ԱԳՆ դիվանագիտական դպրոցում բացվեց «Եվրոպա» լսարանը

Մայիսի 29-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի,  ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետների, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի ներկայությամբ բացվեց «Եվրոպա» լսարանը՝ ի գնահատումն դիվանագիտական դպրոցին Եվրոպական միության ցուցաբերած նշանակալից օժանդակության: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Իր խոսքում ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն դեսպան Վահե Գաբրիելյանը կարևորեց Դիվանագիտական դպրոցին դրա հիմնադրումից ի վեր Եվրոպական միության ցուցաբերած շարունակական և նշանակալից օժանդակությունը և այդ օժանդակության դերը դիվանագետների նոր սերնդի կրթության գործում:

Ելույթով հանդես եկավ նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Իր խոսքում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարն անդրադարձ կատարեց դիվանագիտությանն առնչվող նրբություններին՝ ընդգծելով, որ ժամանակակից աշխարհի մարտահրավերներն ավելի բարդ և պատասխանատու են դարձրել դիվանագետի գործը:

Միջոցառման ավարտին դեսպան Սվիտալսկին Դպրոցի ունկնդիրների առջև հանդես եկավ ԵՄ արտաքին քաղաքականութան վերաբերյալ դասախոսությամբ:

 Հայաստանի դիվանագիտական դպրոցը հիմնվել է 2010 թվականին: Իր գործունեության սկզբից ի վեր աջակցություն է ստացել Եվրոպական միության կողմից, ինչը վերջին չորս տարիներին իրականացվել է՝ Վարչական և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանն ուղղված ընդգրկուն ծրագրի շրջանակում, դպրոցին հնարավորություն տալով առաջնակարգ մասնագետներով իր ունկնդիրների համար ապահովել կրթական բարձրակարգ ծրագրեր, ինչպես նաև ներգրավվել միջազգային մասնագիտական համագործակցության ծրագրերում:

Լիբանանահայ նկարիչների ցուցահանդես Կլուժում

Կլուժ­Նապոկայի (Ռումինիա) Արվեստի թանգարանում բացվել է լիբանանահայ նկարիչներ Լենա Քելեկյանի եւ Հակոբ Սուլահյանի համատեղ ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Կլուժի Արվեստի թանգարանի տնօրեն, դոկտոր­ պրոֆեսոր Լուչիան Նաստասե­ Կովաչի/Lucian Nastasă­Kovács եւ Ռումինիայում Լիբանանի դեսպան Ռանա Մոկադեմի/Rana Mokkadem նախաձեռնությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել հինգշաբթի, մայիսի 25­ին, լիբանանահայ նկարիչների ներկայությամբ: Լենա Քելեկյանը աբստրակտ ոճի նկարիչ է, որը գալիս է սրբապատկերներ վերականգնելու նրա մեծ փորձից եւ բյուզանդական արվեստի վերաբերյալ հարուստ գիտելիքներից: Այդ հմտությունները նա խորացրել է Բեյրութի ամերիկյան համալսարանում, ինչպես նաեւ որպես բնական գունանյութերի հատկություններով հրապուրված երկրաբան: Նրա արվեստը ներառում է ստեղծագործական գործունեության լայն շրջանակ` սրբանկարներ, խճանկար, մոնումենտալ արվեստ եւ մեծ գունային ինտենսիվությամբ աբստրակտ արվեստ: Սկսած 1992­ից, Լենա Քելեկյանը մինչ օրս տասնհինգ անհատական եւ բազմաթիվ խմբակային ցուցահանդեսներ է ունեցել Փարիզի, Նյու Յորքի, Պեկինի, Լիբանանի, Լոնդոնի, Մոսկվայի, Չիվիտանովա Մարկեի (Իտալիա) եւ Տոկիոյի պատկերասրահներում, թանգարաններում եւ մշակութային կենտրոններում: Ներկա աշխատանքները ներկայացնում են հատուկ թեմաներ տեղական ավանդույթի, քաղաքային կյանքի մասին կամ շոշափում են ընդհանուր թեմաներ՝ կապված տիեզերքում մարդկային վիճակի հետ: Հակոբ Սուլահյանի աշխատանքները նույնպես վերաբերում են աբստրակցիոնիզմին եւ իրենց թեմատիկայով մոտ են Լենա Քելեկյանի աշխատանքներին: Սուլահյանի հիմնական աշխատանքը մշակութային ժառանգություն հանդիսացող կառույցների վերականգնումն է եւ Անտոնի Գաուդիի ոճով դիզայնը, որոնք առանձնահատուկ զգայունություն են հաղորդում նկարչական գծերի օրգանական ընթացքին եւ դրանց տարածական հարաբերությանը: Նկարչի մասնագիտական փորձառության մեջ համադրված են նրա դիզայներական ուսումը եւ թերապիան արվեստի միջոցով, որը նրա աշխատանքներին տալիս է առանձնահատուկ ներքին ներդաշնակություն: Սկսած 2000 թ.­ից, Հակոբ Սուլահյանը մինչեւ 2015թ. բազմաթիվ խմբակային ցուցահանդեսներ է կազմակերպել Բարսելոնայի, Նյու Յորքի, Ջակարտայի, Ջոնբուկի (Հարավային Կորեա), Լոնդոնի, Շանհայի, Բեյրութի եւ Տոկիոյի պատկերասրահներում, թանգարաններում եւ մշակութային կենտրոններում: Սուլահյանի ներկայիս աշխատանքները մեծ մասամբ վերաբերում են մարդու վիճակի հարաբերությանը տիեզերական դինամիզմի հետ: «Լենա Քելեկյան: Հակոբ Սուլահյան» ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները ստեղծվել են 2017թ.: Ցուցահանդեսը տեւելու է մինչեւ հունիսի 11-­ը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը վայելում է Սփյուռքի վստահությունը. Սերխիո Նահապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի վարած քաղաքականությունը վստահություն է ներշնչում Սփյուռքում: «Արմենպրես»­ի հաղորդմամբ` մայիսի 29-­ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նախագահ Սերխիո Նահապետյանը: «Նա բերել է նոր տեսանկյուն և մոտեցում, ուստի մենք պետք է օժանդակենք այս քաղաքականությունը և համոզենք մեր սփյուռքահայ բարեկամներին, որ Հայաստանը ապահով է և հանգիստ, այստեղ կարելի է ներդրումներ անել: Այս ամենը, որպես կուսակցություն, երաշխավորելու ենք»,­ ասաց ատենապետը: Նա նշեց, որ Հայաստանի ժողովուրդն է որոշում, թե ինչպիսի իշխանություն է ցանկանում և ՌԱԿ­-ը միշտ կանգնելու է ժողովրդի կողքին: «Մենք հետևում ենք, որպեսզի Հայաստանում ժողովրդավարությունը շարունակվի, ընտրությունները լինեն թափանցիկ և տնտեսական խնդիրներին լուծումներ տրվի»,­ -ընդգծեց Նահապետյանը:

«Հայերենն իմ հոգու՛, սրտի՛ լեզուն է».ամերիկաբնակ արձակագիր՝ Մարգարիտ Դերանց

Հայի տաղանդի ցոլքերը սփռված են Երկիր մոլորակով մեկ. դրանք հմայք ու լույսի յուրօրինակ մի փայլ են տալիս աշխարհասփյուռ հայ մշակույթին և ամենուր ներկայացնում հային ու Հայաստան աշխարհի անմեկնելի խորհուրդն ու առեղծվածային գույները:

…Ամերիկաբնակ գրող Մարգարիտ Դերանցը (Ռիտա Մանվելյան) մեկն է այն շնորհալի հայուհիներից, ով, հոգում ամբարած իր ծննդավայր Արցախ աշխարհի կարոտը, օտար մի երկրում գրում ու ապրում է հայերեն: ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալված մեր հայրենակցուհու և նրա ՝ ոչ պակաս շնորհալի ու հայրենասեր քրոջ՝ Գայանեի հետ, «Հայերն այսօր»-ի համար ծավալված զրույցիս ընթացքում կարողացանք նաև վայելել քույրերի շուրթերից հնչող Արցախի քաղցր բարբառը:

– Մարգարի՛տ, սկսենք Ձեր հետաքրքիր ազգանվան պատմությունից…

Դա իմ գրական կեղծանունն է, մեր տոհմը հայտնի է Դերանց ազգանվամբ (Տերանց, այսինքն՝ տերտերների). գիտեք, երևի, որ Ղարաբաղի բարբառով «տ» տառը «դ» է հնչում: Երբ առիթ եղավ ընտրելու գրական անուն, ես, իմ ոչ հայկական՝ Ռիտա անունը վերափոխեցի (անձնագրով ես Ռիտա Մանվելյան եմ), ավելի ճիշտ՝ ամբողջացրի, որպես ազգանուն էլ՝ մեր ազգինը վերցրեցի և այնուհետև դարձա՝ Մարգարիտ Դերանց: Ահա ամբողջ պատմությունը:

-Ե՞րբ եք դուրս եկել Արցախից…

-Ինը տարեկան էի, երբ տեղափոխվեցինք Երևան. արդեն 14 տարի է, ինչ Միացյալ Նահանգներում եմ:

10959458_337483013109443_4729968369694582668_n11

-Ասացեք, խնդրեմ, կարողանու՞մ եք հոգեբանորեն և լեզվական առումով շփվել ամերիկացիների հետ:

-Ասեմ, որ անգլերենն իմ մտքի, աշխատանքային լեզուն է, իսկ հայերենը՝ հոգո՛ւս, սրտի՛ս լեզուն: Անշուշտ, կարողանում եմ և ինքնըստինքյան, աշխատանքի բերումով շփվում եմ ամերիկացիների հետ, նրանց և այլ ազգերի հետ շփվելը շատ հետաքքիր է իմացական առոււմով: Մենք օտարներից էլ շատ բան ունենք սովորելու, իսկ հայերի հետ շփումը լի է ջերմությամբ, անկեղծությամբ: Մեր հայրենակիցները շատ արագ են մտերմանում, պատմում իրենց մասին, համով-հոտով զրույցներ, կատակներ անում:

-Ասացե՛ք, խնդրեմ, թե գրական որ ժանրով եք ստեղծագործում և որո՞նք են Ձեր ստեղծագործություններում արծարծվող թեմաները:

Արձակագիր եմ. իմ ստեղծագործությունների առանցքում կյա՛նքն է, մարդն՝ իր բազմաբնույթ ապրումներով: Ես իմ գործերում արծարծում եմ համամարդկային թեմաներ: Գրել սկսել եմ ոչ վաղ տարիքում, գրում եմ հայերենով, սակայն ծրագրել եմ իմ 4 գրքերը՝ վիպակներ ու պատմվածքներ, թարգմանել նաև անգլերեն, ռուսերեն և այլ լեզուներով: Հայաստանյան ընթերցողներին տեղեկացնեմ, որ իմ «Սեր և էմիգրացիա» գիրքս վաճառվում է երևանյան մի շարք գրատներում, որից ստացված հասույթը նպատակաուղղվելու է բարեգործությանը:

1045

-Ովքե՞ր են աջակցում, հովանավորում, որպեսզի Ձեր գրքերը լույս աշխարհ գան:

– Ցավոք սրտի, օվկիանոսից այն կողմ է՛լ այդ առումով շարունակվում է հայ մտավորականի ողբերգությունը: Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, ԱՄՆ-ում որպես հաշվետար եմ աշխատում: Ես իմ բուն մասնագիտությամբ չեմ աշխատում, որովհետև շեշտը դրել եմ իմ երկու զավակներին կրթության տալու, նրանց համար լավ ապագա ապահովելու վրա ( բժիշկ-ատամնաբույժներ են): Ինչ վերաբերում է գրքերիս տպագրությանն աջակցողներ, հովանավորներ ունենալուն, ասեմ, որ բնույթով ես հպարտ եմ և չեմ կարող խնդրել մարդկանց, ես իմ ուժերով եմ անում ամեն ինչ: Պանդխտությունը ծանր բան է. մարդը մի քաղաքակրթությունից անցնում է մեկ ուրիշ քաղաքակրթության, անկախ իր կամքից, բնականաբար, ապրում այլ միջավայրում, ուր քո ազգային, ավանդական սովորույթները օտար են օտարների համար, օդը, ջուրը, արևը, երկինքը բոլորովին օտար են քեզ…Քո լեռնաշխարհից ոչինչ չկա՝ բացի հուշերից ու կարոտից…Հե՛նց այսպիսի իրավիճակներում մարդու ներսում գլուխ են բարձրացնում թաքնված շնորհներ, որոնցից մարդն ինքն էլ է անտեղյակ: Այդպես պատահեց և ինձ հետ, ու ես մի օր սկսեցի գրել, սկսեցի ինքնաբացահայտվել և իմ գործերում գտա աշխարհս՝ մանկությունս, ծննդավայրս, Հայրենիքս… Աստված գրելու շնորհն արթնացրեց իմ հոգում, որպեսզի ես միայնակ չզգամ, դա նաև բժշկում է մարդու հոգին, բժշկվում ես դու ինքդ և բժշկում ես նաև ուրիշներին:

-Մարգարի՛տ, Ձեր ստեղծագործություններում որքանո՞վ են արտացոլված Արցախ աշխարհը, Ձեր ծննդավայր Ստեփանակերտն ու դրա հետ կապված զանազան հիշողությունները:

-Իմ ամենաանձնական պատմվածքը «Սարերում պահված գաղտնիք»-ն է, ուր ես գրում եմ Արցախի, մանկությանս հուշերի, բնության մասին: Հայրս, ով այժմ հիվանդ է, մեկ ամսվա ընթացքում անընդհատ տոմս էր գնում, որպեսզի Երևանը շրջանցելով՝ գնա Արցախ, և մենք ամեն անգամ տոմսերը ետ էինք վերադարձնում, որովհետև հիվանդության պատճառով նրան ինքնաթիռ նստել չի կարելի: Այս ամենն իմ գրչի նյութն է դարձել:

-Որքանով տեղյակ եմ, սա Ձեր առաջին այցն է Հայրենիք. գնալու՞ եք ծննդավայր, ի՞նչ եք թողել Ստեփանակերտում:

-Այո՛, 14 տարի հետո առաջին անգամ եմ Հայրենիքում: Արդեն գնացել եմ Արցախ, բայց դարձյալ պետք է գնամ: Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանն իր նախաձեռնությամբ ու մեծ սիրով ցանկություն հայտնեց՝ կազմակերպելու իմ գրքերի շնորհանդեսը, իսկ Հայաստանում, ըստ երևույթին, կլինի սեպտեմբերին: Ի՞նչ եմ թողել Ստեփանակերտում…թողել եմ՝ արդեն շատ փոխված հայրական տունս, մանկությունս: Սոցիալական ցանցի միջոցով պատահաբար բարեկամ գտանք. պարզվեց, որ նա իմ տատիկի եղբոր՝ Ասլանի ծոռն է, այսինքն՝ մենք արդեն երրորդ սերունդն ենք, բայց մարդիկ մեզ այնքա՜ն ջերմորեն ընդունեցին:

-ՀՀ սփյուռքի նախարարությունը, դեռևս 2016 թվականի հոկտեմբերից, սկսել է «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժումը, իսկ 2017-ը հայտարարել է Արցախի տարի. Դուք որևէ մասնակցություն ունե՞ք այդ շարժմանը:

-Այո՛. ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ իմ ընտանիքի, իմ զավակների կողմից մենք մեր միջոցներով բժշկական առաջին շտապ օգնության համար տոպրակներ պատրաստեցինք: Ես այս մասին խուսափում եմ խոսել, որովհետև մենք մեր զավակների, մեր զինվորների՛ համար ենք անում: Եղբայրս ծառայել է բանակում որպես բժիշկ. նա՛ էր ուղղորդում, խորհուրդ տալիս, թե ինչ կարելի է ուղարկել զինվորներին: Մենք մեր ընտանեկան համեստ լուման ունենք համահայկական այդ շարժման շրջանակներում: Մեր երկրի սահմանները պաշտպանող զինվորներին բոլո՛րս ենք պարտք:

-Մարգարի՛տ, խնդրում եմ, մեր այս հաճելի հանդիպումն ու զրույցն ավարտեք Ձեր գրքերից մեկի տողերով:

-Սիրո՛վ. «Մի՛ վախեցեք խիզախելուց, առավել ևս՝ մի՛ վախեցեք ձախողվելուց , որովհետև բոլոր հաջողակ մարդիկ նախկին ձախողակներն են, ովքեր չեն հանձնվել»:

(«Բյուրեղապակյա ծաղկամանը» գրքի առաջաբանից):

Շնորհակալություն հայտնելով ամերիկաբնակ մեր հայրենակցուհուն և նրա բարեհամբույր քրոջը՝ Գայանեին, ակնկալում եմ, որ սեպտեմբերյան մեր հանդիպմանը Մարգարիտ Դերանց-արցախուհին հայաստանյան հանրությանը կներկայանա նոր գրքով, նոր խոսքով:

 Կարինե Ավագյան

img_5995

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ փոխնախագահ Ալեքսանդր Միշարինին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ առաջին փոխնախագահ Ալեքսանդր Միշարինին և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Սերգեյ Վալկոյին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից:
Զրուցակիցներն անդրադարձել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությանը, 2016 թվականի արդյունքներին և առաջիկա ծրագրերին: Ալեքսանդր Միշարինը նշել է, որ հավարատարմագրային կառավարման պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի հետ կապված, իրականացվել են, արձանագրվել է ուղևորափոխադրումների 4 և բեռնափոխադրումների 3 տոկոսի աճ: Նշվել է, որ այժմ մշակվում է «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացման նոր ծրագիրը, որով նախատեսվում է մատուցել նաև տրանսպորտալոգիստիկ ծառայություններ, իրականացնել ենթակառուցվածքների բարելավման ներդրումային նախագծեր, զարգացնել մուլտիմոդալ փոխադրումները, Հայաստանում ձևավորել բեռնափոխադրումների տերմինալ և այլն:
Վարչապետ Կարապետյանը կարևորել է նշված ծրագրերի իրականացումը և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի զարգացմամբ: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ենթակառուցվածքների բարելավումը ոչ միայն կնպաստի բեռնափոխադրումների ծավալների, այլ նաև ուղևորափոխադրումների ավելացմանը, հաշվի առնելով նաև զբոսաշրջային հոսքերի շարունակական ավելացումը:

Այսօր Վարդատոնը համընդհանուր ցնծություն, ջերմություն և սեր է տարածում.Հրանուշ Հակոբյան

ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Վազգեն Միրզախանյան,

միջոցառման հարգարժան կազմակերպիչներ՝ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվ. հայկական պետական թատրոնի կոլեկտիվ,

 «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպության անդամներթբիլիսահայ համայնքի մեր սիրելի՛ հայրենակիցներ, հյուրե՛ր

 Սիրով ողջունում եմ բոլորիդ՝ արդեն ավանդական ու սիրելի դարձած, իրապես ծաղկաշատ այս օրվա՝ Վարդատոնի առթիվ:

Ավելի քան մեկ դար առաջ՝ 1914թ. սկիզբ դնելով հանճարեղ աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովայի հիշատակը հավերժացնող գեղեցիկ այս ավանդույթին, հայ և վրաց ժողովուրդների 3 հանճարեղ զավակները՝ Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, գեղանկարիչ Գևորգ Բաշին­ջաղ­­յանը և վրացի բանաստեղծ, գրականագետ Իոսիբ Գրիշաշվիլին, հավանաբար չէին ենթադրում, որ իրենց այս հրաշալի նախաձեռնությունը կարող է դառնալ ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ և առհավատչյան այսօրվա իրականության: Այսօր Վարդատոնը համընդհանուր ցնծություն, ջերմություն և սեր է տարածում թե՛ հայերի և թե՛ վրացիների շրջանում:

 Աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովան բացառիկ երևույթ է, ով ստեղծագործել է միա­ժա­մանակ երեք լեզվով և իր եռալեզու տաղերում գովերգել սերն ու բարոյական, ազգային և համա­մարդկային բարձր արժեքները։ Նրա սիրային և խոհափիլիսոփայական տաղերը երեք դարից ավելի շարունակում են մնալ արդիական ու ճշմարիտ, ընդունելի ու ցանկալի։ Հենց սայաթնովյան արվեստի այդ առինքնող և կախարդիչ ուժն է տարվա ամենագեղեցիկ եղանակին՝ մայիսյան այս օրը, միավորում  բոլորին:

Մեծ է Սայաթ-Նովայի արվեստի դերը նաև հայապահպանության գործում։ Միավորելով ու խարսխելով մեր երկու ժողովուրդներին՝ այն դարձել է մի յուրատեսակ ազգային մշակութային հենասյուն, որի շուրջ համախմբվում են մեր հայրենակիցները։ Սայաթնովայական հոգեպարար երաժշտությունը, Հավլաբարի բառուբանը, աշուղ-բանաստեղծի կերպարն ու հայրենասեր ոգին հզոր կռվան են դարձել երբեմնի հայկական մշակութային կենտրոն հանդիսացող Թբիլիսիում եկեղեցու շուրջ մեր համայնքի համախմբման, ազգապահպանության, ազգային մշակույթի տարածման ու զարգացման  համար:

Այս տարի Վարդատոնը անցկացվում է Հայաստանի Առաջին Հանրապետության՝  Հանրապետության տոնի օրը: Շնորհավորում եմ բոլորիս մեր անկախության վերականգնման 99-ամյակի առթիվ և վստահ եմ, որ առաջիկա տարին մեր ձեռնարկումները նվիրվելու են Հանրապետության 100-ամյակի նախապատրաստմանը: Հայտնի ճշմարտություն է, որ հայրենիքն ու սփյուռքը փոխկապակցված են, և մեկի հզորությունը պայմանավորված է մյուսով։ Ես համոզված եմ,  կազմակերպված ու համերաշխ, միասնական և պատասխանատու գործունեության արդյունքում առավել կհզորացնենք   Հայրենիքն ու կնպաստենք Սփյուռքի  կազմակերպմանը:

Հանդիսության բոլոր մասնակիցներին մաղթում եմ գարնանային տոնական տրամադրություն, հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ՝ ի նպաստ մեր ընդհանուր Հայրենիքի և  հայ-վրացական բարեկամության ամրապնդման:

Սիրով և ջերմությամբ՝

ՀՐԱՆՈՒՇ  ՀԱԿՈԲՅԱՆ

Թբիլիսիիում 103-րդ անգամ նշվել է սայաթնովյան Վարդատոնը

Թբիլիսիիում 103-րդ անգամ նշվել է սայաթնովյան Վարդատոնը: Տոնահադեսին իրենց մասանակցությունն են բերել երկու երկրների պաշտոնյաներ, Հայաստանի ու Վրաստանի գրողների միության ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ: Ավանդույթի համաձայն` «Վարդատոն-2017»-ը սկսվել է աշուղի հուշարձանին կարմիր վարդեր խոնարհելով, ողջ օրվա ընթացքում հնչել են Սայաթ-Նովայի ստեղծագործությունները, դրանք կատարել է  նաև Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ Հանրային Ռադիոյի Սայաթ-Նովա  աշուղական երգի անսամբլը:

7

Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվեց Հանրապետական մաղթանք

Մայիսի 28-ը Հայաստանի Հանրապետության անկախության օրն է։ Համայն հայությունը մեծ շուքով է տոնում իր Անկախությունն աշխարհի տարբեր անկյուններում։ Ախալցխայի քաղաքի հայությունը նույնպես անմասն չմնաց։ Ախալցիխեի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում հավատացյալ հայորդիները մասնակից և հաղորդակից եղան Սրբալույս Պատարագին։ Այս մասին տեղեկանում ենք akhltskha.net կայքից:

Պատարագիչ, Ախալցխայի շրջանի հոգևոր հովիվ՝ Արժ․ Տ․ Թորգոմ քհն․ Վարդանյանն հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը և հոգևոր տեսչության անունից շնորհավորեց հավատացյալներին Անկախության առթիվ։ Պատարագի ավարտին կատարվեց Հանրապետական մաղթանք ի պահպանություն և պաշտպանություն Հայոց Երկրի և Հայ Ազգի։

Բարձրյալն Աստծո և Ամենազոր Աջը և Պահապան Խաչը առաջնորդ լինի Հայոց աշխարհին։

Ամերիկահայ դաշնակահար Շահան Արծրունին Ստեփանակերտում հանդես կգա համերգով

ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ մայիսի 30-ին, ամերիկահայ անվանի դաշնակահար Շահան Արծրունին բարեգործական համերգով և վարպետության դասերով հանդես է գալու Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում:

Համերգային  ծրագրի  ընթացքում    հնչելու  են  Կոմիտասի,  Էդվարդ  Միրզոյանի,  Ա.  Հովհաննեսի,  Բեթհովենի,  Շոբերտի, Շոպենի  ստեղծագործություններից:

Նշենք, որ  Շահան  Արծրունին  համերգային  ծրագրով  հանդես   է  եկել  նաև  Հայաստանում:

Հայոց բանակի կազմավորման եւ Շուշիի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառում Լոնդոնում

Լոնդոնում` Թեքեյան Խնամակալ Մարմնի նախաձեռնությամբ կայացավ մեծաշուք տոնախմբություն` նվիրված Հայոց բանակի կազմավորման եւ Շուշիի ազատագրման 25-ամյակին: Միջոցառմանը ներկա էին Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմի հայրապետական պատվիրակ եւ առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում Գ.Տահտայան կիրակնորյա դպրոցի սաներ, ինչպես նաեւ այլազգի բարեկամներ: Ձեռնարկի պատվավոր հյուրերն էին Հայաստանից հատուկ այս առիթով հրավիրված ազատամարտիկ, գեներալ-մայոր Սերգեյ Չալյանը, ազատամարտիկ, գնդապետ Ռոմիկ Մարգարյանը եւ ազատամարտիկ, կինոռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադեւոսյանը: Այս մասին տեղեկանում ենք Լոնդոնի Թեքեյան Խնամակալ մարմնից:

Միջոցառումը սկսվեց Հայաստանի ազգային օրհներգով, որից հետո բացման խոսքով հանդես եկավ Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի պատվավոր քարտուղար Վարդան Ուզունյանը: Շնորհավորելով համայն հայությանը երկու կարեւորագույն իրադարձությունների առթիվ, նա կարեւորեց Հայաստանի, Սփյուռքի եւ Արցախի միասնությունը, ինչի շնորհիվ հնարավոր եղավ Արցախի ազատագրումն ու անկախությունը, ինչպես նաեւ Ապրիլյան պատերազմում թշնամուն դիմակայելը: Նրա խոսքով անհրաժեշտ է շարունակել միավորված լինել եւ նորովի ձեռնամուխ լինել Հայրենիքի զարգացման, ամրապնդման ու բարգավաճման գործին: Վ.Ուզունյանը կարեւորեց նաեւ հայկական մշակութային արժեքների պահպանման ու տարածման անհրաժեշտությունը: Հենց այս առաքելությամբ էլ տասնամյակներ շարունակ առաջնորդվում են ԼԹԽՄ եւ հարակից կառույցները:

Հյուրերին ողջունեց նաեւ գնդապետ Ռոմիկ Մարգարյանը, ով անդրադարձ կատարեց Արցախի ազատագրման դժվարին ուղուն՝ լի ձեռքբերումներով, փորձություններով ու մարտահրավերներով, եւ մասնավորապես 1992թ. ռազմական գործողություններին, որոնք հաղթական ավարտ ունեցան մայիսի 9-ին Շուշիի ազատագրումով գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանի /Կոմանդոս/ գլխավորությամբ: Գնդապետը նաեւ շնորհակալություն հայտնեց բրիտանացի բարեկամներին եւ մասնավորապես բարոնուհի Քերոլայն Քոքսին՝ արցախյան խնդրի քաղաքական լուծման հարցում մեծ ավանդ ունենալու համար: Գնդապետի խոսքով, հայերը պատերազմ չեն ցանկանում, սակայն լիարժեք հաղթանակ ունենալու համար պետք է տալ վերջին կռիվը. հայոց բանակը մարտունակ է, եւ նրա ետեւում կանգնած է ողջ հայությունը:

Ձեռնարկի ընթացքում ցուցադրվեց Սամվել Թադեւոսյանի հեղինակած Շուշիի ազատագրմանը նվիրված վավերագրական ֆիլմ:

Տոնական միջոցառումը շարունակվեց մշակութային ծրագրով, որի երաժշտական մասն ապահովեց Լոնդոնի «Կոմիտաս» կամերային երգչախումբը. դիրիժոր Գրիգոր Նաջարյանի գլխավորությամբ երգչախումբը կատարեց Ղ. Ալիշանի «Իմ Կիլիկիա», Կոմիտասի «Ծիրանի ծառ», Կ. Զաքարյանի «Շախով շուխով» երգերը եւ «Ձայն մը հնչեց» ազգային երգը: Այնուհետեւ ասմունքեցին Գ.Տահտայան կիրակնորյա դպրոցի սաներ Հարություն Վարդանյանը /Գուսան Հայկազուն՝ «Պատերազմ ենք գնում»/, Վահե Ավեջանը եւ Անդռե Քարաբեյեքյանը /Հ. Շիրազ՝ «Իմ սուրբ Հայրենիք»/ եւ ԽՍՀՄ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը /Սիամանթո՝ «Ես երգելով կուզեմ մեռնել», Պ. Սեւակ՝ «Մայրենի լեզու»/: Համերգային մասն եզրափակվեց Լոնդոնի «Ախթամար» պարային համույթի ելույթով /«Յարխուշտա», «Եռագույն», «Մենք ենք մեր սարերը»:

Հանդիսավոր ձեռնարկն ավարտվեց Տ. Հովակիմ եպիսկոպոսի շնորհավորական խոսքով եւ աղոթքով:

Ողջ երեկոն վարեց ազատամարտիկ, Շուշիի ազատագրման մասնակից լոնդոնաբնակ Արա Պետրոսյանը, որին շնորհակալական մեդալ հանձնեց գնդապետ Ռոմիկ Մարգարյանը:

13 4 5

69

7 8

Ուկրաինայի կառավարությունը Հայ Կաթողիկէ Եկեղեցուն է վերադարձնում պատմական հայ կաթողիկէ վանքը

Ինչպես հայտնում է Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունը, Լվովում գտնվող հայ կաթողիկէ Սուրբ Կազիմիրի վանքը կվերադարձվի Հայ Կաթողիկէ Եկեղեցուն, մասնավորապես՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի առաջնորդությանը: Այս մասին 2017թ. մայիսի 23-ին հայտարարեց Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը՝ հայ կաթողիկէ առաջնորդության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Պատվիրակության կազմում էին առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը, առաջնորդական փոխանորդ Գերհ. Հ. Մեսրոպ թ.ծ.վ. Սուլահյանը և Հոգշն. Հ. Նարեկ վրդ. Մնոյանը, Հ. Հենրիկ վրդ. Բլաշչիկը: Նախարարի խոսքերով, Ուկրաինայում գոյություն ունի մոտ 80 վանք, եկեղեցի կամ հոգևոր կառույց, որոնք պատմականորեն պատկանել են Ուկրաինայում հաստատված հայերին: Առայժմ, դրանցից միայն 5-ն են հայերին վերադարձվել:

«Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում Եկեղեցու նկատմամբ պատմական արդարության վերականգնմանը: Խոսքս Լվովի պատմական ժառանգության մասին է: Այնպես է պատահել, որ Ներիքն գործերի նախարարության սեփականությունն է դարձել Սուրբ Կազիմիրի վանքը, որը պատկանել է Հայ Կաթողիկէ Եկեղեցուն: Այդ վանքը գտնվում է Ներքին գործերի նախարարության Լվովի պետական համալսարանի տարածքում: Մենք ուսումնասիրեցինք բոլոր հնարավորությունները և որոշում կայացրեցինք Սուրբ Կազիմիրի եկեղեցին վերադարձնել Հայ Կաթողիկէ Եկեղեցու տրամադրության տակ: Սրա համար հարկ է, որ մենք եկեղեցին փոխանցենք Լվովի համայնքային իշխանությանը»,-ասել է Արսեն Ավակովը: Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ներքին գործոց նախարարին՝ պատմական արադարության վերականգնմանն աջակցելու համար: «Այն, ինչ դուք անում եք, անգին է: Ձեր քայլը անհնար է գնահատել: Մեծագույն գնահատանքը, որ ես կարող եմ բերել իմ կողմից, օրհնությունն է, աղոթքը՝ ձեզ համար, ձեր պետության համար, որպեսզի հաստատվի խաղաղություն»:

Հանդիպմանը ներկա Ուկրաինայի Գերագույն ռադայի Մշակույթի, հոգևոր հարցերի հանձնաժողովի նախագահ, ազգային պատգամավոր Նիկոլայ Կնյաժիցկին ասաց.   «Մենք ամեն կերպ ողջունում ենք պարոն նախարարի և Լվովի քաղաքային իշխանության որոշումը՝ պատմական վանքը հայ կաթողիկէ համայնքին փոխանցելու մասին: Մենք պատրաստ ենք հետագայում էլ անել ամեն ինչ, որպեսզի ուկրաինացի և հայ ժողովուրդն ապրեն ազատության մեջ»:

1945թ. Արևմտյան Ուկրաինայում սկսվեց արևելյան կաթողիկէ եկեղեցիների զանգվածային ոչնչացումը: Հայ կաթողիկէ եկեղեցիները առաջիններից մեկը կրեցին այդ հարվածները: Ըստ պատմաբանների, Ուկրաինայում կամ Լվովի արքեպիսկոպոսության մեջ Հայ Կաթողիկէ Եկեղեցու ոչնչացման վերջնական տարեթիվն է 1946թ. հոկտեմբերի 25-ը:   2016-ի երկրորդ կեսին Ուկրաինայի Գերագույն Ռադան ընդունեց մի պատմական որոշում «Արևմտյան Ուկրաինայում Հայ Կաթողիկէ Եկեղեցու ոչնչացման 70-րդ տարին հիշելու մասին»:     Պետք է ասել, որ սա ոչ միայն Ուկրիանայի նոր կառավարության լայնախոհ մտածողության արգասիքներից է, որը ցույց է տալիս, որ Ուկրիանան շարժվում է դեպի ազատ, մարդու իրավունքների պաշտպանության և մարդասիրության ճանապարհով, այլ նաև արգասիքն է մեր հայ կաթողիկէ հոգևորականության և Լեհաստանում հայ կաթողիկէ համայնքներում աշխատող հոգևորականների համատեղ ջանքերի՝ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի առաջնորդությամբ: Սա մի կարևոր քայլ է Ուկրաինայի հայ կաթողիկէ համայնքի վերածնման և վերակազմակերպման ուղղությամբ:

Պատմական համառոտ տեղեկություններ՝ Ուկրաինայի հայ կաթողիկէների մասին  

Առավել մանրամասն՝  Քրշիշտոֆ Ստոպկայի Հայ Կաթողիկէ Եկեղեցու մասին հոդվածներում՝ մաս Բ, մաս Գ   Ուկրաինայի տարածքում հայ կաթողիկէները հաստատվել են դեռևս 14-րդ դարում, բայց ձևավորված համայնք, որպես այդպիսին չի եղել: Կաթողիկէ Եկեղեցուն հավատարիմ լինելու և որպես համայնք ինքնակազմակերպվելու առավել ցայտուն փորձեր եղել են Լեհաստանի կողմից Ուկրաինայի տարածքների գրավումից հետո: Ինչպես գրում է հայագետ լեհ պատմաբան Քրշիշտոֆ Ստոպկան, 1354թ. Արտազի Սբ. Թադևոս վանքի արքեպիսկոպոս Զաքարիան մեծ ջանքեր գործադրեց հայ կաթողիկէների կրոնական կյանքի կազմակերպման ուղղությամբ՝ Կազիմիր Մեծի կողմից գրավված տարածքներում, մասնավորապես Լվովում: 1369-1373թթ. գործում էր Հակոբ եպիսկոպոսը, որը կրում էր Կիևի եպիսկոպոս տիտղոսը: Հայտնի են Գալիցիայի տարածքում՝ Ուկրաինայի մի հատվածը և Լեհաստանի մի մասը (կենտրոնը՝ Լվով) ապրող ազդեցիկ հայ կաթողիկէների անուններ (տե՛ս՝ դարձյալ նույն պատմաբանի հոդվածում):

Լվովի  հայ կաթողիկէ Մայր Տաճարը

Առաջին համայնքը, որը պաշտոնապես՝ որպես համայնք, միավորվեց Հռոմի Սուրբ Աթոռի հետ, այդ տարածքում ստեղծվեց 17-րդ դարում: Ըստ Ստոպկայի, «Լեհաստան կատարած իր այցի ընթացքում Սուրբ Էջմիածնի կաթողիկոս Մելքիսեդեկը Լվովի եպիսկոպոս ձեռնադրեց Միկոլայ Թորոսովիչին՝ տեղի հայերի մի հարուստ ընտանիքի ժառանգին: 1630 թվականին եպիսկոպոս Թորոսովիչն ընդունեց կաթողիկէ դավանանքը: Մի քանի տարի անց նա գնաց Հռոմ, որտեղ 1635 թվականին վերահաստատվեց իր պաշտոնում, ստացավ արքեպիսկոպոսի տիտղոս և հայկական ծիսակարգի կատարման համաձայնություն: Արքեպիսկոպոսին ենթակա դարձան Լեհաստանի, Լիտվայի և Մոլդովայի հայերը»: Միկոյալ Թորոսովիչի հաջորդ եպիսկոպսները ևս հավատարիմ մնացին Սուրբ Աթոռի հետ միությանը, ինչպես վկայում են պատմական տեղեկությունները: Մինչև 17-րդ դարի վերջը Ռեչ Պոսպոլիտայի (Լեհաստան, Ուկրիանայի մի հատված) հայերի մեծամասնությունն ընդունեց կաթողիկէ հավատքը և կազմավորվեց որպես ծաղկուն համայնք՝ 15 եկեղեցիներով, 20 քահանաներով և մոտ 3500 հավատացյալներով, որոնց թիվը 19-րդ դարի կեսերին հասավ 8000-ի՝ 10 ժողովրդապետություններով: Ուկրաինայի և Լեհաստանի միացյալ հայ կաթողիկէ համայքն ունեցել է 13 եպիսկոպոս, որոնցից վերջինը՝ Դիոնիսի Կաետանովիչը (1939-1954թթ.) 1946թ. մարտի 8-9-ը դատապարտվեց Լվովի զինվորական շրջանի ռազմական ատյանի կողմից և վախճանվեց Աբեզ Կոմիի աշխատանքային գաղութում: Նրա հետ միասին համայնավարական ռեժիմը դատապարտեց հայ կաթողիկէ հոգևորականներ Հ. Կազիմիր Ռոմաշկինին, Հ. Վիկտոր Կվապինսկիին, Լվովի հայ կաթողիկէ համայնքի քարտուղարության աշխատակիցներ Ստանիսլավ Դոնիգևիչին, Գոհարինե Բաբաևային, Սերգեյ Նազարյանին, Վաղարշակ Գրիգորյանին և ուրիշների: 1940-ականներին 2000-ից ավելի հայ կաթողիկէներ աքսորվեցին Սիբիր, շատ քահանաներ սպանվեցին ֆաշիստական և համայնավար զորքերի կողմից: Ուկրաինայի հայերի մեծ մասը 1945-47թթ.նաև բռնի ուժով արտաքսվեցին Լեհաստան:

Լվովի հայ կաթողիկէ արքեպիսկոպոսության ոչնչացումն իրականացվել է Լվովի НКГБ աշխատակիցների ձեռքով՝ Ուկրաինայի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ն. Խրուշչևի հրամանով: Լվովի հայ կաթողիկէ համայնքը գրեթե իսպառ ոչնչացավ, մնացած 8 քահանաները և բենեդիկտյան հայ միաբան քույրերը տեղափոխվեցին Լեհաստան: Համայնավարները ազգայնացրեցին կամ պետական սեփականություն դարձրեցին հայ կաթողիկէ բազմաթիվ եկեղեցիներն ու հոգևոր կառույցները՝ Լվովում, Իվանո-Ֆրանկովսկում, Տիսմենիցայում, Լիսեցում, Սնյատինում, Բերեժանիում, Գոռոդենկայում, Չեռնովցիում, Կուտիում և այլ քաղաքներում: Եկեղեցական ունեցվածքի մի մասը փրկեցին Լեհաստան գաղթած հավատացյալները.այդ իրերը հիմա գտնվում են Լեհահայերի մշակույթի և ազգային ժառանգության հիմնադրամում:   Լվովում և այլ համայնքներում դեռևս կան հայ կաթողիկէ ընտանիքներ, որոնք թվաքանակը, սակայն, մեզ հայտնի չէ առայժմ: Աղոթենք և հուսանք, որ նրանք նորից կվերամիավորվեն զարթոնք ապրող հայ կաթողիկէ համայնքում:

armenianchurchco.com

 

ՀՀ սփյուռքի նախարարն աշխատանքային այցով մեկնեց Արգենտինա

Մայիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարի աշխատանքներին մասնակցելու և համայնքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ աշխատանքային այցով մեկնեց Արգենտինայի Հանրապետություն:

Մինսկում մեկնարկում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը

Մայիսի 29-ից հունիսի 10-ը Մինսկում կանցկացվի շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը (398 մասնակից, շվեյցարական համակարգ, 11 տուր), որտեղ 22 լավագույներն աշխարհի գավաթի մասնակցության իրավունք կստանան:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մայրցամաքի առաջնությունում Հայաստանը ներկայացված է 19 շախմատիստով՝ գրոսմեյստերներ Սերգեյ Մովսիսյանի (վարկանիշ` 2677), Գաբրիել Սարգսյանի (2666), Հրանտ Մելքումյանի (2619), Զավեն Անդրիասյանի (2615) և Արման Փաշիկյանի (2603) գլխավորությամբ: Առաջին տուրը կկայանա մայիսի 30-ին:

 

Հովհաննես Այվազովսկուն նվիրված բաց դաս՝ Մինսկի հայորդաց մեկօրյա կրթօջախում

Ապրիլի 30-ին, Մինսկի հայորդյաց մեկօրյա  կրթօջախում, ավագ խմբի սաների նախաձեռնությամբ կայացավ բաց դաս՝ նվիրված հայազգի աշխարհաճանաչ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն: Միջոցառումը կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում: Այս մասին «Հայերն այսօր»-ին  տեղեկացնում է  Մինսկի Հայորդաց կրթօջախի  ուսուցչուհի Կարինե Հակոբյանը:

 Դասն սկսվեց Այվազովսկուն նվիրված Հովհ. Թումանյանի «Այվազովսկու նկարի առջև» բանաստեղծությամբ ՝ համադրված նկարչի ծովային նկարներով ու երաժշտությամբ: Այնուհետև աշակերտները հաջորդաբար ներկայացրին նկարչի կյանքն ու ստեղծագործական  ուղին ՝ սկսած  մանկությունից: Սաների խոսքն ամբողջ ընթացքում  զուգորդվում էր էկրանին ցուցադրված համապատասխան պատկեր-տեսարաններով: Առանձնահատուկ անդրադարձան և  մեկնաբանեցին նկարչի առավել ուշագրավ աշխատանքները՝«Իններորդ ալիք», «Երկու թուրքական նավերի հարձակումը», «Մերկուրի», «Գիշերը Ռոդեսա կղզում» և այլն: Խոսեցին Այվազովսկու տաղանդի ուժի, անսանձ երևակայության, տիեզերական երևույթներ պատկերելու մշտական ձգտման, տեսողական վիթխարի հիշողությա, Թեոդոսիայի պատկերասրահին կտակած նրա ժառանգության և պարգևների մասին:Կրթօջախի բաց դասին հյուընկալվել էր հայ գեղանկարիչ, քանդակագործ Սպարտակ Հարությունյանը: Նա  գոհունակությամբ ողջունեց սաների կատարած ինքնուրույն աշխատանքը,  խոսեց  Այվազովսկու ինքնօրինակ ու հավիտենական արվեստի, նրա գեղանկարչական լեզվի  առանձնահատկությունների մասին:

…Այվազովսկու՝ արվեստի շնչով ու բույրով լցված լսարանում, նկարելն անխուսափելի էր… ուսուցիչներն ամեն ինչ նախապատրաստել էին՝ նկարչական թղթեր, ջրաներկեր, գունավոր մատիտներ: Նկարչի հետ միասին նկարելու և նկարիչ դառնալու գաղտնիքը բացահայտելու բացառիկ հնարավորությունն ավելի էր ոգևորել աշակերտներին, քանզի նրանցից շատերը նկարիչ դառնալու մեծ երազանք ունեն: Ներկաները դիտեցին, թե ինչպես է  արարվում կտավը: Նկարիչ Սպարտակ Հարությունյանը դասի ընթացքում արտանկարեց Այվազովսկու «Ղիմի ափին» նկարը և  նկարելուն զուգահեռ՝ վարպետության դասեր տվեց երեխաներին, նաև սիրով պատասխանեց աշակերտներին հուզող բոլոր հացերին: Հանդիպման վերջում  նկարիչը սիրով կրթօջախին նվիրեց  իր վրձնած «Ղրիմի ափին» կտավը:

5