ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկկուսակցական բանաձևի նախագիծ է ներկայացվել

Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Ջերսի նահանգը ներկայացնող դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսն ապրիլի 24-ին Սենատին ներկայացրել է երկկուսակցական նախագիծ, որով առաջարկվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ներկայացված նախագծով առաջարկվում է երաշխավորել, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը կարտացոլի համապատասխան ըմբռնում մարդու իրավունքներին առնչվող հարցերին,  մարդկության դեմ հանցագործություններին, էթնիկ զտումներին և  ցեղասպանություններին` ԱՄՆ-ի կողմից փաստագրված Հայոց ցեղասպանության օրինակով:

Նախագծի համահեղինակներն են սենատորներ Թեդ Քրուզը, Էդ Մարկին և Թոմ Ուդոլը:

«Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգությունից 102 տարի անց մենք պետք է այն անվանենք իր իսկական անունով` Ցեղասպանություն: Ես կարծում եմ, որ այդ քայլին գնալու մեր շարունակական անկարողությունը տեղ է թողնում ժամանակակից աշխարհում բարբարոսությունների համար, ուստի ես իմ սենատոր գործընկերներին կոչ եմ անում վերջ դնել այս ամոթալի իրողությանը: Այս բանաձևը հստակ հաստատում է, որ մենք միշտ կհարգենք այն անմեղ հայ տղամարդկանց, կանանց և երեխաների հիշատակը, ովքեր սպանվել են կամ արտաքսվել են իրենց հայրենիքից, և միշտ կհիշենք այդ ամենը որպես դաս, որը միշտ հակազդելու է մարդկության դեմ բոլոր հանցագործություններին»,- ասել է Ռոբերտ Մենենդեսը:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել սենատոր Մենենդեսին և նրա գործընկերներին նախագիծը ներկայացնելու համար: «Ակնհայտ է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նախ անհրաժեշտ է, որ Թուրքիան ճանաչի փաստերը և Հայոց ցեղասպանության հետևանքները»,- Արցախպրեսի փոխանցմամբ՝ ասել է Համբարյանը:

Հալլեում կայացել է հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակության 350- ամյակի ցուցադրություն

Գերմանիայում ռեֆորմացիայի 500-ամյակի առթիվ ապրիլի 7-ից հոկտեմբերի 15-ը գործող «Հնատիպ Աստվածաշունչ մատյաններ 100 լեզուներով» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակության 350-ամյակին նվիրված ցուցադրություն Հալլեում:

Այս մասին տեղեկացրին Գերմանիայում ՀՀ դեսպանությունից՝ հավելելով. «Հոբելյանական ցուցահանդեսի հայկական մասնաբաժինը տիպաբանորեն ընդգծում է Աստվածաշնչի թարգմանության նշանակությունն երկու ժողովուրդների մշակութային կյանքում, ինչպես նաև թարգմանիչներ Մեսրոպ Մաշտոցի և Մարտին Լյութերի մատուցած ծառայություններն իրենց ժողովուրդներին՝ ազգային գրականության ստեղծման հարցում:

Այդ կապը լուսաբանվում է գերմանական պիետիզմի ականավոր ներկայացուցիչ Աուգուստ Հերման Ֆրանկեի (1663-1727) անունը կրող գիտակրթական համալիրի արխիվներում և պատմական գրադարանում պահված նյութերի և հայալեզու գրականության ցուցանմուշներով:

Վիտենբերգի Արցախյան Ավետարանի (1225), Ամստերդամում տպագրված Նոր Կտակարանի (1698) և Ակոլութ Անդրեասի կողմից «Աբդիասի Մարգարեութեան» հայերեն-լատիներեն առաջին հայագիտական հրատարակության կողքին ցուցադրված է նաև Ռուսաստանի և Արևելքի հետազոտությամբ զբաղվող Հայնրիխ Վ. Լուդոլֆի (1655-1712) նամակագրությունը, որը վկայում է Ֆրանկեի հիմնադրամի ունեցած սերտ կապերի մասին Ամստերդամի հայ տպագրիչներ Թովմաս և Ղուկաս Վանանդեցիների հետ»:

Ցեղասպանության զոհերը դեռ արդարության են սպասում. Կարո Փայլան

Իմ պապերը, նրա սերունդները եւ բոլոր սերունդները դեռ արդարություն են սպասում։

 Նման հայտարարություն է արել Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը։

Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Կարո Փայլանը հայտարարել է, թե չառերեսված ցանկացած հանցանք շարունակում է հանցանք մնալ։ «Եւ ահա այդ ամենին վերջ տալու համար անհրաժեշտ է առերեսում»,–Արցախպրեսի փոխանցմամբ՝ ասել է Կարո Փայլանը։

Նշենք, որ Կարո Փայլանը ապրիլի 24–ին մասնակցել է Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի 102–րդ տարելիցին անցկացված մի շարք սգո միջոցառումներին։

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բաթումիում

Ապրիլի 24-ին Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցում և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ կատարվեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված բարեխոսության կարգ՝ հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների և հյուրերի մասնակցությամբ:

Արարողությանը միացան նաև հայ նախակրթարանցիները, դպրոցականները և երիտասարդները, ովքեր քայլերթով անցան Ալեքսանդր Մանթաշյանի անվան հայկական կրթամշակութային կենտրոնից մինչև Սուրբ Փրկիչ եկեղեցի: Միջոցառման մասնակիցներն այցելեցին Մեծ եղեռնից դրվագներ պատկերող բացօդյա լուսանկարչական ցուցահանդես, այնուհետև, Գլխավոր հյուպատոսության, համայնքային կառույցների, անհատների կողմից ծաղիկներ զետեղվեցին խաչքարի և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մակետի մոտ:

Արարողություններին հաջորդած հանրահավաքին ելույթներով հանդես եկան Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Տեր Արարատ քահանա Գումբալյանը, Աջարիայի հայերի միության մամուլի պատասխանատու Արթուր Հովհաննիսյանը, ովքեր դատապարտեցին Հայոց ցեղասպանության նկատմամբ որդեգրված ժխտողականության քաղաքականությունը, ինչպես նաև մարդկության դեմ հանցագործությունների նոր փորձերը:

ՀՀ գլխավոր հյուպատոսն իր ելույթում ընդգծեց նաև, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը կնպաստի մարդկության դեմ նման ոճրագործությունների կանխարգելմանը:

ba2wumi1

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության մասնակցությամբ

Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված տարբեր միջոցառումներ կազմակերպվեցին Հռոմում և Նեապոլում՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության մասնակցությամբ: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ապրիլի 23-ին Տիբերյան կղզու Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցում Հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչները, Սանտ Էջիդիո համայնքի եկեղեցականների հետ միասին, առաջին անգամ համատեղ ծիսական արարողություն կատարեցին՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Միջոցառմանը մասնակցում էին հասարակական-քաղաքական գործիչներ, իտալահայ համայնքի անդամներ:

Ապրիլի 24-ին Իտալիայի Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Նեապոլի արքեպիսկոպոս Կարդինալ Կրեշենցիո Սեպեն Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների առջև մատուցած Տիրունական աղոթքից հետո իր ողջույնի խոսքն ուղղեց եկեղեցում հավաքված հավատացյալներին: Նա իր խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեց Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին նեապոլցիների կողմից սիրված Սուրբ Գրիգոր Հայի մասունքները դեռևս 2 տարի առաջ սկզբնական մատուռ վերադարձնելու նախաձեռնության համար: Այնուհետև հնչեց Սրբին նվիրված հիմնը:

Արարողությունից հետո թափորը շարժվեց դեպի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթող, որտեղ Կարդինալ Սեպեն իր աղոթքը հնչեցրեց Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին: Ընթերցվեց Հովհաննես-Պողոս 2-րդի և Ֆրանցիսկոս 1-ինի կողմից Ծիծեռնակաբերդում հնչեցրած աղոթքները: Միջոցառմանը ներկա էին նաև Նեապոլի հայ համայնքի անդամներ:
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Միքայել Մինասյանը նաև հարցազրույց էր տվել իտալական «La Stampa» հեղինակավոր թերթին՝ վերհիշելով Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղևորությունը Հայաստան և այդ այցի նշանակությունն ապագայի համար:

ՀՀ դեսպանը նշել էր, «Անցյալը կարող է օգնել մեզ ապագային նայելու հարցում, և դրա համար հայերն անխոնջ պայքարում են արդեն ավելի քան մեկ դար: Դեսպանի խոսքերով, եթե հարյուր տարի առաջ հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգությունը ճիշտ գնահատականի արժանանար, ինչպես ուշացումով ազգերն անում են վերջին տասնամյակներին, հավանաբար այսօր կունենայինք այլ իրավիճակ Մերձավոր Արևելքի քրիստոնյաների դեպքում: Անդրադառնալով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ դեսպան Մինասյանն ընդգծել է, որ հայերը Թուրքիայից սպասում են այն քայլին ու գիտակցմանը, որ անցյալում մշակութային և քաղաքական բազմազանությունն իրենց հարստությունն են եղել: Մինչդեռ, այս ընդհանուր հիշողությունը մշտապես մերժվում և մոռացվում է»:

Տեղեկանք. Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին նվիրված է 20-րդ դարի քրիստոնյա նահատակներին և եկեղեցու խորանների վրա ներկայացվում են վերջիններիս՝ այնտեղ պահվող մասունքները: Դրանց թվում են նաև Հայոց ցեղասպանության երկու նահատակների մասունքները: 

vatikan1

Հայոց ցեղասապանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ավստրիայում

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Ավստրիայի մի շարք խոշոր քաղաքներում՝ Վիեննայում, Իննսբրուքում, Զալցբուրգում, Գրացում և Բադենում՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կոթողների, խաչքարների մոտ, տեղի ունեցան հիշատակի միջոցառումներ: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Մայրաքաղաք Վիեեննայում հիշատակի միջոցառումները մեկնարկեցին ապրիլի 23-ին՝ Հայ առաքելական Սբ. Հռիփսիմե եկեղեցում մատուցած բարեխոսության կարգով: Այնուհետև եկեղեցուն կից սրահում տեղի ունեցավ գերմանացի գրող-սցենարիստ Թոմաս Հարդվիգի «Հայուհի» գրքի շնորհանդեսը, որին ավստրիահայ կազմակերպությունների ներկայացուցիչներից բացի մասնակցեցին ավստրիացի հասարակական գործիչներ, գրողներ, հրապարակախոսներ:

Ապրիլի 24-ին Վիեննայի կենտրոնական Շիլլեր հրապարակում տեղադրված ավստրիացի մեծ գրող և հումանիստ Ֆրանզ Վերֆելի հուշարձանի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն, որին, ի թիվս ավստրիահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների, մասնակցեցին նաև ավստրիացի քաղաքական ու հասարակական գործիչներ, լրագրողներ:

Համատեղ աղոթքից հետո Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցական վարչության անունից ելույթ ունեցավ Վահագն Ամիրջանյանը: Ավստրիայում ՀՀ դեսպանության ներկայացուցչի կողմից ընթերցվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առիթով հայրենակիցներին ուղղված ուղերձը:

Արարողությունն ուղեկցվեց «Անի» երգչախմբի երաժշտական կատարումներով, ասմունքով: Արարողության ավարտին Վերֆելի հուշարձանի մոտ զետեղվեցին պսակներ և ծաղիկներ:

Նույն օրը երեկոյան ավստրիահայ համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչները հրավիրվեցին Ավստրիայի Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի դաշնային նախարարություն, ուր ապրիլի 24-ի առթիվ նախարար Սեբաստիան Կուրցը հանդիպում և ընդունելություն էր կազմակերպել Ավստրիայի Հայ առաքելական համայնքի, ինչպես նաև Ավստրիայում բնակվող արևելյան քրիստոնեական մյուս համայնքների ներկայացուցիչների պատվին:

%d5%a1%d5%be%d5%bd%d5%bf%d6%80%d5%ab%d5%a1

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մեխիկոյում

Ապրիլի 23-ին Մեխիկոյի «Հայկական ժամ» անունը կրող հուշարձանին հարող հրապարակում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին, որի ընթացքում տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղում։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Մեքսիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը, ներկաների առջև խոսեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման պատմության ու գործընթացի մասին։

Ելույթներով հանդես եկան Մեխիկոյի Հիշատակի և հանդուրժողականության թանգարանի ներկայացուցիչ Սոնյա Առաքելյանը և Միչիոական նահանգի հայ համայնքի ներկայացուցիչ Ժակ Սահակյանը։

Նրանք ընդգծեցին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում համատեղ աշխատանքի և միասնականության կարևորությունը։ Ձեռնարկին ներկա էին Մեքսիկայի հայ համայնքի ներկայացուցիչներ, տեղացիներ, լրագրողներ։ Միջոցառման ավարտին հայ և մեքսիկացի երաժիշտներից բաղկացած քառյակը հանդես եկավ հայկական դասական կատարումներով։

Ապրիլի 24-ին Մեքսիկայի հեղինակավոր «El Universal» պարբերականում հրապարակվեց դեսպան Արա Այվազյանի «Հայոց ցեղասպանությունը, 102 տարի անց» խորագրով հոդվածը։

Արգենտինահայ լրագրողը ճանաչողական այցով Արցախում է

Արգենտինայի «Clarin» թերթի լրագրող, ազգությամբ հայ Կլաուս Հազարյանն այս օրերին ճանաչողական այցով Արցախում է:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կլաուս Հազարյանն ասել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և Արցախ:

«Ես հայերեն չեմ խոսում, բայց ես ամբողջովին հայ եմ: Արգենտինայում ապրող հայտնի հայ դուդուկահար Գագիկ Գասպարյանի կազմակերպմամբ՝ իրականացվել է իմ և 84-ամյա մայրիկիս այցը հայրենիք: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում ծաղիկներ եմ խոնարհել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ,- ասել է Կ. Հազարյանը և նշել,- այցիս ամենակարևոր նպատակներից է տեսնել Հայաստանն ու Արցախը, հարցազրույցներ վերցնել տեղի հանրությունից»:

Արգենտինահայ լրագրողի խոսքով՝ իր նախաձեռնությամբ ստեղծել է soyarmenio.com.ar (Ես հայ եմ) կայքը, որտեղ իսպաներեն և անգլերեն անդրադառնում է միայն Արցախի, Հայաստանի և Հայոց ցեղասպանության հարցերին: Խոսելով Արգենտինայի հայ համայնքի մասին՝ մեր զրուցակիցն ասել է, որ այն միշտ ակտիվ ձևով փորձում է արգենտինացիներին ծանոթացնել արցախյան խնդրին: «Այս տարի պետական մակարդակով հայկական համայնքը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժման շրջանակներում անցկացնում է բազմաթիվ միջոցառումներ, որոնց նպատակն է արգենտինացիներին ծանոթացնել արցախյան խնդրին»,- ավելացրել է Կ. Հազարյանը:

 

Նոր Ջուղայի հայ համայնքը նշեց Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը. լուսանկարներ

Ապրիլ 23

Նոր Ջուղայում, Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչման ձեռնակների շարանում, ապրիլի 23-ին, ժամը՝ 19:00-ին, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում՝ գլխավորությամբ Սպահանի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ.Սիփան ծ.այրագույն վարդապետ Քեչեջյանի, տեղի ունեցավ «Կարգ բարեխոսության Ս. նահատակաց» արարողություն, այնուհետև հոծ բազմության մասնակցությամբ կայացավ դեպի Ս. Ամենափրկիչ վանքը տանող կազմակերպված մոմերով երթ:  Ժողովրդական երթն ավարտվեց Սուրբ Ամենափրկիչ վանքի բակում, որտեղ Կոմիտասի մշակած հուզիչ  երգ-երաժշտության ներքո մոմերը տեղադրվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և Դեր Զորից բերված ապրիլյան եղեռնի զոհերի աճյունների շուրջ:

Համահավաքի առթիվ ներկաներին ողջունեց   երեկոյի հաղորդավար Թովմա Գալստանյանը, որից հետո ելույթով հանդես եկավ  «Ակօս» թերթի նախկին ֆոտոլրագրող Է.Արիքը, Սպահանի Հայոց  թեմի   Թեմական խորհրդի  խոսքն ընթերցեց Սոնիկ Բաղումյանը, իսկ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի բանաձևը՝ Ռուբեն Խաչիկ–Գրիգորը:

Գեղարվեստական բաժինը իրականացավ  Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» և «Տաթև» երգչախմբերի ու Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարարտ» միության «Կռունկ» ասմունքի խմբի համագործակցությամբ: Երգի կատարումով հանդես եկավ նաև Շահինշահր քաղաքի հոգևոր տեսուչ Տ.Անանաի ծայրագույն վարդապետ Գուջանյանը:

Վերջում օրվա առթիվ իր պատգամը  հղեց Տ. Սիփան ծ.վրդ.Քեչեջյանը:

Երեկոն շարունակվեց ժողովրդական մոմավառությամբ, իսկ նստացույցի դիմած «Թադեոս Թադեոսյան» պատանեկան միության անդամները շարունակեցին վանկարկել պահանջատիրական լոզունգներ և երգեցին ազգային– հեղափոխական երգեր: Հուշարձանի մոտ ջահերով պահակությունը հերթականությամբ ապահովեցին Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միության սկաուտական միավորի անդամները:

Հատկանշելի է, որ  երեկոյի ընթացքում հարյուրավոր հայորդիներ մասնակցեցին վանքի շրջաբակում նախատեսված արյան նվիրումի ծրագրին:

 

 Ապրիլ 24

Երկուշաբթի` Ապրիլի 24-ին, առավոտյան ժամը՝ 9:30-ին, ի հիշատակ  Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների, Ս. Ամենափրկիչ վանքի «Հովսեփ Արեմաթացի» եկեղեցում,  նախագահությամբ` Սպահանի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ.վրդ. Քեչեջյանի, մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ: Պատարագիչ հայր Սուրբին սպասարկում էին  քահանայից և դպրաց  դասերն ու Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը: Հաջորդիվ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին ծաղկեպսակներ և ծաղիկներ խոնարհեցին հոգեևորականաց դասը, Հայաստանից հյուրաբար Նոր Ջուղայում գտնվող  բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան  Դևրիկյանը, թեմի ազգային իշխանության  և ազգային այլ   մարմինների, միությունների և երգչախմբերի ներկայացուցիչները, Հայոց ազգ. դպրոցների տեսչությունները, ուսուցչական կազմերը եւ ծնողական խորուրդները,  շրջանի Հայ դատի հանձնախմբի անդամները, Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչման  Կենտրոնական հանձնախումբը և ներկա հոծ բազմությունը:

Այնուհետեև տեղի ունեցավ բողոքի քայլերթ` Նոր Ջուղայի  Հաքիմ Նեզամի, Բոլվարե Մելլաթ, Թոհիդ և Արեւելյան Նազար գլխավոր պողոտաներով: Ընթացքում  բազմահազար հայորդիններ պահանջատիրական լոզունգներ վանկարկելով՝ իրենց պահանջատիրական ձայնը  բարձրացրեցին ի լուր աշխարհի և ընթերցվեց պարսկերեն բանաձև, որը հաստատեցին ցուցարարները: Քայլերթն ավարտվեց  Ս. Ամենափրկիչ վանք տանող ճանապարհին` «Սարդարապատ» երգի միասնական երգեցողությամբ:

Նոյն օրը երեկոյան ժամը՝ 19:00-ին, Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միության դահլիճում տեղի ունեցավ բանախոսական և գեղարվեստական ձեռնարկ: Օրվա  առթիվ հրավիրված էր բանախոսելու ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասեր և լրագրող Վարդան Դևրիկյանը: Գեղարվեստական ձեռնարկն իրականացավ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» և «Տաթև» երգչախմբերի մենակատար երգչուհիների, Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարարտ» միության մշակութային միավորի «Կռունկ» ասմունքի և պարի համույթի և անհատ կատարողների  միջոցով: Երգի կատարումով հանդես եկավ նաև Տ. Անանաի ծ. վրդ. Գուջանյանը: Երեկոն եզրափակվեց թմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քեչեջյանի հայրական պատգամով: Երեկոն վարեց Մանիա  Ղուկասյանը:

Երանուշ  Թահմազյան

Իրան, Նոր Ջուղա

Լուսանկարները`  հեղինակի

Աղբյուրը՝ «Հայերն այսօր»

 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a1 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a11 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a12 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a13 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a14 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a15 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a16 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a17 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a18 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a19 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a110 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a111 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a113 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a114 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a116 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a117 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a118 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a119 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a120 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a121 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a122 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a123 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a124 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a125 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a126 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a127 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a128 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a129 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a130 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a131 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a132 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a133 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a134 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a135 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a136 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a137 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a138 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a139 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a140

 

Մյունխենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին պատարագ է մատուցվել

Ապրիլի 23-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքի Սուրբ Աննա եկեղեցում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել: Պատարագիչը Բավարիայի հոգևոր հովիվ Տեր Այգիկ քահանա Հովհաննիսյանն էր: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Մյունխենի հայկական համայնքից:

Պատարագից հետո Մյունխենի հայ հայրենակցական միության, Մյունխենի ՀՄԸՄ-ի և Մյունխենի եկեղեցական վարչությունների աջակցությամբ հիշատակի միջոցառում է տեղի ունեցել: «Կոմիտաս» երգչախումբը կատարել է օրը խորհրդանշող երգեր, ՀՄԸՄ-ի ներկայացուցիչները Հայոց ցեղասպանության եղերական էջերից պատմական փաստեր են ներկայացրել, իսկ Հայ հայրենակցական միության «Անուշ» գեղարվեստական խմբի պատանիներն ասմունքել են:

Այս անգամ նույնպես «Անուշ» պարախմբի գեղարվեստական ղեկավար Անուշ Չախալյանը, հավատարիմ մնալով իր խոստումին, հիշատակել է Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերին և ներկաներին իրազեկել ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ինչ ես անում Արցախի համար» համահայկական շարժման մասին:

Տասներկուամյա Էմմի Խաչինյանն ասմունքել է Անուշ Չախալյանի հեղինակած «Նրանք ապրում են մեր սրտերում» բանաստեղծությունը: Վերջում մյունխենահայերը հայ նահատակների հոգիների հանգստության համար հոտնկայս աղոթել են:

1 2

Դամասկոսում կայացել են Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի միջոցառումներ

Դամասկոսում ապրիլի 23-ին և 24-ին տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ։

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ապրիլի 23-ին Դամասկոսի Սուրբ Սարգիս Հայ Աrաքելական առաջնորդանիստ եկեղեցու բակում կայացավ հիշատակի միջոցառում, որի ընթացքում տեղի ունեցան Հայոց ցեղասպանությանը նվիրված բանախոսություն և քննարկում:

Ապրիլի 24-ին Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանի կողմից մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի Սուրբ Պատարագ, որին ներկա էին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը, ՍԱՀ Ժողովրդական ժողովի պատգամավոր, Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Նորա Արիսյանը, Դամասկոսի Հայ Կաթողիկե թեմի առաջնորդ Հովսեփ եպիսկոպոս Առնաությանը, Դամասկոսի քրիստոնյա եկեղեցիների առաջնորդներ ու պատվիրակներ, հայկական համայնքային կառույցների ղեկավարներ: Պատարագից հետո Սուրբ Սարգիս եկեղեցու բակում գտնվող Ցեղասպանու թյան հուշարձանի առջև մատուցվեց Սրբոց Նահատակաց բարեխոսության կարգ:

Նույն օրը միջոցառում տեղի ունեցավ նաև Սիրիայում ՀՀ դեսպանությունում։ Դիմելով ներկաներին՝ դեսպան Փոլադյանը նշեց, որ Ցեղասպանությունից ավելի քան հարյուր տարի անց մեկուկես միլիոն զոհերի հիշատակը վառ է հայ ազգի հիշողության մեջ: Դեսպանն ընդգծեց նաև Սիրիայում տիրող ծանր ռազմաքաղաքական իրադրության պայմաններում հայ համայնքի հավաքականության և համախմբվածության, ինչպես նաև Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնական լինելու կարևորությունը:

Ապրիլի 24-ի երեկոյան Դամասկոսի Հայ Կաթողիկե Թագուհի Տիեզերյաց եկեղեցում Դամասկոսի Հայ Կաթողիկե թեմի առաջնորդ Հովսեփ եպիսկոպոս Առնաությանի ղեկավարությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ և աղոթք: Այնուհետև, Հայ Կաթողիկե «Արմինյան» սրահում տեղի ունեցավ «Ոգեկոչում ի հիշատակ Հայոց ցեղասպանության Սրբոց Նահատակաց» խորագրով հուշահանդեսը՝ Դամասկոսի ազգային միությունների մասնակցությամբ: Միջոցառմանը բանախոսությամբ հանդես եկավ Կիպրոսի Հայ Առաքելական թեմի նախկին առաջնորդ Վարուժան արքեպիսկոպոս Հերկելյանը»:

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ստրասբուրգում

Ապրիլի 24-ին Ստրասբուրգ քաղաքի Հանրապետության հրապարակի «Մեր Զոհերը» հուշարձանի մոտ կայացավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը, Ստրասբուրգի փոխքաղաքապետը, Էլզասի շրջանային խորհրդի անդամները, հասարակական կազմակերպությունների, Ստրասբուրգում գործող տարբեր եկեղեցիների, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչները։

ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն իր խոսքում ընդգծեց, որ անկախության վերականգնումից ի վեր Հայաստանի Հանրապետությունը, արդյունավետ ջանքեր գործադրելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, կարևոր դերակատար է հանդիսանում միջազգային ասպարեզում, ներառյալ մարդու իրավունքների և ժողովրդավարության կենտրոն համարվող Եվրոպայի Խորհրդում` հանձնառու լինելով ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը, ինչպես նաև Թուրքիայի կողմից դրսևորվող ժխտողականության դեմ պայքարին: ՀՀ դեսպանն արժևորեց բազմաթիվ երկրների շարքում Ֆրանսիայի` հայկական ամենամեծ համայնքներից մեկն ունեցող երկրի և Հայաստանի հավատարիմ բարեկամի անվերապահ սատարումն այդ հանձնառությանը: Այս առումով Պարույր Հովհաննիսյանը հիշատակեց նաև միսիոներ, էլզասցի քահանա Պոլ Բերոնին, ով նվիրումով ծառայել է Հայոց ցեղասպանության մազապուրծ եղածների և հայ որբերի խնամքին:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան նաև Ստրասբուրգի հայ համայնքային կառույցների ղեկավարները, Ստրասբուրգի փոխքաղաքապետը, Էլզասի շրջանային խորհրդի անդամները, հրեական և ռուանդայական կառույցների ներկայացուցիչները:

Նույն օրը երեկոյան Ստրասբուրգի Սուրբ Մադլեն եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված էկումենիկ պատարագ, որը մատուցվեց կաթոլիկ, բողոքական և հույն ուղղափառ հոգևորականների կողմից:

%d5%bd%d5%bf%d6%80%d5%a1%d5%bd%d5%a2%d5%b8%d6%82%d6%80%d5%a31

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բուլղարիայում

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ կայացան Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, ինչպես նաև երկրի տարբեր հայաշատ բնակավայրերում: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳն մամուլի ծառայությունից:

Ապրիլի 23-ին Սոֆիայի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում Սոֆիայի հայկական կազմակերպությունների, հայ համայնքի և բուլղար հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում: Հրեշավոր ոճրագործությունը դատապարտող ցուցապաստառներով և երկու հանրապետությունների` Բուլղարիայի և Հայաստանի դրոշներով ցուցարարները Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու բակից երթով շարժվեցին դեպի Երևանյան պուրակ, որտեղ տեղադրված խաչքարի մոտ մոմավառությամբ հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին:

Միջոցառմանը ելույթ ունացան Սոֆիայի համադրիչ խորհրդի ատենապետ և «Երևան» թերթի գլխավոր խմբագիր Վարդանուշ Թոփաքբաշիյանը, Նոր բուլղարական համալսարանի պատմաբան Աթանաս Բոյաջիևը, ասմունքով հանդես եկան բուլղարահայ համայնքի ներկայացուցիչները:

Ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքարի մոտ Հայ Առաքելական եկեղեցու Բուլղարիայի թեմի առաջնորդ Իսահակ վարդապետ Պողոսյանը կարդաց Ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի աղոթք, որից հետո ելույթներով հանդես եկան Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, Սոֆիայի հայկական կազմակերպությունների համադրիչ խորհրդի ատենապետ Վարդանուշ Թոփաքբաշիյանը: Ծաղկեպսակներ և ծաղիկներ զետեղվեցին Բուլղարիայում ՀՀ դեսպանության, «Միացյալ հայրենասերներ» խորհրդարանական պատգամավորական խմբի, Սոֆիայի հայկական կազմակերպությունների, բուլղար մտավորականների և հայ համայնքի ներկայացուցիչների կողմից:

Ապրիլի 21-ին Պլովդիվի հայկական դպրոցի սաների մասնակցությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Ապրիլի 23-ին Սուրբ պատարագ մատուցվեց Պլովդիվի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում, որից հետո ծաղկեպսակներ և ծաղկիկներ զետեղվեցին եկեղեցու բակում գտնվող հուշարձան-խաչքարի մոտ:

Ապրիլի 24-ի երեկոյան տեղի ունեցավ երթ դեպի Ռազմական ակումբ, որտեղ ելույթով հանդես եկան հայ համայնքի ներկայացուցիչներ և բուլղար հասարակական գործիչներ: Ընդունվեց Թուրքիայի իշխանություններին ուղղված հռչակագիր:

Ապրիլի 23-ի երեկոյան Վառնա քաղաքում տեղի ունեցավ ջահերով երթ դեպի քաղաքապետարանի մոտ գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձան, ուր կայացած հավաքի ժամանակ ելույթներ ունեցան հայ համայնքի ներակայացուցիչներ:

Ապրիլի 24-ին Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Սրբոց նահատակաց բարեխոսության կարգ: Ներկաներին իր օրհնությունը բերեց բուլղար ուղղափառ եկեղեցու Վառնայի և Մեծ Պրեսլավի թեմի առաջնորդ Յոհան արքեպիսկոպոսը: Հավաքվածները ցուցապաստառներով և դրոշներով շարժվեցին դեպի Մեծ եղեռնի հուշարձան, որտեղ զետեղվեցին ծաղկեպսակներ Վառնայի քաղաքապետարանի, տարբեր հայկական և բուլղարական հասարակական կազմակերպությունների անունից, անհատներից:

Միջոցառման ավարտին մի խումբ հայ երիտասարդներ ավտոերթով շարժվեցին դեպի Զորավար Անդրանիկի հրապարակ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու մեծ հայորդուն:

Ապրիլի 24-ին Հայաստանի, Բուլղարիայի և Արցախի դրոշներով տեղի ունեցավ երթ դեպի Բուրգաս քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի մոտ զետեղվեցին ծաղկեպսակներ և ծաղիկներ, տեղի ունեցավ նաև մոմավառություն:

Ապրիլի 24-ի երեկոյան Սլիվեն քաղաքի հայությունը հավաքվեց վերջերս տեղադրված հայկական խաչքարի մոտ, որտեղ զետեղվեցին ծաղկեպսակներ և ծաղիկներ, տեղի ունեցավ մոմավառություն:

%d5%a2%d5%b8%d6%82%d5%ac%d5%b2%d5%a1%d6%80%d5%ab%d5%a11

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Չեխիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ

Հայաստանը ողջունում է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը։

Չեխիայի Պատգամավորների պալատի բանաձևը՝ երկրի նախագահ Միլոշ Զեմանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունների հետ միասին, հանդիսանում են Չեխիայի Հանրապետության արժեքավոր ներդրումը ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում։