ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչը ելույթ է ունեցել Ֆլորիդայի միջազգային համալսարանում

Ապրիլի 13-ին ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը Ֆլորիդայի միջազգային համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ, որին ներկա էին միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության բաժինների դասախոսներ և ուսանողներ։

ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ դասախոսության ընթացքում Ռոբերտ Ավետիսյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությունը, կարգավորման գործընթացում առկա իրավիճակը, անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին։

Հանդիպման ավարտին Արցախի ներկայացուցիչը պատասխանել է դասախոսների և ուսանողներ բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին հակամարտության խաղաղ կարգավորմանը, Արցախի միջազգային ճանաչմանը և պետականաշինության գործընթացին։

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի միջոցառումները՝ Չեխիայում

Ապրիլի 20-ին` ժամը 12:00-ից մինչև 12:30-ը, Պրահայում տեղի կունենա «Պրահայի հայ երիտասարդական միության» կողմից կազմակերպած լուռ բողոքի ակցիան։

Ակցիայի նպատակն է հիշեցնել հասարակությանը Հայոց Ցեղասպանության մասին և պահանջել Չեխիայի խորհրդարանից չլռել, գործել և ընդունել Հայոց Ցեղասպանությունը, panarmenian.net-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է Չեխիայի հայ համայնքի «Ապրիլ 24» կոմիտեն։

Ապրիլի 22-ին՝ ժամը 17-ին, Յիհլավայի Սուրբ Հոգի եկեղեցում տեղի կունենա Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված արարողություն, որին ներկա կլինեն Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուրարտու հՀայ-չեխական միության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը, իսկ ժամերգությունը կանցկացնի Չեխիայի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։

Ապրիլի 23-ին՝ ժամը 15-ին, Բռնո քաղաքի Հուսինյան եկեղեցում տեղի կունենա Սրբոց նահատակաց արարողություն, որը կմատուցի Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը: Ապրիլ 24՝ 15:00-ին, Ծաղիկներ կդրվեն Ֆրանց Վերֆելի տան մոտ, 15:30-ին ծաղիկներ կդրվեն խաչքարի մոտ: Ժամը 16:00 քայլերթ կմեկնարկի: 17:30-ին՝ եկեղեցական արարողություն, հուշ-ձեռնարկ Ս.Հոգի եկեղեցում:

Իրանցի գործարարները մտադիր են ՀՀ-ում տոմատի մածուկի արտադրություն հիմնել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին ընդունել է ջերմոցաշինությամբ և տոմատի մածուկի արտադրությամբ զբաղվող իրանական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Համառոտ ներկայացնելով իրենց գործունեությունը`հյուրերը նշել են, որ մեծապես հետաքրքրված են գյուղատնտեսության ոլորտում հայկական կողմի հետ տարբեր ուղղություններով համագործակցություն ծավալելու հարցում: Մասնավորապես իրանցի գործարարները ցանկություն են հայտնել Հայաստանում հիմնել լոլիկի վերամշակման գործարան` արտադրանքը Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանելու նպատակով: Գործարարները հավելել են, որ այս հարցում ակնկալում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությունը: Նրանք նաև նշել են, որ նախատեսում են հայ ֆերմերների հետ պայմանագրեր կնքել լոլիկի արտադրության կազմակերպման համար:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել իրանական կողմին Հայաստանում լոլիկի մշակություն և մածուկի արտադրություն կազմակերպելու հարցում: Տեղական սորտերի սերմերի վերաբերյալ առավել հանգամանալից տեղեկատվության ստանալու համար նախարարն առաջարկել է հյուրերին սերտորեն համագործակցել «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԳՆ ենթակայության ներքո գործող մյուս գիտական կենտրոնների հետ:

Գործարարների հետ փոխգործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու նպատակով նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է ներկայացնել բիզնես-ծրագիր, որում կներառվեն բոլոր առաջարկները և միջոցառումները:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում ջերմոցային կոնստրուկցիաների արտադրության և ներդրման, համատեղ ջանքերով գյուղատնտեսական այլ մթերքների արտադրության կազմակերպման հնարավորությունը:

Զմյուռնիայի հայերի մոռացված պատմությունը. Թուրքիայում Իզմիրի հայերի մասին նոր գիրք է հրատարակվել

Ստամբուլում գործող «Արաս» հայկական հրատարակչությունը լույս է ընծայել Զմյուռնիայի հայության մասին «Իզմիրի հայերը» գիրքը:
Գիրքն արդեն տեղ է գտել «Արաս»-ի պաշտոնական կայքում, որտեղից էլ գնորդները կարող են այն պատվիրել համացանցի միջոցով:

Ուսումնասիրության հեղինակ Զաքարյա Միլդանօղլուն նշում է, որ Զմյուռնիայի հայության մասին տեղեկությունները երկար ժամանակ մատնվել են անուշադրության, իսկ թեման գրեթե չի ուսումնասիրվել մինչ օրս, գրում է tert.am-ը:

Ըստ նրա` Էգեյան շրջանի հայության պատմության, մշակույթի ու ժառանգության մասին խոսելն այդքան էլ հեշտ չէ:

Նշենք, որ մինչ Առաջին համաշխարհայինն Իզմիրի բնակչության 60 տոկոսը եղել են հայեր, հույներ և հրեաներ:

Զմյուռնիայի հրդեհը, որը պատմության մեջ հայտնի է նաև որպես Զմյուռնիայի աղետ, տեղի է ունեցել 1922թ.-ի սեպտեմբերին:
Այն ժամանակ Թուրքիայի քեմալական կառավարության զորքերը պատերազմի ընթացքում պարտության մատնեցին Փոքր Ասիայի խորքերը թափանցած և հին հունական տարածքներն ազատագրած հունական զորքերին, իսկ 1922 թվականի սեպտեմբերի 9-ին ներխուժեցին Զմյուռնիա:
Կոտորածից խուսափելու համար հազարավոր հայեր ապաստանեցին Սուրբ Ստեփանոս եկեղեցու տարածքում։ Հրդեհի հետևանքով այրվեցին ավելի քան 50 հազար տուն, 24 եկեղեցի, 28 դպրոց, բանկեր, հյուպատոսարաններ, հիվանդանոցներ։

Երևանի Սիրահարների այգում բացվել է «Սիրո միություն» արձանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցու հեղինակած «Սիրո միություն» արձանի բացման արարողությանը: Մայրաքաղաքի Սիրահարների այգում տեղադրված արձանի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և քանդակի հեղինակ Դավիթ Երևանցուն: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհակալություն հայտնելով քանդակի հեղինակին երևանյան արձանների թիվը ևս մեկով ավելացնելու համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն վստահաբար կդառնա մայրաքաղաքի բնակիչների սիրված արձաններից մեկը:
«Ուզում եմ իմ և բոլոր երևանցիների անունից շնորհակալություն հայտնել հեղինակին ու բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել արձանի ստեղծման գործում: Եվ հաշվի առնելով վայրը, որտեղ տեղադրվեց արձանը, այսինքն` Սիրահարների այգում, վստահ կարող ենք ասել, որ այն իսկապես իր տեղում է, և այն միջավայրը, որ ստեղծված է այստեղ, այս արձանի տեղադրումով հաստատ հարստացավ ու գեղեցկացավ»,– նշել է քաղաքապետը:
Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով նախաձեռնությունը կյանքի կոչելու հարցում ցուցաբերած աջակցության համար, նշել է, որ մեծ սիրով ու նվիրվածությամբ է իր ստեղծագործությունները նվիրում Երևանին, ինչը մայրաքաղաքի հանդեպ անսահման սիրո ևս մեկ դրսևորում է:
«Պարոն քաղաքապետ, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ, որ եղաք շատ սկզբունքային և Ձեր խոսքը տարաք մինչև վերջ ու այս գործը հասցրեցիք ավարտին: Վարդեր չէին փռված ճանապարհիս, ասեղները շատ էին, բայց Ձեր աջակցությամբ կարողացա նախաձեռնությունս կյանքի կոչել»,– նշել է Դավիթ Երևանցին:
Սիրո միություն խորհրդանշող արձանը բրոնզաձույլ է, պատվանդանը՝ տրավերտինե հենքի վրա, բարձրությունը՝ 1.97մ, պատվանդանի հաստությունը՝ 20 սմ: Արձանի ճարտարապետն է Միքայել Հասրաթյանը: Հարկ է նշել, որ Սիրահարների այգու տարածքում արձանը տեղադրելու վերաբերյալ որոշման նախագիծն արժանացել էր Երևանի ավագանու անդամների հավանությանը:

%d6%84%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1%d5%af %d6%84%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1%d5%af2 %d6%84%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1%d5%af3 %d6%84%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1%d5%af4

Թրամփից մեր ակնկալիքը Հայոց ցեղասպանության հարցում ազնիվ դիրքորոշում ունենալն է.Արամ Համբարյան

Դեռ սպասում ենք, պետք է տեսնենք՝ արդյո՞ք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 24-ին կնախընտրի խոսել փաստերի լեզվով, թե՞ տուրք կտա Թուրքիայի ճնշումներին: Tert.am-ի հետ զրույցում խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն ըստ արժանվույն հարգելու կոչին՝ ասաց Վաշինգթոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, որն էլ նախաձեռնության հիմնադիրներից է:

«Եթե նա մատնանշի բարոյական արժեքների, պատմական փաստերի մասին, նա շատ ճշմարիտ բան կանի: Կնշանակի, որ նա ըստ արժանվույն հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,- ասաց նա:

Արամ Համբարյանը նշեց, որ ԱՄՆ-ում Թուրքիայի կողմից գործադրվող ճնշումը որոշիչ է միշտ լինում․ նրանք ամեն ինչ անում են, որ ԱՄՆ-ի վարչակազմից և ոչ ոք չարտասանի Հայոց ցեղասպանություն բառակապակցությունը:

«Դեռ ժամանակ կա, տեսնենք՝ Դոնալդ Թրամփը կհետևի՞ պատմությանը, փաստերին, բարոյական արժեքներին, թե՞ Թուրքիայի ճնշումներին կենթարկվի»,- ասաց Արամ Համբարյանը:

Անդրադառնալով ԱՄՆ նոր նախագահ Թրամփի քաղաքականությանը՝ նա նշեց, որ իրենք հիմա փորձում են հասկանալ՝ ինչպես է Միացյալ Նահանգների նոր վարչակազմն աշխատում, որքան է երկրի կառավարումն առաջնորդվում նախագահի որոշումներով և որքան՝ Պետդեպարտամենտի որոշումներով:

«Մենք դեռ փորձում ենք դա հասկանալ, դեռ ամբողջովին պարզ չէ: Դեռ պետք է պարզենք, թե ԱՄՆ նոր վարչակազմում ինչպես են աշխարհաքաղաքական, արտաքին քաղաքական և այլ հարցերով որոշումները կայացվում»,- ասաց նա:

Հարցին, թե ինքը, որպես հայկական հարցերի լոբբինգն իրականացնող կառույցի ղեկավար, ինչպե՞ս է գնահատում ԱՄՆ նոր վարչակազմի հետ աշխատանքների հնարավորությունը, արդյո՞ք հեշտ է նրանց հետ աշխատելը, նա պատասխանեց․ «Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մշտապես աշխատում է կոնգրեսականների հետ և նրա հետ, ով ընտրվում է նախագահ: Դա մեր պարտականությունն է: Մենք ցանկացած որոշում կայացնելիս փորձում ենք հասկանալ, թե ինչպես կարող ենք օգնել Հայաստանին: Այդ պատճառով մենք բոլորի հետ ենք գործ ունենում: Եթե Կոնգրեսի կամ Սենատի անդամները ցանկանան Հայաստանին օգնել, ցանկանան ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մենք նրանց հետ ենք աշխատելու: Մենք աշխատում ենք մեր բոլոր խնդիրների ուղղությամբ»,- ասաց նա:

Արամ Համբարյանը, վերադառնալով ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականության թեմային, նշեց, որ տարիներ առաջ Թուրքիան շատ ավելի լավ հարաբերություններ ուներ այն մարդկանց հետ, ովքեր կարող էին կանխել Հայոց ցեղասպանության ճանաչումը Միացյալ Նահանգներում:

«Բայց հիմա նրանք չունեն այդ հարաբերությունները: Բացի այդ, Միջին Արևելքում հիմա կատարվողը նման է Հայոց ցեղասպանությանը, և ես կարծում եմ, որ շատ ամերիկացիներ դա տեսնում են: Նաև պետք է պահել խոստումը՝ Հայոց ցեղասպանության թեման միշտ ԱՄՆ-ում ուշադրություն կենտրոնում պահելով: Եվ կգա մի օր, երբ Թուրքիան այլևս չի կարողանա ազդել ամերիկյան քաղաքականության վրա»,- ասաց Արամ Համբարյանը:

Նրա խոսքով՝ անկախ ամեն ինչից, իրենք փորձում են այլ ուղղություններով էլ հայկական խնդիրներն առաջ տանել: Նա հիշատակեց, որ ԱՄՆ 4 նահանգ արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս տարի ապրիլի 20-ին էլ ԱՄՆ նոր նախագահից ակնկալիքը մեկն է՝ Թուրքիայի՝ լռեցնելու քաղաքականությունը մերժելն ու Հայոց ցեղասպանության հարցում ազնիվ դիրքորոշում ընդունելը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման 2008թ. նախագահական քարոզարշավի ընթացքում խոստացել էր նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն ընտրվելուց հետո նա այդպես էլ չարտասանեց «ցեղասպանություն» բառը և 1915թ. հայերի կոտորածները ապրիլքսանչորսյան բոլոր ուղերձներում անվանեց հայերեն «Մեծ եղեռն», որը իրավական նշանակություն չունի:

Նոր ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն իր քարոզարշավի ժամանակ երբևէ չի խոսել հայկական հարցերի շուրջ, Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված ևս ոչ մի խոստում չի տվել:

Նշենք նաև, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի ավելի քան 80 անդամներ կոչ են արել նախագահ Դոնալդ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Թրամփին ուղղված նամակի տակ իրենց ստորագրություններն են դրել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների և Ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովների կարևոր ղեկավարներ՝ հանրապետական Էդ Ռոյսը և Դևին Նունեզը և հանձնաժողովի ղեկավարի տեղակալներ, դեմոկրատ կոնգրեսականներ Էլիոթ Էնգելը և Ադամ Շիֆը: Դոնալդ Թրամփին ուղղված կոչին են միացել նաև մի շարք սենատորներ: Նրանցից է Մասաչուսեթսը ներկայացնող սենատոր Էդ Մարքին:

Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու մեկնարկը նախատեսված է հոկտեմբերին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «Սյունիք Ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ի միջև ապրիլի 19-ին կնքվեց ՀՀ Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու կազմակերպման պայմանագիրը, որը ստորագրեցին նախարար Սուրեն Կարայանը և ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Ղուկասյանը։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունից:

Պայմանագրի առարկան են Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակ քաղաքային, Կարճևան գյուղական համայնքների և Արաքս գետով պարփակված տարածքում ստեղծված գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, էլեկտրականության մատակարարման, մեծածախ առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, մասնագիտական և տեխնիկական գործունեության, մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտներում արտադրաարդյունաբերական և լոգիստիկ ԱՏԳ կազմակերպման, ԱՏԳ ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման, կազմակերպչի կողմից ծառայությունների մատուցման, այդ ծառայությունների սակագների սահմանման, ներդրումների իրականացման, ԱՏԳ շահագործողների ներգրավման և ԱՏԳ գործունեության հետ կապված այլ իրավահարաբերությունները:

Մեկնարկը նախատեսված է 2017 թվականի հոկտեմբերի կեսերին։ Կազմակերպչի կողմից առաջին փուլում կիրականացվեն շուրջ 10 մլն դոլարի ներդրումներ, իսկ ազատ տնտեսական գոտում գործունեության ընթացքում ակնկալվում է, որ կներգրավվեն շուրջ 120 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն 350-400 մլն դոլարի ներդրումներ, կստեղծեն ավելի քան 2500 նոր աշխատատեղեր, իսկ միջին տարեկան արտահանումը կլինի շուրջ 80-100 մլն դոլար:

Ապրիլի 23-ին և 24-ին Երևանում փակ փողոցներ կլինեն

Ապրիլի 23-ին և 24-ին Երևանի մի շարք փողոցներում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Դա պայմանավորված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներով:

Ապրիլի 23-ին՝ ժամը 20:00-ին, Ֆրանսիայի հրապարակից ջահերով երթի մեկնարկի կապակցությամբ փակ կլինեն Բաղրամյան պողոտան, Կիևյան փողոցը և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարող հատվածները:

Ապրիլի 24-ին՝առավոտյան ժամը 06:30-ից մինչև 23:00-ն,երթևեկությունը կդադարեցվի Լենինգրադյան-Աթենք փողոցների խաչմերուկից` Աթենքի փողոցը մինչև Աթենքի փողոց-Իսակովի պողոտա և Հրազդանի կիրճից դեպի Իսակովի պողոտա հատվածներում, հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը:

Երևանի թիվ 147 հիմնական դպրոցը կկրի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը

Երեւանի թիվ 147 հիմնական դպրոցը, որտեղ սովորել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը, կկրի հերոսի անունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է դպրոցի տնօրեն Մարգարիտա Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ դպրոցի կողմից արված առաջարկը վերջնականապես կհաստատվի Երևանի ավագանու առաջիկա նիստում:

Ավելի վաղ Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը սոցցանցում գրառում էր կատարել՝ մասնավորապես նշելով, որ ապրիլի 18-ին Երևանի ավագանու կրթության, մշակույթի, սպորտի և տուրիզմի հանձնաժողովում ներկայացվել է որոշման նախագիծ, որով առաջարկվում է Երևանի թիվ 147 դպրոցն անվանակոչել Արցախի հերոս, այդ դպրոցի շրջանավարտ Ռոբերտ Աբաջյանի անունով:

«Հանձնաժողովի անդամներս միաձայն դրական եզրակացություն տվեցինք այդ նախագծին: Ուրախ եմ այս նախագծի համար»,-գրել է Անահիտ Բախշյանը:

Հայաստանցի դասախոսը՝ ԱՄՆ-ում անգլերենի լավագույն ուսուցիչ

ԱՄՆ-ում 2017թ. անգլերեն լեզվի լավագույն դասավանդող է ճանաչվել հայազգի Սուսաննա ՄակՖիլոմին: Նա արժանացել է ամերիկացի դրամատուրգ, բանաստեղծ և կոմպոզիտոր Սթիվեն Սոնդհայմի մրցանակին:

ՄակՖիլոմին, որին հեղինակավոր մրցանակի համար առաջադրել էին նրա ուսանողները, ամերիկյան «Քենեդի» կենտրոնի որոշմամբ ընդգրկվել էր տարվա անգլերենի լավագույն դասավանդողների տասնյակում, գրում է Sputnik-Արմենիան Alexandria News-ի վրա հղումով:

Սուսաննա ՄակՖիլոմին ԱՄՆ է տեղափոխվել Հայաստանից, որտեղ երկար տարիներ դասավանդել է Երևանի մանկավարժական համալսարանում, ինչպես նաև եղել է պաշտոնատար անձանց թարգմանիչը: ԱՄՆ-ում ՄակՖիլոմին դասավանդել է Վիրջինիա և Յուտա նահանգների ուսումնական հաստատություններում: 2013-ին Սուսաննան լեզուների մասնավոր դպրոց է բացել Ալեքսանդրիա քաղաքում:

Վարչապետն ընդունել է զարգացման լավագույն ծրագրեր ներկայացրած համայնքների ղեկավարներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է մարզերի 20 համայնքների ղեկավարներին, ովքեր ներկայացրել են համայնքների զարգացման լավագույն ծրագրերը:
Վարչապետը նշել է, որ կառավարության նպատակն է նոր որակ հաղորդել տարածքային կառավարման եռաստիճան համակարգին՝ համայնքներ, մարզպետարաններ, կառավարություն համագործակցությանը: «Մենք համոզված ենք, որ տարածքային զարգացումը, և ընդհանրապես, մեր երկրի զարգացումն անհնար է, եթե մարզերը, համայնքները հստակ չպատկերացնեն, չունենան զարգացման ծրագրեր, որտեղ կլինեն ոչ միայն մանկապարտեզի, տանիքի, ճանապարհի, այլև աշխատատեղերի ստեղծման, զբաղվածության խնդիրների լուծման, սեփական եկամուտներն ավելացնելու հստակ առաջարկություններ ու քայլեր: Կա մի պարզ տրամաբանություն. մենք այստեղ նստած չենք կարող համայնքի ծրագրերը, խնդիրներն ավելի լավ պատկերացնել, քան տեղական ինքնակառավարման մարմինները»,- ասել է Կարեն Կարապետյանը: Գործադիրի ղեկավարի խոսքով, հանրապետությունում կառավարման տեսակետից կան բազմաթիվ խնդիրներ և, ցավոք, համայնքներից ստացված զարգացման ծրագրերը հեռու են այն մակարդակից, որը պահանջում է ժամանակակից կառավարումը: «Սակայն պետք է քայլ առ քայլ, ճշտելով, ուղղելով, մեկս մյուսից սովորելով՝ գնանք առաջ: Ընտրել ենք 20 համայնքներ, որոնք ներկայացրել են լավագույն ծրագրերը, որոնց հիման վրա պետք է ձևավորենք աշխատանքային ռեժիմ, թե ինչպես ենք համատեղ աշխատելու, ի՞նչ պետք է անեն կառավարությունը, մարզպետները և համայնքները: Ծրագրերի իրականացման գործընթացին պետք է ներգրավել նաև տվյալ համայնքի հաջողակ գործարարներին, բարերարներին, որպեսզի փորձենք համատեղ ուժերով զարգացնել համայնքը»,– ընդգծել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ Տնտեսական զարգացման և ներդրումների, Գյուղատնտեսության նախարարություններին հանձնարարել է հաշվի առնելով համայնքների առավելությունները, առանձնահատկությունները, խնդիրներն ու հնարավորությունները՝ մշակել ու ներկայացնել օրակարգային տարբեր ներդրումային ծրագրեր, որոնք կառաջարկվեն շահագրգիռ ներդրողներին:
Այնուհետև համայնքների ղեկավարները վարչապետին են ներկայացրել զարգացման ծրագրերն՝ ուղղված խնդիրների լուծմանը, սեփական եկամուտների ավելացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, ներդրումների ներգրավմանը, ենթակառուցվածքների բարելավմանը և այլ նպատակային նախագծերի իրականացմանը, որոնք կարող են համայնքին ապահովել տնտեսական արդյունք: Վարչապետ Կարապետյանը կարևորել է նաև նախատեսվող նպատակային միջոցառումների իրականացումը և առաջարկել դիտարկել համայնքային տարբեր ծառայությունները՝ աղբահանություն, լուսավորություն, ճանապարհների սպասարկում և այլն, մասնավոր կառավարիչներին հանձնելու հարցը: «Ցանկանում ենք համայնքների ղեկավարները շահագրգռված լինեն, որպեսզի իրենց համայնքների շուրջ ձևավորվի բիզնեսի ներգրավման միջավայր, աստիճանաբար ձևավորվի համայնքի ինքնաբավ, մոտիվացնող բյուջե: Մենք միանշանակ հետևողականորեն գնալու ենք դրան»,– ասել է Կարեն Կարապետյանը:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին՝ մանրամասն ուսումնասիրել ներկայացված ծրագրերը և ըստ արդյունավետության ցուցաբերել համապատասխան օժանդակություն:

Տեղի ունեցավ Դոուն Անահիտ ՄակՔինի «Հարյուրամյա ճանապարհ. Հայկական ոդիսական» գրքի շնորհանդեսը

Ապրիլի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Դոուն Անահիտ ՄակՔինի «Հարյուրամյա ճանապարհ. Հայկական ոդիսական» գրքի շնորհանդեսը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը, մտավորականներ, ուսանողներ, հյուրեր:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Կարևորելով ցեղասպանություն վերապրածի հիշողությունների մասին թոռնուհու անգլերեն գրքի ծնունդը՝ նախարարը մասնավորապես նշեց. «Մեր սիրելի Անահիտի պապիկը դաժան ճակատագիր է ունեցել շատ ու շատ հայերի նման, որովհետև թուրքը որոշել էր ջնջել հայերին, թողնել մեկ հայ, այն էլ թանգարանում: Ճակատագրի բերումով գրքի հերոսին հաջողվում է փախչել, փրկվել, ապաստան գտնել Սիրիայում: Պետք է երախտապարտ լինենք արաբ ժողովրդին, որ օգնեց մեր հայրենակիցներին շտկել մեջքը, նաև՝ աշխարհասփյուռ դառնալ, արմատներ ձգել: Հայ ժողովրդի հիմնական նպատակը, մեր պապերի երազանքը՝ երեխաներին կրթելը, իրականություն դարձավ: Վկայությունն այսօրվա հզոր համայնքներն են Սփյուռքում, գրագետ, կրթված սերունդը: Այդ սերնդի ներկայացուցիչներից մեկը մեր այսօրվա հյուրն է, որի երակներում հայկական արյուն է հոսում: Լսելով պապի պատմությունները, ընթերցելով նրա արաբական օրագրերը՝ հեղինակը հետաքրքրվել է անցյալի իրողություններով, գտել է իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները, համադրել է դրանք այսօր Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների հետ, յուրացրել ու շարադրել է իրեն հատուկ լրագրողական  ոճով: Գիրքն արժեքավոր է, քանի որ գրվել է ոչ հայկական ազգանունով հեղինակի կողմից, որի մեջ արթնացել են հայկական արմատները, արժեքավոր է, քանի որ գրվել է անգլերենով և որ՝ պատմական հիշողություն է: Ուզում եմ բոլորիս շնորհավորել այս գրքի ծննդյան առթիվ»:

Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը և նախարարին՝ գիրքը ներկայացնելու հիանալի առիթը ստեղծելու համար: Նա նշեց, որ գիրքը վերջերս է ընթերցել, հիացել է ու որոշել անպայման հեղինակին Հայաստան հրավիրել: «Այս օրերին նա համալսարանի հյուրն է և դասախոսություններ է կարդում ուսանողների համար: Որպես լրագրող և գրող՝ նա Չիկագոյի ամերիկյան շրջանակների կողմից պարգևների է արժանացել: Ի դեպ, հեղինակի անունը՝ Դոուն, թարգմանաբար նշանակում է Արշալույս, ինչը շատ խոհրդանշական է », – հավելեց նա:

Գրքի հեղինակը նշեց. «Ինձ համար մեծ պատիվ է գիրքս առաջին անգամ ներկայացնել Հայաստանում, կիսել տպավորություններս պապիկիս հիշողությունների մասին: Վերջին դեպքերը Սիրիայում և Իրաքում կարծես կապող օղակ էին անցյալի և ներկայի միջև: Ես նորից վերապրեցի այդ հիշողությունները»:

ՀՀ սփյուռքի նախարարը ամերիկացի լրագրող, գրող Դոուն Անահիտ ՄակՔինին պարգևատրեց նախարարության «Երախտագիտության» մեդալով:

%d5%a3%d5%ab%d6%80%d6%841%d5%a3%d5%ab%d6%80%d6%842%d5%a3%d5%ab%d6%80%d6%843%d5%a3%d5%ab%d6%80%d6%844%d5%a3%d5%ab%d6%80%d6%845 %d5%a3%d5%ab%d6%80%d6%846

 

Տիգրան Չուխաջյանին նվիրված միջոցառում Փարաքարի դպրոցում

Մարտի 24-ին Արմավիրի մարզի Փարաքարի հիմնական դպրոցի IV դասարանի աշակերտները ՀՀ սփյուռքի նախարարության «Հայ մեծերը» ծրագրի շրջանակներում ներկայացրեցին միջոցառում՝ նվիրված կոմպոզիտոր, երգահան Տիգրան Չուխաջյանին:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են դպրոցից, միջոցառումը կազմակերպել էին դասվար Զ. Մկրտչյանը և երաժշտության ուսուցչուհի Ք. Օհանյանը: Աշակերտները ներկայացրեցին երաժշտությունը որպես արվեստի տեսակ, որի հիմքում ընկած են ձայնը և լռությունը: Բացատրեցին, թե ինչ են զգում ու մտածում երաժիշտները, կոմպոզիտորները, երբ ստեղծում են հետագայում չմեռնող երաժշտություն: Ներկայացրեցին Տիգրան Չուխաջյանի կենսագրությունը, ստեղծագործությունները, դիտեցին հատված «Արշակ Երկրորդ» օպերայից: Կատարեցին նաև բեմականացված հատված «Լեբլեբիջին» օպերետից:

Միջոցառումը դիտեցին և գնահատեցին դպրոցի տնօրինությունը՝ տնօրեն Կ. Մակարյանի ղեկավարությամբ, ուսուցչական կազմը: Միջոցառումը, որը նախատեսված էր դպրոցի IV-VI դասարանների համար, արժանացավ բարձր գնահատանքի:

%d6%83%d5%a1%d6%80%d5%a1%d6%84%d5%a1%d6%80 %d6%83%d5%a1%d6%80%d5%a1%d6%84%d5%a1%d6%801 %d6%83%d5%a1%d6%80%d5%a1%d6%84%d5%a1%d6%803 %d6%83%d5%a1%d6%80%d5%a1%d6%84%d5%a1%d6%804 %d6%83%d5%a1%d6%80%d5%a1%d6%84%d5%a1%d6%805

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց զոհված զինծառայողների մայրերի և այրիների հետ

Ապրիլի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ ղարաբաղյան հակամարտության ընթացքում` պատերազմական գործողությունների և զինադադարի պայմաններում, զոհված զինծառայողների մայրերի և այրիների հետ:

  Սկզբում ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ներկայացրեց հանդիպմանը մասնակից հայուհիներին, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց ներկաներին` ողջունելով նրանց այցը Ս. Էջմիածին:

Ամենայն Հայոց Հայրապետն իր սրտակցությունը հայտնեց զինվորների մայրերին և այրիներին` նրանց ցանկանալով Սուրբ Հոգու մխիթարություն: Նորին Սրբությունն ասաց, որ յուրաքանչյուր հայ ցավ է ապրում այդ կորուստների համար, բայց նաև գիտակցում է, որ հայ հերոս զինվորներն իրենց կյանքն ընծայաբերել են Հայրենիքի, ժողովրդի և իրենց ընտանիքների խաղաղ ու ապահով կյանքի համար:

«Մեր Սուրբ Եկեղեցին մշտապես աղոթում է Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած իր զավակների համար: Հայրենիքի համար կյանքի նվիրաբերումը ամենանվիրական զոհաբերություն է նկատում մեր Եկեղեցին: Այդպես է ապրել և դարերի մեջ գոյատևել մեր ժողովուրդը: Վստահ եղեք, նրանց հիշատակը միշտ ապրելու է մեր ժողովրդի սրտում, և ժողովուրդը միշտ իր խոնարհումն է բերելու իր քաջազուն զավակների անմահ հիշատակի առջև», – նշեց Վեհափառ Հայրապետը:

Նորին Սրբությունը հավելեց, որ Հայրենիքի պաշտպանության սրբազան գործում հայ զինվորների դրսևորած բարձր գիտակցությունն ու հայրենասիրական ոգին միայն հպարտության զգացում է ծնում:

Վերջում Նորին Սրբությունը, աղոթք բարձրացնելով հայրենյաց զոհված պաշտպանների հոգիների հանգստության համար, օրհնեց նրանց մայրերին և այրիներին` ցանկանալով ուժ, կամք և ոգու ամրություն: