Սիդնեյում Հայոց ցեղասպանության տարելիցին արդարության երթ կանցկացվի

Ավստրալիայի հայկական կրոնական, քաղաքական, մշակութային և երիտասարդական կազմակերպությունները կոչ են արել համայնքի անդամներին ապրիլի 23-ին միանալ արդարության քայլերթին` ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ նահատակների հիշատակը:

Այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:

Քայլերթի մասնակիցները կվերահաստատեն իրենց խոստումը` հասնելու արդարության իրենց նախնիների համար:

Արդարության երթին մասնակցել ցանկացողներին քաղաքի ներսում և դրանից դուրս տեղափոխելու են հատուկ ավտոբուսներ:

Լիբանանում ՀՀ դեսպանը, դեսպանության անձնակազմը մասնակցեցին Սուրբ Հարության տոնի առիթով մատուցված Սուրբ Պատարագին

Ապրիլի 17-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, ՀՀ դեսպանության անձնակազմը մասնակցեցին Սուրբ Հարության տոնի առիթով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության մայրավանքում Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսի ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագին։

Ինչպես տեղեկանում ենք դեսպանության ֆեյսբուքյան էջից, այնուհետև դեսպան Մկրտչյանը և դեսպանության անձնակազմը այցելեցին Լիբանանի Հայոց թեմի առաջնորդարան, Տանն Կիլիկիո Հայ Կաթողիկէ եկեղեցու պատրիարքարան և Հայ Ավետարանական եկեղեցի՝ շնորհավորելու հոգևոր առաջնորդներին և հավատացյալ հայ համայնքին Սուրբ Զատկի օրվա առիթով:

%d5%ac%d5%ab%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b61%d5%ac%d5%ab%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b62%d5%ac%d5%ab%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b63

«Վերածնունդ» միջազգային փառատոնի մասնակիցների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ապրիլի 18-ին Մայր Աթոռ Սուրբ էջմիածին այցելեցին Գյումրիում անցկացվող «Վերածնունդ» IX միջազգային մրցույթ-փառատոնի մասնակիցները` ուղեկցությամբ փառատոնի հանձնաժողովի անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը: Հյուրերին Մայր Աթոռում ընդունեց Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Տարբեր երկրներից ժամանած մշակույթի գործիչներն ուրախություն հայտնեցին համայն հայության հոգևոր կենտրոն այցելելու առիթով` ընդգծելով, որ մեծապես տպավորված են հայկական մշակույթով և ճարտարապետությամբ:

Նաթան Սրբազանը, հյուրերին բերելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու լավագույն մաղթանքները, կարևորեց «Վերածնունդ» փառատոնի անցկացումը` մշակութային երկխոսության, մշակույթի միջոցով ժողովուրդների բարեկամության ամրապնդման տեսանկյունից:

Սրբազանը նաև ներկայացրեց Հայ Եկեղեցու պատմական առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, ազգային ինքնության ու մշակույթի պահպանման գործում, ինչպես նաև ներկայիս գործունեությունը տարբեր ոլորտներում:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Եկեղեցու կողմից իրականացվող հովվական աշխատանքին, մշակութային-կրթական ծրագրերին:

Հանդիպման ավարտին հյուրերն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններ, ծանոթացան Հայոց Եկեղեցու սրբություններին ու հոգևոր-մշակութային ժառանգությանը:

«Հայաստանն իմ ամբողջ աշխարհն է». Պարույր Աղբաշյան

Հայոց պատմության, գրականության, առհասարակ՝ մշակույթի ու արվեստի ցանկացած ճյուղի մասին հրատարկվող գրքերը մեր հարստությունն են` այն ակունքները, որոնք գալիք սերունդներին ի պահ են տալիս անանց արժեքներ: Այդօրինակ արժեքավոր գրքերից մեկի՝ «Երևանի պետական համալսարան (95- ամյակ. երախտավոր դասախոսներ (դիմաքանդակային հպումներ)» հեղինակի՝ Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության մասնաճյուղի շրջանավարտ, Բեյրութում լույս տեսնող մի շարք թերթերի երկարամյա աշխատող, խմբագիր, հրապարակախոս, գրականագետ, Միջազգային լրագրողների միության, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, ազգային-հասարակական գործիչ, Լիբանանի մամլո սենտիքայի, Արաբ ընկերակցության, «Կարպիս Լ.Նազարյան» հրատարակչականի, Հայաստանի հայերենի եզրաբանության խորհրդի անդամ, Հայկազյան համալսարանի դասախոս Պարույր Աղբաշյանի հետ «Հայերն այսօր»-ի համար ունեցած իմ զրույցն ավելի շատ ծավալվեց համալսարանական տարիներից ունեցած հիշողությունների ու տպավորությունների շուրջ, որը սիրով ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

-Պարո՛ն Աղբաշյան, վերջերս Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Ձեր գրքի շնորհանդեսը, որը, կարծեմ, 2016-ին է հրատարակվել. ինչպե՞ս ծնվեց գաղափարը:

-Այս գրքի հրատարակությունը երկար տարիների փափագս է եղել: Պատճա՞ռը… շատ հստակ է. Երևանի պետական համալսարանի բանասիրական մասնաճյուղի հայոց լեզվի ու գրականության բաժինը կյանքիս անկյունադարձային ամրակուռ հանգրվանն է դարձել, և այդ ամենն իմաստավորող, կենսավորող ու դրսևորող ընտրահույլը եղան իմ դասախոսները՝ ամենահեղինակավորից մինչև համեստագույնը, բազմավաստակից՝ վաստակավորը. նրանք իմ մեջ արմատավորեցին ու զարգացրին բանասիրության աշխարհի անսպառ ավանդություններն ու հարստությունները: Դիմաքանդակային փունջ է արված՝ դիտված ու գնահատաված իմ տեսակետով, դիտարկումով ու դատումովս: Ի նկատի ունենալով, որ լրանում էր նաև Պետական համալսարանի 95-ամյակը, նաև՝ հայոց լեզվի ու գրականության բաժանմունքի, ամփոփ ակնարկով ներկայացրել եմ նրանց անցած ուղին՝ մի շարք վավերագրական հիշեցումներով, ինչպես նաև՝ սփյուռքահայ ուսանողների Հայաստանում ուսանելու հնարավորությամբ:

-Պարո՛ն Աղբաշյան, Դուք, փաստորեն, համալսարանական եք եղել, սովորել եք համալսարանում, որն այն ժամանակ միակն էր. եկաք Բեյրութից, կրթություն ստացաք, հետո՞…

-Ուսումս ավարտելուց հետո վերադարձել եմ Բեյրութ, աշխատանք չկար, որովհետև վաստակավորներն էին դեռևս ասպարեզում: Բեյրութ վերադառնալուց մի քանի ամիս հետո աշխատանքի անցա ՀԲԸՄ-ի կենտրոնական գրասենյակում՝ որպես սովորական քարտուղար, հետո դարձա դիվանապետ, այնուհետև՝ կրթական հանձնախմբի վարիչ-քարտուղար: Ակամայից շեղվեցի բանասիրությունից, սակայն Հայկական բարեգործականն ուներ «Երվանդ Հյուսիսյան» հայագիտական հիմնարկ, որի տնօրենը նշանավոր բանաստեղծ, մանկավարժ, գրականագետ Վահե Վահյանն էր. ես էլ այնտեղ սկսեցի մասանկիորեն դասավանդել գրաբար, մանկավարժության պատմություն, այսինքն՝ մոտեցա իմ մասնագիտությանը, հետո առիթ եղավ, որ Հայկազյան համալսարանում էլ այս նյութերը դասավանդեմ: 1990-ին, երբ նախանշաններ կային, որ Հայաստանը դեպի անկախություն կգնա, Խորհրդային Միությունը կփլուզվի, Ռամկավար ազատական կուսակցության պաշտոնական «Զարթոնք» օրաթերթն էր գործում, որի աշխատանքները կազմակերպում էր Հակոբ Ավետիքյանը. նա ստիպված եղավ ժամանակավորապես այստեղ գալ, Լիբանանում պատերազմ էր, Ավետիքյանի հետ պայմնավորվեցինք, որ ես կփոխարինեմ իրեն: Պատահեց այնպես, որ ինքն այստեղ մնաց, ես էլ «Զարթոնք»-ում մնացի և մինչև 2007-ը պատասխանատու խմբագիրն էի, իսկ մինչ այդ, 17 տարի շարունակ, «Խոսնակ» ամսաթերթի խմբագիրն եմ եղել, «Շիրակ» գրական ամսագրի խմբագրական անդամ…շատ թերթերում եմ աշխատել: 2007-ին սահմանափակեցի աշխատանքներս և սկսեցի ՀԲԸՄ-ի «Դարուհի Հովակիմյան» վարժարանում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն դասավանդել: Չհասցրեցի ատենախոսություն պաշտպանել, որովհետև լրագրությունը, օրաթերթը կլանում է ամբողջ ժամանակը:

-Խոսենք Ձեր հրատարակած գրքերի և դրանցում ներկայացված թեմաների մասին:

-2007-ից մինչ այժմ տարբեր թեմաներով 12 գիրք եմ հրատարակել՝«Ներխուժած Լիբանանի աննկուն կամքը», «Արևմտահայ գրողների լեզվամտածողությունն ու բառապաշարային շերտավորումները», «Ապրված հրապարակագրություն՝ հետադարձ հայացքով» (3 հատորով), «Պատառիկներ՝ մեծերից», «Մամլո ընտրանի գրություններ», «Հրապարակախոսական- բանախոսական-գրախոսական ընտրանի էջեր», «Հրապարակագրական բերքահավաք», «Ռամկավար ազատական կուսակցության ազգային գաղափարաբանական հավատամքը», «Հակոբ Պարոնյանի լեզվաբառապաշարային առանձնահատկությունները» և այս վերջին գիրքս…

– Պարո՛ն Աղբաշյան, համոզված եմ, որ Դուք դեռ գրքեր ունեք գրելու, հրատարակելու. ասացեք, խնդրեմ, ո՞րն է լինելու Ձեր հաջորդ գիրքը:

-Այո՛, պետք է շարունակեմ. անելիքներ դեռ շատ կան, սրանցից բացի՝ հրապարակախոսական նյութերի մի գիրք էլ եմ հրատարակել, այժմ հավաքում եմ հորս՝ խմբագիր, գրող Հովհաննես Աղբաշյանի բոլոր նյութերը՝ զետեղելու մի գրքում: Հայրս հայրենասեր մարդ էր, նաև լավ արաբագետ էր, այդ լեզուն սովորել էր բանտում եղած ժամանակ: Հայրս երգիծական շնորհ էլ ուներ և իր նյութերի տակ ստորագրում էր՝ «Խիկար»: 1970-ին Օտյանի «Ընկեր Փանջունի»-ն տպագրեց արաբերենով. արաբ ընթերցողները զարմացած էին, չգիտեին, որ այդպիսի քաղաքական երգիծաբան ունենք: Հաջորդ գիրքս ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանի հորեղբոր ՝ Հրաչյա Սեդրակյանի մասին է, ով ազգային մեծ գործիչ է. նրա արխիվը ժողովեցի՝ ելույթները, նամակները, գրվածքները, բանախոսությունները: Նա եղել է նաև Ներգաղթի կոմիտեի պատասխանատու, Լիբանանի երեսփոխանական թեկնածու:

-Հայ գրողներից՝ արևելահայ, արևմտահայ, ո՞վ է ամենից շատ հարստացրել Ձեր ներաշխարհը:

-Եղիշե Չարենցը, Վահան Տերյանը, Պարույր Սևակը, Հովհաննես Շիրազը, արևմտահայ գրողներից՝ Դուրյանը, Դանել Վարուժանը, Մեծարենցը, Սիամանթոն, օտարագիր գրողներից շատ տպավորված եմ Վիլյամ Սարոյանի գործերով, հատկապես՝ «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործությամբ, որի բեմադրության մեջ հրաշալի դերակատարում ուներ անվանի դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:

-Սփյուռքի նախարարության բարեկամն եք, անշո՛ւշտ, ուստի կխնդրեմ Ձեր տեսանկյունից բնութագրեք նախարարության ծրագրերը, աշխատանքները:

-Առաջ, երբ գալիս էի Հայաստան, այցելում էի Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե, որը Խորհրդային շրջանում մեծ դեր էր կատարում, այն ասես կամուրջ էր Հայաստանի և Սփյուռքի միջև, այսօր այդ դերը կատարում է Սփյուռքի նախարարությունը. մեծ ներուժ ունի տիկին Հակոբյանը, դիտողություններն ընդունում է բարեկամաբար, լայնախոհ մտածելակերպ ունի:

-Ի՞նչ է Ձեզ համար Հայաստանը, Հայրենիքը:

-Ինձ շատ հաճախ ասում են՝ գնա Հայաստա՛ն ապրիր, որ այդքան հայրենասեր ես, իսկ ես պատասխանում եմ՝ Հայաստանն իմ մեջ է: Հայ մարդն, ուր էլ ապրի, մի փոքրիկ Հայաստան է ստեղծում: Լիբանանում հայերը շատ վաղուց են հաստատվել, հոգևոր մեծ արժեքներ ստեղծել, լիբանանահայ գաղութն այդ տեսանկյունից հարուստ է: Հայաստանն իմ ամբողջ աշխարհն է:

-Շնորհակալությու՛ն, հայրենակից, բարի՛ երկունք Ձեր հաջորդ բոլոր ձեռնարկումներին:

Հարցազրույցը՝ Կարինե Ավագյանի

Մոսկվաբնակ գործարարը ​Տավուշում 1500 աշխատատեղ կհիմնի

«Տավուշ տեքստիլ» ընկերությունը շուտով շահագործման կհանձնի Բերդի գործարանը։ Քառորդ դար անց սահմանամերձ քաղաքում կլսվի գործարանային աղմուկը։ Ձեռնոցների արտադրությունը նախատեսվում է սկսել մայիսի սկզբին։ Բերդի նախկին ռելեի գործարանում այժմ հիմնանորոգման աշախատանքներ են իրականացվում։ Ձեռնարկությունը կարտադրի բանվորական ձեռնոցներ։ Ծնունդով արծվաբերդցի մոսկվաբնակ գործարար Սուրեն Երիցյանը սահմանամերձ մարզում ներդրումներ է իրականացնում արդեն երկուսուկես տարի։ Նախ հիմնել է Չորաթանի, ապա Արծվաբերդի ձեռնոցի գործարանները։

Նրա ներդրումների շնորհիվ աշխատանքի խնդիր է լուծել մոտ հազար տավուշցի, նոր գործարանը գործարկելու արդյունքում աշխատատեղերի թիվը կհասնի հազար հինգ հարյուրի։ Ընկերության տնօրեն Միքայել Եզեկյանի խոսքով, ապրիլի վերջին կտեղադրվեն հաստոցների առաջին խմբաքանակները, ևս կսկսվեն աշխատակիցների արտադրական գործընթացի ուսուցման աշխատանքները։

Արտադրանքի իննսուն տոկոսից ավելին արտահանվում է Ռուսաստանի դաշնություն։ Ըստ տնօրենի, իրացման խնդիր չունեն։ Գործարարը ներդրումային ծրագրերը հասցրել է սահման, առաջնագծում՝ Մովսես գյուղում ևս, մինչև հիսուն աշխատատեղով եզրակարող գործարան է բացվելու, Արծվաբերդում էլ ընդլայնվելու է արտադրությունը։

Նշենք, որ Բերդի գործարանի նորոգման աշխատանքներում ներգրավված է նաև զինծառայող Նվեր Բաբայանը, որը մեծ դեր է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին Չինարիի սահմանին ադրբեջանական դիվերսիոն խմբին պատժիչ հարված հասցնելիս։ Սահմանը պահող Նվերը նշում է, որ այդպիսով, իր պարտքն է համարում նաև ամրացնել հյուսիսարևելյան դարպասի թիկունքը։ Սպիտակ և նարնջագույն ձեռնոցների Բերդի արտադրությունը ամբողջ ծավալով կիրականացվի մինչև տարեվերջ, գրում է Ankakh.com-ը։

Հայ-արգենտինական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում. դեսպան

Հայաստանի և Արգենտինայի միջև առևտրատնտեսական հարաբերությունները գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա: Այս մասին Panorama.am-ի հարցին ի պատասխան ասաց Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիանը:

Դեսպանի խոսքերով՝ Արգենտինան համարվում է Հայաստանում խոշոր ներդրողներից մեկը:

«Ունենք մեծ թվով արգենտինահայ գործարարներ, որոնք իրենց գործունեությունը ծավալում են Հայաստանում՝ դրանով  նաև իրենց նպաստն են բերում երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման համար»,- նշեց Գոնզալո Ուրրիոլաբեիտիանը:

Ըստ նրա՝ առևտրատնտեսական հարաբերությունները բավականին  հետաքրքիր դինամիկ զարգացում  են ապրում, վերջին տարիներին նկատվում է զարգացման մեծ տենդենց: Նրա խոսքերով՝  Հայաստանն ու Արգենտինան ունեն համագործակցության մեծ ներուժ, հատկապես գյուղատնտեսության բնագավառում, աշխատանքներ են տարվում նաև  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ՝ ավելացնելու  տուրիստական փոխայցելությունները:

«Արգենտինան բարձր է գնահատում Հայաստանի հետ պատմական, քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները»,- նշեց Արգենտինայի դեսպանը:

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ բողոքի ցույց Հաագայում. ուղիղ

Այս պահին Հաագայի Het Plein հրապարակում՝ Նիդերլանդների խորհրդարանի մոտ, մեկնարկել է Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին առիթով կազմակերպած միջոցառումներից առաջինը: «Նիդերլանդական օրագրի» ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ բողոքի հանրահավաք-ցույցին նախատեսված է նաև Նիդերլանդների մի քանի պատգամավորների ելույթներ:

Քիչ առաջ Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների պատվիրակության անդամներից մի քանիսը մտան խորհրդարանի շենք’ փոխանցելու պահանջագիր, որտեղ հորդոր է արվում հստակ կիրառել խորհրդարանի կողմից Ցեղասպանությանը վերաբերվող դրույթները: Այնուհետև նրանք նորից միացան Հաագայի Het Plein հրապարակում կազմակերպած բողոքի ցույցին:

The Washington Post-ի անդրադարձը Ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմին

The Washington Post ամերիկյան պարբերականը ևս մեկ անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմին՝ նշելով, որ «Առաջին համաշխարհայինի տարիներին հայերի զանգվածային ջարդերի մասին պատմող առաջին խոշոր հոլիվուդյան ֆիլմը՝ «Խոստում»-ը, կինոֆիլմերի համացանցային բազայում (IMDb) գնահատել է 111,300 մարդ, սակայն ֆիլմը ցուցադրվել է ընդամենը մի քանի անգամ»:

Պարբերականը նշում է՝ նման բուռն արձագանքի պատճառն այն է, որ ֆիլմը բարկացրել է մարդկանց, ովքեր հերքում են, որ 1915-1923թթ. ընթացքում 1 միլլիոն հայեր են սպանվել Օսմանյան կայսրության կողմից կամ, որ սպանությունները կատարվել են ցեղասպան քաղաքականության արդյունքում, հայտնում է panorama.am-ը:

Աղբյուրը նշում է, որ հազարավոր մարդիկ, մեծամասամբ Թուրքիայի բնակիչներ, IMDb-ում ամենացածր վարկանիշն են տվել ֆիլմին. Չնայած այն բանին, որ շատ երկրներ և պատմաբաններ հայերի զանգվածային կոտորածները կոչում են ցեղասպանություն, Թուրքիան ագրեսիվ կերպով մերժում է այդ եզրույթը:

Նաև նշվում է, որ մարտ ամսին «Խոստում» ֆիլմի ցուցադրությունից մեկ շաբաթ առաջ, նմանատիպ մեկ այլ ֆիլմ է հայտնվել «Օսմանյան լեյտենանտ» անվամբ: Ֆիլմը, որը նկարահանվել է թուրք ռեժիսորի կողմից, կրկին ներկայացնում է սիրային դրամա՝ նույն ժամանակաշրջանում, միայն ժխտելով ցեղասպանության հանգամանքը:

Համերգ Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ապրիլի 21-ին` ժամը 18:00-ին, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի կունենա Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ:

Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի (խմբավար` Հովհաննես Չեքիջյան) կատարմամբ կհնչի Վոլֆգանգ Մոցարտի «Ռեքվիեմը», ինչպես նաև հայ հոգևոր երգեր:

Հայկական պարի հաղթական թռիչքը գերմանական մրցույթում

Ապրիլի 8-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքի հայ հայրենակցական միության «Անուշ» պարախումբը  Ֆյուրստենֆելդբրյուկ քաղաքում մասնակցել է Գերմանիայի որակավորում ստացած պարախմբերի մրցույթին, որտեղ վաստակելով 90.3 միավոր՝ առաջին կարգի մրցանակ է ստացել:

Մրցույթի ժողովրդական պարեր բաժնում մենապարով հանդես է եկել պարախմբի պարուհիներից տասնհինգամյա Մելինե Հուբախը, ով հանդիսատեսի ուշադրությանն է ներկայացրել   Սայաթ-Նովայի «Նազանի»-ն:

Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է պարախմբի հիմնադիր, պարուսույց և գեղարվեստական ղեկավար Անուշ Չախալյանը, թեժ մրցակցության պայմաններում են հաղթանակի հասնել.բոլոր պարախմբերը պրոֆեսիոնալ մակարդակի են եղել և աչքի ընկել բարձր պատրաստվածությամբ:

«Այս հաղթանակը մեծ նվաճում է մեզ համար, ինչի համար շատ ուրախ ենք: Իհարկե, մտածում էինք՝ գուցե և հաղթենք, սակայն մինչև վերջին պահն անսպասելի էր»,-նշեց Անուշ Չախալյանը՝ հավելելով, որ մրցույթի ավարտից հետո այլազգի հանդիսատեսը մոտեցել է իրեն և  հայկական պարերի մասին հիացական խոսքեր ասել:

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ հետևելով պարախմբի՝ 2017 թվականի գործունեությունը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժմանը նվիրելու որոշմանը, այս անգամ ևս Անուշ Չախալյանը մրցույթի ընթացքում օտարազգիների ուշադրությունը հրավիրել է այս ծրագրի շուրջ՝ դահլիճի նախասրահում շարժման ցուցապաստառները բարձրացնելով և լուսանկարվելով:

  76

98

4

 

Ապրիլի 20-ին կանցկացվի «Ազգ-բանակ» համաժողովը

ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ապրիլի 20-ին, Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կազմակերպում է «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողով` նվիրված ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին:

Համաժողովին կմասնակցեն պաշտպանական և կրթական գերատեսչությունների պատասխանատուներ, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ, ուսուցիչներ, դասախոսներ, զինղեկեր, գիտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Ազգ-բանակ-2017» համաժողովի շրջանակում Մարզահամերգային համալիրի տարածքում, ապրիլի 21-ից 23-ը կգործի ցուցահանդես, որտեղ կրթական ոլորտի մի շարք առաջատար հաստատություններ կծանոթացնեն իրենց ուսումնական պայմաններին, արձանագրած հաջողություններին և կրթական ծրագրերին: Առանձին հարթակներում և տաղավարներում ներկայացված կլինեն սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներ, ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի արտադրատեսակներ:

Համաժողովի շրջանակում նախատեսված է հագեցած մրցութային ծրագիր, սահմանված են հատուկ մրցանակներ հաղթողների համար: Կկազմակերպվեն նաև հանդիպումներ Արցախյան ազատամարտի վետերանների ու ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների հետ:

«Ազգ-բանակ-2017» համաժողովը կմեկնարկի ապրիլի 20-ին, ժամը 10.00-ին:

Ցուցահանդեսը կգործի ապրիլի 21-ին և 22-ին` ժամը 11.00-ից 18.00-ն, և ապրիլի 23-ին՝ ժամը 10.00-ից 15.00-ն։

ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Ապրիլի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին անցած շաբաթվա կատարված աշխատանքները և իրականցված միջոցառումները, նշեցին առաջիկա անելիքները, հանդես եկան նոր առաջարկներով:

Նախարարը կարևորեց առաջիկա՝ հիշողության և ոգեկոչման շաբաթվա շրջանակներում նախատեսված միջոցառումների ժամանակին, ճշգրիտ կատարումը:

Տրվեցին հանձնարարականներ, նշանակվեցին պատասխանատուներն ու համակարգողները:

18-04

«Մայրենի լեզուն մեր ժողովրդի գոյությունն է». Միսլատայի հայկական դպրոցի ուսուցչուհի

Հայ մեծանուն գրող Ստեփան Զորյանն ասել է. «Իր մայրենին վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տարուբերվում է ամեն մի պատահական քամուց…»:

Մեր բանաստեղծների բնութագրած մայրենի լեզուն ճկուն է, հազարագանձ, արևահամ, քաղցրահամ… Նրանք դրանով գովերգում են հայրարմատ Հայրենիքը՝ հորդորելով անաղարտ պահել մայարմատ մայրենին:

Մայրենի լեզուն մեր ժողովրդի գոյությունն է, էությունը, մեր իմացությունը  հազարամյակների պատմություն ունեցող, երկրի կախարդկան  բանալին: Մայրենի լեզուն մեր հոգին է, մեր սիրտը, մեր ներաշխարհը, հայ ազգի գանձարանը, մեր հայեցի ճոխությունը, քաղցրությունը… Որքան մտնում ենք դարերի խորքը, այնքան հոգեպես հարստանում ենք:

405 թվականին, երբ ստեղծվեց Մեսրոպյան այբուբենը, գրվեց առաջին նախադասությունը հայերեն տառերով. «Ճանաչել զիմաստություն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Այնուհետև բացվեցին դպրոցներ և ավելի ամրացավ մայրենիի ուսուցումը…

Մայրենիով հնչող հայաշունչ երգերի մեջ մայր հողի բույրը կա, զեփյուռի շունչը, առուների քչքչոցը, բարդիների խշշոցը, ուռիների հառաչանքը, մանուկների ուրախ կանչը… Նրանով արտահայտում են նվիրվածությունն առ Հայենիք, հայ ընտանիք և օջախ: Զինվորը մայրենի լեզվով արտահայտում է իր սերը հայրենիքի նկատմամբ, հայրենասիրական երգերի, խրոխտ քայլերգի միջոցով արտահայտում է իր ներքին ուժը, կորովը…

Հայոց լեզուն զուլալ է հայոց լեռներից հոսող սառնորակ ջրերի պես, մաքուր է լազուր  երկնքի նման: Այն ողջ հայության խոհերն ու երազանքներն է արտացոլում:

Մայրենիով երգվող օրորոցայինները հնչում են մեղմորեն, հանգիստ, հուշիկ… Երգահան Բարսեղ Կանաչյանի օրորոցային երգի հետ կապված մի հետաքրքիր պատմություն կա, մի երգ, որի մոգական ազդեցությունը ճակատագրական եղավ կորած 3-ամյա մանչուկի համար: Կորուսյալ երեխային երկար տարիներ անարդյունք փնտրելուց հետո, ծնողները բոլորովին պատահաբար գտնում են նրան մի օտարազգի ընտանիքում, որտեղ տանիք ու խնամք էին տրամադրել նրան բարի մարդիկ: Իր հարազատ ընտանիք վերադարձած երեխան՝ երկար ժամանակ չի հարմարվում նոր միջավայրում, մինչև այն պահը, երբ ննջարանից հանկարծ մի գեղեցիկ երգ հնչեց:

Իր խաղերով զբաղված փոքրիկը լարեց ուշադրությունը: Երգը քիչ լսելուց հետո, հուշիկ քայլերով մոտեցավ ննջարանին ու տեսավ, որ մայրը արցունքն աչքերին կանգնել է մահճակալի մոտ և երգում է այն օրորոցայինը, որ տարիներ առաջ երգում էր աղջկա համար: Երգն աստիճանաբար աղոտ հուշեր է արթնացնում փոքրիկի մոտ, և նա մոտենում է, ուշադիր նայում մոր աչքերին ու փարվելով նրան՝ ասում.

   -Մայրիկ, ես հիշեցի, որ ինձ համար երգում էիր այս երգը:

Ահա այսպես, մոր լեզվով հնչած օրորոցայինն արթնացրեց երեխայի մոտ քնած հիշողությունը:

Խոսքս ավարտում եմ Ս. Կապուտիկյանի խոսքերով.

Բա՛ց շուրթերդ, խոսի՛ր, անգին,
Ժիր դայլայլի՛ր, ի՛մ սիրասուն,
Թող մանկանա քո շուրթերին
Մեր ալեհեր հայոց լեզուն:
Ու տե՛ս, որդիս, ուր էլ լինես,
Այս լուսնի տակ ուր էլ գնաս,
Թե մո՛րդ անգամ մտքիցդ հանես,
Քո մայր լեզուն չմոռանաս…

Սվետլանա Կարապետյան
Միսլատայի հայկական կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի
Վալենսիա (Իսպանիա)

%d5%b4%d5%ab%d5%bd%d5%ac%d5%a1%d5%bf%d5%a1 %d5%b4%d5%ab%d5%bd%d5%ac%d5%a1%d5%bf%d5%a12

«Խոստումը» ֆիլմի հասույթով Կալիֆորնիայի համալսարանում մարդու իրավունքների ինստիտուտ կհիմնվի

Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմից ստացված շուրջ 20 մլն ԱՄՆ դոլարի հասույթը կուղղվի Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի իրավունքի դպրոցում նոր ինստիտուտի ստեղծմանը:

Արցախպրեսի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Daily News-ը:

«Մարդու իրավունքների «Խոստումը» ինստիտուտը մեր իրավունքի դպրոցն ու այս համալսարանը կդարձնի մարդու իրավունքների կրթության առաջամարտիկ»,- նշել է իրավունքի դպրոցի դեկան Ջենիֆեր Լ. Մնուկինը: Նա ընդգծել է, որ 20 մլն ԱՄՆ դոլարն ամենամեծ նվիրատվությունն է, որ իրավունքի դպրոցը երբևէ ստացել է ինստիտուտ ստեղծելու համար:

«Շատ մարդկանց Հայոց ցեղասպանությունը հայտնի չէ: 102 տարի մշտական ժխտման արշավ է եղել: Մենք հուսով ենք, որ Հայոց ցեղասպանության հարցում առկա մութը ցրելով` կարող ենք շարժվել առաջ և իսկապես առաջատար լինել մարդու իրավունքների հարցում կրթության, ուսումնասիրությունների, քարոզի և կրթաթոշակների գործում»,- նշել է «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, Կալիֆորնիայի համալսարանի բժշկական դպրոցի մարսողական հիվանդությունների բաժնի համաղեկավար Էրիկ Էսրաիլյանը:

Նոր ինստիտուտի առաջին տնօրենը լինելու է իրավունքի պրոֆեսոր Ասլի Բալին:

«Հայերը միայն սեփական պատմության վրա կենտրոնացած չեն: Մենք ցանկանում ենք, որ մարդիկ մեր պատմությունից դասեր քաղեն, որ մյուսներն այդ գիտելիքներից օգուտ ունենան»,- նշել Էսրաիլյանը:

«Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա ապրիլի 21-ին: Հայաստանի կինոթատրոններում ֆիլմը կցուցադրվի ապրիլի 27-ից: