Արգենտինայի հայերը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Բուենոս Այրեսի շրջանի հայերը նշել են Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը:

Միջոցառումը տեղի է ունեցել ապրիլի 21-ին հայկական խաչքարի մոտ, որը տեղադրված է Վիսենտե Լոպես քաղաքի Իպոլիտո Իրիգոյենի եւ Բարթոլոմե Կրուս փողոցների խաչմերուկում, հայտնում է Diario Armenia պարբերականը:

Մասնակիցների թվում են եղել Հայ առաքելական սուրբ եկեղեցու Արգենտինայի հայկական թեմի առաջնորդ, Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, ծայրագույն վարդապետ Մաղաքիա Ամիրյանը, Արգենտինայում Հայաստանի հյուպատոս Էլեն Արզումանյանը, Վիսենտե Լոպեսի ավան հայկական քոլեջի սաներն ու ղեկավարությունը եւ այլք:

Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանն աղոթել է 1,5 մլն նահատակների՝ թուրքական բանակի վայրագությունների եւ վայրենության զոհերի հիշատակի համար, հայտնում է պարբերականը:

Արարողության ժամանակ ընթերցվել է Վիսենտե Լոպեսի քաղաքապետ Խորխե Մակրիի հայ ժողովրդին աջակցող ուղերձը:

Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են դրել խաչքարի մոտ, որը հավերժացնում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, գրում է Արցախպրեսը:

Ֆրանսուա Օլանդը Փարիզում ծաղիկներ է դրել Կոմիտասի հուշարձանի մոտ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այցելել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումը, որը կազմակերպել էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) Փարիզում, հայտնում է Nouvelle d’Armenie–ը։

Օլանդը ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանի մոտ։

Արարողությունը, որը նվիրված էր Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին, կայացել է Կոմիտասի հուշարձանի մոտ՝ Կանադայի հրապարակում։

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված արարողություն Լիտվայի Կաունաս քաղաքում

Ապրիլի 23-ին Բալթյան տարածաշրջանի ամենախոշոր հոգևոր կենտրոններից մեկում՝ Կաունասի Սբ. Պետրոս և Սբ. Պողոս Առաքյալների մայր տաճարում, Կաունասի արքեպիսկոպոս Լիոնգինաս Վիրբալասի կողմից մատուցվեց Սուրբ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին։

Արքեպիսկոպոս Վիրբալասն իր խոսքում նշեց. «Այսօր հիշատակում ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության 102-րդ տարելիցը, երբ ոչնչացվեցին ավելի քան մեկուկես միլիոն հայեր և այլ քրիստոնյաներ: 20-րդ դարում մարդկությունն ապրեց ևս երկու մեծագույն ողբերգություն` նացիզմ եւ ստալինիզմ»: Արքեպիսկոպոսը նշեց, որ այսօր ևս այն տարածքներում, որտեղ նահատակվեցին հայերը, այլ քրիստոնյաներ ու կրոնական փոքրամասնություններ են ենթարկվում սպանդի: Արքեպիսկոպոսը հիշատակեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապի 2016 թ-ին Հայաստան կատարած պատմական այցի ընթացքում հնչեցրած ուղերձները:

Պատարագի ընթացքում ելույթ ունեցավ Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով մասնավորապես նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն այժմ դիտարկվում է որպես այլ ցեղասպանությունների կանխարգելման հիմնական միջոցներից մեկը: «Քանի դեռ ցեղասպանության ժխտողականությունը շարունակվում է և զոհերին ոճրագործների հետ հավասարեցնելու փորձեր են կատարվում, մարդկությունը ցեղասպանությունների կրկնության սպառնալիքի առջև է կանգնած», նշեց դեսպան Մկրտչյանը։

Մեջբերելով Հռոմի Բենեդիկտոս XV-րդ Պապի 1915 թ․ հնչեցված խոսքերը հայերի ոչնչացման փորձի մասին, դեսպանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայոց ցեղասպանությանը զոհ են դարձել նաև 48 հայ եպիսկոպոսներ եւ 4500 քահանաներ, իսկ ցեղասպանությունից հետո ավելի քան 2200 հայկական եկեղեցիներ կողոպտվել և կործանվել են, ինչը վկայում է, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մարդկության, այլև քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն էր:

«102 տարի է անցել երկրի երեսից հայերին բնաջնջելու փորձից, սակայն մենք շարունակել ենք ապրել և արարել, պահպանել մեր հավատն ու հայրենիքը, մեր մշակույթն ու եկեղեցիները», նշեց դեսպան Մկրտչյանը:

Բալթյան երկրներում Հայոց առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով Ստեփանյանը հանդես եկավ աղոթքով: Պատարագի ընթացքում հնչեցին հայկական հոգևոր երգեր։

Նույն օրը տաճարում և արքեպիսկոպոսարանի տարածքում բացվեց «Արմենպրես» լրատվական գործակալության հետ միասին կազմակերպած հայկական միջնադարյան եկեղեցիների ֆոտո-ցուցահանդես, որը կտևի շուրջ մեկ ամիս։ Ցուցադրության են ներկայացվել 8-15-րդ դարերի հայկական եկեղեցիների շուրջ երեք տասնյակ լուսանկարներ, որոնք կատարվել են «Արմենպրես» գործակալության կողմից իր շուրջ մեկդարյա գործունեության ընթացքում:

Տեղեկանք. Լիտվայի նախկին մայրաքաղաք և իր մեծությամբ երկրորդ քաղաք Կաունասի Սուրբ Պետրոս և Սուրբ Պողոս Առաքյալների մայր տաճարի կառուցման տարեթիվը հայտնի չէ, սակայն գրավոր աղբյուրներում այն սկսել է հիշատակվել է 15-րդ դարից: Այն կառուցված է գոթական ոճով և իր չափով համարվում է Լիտվայի ամենամեծ տաճարը: 

%d5%af%d5%a1%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%bd

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բելգիայում

Ապրիլի 24-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի հայկական եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի արարողություն, որին ներկա էին բելգիահայ համայնքի հարյուրավոր նեկայացուցիչներ, համայնքային կազմակերպությունների ղեկավարներ, ՀՀ դիվանագիտական առաքելությունները՝ ողջ կազմով: Արարողությունից հետո միջոցառման մասնակիցները քայլերթ կատարեցին դեպի Բրյուսելի Հենրի Միշոյի անվան հրապարակ, որտեղ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարկոթողի մոտ տեղի ունեցավ հիշատակի միջոցառում և ծաղկեպսակների զետեղման արարողություն: Արարողությանը ներկա էին նաև Բելգիայի իշխանությունների ներկայացուցիչներ, տեղական վարչակազմերի ղեկավարներ, Բելգիայում բնակվող ազգային փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, Բելգիայի օրենսդիր և գործադիր կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ցեղասպանություն վերապրած ազգերի՝ Բելգիայում գործող կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի և եղեղեցական առաջնորդներ: ՀՀ դեսպանն իր խոսքում մասնավորապես ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված մեր միասնական ջանքերն իրենց մեծ նպաստն են բերում նաև աշխարհում ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում, ինչն այս օրերին առավել մեծ նշանակություն է ստացել հատկապես Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին:

Թաթուլ Մարգարյանը նշեց, որ Ցեղասպանության ճանաչման ավանդական քաղաքական պայքարն այսօր զուգակցվում է նաև իրավական և մշակութային ուղղությամբ աշխատանքով, վկայակոչելով հայ մեծ բարերար Քըրք Քրքորյանի հովանավորությամբ նկարահանված հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմը, որը Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածության նոր ալիք բարձրացրեց:

Նույն օրը երեկոյան Բլյուսելի «Հայ տանը» տեղի ունեցավ հիշատակի համերգ:

%d5%a2%d5%a5%d5%ac%d5%a3%d5%ab%d5%a1

Կենդանի շղթա Ամստերդամում ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների

Ապրիլի 23-ին Ամստերդամի  «Սուրբ Գրիգոր Նարեկացի»  դպրոցի սաների, մանկավարժական կոլեկտիվի և ծնողների համար անչափ հիշարժան օր էր։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է «Նիդերլանդական օրագիր»-ը, դպրոցի և  «Սուրբ Հոգի» եկեղեցու անդամները միասնաբար ոգեկոչեցին Հայոցցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Այս միջոցառումը ևս մեկ անգամ ամրագրեց համայնքի համախմբման միասնականության զգացողությունը։

Ամստերդամյան ջրանցքների երկայնքով, ի դեպ, ջրանցքի կամուրջներից մեկն ունի Armeensebrug (Հայկական կամուրջ) անվանումը, «Սբ․ Հոգի» եկեղեցու  հավատացյալ  հայերը՝  մանուկ և չափահաս, կազմել էին կենդանի շղթա՝  ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների։  Նման միջոցառում արդեն երկրորդ տարին է կազմակերպվում:

Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող միջոցառումներ

Նիդերլանդներում Հայոց cեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող միջոցառումների ցանկում Համագործակցող Հոլանդահայ կազմակերպություններն ընդգրկել էին Ալմելոյի «Երևան» ակումբում «Սիրտ» հայկական երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառում-դասախոսությունը:

Անչափ հետաքրքիր այս հանդիպումը կազմակերպվել էր հոլանդացի, ազգությամբ թուրք լրագրող Սինան Ջանի, գրող Հակոբ Թումասյանի, գրող և հրապարակոս, ցեղասպանագետ Անտոնի Հոլսլախի հետ: Վերջինս հոլանդահայ համայնքին հայտնի է 2010 թվականին լույս տեսած իր Հայոց ցեղասպանության մասին՝ «Քարքարոտ Արարատ» (In het gesteente van Ararat) գրքով:

Հոլսլախը իր խոսքում համգամանորեն խոսեց 20-րդ դարի ցեղասպանությունների մասին, զուգահեռներ տարավ Հոլոքոստի, Հայոց և այլ ցեղասպանությունների միջև: Բացատրեց ցեղասպանություն եզրույթի ի հայտ գալը: Ցուցադրվեց «Սիրտ» կազմակերպության կողմից պատրաստված կարճամետրաժ-փաստագրական ֆիլմը՝ Հայոց եղեռնից փրկվածների ժառանգների մասնակցությամբ:

Այնուհետև գրող Հակոբ Թումասյանը խոսեց հայ և թուրք ժողովրդների մեջ գոյացած կարծրատիպերի մասին: Բանախոսը ընդգծեց, որ հարկավոր է ուժ գտնել հաղթահարելու երկու ժուղովուրդների մեջ գոյացած ատելությունը, ներել իրար և ապրել համատեղ կյանքով, պատմեց Ստամբուլ կատարած իր ուղևուրությունից և հանդիպումներից:

Լրագրող Սինան Ջանին Նիդերլանդահայերից զատ լավ ճանաչում են նաև Հայաստանում: Դեռ «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնին «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում նրա դերակատարմամբ ներկայացվել է «Արյունակից եղբայրներ» («Bloodbrothers») փաստավավերագրական ֆիլմը, որի գլխավոր դերակատարներից մեկն է: «Նիդերլանդական օրագիրն» այդ ժամանակ հարցազրույց ունեցավ թուրք դերասան-լրագրողի հետ:
Սինան Ջանը կրկին անրադարձ կատարեց իր դերակատարությամբ հանրահայտ «Արյունակից եղբայրները» ֆիլմին, ցուցադրվեցին հատվածներ ֆիլմից, որից հետո պատասխանեց հանդիսատեսների մի քանի հարցերին:

Արտակ Արևշատյան

«Նիդերլանդական օրագրի» հատուկ թղթ.
Ալմելո

Ցեղասպանության ճանաչման կրթաթոշակի ներկայացում Կանադայի խորհրդարանում

Օտտավա, 23 ապրիլ 2017 — Ապրիլ ամիսը Կանադայում պաշտոնապես նվիրված է Ցեղասպանությունների հիշատակմանը, դատապարտմանը և կանխալգելմանը, իսկ ապրիլ 24-ն ուղղակիորեն՝ որպես Հայոց ցեղասպանության հիշատակման օր՝ ըստ 2015թ-ի M587 օրենքի:
Այս շրջանակներում, նախաձեռնությամբ Կանադայի Հայկական բարեգործական ընդհանոր միության (ՀԲԸՄ), 2017թ. ապրիլ 13-ին Կանադայի խորհրդարանում տեղի է ունեցել հատուկ միջոցառում, որը կազմակերպվել է Կանադա-Սուրբ Աթոռ (Վատիկան) և Կանադա-Հայաստան խորհրդարանական խմբերի կողմից և ներկայացվել Քարդինալ Անջելո Մարիա Դոլչիի հիշատակին նվիրված ցեղասպանության ճանաչման հետազոտությունների նոր կրթաթոշակ: Սույն դրամաշնորհը հիմնվել է Կանադայի ՀԲԸՄ-ի կողմից՝  հիմնադրման 60-րդ ամյակի առիթով:   
Ընդունելության ժամանակ ելույթներով հանդես են եկել Կանադա-Հայաստան Խորհրդարանական Խմբի նախագահ Առնոլդ Չանը (կառավարող Ազատական կուսակցությունից), Կանադա-Սուրբ Աթոռ Խորհրդարանական Խմբի նախագահ Գառնեթ Կենուիսը (Պահպանողական) եւ ՀԲԸՄ Կանադայի շրջանի նախագահ Շահե Թանաշյանը: Բանախոսները շեշտել են մարդկային իրավունքների և ցեղասպանությունների ճանաչման և կանխարգելման գործի էական նշանակությունը, ինչպես նաև անդրադարձել Կարդինալ Դոլչիի խիզախ օրինակի մասին (videolink): Միջոցառմանը մասնակցել են խորհրդարանականներ, կանադական մեդիայի ներկայացուցիչներ և բարձրաստիճան հյուրեր:
Կարդինալ Դոլչիի գործունեության մասին միայն վերջերս հիշատակություններ եղան Վատիկանի արխիվներում կատարված ուսումնասիրությունների շնորհիվ: Լինելով Օսմանյան Կայսրությունում Պապական Պատվիրակ  1914-ից 1922թթ., նա ականատես է եղել Հայոց ցեղասպանության դաժան եղելությանը, փաստագրել է իրադարձությունները իր գործակիցների միջոցով և առաջիններից է եղել, ով ահազանգել է այդ մասին բազմաթիվ գրություններով՝ խնդրելով Վատիկանի միջամտությունը:
Համալսարանական բարձր մակարդակի գիտական աշխատանքով հետաքրքրվող թեկնածուներին այս կրթաթոշակը թույլ կտա առավել ևս խորացնել իրենց մասնագիտությունը ցեղասպանությունների պատմության և մարդկային իրավունքների դեմ գործադրվող ծանր ոճիրների ճանաչման ոլորտներում:
Այս նախաձեռնության մասին ՀԲԸՄ խորհրդի անդամ և կանադահայ քաղաքական հարցերի պատասխանատու Հակոբ Արսլանյանը ասաց. «Աննախադեպ է, որ սույն նախաձեռնությունը վայելում է խորհրդարանական բոլոր խմբավորումների աջակցությունը: Մենք երախտապարտ ենք մեր ներկայացուցիչներին իրենց անվերապահ նվիրումի և համագործակցության համար: Այս և նմանատիպ նախաձեռնություններով մենք նպատակ ունենք Կանադայում խրախուսել երիտասարդ սերնդին՝ ուսումնասիրելու Հայոց ցեղասպանության պատմությունը»:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարության և «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները՝ փոխնախարարներ Սերժ Սրապիոնյանի և Վահագն Մելիքյանի գլխավորությամբ այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող  Ծիծեռնակաբերդի  հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու սրբադասված նահատակների հիշատակին:

Հավելենք նաև, որ ապրիլի 23-ին Սփյուռքի նախարարության աշխատակիցները, Հայաստանում հաստատված հայրենադարձները մասնակցել են Ջահերով երթին:

img_3120img_3143 img_3225 img_3239

18119218_10155443725974369_5319465269279972348_n18118453_10155443726129369_714704945934764982_n

ՀՀ Նախագահը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Նախագահը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունը:

Հանրապետության Նախագահն արարողությունից հետո այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ՝ դիտել ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացառիկ ցուցանմուշներն ու Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման 50-ամյակին նվիրված ցուցադրության օրինակները:

23038

Նոր Ցեղասպանություն մենք թույլ չենք տալու.Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առիթով

Այսօր ապրիլի 24-ն է՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Մենք խնկարկում ենք հիշատակը մեր սրբադասված նահատակների: Տեղահանության քողի տակ իրականացված եղեռնը Օսմանյան կայսրության պետական ծրագիրն էր, որ ի կատար ածվեց բացառիկ, մինչ այդ չտեսնված դաժանությամբ և հետևողականությամբ:

1915 թվականի ապրիլի 24-ին հազարամյակներով չափվող հայոց պատմությունը բաժանվեց երկու մասի` մինչև այդ ողբերգական տարեթիվը և դրանից հետո: Հրաշքով փրկված արևմտահայության բեկորները սփռվեցին աշխարհով մեկ` դառնալով սփյուռքահայություն:

Հայության նյութական, մշակութային և քաղաքական կորուստներն անչափելի են, բայց ամենամեծ կորուստը մարդիկ են, որոնք կրողն էին հինավուրց, հարուստ և ինքնատիպ քաղաքակրթության:

Մեր` ապրողներիս պարտքն է ոչ միայն հիշել ու հարգել նրանց, այլև ապրել, աշխատել ու պայքարել կրկնակի ավյունով՝ նաև նրանց փոխարեն: Ապրել, աշխատել ու պայքարել կենսահաստատ աշխարհայացքով` հավատալով բարուն, մարդկայնությանը և արդարությանը:

1915 թվականի այդ հրեշավոր ամսաթվից անցել է արդեն մեկ դարից ավելի: Մենք գիտենք, թե ինչերի միջով ենք անցել այս ընթացքում և գիտենք, որ հաղթել ենք մահին: Արցախյան հերոսամարտը վկայությունն է և ապացույցը, որ նոր Ցեղասպանություն մենք թույլ չենք տալու: Այլևս երբեք թույլ չենք տալու:

Հայ ժողովրդի վերածնունդն իրականություն է, և այն իրականություն դարձավ վերապրող ժողովրդի զավակների շնորհիվ: Հայոց պետականության վերականգնումը հայրենի հողի վրա իրականություն դարձավ այդ զավակների շնորհիվ, հայ մշակույթի և գիտության վերազարթոնքն իրականություն դարձավ այդ զավակների շնորհիվ:

Այս ընթացքում մենք աշխարհին պարգևեցինք ստեղծագործ մտքի հանճարների մի ամբողջ աստղաբույլ: Նաև մեծանուն հայերի միջոցով աշխարհը տեղեկացավ, թե ինչ է կատարվել մեզ հետ և իմացավ, որ նրանք զավակներն են բնաջնջման եզրին հայտնված ազգի:

Ես այս ամենը թվարկում եմ ընդգծելու համար մեր ժողովրդի հսկայական կենսական ու ստեղծագործ ներուժը և իմ անսասան հավատը մեր հնարավորությունների և վաղվա օրվա հանդեպ: Այո՛, 1915-ին մենք հայտնվեցինք դժոխքում, բայց եթե դեպի կյանք վերադառնալու ճանապարհին մենք մեր մեջ ուժ ենք գտել նման մեծագործությունների, ապա անկախ պետականության պայմաններում՝ 21-րդ դարում ի զորու կլինենք անելու ավելին:

Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը խնկարկելու օրը, մենք բարձրանալու ենք Ծիծեռնակաբերդի բարձունք կամ այցելելու ենք այլ հուշարձաններ Հայաստանի տարբեր բնակավայրերում և արտերկրում: Հիշենք, որ այս ամենամյա երթը երթն է վերածնված ժողովրդի, որ չի մոռացել, թե ինչ է թողել ետևում, բայց վստահությամբ նայում է առաջ: