ է ճանապարհ կտրելու հայրենիքում։

Թելմայի արշավը մեկնարկելու է հունիսին Վարդենիս քաղաքից, որտեղից նա «Ճանապարհ» կոչվող արշավային երթուղով անցնելու է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաք։ Նշվում է, որ արշավի ընթացքում նախատեսված են կանգառներ մի քանի քաղաքներում ու գյուղերում, որտեղ նա մտադիր է շփվել տեղաբնակների հետ, իսկ ամբողջ եթուղին Ալթունը մտադիր ավարտել երեք օրում, հաղորդում է Panorama.am-ը Asbarez.com-ին հղումով։

«Ժամանակն է, որպեսզի պարտքս տամ հայրենիքիս», – ասել է Թելման ու ավելացրել. «Բազմաթիվ երթուղիներ եմ անցել ամբողջ աշխարհով, բացի հայրենիքիցս։ Ժամանակն է վերջապես քրտինք ու արցունք թափել նաև հայրենի հողի համար»։

Հայազգի արշավորդուհու նախաձեռնության հիմնական առաքելությունը դրամահավաքի կազմակերպումն է «Համահայկական Արշավային Երթուղի» նախագծի համար, որի գլխավոր նպատակն է Հայաստանում զարգացնել արկածային, արշավային տուրիզմի ենթակառուցվածքները, գծանշել, քարտեզագրել Հայաստանի բոլոր արշավային երթուղիներն ու ստեղծել դրանք պատկերող օնլայն քարտեզ: