Պրահայի հայ երիտասարդները Չեխիայի խորհրդարանի մոտ անցկացնում են լուռ ակցիա

Պրահայի հայ երիտասարդների միությունը Չեխիայի խորհրդարանից ոչ հեռու ապրիլի 20-ին անցկացրեց լուռ բողոքի ակցիա:

Այս մասին Արմենպրեսին տեղեկացրեց Չեխիայի «Օրեր» (կայք էջը` orer.eu) եվրոպական անկախ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը:

«Լուռ նստացույցի նպատակն է Չեխիայի իշխանությունների ուշադրությունը մեկ անգամ ևս հրավիրել Հայոց ցեղասպանության ճանաչման վրա»,-ասաց Հակոբ Ասատրյանը` նշելով, որ նամակներ են ուղարկվելու Չեխիայի խորհրդարանի անդամներին:

Հակոբ Ասատրյանը նշեց, որ վերջին տարիներին Չեխիայում բավական լայն լուսաբանվում է Հայոց ցեղասպանության թեման, քաղաքական գործիչների կողմից այն հաճախ արծարծվում է:

«Կարծում եմ, որ խորհրդարանում արդեն հասունացել է Հայոց ցեղասպանության ճանաչման պահը, սակայն Չեխիան ներկայում որոշ խնդիրներ ունի Թուրքիայի հետ կապված: Ամեն դեպքում գտնում եմ, որ Չեխիայի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելը ժամանակի հարց է»,-ասաց նա:

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Չեխիայի հայ համայնքը մի շարք միջոցառումներ է նախատեսել` պատարագ, երթ, ծաղիկների խոնարհում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ, դասական համերգ և այլն:

Մայիսի 8-ի աշխատանքային օրը կտեղափոխվի

ՀՀ Կառավարության ապրիլի 20-ի որոշմամբ, 2017 թվականի մայիսի 8-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 20-ը` շաբաթ օրը:

Մայիսի 9-ն արդեն 25 տարի է եռակի տոն է հայերի համար: Հենց այս օրն է նշվում 1945թ-ին Հայրենական մեծ պատերազմում տարած խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակը: Բացի այդ, այն նաև 1992թ.-ին Արցախի բերդաքաղաք Շուշիի ազատագրման հաղթանակի ու Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի ստեղծման տարելիցն է:

ՀՄԸՄ պատվիրակությունն այցելեց Սփյուռքի նախարարություն

Ապրիլի 20-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՄԸՄ պատվիրակությանը, որի կազմում էին ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը, ՀՄԸՄ Կենտրոնական վարչության անդամ Օշին Փիրումյանը, ՀՄԸՄ-ՀԱՍԿ ատենապետ, համաՀՄԸՄական խաղերի կազմակերպչական հանձնախմբի անդամ, Երկիր Մեդիա հեռուստաընկերության գործադիր տնօրեն Դավիթ Հակոբյանը, համաՀՄԸՄական խաղերի կազմակերպչական հանձնախմբի անդամ Մհեր Բոյաջյանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց համահայկական ավանդական կազմակերպության հայանպաստ, ազգանվեր 100-ամյա գործունեությունը: Անդրադարձ կատարվեց Երևանում՝ հուլիսի 20-29-ը անցկացվելիք մարզախաղերին, որոնց կմասնակցի 900-ից ավելի մարզիկ աշխարհի տարբեր երկրներից:

Քննարկվեցին համաՀՄԸՄական 10-րդ խաղերի կազմակերպչական աշխատանքներին, ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՄԸՄ միջև համագործակցության զարգացմանը և ամրապնդմանը, նախարարության ծրագրերին կառույցի անդամների մասնակցությանը, 2018թ. կառույցի հիմնադրման 100-ամյակին նվիրված նախապատրաստական աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր:

Կկայանա Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստումը» ֆիլմի հայաստանյան փակ ցուցադրությունը

«Խոստումը» ֆիլմի հայաստանյան փակ ցուցադրությունը տեղի կունենա ապրիլի 23-ին, Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում, որին ներկա կլինեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ և այլ հյուրեր: Ցուցադրության կազմակերպիչներն են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) և «Շարմ Հոլդինգ» ընկերությունը: Ֆիլմի տարածման նպատակով Հայասատանում և սփյուռքում գործող համահայկական կառույցները, հասարակական խմբերն ու կազմակերպությունները, ինչպես նաև բազմաթիվ համաշխարհային աստղեր ջանքեր են գործադրում ֆիլմի համաշխարհային հաջողության ապահովման ուղղությամբ:

«Խոստումը» Օսկարակիր ռեժիսորի կողմից նկարահանված առաջին մեծածավալ և խոշոր բյուջեով ֆիլմն է Հայոց Ցեղասպանության մասին՝ համալրված հոլիվուդյան աստղերով ու նշանավոր դեմքերով:

Լեգենդար Քըրք Քըրքորյանի «Survival Pictures» ընկերության կողմից ստեղծված «Խոստումը» ֆիլմը բեմադրել է «Հոթել Ռուանդա» ֆիլմի պրոդյուսեր և Օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը՝ դերասանական կազմը համալրելով համաշխարհային աստղերով, ինչպիսիք են՝ Օսկար Այզեքը, Շարլոտ լը Բոնը, Քրիստիան Բեյլը, Շոհրե Աղդաշլուն, Անժելա Սարաֆյանը և այլոք: Ֆիլմից գոյացած ողջ հասույթը կնվիրաբերվի հասարակական կազմակերպություններին՝ առաջին անգամ նման մասշտաբի ֆիլմի համար:

Ֆիլմում 1914 թվականի դեպքեր են: Առաջին Համաշխարհային պատերազմի նշմարման հետ կանխատեսվում էր հսկայական Օսմանյան կայսրության փլուզումը: Եվս մի կենսունակ, բազմամշակութային մայրաքաղաք Կոստանդնուպոլսին (Ստամբուլ), քաոս էր սպառնում: Միքայել Պողոսյանը (Օսկար Այզեք) բժշկություն ուսանելու նպատակով ժամանում է կոսմոպոլիտ կենտրոն՝ մտադրություն ունենալով ժամանակակից բժշկական գիտելիքներով վերադառնալ Թուրքիայի հարավում գտնվող իր պապենական գյուղ՝ Սիրուն, որտեղ թուրք մուսուլմաններն ու հայ քրիստոնյաները դարեր շարունակ ապրել են կողք կողքի: Ֆոտոլրագրող Քրիս Մայերսը (Քրիստիան Բեյլ) եկել է աշխարհաքաղաքական հարցեր լուսաբանելու նպատակով: Նա համակված է հայ նկարչուհի Անայի (Շարլոտ լը Բոն) նկատմամբ ունեցած սիրով: Անան հոր հանկարծակի մահից հետո տեղափոխվել էր Փարիզ: Երբ Միքայելը հանդիպում է Անային, ընդհանուր հայկական ծագումը մտերմացնում է նրանց, ինչը երկու տղամարդկանց միջև մրցակցության պատճառ է դառնում, չնայած նրան, որ Միքայելին դեռևս պահում է անցյալի իր խոստումը։

Սակայն շուտով Օսմանյան կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ միանում է Գերմանիային և սկսում դաժանաբար ոչնչացնել իր սահմաններում ապրող ազգային փոքրամասնություններին։ Չնայած նրանց միջև ընդհարումներին, յուրաքանչյուրը գոյատևման իր ուղին է բռնում. նույնիսկ հերոսներն են կանգնում իրենց կյանքը փրկելու խնդրի առաջ:

Ի լրումն աստղային դերասանական ողջ կազմին՝ երաժիշտ ու ակտիվիստ Սերժ Թանկյանը հանդիսացել է ֆիլմի երաժշտական մասի խորհրդատուն ու նպաստել ֆիլմի սաունդթրեքի համար հայկական ժողովրդական «Սարի սիրուն յար» երգի ժամանակակից ներկայացմանը: «Մեծ պատիվ է դառնալ ֆիլմի անմասն ակնդիրն ու ունկնդիրը», – ասել է Թանկյանը: «Թուրքական կառավարությանը ենթարկվող մեծ բյուջեով կազմակերպություններին ապատեղեկատվությունից զերծ պահելու և մարդկանց ճշմարտությամբ առաջնորդելու լավագուն միջոցն արվեստն է: Տարիներ շարունակ ես դա արել եմ երաժշտության միջոցով և ցանկացա այս ֆիլմի միջոցով նույնն անել», ավելացնում է Թանկյանը: Ֆիլմի սկզբնական թեմատիկ երաժշտության հեղինակը «Soundgarden» խմբի երգիչ և կիթառահար Քրիս Կորնելն է, իսկ ֆիլմի սաունդթրեքի հեղինակը՝ օսկարակիր Գաբրիել Յարեդը (The English Patient):

Հայաստանում «Խոստումը» ֆիլմի ցուցադրությունների իրավունքը պատկանում է «Շարմ Հոլդինգ» ընկերությանը, ինչպես նաև ընկերությունը իրականացրել է ֆիլմի հայերեն կրկնօրինակման պրոդյուսերական աշխատանքները: «Շարմ Հոլդինգ»-ի նախաձեռնությամբ Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության դերասանական և թարգմանչական բազայի հիման վրա կատարվել է ֆիլմի հայերեն կրկնօրինակումը, որին մասնակցել են Խորեն Լեւոնյանը, Բաբկեն Չոբանյանը, Արմեն Մարգարյանը, Սամվել Թոփալյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Սիրանուշ Լազյանը, Կարինե Ջանջուղազյանը,  Դավիթ Հակոբյանը և  այլոք: «Խոստումը» ֆիլմի կրկնօրինակման աշխատանքներին մասնակցել են ոլորտի լավագույն մասնագետները, մի ամբողջ պրոֆեսիոնալ խումբ, որն ապահովել է ֆիլմի կրկնօրինակման աշխատանքների համար անհրաժեշտ ամենաբարձր պահանջները՝ տեխնիկական սպասարկումից, մինչև  լիարժեք կրկնօրինակում` մեկ կերպար-մեկ ձայն սկզբունքով:

Ֆիլմի համաշխարհային առաջնախաղերի ժամանակացույցն ընդգրկում է  ԱՄՆ-ն և Կանադան (ապրիլի 21-ին), Միջին Արևելքի երկրները՝ Բահրեյն, Եգիպտոս, Իրան, Իրաք, Հորդանան, Քուվեյթ, Լիբանան, Լիբիա, Օման, Պաղեստին, Քաթար, Սաուդյան Արաբիա, Սուդան, Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Եմեն (ապրիլի 20-ին), Ռուսաստանը (ապրիլի 27-ին), Միացյալ Թագավորությունը (ապրիլի 28-ին), Լեհաստանը (մայիսի 5-ին), Ավստրալիան (մայիսի 25-ին), Թաիլանդը (հունիսի 1-ին), Իսպանիան (հունիսի 2-ին), Բելգիան (հունիսի 14-ին), Նիդեռլանդները (հունիսի 15-ին), Սինգապուրը (հունիսի 22-ին), Հարավային Աֆրիկան (հունիսի 23-ին) և Իտալիան (օգոստոսի 24-ին):

«Խոստումը» ֆիլմի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք http://www.survivalpictures.org/the-promise/ կայքը: Նպաստե՛ք ֆիլմի վարկանիշի բարձրացմանը՝ թողնելով ձեր կարծիքը՝ www.imdb.com և www.rottentomatoes.com      կայքերում: Սոցիալական ցանցերում #KeepThePromise, #ThePromiseFilm և #NeverStaySilent հեշթեգերով նպաստե՛ք ֆիլմի տարածմանն ու հրավիրե՛ք ձեր ընկերներին և բարեկամներին միանալու քարոզարշավին:

Երևանում ցուցադրության են հանվել ՀՀ զինված ուժերի «Սմերչ», «Գրադ», «Հաուբից» համակարգերը

«Ազգ-բանակ-2017» խորագրով ցուցահանդեսի շրջանկաներում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում ապրիլի 21- 23-ը կգործի ցուցահանդես, որտեղ կրթական ոլորտի մի շարք առաջատար հաստատություններ կծանոթացնեն իրենց ուսումնական պայմաններին, արձանագրած հաջողություններին և կրթական ծրագրերին:

Առանձին տաղավարներում և հարթակներում ներկայացված կլինեն սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներ, ՀՀ ռազմաարդյունաբերական համալիրի արտադրատեսակներ:

Համաժողովի շրջանակներում Մարզահամերգային համալիրի մոտ ցուցադրության են դրված «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, Точка У մարտավարական հրթիռային համալիրը, հակաօդային պաշտպանության համակարգեր, «Գրադ» համազարկային կրակի համակարգ, «Հաուբից» հրետանային համակարգ, Տ-90 տանկ:

Համաժողովի շրջանակում հանրակրթական դպրոցների սաների համար նախատեսված է հագեցած մրցութային ծրագիր, սահմանված են հատուկ մրցանակներ հաղթողների համար: Կկազմակերպվեն հանդիպումներ արցախյան ազատամարտի վետերանների և ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների հետ:

Միջոցառումներին մասնակցությունը խրախուսվում է դասարաններով՝ զինղեկների և դասղեկների ուղեկցությամբ (9-12-րդ դասարաններ), գրում է Արցախպրեսը:

«Գարնան թավիշն է խորհրդանշում մեր սերը».Տիգրան Ներսիսյան

Համաձայնենք, որ ծննդյան տարեդարձերը մեզ միշտ խորհելու առիթ են տալիս: Դրանք կարծես մեր ապրած տարիների արտացոլքը լինեն. հուշերի գիրկն ընկնելով՝ մտածում ենք արած-չարած գործերի, անցած-գնացած օրերի մասին, որոնք այլևս հետ չենք բերի:

Մարտի 31-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կյանքի յուրօրինակ ինքնահաշվետություն ներկայացրեց ՀՀ վաստակավոր արտիստներ Տիգրան Ներսիսյան ու Նելլիի Խերանյան զույգը, ովքեր այս տարի նշում են ծննդյան 50 և բեմական գործունեության 30-ամյակը:

Օրեր անց «Հայերն այսօր»-ի հետ զրույցում Տիգրան Ներսիսյանը ո´չ միայն ամփոփեց հոբելյանական երեկոյից ստացած տպավորությունները, այլև խոսեց ընտանիքին, ստեղծագործական ուղուն առնչվող հարցերի շուրջ:

-Պարո՛ն Ներսիսյան, վաղո՞ւց էիք նախապատրաստվել հոբելյանական երեկոյին: Այդ օրից հիշարժան ի՞նչ դրվագներ կարող եք հիշել:

-Հոբելյանական երեկոն նախատեսված էր ավելի շուտ իրականացնել, սակայն փոքր-ինչ հետաձգվեց. նախ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերանորոգման և վերազինման աշխատանքների ավարտին էինք սպասում, հետո՝ «Պեպո»-ի առաջնախաղին: Կարծում եմ՝ հոբելյանական երեկոն ջերմ ու անկեղծ մթնոլորտում անցավ, որի մասին վկայում են առ այսօր մեր ընկերների, հարազատների, թատրոնի աշխատակիցների և հանդիսատեսի կողմից հնչող սրտաբուխ խոսքերը:

Շատ անսպասելի անակնկալներ ունեցանք, ինչպես օրինակ՝ ՀՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանի՝ իր բացակայությամբ հանդերձ մեզ ողջունելն էր, մեր աղջիկների պարային ֆլեշ-մոբը: Չնայած գիտեինք, որ նրանք այդպիսի նախաձեռնությամբ էին հանդես գալու, բայց թե ինչ տարբերակով էր լինելու, այդ օրը միայն բացահայտեցինք: Հաճելի անակնկալներն ու դրվագները հաջորդում էին մեկը մյուսին, որոնք ավելի էին բարձրացնում մեր տրամադրությունը:

27

-Եթե հանրագումարի բերենք Ձեր համատեղ կյանքի 50 և բեմական գործունեության 30 տարիները, ապա ինչպիսի՞ պատկեր կլինի:

-Դժվար է ինքնագնահատական տալ: Այս հարցի պատասխանը հանդիսատեսը կիմանա, մեր արվեստի երկրպագուները, որոնց համար էր հոբելյանական երեկոն կազմակերպվել: Այն յուրօրինակ հաշվետվություն էր: Հանդիսատեսը տեսավ մեր անցած ճանապարհը, ծանոթացավ կենսագրական էջերին և նույնիսկ այնպիսի տեղեկություններ իմացավ, որոնք գուցե առաջին անգամ էր լսում:

Այդ օրը բարձրաձայնեցի, որ Շառլ Ազնավուրը և մայրիկս հորեղբոր թոռներ են: Նախկինում այդ մասին միայն նեղ շրջանակներում եմ խոսել:

-Երիտասարդ տարիներից արդեն մեծ համբավ և ճանաչում եք ունեցել. հե՞շտ էր դիմանալ փառքին:

-Իմ պարագայում բացասական ազդեցության տակ երբեք չեմ եղել այն պարզ պատճառով, որովհետև հայրիկիս՝ հայ թատրոնի անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանի  կողմից փառամոլության դրսևորում երբեք չեմ տեսել: Նա հեղինակություն է եղել՝ մշտապես արժանանալով հանդիսատեսի սիրուն և ծափողջույններին, բայց երբեք բերկրաթմբիր (էյֆորիա) չի ապրել:

Մի դրվագ հիշեցի. մայրիկս տարիներ առաջ եկել էր «Հին աստվածներ» ներկայացման առաջնախաղը դիտելու, որից հետո այլևս չեկավ, որովհետև ես չէի ուզում: Տարիներ անց նա ասաց, որ կարոտել է իմ ներկայացումները դիտելուն և խնդրեց, որ մեկ անգամ ևս գա: Իհարկե, համաձայնեցի… Իսկ չէի ցանկանում, որովհետև հարազատ մարդու մեկ խոսքը, մեկ բացականչությունը կարող է խանգարել դերասանին:

Նույն կերպ հայրս է վարվել. նա մեր գերդաստանին խստիվ արգելել էր, որ բեմում իրեն ծաղիկներ նվիրեին կամ որևէ բացականչություն հնչեցնեին դահլիճից:

– Երբևէ մտածե՞լ եք` հայտնի լինելու համար ի՞նչ «գին» եք վճարել:

-Ոչ թե հայտնի լինելու, այլև՝ իմ սիրած գործով զբաղվելու համար, այո՛, շատ թանկ եմ վճարել: Տարիների վաստակած հաջողությունն ինձ երբեք հենց այնպես չի տրվել:

 Շատ դեպքում մարդկանց կողմից դա չի նկատվում, նրանց թվում է՝ ամեն ինչ սկուտեղի վրա է մեզ մատուցվել, որ մեր կայնքը միայն ծափահարություններով և ծաղիկներով է պարուրված: Սակայն այդ ամենի հետևում տառապանք, անքուն գիշերներ, քրտինք, տաժանակիր օրեր, թիկունքից չկամեցողների հարվածներ են թաքնված, հարվածներ, որոնք ինձ ավելի են ուժ տվել: Ճանապարհիս հանդիպած բոլոր չարակամ, նախանձ մարդկանց՝ ասել եմ, որ ի հեճուկս իրենց պահվածքի՝ նորանոր բարձունքների եմ հասնելու, և հիմա շնորհակալ եմ նրանց:

Այդ ամենին գումարվել է նաև Աստծո կողմից տրված շնորհը, որը լիարժեքորեն ծառայեցրել եմ մարդկանց. եթե այդ տաղանդը ներփակեմ իմ մեջ, այն մեղք գործելուն հավասազոր և ոչ աստվածահաճո կլինի:

Դերասանի գործը թատրոնին և հանդիսատեսին անվերապահորեն նվիրվելն է: Երբ փողոցում անծանոթը մոտենում է քեզ և շնորհակալություն հայտնելով՝ հեռանում, արդեն ամեն ինչ ասված է: Շատ հաճախ չես էլ հասցնում հարցնել, թե այդ շնորհակալությունն ինչի համար էր ասված:

-Գուշակեցիք իմ հաջորդ հարցը: Ուզում էի իմանալ, թե ո՞րն է Ձեր և տիկին Նելլիի՝ ժողովրդի համատարած սիրուն և բարձր գնահատանքին արժանանալու գաղտնիքը:

-Երբեք պետք չէ այդ մասին մտածել, հատկապես՝ աշխատանքի պահին, քանի որ այն քո մասնագիտության մի մասն է կազմում: Դերասանը հասարակության կողմից պետք է սիրված լինի, վայելի նրանց հարգանքը, սակայն դրանով չի պայմանավորված այն վերջնակետը, որին ձգտում ես հասնել: Բեմում, թե էկրանին՝ քո առաքելությունն աշխատելն ու արարելն է, իսկ մնացածն արդեն այդ ամենի հետևանքներն են:

-Հարցազրույցներից մեկի ժամանակ տիկին Նելլին ասել է, որ Ձեր մատը կծելով է իր սերն արտահայտել: Հետաքրքիր է՝ այդ պահին ին՞չ զգացիք:

– Մատս կծելը Նելլիի կողմից հոգու պոռթկում էր: Այդ քայլն իմ մեջ հույս ներշնչեց, որ ամեն ինչ ավելի քան լուրջ է: Մենք այդ ժամանակ շատ երիտասարդ էինք, ապրում էինք ուսանողական հախուռն կյանքով՝ վայելելով մեր երիտասարդությունը, որը մինչև այժմ հեքիաթի պես ենք հիշում: Երկուստեք համակրում էինք միմյանց, ես միանգամից եմ նկատել Նելլիին. անհնարին էր նրան չնկատել:

Ձեր սիրո մեջ ո՞ր եղանակն է գերիշխում:

-Կարծում եմ՝ մեր սիրո մեջ հենց մեր ծննդյան՝ մայիս ամսվա եղանակն է գերիշխում (Տիգրան Ներսիսյանը ծնվել է մայիսի 7-ին, Նելլի Խերանյանը`մայիսի 10-ին-հեղ.): Այն գարնանային թավշյա իմ սիրելի եղանակն է, պանծալի հաղթանակների ամիսը: Մեր սերը բնորոշ է հենց գարնան թավիշ կանաչին: Սակայն դա չի նշանակում, որ ցուրտ ձմեռներ, աշնանային փոթորիկներ չեն նկատվում, բայց այդ ամենը ամփոփվում է մայիս ամսվա մեջ:

Առհասարակ, սիրում եմ մայիս ամիսը, որն իր հետ բերկրանք ու հանդարտություն է բերում:

-Միասին անցկացրած ամենաուրախ օրը ո՞րն է եղել:

-Միանգամից մեր փոքր դստեր՝ Մանեի ծննդյան տասնամյակը հիշեցի: Շատ էինք ուզում նրան անմոռանալի ու հիշարժան օր պարգևել: Եվ դա իմ մանկությունից է գալիս. այսօրվա պես պարզ ու հստակ հիշում եմ իմ տասնամյակը, թե ինչ ուրախ մթնոլորտում անցավ: Որոշել էի երեխայիս տարեդարձը ճիշտ իմ հոբելյանի պես նշել: Այդպես էլ եղավ. Մանեն երանության գրկում էր՝ շրջապատված սիրելի մարդկանցով և ընտանիքի անդամներով: Վստահ եմ, որ ամբողջ կյանքի ընթացքում նա այդ օրը լուսավոր հիշողություններով է միայն հիշելու:

-Խոսենք Ձեր աղջիկների մասին:

-Անին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, բայց նախընտրեց մանկավարժությունը: Դասավանդելու ձիրքը նրա մոտ ակնառու է: Նելլիի մայրն էլ ուսուցչուհի է եղել, գուցե նրա արժանի հետնորդն է դառնում:

Իսկ Մանեն դեռ փոքր է, մասնագիտական ընտրություն չի կատարել, բայց ակտիվ երեխա է, մեծ ոգևորությամբ «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն է հաճախում, շատ է ինքնակատարելագործմամբ զբաղվում:

6

-Տանը երեք կանանց հետ հե՞շտ է «գլուխ հանել», նրանց նախասիրություններն ու քմահաճույքները կատարել:

Իհարկե, այդքան էլ հեշտ չէ. նրանք ինձանից իրենց պահանջներն ու սպասելիքներն ունեն, որոնք պետք է արդարացնեմ: Սեր կոչվածը դա է, այն հենց այնպես չի տրվում:

Կարծում եմ, որ եթե դու քո սիրելիներին ուրախություն պարգևելու համար այդ ամենը հաճույքով և պատրաստակամորեն ես կատարում՝ այլընտրանք լինել չի կարող:

Նելլին, օրինակ, հիվանդագին վախ ունի, սարսափում է միջանցիկ քամուց, որը նրա մոտ գնալով խորանում է: Այն արդեն մեր ընտանեկան խնդիրն է դարձել, և ես վաղուց ընտելացել եմ դրան. մեր սիրելիներին ընդունում ենք այնպիսին, ինչպիսին որ նրանք կան:

-Պարո՛ն Ներսիսյան, հաջողվո՞ւմ է թատրոնը տուն չտանել և աշխատանքից հետո միայն ընտանեկան խաղաղության մեջ լինել:      

Փորձում ենք հենց այդպես էլ անել, բայց շատ հաճախ չի ստացվում: Թատրոնը տուն է մտնում, և բանավեճերը, քննարկումները ուղեկցում են մեզ:

Ամեն դեպքում՝ այն դերասաններից եմ, որ երբ ներկայացումից հետո վարագույրը փակվում է, ամեն ինչ ավարտվում է, այլ կերպ ասած՝ կերպարի «տակ» չեմ մնում և ապրում եմ առօրյա իմ կյանքով:

-Կյանքի այս հանգրվանում ի՞նչ երազանքներ ունեք:

Երազանքները պետք է միշտ ուղեկցեն մեզ, կարծում եմ՝ առանց երազանքների մարդ գոյություն չունի: Պարզապես պետք է ընդառաջ գնալով՝ կյանքի կոչել երազանքներդ, որոնք կապված են ընտանիքիդ, ընկերներիդ, հարազատներիդ, երկրիդ ու հայրենակիցներիդ հետ: Ես էլ այդ մարդկանցից մեկն եմ:

Հարցազրույցը՝ Գևորգ Չիչյանի

Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի ամենամեծ ողբերգություններից է. Թերի Ջորջ

Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Այն առանցքային պահ էր հետագայում նման ողբերգությունների կրկնության հարցում:

Ամերիկյան հեղինակավոր Charlie Rose թոք-շոուի ժամանակ այս մասին խոսել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը, ով իր կրծքին կրել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը:

Անդրադառնալով հարցին, թե երբ ու ինչու է տեղի ունեցել ցեղասպանությունը` նա պատմել է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության ղեկավարությունը որոշում ընդունեց ոչնչացնել հայ բնակչությանը: «Օգտագործելով պատերազմը թուրքերի և ռուսների միջև որպես պատրվակ` նրանք հայտարարեցին, որ հայերը պետք է հեռացվեն պատերազմական գոտուց: Ողջ կայսրության տարածքից հայերը տարվեցին մահվան երթերի` սպանվելով գետերում, դաշտերում, ժայռերում, խորտակվեցին ծովերում: Սա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, առանցքային պահ ցեղասպանությունների իրականացման գործում: «Ցեղասպանություն» եզրույթն առաջացել է հենց այս իրադարձությունը բնութագրելու համար»,- Արցախպրեսի հաղորդմամբ՝ պատմել է ռեժիսորը:

Խոսելով այն մասին, թե ինչու է Միացյալ Նահանգները հրաժարվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը` Թերի Ջորջը նշել է, որ Թուրքիան ռազմավարական մեծ ազդեցություն ունի ԱՄՆ վրա: Նա հիշեցրել է, թե ինչպես են նախկինում տապալվել Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյան ֆիլմերի նկարահանումները: «Երբ փորձ արվեց նկարահանել «Մուսա լեռան 40 օրը» ֆիլմը, Թուրքիայի կառավարությունը ճնշումներ գործադրեց պետդեպարտամենտի և նկարահանման ստուդիաների վրա` տապալելով ֆիլմի նկարահանման փորձերը: Սա 20-րդ դարի ամենամեծ ու անհայտ ողբերգություններից է»,- ասել է Թերի Ջորջը:

Նա հիշեցրել է, թե ինչպես ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախքան ընտրվելը խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն ընտրվելուց հետո չպահեց խոստումը: «Այս հարցում նրա վերջին մեկնաբանությունն այն էր, թե «իմ տեսակետն այս հարցում չի փոխվել», սակայն չասեց «ցեղասպանություն» եզրույթը: Դեսպան Սամանտա Փաուերը ևս անկարող եղավ այդ բառն արտաբերել, թեպետ գրել է մի գիրք «Խնդիր դժոխքից» («A problem from Hell»), որտեղ շեշտադրել էր Հայոց ցեղասպանությունը` որպես այս իրադարձությունների նկատմամբ ԱՄՆ կառավարության վերաբերմունքի սկզբնաքար»,- պատմել է ռեժիսորը` ընդգծելով, որ ներկայում Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ղեկավարության և ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերմունքի մեջ որևէ փոփոխություն չի տեսնում:

Թոք-շոուի մասնակից Անժելա Սարաֆյանը ներկայացրել է ֆիլմում մարմնավորած իր կերպարին` Մարալին, ով հայկական ավանդական գյուղի բնակիչ է: «Ես երջանիկ եմ կերտելու հայ ավանդական կնոջ կերպարը` ինքս հայ լինելով: Իմ մայրն ու տատը դրա հրաշալի օրինակներն էին: Այս ֆիլմն ու պատմությունը շատ անձնական էին ինձ համար, քանի որ ես լսել էի պատմություններ իմ նախնիներից, թե ինչպես են նրանք վերապրել կատարվածը»,- ասել է դերասանուհին

Քիչ ինտերնետ ծախսելու և անխափան անվճար զանգ կատարելու լուծումը հայկական Zangi-ն է

Տելեկոմունիկացիայի փորձագետները արդեն վաղուց նշում են, որ ավանդական զանգերը շուտով իրենց տեղն են զիջելու VoIP հեռահաղորդակցության տեսակին, կամ պարզապես մեսինջերներին: Տեքստային հաղորդագրությունն արդեն գրեթե չի օգտագործվում, իսկ ձայնային կապի «մայրամուտը» մոտեցավ բոլորիս հայտնի Viber-ի, Facebook messenger-ի, WhatsApp-ի հաջող տարածումից հետո: Ամեն դեպքում մեսինջերներով կապը առաջնային չի դեռևս, քանի որ դրանք ավանդական կապի նման հուսալի չեն: Բոլոր օգտատերերն էլ գիտեն, որ մեսինջերով զանգի դեպքում, երբեմն կապը կտրտվում է, կամ «սառում»: Շուկայում առկա այս խնդիրը նաև հայ մասնագետների ուշադրությունն է գրավել: 2013թ-ին մի խումբ հայ ծրագրավորողներ, ովքեր այդ ժամանակ արդեն ունեին stream control protocol-ի սեփական արտադրության տեխնոլոգիան մտադրվեցին լուծել մեսինջերների զանգի որակի խնդիրը, և արդյունքում 2015թ-ին մեսինջերների համաշխարհային շուկայում ներկայացվեց «Zangi» մեսինջերը: «Մենք նկատեցինք, որ մարդկանց կողմից մեսինջերների զանգ կատարելու ֆունկցիայի քիչ կիրառումը հուսալիության պակասն էր, և մինչև այժմ էլ դա է հիմնական խնդիրը: Թիմի նպատակ դրեց լուծել հենց այդ ամենաբարդ խնդիրը, արդյունքում մենք մեր սեփական տեխնոլոգիայով ստեղծեցինք ներկայումս ամենաթույլ ինտերնետով, աշխարհում ամենաորակյալ ձայնային կապն ապահովող մեսինջերը՝ Zangi-ն: Մեր մեսինջերով 1 ՄԲ ինտերնետով կարելի է խոսել 7 րոպե: Սա մի քանի անգամ գերազանց ցուցանիշ է, քան Viber-ի, Facebook Messenger-ի, WhatsApp-ի ցուցանիշներից: Zangi-ով կարող ենք կապ հաստատել 2G/EDGE կամ շատ թույլ Wi-Fi սիգնալի դեպքում: Այս <շքեղությունը> գրեթե ոչ մի մեսինջեր չի կարող թույլ տալ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Zangi»-ի տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը:

Փորձագետների կարծիքով՝ մեսինջերները շուկայում հայտնվելուց սկզբնական շրջանում ուշադրություն չեն դարձնում թույլ կապի դեպքում մեսինջերի աշխատանքի վրա, քանի որ դրանք թողարկվում են զարգացած երկրներում, որտեղ ինտերնետը ավելի արագ է, ու տարածված, քան, օրինակ, Հայաստանում, չնայած հայաստանյան կապի արագությունն ու որակը համեմատելի է արևելաեվրոպական երկրների ցուցանիշներին, իսկ մերձավորարևելյան, աֆրիկյան երկրները զիջում են Հայաստանին մի քանի անգամ:

Թերևս այս է նաև պատճառներից մեկը, որ ներկայումս Zangi-ի 1 մլն ակտիվ օգտատերերի զգալի մասը Մերձավոր Արևելքից է: «Zangi-ի ակտիվ օգտատերերի աշխարհագրությունը չափազանց լայն է, սակայն մեծ տեղ է զբաղեցնում Հայաստանը, Ռուսաստանը եւ Մերձավոր Արևելքը: Ընդլայնվելու հնարավորությունները չափազանց շատ են, քանի որ իսկապես լավ որակ ենք ապահովում, քան մրցակից մեսինջերները: Ճիշտ է մենք էլ իդեալական չենք, սակայն այս պահին առաջատար ենք որակով, և անընդհատ աշխատում ենք խոտանները ֆիքսելու ուղղությամբ: Մեր դիրքերը ամուր են նաև այն պատճառով, որ մենք սեփական պլատֆորմի վրա ենք աշխատում, ինչի հնարավորությունը չունեն շատ այլ մեսինջերներ»,-նշեց Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ նույնիսկ պատրաստ են ընդունել մարտահրավեր օգտատերերի կողմից: Օրինակ կարող են օգտատիրոջ հրավերով այցելել այնպիսի բնակավայր, որտեղ ինտերնետը թույլ է, և այլ մեսինջերներով զանգ կատարել կամ հնարավոր չէ, կամ գրեթե հնարավոր չէ, և ապացուցել, որ Zangi-ն կարող է հուսալի կապուղի լինել նաև բարդ իրավիճակում:

«Կցանկանայի, որ հայաստանյան օգտատերը Zangi-ն վերաբերեր նաև որպես Հայաստանյան հաջողված ու միջազգային չափանիշներով առաջատար արտադրանքի: Zangi-ի հայկականությունն ընդգծելու համար նույնիսկ հայերեն սթիկերներ ենք թողարկել, որոնք մեր իրականությունից են վերցված ու ինչպես մեսինջերը՝ անվճար են»,- ասաց Մարտիրոսյանը:

Սթիքերների օգտագործումը թողնում ենք հայաստանցի օգտատիրոջ ցանկությանը, սակայն կարող ենք նշել, որ դրանք իսկապես թեմատիկ են ու շատ լավ իրականացված:

iOSZangi

AndroidZangi

Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց թվում են ծագումով հայ 8 գործարարներ. Forbes

Forbes ամսագրի ռուսական ծառայությունը կազմել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակը, որում տեղ է գտել 200 գործարար:

Վարկանիշային աղյուսակում ներառված են հայկական ծագում ունեցող 8 գործարարներ, հայտնում է 1in.am-ը:

18-րդ հորիզոնականում գտնվում է Սերգեյ Գալիցկին (Հարությունյան), որը «Մագնիտ» առևտրի ցանցի գործադիր տնօրենն է: Նրա կարողությունը կազմում է 6.8 միլիարդ դոլար:

«Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյանի կարողությունը նախորդ տարվա համեմատ ավելացել է 300 միլիոն դոլարով: Նա 3.4 միլիարդ դոլարով զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը:

«Ռոսգոսստրախ» ընկերության համասեփականատեր և գործադիր տնօրեն Դանիլ Խաչատուրովը՝ 2 միլիարդ դոլար կարողությամբ, 48-րդ տեղում է:

Վարկանիշային աղյուսակում տեղ են գտել նաև Ռուբեն Վարդանյանը, որը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը և ունի 950 միլիոն դոլարի կարողություն, «ՍԿԱՐԼԵՏ» ընկերության հիմնադիր Ալբերտ Ավդոլյանը (800 միլիոն դոլար), Նիկոլայ և Սերգեյ Սարգիսովները (700 միլիոն դոլար) և Mamba և Badoo ծանոթությունների կայքերի հիմնադիր Անդրեյ Անդրեևը (Անդրեյ Օհանջանյան), որի կարողությունը գնահատվել է 500 միլիոն դոլար:

Նշենք, որ վարկանիշային աղյուսակը գլխավորում է «ՆՈՎԱՏԷԿ» ընկերության համահիմնադիր Լեոնիդ Միխելսոնը՝ 18.4 միլիարդ դոլար կարողությամբ: Ռուսաստանի երկրորդ ամենահարուստ մարդը «Սեվերստալ» հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Մարդաշովն է (17.5 միլիարդ դոլար): Եռյակը եզրափակում է Նովոլիպեցկի մետարուլգիական կոմբինատի համասեփականատեր Վլադիմիր Լիսինը (16.1 միլիարդ դոլար):

Տեխնոլոգիական ճամբարը կհամախմբի Հայաստանի և Սփյուռքի երիտասարդներին

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նախաձեռնում է նոր ֆորմատի ամառային ճամբար, որը կհամախմբի Հայաստանի ու Սփյուռքի երիտասարդներին,  կամրապնդի ՀՀ մարզերում ապրող երեխաների և սփյուռքահայ երեխաների միջև կապը և հետագա համագործակցությունը, կհանդիսանա ինժեներական նախնական գիտելիքների ու հմտությունների ձևավորման հիանալի հարթակ:

Ճամբարի մասնակիցներ

Ճամբարը նախատեսված է 10-13 և 14-17 տարեկան երիտասարդների համար:

Ճամբարի մասնակիցներն են

  • ՀՀ բոլոր մարզերում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում և ռոբոտաշինության խմբակներում ուսուցանող դպրոցականները,
  • Սփյուռքում բնակվող երեխաները
  • Հայաստանյան ընկերությունների/կազմակերպությւնների աշխատակիցների երեխաները
  • Անապահով ընտանիքների երեխաները

Ճամբարի օրակարգը

Ճամբարի տևողությունն է 10 օր, որը կլրացվի հատուկ մշակված օրակարգով:

Օրակարգը ներառելու է

  • ինժեներական գիտելիքների, ծրագրավորման և ռոբոտաշինության սկզբնական գիտելիքների և հմտությունների ձեռքբերման վարժանքներ,
  • դասընթացներ,
  • առաջադրանքներ,
  • մրցույթներ,
  • ժամանկցային ծրագիր` թիմային սպորտային խաղեր, ինտելեկտուալ մրցույթներ և այլն:

Կարևորելով հայրենասիրության և սեփական երկրի նկատմամբ կապվածության սերմանումը, ճամբարի հիմնական ուղղություններից է հայրենաճանաչությանը ուղղված միջոցառումները`

  • արշավներ,
  • ազգային պարերի դասընթացներ,
  • նախնական հրազենային պատրաստություն, բուժ.պատրաստություն, քարտեզագիտություն

Այսպիսով, ճամբարի ընթացքում կազմակերպվող միջոցառումների ու առաջադրանքների միջոցով «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների երեխաները իրենց փորձը և գիտելիքները կփոխանցեն իրենց հասակակիցներին սփյուռքից, ինչը բաց երկխոսության, թիմային աշխատանքի, փորձի և գիտելիքների կիսման, կապերի հաստատման հիանալի հնարավորություն է լինելու:


Մասնակցության պայմաններ

Ճամբարում մասնակցության արժեքը ներառում է`

  • Տեղափոխում Երևանից ճամբարի տարածք և հետադարձ: Անհրաժեշտության դեպքում նաև դիմավորում և ճանապարհում օդանավակայան:
  • 10 օրվա կեցություն և սնունդ ճամբարի տարածքում
  • Մասնակցություն ճամբարի շրջանակներում կազմակերպվող բոլոր միջոցառումներին

Մեկ երեխայի ճամբարում մասնակցության արժեքը կազմում է 350 $:
Պայմանները ճամբարում

  • Երեքանգամյա սնունդ
  • Հատուկ վերապատրաստում անցած ջոկատավարներ, ովքեր ունենալով մեծ փրձ ճամբարների կազմակերպման ոլորտգում կզբաղվեն ինչպես երեխաների խնամքով, այնպես էլ կուղղորդեն և կաջակցեն մրցութային առաջադրանքների իրականացման ժամանակ
  • Ճամբարի տարածքում գործում է բուժ. կետ, որտեղ երեխաները ճամբարի սկզբում անցնում են բժշկական ստուգում
  • Անձնական հիգիենայի ապահովման համար ճամբարում կան բոլոր համապատասխան պայմանները /առանձին լոգասենյակներ/

Սենյակները համալրված անհրաժեշտ գույքով, կատարվում է ամենօրյա մաքրում

*Մրցույթների և առաջադրանքների իրականացման համար ողջ անհրաժեշտ գործիքակազմը և սարքավորումները տրամադրվում են կազմակերպիչների կողմից:

*Երեխայի մասնակցությունը հաստատվելուց հետո ծնողների և ԻՏՁՄ միջև կնքվում է պայմանագիր, որի համաձայն ճամբարի կազմակերպիչները ստանձնում են ճամբարի կազմակերպման, երեխայի լիարժեք մասնակցության ապահովման պատասխանատվությունը:

 Մասնակցության համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը:

 Պատասխանատու`
Աննա Սարգսյան
Հեռ. +37491009181
Էլ հասցե` anna.sargsyan@uite.org

2016 թվականին Հանքավանում անցկացվել է ամառային տեխնոլոգիական ճամբարը, որին մասնակցել են 9-13 տարեկան դպրոցականներ ՀՀ տարբեր մարզերի գյուղերից ու քաղաքներից: Այն իրականացվել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), Ucom ընկերության և Վորլդ Վիժն Հայաստանի կողմից՝ երկու հոսքով և ընդհանուր թվով՝ 600 դպրոցականների համար:

910 11 12

13 14

«Ես եմ» խորագրով ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում

Համազգային հայ կրթական և մշակութային միությունը կազմակերպում է Հայաստանի երիտասարդ արտիստների «Ես եմ» խորագրով ցուցահանդես:

Ցուցահանդեսի նպատակն է բացահայտել տաղանդավոր ստեղծագործող նոր անուններ, շարունակել հայ կերպարվեստի լավագույն ավանդույթները, ասպարեզ տալ երիտասարդ ստեղծագործողների գեղարվեստական, գեղագիտական նոր որոնումներին:
Ցուցահանդեսին մասնակցում են 17 երիտասարդ ստեղծագործողներ Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից:

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա ապրիլի 28-ին, ժամը` 16:00-ին, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում (հասցե՝ Աբովյան 16):

Նույն օրը տեղի կունենա նաև համանուն պատկերագրքի շնորհանդեսը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև 04 մայիսի 2017թ.:

«Պատիվ ունեմ». ուսանողներին առաջարկվում է 3 տարով սպայական ծառայություն՝ 260 000 դրամ աշխատավարձով

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հայկական բանակը կարիք ունի բանիմաց և հմուտ սպայակազմի: ՌՈՒՀ-երի շրջանավարտներն այն քաղաքացիներն են, ովքեր ընտրել են սպայական մասնագիտությունը որպես կենսակերպ, առաքելություն: Նրանք իրենց մարտական ուղին սկսում են որպես կուրսանտներ և երազում գեներալ դառնալ: Բայց մեծաթիվ բանակին անհրաժեշտ են մեծ թվով կրտսեր սպաներ, ովքեր կծառայեն դասակ-վաշտ օղակում: Նույնիսկ ցանկալի է, որ այդ օղակում ծառայող հրամանատարները, ունենալով անհրաժեշտ ռազմական կրթություն, գան տարբեր միջավայրերից, քաղաքացիական ամենատարբեր մասնագիտությունների տեր լինեն: Նրանք իրենց հետ զինված ուժեր են բերելու նոր գիտելիքներ և հմտություններ, որոնք օգնելու են ավելի արդյունավետ դարձնել ժամկետային զինծառայողների բանակային տարիները:

Այսօրվա իրականության մեջ բուհական տարկետումների համակարգը թերի է և ծնում է անարդարության բազմաթիվ դրսևորումներ: Բուհերի ընդունելության քննությունները, բակալավրիատ-մագիստրատուրա-ասպիրանտուրա` ողջ աշխարհում աշխատանքային փորձի ձեռքբերմամբ ընդհատվող ցիկլը մեզանում դարձել է չընդհատվող 4+2+3 ուսումնական ընթացք, որին հետևում է թեկնածուական ատենախոսության հապճեպ պաշտպանությունը` ժամկետային ծառայությանը մեկընդմիշտ հրաժեշտ տալու հեռանկարով:

Ավելին, արդյունավետ չի օգտագործվում բուհերի այն շրջանավարտների ներուժը, ովքեր բակալավրիատից հետո զորակոչվում են ՀՀ զինված ուժեր: Հիմնականում նրանք համալրում են շարքային-սերժանտական կազմը, լավագույն դեպքում` անցնելով ուսումնական զորամասերով, իսկ երբեմն` անմիջապես նախանշվելով մարտական հերթապահություն իրականացնող զորամաս:

«Պատիվ ունեմ» պետական ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ: Պետական հավատարմագրում ունեցող (պետական կամ մասնավոր) բուհ ընդունված յուրաքանչյուր երիտասարդ իրավունք ունի դիմելու այդ ծրագրում ընդգրկվելու համար: Մի շարք պայմանների համապատասխանելու դեպքում (առողջական վիճակ, հրամանատարական ջիղը որոշելուն միտված հոգեբանական թեստավորում, ուսման ընթացքում գնահատականի նվազագույն շեմի պահպանում) նա կարող է ընդգրկվել նշված ծրագրում` դառնալով սպայի կոչման հավակնող թեկնածու: Սովորելով քաղաքացիական բուհում` այդ երիտասարդները 2-րդ կուրսի սկզբից մինչև 4-րդ կուրսի առաջին կիսամյակը ներառյալ` յուրաքանչյուր շաբաթ օր, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում այցելում են զինվորական պատրաստության դասընթաց: Այդ ուսուցումը հաջող անցնելու և քաղաքացիական բուհի դիպլոմ ստանալու դեպքում քաղաքացին բակալավրի աստիճան ստանալուն զուգընթաց ստանում է լեյտենանտի սպայական կոչում և երեք տարի ժամկետով անցնում ծառայություն զինված ուժերում: Ծառայությունը կազմակերպվում է քաղաքացիական մասնագիտությունը հաշվի առնելով, բայց բոլոր դեպքերում` 1-ին կարգի զորամասերում (առաջնագիծ): Այդպիսով, բարձրագույն կրթություն ստացած քաղաքացին կարողանում է ավելի բարձր մակարդակում իր ծառայությունը բերել հայրենիքին, միաժամանակ անցնելով այն սպայական կարգավիճակում (ծառայության համապատասխան կենցաղային պայմաններով), մրցունակ աշխատավարձով (ամսական առնվազն 260.000 դրամ): Ծառայությունը բարեհաջող ավարտելու դեպքում նա նաև ստանում է լրացուցիչ ֆինանսական բոնուս` իր ուսումնառության տարիների ուսման վարձի չափով: Ծառայությունն ավարտելուց հետո մագիստրատուրա ընդունվելու դեպքում փոխհատուցվում է նաև նրա մագիստրոսական կրթությունը:

Նախատեսվում է հատուկ պայմաններով սպայական ծառայություն առաջարկել աշխարհի 10 առաջատար բուհերից մեկն ավարտած, ինչպես նաև միջազգային օլիմպիադաների հաղթող ուսանողներին: Նրանց ծառայություն կառաջարկվի սպայական պաշտոններում, բայց ռազմարդյունաբերական համալիրում, որտեղ նրանք կկարողանան ավելի մեծ արդյունավետությամբ կիրառել իրենց գիտելիքները: Նրանց պարագայում կառաջարկվեն ոչ թե եռամյա, այլ հնգամյա պայմանագրեր:

Ծրագրի կարևոր արդյունքներից է նաև լուրջ սպայական պահեստազորի ձևավորումը: Մեծաքանակ շարքային պահեստազոր ունեցող բանակին անհրաժեշտ են հմուտ և առաջնագծում ծառայություն անցած պահեստազորի սպաներ:

Այսպիսով, տարկետումը բանակից խուսափելու միջոցից վերածվում է բանակին առավել արդյունավետ ծառայություն բերելու միջոցի: Պետությունն էլ դրա դիմաց առաջարկում է փոխհատուցման շոշափելի փաթեթ»:

Հայ համայնքը Սերբիայում մեծ հարգանք է վայելում. Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Սերբիայի նորանշանակ դեսպանին

Հայ համայնքը Սերբիայում սիրված է և մեծ հարգանք է վայելում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Սերբիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Դուշան Սպասոևիչին (նստավայրը` Աթենք):

Մայր աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով, կարևորեց երկու երկրների միջև հարաբերությունների և գործակցության ընդլայնումը:

Նորին Սրբությունն անդրադարձել է երկու ժողովուրդների պատմական առնչություններին, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական և Սերբ Ուղղափառ Եկեղեցիների եղբայրական կապերին: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեսպանի միջոցով իր բարեմաղթանքներն ու ողջույններն է փոխանցել Սերբ Ուղղափառ Եկեղեցու պետ Իրենեոս Պատրիարքին:

Զրույցի ընթացքում խոսվել է նաև երկու Եկեղեցիների առջև ծառացած արդի մարտահրավերների և դրանց հաղթահարմանն ուղղված ջանքերի մասին:

Ապրիլի 23-ին Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի կտարվի Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը

Ապրիլի 23-ին` Կրկնազատկին, հաստատված ավանդույթի համաձայն Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրապահոցից դուրս կբերվի և Արագածոտնի թեմի Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի կտարվի Շուրիշկանի նշանավոր Ավետարանը: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Մատուցվող ուխտի Ս. Պատարագի ընթացքում ուխտավորները հնարավորություն կունենան համբուրելու հրաշագործ Ս. Ավետարանը և ստանալու նրա օրհնությունը: