Տեղի ունեցավ գիտական և ստեղծագործական լավագույն աշխատանքների «Մրցանակաբաշխություն 2016»-ի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը

Մայիսի 2-ին Երևանում մոսկովյան մշակութագործարարական «Մոսկվայի տուն» կենտրոնում տեղի ունեցավ Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և ՀՀ սփյուռքի նախարարության կողմից հայտարարված գիտական և ստեղծագործական լավագույն աշխատանքների «Մրցանակաբաշխություն 2016»-ի արդյունքների ամփոփման և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության  նախագահ Արա Աբրահամյանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Հայաստանի գրողների, կոմպոզիտորների, ժուռնալիստների, նկարիչների, կինեմատոգրաֆիստների միությունների նախագահները, անվանի գիտնականներ, գրողներ, արվեստագետներ, մտավորականներ, հյուրեր:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Պատմության հոլովույթում հայ գիտությունը և մշակույթը քննություն են բռնել՝ արժանանալով ամենաբարձր գնահատականների, և այսօր յուրովի են ներկայացնում աշխարհին մեր 25 ամյա երկիրը: Մինչև մեր նախարարության ստեղծումը Ռուսաստանի հայերի միությունը ակտիվ համագործակցել է ստեղծագործական միությունների հետ: Իսկ երբ մրցանակաբաշխությունը սկսեցինք համատեղ կազմակերպել, նրան համահայկական բնույթ հաղորդեցինք: Եվ այսօր ուրախությամբ արձանագրում ենք, որ մրցանակակիրների թվում քիչ չեն սփյուռքի մեր հայրենակիցները»:

Ռուսաստանի հայերի միության  փոխնախագահ Վլադիմիր Աղայանը ներկայացրեց մրցանակաբաշխության ստեղծման պատմությունը, և ընթացքը, շեշտեց, որ անցած 10 տարիների ընթացքում կրկնապատկվել է մրցանանակիրների թիվը, 2016թ.-ին մրցանակի է արժանացել 62 մասնակից:

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունից հետո ելույթ ունեցան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Մրցանակակիրները շնորհակալություն հայտնեցին գնահատման և խրախուսանքի համար:

Վերջում տեղի ունեցավ տոնական համերգ:

«Մրցանակաբաշխություն 2016»-ն այս տարի թեմատիկ էր և անց էր կացվում «Համազգային միասնությունը որպես հավաքական ուժի, հզորության գրավական» նշանաբանով` նվիրված Հայաստանի Հանրապետության 25-ամյա հոբելյանին: Մրցանակաբաշխության հիմնական նպատակն է նպաստել 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու գործում գիտության, գրականության և մշակույթի դերի բարձրացմանը, Հայաստանի գիտական և ստեղծագործական մտավորականության գործունեության ակտիվացմանը, աջակցել երկրի մտավոր կյանքի աշխուժացմանը:

img_4188img_4153img_4217unnamed-1unnamed-2unnamed-3unnamed-4unnamed

«Եղիցի լույս» արևային էներգիայի օգտագործման նախագծի հեղինակն այցելեց Սփյուռքի նախարարություն

Մայիսի 2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Եղիցի լույս» արևային էներգիայի օգտագործման նախագծի հեղինակ, Սինգապուրում բնակվող հայ գործարար Աշոտ Թունյանին, Մյանմարից Վիկտոր Մայնասին, ում հայրը և պապը հայ են եղել՝ Մինասյան ազգանունով:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը հետաքրքրվեց, թե Վիկտորի ընտանիքը քանի հոգուց է բաղկացած և ինչով են զբաղվում, Օվկեանիայում գտնվող այդ փոքրիկ երկրում քանի հայ կա: Նախարարը կարևորեց աշխարհով մեկ սփռված փոքրիկ երկրների հաշվառումը , խառնամուսնություններից ծնված սերունդների հայադարձությունը: Վիկտորի հայրը 1890 ական թթ. եղել է Մյանմար պետության քրիստոնեական հնագույն սրբավայրի` Ռանգունի Սբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի անդամ:

Սփյուռքի նախարարը արժևորեց Աշոտ Թունյանի ազգասիրական գործունեությունը, հայապահպանությանն ուղղված նրա ջանքերը, ինչպես նաև՝ արևի էներգիայի օգտագործան «Եղիցի լույս» նախագիծը:

Հարավ-Արևելյան Ասիայում հայերը բնակություն են հաստատել դեռևս 16-17-րդ դարերից։ Օտար հողում հաստատվելով և հայ համայնքներ ձևավորելով, ինչպես այօրվա տեղաբնակ հայերի, այնպես էլ ժամանակի հայերի համար կյանքի առաջնային նպատակն է եղել պահպանել սեփական լեզուն, հավատքը և մշակույթը։ Հնում հայերը Մալայզիա են եկել հիմնականում Հնդկաստանից և Հին Ջուղայից ու արմատավորվել են Մալակկա թերակղզում, որը Հարավ-Արևելյան Ասիայի թերակղզիներից է՝ Հնդկաչին թերակղզու հարավային մասը։ Այն ներկայումս բաժանված է Մյանմարի, Մալայզիայի և Թաիլանդի միջև։ Հայերը հաստատվել են Պենանգ նահանգի Ջորջթաուն քաղաքում և շատ կարճ ժամանակում վճռորոշ դեր են ունեցել նահանգի տնտեսական, մշակութային կյանքում և ճարտարապետության պատմությունը մեջ:

2

Արգենտինայի ֆուտբոլի առաջնության ժամանակ ոգեկոչել են Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը

Ապրիլի 30-ին, ֆուտբոլի Արգենտինայի առաջնության «Բոկա Խունիորս»-«Արսենալ» խաղի մեկնարկից առաջ խաղադաշտում հիշատակվել է Հայոց ցեղասպանությունը՝ 102-րդ տարելիցին նվիրված մեծ պաստառի միջոցով:

Ինչպես հայտնում է Prensa Armenia-ն, «Բոկա Խունիորս»-ի «Բոմբոներա» մարզադաշտում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն է տեղի ունենում արդեն մի քանի տարի շարունակ: Նախաձեռնության հեղինակը Հարավային Ամերիկայի հայկական երիտասարդական ֆեդերացիան է:

Նախորդ տարի նման պաստառ էր պահվել ֆուտբոլի Արգենտինայի առաջնության սուպերկլասիկոներից մեկի` «Բոկա Խունիորս»-«Ռիվեր Փլեյթ» խաղից առաջ:

 

«Սոսե» միջազգային կինոփառատոնը կնպաստի Հայաստանում և Արցախում ֆիլմարտադրության զարգացմանը

Աշխարհի արվեստագետներն ու կինոարտադրողները մեկ գաղափարի շուրջ:

«Սոսե»-2017 միջազգային կինոփառատոնը մեկնարկել է ֆիլմերի հայտերի ընդունումը: Հիմնական մրցութային ծրագրում կարող են մասնակցել բոլոր ֆիլմերը՝ առանց թեմատիկ սահմանափակման (խաղարկային, լիամետրաժ, կարճամետրաժ, վավերագրական):

Կինոփառատոնն ունի ևս երկու մրցութային ծրագիր՝ «Բովանդակությունը՝ կին» և«Ուսանողական»«Բովանդակությունը՝ կին» մրցութային ծրագրին կարող են մասնակցել ֆիլմեր, որոնցում արծարծվում է կնոջ թեման: Լավագույն մեկնաբանության համար նախատեսված է Սոսե Մայրիկի անվան մրցանակ: Իսկ «Ուսանողական» մրցութային ծրագրին ներկայացվում են աշխարհի տարբեր ծայրերում սովորող ուսանողների աշխատանքներն առանց ժանրային կամ թեմատիկ սահմանապակման: Կինոփառատոնը կհովանավորի «Լավագույն ուսանողական աշխատանք» անվանակարգում հաղթող և Հայաստանում սովորող ուսանող-ռեժիսորի մեկ տարվա ուսման վարձը, իսկ արտերկրում սովորող ուսանող-ռեժիսորին կտրվի պատվոգիր:

«Սոսե» միջազգային կինոփառատոնի ֆիլմերի նախնական ընտրությունը իրականացնում է միջազգային հանձնախումբը, որում ընդգրկված են նաև հայ մասնագետները։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2017 թվականի մայիսի 31-ն է: Ֆիլմերի նախնական ընտրության արդյունքները կամփոփվեն 2017թ-ի հուլիսի 1-ին։ Կինոդիտումները կանցկացվեն 2017 թ.-ի օգոստոսի 14-ից հոկտեմբերի 2-ը։ Իսկ մրցանակաբաշխությունը կկայանա հոկտեմբերի 14-ին։

«Սոսե» միջազգային կինոփառատոնի գլխավոր նպատակն է նպաստել Հայաստանում և Արցախում ֆիլմարտադրության զարգացմանը, ինչպես նաև աջակցել համատեղ ֆիլմերի արտադրությանը, որպեսզի ստեղծվեն հայ-իտալական, հայ-բուլղարակ, հայ-իրանական և այլ ֆիլմեր:

Հայտերի ընդունման պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ www.sosefestival.com կայքի ԿԱՆՈՆԱԿԱՐԳ բաժնում, գրում է Արցախպրեսը։

Արա լեռը զբոսաշրջային վայրի կվերածվի

Արա լեռը կարող է զբոսաշրջային վայր դառնալ: Այս մասին հայտնեց ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում:

«Արա լեռը զբոսաշրջային վայր դարձնելու հետաքրքիր ծրագիր ունենք. թե ձմեռային, թե ամառային վայրի վերածելու, բայց ծրագրի գործարկումը հսկայական ներդրումներ է պահանջում: Ծրագիրը կներկայացնենք ներդրումային հարթակում և կսպասենք զարգացման: Այն մշակվել է դեռ 2007-ին, բայց մինչև այսօր դեռ չի իրականացվել մեծ ներդրումների պահանջի պատճառով», – ասաց Զեյթունցյանը:

Նա նշեց, որ օրինակ, գինու, գաստրո, արկածային տուրիզմի զարգացման համար ներդրում պետք չէ:

«Գինու, գաստորտուրիզմի մասին շատ են խոսում, բայց դրանք տուրիզմի առանձին ձևեր չեն, քանի որ կոնկրետ երկիր չես գնում միայն ուտելու կամ գինու տուրի համար, պարզապես այդ ամենը մտնում է երթուղու մեջ: Միայն դրանով Հայաստանը ներկայանալ, իհարկե, չի կարող: Մեր երկիրը ներկայացնում ենք որպես չբացահայտված Հայաստան՝ Armenia uncovered», – հավելեց Զեյթունցյանը:

Արա լեռ կամ Արայի լեռ ՝ Հայաստանում, գտնվում է Կոտայքի և Արագածոտնի մարզերում։ Նրա լանջին է գտնվում Ծաղկեվանքը։ Լեռն ունի հարուստ բնաշխարհ, և Հայաստանի բուսականության 20%-ը կարելի է հայտնաբերել այնտեղ։ Արան նաև պարապլաներիստների թռիչքի վայր է համարվում: Բարձրություն (ԲԾՄ)՝ 2577 մ:

Նրա արևմուտքում են գտնվում Աշտարակը և Քասաղ գետի կիրճը, իսկ Արարատյան դաշտը և Երևանը ՝ լեռի հարավում։

Հայտնի են «Ավրորա» գեղարվեստական մրցույթի հաղթողները

Հովհ. Թումանյանի թանգարանում Մայիսի 1-ին ամփոփվել են «Ավրորա» գեղարվեստական առաջին մրցույթի արդյունքները: 1107 աշխատանքներից ժյուրին առանձնացրել է երեք գլխավոր մրցանակի արժանի գործեր, եւս երկու աշխատանքի հեղինակներ ստացել են հատուկ մրցանակ:

Գեղանկարի, քանդակի, փայտագործության, կերամիկական աշխատանքների, բատիկայի, թվային գրաֆիկական պատկերների միջոցով մրցույթի 7-14 տարեկան մասնակիցները արտահայտել են մարդասիրության, հերոսության, անձնվիրության եւ լուսավոր ապագայի հավատի գաղափարները:

«Խաղաղություն» անվանումով գեղանկարի համար առաջին մրցանակը ստացավ 7-ամյա Արփի Ղազարյանը, ով սովորում է Երեւանի Հ. Իգիթյանի անվան ազգային գեղագիտության կենտրոնում: Մեդիամաքսին նա պատմել է, որ իր նկարում պատկերված աղջկա ձեռքին Պիկասոյի խաղաղության աղավնին է:

«Խաղաղությունը պետք է Հայաստանին, որ բոլոր մարդիկ ուրախ լինեն»,-ասել է Արփին:

Երկրորդ մրցանակը 13-ամյա Սոֆյա Յակովլեւայինն է Ռուսաստանից: Երեւանի «Գասպարյան» արտ-ստուդիայի 11-ամյա սան Աննա Կոստանյանի գեղանկարն արժանցավ երրորդ մրցանակին:  Մասնագիտական ժյուրիի որոշմամբ, հատուկ մրցանակ ստացան նաեւ Ժասմինա Հովհաննիսյանը Ներքին Գետաշենից եւ 14-ամյա Ռուդոլֆ Ավանեսյանը Երեւանից:

Ժյուրիի անդամ, ռեժիսոր Հրանտ Վարդանյանն ասել է, որ բոլոր մասնակիցներն են արժանի առաջին մրցանակի, ժյուրին պարզապես իր սուբյեկտիվ գնահատականով առանձնացրել է մի քանիսին:

«Հավատացե՛ք, մենք՝ ժյուրիի անդամներս, մեծ հաճույք ենք ստացել, որովհետեւ տեսանք մեր երեխաների աշխարհը՝ վառ, գունեղ, կերպարներն ունեին ասելիք ու բնավորություն: Այս երեխաների մեջ սերմանված բարին եւ գեղեցիկը երբեք չեն կորչի, սա մեր գենոֆոնդն է, մեր մշակույթի հիմքը: Ինչպես շատ մարդկանց օգնությամբ 100 տարի առաջ մենք փրկվեցինք, այդպես էլ մեր երեխաները կփրկեն մեզ իրենց արվեստով, մշակույթով, որովհետեւ գորշություն ու անտարբերություն չկան այս պատկերներում: Միայն լավատեսություն է եւ բարություն»,- նշել է ժյուրին գլխավորող մուլտիպլիկատոր Գայանե Մարտիրոսյանը:

«Ավրորա» գեղարվեստական մրցույթին աշխատանքներ են ներկայացվել Հայաստանի մարզերից, սփյուռքից: Մարդասիրության իրենց պատկերացումներով կիսվել են նաեւ այլազգի երեխաները:

«Բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում մեր տատիկների, պապիկների, մեծերի անունից, որոնց փորձեցին զրկել մանկությունից, ապրելու, արարելու, ուրախանալու հնարավորությունից: Այսօր այսպես ցույց ենք տալիս աշխարհին, որ մենք կանք եւ միշտ կլինենք, որովհետեւ արարող ենք»,- ասել է ժյուրիի անդամ, կոմպոզիտոր Մարինե Ալեսը:

Գեղարվեստական մրցույթների միջոցով «Ավրորա»-ն ընդլայնում է մարդասիրության գաղափարները կիսողների շրջանակը: Նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը նշել է, որ «Ավրորա»-ն դարձել է միջազգային մարդասիրական շարժում, որը սկսել են Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը եւ Վարդան Գրեգորյանը: Տարեցտարի ավելանում են նախաձեռնության աջակիցները:

«Մեր թիմի անունից ստեղծագործական մրցույթների գաղափարի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ստեղծագործական խորհրդի անդամներին: 3 մարդ ծրագրին նայում են երեւի ամենակարեւոր 3 կետերից՝ Երեւանից, Կալիֆորնիայից եւ Մոսկվայից, որովհետեւ այս կետերում ամենաուժեղն է արտահայտված հայկական միտքը եւ ստեղծագործական ուժը. Մարինե Ալեսը՝ Երեւանից, Սալբի Ղազարյանը՝ Կալիֆորնիայից եւ Արթուր Ջանիբեկյանը՝ Մոսկվայից»:

Նկարչական նյութերի տեսքով նվերներ ստացել են մրցույթի բոլոր մասնակիցները: Իսկ հաղթողներին մրցանակներից բացի բացառիկ հնարավորություն է տրվել մասնակցելու մայիսի 28-ին Երեւանում կայանալիք 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը:

Մրցույթին ներկայացված 63 լավագույն աշխատանքները Հովհ. Թումանյանի թանգարանում կցուցադրվեն մինչեւ մայիսի վերջ՝ «Ավրորա» մրցանակի հիմնական միջոցառումների ամփոփումը:

Լուսինե Ղարիբյան

Մոսկվայի «Հայորդյաց տանը» կայացավ «Մաշտոցից մինչև Նարեկացի» խորագրով միջոցառումը

Ապրիլի 30-ին Մոսկվայի «Հայորդյաց տան» հայոց պատմության ուսուցչուհի Աննա Թումանյանի՝ ավագ տարիքային խմբի առաջին դասարանի սաները ներկայացան «Մաշտոցից մինչև Նարեկացի» խորագրով միջոցառմամբ։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնից, միջոցառման հեղինակ Աննա Թումանյանն ասես թատերականացված դասի միջոցով ներկայացրեց հայոց պատմության կարևորագույն ժամանակահատվածներից մեկի՝ աստվածատուր այբուբենի ստեղծումը, Մեսրոպ Մաշտոցի դիմավորումը և ժողովրդի ցնծությունը։

Հանդիսատեսին այդուհետև ներկայացվեց մագաղաթների ստեղծման անհրաժեշտությունը, պատմիչների կրած դժվարությունները և դրանց փրկության համար անձնազոհության պատրաստակամությունը։ Պատմիչների դերակատարների շուրթերով փոխանցվեց, թե ինչ դժվարին, ծախսատար և ժամանակատար էր մեկ գրքի ստեղծումը, որը, հաճախ, հնարավոր է եղել կյանքի կոչել ամբողջ գյուղի նվիրատվության և խնայողության շնորհիվ։ Եվ ինչ դժվարությամբ որ ստեղծվել են մագաղաթները, նույն դժվարությամբ էլ դրանք պահպանվել, գերությունից փրկվել, երբեմն թաղվել և երկրորդ կյանք են ստացել՝ հասնելով մեր օրեր և դառնալով անցյալի խոսուն և աղաղակող վկաները։

Աննա Թումանյանը ռեժիսորական դիպուկ լուծումների միջոցով նաև Գրիգոր Նարեկացու և ներկա սենդի դերակատար-ներկայացուցիչների միջև երկխոսությունէր ստեղծել, որը նաև ներկաների համար յուրօրինակ հոգևոր դասէր։

«Շնորհակալություն Աննա Թումանյանին, ում շնորհիվ այսօր մենք տեսանք մեր ազգի, մեր եկեղեցու նվիրական արժեքները, մեր վարդապետների, կաթողիկոսների սուրբ ու նվիրական գործը։Տեսանք այն հավատն ու ոգին, որն ունեցել է մեր ժողովուրդը հազարամյակներ շարունակ ուայն նախանձախնդրությունը, որով նվիրվել է գրքին։ Մեր տաղանդավոր սաների այս գեղեցիկ դասը ուղերձ  է ամենքիս, որ պահենք ու պահանենք մեր ունեցածը։ Միաժամանակ Սրբազան Հոր օրհնությունն եմ փոխանցում բոլորիդ, որպեսզի այն ուղեկցի ձեզ, որ կարողանաք ապրել ինչպես մեր ազգանվեր նախնիները և լինեք մեր սուրբ եկեղեցու արժանավոր զավակներ»,- միջոցառման ավարտին դիմելով ներկաներին՝ ասաց «Հայորդյաց տան» հոգևոր տեսուչ Տեր Առաքել քահանա Ամիրյանը։

Միջոցառման ընթացքում հնչեցին կատարումներ Լենա Բեգլարյանի և Արմինե Մարտիրոսյանի նվագակցությամբ, իսկ դեկորացիաները ստեղծել էր ՀԱԵ Քրիստոնեական առարկայի ուսուցչուհի Արմինե Խաչատյանը։

%d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a1 %d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a11 %d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a12 %d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a13

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց «Տավիթյան» հիմնադրամի պատվիրակությունը

Մայիսի 2-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց «Տավիթյան» հիմնադրամի պատվիրակությունը՝ հիմնադրամի նախագահ Ասո Տավիթյանի ու Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան, ադմիրալ Ջեյմս Ստավրիդիսի գլխավորությամբ։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց «Տավիթյան» հիմնադրամի գործունեությունը հայ երիտասարդների կրթության և բարձրակարգ վերապատրաստման գործում։

Էդվարդ Նալբանդյանը արժևորեց «Տավիթյան» հիմնադրամի և ՀՀ ԱԳՆ միջև հաստատված համագործակցությունը:

Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։

Չինաստանի հայկական համայնքը Չինական հանրահայտ սոցիալական ցանցում խոսել է Հայոց ցեղասպանության մասին

2017թ․ ապրիլի 24-ին Չինաստանի հայկական համայնքը (ՉինաՀայ) յուրահատուկ տեղեկատվական արշավ սկսեց չինական հանրահայտ Վիչեթ սոցիալական ցանցում (անգլերեն՝ WeChat, չինարեն՝ 微信): Ինչպես «Հայերն այսօր»-ը տեղեկանում է chinahay.com կայք-էջից, ՉինաՀայի անդամներն իրենց էջերում տեղադրեցին Համայնքի Գործադիր մարմնի կողմից պատրաստված չինարեն գրությունը, ըստ որի Օսմանյան կայսրության ղեկավարությունը ցեղասպանության իրականացնելով՝ ոչնչացրեց մեկ ու կես միլիոն հայերի։ Միջազգային հանրությունը ձախողեց Հայոց ցեաղսպանությունը կասեցնելու թուրքական ծրագիրը, ինչը հետագայում պատճառ դարձավ, որ ճապոնացիներն իրենց անպատիժ զգան ու Նանջինգում կոտորեն չինացիներին, իսկ Ադոլֆ Հիտլերը՝ հայտարարելով. «Ով է հիշում Հայոց ցեղասպանությունը», կոտորեց հրեաներին։

Գրության ավարտում կոչ է արվում միջազգային հանրությանը ճանաչել ու դատապարտել բոլոր տեսակի ցեղասպանություններն ու կոտորածները, պատժել մեղավորներին։

ՉինաՀայի անդամները տարածեցին նաև Համայնքի ջանքերով չինարեն թարգմանված «Գետը հոսում է կարմիր» ֆիլմը։ Կարևոր է նշել, որ ՉինաՀայի հետևողական աշխատանքի շնորհիվ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության նյութերը տարածվում են նաև բազմաթիվ չինացիների կողմից։ Ինչպես նշեց Չինաստանի Հայկական համայնքի Նախագահ Մհեր Սահակյանը․ «Մենք կարևորում ենք և առաջնային ենք համարում Հայոց ցեղասպանությունը առաջին հերթին ներկայացնել օտարներին»:

Հայկական 89-րդ Թամանյան դիվիզիայի վարած մարտերից մեկի վերակերտում Հաղթանակ զբոսայգում

Հայրենական Մեծ պատերազմի 72-ամյակի կապակցությամբ «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ն ՀՀ Պաշտպանության նախարարության, Հայաստանի վետերանների միավորման ու Հայաստանի Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ Հաղթանակ զբոսայգու տարածքում՝ «Մայր Հայաստան» թանգարանի մոտ, 2017թ. մայիսի 3-ին ժամը՝ 13:00-ին,  կազմակերպում է Հայկական 89-րդ Թամանյան դիվիզիայի վարած մարտերից մեկի վերակերտումը:

Ինրպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ց, Հայաստանում առաջին անգամ նախատեսվում է ներկայացնել Հայրենական մեծ պատերազմի  մարտի փոքրիկ դրվագ, որի մասնակիցները կկրեն այդ ժամանակին բնորոշ զինվորական հագուստներ և զենքեր:

Միջոցառմանը կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ, Հայաստանում հավատարմագրված ԱՊՀ երկրների դեսպաններ,  Երևանում գործող բուհերի և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայաստանում հաստատված սիրիահայ երաժիշտները հանդիպել են Թեհրանի Հայոց թեմի աջաջնորդի հետ

Մայիս 1-ին Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանն Առաջնորդարանի իր գրասենյակում ընդունել է Հայաստանում հաստատված  սիրիահայ երաժիշտներին:

Ինչպես «Հայերն այսօր»-ը տեղեկանում է Առաջնորդարանից, սիրիահայ երաժիշտներ` Սարգիս Ադամյանը, Ժորժ Գևորգ Սարգսյանը և Շանթ Դանիելյանը, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության վարիչ մարմնի կողմից հրավիրվել են Իրան՝ ելույթ ունենալու «Արարատ»-ի ձմեռային ընթրիքների  բաժնում:

Եռյակ խումբը մասնակցել է նաև «Արարատ» մարզավանի «Սասունցի Դավիթ» սրահում տեղի ունեցած ապրիլյան գլխավոր ձեռնարկի գեղարվեստական հայտագրին:

Երաժիշտներին ընկերակցում էին Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության վարիչ մարմնի անդամներ Մելինե Ծատրյանը և Անահիտ Նազարյանը:

Սրբազան Հայրը մեծապես գնահատել է հյուրերի այցը Առաջնորդարան, զրուցել երիտասարդների հետ իրենց աշխատանքների մասին և հաջողություն մաղթել երաժիշտներին:

 

ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Մայիսի 2-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախարարության ծրագրերին մասնակցության հայտերի, իրականցրած միջոցառումների, առաջիկա անելիքների մասին, ներկայացրին նոր առաջարկներ:

Նախարարը կարևորեց առաջիկա՝ «Աշխատանքի և արարումի շաբաթվա» շրջանակներում իրականացվող հանդիպումների ու միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու լայն լուսաբանումը:

Քննարկվեցին կազմակերպական և աշխատանքային այլ հարցեր:

02-05

Բելգիայի հայ համայնքն անցկացրել է դրամահավաք սիրիահայությանն օժանդակելու համար

Բրյուսելում Հայ առաքելական Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում մայիսի 1-ին անցկացվել է դրամահավաք սիրիահայությանն օժանդակելու համար:

Այս մասին ասել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը:

Սիրիահայերի աջակցությանն ուղղված միջոցառմանը միացել են Բելգիայում գործող գրեթե բոլոր հայկական կազմակերպությունները: Միջոցառմանը ներկա են եղել Բերիո Հայոց թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը, Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչ Կարապետ Յուզբաշյանը:

«Միջոցառման նպատակն է Բրյուսելի հայ համայնքին ներկայացնել սիրիահայության դիմագրաված մարտահրավերները: Սրբազանը ներկայացրել է կրոնական առումով իրենց ակնկալիքները, թե ո՞ւր են հասել և ի՞նչ կարելի է անել սիրիահայության համար: Կարապետ Յուզբաշյանն էլ ներկայացրել է սիրիահայության խնդիրները: Բելգիայի հայ համայնքն էլ փորձել է նյութական օժանդակությամբ օգնել սիրիահայերին»,-Արմենպրեսի փոխանցմամբ՝ ասաց նա:

Հավաքված գումարը սիրիահայերին կհասնի Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսարանի միջոցով: Պետո Դեմիրճյանը նշեց, որ իրենց համար լավագույն հաստատությունն այդ կառույցն է, որը շատ լավ գիտի սիրիահայերի խնդիրների մասին և թե ուր կարելի է ուղղորդել ֆինանսական միջոցները:

«Հայ համայնքի հետ հանդիպումից բացի, սպասվում են նաև քաղաքական հանդիպումներ: Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը, Կարապետ Յուզբաշյանը մայիսի 2-ին և մայիսի 3-ին կմասնակցեն Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպած հանդիպումներին: Նրանք կհանդիպեն Բելգիայի ֆեդերալ և շրջանային մակարդակի խորհրդարանների ներկայացուցիչների հետ: Նախատեսված է հանդիպում Եվրախորհրդարանում պատասխանատուների հետ: Նպատակն է իրազեկել սիրիահայերի խնդիրների մասին»,-ավելացրեց Պետո Դեմիրճյանը:

Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը, Կարապետ Յուզբաշյանը, մինչ Բրյուսել այցելելը, եղել են Ֆրանսիայում, որտեղ կազմակերպված է եղել սիրիահայության օժանդակությանն ուղղված նման միջոցառում: Բրյուսելից հետո նրանք նույն նպատակով մեկնելու են Հոլանդիա:

Բելգիայի հայերն առաջին անգամ չեն սիրիահայերի աջակցությանն ուղղված միջոցառում անցկացնում: Առաջին անգամ դրամահավաք են կազմակերպել, երբ հարձակման թիրախ դարձան Քեսաբը, այնտեղի հայերը: Բելգիայի հայ համայնքը կազմակերպել է նաև լրագրողական, քաղաքական պատվիրակությունների այց Դամասկոս, Քեսաբ, այնուհետև Իրաք:

«Լրագրողը պրպտող միտքն է». եգիպտահայ լրագրող, գրող Թոմաս Գորգիսյան

ՀՀ սփյուռքի նախարարությունում Եգիպտոսից հյուրընկալված լրագրող Թոմաս Գորգիսյանը շուրջ 30 տարի լրագրության բնագավառում է, աշխատել է տարբեր ոլորտներում, զբաղեցրել տարբեր պաշտոններ, մասնակցել է եգիպտական որոշ թերթերի հիմնադրման, կազմավորման աշխատանքներին, մասնակցել է նաև հեռուստատեսային հաղորդումների…«Հայերն այսօր»–ի համար մեր հայրենակցի հետ ունեցած զրույցի ընթացքում տեղեկացա, որ նա նաև Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ազգականն է…

-Սկսենք արմատներից, պարո՛ն Գորգիսյան…

-Մեր արմատները Պատմական Հայաստանից են՝ Սղերդից: Իմ և Մովսեսի պապիկները եղբայրներ են՝ Թովմասն իմ պապիկն է, Սամուելը՝ Մովսեսի: Մեր տոհմում հիմնականում քարտաշներ են եղել: Գորգիսյանների ընտանիքները տեղահանվել են, անցել գաղթի ճանապարհով, հասել օտար ափեր, դարձել Սփյուռքի մի մասնիկը, այնուհետև մի մասը հաստատվել է Հայաստանում: Կարող եմ հպարտանալ իմ տոհմով՝ արդար ու ազնիվ, ոսկեձեռիկ վարպետներով, որոնց շառավիղներից Մովսես Գորգիսյանը՝ ազգային գաղափարի մարտիկներից ու հերոսներից է, Գևորգ Գորգիսյանը պատգամավորության թեկնածու է:

-Այսօր Դուք Եգիպտոսի կարևորագույն և ամենահին թերթերից մեկի ՝« AL AHRAM»-ի լրագրողներից եք և նրա թղթակիցը Վաշինգտոնում. կարելի է ասել, որ նաև քաղաքական վերլուծաբան եք, դժվար չէ՞ աշխարհաքաղաքական ներկայիս լարված իրավիճակներում վերլուծություններ անել…

-Դյուրին չէ, անշուշտ, սակայն նաև հետաքրքիր է. հարցերին պետք է դիվանագիտորեն մոտենալ, որն էլ փորձում եմ հնարավորինս անել: Վերլուծում եմ  համայն աշխարհի և մասնավորապես արաբական աշխարհի, Միջին Արևելքի խնդիրների հանդեպ ԱՄՆ-ի ունեցած արտաքին քաղաքականությունը: Իմ վերլուծությունների առանցքը Վաշինգտոնն է ու Միջին Արևելքը, Վաշինգտոնն ու Եգիպտոսը…Գրում եմ երեք լեզուներով՝ արևմտահայերեն, անգլերեն ու արաբերեն. իհարկե, հասկանալի ձևով, առաջին տեղում արաբերենն է:

-Դուք միակ հայ լրագրո՞ղն եք «AL AHRAM»-ում:

-Այսօր՝ այո՛: Տարիներ առաջ աշխատում էր նաև Լևոն Քեշիշյանը, ով, ցավոք, մահացել է:

-Հարգելի՛ հայրենակից, ասացեք, խնդրեմ՝ ինչպե՞ս են վերաբերվում հայ լրագրողին արաբական թերթում, արաբները հետաքրքրվա՞ծ են արդյոք հայերով ու Հայաստանով:

-Եգիպտոսի ժողովուրդն, անշուշտ, ճանաչում ու հարգում է հայ ժողովրդին, գիտի Հայաստանի մասին: Նրանք շատ լավ գիտեն Վիլյամ Սարոյանին, Արամ Խաչատրյանին, Շառլ Ազնավուրին, այսօր՝ երաժիշտ-երգահան Ջորջ Գալստյանին, ով եգիպտական ֆիլմերի համար երաժշտություն է գրել:

– Ինչպիսի՞ն պետք է լինի լրագրողը Ձեր տեսանկյունից:

-Լավ լրագրող լինելու առաջին նախապայմանն, անշուշտ, արհեստավարժությունն է. ասեմ, որ լրագրողը միայնակ չէ. նա նման է երաժշտախմբի, որն ունի իր ջութակահարը, դաշնակահարը, ֆլեյտահարը…Լրագրողը պրպտող միտքն է: Շատ կարևոր է հարց տալու շնորհը, որից կախված է պատասխանի և, առհասարակ, ամբողջ հարցազրույցի որակը: Եթե հարցի պատասխանը չի բավարարում, ուրեմն՝ հարցը լավ չի ձևակերպված, պետք է նորից հարցադրում անել: Լրագրողը պետք է միշտ նորը տեսնելու կարողությունն ունենա: Ես միշտ օրինակ եմ բերում Նյուտոնի խնձորի պատմությունը. մինչ այդ՝ քանի՜ խնձոր էր ընկել, ո՞վ էր տեսել…

– Աշխարհում ամենահեղինակավոր լրատուն մամուլում ո՞րն է Ձեզ համար:

-«New York Times» բազմալեզու, բազմատիրաժ ամենօրյա թերթն է, որի հաջողության գրավականը նրա շատ արհեստավարժ լրագրողական կազմն է:

-Պարո՛ն Գորգիսյան, բացի լրագրողական ծանր ու պատասխանատու աշխատանքից՝ ուրիշ ի՞նչ աշխատանքով եք զբաղված:

-Ասեմ, որ լրագրությունն, իրոք, շատ պատասխանատու և միևնույն ժամանակ հաճելի աշխատանք է. ես այն նմանեցնում եմ հացագործության, հացթուխի աշխատանքի. ամեն օր պետք է գրեմ, որպեսզի հաց վաստակեմ: Բացի լրագրությունից՝ նաև գրքեր եմ գրում: Ունեմ արձակ գործերի գիրք, ակնարկներ եմ գրում: Նոր գիրք ունեմ՝ «Հարյուր տարվա հիշողություն», որը Հայոց ցեղասպանության թեմաներով է գրված, այն սկսեցի գրել 40-ական թվականների մի նկարի շուրջ, ուր պատկերված են մեր պապերը՝ Թովմասն ու Սամուելն՝ իրենց ընտանիքներով: Այն դեռևս հայերենով թարգմանված չէ: Իմ հետաքրքրություններից մեկն էլ հիշողություններ գրի առնելն է: Հայրիկս 4 տարեկանում Ցեղասպանություն էր ապրել. երբ որոշեցի անցնել նրա հիշողությունների միջով, գրի առնել դրանք, նա ասաց՝ «Դուն կուզես հիշել բաներ, որոնք ես կուզեմ մոռնալ…»: Հորս լռությունն ու ներկայությո՛ւնն է ինձ խորհել տալիս:

-Ի՞նչն է Ձեզ հետաքրքում հայերի ու Հայաստանի ճակատագրի առումով:

-Ինձ հայերի ապրե՛լն է ամենից շատ հետաքրքրում:

-Դուք հրավիրվել եք՝ դասախոսելու Ամերիկյան համալսարանում. ի՞նչ եք սովորեցնում ուսանողներին:

-Ես իմ լրագրողական փորձն եմ փոխանցում նրանց, փորձում բացատրել, թե լրատվությունն ինչպես մատուցեն հասարակությանը: Առաջին անգամ եմ Հայաստանում դասավանդում, սսակայն նման փորձ ունեցել եմ Եգիպտոսում, Քաթարում, Բանգլադեշի հետ եմ տեսակապով հարցուպատասխանի դասեր անցկացրել:

-ՀՀ սփյուռքի նախարարության հետ Ձեր կապերը ե՞րբ են ձևավորվել:

-Հե՛նց այս օրերին, այս այցելության ընթացքում. կարծում եմ՝ շարունակական կլինեն:

 Զրուցեց Կարինե Ավագյանը