Ստեփանակերտում կբացվի հայկական տարազների Ֆոտոստուդիա. լուսանկարներ

Երևանում գործող «Տերյան» մշակութային կենտրոնը Ստեփանակերտում մայիսի 7-ին բացելու է հայկական տարազների Ֆոտոստուդիայի մասնաճյուղ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում կենտրոնի տնօրեն, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանն ասել է, որ Արցախում մասնաճյուղ ունենալու գաղափարը շատ վաղուց էր: 


«Մենք մեր աշխատանքով փորձում ենք Արցախը զբոսաշրջիկների համար ավելի հետաքրքիր դարձնել:Անցած տարի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացված «Երևան տարազ Ֆեստ» փառատոնը մեծ ընդունելություն է գտել արցախցիների կողմից: Բացի դրանից տեղի դիզայներների հետաքրքրությունն էլ այս առումով շատ մեծ է»,-ասել է Լ. Մելիքյանը և հավելել, որ արդեն մի քանի տարի է, ինչ սկսել են Արցախի պարային համույթների համար հագուստներ պատրաստել:

Լ. Մելիքյանի խոսքով՝ իրենց արտադրության մեջ օգտագործում են միայն հայկական ավանդական նախշերով կտորներ, որոնք պատրաստվում են Հայաստանում: «Երևանում մենք բացել ենք ֆոտո-ատելիե: Շուտով լույս կտեսնի նաև հայկական տարազների մասին պատմող գիրք, որտեղ կներկայացնենք մեր ողջ հավաքածուն:

Մենք ունեցել ենք արցախյան գորգերի, տարազների նմուշների ցուցադրություն: Դրանցից մի քանիսը այցելուներին լուսանկարելու համար բերել ենք Արցախ: Տաղավարում լուսանկարվելու ֆոնին օգտագործելու ենք մեր սեփական կոլաժը, որ կազմել ենք արցախյան եկեղեցիների պատկերներից»,- ասել է Լ. Մելիքյանը: Ըստ մեր զրուցակցի՝ բացի ստուդիայից հաճախորդներին առաջարկելու են նաև լուսանկարվել Արցախի տարբեր պատմամշակութային վայրերում:


Ֆոտոստուդիայում հայկական տարազների մասին գրականություն է տեղադրվելու, որպեսզի հայկական ու, հատկապես, արցախյան տարազների մասին տեղեկություններ ստանան բոլորը: «Սա միայն լուսանկարելու ծառայություն չէ, սա նաև մեր հայկական մշակույթի ուսումնասիրությունն է. կկազմակերպենք դասընթացներ, քննարկումներ»,- մանրամասնել է Լ. Մելիքյանը:


Ցեղասպանության հիշատակումն օգնում է կանխել նմանատիպ վայրագությունների կրկնությունը. Արգենտինայի փոխնախագահ

Հայոց ցեղասպանության հիշատակումն օգնում է կանխել նմանատիպ վայրագությունների կրկնությունը մարդկության պատմության ընթացքում: Այս մասին Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ իր ելույթում հայտարարել է Արգենտինայի փոխնախագահ Գաբրիելա Միչետին:

«Երբ խոսում ենք Ցեղասպանության մասին, մենք նաև խոսում ենք մարդկության նկատմամբ գործած հարձակման մասին», – Prensa Armenia-ի փոխանցմամբ՝ նշել է նա՝ հիշեցնելով, որ Արգենտինան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2007թ-ին՝ ընդունելով № 26199 օրենքը:

Քորթնի Քարդաշյանը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ

Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ավագ քույրը՝ Քորթնի Քարդաշյանը, Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առնչությամբ գրառում է կատարել Instagram-ի իր էջում` կիսվելով Վիլյամ Սարոյանի հայտնի խոսքերով:

«Կուզենայի տեսնել` ինչպես աշխարհի որևէ ուժ կոչնչացնի այս ազգը, այս փոքր ցեղի անկարևոր ժողովրդին, որը միշտ պարտվել է պատերազմներում, որի շինությունները քանդվել են, գրականությունը չի ընթերցվել և որի աղոթքներին այլևս չեն պատասխանում: Ոչնչացրեք Հայաստանը: Տեսնեմ` կարո՞ղ եք դա անել: Անապատ ուղարկեք նրանց առանց հացի կամ ջրի: Վառեք նրանց տներն ու եկեղեցիները: Հետո տեսեք` արդյոք նրանք նորից չեն ծիծաղի, երգի և աղոթի: Եթե նրանցից երկուսը հանդիպեն աշխարհի ցանկացած տեղում, տեսեք, թե արդյոք նրանք նոր Հայաստան չեն ստեղծի»,- Արցախպրեսի փոխանցմամբ՝  մեջբերել է Քորթնի Քարդաշյանը:

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Թեհրանում

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ապրիլի 23-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանը և դեսպանության անձնակազմը Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ մասնակցեցին բարեխոսական աղոթքի և ծաղկեպսակի զետեղման արարողության՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի:

Ապրիլի 24-ին իրանահայերը Թեհրանի Հայոց թեմի առաջնորդի, ազգային մարմինների, միությունների և կազմակերպությունների ղեկավարության առաջնորդությամբ երթ կատարեցին դեպի Իրանում Թուրքիայի դեսպանություն, որի շենքի դիմաց հայությունն իր բողոքն արտահայտեց ընդդեմ Թուրքիայի մերժողական քաղաքականության:

Այնուհետև, դեսպան Թումանյանը և դեսպանության անձնակազմը մասնակցեցին Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում մատուցված Սուրբ պատարագի արարողությանն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի: Արարողությանը ներկա էին նաև իրանահայության ազգային ղեկավար մարմինների, միությունների, կազմակերպությունների, հայ կաթողիկե և ավետարանական եկեղեցիների ներկայացուցիչներ:

Նույն օրը դեսպան Թումանյանը և դեսպանության անձնակազմը Թեհրանի «Արարատ մարզամշակութային համալիրում» մասնակցեցին ոգեկոչման երեկոյի՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի:
Երեկոյի ընթացքում ելույթներով հանդես եկան դեսպան Թումանյանը, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդը և այլք:

2eh8an1

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Գերմանիայում

Ապրիլի 24-ին Բեռլինում՝ Գերմանական պատմության թանգարանի Շլյութերհոֆ սրահում կայացավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված գլխավոր միջոցառումը, որը կազմակերպվել էր Գերմանիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարանի և Գերմանահայոց կենտրոնական խորհուրդի (ԳԿԽ) կողմից, Բեռլինի աշխարհիկ և եկեղեցական հայ համայնքների աջակցությամբ։ Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ-ում Վատիկանի նունցիուս, արքեպիսկոպոս Նիկոլա Էտերովիչը, ԳԴՀ-ում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, Բունդեսթագի և լանդթագերի պատգամավորներ, ԳԴՀ կառավարության, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ, հույն, հրեա, ասորի համայնքների ներկայացուցիչներ։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Միջոցառման մասնակիցները նախ ծաղկեպսակներ զետեղեցին Բեռլինի կենտրոնում տեղակայված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթողի առջև: Արարողությանը ներկա էին նաև Բեռլինի կառավարության արտաքին կապերի վարչության տնօրեն Ֆոլքեր Պելեն, Բեռլին և Բրանդենբուրգ երկրամասերի ավետարանական եկեղեցու առաջնորդ Եպիսկոպոս Մ. Դրյոգեն, Կաթոլիկ եկեղեցու Բեռլինի փոխառաջնորդ Թոբիաս Պրչուտարսկին:

Գերմանական պատմության թանգարանում տեղի ունեցած միջոցառմանը ելույթներով հանդես եկան ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարթ Բուլմանը, ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ԳԿԽ վարչության անդամ Ա. Դագեսյան-Շմիդթը, Համբուրգի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանը։

ՀՀ դեսպանն իր խոսքում նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված քաղաքակիրթ հասարակության ջանքերն իրենց ավանդն են բերում աշխարհում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում, ինչն այս օրերին ավելի կարևոր է դառնում հատկապեսՄերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին:

Միջոցառման ավարտին երաժշտական կատարումներով հանդես եկան Բեռլինի Ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները։

Ապրիլի 24-ին Մյունխենում մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի բարձր հովանու ներքո տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված համերգ, որին հայ և գերմանացի երգահանների ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան հայ երաժիշտներ:

Համերգի մասնակիցներին իրենց ողջույնի խոսքն էին հղել ԳԴՀ Բունդեսթագի նախագահ պրոֆ. Նորբերտ Լամերտը և ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:
Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության ցոհերի հիշատակը հավերժացնող միջոցառումներ անկացվեցին նաև Համբուրգ, Քյոլն և Շտուտգարտ քաղաքներում:

%d5%a3%d5%a5%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6%d5%ab%d5%a1

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Կանադայում

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Կանադայի տարբեր քաղաքներում տեղի ունեցան բազմաթիվ միջոցառումներ:

Ապրիլի 21-ին Լավալ քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ հայկական կազմակերպությունների նախաձեռնությամբ և ՀՀ դեսպանի մասնակցությամբ կայացավ հիշատակի միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա էին Կանադայի խորհրդարանի պատգամավորներ Էվա Նասսիֆը և Ֆայզալ Էլ-Խուրին, Լավալի քաղաքապետ Մարկ Դեմերսը, հոգևոր հայրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ:

Ներկաներին ելույթով դիմեց Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը: Միջոցառման ընթացքում Էվա Նասսիֆն ընթերցեց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ հղած ուղերձը։

Ապրիլի 23-ին Կանադայի Տորոնտո քաղաքում կայացավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում, որին մասնակցում էին Տորոնտոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Սվազլեանը, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Արնոլդ Չանը, հասարակական-քաղաքական գործիչներ, տորոնտոհայեր:

Ապրիլի 24-ին ՀՀ դեսպանության առջև գտնվող «Հավերժ Հայաստան» հուշարձանի առջև տեղի ունեցած ծաղկեպսակների զետեղման արարողությամբ մեկնարկեցին Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված կենտրոնական միջոցառումները: Դեսպան Եգանյանն ընթերցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ, ինչից հետո ՀՀ դեսպանությունում հոգևոր հայրերի և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների մասնակցությամբ կայացավ ավանդական հիշատակի աղոթք և խնկարկում: ՀՀ դեսպանությունում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցեց նաև Օտտավայի քաղաքապետ Ջիմ Վաթսոնը:

Այնուհետև Կանադայի խորհրդարանի առջև կայացավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հավաքը, որին ներկա էին դեսպան Արմեն Եգանյանը, Հայ առաքելական, կաթոլիկ և բողոքական եկեղեցիների առաջնորդները, կանադացի խորհրդարանականներ, Կանադայի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Դեսպան Եգանյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց Կանադայի կառավարությանը` բոլոր մակարդակներում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ու դատապարտելու համար: Դեսպանն ընդգծեց, որ Կանադայի կառավարության այդ սկզբունքային դիրքորոշումը մշտապես արժանացել է կանադահայ համայնքի երախտագիտությանն ու հարգանքին:

Կանադայի կառավարության անունից ելույթ ունեցավ խորհրդարանի անդամ Ֆայզալ Էլ-Խուրին: Միջոցառումից հետո կայացավ հիշատակի քայլերթ:

 Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն այցելեցին UNIFIL-ի «Արևմտյան հատված»-ի կենտրոնակայան

Ապրիլի 23-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ.գ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանն այցելեցին Լիբանանի հարավային Շամա զինավանում տեղակայված UNIFIL-ի (United Nations Interim Force in Lebanon) «Արևմտյան հատված»-ի կենտրոնակայան: Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է դեսպանության ֆեյսբուքյան էջից:
Դեսպան Մկրտչյանը և պրոֆեսոր Մելքոնյանը հանդիպեցին «Արևմտյան հատված»-ի հրամանատար, բրիգադի գեներալ Ուգո Չիլլոյի և հաջորդ հերթափոխի հրամանատարությունը ստանձնող գեներալ Ֆրանչեսկո Օլլայի հետ: Զրույցի ընթացքում քննարկվեց խաղաղապահ առաքելության խնդիրներին, անվտանգության իրավիճակին, տարբեր երկրների զինծառայողների փոխգործակցության առնչվող հարցերի լայն շրջանակ:
Այնուհետև պրոֆեսոր Մելքոնյանը «Հայ անկախ պետականություն», «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում» թեմաներով դասախոսություն կարդաց UNIFIL-ում ծառայող հայկական զորախմբի անդամների համար։
Դեսպան Մկրտչյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, հակամարտության միջազգային-իրավական խնդիրներին, Ադրբեջանի՝ անցած տարվա ապրիլին Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված ռազմա-քաղաքական նոր իրավիճակին։
Ելույթներից հետո բանախոսները պատասխանեցին հայ զինծառայողների հարցերին և դիտեցին վավերագրական ֆիլմ։

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին Ախալցխայի շրջանի Սազել գյուղում խաչքար է տեղադրվել

Ապրիլի 23-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերշ․ Տեր Վազգեն եպս․ Միրզախանյանի օրհնությամբ Ախալցիխեի շրջանի Սազել գյուղի Սբ․ Հռիփսիմե մատուռի բակում, ձեռամբ Ախալցիխեի հոգևոր տեսուչ՝ Հոգշ․ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի և Ախալցիխեի շրջանների հոգևոր հովիվ Արժ․ Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանի կատարվեց խաչքարի օրհնության կարգ։ Այս մասին տեղեկացնում է akhaltskha.net կայքը:
Խաչքարը կանգնեցվեց գյուղի բնակիչ, բարերար Մարտիրոս Սողոմոնյանի հովանավորությամբ՝ ի հիշատակ 1915թ․ Հայոց մեծ եղեռնի Սուրբ Նահատակների։ Քանդակագործը Համլեթ Մանասյանն է:
Գյուղը բնակեցվել է 1829-30թթ։ Սազելի բնակչությունը ներգաղթել են Էրզրումի Հնծա գյուղից։ Գյուղում գործում է նաև եկեղեցի, որը կրում է Սբ․ Սարգիս զորավարի անունը։ Այն կառուցվել է 1872-1973թթ։ Սուրբ Հռիփսիմե մատուռը կառուցվել է 1998թ․ ապրիլի 2-ին՝ Մառլեն Հովհաննեսի Համբարձումյանի կողմից։ Այժմ գյուղում ապրում է մոտավորապես 110 ընտանիք։

«Ես սիրո՛ւմ եմ քեզ, իմ Հայաստան, ես սիրո՛ւմ եմ քեզ, իմ մայրիկ».արգենտինահայ լրագրող Կլաուս Լանխե Հազարյան

102 տարի առաջ աշխարհի պատմության  էջերին խարանված Հայոց ցեղասպանության եղերական 1915 թվականը դարձավ Երկիր մոլորակին դարեր շարունակ ուղեկցող ամոթի դաջվածքը, իսկ մեզ՝ հայերիս համար, չսպիացող վերք ու ծխացող հիշողություն… այդ հիշողության միջով սերունդներ եկան ու անցան, ապրեցին ու ապրում են նրանք աշխարհի տարբեր ծագերում, ստեղծագործում, ներկայացնում հային ու Հայաստանը, պատմում իրենց արմատների մասին: Այդպիսի ՝ մայրական կողմից ծագումով հրաշալի հայի ՝ արգենտինահայ ճանաչված լրագրող Կլաուս Լանխե Հազարյանի հետ «Հայերն այսօր»-ի համար ծավալվեց իմ հարցազրույցը:

-Բարո՛վ եք եկել Հայաստան. ես հիացած եմ Ձեր ստեղծած համացանցային «Ես հայ եմ» (soyarmenio.com.ar) կայքով, որի 6 բաժիններից երեքը նվիրված են Հայաստանին, Արցախին, Հայոց ցեղասպանությանը. ո՞վ է Ձեր մեջ այդքան սեր սերմանել հայի ու Հայաստանի հանդեպ:

-Դրա աղբյուրը մայրական կողմից հայկական արյուն ունենալս է, ինչպես նաև այն խնդիրը, որ Սփյուռքում քիչ տեղեկատվություն կա Հայաստանի մասին: Առաջին խնդիրը լեզուն է. հիմնականում այդ տեղեկատվությունը տեղ է հասնում ռուսերենով, ֆրանսերենով, իսպաներենով, անգլերենով: Հայերի երրորդ, չորրորդ սերնդի ներկայացուցիչ մի քանի ընկերների հետ համախմբվեցինք. քանի որ ես լրագրող եմ, նրանք խնդրեցին, որ միավորվենք և ստեղծենք մի այնպիսի կայք, որը նվիրված կլինի Հայաստանին, որտեղ մարդիկ կկարողանան հոդվածներ, լուրեր կարդալ Հայաստանի, Արցախի մասին: Արդեն 5 տարի է, ինչ գործում է այդ կայքը:

-Իսկ արգենտինացիները հետաքրքրվա՞ծ են հայերով, Հայաստանով, Արցախ աշխարհի խնդիրներով:

-Այո՛, շատ հետաքրքրված են. կայքը դուրս է եկել Արգենտինայի սահմաններից, տարածված է նաև Եվրոպայում և հիմնականում՝ իսպանախոս երկրներում, ամբողջ Լատինական Ամերիկայում ու հատկապես՝ Չիլիում:

-Տեղյակ եմ, որ Դուք ևս միացել եք ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժմանը, այդպե՞ս է..

-Ես ունեմ այդ շարժման վերտառությամբ պաստառը. այո՛, միացել եմ շարժմանը, իմ կայքում Արցախին նվիրված հատուկ բաժին ունեմ: Կա նաև Հայոց ցեղասպանությանը նվիրված բաժին. 102 տարի է անցել Հայոց ցեղասպանությունից, որը մեզ համար միասնության գործոն է դարձել և դրան գումարվել է ղարաբաղյան հարցը, որը, կարծես, նոր սերունդների համար միացման կամուրջ լինի:

-Եղե՞լ եք Արցախում…

-Երկու օրով գնալու եմ Արցախ, ցանկություն ունեմ հանդիպելու Արցախի նախագահին:

-Ապրիլյան օրերին Ձեր մայրիկի հետ եք Հայաստանում, մասնակցեցիք ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Պատմում են Ցեղասպանությունը վերապրածների շառավիղները» միջոցառմանը, շատ հուզիչ էր Ձեր մայրիկի պատմությունը. կարծում եմ, որ բացի դրանից, ուրիշ առաքելություն էլ ունեք…այո՞…

-Այո՛, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքից ուղիղ ռեպորտաժ պետք է իրականացնեմ. ես չեմ եկել որպես զբոսաշրջիկ, ես այցի եմ եկել իմ հայրենակիցների հիշատակը խորհրդանշող հուշահամալիր և պետք է լրագրողական աշխատանք անեմ կայքիս համար, տեղեկատվություն տամ իմ կայքի ընթերցողներին:

-Պարո՛ն Հազարյան, կիսով չափ հայ եք, բայց կարծես թե չգիտեք հայերեն

-Դրա պատճառը դարձյալ Հայոց ցեղասպանության հետևանքն է. Ցեղասպանությունն իր հետ բերեց նաև լեզվական խնդիր, որովհետև մարդիկ վախենում էին խոսել հայերեն, վտանգավոր էր, այդ պատճառով էլ մայրս չխոսեց, ավելի ճիշտ՝ շատ քիչ խոսեց հայերենով:

Մեր հարցազրույցի վերջում պարոն Կլաուսը հայերենով արտաբերեց երկու հաճելի ու կարևոր արտահայտություններ՝ Ես սիրո՛ւմ եմ քեզ, իմ Հայաստան, ես սիրու՛մ եմ քեզ, իմ մայրիկ…

Զրուցեց Կարինե Ավագյանը

img_3027

 

 

Նախագահը ընդունել է Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարիի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Մոհամմադ Համիդ Անսարիի գլխավորած պատվիրակությանը:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին Հայաստանում՝ հույս հայտնելով, որ Հնդկաստանի փոխնախագահի պաշտոնական այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի հայ-հնդկական դարավոր բարեկամությանը: Անդրադառնալով հայ-հնդկական պատմական առնչություններին՝ Նախագահ Սարգսյանը նկատել է, որ դեռևս 17-19-րդ դարերում Հնդկաստանում կազմավորված հայկական համայնքներն ակտիվ դերակատարություն են ունեցել Հնդկաստանի հասարակական, քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում, այդ թվում՝ Կալկաթայի, որտեղ ծնվել է Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին:

Զրուցակիցները երկուստեք համակարծիք են եղել, որ հազարամյակների պատմություն ունեցող հայ-հնդկական հարաբերություններն ամուր հիմք են միջպետական կապերի ամրապնդման և տարբեր ոլորտներում համագործակցության օրակարգն ընդլայնելու համար: Նախագահ Սերժ Սարգսյանը և Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունները և տարբեր մակարդակներում ակտիվ շփումները, այդ թվում՝ երկու երկրների օրենսդիր մարմինների միջև:

Հնդկաստանի փոխնախագահը հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահին է փոխանցել Հնդկաստանի նախագահ Պրանաբ Մուքերջիի ողերձը, որով նա Նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով հրավիրում է Հնդկաստան՝ քննարկելու հայ-հնդկական փոխգործակցության օրակարգն ու հարաբերությունների խորացման հնարավորությունները և հեռանկարը:

Երկկողմ կապերից բացի, հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանի իրավիճակին, առկա մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, ինչպես նաև միջազգային արդի խնդիրներին:

Լոս Անջելեսում Ցեղասպանության տարելիցին նվիրված երթին հազարավոր հայեր են մասնակցել

Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ կայացել է երթ դեպի թուրքական հյուպատոսարանը, հաղորդում է ABC7-ը:

«Միասնական երիտասարդ հայեր» կազմակերպության կազմակերպած «Արդարության երթին» մասնակցել են տասնյակ հազարավոր հայեր:

«Ես կարծում եմ, որ մեր երեխաների համար կարևոր է իմանալ սեփական պատմությունը»,- panarmenian.net-ի փոխանցմամբ՝ ասել է երթի մասնակիցներից մեկը, «Եթե այս հարցը չքնննարկենք, նման կլինի ստրկության մասին լռելուն: Մեզ համար այնքան կարևոր է, որ մեր երեխաներն իմանան, որ հայ ենք, որ շարունակելու ենք գորյության պայքարը, որ պարզապես ոչինչ չի կարող մեզ կանգնեցնել»:

Բացի այս, Լոս Անջելեսում կայացել է նաև Հայ դատի ամերիկյան հանձնախմբի նախաձեռնած երթը:

2016-ին Լոս Անջելեսում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ կազմակերպված երթին մասնակցել է ավելի քան 60.000 մարդ:

ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Ապրիլի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին անցած շաբաթվա կատարված աշխատանքները և իրականցված միջոցառումները, նշեցին առաջիկա անելիքները:

Նախարարը կարևորեց առաջիկա՝ «Հույսի և վերածննդի ճանապարհով» թեմայով շաբաթվա միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու լայն լուսաբանումը:

Քննարկվեցին աշխատանքային այլ հարցեր: Տրվեցին հանձնարարականներ, կազմվեց ժամանակացույց, նշանակվեցին պատասխանատուներն ու համակարգողները:

25-04

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լոնդոնում

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 22-ին բրիտանահայ համայնքի կողմից ավանդական երթ կազմակերպվեց Լոնդոնի կենտրոնում: Բազմամարդ երթի մասնակցիները Հայդ Պարկի անկյունից ուղևորվեցին դեպի «Ուայթհոլ» կառավարական շրջանում տեղակայված «Փառապանծ զոհերի» հուշարձան, որտեղ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդը, հայ համայնքային կառույցների ղեկավարությունը, ՀՀ դեսպանության ներկայացուցիչները ծաղկեպսակներ զետեղեցին` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Նույն օրը Լոնդոնի Նավասարդյան կենտրոնում Հայ Դատի գրասենյակի կողմից կազմակերպվեց հիշատակի համերգ, որին օրվա խորհրդին համահունչ երգաշարով հանդես եկավ երիտասարդ երգչուհի Սոնա Ռուբենյանը։

Ապրիլի 23-ին Լոդոնի շրջանային պուրակում` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ծիրանենու մոտ, Հայ դատի գրասենյակի կողմից կազմակերպվեց միջոցառում, որին մասնակցեցին Մեծ Լոնդոնի Իլինգի շրջանի քաղաքապետ դր. Պատրիշիա Ուոքըրը, ՄԹ խորհրդարանի պատգամավոր Ստիվըն Փաունդը, ՀՀ դեսպանության ներկայացուցիչը և հայ համայնքի անդամներ: Մասնակիցներին ուղղված իր խոսքում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, մասնավորապես, կարևորեց միջազգային հանրության ջանքերի համադրումը ցեղասպանությունների, այլատյացության և մարդկության դեմ հանցագործությունների դեմ պայքարում։

Ապրիլի 23-ին Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում մատուցվեց բարեխոսական կարգ` նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին:

Նույն օրը՝ երեկոյան, Սուրբ Եղիշե եկեղեցու սրահում տեղի ունեցավ դասական երաժշտության համերգ՝ սոպրանո Թերեզա Գևորգյանի կատարմամբ և դաշնակարուհի Հաննա Քվինի նվագակցությամբ: Միջոցառումը կազմակերպվել էր Միացյալ Թագավորությունում Հայ համայնքային խորհրդի և Հայ բարեգործական ընդհանուր միության կողմից՝ ՄԹ–ում ՀՀ դեսպանության և Հայաստանյայց առաքելական եկեղեցու ՄԹ թեմի հովանավորությամբ։

Միջացառմանը դասախոսությամբ հանդես եկավ Ֆրանսիայից հրավիրված պատմաբան, դր. Ռայմոնդ Գևորգյանը, ով նաև անդրադարձավ Հայոց ցեղասպանության նոր ուսումնասիրություններին։

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Չեխիայում

Ապրիլի 22-ին Չեխիայի Վիսոչինա երկրամասի վարչական կենտրոն Յիհլավայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում:

Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և հայ-չեխական «Ուրարտու» միության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը ծաղկեպսակներ զետեղեցին հայկական խաչքարի առջև: Այնուհետև, «Սուրբ Հոգի» եկեղեցում Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայ համայնքների հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված բարեխոսության կարգ կատարեց, ինչից հետո ներկաների առջև ելույթով հանդես եկավ դեսպան Տիգրան Սեյրանյանը։

Ապրիլի 24-ին Պրահայում Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչները ՀՀ դեսպանի և հոգևոր հովվի գլխավորությամբ ծաղիկներ զետեղեցին և մոմավառություն կազմակերպեցին Ֆրանց Վերֆելի տան մոտ: Ծաղիկներ տեղադրվեցին նաև ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի արձանի և Պրահայի հայկական խաչքարի առջև։

Այնուհետև, հարյուրավոր չեխահայեր և օտարերկրացիներ քայլերթով շարժվեցին դեպի «Սուրբ Հոգի» եկեղեցի, որտեղ ներկա գտնվեցին Սրբոց նահատակաց տոնին նվիրված արարողությանը։

Արարողությանը ելույթ ունեցավ Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը համարեց ցեղասպանությունների կանխարգելման ազդեցիկ գործոն։ Նա անդրադարձավ ցեղասպանության պատճառած վնասներին, ինչպես նաև ընդգծեց չեխահայության և հատկապես հայ երիտասարդների խրոխտ ոգին։

Իր ելույթում Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի շրջակա միջավայրի կոմիտեի նախագահ, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշը դատապարտեց Թուրքիայի կառավարության ժխտողական քաղաքականությունն ու կոչ արեց առերեսվել սեփական պատմությանը։

Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան Պրահայի Կարլի համալսարանի երգչախումբն ու չեխ երգեհոնահար Կարել Լոլան։

%d5%b9%d5%a5%d5%ad%d6%84%d5%ab