Երևանի հ. 147 հիմնական դպրոցն անվանակոչվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվամբ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի հ. 147 հիմնական դպրոց, որը Երևանի ավագանու որոշմամբ անվանակոչվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվամբ: Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը ներկա էին նաև նորօրյա հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողներն ու հարազատները: Արցախյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված հայորդին 2003-2011թթ. սովորել է այս դպրոցում:

«Ավանդույթներ ունեցող դպրոցն այսօր հպարտ է իր բազմաթիվ շրջանավարտներով, ովքեր մեր երկրի ու հասարակության համար դարձել են նվիրյալներ»,– նշել են միջոցառման մասնակիցներն ու նկատել, որ Ռոբերտ Աբաջյանով այսօր հպարտ է ոչ միայն նրա հարազատ կրթօջախը, այլև ողջ հայությունը:

Անվանակոչված 147 հիմնական դպրոցի անվանատախտակը բացելու պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Ռոբերտ Աբաջյանի հորը՝ Ալեքսանդր Աբաջյանին:
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Արցախի հերոսի ծնողները, հարազատներն ու միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել կրթօջախի բակում Աբաջյանների ընտանիքի կողմից տեղադրված հուշաքարին՝ հարգանքի տուրք մատուցել հերոսի հիշատակին:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այս նախաձեռնությունը քաջ հայորդու հիշատակը սերունդների մեջ վառ պահելու և նրա սխրանքը գնահատելուն ուղղված կարևոր քայլ է:

«Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է նման վերաբերմունք արտահայտել բոլոր այն հայորդիների հիշատակին, ովքեր, չխնայելով իրենց կյանքը, կռիվ են տվել հանուն հայրենիքի պաշտպանության: Այս քայլը հայրենասիրության յուրօրինակ դրսևորում է և ինչպես այսօրվա աշակերտները, այնպես էլ եկող սերունդը, հաճախելով այս կրթօջախ, կիմանան, թե ինչ հերոսներ են սովորել այստեղ ու, վստահ եմ, հայրենասիրության իրենց պատկերացումները կգտնեն հենց Ռոբերտ Աբաջյան հերոսի մեջ: Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ավագանու բոլոր անդամներին, որ մեր առաջարկը միաձայն ընդունեցին: Մենք շարունակելու ենք մեր մշտական ուշադրության ու հոգածության ներքո պահել պատերազմում զոհված բոլոր այն հայորդիների ընտանիքներին, ովքեր նման առյուծ երիտասարդներ են լույս աշխարհ բերել: Մենք հպարտ ենք, որ ունենք նման հերոսներ ու թեև նրանք այսօր ֆիզիկապես մեզ հետ չեն, բայց հավերժ օրինակ են մեր մատաղ սերնդին դաստիարակելու համար», – նշել է Տարոն Մարգարյանը:

%d5%a1%d5%a2%d5%a1%d5%bb%d5%b5%d5%a1%d5%b61 %d5%a1%d5%a2%d5%a1%d5%bb%d5%b5%d5%a1%d5%b62 %d5%a1%d5%a2%d5%a1%d5%bb%d5%b5%d5%a1%d5%b63 %d5%a1%d5%a2%d5%a1%d5%bb%d5%b5%d5%a1%d5%b64 %d5%a1%d5%a2%d5%a1%d5%bb%d5%b5%d5%a1%d5%b65

Լիբանանի պլանավորման պետական նախարարն այցելեց Սփյուռքի նախարարություն

Ապրիլի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լիբանանի պլանավորման պետական նախարար Միշել Փարավոնին՝ տիկնոջ և ուղեկցող պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց լիբանանյան նախարարի այցը Հայաստան: Նախարարը մասնավորապես նշեց. «Ձեր այցը նոր ուղիներ կբացի հայ-լիբանանյան հարաբերություններում՝ և՛ կառավարման, և՛ բիզնես ոլորտներում: Մեր նախարարության խնդիրներից է Սփյուռքին տեղեկացնել մեր որդեգրած ներդրումային քաղաքականության, նրա օրենքների վերաբերյալ: Մեր կայքում 100-ից ավելի բիզնես ծրագրեր ենք դրել և փորձելու ենք դրանք տարածել նաև օտար բարեկամների շրջանում: Պետք է նպաստենք Լիբանանի և Հայաստանի միջև տուրիզմի զարգացմանը: Պետք է Լիբանանի հանրությանը ներկայացնել Հայաստանի առավելությունները»:

Միշել Փարավոնը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար,  շեշտեց, որ սիրով և ոգևորությամբ է այցելում Հայաստան։ Նա նշեց. «Սա իմ երկրորդ այցելությունն է Հայաստան, առաջին անգամ եղել եմ 1999 թվականին: Այս անգամ ավելի տպավորված եմ: Հայաստանում մի քանի կարևող բան նկատեցի՝ անվտանգություն, քաղաքական կայունություն: Բարելավված են ներդրողների պայմանները: Պետք է համագործակցություն լինի պետական և մասնավոր հատվածների միջև: Տնտեսության զարգացման համար կարևոր է նաև Հայաստանի ընդգրկվելը Եվրասիական տնտեսական միության կազմում և Իրանի հետ տնտեսական ազատ գոտին: Լիբանանի բիզնեսի համար նախընտրելի են Հայաստանի հետ գործնական կապերը: Այդ բոլոր հարցերը քննարկելու համար պետք է տնտեսական ֆորում կազմակերպել»:

Քննարկվեցին նաև սիրիացի փախստականների տեղավորման, նրանց կրթական և առողջական հարցերի լուծման ուղիներին վերաբերող հարցեր: Կարևորվեց հայ-լիբանանյան կապերի ամրացումը և համագործակցությունը տնտեսական, կրթական, մշակութային ոլորտներում:

222

Հայաստան-Իսպանիա դիվանագիտական հարաբերություններին նվիրված քննարկում Իսպանիայում

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 28-ին, ժամը՝ 20:00-ին, Բարսելոնայի «Հայ տանը» (հասցե՝ Carrer Enric Granados, 111, 3er 2a, Barcelona) տեղի կունենա Հայաստան-Իսպանիա դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված հանդիպում-քննարկում՝ Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցի մասնակցությամբ։

Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված արարողություն Վիլնյուսում

Ապրիլի 24-ին Լիտվայի ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հիշատակի արարողություն, որը կազմակերպվել էր Վիլնյուսի հայերի միության և Լիտվայի ցեղասպանության և դիմադրության կենտրոնի կողմից՝ Լիտվայում ՀՀ դեսպանության աջակցությամբ։

Արարողությանը ներկա էին Լիտվայի ցեղասպանության և դիմադրության կենտրոնի տնօրեն Թերեզա Բուրաուսկայտեն և Ցեղասպանության թանգարանի տնօրինությունը, Լիտվայի Սեյմասի՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի փոխնախագահ ՍիմոնասԳենտվիլասը, Լիտվայի հայերի միության նախագահ Արայիկ Թունյանը, հայ և լիտվացի հասարակական-քաղաքական գործիչներ։

Հիշատակի արարողության սկզբում Բալթյան երկրներում Հայոց առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով Ստեփանյանը հանդես եկավ աղոթքով։

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն, անդրադառնալով ցեղասպանության կանխարգելման գործում կրթության ու հանրային իրազեկման դերին, նշեց, որ սերունդները պետք է տեղյակ լինեն անցյալի ողբերգությունների, անցյալի ցեղասպանությունների մասին: Նա ընդգծեց, որ ժխտողականությունն անպատժելիության հետ մեկտեղ ճանապարհ են հարթում մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնության համար և որ ժխտումն ինքնին ցեղասպանության շարունակություն է: Դեսպանը նշեց նաև «Այլևս երբեք» կարգախոսի համատեքստում ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը:

Հայաստան-Լիտվա խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ ՍիմոնասԳենտվիլասն իր ելույթում հիշատակեց Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ դեռևս 2005թ․ Լիտվայի Սեյմասի կողմից ընդունված բանաձևը և նշեց, որ պետք է մշտապես խոսել ցեղասպանությունների և մարդկության դեմ գործած հանցագործությունների մասին, քանի որ մեր օրերում ահագնացող տեմպերով աճում է ազգային փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականությունը, որը կարող է վաղ թե ուշ վերաճել փոքրամասնությունների նկատմամբ բռնության և խտրականության։

Լիտվայի ցեղասպանության և դիմադրության կենտրոնի տնօրեն Թերեզա Բուրաուսկայտեն իր ելույթում նշեց, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում Օսմանյան Թուրքիայում հայերի ոչնչացման փորձը, որը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որևէ արդարացում չունի: Նրա խոսքերով Հայոց ցեղասպանությանը պատշաճ արձագանքի և գնահատականի բացակայությունը նպաստել է այլ ցեղասպանությունների իրականացմանը։ Թերեզա Բուրաուսկայտեն ընդգծեց, որ պետք չէ բավարարվել միայն անմեղ զոհերի հիշատակի առջև խոնարհվելով, այլ պետք է զգոն լինել և պատասխանատվություն ստանձնել նմանօրինակ հանցագործությունները  անպատիժ չթողնելու և մարդկային նոր զոհեր թույլ չտալու համար:

Ելույթով հանդես եկավ Հայաստանի գրողների միության անդամ, նշանավոր գրող Վահագն Գրիգորյանը, ով ներկաների ուշադրությունը հրավիրեց մերօրյա Թուրքիայում ժխտողականության քաղաքականության, հակահայկական դրսևորումների վրա։ Հնչեցին նշանավոր հայագետ ՄարիտեԿոնտրիմայտեի բանաստեղծությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ ծաղկեպսակիզետեղման արարողություն։

%d5%ac%d5%ab%d5%bf%d5%be%d5%a1 %d5%ac%d5%ab%d5%bf%d5%be%d5%a11

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հնդկաստանի փոխնախագահին

Ապրիլի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցով ժամանած Հնդկաստանի փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Մոհամմադ Համիդ Անսարիի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը ողջունեց երկու ժողովուրդների դարավոր բարեկամական կապերի զորացմանն ուղղված քայլերը և երկու երկրների միջև տարբեր ոլորտներում սերտացող համագործակցությունը: Վեհափառ Հայրապետը, խոսելով հայ-հնդկական պատմական առնչությունների մասին, անդրադարձ կատարեց Հնդկաստանի կյանքում հայկական համայնքների ունեցած կարևոր դերակատարությանը: Նորին Սրբությունը գոհունակությամբ հաստատեց, որ այսօր էլ Հնդկաստանում հայ համայնքը լիարժեքորեն շարունակում է ապրել իր ազգային-եկեղեցական կյանքով, որին աշխուժություն է հավելում նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հովանու ներքո գործող 1821 թ. հիմնադրված Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում նաև երախտագիտություն հայտնեց այն հոգածու վերաբերմունքի համար, որ Հնդկաստանի իշխանությունների կողմից ցուցաբերվում է թե հայ համայնքի և թե հայոց պատմական սրբավայրերի և հայկական ժառանգության հանդեպ: Նորին Սրբությունն այս կապակցությամբ տեղեկացրեց Հնդկաստանի փոխնախագահին հայկական եկեղեցիների պահպանության և ճեմարանի կրթական գործունեության ընդլայնման ուղղությամբ Մայր Աթոռի և Կալկաթայի հայ համայնքի կողմից ձեռնարկվող քայլերի մասին:

Իր հերթին Հնդկաստանի փոխնախագահը խոսեց Հնդկաստանում հայերի պատմական ներկայության մասին` ընդգծելով, որ, ծնված լինելով Կալկաթայում, քաջ ծանոթ է հայերին և նրանց պատմությանը: Պրն. Անսարին նշեց, որ հայերի հետ կապերը սերտ են եղել. հայերը դարեր շարունակ տարբեր առումներով նպաստել են Հնդկաստանի կյանքին: Իր խոսքում Հնդկաստանի փոխնախագահը նաև հաստատեց, որ երկու ժողովուրդների բարեկամության հիմերը ամուր են ու խորը և դրանց վրա են կառուցվելու Հնդկաստանի հարաբերությունները և համագործակցությունը Հայաստանի հետ:

Հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց նաև Ս. Էջմիածնի պատմությանը, ազգային կյանքում Հայոց Եկեղեցու ունեցած դերակատարությանը:

 

«ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը մեծ ճանաչում են ձեռք բերում».Գագիկ Գյանջումյան

«ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող ծրագրերը աստիճանաբար ավելի մեծ ճանաչում են ձեռք բերում, ինչն էլ վկայում է սփյուռքահայերի հետաքրքրության աճը»,-ապրիլի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով նախարարության ծրագրերի մասին՝ նշել է նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ Գագիկ Գյանջումյանը տեղեկացրել է, որ «Արի տուն-2017»-ին ընդունելու են 1000-ից ավելի երիտասարդ՝ աշխարհի տարբեր երկրներից: Անցնող տարիների ընթացքում աշխարհի 54 երկրից շուրջ 8000 սփյուռքահայ պատանի և աղջիկ է ծրագրին մասնակցել:

Ինչպես նշել է Գագիկ Գյանջումյանը, անցած տարվանից նորամուծություն են մտցրել ծրագրում.արիտունցիները խաչքարագործ վարպետի օգնությամբ փոքրիկ քարերի վրա խաչեր փորագրել են սովորում, որոնք վերջիններս մեծ ոգևորությամբ են տանում իրենց հետ՝ նվիրելով սիրելիներին կամ որպես սուրբ մասունք՝ պահում Հայաստանում անցկացրած օրերից: Այս տարի էլ փորձելու են նոր գաղափարներ իրականացնել ծրագրում՝ այն առավել հետաքրքիր դարձնելու համար:

Գագիկ Գյանջումյանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ «Արի տուն» ծրագրի ավարտից հետո երիտասարդների միջև ձևավորված ընկերային սերտ կապը պահպանվում է, հաջորդ ամռանը նրանք նորից Հայաստան են գալիս՝ միասին անցկացելու իրենց արձակուրդը:

Անդրադառնալով «Սփյուռք» ամառային դպրոցին՝ Գյանջումյանը շեշտել է, որ այս տարի ծրագրի մասնակիցների թիվը նույնպես մեծացել է: «Օրինակ՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Լիբանանից ամեն տարի մեծ է մասնակցել ցանկացողների թիվը, բայց կան որոշ երկրներ, որոնք համեմատաբար պասիվ են,: Մենք ջանքեր ենք գործադրում մեծացնել հենց այդ երկրներից մասնակիցների թիվը:

Խոսելով «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի մասին՝ Գյանջումյանը նշել է, որ 2017թ. փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 24-ից 29-ը, որին կմասնակցեն սփյուռքյան երգչախմբեր, երաժշտախմբեր ու անհատ կատարողներ: Փառատոնին իրենց մասնակցությունը կբերեն նաև ճանաչված խմբեր և անհատներ Հայաստանի Հանրապետությունից և Արցախից:

«Սփյուռքի նախարարությունը Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ ամեն տարի կազմակերպում է «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում այս տարի հայտարարվել են մրցույթների պայմանները հետևյալ անվանակարգերում` «Մայրենիի պաշտպան», «Լավագույն հայկական կրթօջախ», «Երիտասարդական, ուսանողական կազմակերպություն»,  «Ազատ Արցախ» մանկապատանեկան լավագույն   ստեղծագործությունների մրցույթ: Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման հարցում կազմակերպությունների, տարբեր խմբերի, առանձին անհատների ունեցած ներդրումը, գնահատել և արժևորել այս ուղղությամբ հայկական համայնքների գործունեությունը», -հավելել է Գյանջումյանը:

 

«Արմենիա» ավիաընկերությունը չվերթերի ուղևորներին անմոռուկների տեսքով կրծքանշաններ է բաժանել

«Արմենիա» ավիաընկերության չվերթերի բոլոր ուղևորները Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրականացրած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակ օրը՝ ապրիլի 24ին, անմոռուկների տեսքով կրծքանշաններ են ստացել։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Անահիտ Կարապետյանը, անմոռուկներից բացի, ինքնաթիռում ուղեկցորդուհիները չվերթերի ժամանակ ուղևորներին պատմել են 1915 թվականի իրադարձությունների մասին։

Անմոռուկներ են փակցված նաև «Արմենիա» ավիաընկերության օդանավերի վրա: Մինչև ապրիլի վերջ Boeing 737-700 և 737-500 չվերթերը կիրականացվնեն անմոռուկներով:

«Նորահրաշը» ելույթ ունեցավ Մոսկվայի եկեղեցական երգչախմբերի 2-րդ զատկական փառատոնում

Ապրիլի 23-ին Սբ. Պողոս Պետրոս տաճարում կայացավ Մոսկվայի եկեղեցական երգչախմբերի 2-րդ զատկական փառատոնը, որն անցկացվում էր Մոսկովյան 4-րդ միջեկեղեցական զատկական մարաթոնի շրջանակներում։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնից, թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ՝ փառատոնին այլ կրոնական համայնքների և եկեղեցական երգչախմբերի հետ համատեղ մասնակցում էր նաև Մոսկվայի «Հայորդյաց տան»՝ Լենա Բեգլարյանի ղեկավարած «Նորահրաշ» վոկալ համույթը։

«Նորահրաշը» կատարեց Կոմիտասի «Հայրապետական օրհներգը», «Սուրբ-սուրբը», «Սարերի վրով գնացը» և ժողովրդական՝ «Ծաղկած բալենին»։ Փառատոնի մասնակիցները կատարեցին հիմնականում հոգևոր երգեր, իսկ միջոցառման ավարտին երգչախմբերի ղեկավարները ստացան հուշանվերներ և մասնակցության դիպլոմներ։

Ինչպես նախորդ փառատոներին, այնպես էլ այս անգամ՝ օտար հանդիսատեսը անչափ տպավորված և հիացած էր հայկական հոգևոր երաժշտության մաքրությամբ և հնչեղությամբ։

%d5%b6%d5%b8%d6%80%d5%a1%d5%b0%d6%80%d5%a1%d5%b7

Քուրդ արվեստագետ. «Ցեղասպանության ժխտումը նոր ցեղասպանությունների համար հող է նախապատրաստում»

Քուրդ արվեստագետ Ֆերհաթ Թունչը Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրավոր հայտարարություն է հրապարակել: Թուրքալեզու «alevinet.com» կայքի տեղեկացմամբ՝ Թունչը հիշեցրել է, որ 1915թ. ապրիլի 24-ին օսմանյան ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի հրամանով ձերբակալվեցին շուրջ 250 հայ մտավորականներ, ինչով և սկիզբ դրվեց Հայոց ցեղասպանությանը:

«Դրանից դեռ ամիսներ առաջ քաղաքական վարչության ղեկավար Ռեշաթ բեյի կողմից նախապատրաստվել էր այն հայ մտավորականներրի ցուցակը, որոնք պետք է ձերբակալվեին: Գործողությունը ղեկավարեց Ստամբուլի անվտանգության ղեկավար Բեդրի բեյը: Ձերբակալության պահից սկսած  այդ մարդկանց ճակատագրի միակ պատասխանատուն պետությունն է:

Նրանցից շատերը հայ համայնքի ամենահարգի ներկայացուցիչներն ու առաջնորդներն էին՝ պատգամավորներ, գրողներ, բանաստեղծներ, փաստաբաններ, բժիշկներ, լրագրողներ, դեղագործներ, երաժիշտներ, հրատարակիչներ ու քաղաքական գործիչներ: Այս մտավորականները նաև օսմանյան հասարակության ամենափայլուն ուղեղներն էին: Այդ տարեթիվը համարվում է Հայոց ցեղասպանության սկիզբը», ասված է հայտարարությունում:

Թունչը նշել է, որ Ցեղասպանությունը իրագործվել է նախապես պլանավորված ծրագրով և  այդ տարածաշրջանում բնակվող հարյուր հազարավոր հայերի մահվան պատճառ է դարձել:

«Թուրքիան արդեն 102 տարի է այդ մասին խոսում է «այսպես կոչված Հայոց ցեղասպանություն» արտահայտությամբ և աշխարհին մարտահրավեր նետող մոտեցում է ցուցաբերում այն դեպքում, երբ ողջ աշխարհը ընդունում է, որ դա ցեղասպանություն է եղել», -ասել է Թունչը:

Նա ընդգծել է, որ Թուրքիան ոչ միայն չի կիսում հայերի ցավը, այլև համառորեն շարունակում է ռասիստական և ազգայնամոլական հակահայ քաղաքականությունը: Նա հավելել է, որ օսմանյան «Միություն և առաջադիմություն» կուսակցության գաղափարախոսությունը դեռ այսօր էլ շարունակում է իր գոյությունը թուրքական պետության շրջանակներում և հենց այդ գաղափարախոսության հիմքում ընկած ռասիստական մոտեցման զոհը դարձավ այնպիսի կարևոր մի մտավորական, ինչպիսին Հրանտ Դինքն էր:

Քուրդ երաժիշտը նկատել է տվել, որ թուրքական կողմը դիմում է բոլոր հնարավոր միջոցներին՝ Հայոց ցեղասպանությունը հերքելու համար, իսկ ողջ աշխարհը մեծագույն զարմանքով է հետևում այդ ժխտմանը:

«Այդ մութ ու արյունոտ պատմության հետ առերեսվելու և ներում խնդրելու դեպքում Թուրքիան, թերևս, կարող էր մի քայլ արած լինել համոզիչ լիենլու ուղղությամբ: Այնինչ ազգայնամոլ և ռասիստ գաղափարախոսթյամբ և միանձնյա կառավարմամբ բռնապետության վերածվող այս նոր ռեժիմի պայմաններում նման քայլ կատարելը անհնար է:

Ընդհակառակը, ինչպես երևում է, այս երկիրում շարունակելու է լայնորեն տարածվել ցեղասպանասիրությունը: Հայոց ցեղասպանության ժխտումը ավելի է մեծացնում վիշտը և այդ մեծացող վիշտը Թուրքիային աշխարհում հռչակում է որպես Ցեղասպանությունը հերքող երկիր և դրանով մեկուսացնում է  նրան: Արդեն նկատելի է, որ այս նոր ժամանակաշրջանում մեկուսացումն էլ ավելի է խորանալու: Երբ ժխտումն ու ազգայնամոլությունը մեծանում է, նոր ցեղասպանությունների համար հող է նախապատրաստվում:

Ես հարգանքի տուրք եմ մատուցում Ցեղասպանությանը զոհ գնացած մեր բոլոր հայ հայրենակիցներին և սրտանց կիսում եմ նրանց թոռների վիշտը», -ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ասել է Թունչը:

Միջոցառում Մոսկվայի «Հայորդյաց տանը»՝ նվիրված Սբ․ Հարության տոնին

Ապրիլի 23-ին՝ Կրկնազատիկին, Մոսկվայի «Հայորդյաց տանը» կայացավ միջոցառում՝ նվիրված Սբ․ Հարության տոնին։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնից, ՀԱԵ Քրիստոնեական առարկայի ուսուցչուհի Հայկուհի Չոբանյանը և մասնագիտությամբ դերասան, ռեժիսոր, «Հայորդյաց տան» ուսուցչուհի Քնարիկ Պապիկյանը Հարություն անունով փոքրիկի և նրա պապի երկխոսության և թատերականացված միջոցառման միջոցով ներկայացրեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի կյանքը, խաչելությունն ու հարությունը։

Միջոցառումում ներկայացվեց նաև ժողովրդական տոնակարգը՝ համադրվելով զատկական երգով ու խաղիկներով։Կրթօջախի ուսուցչուհիներն ամեն տարի փորձում են հնարավորինս նոր կերպ մատուցել Հիսուս Քրիստոսի Հարության Ավետիսը և միջոցառումում ընդգրկել նոր կերպարներ։ Այս տարին ևս բացառություն չէր։ Կրթօջախի հանդիսատեսին առավելապես հայրենասիրական, ֆիդայական միջոցառումներից քաջ հայտնի երիտասարդներն այս անգամ Քրիստոսի և փոքրիկ Հարության պապիկի դերում էին, ինչը էլ ավելի էր պարտավորեցնում նրանց՝ իրենց կերպարներում լինել առավելապես համոզիչ և ընդօրինակելի դառնալ իրենց կրտսեր խաղընկերների համար։

Միջոցառման ավարտին «Հայորդյաց տան» հոգևոր տեսուչ Տեր Առաքել քահանա Ամիրյանը  ներկաներին փոխանցեց Սրբազան հոր օրհնությունը, ապա հավելեց․ «Երևի դահլիճում չկա մեկը, ով չհուզվեց, չապրեց այս ինքնատիպ ու գեղեցիկ միջոցառումը։ Իրենց անկեղծությունը, մաքրությունը, խոսքի ճշմարտացիությունը մտավ մեր սրտերն ու հոգիները։Մենք ևս մեկ անգամ վերապրեցինք Հարության հաղթանակը այս հյուրընկալ դահլիճում։ Լսեցինք ճշմարտության այն ձայնը, որ Հայոց Եկեղեցին 2000 տարի փոխանցում է իր ժողովրդին։ Փառք և գոհություն Աստծուն, որ մեզ հնարավորություն է տվել այսպիսի քրիտոնյա, հավատացյալ զավակներ կրթել-դաստիարակելու, ովքեր պետք է լինեն մեր Եկեղեցու, մեր ազգի, մեր հայրենիքի հույսն ու ապագան»։

Սբ․ Հարության տոնին  նվիրված միջոցառման ժամանակ հնչեցին նաև տոնական երգեր՝ Լենա Բեգլարյանի ղեկավարած «Ովսաննա» երգչախմբի կատարմամբ։

%d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a1%d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a11%d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a12%d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a13%d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a14 %d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a15

 

«Արի տուն ծրագիրը տարիների ընթացքում կենսունակ դարձավ». Սերժ Սրապիոնյան

Ապրիլի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը ներկայացնելով նախարարության 2017 թվականի ծրագրերի իրագործման գործընթացը՝ մասնավորապես անդրադարձավ «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրին և ասաց, որ ապրիլ ամսին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Ս. Մեսրոպ-Արապեան», Փարիզի «Դպրոցասեր» և Մարսելի «Համազգային» վարժարաններից Հայաստան ժամանած 66 պատանիների և աղջիկների հետ իրականացրել են «Արի տուն»-2017-ը, իսկ ծրագրի հիմնական մեկնարկը տրվելու  է հունիսի 18-ին՝ 8 փուլով:

«Այս ծրագիրը շատ կենսունակ դարձավ և տարեցտարի մեծացրեց ոչ միայն աշխարհագրական սահմանները, այլև՝ մասնակիցների թվաքանակը: Սփյուռքահայ երիտասարդների այցելությունը Հայաստան, որը նախևառաջ ունի հայրենաճանաչողական բնույթ, իր դրական հետևանքներն է թողնում. ծրագրին մասնակցելուց հետո սփյուռքահայ երիտասարդները ցանկանում են Հայաստան վերադառնալ: Հարկ է  նշել, որ արիտունցիների ստվար զանգված արդեն հաստատվել է Հայաստանում »,-«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ «Արի տուն»-ն իր նպատակին իսկապես ծառայում է՝ խթանելով Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք կապերի ամրապնդմանը:

Հավելենք, որ անցած տարիների ընթացքում «Արի տուն» ծրագրով Հայաստան է ժամանել շուրջ 8000 պատանի և աղջիկ:

2017 թվականին ակնկալվում է մինչև 1000 սփյուռքահայ երիտասարդի այցելություն Հայաստան, որոնք նախ կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում, ապա իրենց հասակակիցների հետ կմասնակցեն «Արի տուն» ճամբարին:

Ուսուցողական դասընթացների, կրթական, մշակութային և այլ միջոցառումների մշակումն ու կազմակերպումը, պետական պաշտոնյաների և տարբեր ոլորտների հայտնի գործիչների հետ հանդիպումները լրացուցիչ ազդակ կհանդիսանան ծրագրի արդյունավետության բարձրացման համար:

Մամուլի ասուլիս ՀՀ սփյուռքի նախարարությունում

Ապրիլի 27-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանի և Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված նախարարության «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրերի, «Երգում ենք Կոմիտաս» փառատոնի և «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության ընթացքին, ինչպես նաև «Հույսի և վերածննդի ճանապարհով» խորագրով շաբաթվա շրջանակներում կայանալիք միջոցառումներին:

Սերժ Սրապիոնյանը նշեց, որ նախարարությունն աշխատում է արտակարգ ծանրաբեռնված գրաֆիկով: «Ապրիլ ամսին Հայաստանում և Սփյուռքի բոլոր համայնքներում կազմակերպվեցին Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ձեռնակրներ, արարողություններ: Միջոցառումներ տեղի ունեցան նույնիսկ այնպիսի երկրներում, որոնց իշխանությունները չեն խրախուսում դրանց անցկացումը, – նշեց նախարարի տեղակալը՝ հավելելով, – այս շաբաթը մենք անվանեցինք «Հույսի և վերածննդի ճանապարհով» և շաբաթվա շրջանակներում իրականացրինք մի շարք միջոցառումներ: Վաղը տեղի կունենա «Սփյուռքի զորակցությամբ» խորագրով կլոր սեղան-քննարկումը և հանդիպում Տիգրան Մանսուրյանի հետ»:

Անդրադառնալով նախարարության ծրագերի ընթացքին՝ Սերժ Սրապիոնյանն ընդգծեց, որ տարեցտարի ավելանում է դրանց մասնակցել ցանկացող Սփյուռքի մեր հայրենակիցների թիվը: «Անցած տարիների ընթացքում միայն «Արի տուն» ծրագրով Հայաստան է ժամանել շուրջ 8000 պատանի և աղջիկ: «Արի տուն»-ը կենսունակ ծրագիր է և կարողացավ քննություն բռնել կյանքում: Մեկ անգամ այցելելով Հայաստան՝ նրանք տեսնում, ճանաչում, սիրում և կապվում են Հայրենիքի, իրենց հյուրընկալող ընտանիքների անդամների հետ: Այս ծրագիրը մի կողմից Հայաստան-Սփյուռք իրական կամուրջ է, մյուս կողմից՝ բազմաթիվ արիտունցիներ արդեն իսկ եկել և հաստատվել են Հայաստանում»,  – ասաց Սրապիոնյանը:

Նա  նշեց, որ նախարարությունը հատուկ կարևորություն է տալիս սփյուռքահայ գործարարների՝ Հայաստանում ներդրումներ կատարելու և սեփական գործը սկսելու հարցին՝ հավելելով, որ բազմաթիվ են Հայաստանում արդեն իսկ հաստատված և հաջող բիզնես ունեցող սփյուռքահայերի օրինակները:

Նախարարության ծրագրերի ընթացքը ներկայացրեց նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը՝ նշելով. «Արի տուն» ծրագրի առաջին մասնակիցներին այս տարի ընդունեցինք ապրիլի 10-ին: Այդ փուլով Հայաստան այցելեց 66 պատանի ու աղջիկ  Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Ս. Մեսրոպ-Արապեան», Փարիզի «Դպրոցասեր» և Մարսելի «Համազգային» վարժարաններից: Մյուս փուլերը կսկսվեն հունիսից և 2017թ. ևս կընդունենք 1000-ից ավելի երիտասարդ աշխարհի տարբեր երկրներից: Գյանջումյանն  ասաց, որ անցած տարվանից արիտունցիներին սովորեցնում են խաչեր փորագրել փոքրիկ քարերի վրա, որոնք վերջիններս առանձնահատուկ հաճույքով են տանում իրենց հետ, նվիրում իրենց սիրելիներին կամ պահում որպես հուշ՝ Հայաստանում անցկացրած ժամանակահատվածից»:

Անդրադառնալով «Սփյուռք» ամառային դպրոցին՝ Գյանջումյանը շեշտեց, որ այս տարի ծրագրի մասնակիցների թիվը նույնպես մեծացել է: «Օրինակ Ռուսաստանից, Ուկրաինայից, Լիբանանից ամեն տարի մեծ է մասնակցել ցանկացողների թիվը, բայց կան որոշ եվրոպական երկրներ, որտեղ համեմատաբար պասիվ է, և մենք ջանքեր ենք գործադրում մեծացնել հենց այդ երկրներից մասնակիցների թիվը», – ասաց նա:

Խոսելով «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի մասին՝ Գյանջումյանը նշեց, որ 2017թ. փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 24-ից 29-ը, որին կմասնակցեն սփյուռքյան երգչախմբեր, երաժշտախմբեր ու անհատ կատարողներ: Փառատոնին իրենց մասնակցությունը կբերեն նաև ճանաչված կոլեկտիվներ և անհատներ Հայաստանի Հանրապետությունից և Արցախից:

«Սփյուռքի նախարարությունը Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ ամեն տարի կազմակերպում է «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում այս տարի հայտարարվել են մրցույթների պայմանները հետևյալ անվանակարգերում` «Մայրենիի պաշտպան», «Լավագույն հայկական կրթօջախ», «Երիտասարդական, ուսանողական կազմակերպություն»,  «Ազատ Արցախ» մանկապատանեկան լավագույն   ստեղծագործությունների մրցույթ: Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման հարցում կազմակերպությունների, տարբեր խմբերի, առանձին անհատների ունեցած ներդրումը, գնահատել և արժևորել այս ուղղությամբ հայկական համայնքների գործունեությունը», -հավելեց Գյանջումյանը:

Ասուլիսի ավարտին բանախոսները պատասխանեցին լրագրողների հարցերին:

img_3427

Աջակցություն սիրիահայ ընտանիքին

Ապրիլի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց  Նյու Ջերսիի «Հովնանյան»  վարժարանի սաներին՝ փոխտնօրեն Սիլվա Մեսրոպյանի և ուսուցչուհի  Թագուհի Տապաղյանի ուղեկցությամբ: Վարժարանի սաները  նախարարություն էին եկել հատուկ առաքելությամբ՝ իրենց աջակցությունը փոխանցելու Երևանում բնակվող սիրիահայ Թավիթ Կազանջյանի ընտանիքին:

Ողջունելով «Հովնանյան»  վարժարանի սաներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ վարժարանի անունը խորհրդանշական  և պարտավորեցնող է, և հավելեց. «Հովնանյան եղբայրները մեծ ներդրում ունեն նոր Հայաստան կերտելու գործում: Ես ցանկանում եմ, որ դուք՝ որպես հայ, նմանվեք Հովնանյաններին, և ձեզ համար նույնպես Հայրենիքը միշտ լինի առաջին տեղում: Ես ձեզ մի քանի խնդրանք ունեմ: Հայաստանից վերադառնալով՝ խոստացեք ինքներդ ձեզ, որ հայերենը երբեք չեք մոռանալու:Հաճախ ձեր ծնողներին հորդորեք, որ ձեզ Հայաստան բերեն, և մշտապես Հայրենքիը ձեր սրտում պահեք: Եվ վերջին խնդրանքս.շատ սովորեք, շատ կարդացեք և լավ մարդ ու լավ հայ եղեք, որպեսզի օտարների մեջ առանձնանաք ձեր տեսակով»:Նախարարը կարևորեց դպրոցի դերը հայապահպանության գործում և բարձր գնահատեց վարժարանի նախաձեռնությունը՝ օգնել սիրիահայ ընտանիքին, որի հինգ որդիներց երեքը զինվորներ են և պաշտպանում են Հայրենիքի սահմանները:

«Հովնանյան» վարժարանի փոխտնօրեն Սիլվա Մեսրոպյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Նա մասնավորապես նշեց. «Ամեն տարի՝ ապրիլին, վարժարանի աշակերտները այցելում են Հայաստան, լինում պատմական  և տեսարժան վայրերում: Այս տարի աշակերտերը որոշեցին հանդես գալ նոր նախաձեռնությամբ: Նրանք իրենց պատրաստած քաղցրավենիքների վաճառքի արդյունքում հավաքված գումարը ցանկացան փոխանցել Երևանում բնակվող սիրիահայ Թավիթ Կազանջյանի ընտանիքին»: Հանդիպման ընթացքում Սիլվա Մեսրոպյանը «Հովնանյան» վարժարանի անունից սիրիահայ ընտանիքին փոխանցեց 720 ԱՄՆ դոլար:

Հանդիպման ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանի վարժարանի սաներին նվիրեց Նահապետ Քուչակի հայրենները՝ հայերեն և անգլերեն տարբերակներով, հայերեն գրքեր և ֆիլմեր: Վարժարանի սաները դիտեցին նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի մասին պատմող ֆիլմ:

unnamed-1

 

Ապրիլի 28-ին Սփյուռքի նախարարությունում կայանալիք միջոցառումներ

Ապրիլի 28ին, ժամը 10.30ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի հիմնադիր նիստ՝ ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարների, փառատոնի գեղարվեստական խորհրդի, ժյուրիի և լրագրողների մասնակցությամբ (հասցե՝ Վ. Սարգսյան 3, 9-րդ հարկ):

Բացման խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Ապրիլի 28-ին, ժամը 12.00-ին կմեկնարկի «Սփյուռքի զորակցությունը Հայաստանին» խորագրով կլոր սեղան-քննարկումը, որին կմասնակցեն սփյուռքահայ բարերարներ, գործարարներ, ներդրողներ (հասցե՝ Վ. Սարգսյան 3, 8-րդ հարկ):

Ապրիլի 28-ին, ժ.14:00-ին «Հայաստանում կայացած սփյուռքահայ արվեստագետների հետ հանդիպումներ» ծրագրի շրջանակներում տեղի կունենա հայ մեծանուն արվեստագետ Տիգրան Մանսուրյանի հանդիպումը ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցների հետ:

Հանդիպմանը բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, այնուհետև Տիգրան Մանսուրյանը կխոսի իր նոր՝ «Պոեմ հաղթանակի» ստեղծագործության և առաջիկա ծրագրերի մասին (հասցե՝ Վ. Սարգսյան 3, 9-րդ հարկ):