Սկիզբ է դրվել «Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման» ծրագրին

Պետական եկամուտների կոմիտեում սկիզբ է դրվել «Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման» ծրագրին: Ժամանակակից ենթակառուցվածքներով հագեցած սահմանային անցակետի շնորհիվ նախատեսվում է բարենպաստ պայմաններ ստեղծել բիզնեսի և ապրանքաշրջանառության համար: «Մեղրիի սահմանային անցակետի արդիականացումը Հայաստանի հյուսիսային սահմանակետերի` Բագրատաշենի, Գոգավանի և Բավրայի արդիականացման ծրագրերի շարունակությունն է»,- տեղեկացրել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը` հավելելով, որ վերափոխված շենքային պայմանները ժամանակակից չափանիշներին համապատասխան ընթացակարգեր կիրառելու հնարավորություն կստեղծեն` խթանելով բեռնափոխադրումների արագ սպասարկումը. «Մեղրիի անցակետի արդիականացմամբ կգործի «մեկ պատուհան» համակարգը, ինչի արդյունքում բեռնափոխադրողները և սահմանային անցակետը հատողները կշփվեն մեկ մարմնի հետ»:

«Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման» ծրագիրն իրականացնում է Միավորած ազգերի կազմակերպությունը՝ Եվրամիության ֆինանսավորմամբ և Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի աջակցությամբ: Անցակետի արդիականացման և վերակառուցման ծրագրի նախապատրաստական աշխատանքների համակարգման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը ծրագրի տնտեսական և տեխնիկական հիմնավորումների վերաբերյալ էր. «Ծրագրի նպատակն է ունենալ միջազգային չափանիշերին համապատասխանող սահմանային անցակետ, որը կնպաստի առևտրի և բիզնես միջավայրի բարելավմանն` այդ թվում ապահովելով մարդկանց դյուրին տեղաշարժը սահմանին»,- ընդգծել է ծրագրի ղեկավար Արսեն Ավետիսյանը:

Երկրի հարավային դարպասների արդիականացումը նոր ազդակ կհաղորդի նաև Հայաստան-Իրան առևտրաշրջանառության աշխուժացմանը: Երկու երկրների սահմանակետերի համատեղ օգտագործման շրջանակում նախատեսվում է իրականացնել տեղեկատվության առցանց փոխանակում:

ԱՄՆ Սոլվանգ քաղաքում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում կկազմակերպվի

«Մարիա Յակոբսենի ընկերները» հանձնաժողովը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սոլվանգ քաղաքում մայիսի 17-ին Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն կիրականացնեն:

Արցախպրեսի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Massis Post-ը:

Արարողությանը կնախորդի եկեղեցական պատարագը, ինչից հետո հայկական համայնքի ներկայացուցիչները ծաղկեպսակ կտեղադրեն Հայոց ցեղասպանության 1,5 մլն նահատակների, ինչպես նաև դանիացի հումանիստ, միսիոներ Մարիա Յակոբսենի հիշատակին, ով իր ողջ կյանքը նվիրել է Հայոց ցեղասպանության հետևանքով որբացած երեխաներին:

«Մենք ոգեկոչում ենք Մարիա Յակոբսենի հիշատակը Մայրերի օրը: Նա իր նախկին որբ երեխաների շրջանում հայտնի է որպես սիրված «մամա»,- նշել է հանձնաժողովի նախագահ Գարբիս Տեր-Եղիայանը:

Մարիա Յակոբսենի կիսանդրիի մոտ կայանալիք արարողության ավարտին կհայտարարվեն Յակոբսենի մասին հայտարարված ուսանողական էսսեների մրցույթի արդյունքները:

ԱՄՆ-ի հայերը կանխել են Հայոց ցեղասպանությունը ժխտող քարոզարշավը

Ցեղասպանության դեմ պայքարի 16 ազգային կազմակերպություններից բաղկացած կոալիցիան միացել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) արեւելյան թեւին, որի նպատակն է կանխել Հայոց ցեղասպանությունը ժխտող քարոզարշավը։

 Կազմակերպություններն արել են ամեն ինչ, որպեսզի համապատասխան հայտարարությունները չհայտնվեն ամերիկյան պարբերականներում, ինչպես նաեւ գովազդային վահանակներում եւ այլ լրատվամիջոցներում։ Ի տարբերություն 2016 թվականի եւ անցյալ տարիների՝ 2017 թվականի ապրիլին ոչ մի խոշոր պարբերական չգովազդեց ցեղասպանության հերքումը։

ANCA –ի արեւելյան գրասնեյակի ներկայացուցիչը՝ Սթիվ Մեսրոպյանը, երախտագիտություն է հայտնել բոլորին, ովքեր այդ նախաձեռնության հարցում իրենց ներդրումն են ունեցել, գրում է news.am-ը։

Հայաստանը մարդասիրական օգնություն կտրամադրի Սիրիայում տուժած բնակչությանը

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Սիրիայում տուժած բնակչությանը։ Համապատասխան նախագիծն այսօր Կառավարության հաստատմանը ներկայացրեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Ձեր հաստատմանն եմ ներկայացնում ԱԳՆ-ին գումար հատկացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին որոշման նախագիծը, որի նպատակը Սիրիայում տուժած բնակչությանը Հայաստանի կողմից մարդասիրական օգնության տրամադրման կազմակերպումն է»,-ասաց Նալբանդյանը:

Ըստ նախագծի՝ Սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով` «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2017 թվականի երկրորդ եռամսյակում կհատկացվի 43 մլն դրամ:

Աջակցություն Սիրիայից Հայաստան և Լիբանան տեղափոխված հայ ընտանիքներին

Մայիսի 2-ին Լիբանանում պաշտոնապես մեկնարկել է «Կարիտաս Ավստրիա», «Կարիտաս Լիբանան» և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունների կողմից, ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Ճանաչել, պաշտպանել, իրագործել» խորագրով ծրագիրը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ծրագիրը նախատեսում է տարաբնույթ աջակցություն Սիրիայից Հայաստան և Լիբանան տեղափոխված հայ ընտանիքներին։ Հայաստանում այն ուղղված է լինելու ինտեգրման դյուրացմանը, իսկ Լիբանանում՝ իրավական կեցության և աշխատանքի ապահովմանը։

Միջոցառմանը ներկա են եղել Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Տանն Կիլիկիո Կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջնորդ և «Հայկական Կարիտասի» նախագահ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, Տանն Կիլիկիո Կաթողիկե եկեղեցու Լիբանանի թեմի օգնական եպիսկոպոս Գևորգ եպիսկոպոս Ասատուրյանը, «Կարիտաս Լիբանանի» նախագահ Հայր Փոլ Քարամը, «Կարիտաս Ավստրիայի» ներկայացուցիչ Ռոբերտ Մոսբրուգգերը, Լիբանանում Ավստրիայի դեսպան Մարիան Ալեքսանդեր Վրբան, Լիբանանում Եվրամիության պատվիրակության  փոխդեսպան Ջուլիա Կոխը։

Իր ելույթում դեսպան Սամվել Մկրտչյանը գնահատանքով է խոսել «Կարիտաս» կառույցների երկարատև մարդասիրական գործունեության մասին՝ ողջունելով երեք երկրների ներգրավմամբ և ԵՄ հովանավորությամբ նման ծրագրի իրականացումը։

«Ցավոք սրտի, Մերձավորարևելյան տարածաշրջանում, մասնավորապես՝ Սիրիայում շարունակվող պատերազմների հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են իրենց բնակավայրերից, կորցրել ունեցվածքը և հայտնվել տարբեր երկրներում փախստականների կամ միգրանտների կարգավիճակով։ Սիրիայի հայ համայնքի անդամները ևս անմասն չեն մնացել այդ ողբերգական իրադարձություններից։ Ներկայումս նրանք առնչվում են տարբեր խնդիրների ինչպես Հայաստանում, այնպես էլ Լիբանանում և կարիք ունեն կանոնակարգված աջակցության՝ իրենց վերագտնելու և կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար» – իր ելույթում նշել է դեսպան Մկրտչյանը։

Դեսպանը նաև խորհրդանշական է համարել Հայաստան–Լիբանան–Ավստրիա եռակողմ համագործակցության ձևաչափը՝ անդրադարձ կատարելով երեք ժողովուրդների բազմադարյա առնչություններին։

Մյուս մասնակիցները ևս մեծ գոհունակությամբ են խոսել ծրագրի մասին՝ հաջողություն մաղթելով դրա կազմակերպիչներին։

Այսօր լրանում է Դերսիմի կոտորածների 80-րդ տարելիցը

Այսօր` մայիսի 4-ին, լրանում է 1937թ. Դերսիմի կոտորածների 80-րդ տարելիցը, որին զոհ գնացին հարյուրավոր ալևի զազաներ, քրդեր և հայեր:
1935թ.-ի դեկտեմբերի 25-ին սկսված և 1937թ.-ի մայիսի 4-ին պաշտոնական բնույթ ստացած ռազմական գործողությունները Դերսիմում ընդհանուր առմամբ շարունակվեցին մինչև 1939թ.:

Թուրքական demokrathaber.org կայքի հաղորդմամբ` Դերսիմի կոտորածների ընթացքում զոհվել է ավելի քան 72 000 մարդ, հազարավոր մարդիկ աքսորվել են առանց դատարանի որոշման, շատերն անհայտ կորած են մինչ օրս:

1937թ.-ի մայիսի 4-ը, սակայն, համարվում է Դերսիմի պատմության բեկումնային կետն ու Դերսիմի կոտորածների ընթացքում տեղի ունեցած ամենախոշոր ռազմական գործողությունը: Հենց մայիսի 4-ին Թուրքիայի պատմության մեջ հայտնի որպես առաջին կին թուրք օդաչու և աշխարհում առաջին կին ռմբակոծող Սաբիհա Գյոքչենը Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անմիջական հրամանով ինտենսիվ ռմբակոծության ենթարկեց Դերսիմի մի շարք շրջաններ:

Նշենք, որ Սաբիհա Գյոքչենի մասին «Սաբիհա Գյոքչե՞ն, թե՞ Խաթուն Սեբիլջյան» վերնագրով հոդվածը, որը գրվել էր պոլսահայ հայտնի լրագրող, մտավորական, «Ակօս» թերթի հիմնադիր և խմբագիր Հրանտ Դինքի կողմից և պատմում էր Աթաթուրքի որդեգրած Սաբիհա Գյոքչենի՝ իրականում Այնթապի մանկատան հայ որբերից մեկը լինելու մասին, ավելի ուշ դարձավ Դինքի սպանության արշավի առանցքային կետերից մեկը:
«Էրդողանի իշխանության տարիներին մինչ այդ փակ թեմա համարվող Դերսիմի կոտորածները հաճախ են դարձել քննարկումների թեմա: Սակայն մինչ օրս այդ դեպքերի համար պատասխանատվության հարցում որևէ քայլ չի ձեռնարկվել», -tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է ընդդիմադիր կայքը:
Դերսիմի փաստաբանների գրասենյակի նախագահ Բարըշ Յըլդըրըմը demokrathaber.org-ի հետ զրույցում հայտնել է, որ իրենց գրասենյակը պատրաստվում է պաշտոնական պահանջ ներկայացնել իշխանություններին` Դերսիմի կոտորածների համար պաշտոնական ներողության համար:

Միանգամից 5 զավակ Կարապետյանների ընտանիքում. տեսանյութ

5-ակի երջանկություն՝ Մեծամորում բնակվող Կարապետյանների ընտանիքում: Նրանք այս գիշեր միանգամից 5 զավակ են ունեցել՝ 4 աղջիկ, մեկ տղա: «Էրեբունի» բուժկենտրոնում կեսարյան հատմամբ լույս աշխարհ եկած փոքրիկները կշռում են 950-ական գրամ, ամենափոքրը՝ 650 գրամ: Հայաստանում աննախադեպ է 5-յակի ծնունդը, ընդ որում պետք է նշել՝ ոչ արհեստական բեղմնավորմամբ ծնված: Միանգամից 5 զավակի հայր դարձած Վարդանը երջանկությունից գլուխը կորցրել է:

Մանրամասները՝ Հանրային հեռուստաընկերության տեսանյութում.

Տիտղոսակիր գեղեցկուհի Գոհար Հարությունյանը հյուրընկալվեց Սփյուռքի նախարարությունում

Մայիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Միսս  Հայաստան» հիմնադրամի նախագահ, «Միսս  Հայաստան–1998», «Միսս ԱՊՀ–1999», «Միսիս գլոբ–2009» մրցույթներում հաղթող ճանաչված Գոհար Հարությունյանին:

Նախարարը ողջունեց «Գեղեցկության և նրբագեղության» համահայկական մրցույթ կազմակերպելու՝ «Միսս  Հայաստան» հիմնադրամի նախագահի նախաձեռնությունը, որի նպատակն է ամբողջ աշխարհում գտնել հայուհիներ, ովքեր Հայաստանը կներկայացնեն «Միսս աշխարհ», «Միսս տիեզերք» մրցույթներում:

Գոհար Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության, աջակցելու պատրաստակամության համար և նշեց, որ մրցույթի ամփոփիչ փուլը տեղի կունենա սեպտեմբերին, կընտրվեն 25-30 գեղեցկուհի հայուհիներ՝ աշխարհի տարբեր երկրներից և Հայաստանի մարզերից ստացած հայտերի հիման վրա: Մրցույթի մասին հայտարարությունը և հայտերը շուտով կտեղադրվեն «Միսս  Հայաստան» հիմնադրամի պաշտոնական կայքում և կուղարկվեն նաև սփյուռքի բոլոր լրատվամիջոցներին, համահայկական կառույցներին ու համայնքներին:

«Հայկական պատմամշակութային արժեքները հարևան երկրներում և Մերձավոր Սփյուռքում» թեմայով քննարկում Սփյուռքի նախարարությունում

Մայիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Հայկական պատմամշակութային արժեքները հարևան երկրներում և Մերձավոր Սփյուռքում» թեմայով քննարկումը, որի գլխավոր բանախոսն էր Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Սամվել Կարապետյան ազգանունը ներկայացնելու կարիք չկա, քանի որ անկախացումից մի քանի տարի անց նա սկսեց իր ակտիվ գործունեությունը, ինչի արդյունքում մենք ճանաչեցինք և իմացանք աշխարհի տարբեր երկրներում և հատկապես մեր տարածաշրջանում գոյություն ունեցող հայկական պատմամշակութային հին ու նոր արժեքների մասին: Փոքր տարիքից հետաքրքրվելով հայկական հուշարձանների ծագումնաբանությամբ և ներկա վիճակով՝  Սամվել Կարապետյանն իր հայրենանվեր ու հետևողական գործունեությամբ կարողացավ ստեղծել հանրագիտարանային նշանակության աշխատություններ»։

Նախարարը կոչ արեց դահլիճում ներկա սփյուռքահայերին՝ մտածել, թե ով ինչպես կարող է օգտակար դառնալ իր բնակության երկրում գտնվող հայկական հուշարձանների պահպանության գործին: «Մենք հավաքել և մեկ գրքում ամբողջացրել ենք ամբողջ աշխարհում գտնվող Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանները և խաչքարերը, սակայն հարկ է, որ անձնագրավորվեն բոլոր հուշակոթողներն ու եկեղեցիները», – նշեց Սփյուռքի նախարարը:

Այնուհետև Սամվել Կարապետյանը ներկայացրեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ստեղծման պատմությունը, իրականացրած աշխատանքները, դրանց արդյունքում տպագրված գրքերը։

Խոսելով «Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս» եռալեզու գրքի մասին՝ բանախոսը ներկաների ուշադրությունը հրավիրեց աշխատության քաղաքական նշանակության ու կարևորության վրա, ուր տեղ գտած նյութերը վերաբերում են 4-20-րդ դարերի 120 հուշարձաններին:

Հուշարձանագետը նշեց, որ գրքի լուսանկարների մեծ մասը ինքն է նկարել, մի մասը տիեզերքից են արվել, իսկ որոշ լուսանկարներ էլ օտարազգիներն են փոխանցել իրենց կազմակերպությանը:

Սամվել Կարապետյանն ընդգծեց, որ օտարազգի ուսումնասիրողներին  հետաքրքրում են Ադրբեջանի այսօրվա տարածքում գտնվող հայկական հուշարձանները: «Մի շոտլանդացի ուսումնասիրող 3 շաբաթվա վիզա ուներ, սակայն հնարավորություն չունեցավ աշխատել Նախիջևանում, քանի որ 3 օրից նրան հասկացրին, որ պետք է հեռանա: Հայկական հուշարձանները մեր անձնագրերն են, Ադրբեջանը վախենում է մեր անձնագրերից»,- նշեց Կարապետյանը:

Հուշարձանագետն անդրադարձավ նաև տարածաշրջանի մյուս երկրներում, Հնդկաստանում, Մերձավոր եւ Միջին Արևելքի երկրներում գտնվող հայկական հուշարձաններին:

Սամվել Կարապետյանը պատասխանեց ուսանողների, սփյուռքահայ մտավորականների հարցերին, որից հետո ներկաները դիտեցին հայկական հուշարձանների մասին պատմող հեղինակային ֆիլմը:

img_4359 %d5%b4%d5%ab%d5%bb%d5%b8%d6%81%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d5%b42

Սամցխե-Ջավախքում մեկնարկել է հայկական դպրոցների տնօրենների և ուսուցիչների վերապատրաստման ծրագիր 

Ուսուցիչների  մասնագիտական զարգացման ազգային կենտրոնը շուտով կսկսի ուսուցիչների և տնօրենների մասնագիտական վերապատրաստման ծրագիրը: Տվյալ նորության մասին երեկ նահանգապետարանի շենքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում տեղեկացրին Ախալցխայի հայկական դպրոցների տնօրեններին և ֆասիլիտատորներին (քաղաքացիական ակտիվ խմբերի վարողներ):

Ինչպես հայտնում է akhaltskha.net-ը, տնօրենների համար կստեղծվի առաջնորդների ակադեմիա, որը բաղկացած կլինի երեք մասից: Ծրագիր ավարտին նախարարության աշխատակիցների կարծիքով տնօրեններն ավելի մասնագիտացված կլինեն:

Այժմ վրացական դպրոցների ուսուցիչների և տնօրենների վերապատրաստման աշխատանքներ են ընթանում: Հայկական դպրոցների ուսուցիչները այս ծրագրին կմիանան 2017 թվի վերջին:

Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի հանդիպումը

Մայիսի 4-ին Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի ԱԳՆ ղեկավար Կարեն Միրզոյանի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց Մոսկվայում նախորդ շաբաթ կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։

Նախարարները քննարկեցին երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր:

ՀՀ վարչապետ. «Շահագրգռված ենք, որպեսզի «Թավիթյան» հիմնադրամն ընդլայնի իր գործունեությունը»

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի պատվիրակությանը՝ հիմնադրամի հիմնադիր, նախագահ, գործարար և բարեգործ Ասո Թավիթյանի ու Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան, ադմիրալ Ջեյմս Ստավրիդիսի գլխավորությամբ:
Վարչապետը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել «Թավիթյան» հիմնադրամի աջակցությամբ կրթական ծրագրերի իրականացման համար, որոնց շրջանակում արդեն վերապատրաստվել է շուրջ 300 ՀՀ պետծառայող՝ միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն, իրավագիտություն և հանրային կառավարում ուղղություններով: «Մեծապես կարևորում եմ «Թավիթյան» հիմնադրամի ու Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի հետ համագործակցությունը: Հիմնադրամը բարձր հեղինակություն ունի Հայաստանում: ՀՀ կառավարության բարեփոխումներն ու ծրագրերն առաջին հերթին ուղղված են հենց կառավարման արդյունավետության բարձրացմանը: Մենք շահագրգռված ենք, որպեսզի հիմնադրամն ընդլայնի իր գործունեությունը Հայաստանում, և ձեր ծրագրերը շարունակական բնույթ կրեն», – իր խոսքում նշել է կառավարության ղեկավարը:
Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգը՝ անդրադառնալով, մասնավորապես, կառավարման համակարգի արդիականացման, բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, պետություն-մասնավոր գործակցության ձևաչափով ստեղծված Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործունեությանը և այլն:
Ասո Թավիթյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Կարապետյանին բարձր գնահատականի համար՝ գոհունակությամբ խոսելով «Թավիթյան» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքի, արդյունքների և Հայաստանից մասնակցող մասնագետների պատրաստվածության մասին: ««Թավիթյան» հիմնադրամի նպատակն է կրթական ծրագրերի միջոցով հնարավորինս աջակցել Հայաստանի զարգացմանը: Պատրաստ ենք շարունակել և ընդլայնել երիտասարդ մասնագետների կարողությունների հզորացմանն ուղղված նախաձեռնությունները», – նշել է Ասո Թավիթյանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի զարգացման տեսլականի և հեռանկարների շուրջ, կարևորել կրթության դերն առկա մարտահրավերները դիմագրավելու գործում և լայն աշխարհայացքով ու մտածելակերպով երիտասարդ մասնագետների պատրաստումը:
Վարչապետը կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել քննարկել հնարավոր նոր ծրագրերն ու աջակցել դրանց իրագործմանը:

Կկայանա Հովսեփ Նալբանդյանի «Հայկական պատմվածքներ Ա, Բ, Գ» և Ավետիս Ռազմիկի  «Կյանքի կարուսել» գրքերի շնորհանդեսը

Մայիսի 12-ին, ժամը՝ 16-00-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի կունենա գրականագետ-մատենագետ, թարգմանիչ, ազգային գործիչ, հրապարակախոս Հովսեփ Նալբանդյանի «Հայկական պատմվածքներ Ա, Բ, Գ» և նրա հովանավորությամբ լույս տեսած պատմաբան, հրապարակագիր, հասարակական  գործիչ Ավետիս Ռազմիկի (Կիպրոս) «Կյանքի կարուսել» (հրապարակագրություն) գրքերի շնորհանդեսը:

«Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում դաս-միջոցառում՝նվիրված Ալեքսանդր Մանթաշյանցի 175-ամյակին

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, մայիսի 4-ին,Երևանի Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում կայացավ միջոցառում՝ նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը-2017» ծրագրում տեղ գտած հայ նշանավոր գործարար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի 175-ամյակին: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանը, ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության Գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը, ուսուցիչներ, ծնողներ և այլ հյուրեր:

10-ից 11-րդ դասարանների աշակերտները ներկայացրեցին մեծ հայի կյանքն ու գործունեությունը, ապա անդրադառձան նրա կատարած ազգօգուտ մեծածավալ աշխատանքներին, մարդկային բարձր հատկանիշներին: Աշակերտները հնչեցրեցին նաև Ալեքսանդր Մանթաշյանցի կյանքի մասին նշանավոր մարդկանց արտահայտած կարծիքները:

Միջոցառման ավարտին Էլեոնորա Թումանյանն իր խոսքում կարևորեց նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը՝ հատկանշելով այն փաստը, որ մատաղ սերունդն այսկերպ հնարավորություն է ունենում ծանոթանալու ինչպես հայ անվանի դեմքերին, այնպես էլ ՝ կրթվելու իբրև բանիմաց հայորդիներ:

Սիրվարդ Համբարյանը ներկաներին փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը՝ ասելով, որ «Մեր մեծերը» Հայաստան-Սփյուռք գործակցությանն ուղղված նախարարության կարևոր նախաձեռնություններից մեկն է: Գիտակրթական ծրագրերի բաժնի պետը հավելեց նաև, որ այս ծրագիրը մեր երիտասարդությանը հայրենասիրական զգացումով է տոգորում:

Հիրավի, Երևանի Տ.Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի Հայոց պատմության ուսուցչուհի Կրեմլինա Իսրայելյանի կազմակերպած միջոցառումը վերածվեց հայրենասիրական յուրօրինակ դասի:

1341

15161742