Հայկական սփյուռքին մեղադրած թուրք մարզական մեկնաբանը ներողություն է խնդրել

Նախօրեին Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի «Բեշիքթաշ»-«Լիոն» հանդիպման ժամանակ թուրք և ֆրանսիացի երկրպագուների միջև եղած լարվածությունը Հայկական սփյուռքի վրա բարդած թուրք մարզական մեկնաբան Ալփեր Բաքըրջըգիլը ներողություն է խնդրել:

Ինչպես գրում է թուրքական Haberler.com կայքը՝ մեկնաբանը նշել է, որ իրեն սխալ են հասկացել, և ներողություն է խնդրել:

Հիշեցնենք, որ թուրքական «Բեշիքթաշի» համար պարտությամբ ավարտված խաղի ընթացքում Թուրքիայի TRT պետական հեռուստաալիքի մեկնաբանը, խոսելով երկրպագուների միջև տեղի ունեցած լարվածության մասին, ասել էր. «Չմոռանանք, որ Լիոնում շատ հայեր են ապրում»:

Ի պատասխան դրա՝ «Բեշիքթաշի» նախկին խաղացողներից Ալի Գյուլթիքենը հակազդել էր մեկնաբանի այս խոսքին և նշել, որ խնդիրը չի կարելի բարդել հայերի վրա, գրում է tert.am-ը:

Աշխարհի ամենաապահով երկրների վարկանշային ցանկում Հայաստանը 34-րդն է

Շվեյցարական «Համաշխարհային տնտեսական ֆորում» ոչ պետական կազմակերպությունը ներկայացրել է աշխարհի ամենաանվտանգ երկրների վերաբերյալ զեկույցը, որը գլխավորել է Ֆինլանդիան:

Հայտնի է, որ կազմակերպության փորձագետները վարկանշային աղյուսակը կազմելիս հաշվի են առել երկրներում ահաբեկչության, հանցավորության և բռնության մակարդակը:

Նշվում է, որ ամենաապահով երկրների ցանկի լավագույն եռյակում ներառված են նաև Արաբական Միացյալ Էմիրություններն ու Իսլանդիան: Մինչդեռ ամենաանապահով երկիր է ճանաչվել Կոլումբիան, որին նախորդում են Եմենը, Էլ Սալվադորը և Պակիստանը:

Ինչ վերաբերում է վարկանշային աղյուսակում Հայաստանի և տարածաշրջանային մյուս պետությունների զբաղեցրած դիրքին, ապա առաջատարը 29-րդ հորիզոնականում տեղակայված Վրաստանն է, որին հաջորդում են Հայաստանը (34-րդ տեղ), Ադրբեջանը (35-րդ տեղ), Իրանը (87-րդ տեղ), Ռուսաստանը (109-րդ տեղ) և Թուրքիան (116-րդ տեղ):

Ընդհանուր առմամբ, ցանկում ներառված է 136 պետություն:

Ստորև ներկայացնում ենք աշխարհի 20 ամենաապահով երկրների ցանկը՝

1.      Ֆինլանդիա

2.      Արաբաման Միացյալ Էմիրություններ

3.      Իսլանդիա

4.      Օման

5.      Հոնկոնգ

6.      Սինգապուր

7.      Նորվեգիա

8.      Շվեյցարիա 

9.      Ռուանդա

10.    Քաթար

11.    Լյուքսեմբուրգ

12.   Պորտուգալիա

13.   Նոր Զելանդիա

14.   Ավստրիա

15.   Էստոնիա

16.   Շվեդիա

17.   Սլովենիա

18.   Իսպանիա

19.   Նիդեռլանդներ

20.  Մարոկկո

The safety category of The Travel & Tourism Competitiveness Report 2017 from the World Economic Forum rated 136 countries

«Մենք հարատև խաղաղություն ենք ուզում» խորագրով միջոցառում Տաշքենդի հայկական համայնքում

«Մենք հարատև խաղաղություն ենք ուզում». հենց այսպիսի նշանաբան էին ընտրել Տաշքենդի հայկական համայնքի կիրակնօրյա դպրոցի սաներն իրենց հերթական միջոցառման համար։ Ու թեև այդ միջոցառումը իսկապես հերթականն էր, քանի որ ընդամենը մի քա­նի օր առաջ դրան նախորդել էին Մայրության ու գեղեցկության օրվան նվիրված հանդի­սու­թյունն ու տոնական համերգը, բայց իր տեսակի մեջ այն նոր էր ու անկրկնելի։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են համայնքից, Ուզբեկստանի հայկական ազգային մշակութային կենտրոնի նախագահ Մ. Սեթյանը, Տաշ­քենդի հայկական համայնքի ղեկավար Կ. Մարտիրոսյանը, համայնքի «պատվավոր թամա­դա» Պավել Իվանյանը, կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներն ու սաներն ամեն ինչ արել էին՝ միջոցառումը հիշարժան դարձնելու համար։ Երեխաները որոշել էին իրենց կամքն արտահայտել խաղաղությանը նվիրված ֆլեշ-մոբի միջոցով և տարբեր լեզուներով ներկայացրել էին իրենց երազանքը՝ «Ապրել խաղաղ»։

Թող բարո՜վ կատարվի նրանց երազանքը, որ մեր ժողովրդի անբաժան ուղեկիցն է եղել բոլոր ժամանակներում։

%d5%bf%d5%a1%d5%b7%d6%84%d5%a5%d5%b6%d5%a41 %d5%bf%d5%a1%d5%b7%d6%84%d5%a5%d5%b6%d5%a42

Մարսելում հրապարակ կանավանակոչեն Սողոմոն Թեհլերյանի պատվին

Ֆրանսիայի Մարսել քաղաքի հրապարակը պաշտոնապես կանվանակոչվի Սողոմոն Թեհլերյանի պատվին, հայ, որը սպանել է Հայոց ցեղասպանության զանգվածային արտաքսման կամակերպիչներից մեկին՝ Թալեաթ փաշային:

Այս մասին հայտնում է Armenian Weekly-ն:

Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը, մի քանի հասարակական եւ քաղաքական գործիչներ, նաեւ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները կմասնակցեն նախագծի պաշտոնական արարողությանը, որը տեղի կունենա ապրիլի 21-ին: Միջոցառումը կազմակերպում է Մարսելի քաղաքապետարանը՝  Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի հետ միասին:

Հարկ է նշել, որ Թեհլերյանի ամբողջ ընտանիքը Ցեղասպանության ժամանակ ոչնչացվել է: Նա ինքն ականատես է եղել 2 քույրերի բռնաբարությանը եւ մոր ու եղբոր սպանությանը: Թեհլերյանին հաջողվել է ողջ մնալ, երբ թուրք զինվորները նրան թողել են մահանալու վիրավորների եւ մահացածների կույտում:

Թեհլերյանը հայտնվել է Կոստանդնուպոլսում, որտեղից 1920 թվականին արտագաղթել է ԱՄՆ: Պատերազմից հետո Թեհլերյանը Դաշնակցություն կուսակցության հանձնարարությամբ («Նեմեսիս» գործողություն) ուղեւորվել է Բեռլին եւ 1921 թվականի մարտի 15-ին բազմաթիվ վկաների ներկայությամբ գնդակահարել նախկին մեծ վեզիր Տալեաթ փաշային:

Սպանությունից հետո Թեհլերյանին գերմանական իշխանությունները կալանավորել են:

Թեհլերյանի դատավարությունը եւ նրա արդարացումը սենսացիա են դարձել: Դատաքննության նյութ է դարձել ոչ միայն Թեհլերյանի գործողությունը, այլեւ՝ Թալեաթի, որպես խաղաղ բնակչության զանգվածային վայրագ սպանությունների կազմակերպիչ:

Դատարանը որոշել է, որ Թեհլերյանը սպանության պահին գործել է անմեղսունակության վիճակում, ավելի ուշ նա ազատ է արձակվել:

Դու իմ սրտում ես Հայաստան աշխարհ. ուկրաինացի երգչուհի

Համացանցում արտասահմանյան երգիչ-երգչուհիների հայերեն երգերի կատարումը վերջերս նկատելիորեն աշխուժացել է։ Ցանկանում եմ այդ կատարումներին ավելացնել նաև ուկրաինացի երգչուհի և մի շարք երգերի հեղինակ Shir Yeshim-ին, որը լսելով «Հայաստան աշխարհ» հուզումնալի երգը հաստատակամորեն որոշել էր այն ունենալ իր երգացանկում։

Երգի խոսքերի իմաստը հասկանալու համար նա դիմեց իմ օգնությանը, բայց առաջին իսկ հանդիպումից ցանկություն հայտնեց լիարժեք գիտելիքներ ստանալ և սովորել հայերեն։ Խոստովանեմ , որ առաջին անգամ էր , երբ հայերեն սովորելու ցանկությունն առաջացել էր հայերեն երգելու անհրաժեշտությամբ։ Երգչուհին չնայած իր գերզբաղվածությանը, հաճախեց և ավարտեց հայերենի դասընթացների առաջին կուրսը և արդեն կարող էր անթերի երգել հայերեն։ Նրա կատարմամբ «Հայաստան աշխարհ» երգն ուկրաինացի հանդիսատեսը միշտ ընդունում է ջերմորեն, իսկ մեզ հայերիս համար անչափ հաճելի է այդ անկրկնելի հուզականություն ունեցող երգի ունկնդրումը , ի դեպ նշեմ, որ երգի ձայնային պրոդյուսորը Ուկրաինայում հայտնի Յուրի Լիչն է, որի աշխատանքներն երաժշտական աշխարհում զգալի ավանդ ունեն և կազմում են մոտ 200 ձայնասկավառակ։

Կիևում հայերեն դասավանդելու աստվածահաճո այն առաքելությունը, որն ես հաճույքով և սիրով կատարում եմ, ինձ հնարավորություն է տվել ծանոթանալ, մտերմանալ բազմաթիվ կրթված և տաղանդավոր մարդկանց հետ։ Այդ անձնավորությունների մեջ իր ուրույն տեղն ունի իմ հոգու լեզվով երգող ուսանողուհիս։

Ռուզաննա Մարտիրոսյան

Կիև
www.kievao.com.ua

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումը պրակտիկանտների հետ

Ապրիլի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց 2017թ. ՀՀ սփյուռքի նախարարությունում իրենց պրակտիկան ամցկացրած ուսանողների հետ:

Նախարարը շնորհավորեց Երևանի պետական համալսարանի, Եվրոպական կրթական տարածաշրջանային և ՀՀ պետական կառավարման ակադեմիաների ուսանողներին` իրենց աշխատանքային պրակտիկան նախարարությունում հաջողությամբ անցկացնելու համար: Նա նշեց, որ յուրաքանչյուրն իր աշխատանքով պիտի իր նպաստը բերի Հայաստանի զարգացմանը և հավելեց. «Դրա համար անհրաժեշտ է լինել կրթված և մրցունակ, աշխատանքի հանդեպ ունենալ բարձր պատասխանատվության զգացում, լինել լավատես և մշտապես ձգտել ձեռք բերել նորանոր գիտելիքներ»:

Ներկայացնելով Սփյուռքի հետ տարվող աշխատանքները՝ նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ նախարարության հիմնական նպատակներն են հայապահպանությունը, Սփյուռքի ներուժի օգտագործումը Հաայաստանի զարգացման գործում և հայրենադարձությանը նպաստող ծրագրերի իրականացումը: «Մենք չենք կարող հրամայել Սփյուռքին, բայց փորձում ենք երկխոսելու, մեր ծրագրերը ներկայացնելու շնորհիվ ստեղծել վստահության և գործակցության առողջ մթնոլորտ: Ուրախությամբ պետք է նշեմ, որ մինչ օրս մեր նախարարություն այցելած որևէ սփյուռքահայ հիասթափված չի հեռացել: Ավելին, մեր իրականացրած ծրագրերի արդյունքում Հայաստան են եկել, բարձրագույն կրթություն ստացել հարյուրավոր սփյուռքահայ երիտասարդներ», – հավելեց նախարարը:

Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարարը լսեց հանդիպմանը ներկա բոլոր պրակտիկանտներին: Նրանցից յուրաքանչյուրը ներկայացրեց իր կարծիքը նախարարությունում անցկացված պրակտիկայի վերաբերյալ: ԵՊՀ ուսանող Մարիամ Սիմոնյանը նշեց, որ շատ բան է սովորել նախարարության «Հայեր այսօր» էլեկտրոնային պարբերականի խմբագրությունում: «Ես նույնիսկ երկու հոդված գրեցի և դրանք տպագրվեցին սփյուռքյան երկու լրատվամիջոցներում: Ինձ շատ է դուր եկել այս աշխատանքը և սիրով կցանկանայի երբևէ վերադառնալ, աշխատել այստեղ», – նշեց նա:

Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ուսանող Արամ Ալեքսանյանը հավելեց. «Նախարարությունում արհեստավարժ կադրեր են աշխատում, և ես հնարավորություն ունեցա ամբողջական պատկերացում կազմել Սփյուռքում գործող հայկական լրատվամիջոցների վերաբերյալ: Շատ կարևոր է իմանալ, թե օտար ափերում ապրող մեր հայրենակիցները ինչպես են կազմակերպում իրենց համայնքային առօրյան, հայապահպանությանն ուղղված ինչ միջոցառումներ են այնտեղ իրականացնում»:

Բոլոր պրակտիկանտներն ընդգծեցին, որ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում տիրում է առողջ աշխատանքային մթնոլորտ, ինչի արդյունքում իրենք արագ ինտեգրվել են աշխատակազմին և յուրացրել անհրաժեշտ գիտելիքները: ԵՊՀ ուսանող Վարդան Պողոսյանը նշեց. «Ես շատ սիրեցի հատկապես «Արի տուն» ծրագիրը և սիրով կհյուրընկալեմ ծրագրի մասնակիցներից մեկին»:

ԵՊՀ միջազգային հարաբերություների ֆակուլտետի պրակտիկայի ղեկավար Գրիգոր Բալասանյանը հատուկ շնորհակալություն հայտնեց նախարարությանը և նախարար Հրանուշ Հակոբյանին՝ տարիներ շարունակ իրենց բուհի ուսանողների պրակտիկան նախարարությունում բարձր մակարդակով կազմակերպելու համար և ասաց. «Մենք միայն ափսոսում ենք, թե ինչու է պրակտիկայի անցկացման ժամկետն ընդամենը 4 շաբաթ: Մեր ուսանողները սիրով կընդգրկվեն և կաջակցեն հատկապես «Արի տուն», ծրագրի, «Սփյուռք» ամառային դպրոցի կազմակերպման գործին»:

Բարձր գնահատելով ուսանողադասախոսական անձնակազմի պատրաստակամությունը՝ նախարարության ծրագրերում ընդգկվելու և հնարավոր աջակցություն ցույց տալու հարցում՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Սփյուռքի նախարարությունը համարեք ձերը: Եկեք և մասնակցեք մեր միջոցառումներին: Մենք սիրով կընդառաջենք բոլոր այն պրակտիկանտներին, ովքեր կգան և կցանկանան մասնակցել մեր ամառային ծրագրերին»:

Հանդիպման ավարտին ուսանողներն իրենց հուզող հարցերն ուղղեցին ՀՀ սփյուռքի նախարարին և ստացան սպառիչ պատասխաններ:

12345 6

 

Հայաստանին նվիրված մեկամսյակ Տալլինի մանկապարտեզում

Տալլինի էստոնական «Ռաաննիկու» մանկապարտեզում մարտ ամիսը նվիրված էր Հայաստանին, հայկական մշակույթի և ավանդությունների հետ ծանոթացմանը: Մարտի 22-ին մանկապարտեզում կայացավ փոքրիկ միջոցառում, որին մասնակցեց Էստոնիայի Տալլին քաղաքի «Մաշտոց» հայկական կիրակնօրյա դպրոցի երեխաները:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է «Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի տնօրեն Ջաննա Շահբազյանը, մանկապարտեզի սաները  (3-7 տարեկան) ու աշխատակազմը մեծ լրջությամբ ու պատասխանատվությամբ էին պատրաստվել միջոցառմանը: Դպրոցի ամեն մի անկյունում հայկական շունչ էր նկատվում: Բոլոր խմբերում տեղ էին գտել երեխաների ձեռքերով պատրաստված հայկական «Եռագույններն» ու «Արարատները», ցուցադրված էին հայկական զինանշանները:
Մանկապարտեզի աշխատակցուհի, մեր հայրենակից Լիլիթ Մազմանյանի շնորհիվ՝ հայերենից էստոներեն էին թարգմանվել «Կաքավիկ» և «Արև, արև, ե՛կ, ե՛կ» երգերը, որոնք էստոներեն ներկայացվեցին մանկապարտեզի, իսկ հայերեն՝ «Մաշտոց» դպրոցի երեխաների կատարմամբ: Հայերեն արտասանվեց «Ծիտիկ, ծիտիկ» բանաստեղծությունը:
«Մաշտոցի» սաները երգերով, պարերով, անցկացրած հայկական պարաի վարպետության դասով՝ գրավեցին ներկաների հետաքրքրությունը: Մանկապարտեզի փոքրիկներն իրենց դաստիարակների հետ  պարեցին նաև «Միասնության շուրջպարը», որին միացան բոլորն ու հայկական ջերմությամբ ու եռանդով եզրափակեցին միջոցառումը:
Հավելենք նաև, որ հայկական միամսյակում իր ուրույն տեղն ուներ նաև հայկական գաթան, որի համտեսումը տեղի ունեցավ միջոցառման ավարտին:
%d5%b4%d5%a1%d5%b7%d5%bf%d5%b8%d6%81%d5%b4%d5%a1%d5%b7%d5%bf%d5%b8%d6%811%d5%b4%d5%a1%d5%b7%d5%bf%d5%b8%d6%812%d5%b4%d5%a1%d5%b7%d5%bf%d5%b8%d6%813%d5%b4%d5%a1%d5%b7%d5%bf%d5%b8%d6%814 %d5%b4%d5%a1%d5%b7%d5%bf%d5%b8%d6%815 %d5%b4%d5%a1%d5%b7%d5%bf%d5%b8%d6%816 %d5%b4%d5%a1%d5%b7%d5%bf%d5%b8%d6%817

Ֆինլանդիայի հայոց լեզվի խմբակի սաներն այցելել են Տալլինի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոց

Ապրիլի 8-ին Ֆինլանդիայի Հելսինկի քաղաքի հայոց լեզվի խմբակի սաները նավով մեկնել են Տալլին` հյուրընկալվելու Տալլինի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցում:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Ֆինլանդիա-Հայաստան միությունից, Տալլինի դպրոցի սաներն ու անձնակազմը Ֆինլանդիայից ժամանած հյուրերի համար մի փոքրիկ Հայաստան էին ստեղծել: 4 ժամ շարունակ ուրախացրել են հայկական պարերով, երգերով, զանազան խաղերով, համեղ ուտեստներով:
Ֆինլանդահայ երեխաները էլ արտասանել են գարնանը նվիրված բանաստեղծություններ, երգել են՝ մաս կազմելով ընդհանուր տոնական մթնոլորտին:
Միջոցառման ավարտին Ֆինլանդիա-Հայաստան միության փոխնախագահ Մարինա Դանոյանը Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի տնօրեն Ջաննա Շահբազյանին է հանձնել ֆինլանդաբնակ հայ երեխաների ձեռքերով պատրաստված հուշանվերը՝ Հայաստանի, Էստոնիայի և Ֆինլանդիայի դրոշերի գույներով զարդաշղթա:
Հուսով ենք, որ այս այցը սկիզբ կդնի Ֆինլանդիայի և Էստոնիայի հայկական համայնքների միջև շարունակական համագործակցությանը:
%d5%bf%d5%a1%d5%ac%d5%ac%d5%ab%d5%b6%d5%bf%d5%a1%d5%ac%d5%ac%d5%ab%d5%b62%d5%bf%d5%a1%d5%ac%d5%ac%d5%ab%d5%b63%d5%bf%d5%a1%d5%ac%d5%ac%d5%ab%d5%b64

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվել Յուրի Խաչատուրովը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղար է նշանակվել Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը:

Ինչպես հաղորդում է «РИА Новости»-ն, Խաչատուրովը պաշտոնը կստանձնի 2017-ի մայիսի 2-ին:

Բրազիլահայ ընտանիքը որոշել է հայրենադարձվել

«Հայերն այսօր»-ի զրուցակիցը բրազիլահայ երիտասարդ Ներսես Յեգիներյանն է, ում հոգին լի է՝ Հայաստանին նեցուկ լինելու, Մայր հայրենիք առհավետ վերադառնալու անծիր  ցանկությամբ:

Արարատին  «հանդիպելուն» սրտի թրթիռով ենք սպասում…

-Ծնվել եմ Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, ավարտել եմ «Դուրյան» վարժարանը: Այժմ սովորում եմ Բրազիլիայի համալսարանների քաղաքային միության (FMU) իրավաբանության ֆակուլտետի ավարտական կուրսում: Մենք Բրազիլիայում ընտանեկան առևտրային բիզնես ունենք և ուզում ենք Հայաստանում արտադրվող մթերքները՝ հյութեր, պահածոներ, մրգեր և այլն, Բրազիլիա արտահանել, իսկ բրազիլական ապրանքները՝ Հայաստան ներկրել: Այդպիսով մեր երկիրն ավելի ճանաչելի կդարձնենք և կխթանենք ներդրումների զարգացմանը:

Որոշել ենք ընտանիքով հայրենադարձվել, միշտ մտածում ենք այդ մասին: Արդեն վեց անգամ այցելել ենք, և ամեն անգամ տարբեր գույների մեջ, զարգացած ու առաջադեմ բացահայտել Հայաստանը: Առաջին այցելությունը ամուր դաջվել է հիշողությանս մեջ, երբ Բիբլիական Սրբազան լեռը՝ Արարատը, իր ամբողջ գեղեցկությամբ երևաց մեզ, որից շատ հուզվեցինք: Եվ յուրաքանչյուր այցելության ժամանակ Արարատին «հանդիպելուն» սրտի թրթիռով ենք սպասում:

ՀՀ սփյուռքի նախարարը հորդորեց ամուր կապվել Հայաստանին…

-Հայաստանում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին առաջին անգամ էի հանդիպում, մեկ անգամ էլ Բրազիլիա կատարած այցելության ժամանակ հայկական դպրոցում հանդիպելու առիթ եղավ:

Հրանուշ Հակոբյանը շատ ուրախացավ, երբ իմացավ մեր ընտանիքի հնարավոր հայրենադարձության լուրը: Նա ջերմորեն ընդունեց ինձ և կարևորեց Հայրենիքում ակտիվ գործունեություն ծավավելու ճիշտ դիրքորոշումս:

Նախարարը միաժամանակ հորդորեց ամուր կապվել Հայաստանին, իմ գիտելիքները, փորձը, կապերն ու  հնարավորությունները ներդնել Հայրենիքում:

img_0350

Գա՛նք, կառուցե՛նք մեր երազանքի Հայաստանը…

-Հայաստանի բարօրության համար մտածելը բոլորիս ամենօրյա մտահոգությունը պետք է լինի, սիրե՛նք մեր երկիրն իր առավելություններով, դժվարություններով հանդերձ: Քննադատելն ու դժգոհելն ամենից հեշտ բանն է, սակայն այդ ամենի փոխարեն ավելի լավ է քայլեր ձեռնարկել՝ օգտակար լինելու Հայաստանին. եթե ինքներս մեզ չօգնենք, ապա մեկը ուրիշը դա չի անի:

Բրազիլացիները մի լավ ասացվածք ունեն. «Քար մի՛ նետիր հարևանիդ տանիքի վրա, եթե քո տան տանիքը ապակուց է», այս նախադասությամբ ամեն ինչ ասված է: Գա՛նք, կառուցե՛նք մեր երազանքի Հայաստանը. մեր Հայրենիքն աշխարհի ամենալավ երկիրն է:

10593024_1744 10653387_10152298554845036_8148993463090883578_n

-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն եմ շատ սիրում…

-2014 թվականին Հայաստան եկա «Globo TV»-ի նկարահանող խմբի հետ: Նրանց ուղեկցում էի, որպեսզի նկարահանումներ կատարեին Հայաստանի տեսարժան, պատմամշակութային վայրերում: Տասնհինգ օր տևեցին նկարահանումները, եղանք Երևանում, Էջմիածնում, Խոր Վիրապում, Խնձորեսկում, Ջերմուկում և այլուր, որի արդյունքում տեսաֆիլմ պատրաստվեց: Այն տեղադրվել է նաև «Youtube»-ում, «Globo TV» հեռուստաալիքով տեսաֆիլմը 30 միլիոն դիտում է ունեցել:

Ինչ վերաբերվում է Հայաստանում իմ սիրելի վայրին, ապա դա Էջմիածինն է, անբացատրելի կապվածություն ունեմ այս քաղաքի հետ: Պատճառներից մեկն էլ այն է, որ Գևորգյան հոգևոր ճեմարանում 6 ամիս դասընթացների եմ մասնակցել՝ հարստացնելով հոգևոր գիտելիքներիս պաշարը:

Այժմ հայրիկիս և եղբորս հետ Բրազիլիայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում ենք ծառայում: Եղբայրս նույնպես Գևորգյան հոգևոր ճեմարանում վեցամսյա դասընթացների է մասնակցել, նա սարկավագ է, իսկ ես՝ դպիր: Հայրս հոգևոր կրթությունը Երուսաղեմում է ստացել:

Գևորգ Չիչյան

Սամանթա Փաուերը միացել է «Խոստումը» ֆիլմի արշավին

Միավորված ազգերի կազմակերպությունում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Սամանթա Փաուերը միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի #KeepThePromise արշավին:

«Ես խոստանում եմ պահել խոստումը` լինելով մարդու իրավունքների պաշտպան»,- նշել է նա Twitter-ում տեղադրված տեսանյութում:

Ինձ համար կարևոր ֆիլմ է, բոլոր նախնիներս Հայոց ցեղասպանության զոհեր են. Սերժ Թանկյանը խոսել է «Խոստումը» ֆիլմի մասին

Ամերիկահայ հայտնի ռոք երգիչ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը և ֆիլմի պաշտոնական սաունդթրեքի հեղինակ Քրիս Քորնելը Լոս Անջելեսում մասնակցել են Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրությանը:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սերժ Թանկյանը նշել է, որ շատ ուրախ է ֆիլմի ստեղծման աշխատանքներին մասնակցելու համար: «Ես շատ ուրախ եմ, որ մասնակցություն եմ ունեցել ֆիլմի երաժշտական մասի աշխատանքներին: Սա շատ կարևոր ֆիլմ է: Դրանում ներկայացված է սիրո պատմություն, որը տեղի է ունենում Հայոց ցեղասպանության տարիներին: Սա ինձ համար կարևոր է, որովհետև իմ բոլոր նախնիները Հայոց ցեղասպանության զոհեր են»,- ասել է Թանկյանը:

«Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը, կարևորելով Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ նկարահանելու` երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությունը, նույնպես նշել է, որ իր նախնիները Հայոց ցեղասպանության զոհեր են, և ինքը ցանկանում է այս հարթակը օգտագործելու եղանակով խախտել լռությունը ու մարդկանց ուշադրությունը հրավիրել խնդրի վրա:

Հայոց լեզվին նվիրված սեմինար Պորտուգալիայում

Ապրիլի 5-ին «Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության» նախաձեռնությամբ Լիսաբոնի համալսարանի գրերի ֆակուլտետում (Faculdade de Letras de Universidade de Lisboa) կայացել է «Հայոց լեզվի օր» խորագրով սեմինար:

«Մի քանի ամիս առաջ հանդիպել էի Լիսաբոնի համալսարանի գրերի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Պաուլո Ալբերտոյի հետ, որին ներկայացրի սեմինարի գաղափարն ու որոշ մանրամասներ: Նա ողջունեց մեր նախաձեռնությունը՝ նշելով, որ իրենց ֆակուլտետում շատ հաճախ են տարբեր երկրների մշակույթին ու լեզվին նվիրված ձեռնարկներ կազմակերպվում»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց «Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության» նախագահ Վահե Մխիթարյանը:

Սեմինարից առաջ ֆակուլտետի նախասրահում կայացել է Հայաստանին նվիրված լուսանկարների ցուցահանդես, որտեղ ներկայացվել է մեր մշակույթը, պատմամշակութային կարևոր հուշարձանները, ինչը բնորոշում և բնութագրում է Հայաստանն ու հայ ժողովրդին:

Սեմինարը կայացել է ֆակուլտետի ամենամեծ դահլիճում, որտեղ ներկա են եղել համալսարանի ուսանողներ, դասախոսներ, ղեկավար մարմնի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

Սեմինարն իր ողջույնի խոսքով բացել է ֆակուլտետի փոխտնօրեն, պրոֆեսոր Ժուաու Դիոնիզիոն: Վերջինս իր ելույթում ընդգծել է նման ձեռնարկի կարևորությունը և նշանակությունը:

«Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության» նախագահ Վահե Մխիթարյանն իր ելույթի ժամանակ ներկայացրել է միության աշխատանքները և խոսել ապագա անելիքների մասին:

Սեմինարը վարել է «Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության» հիմնադիր անդամ Լիա Խաչիկյանը, ով Լիսաբոնում պորտուգալերեն լեզվի ու մշակույթի ուսումնասիրությամբ է զբաղվում:

«Պորտուգալացի ներկաներին բավականաչափ ընդհանրական ու հնարավորինս ամփոփիչ փորձեցի ներկայացնել հայոց լեզուն և մշակույթը: Խոսեցի հայերենի աշխարհագրական տարածման, լեզվի պատմության և զարգացման փուլերի,  գրերի ստեղծման, այբուբենի կազմության և հետագա փոփոխությունների, արևմտահայերենի և արևելահայերենի հիմնական հնչյունաբանական և բառապաշարի տարբերությունների մասին: Անդրադարձ կատարեցի նաև Հայաստանի Հանրապետության և Պատմական Հայաստանի տարածքում առկա բարբառներին, ընդհանուր տեղեկություններ փոխանցեցի լեզվի քերականական կառուցվածքի վերաբերյալ», «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Լիա Խաչիկյանը:

Սեմինարի ընթացքում պորտուգալացի հանդիսատեսը հնարավորություն է ունեցել նաև ծանոթանալու հայ ժամանակակից պոեզիայի հետ: Հնչել են Հովհ. Թումանյանի, Հովհ. Շիրազի, Հ. Սահյանի և Պ. Սևակի բանաստեղծություններից մի քանիսը:

Սեմինարի ավարտին ելույթ է ունեցել միության հովանու ներքո գործող «Կոնսոնանսիա» լարային նվագախմբի մենակատարներից կազմված կվարտետը՝ Ելենա Ռյաբովա (առաջին ջութակ), Անժելա Հակոբյան (երկրորդ ջութակ), Ալեքսանդր Դելգադո (ալտ), Լևոն Մուրադյան (թավջութակ): Հնչել են Կոմիտասի ստեղծագործություններն ու ժողովրդական մեղեդիներ:

Խոսելով առաջիկա ծրագերի մասին՝ «Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության» նախագահը նշեց, որ նախատեսում են առաջիկայում երկու սեմինար իրականացնել՝ «Հայերը՝ որպես գիտության և նորարարության ազգ» և «Հայկական միջնադարյան ճարտարապետություն և եկեղեցաշինություն» խորագրերով:

%d5%bd%d5%a5%d5%b4%d5%ab%d5%b6%d5%a1%d6%801%d5%bd%d5%a5%d5%b4%d5%ab%d5%b6%d5%a1%d6%802%d5%bd%d5%a5%d5%b4%d5%ab%d5%b6%d5%a1%d6%803%d5%bd%d5%a5%d5%b4%d5%ab%d5%b6%d5%a1%d6%804%d5%bd%d5%a5%d5%b4%d5%ab%d5%b6%d5%a1%d6%805 %d5%bd%d5%a5%d5%b4%d5%ab%d5%b6%d5%a1%d6%806

Ֆրանսիայում ապրիլի 24-ի հիշատակի միջոցառմանը նախատեսված է Ֆրանսուա Օլանդի մասնակցությունը

Հայոց ցեղասպանության տարելիցի օրը` ապրիլի 24-ին, Ֆրանսիայում կայանալիք հիշատակի միջոցառմանը նախատեսված է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությունը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը:

«Ապրիլի 24-ի հիշատակի հիմնական միջոցառումը կանցկացվի Կոմիտասի կիսանդրու մոտ: Միջոցառմանը կմասնակցի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նախատեսված է Ֆրանսիայի նախագահի ելույթը: Դա կլինի Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը նրա վերջին խոսքը որպես Ֆրանսիայի նախագահ»,-ասաց Հարութ Մարտիրոսյանը:

Նա տեղեկացրեց, որ հրավիրվել են նաև Ֆրանսիայի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուները: Նրա խոսքով, եթե նրանք ցանկություն հայտնեն, ապա նույնպես հիշատակի միջոցառմանը ելույթ կունենան:

Ոգեկոչման միջոցառումների շրջանակում նախատեսված է նաև երթ, սակայն դա տեղի կունենա ապրիլի 22-ին: Ապրիլի 23-ին Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլն է, այդ օրը հայ համայնքը միջոցառումներ չի նախատեսել: