Սփյուռքի նախարարությունում մեծարեցին սփյուռքահայ արվեստագետներին

Ապրիլի 13-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ֆրանսաբնակ երաժիշտ-երգահան, դերասանուհի Ժաննա Բլբուլյանին, բելգիաբնակ երգչուհի Նարա Նոյանին, գրող հրապարակախոս Լևոն Բլբուլյանին:

ՀՀ սփյուռքի նախարարն արժևորեց սփյուռքահայ արվեստագետների մեծ ներդումը Սփյուռքում հայ մշակույթի պահպանման, տարածման, ինչպես նաև ստեղծագործական գործունեությամբ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանն աջակցելու գործում:

Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման տարբեր բնագավառներում կատարած աշխատանքի, համազգային խնդիրների լուծմանն արդյունավետ մասնակցություն ունենալու համար՝ նախարարը Ժաննա Բլբուլյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Երախտագիտության» մեդալով:

Սփյուռքում հայկական արվեստը տարածելու, ստեղծագործական և կատարողական բարձր վարպետության, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում զգալի ներդրում ունենալու համար նախարար Հրանուշ Հակոբյանը Նարա Նոյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով:

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ խոսքերի ու գնահատանքի համար, նշեցին, որ պարգևները պարտավորեցնող են ու ոգևորող:

img_2046img_2077

Մենք վերանորոգում ենք կոթողները՝ անկախ նրանից հայկական են, թե ոչ. Ադրբեջանի պես չենք ոչնչացնում. Դավիթ Բաբայան

Մենք Ադրբեջանի նման չենք, մենք պահպանում ենք պատմական, կրոնական, մշակութային կոթողները՝ անկախ նրանից հայկական են, թե ոչ: Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝անդրադառնալով Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարությանը, ըստ որի՝ հայկական կողմը Շուշիի մզկիթի վերականգնումն իրականացնում է սադրիչ նպատակներով:

«Մենք վերանորոգում ենք ճարտարապետական մի կոթող, ինչ կապ ունեն սադրիչ գործողություններն այս ամենի հետ։ Մենք իրենց պես Ջուղայի խաչքարերը չենք ջարդում, ոչնչացնում, թափում գետը։ Աշխարհի աչքի առջև ևս սա արդեն Ադրբեջանի համար օրինաչափություն է»,- շեշտեց Դավիթ Բաբայանը:

Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն նաև հայտարարել էր, որ  ծրագրվում է Հայաստանի, ՌԴ-ի, Ադրբեջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպում անցկացնել։ Գարեգին Բ Կաթողիկոսն անդրադարձել է այս հայտարարությանը՝ նշելով. «Ներկայումս, ﬕջնորդությամբ Կիրիլ Պատրիարքի, այո՛, ծրագրվում է նման եռակողմ հանդիպում: Հանդիպման ժամկետները դեռ հստակ չեն. հանդիպման թվականի և օրակարգի ձևավորման ուղղությամբ կողﬔրի ﬕջև աշխատանքներ են տարվում»:

Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ եթե այդ հանդիպումը նպաստելու է խաղաղությանը, ապա ողջունելի է ցանկացած  հանդիպում. «Իսկ եթե այն վերածվի 20 տոկոս տարածք հանձնելու վերաբերյալ  խոսակցությունների, ապա կլինի պարզապես հերթական հանդիպումը»:

Դավիթ Բաբայանը շեշտեց, որ Արցախյան հիմնախնդիրը կրոնական չէ, բայց հոգևոր առաջնորդները կարող են ազդեցություն ունենալ հասարակության տրամադրությունների վրա, հատկապես Ադրբեջանում թոթափել լարվածությունը, հայերի նկատմամբ ատելությունը:

«Մեր հասարակությունում ֆաշիստական, նացիստական մոտեցումներ չկան, մզկիթի վերանորոգումը ևս ցույց է տալիս, որ մեզ մոտ հանդուրժողական մթնոլորտ է»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:

«Դիտեք այս ֆիլմը եւ իմացեք հայ ժողովրդի պատմությունը». Քիմ Քարդաշյանը՝ «Խոստում» ֆիլմի մասին

Հոլիվուդյան աստղերի շարքին միացել է Քիմ Քարդաշյանը, ով Twitter-ի իր էջում գրառում է արել Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի մասին:

«Ես այնքան հպարտանում եմ «Խոստում» ֆիլմով: Խնդրում եմ, դիտեք այն եւ տեղեկացեք, վերջապես, հայ ժողովրդի պատմությանը»,-armradio.am-ի փոխանցմամբ՝ գրել է Քիմն իր միկրոբլոգում:

#KeepThePromise հեշթեգն այս օրերին գերիշխում է սոցցանցերում: Հայոց Ցեղասպանության մասին՝ «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերայից առաջ մի շարք աստղեր իրենց աջակցությունն են հայտնել դրա հանրայնացմանը:

Գարեգին Բ Կաթողիկոսն անդրադարձել է եռակողմ հանդիպման և Շուշիի մզկիթի մասին Փաշազադեի հայտարարություններին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել «Արմենպրես»-ի հարցերին՝ անդրադառնալով Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի՝ ապրիլի 12-ի այն հայտարարությանը, ըստ որի՝ ծրագրվում է եռակողմ հանդիպում:

Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:

-Վեհափառ Տեր, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն երեկ իր հարցազրույցում հիշատակել է հնարավոր հերթական եռակողմ հանդիպման մասին, որքանո՞վ է համապատասխանում իրականությանը այդ տեղեկատվությունը:

– Գիտեք, որ ղարաբաղյան հակամարտության սկզբնավորման առաջին օրվանից Մեր երջանկահիշատակ նախորդները, ապա և Մենք, միջնորդությամբ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքների, պարբերաբար հանդիպումներ ենք ունեցել Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ` համատեղ ջանքերով նպաստելու հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մեր գահակալության շրջանում տեղի են ունեցել այդպիսի հինգ հանդիպումներ:

Ներկայիս, միջնորդությամբ Կիրիլ Պատրիարքի, այո՛, ծրագրվում է նման եռակողմ հանդիպում: Հանդիպման ժամկետները դեռ հստակ չեն. հանդիպման թվականի և օրակարգի ձևավորման ուղղությամբ կողմերի միջև աշխատանքներ են տարվում:

– Ձերդ Սրբություն, Ալլահշուքյուր Փաշազադեն նաև անդրադարձել է հայկական կողմի ջանքերով Շուշիի մզկիթի վերականգնման իրողությանը, նշել է, որ հայերը դա անում են սադրիչ նպատակներով: Ընդվզելով հայերի այս քայլի դեմ` շեյխ ուլ իսլամը տեղեկացրել է, որ հարցը բարձրացնելու է Մոսկվայում ԱՊՀ երկրների Միջկրոնական խորհրդի նիստին: Ինչպե՞ս է վերաբերվում այս մոտեցմանը  Հայ Եկեղեցին:

-Անշուշտ, Ալլահշուքյուր Փաշազադեն ազատ է բարձրացնել ցանկացած խնդիր, ինչը և հաճախ անում է` տուրք տալով նաև ադրբեջանական քարոզչամեքենայի պահանջներին:

Պատմական փաստ է, որ, ի տարբերություն ադրբեջանական կողմի, որ ոչնչացնում է հայկական հետք պարունակող ցանկացած հուշարձան և սրբավայր, ինչպիսին էր պարագան օրինակ` հայոց հավատքի վկա Ջուղայի հազարավոր խաչքարերի կործանման, Բաքվի հայկական եկեղեցու` գրապահոցի վերածման, Նախիջևանի մեր վանքերի և եկեղեցիների ավերման, Արցախի իշխանությունները պահպանում ու վերականգնում են Արցախի հողում գտնվող իրենց պատմական ժառանգությունը, նաև այլ կրոնների պատկանող սրբավայրեր և հուշարձաններ:

Շուշիի մզկիթի վերականգնման վերաբերյալ գոհունակություն արտահայտելու փոխարեն Ադրբեջանի հոգևոր առաջնորդի կողմից դրսևորված ընդվզումը և դրա հիմնավորումը Մեզ համար անընկալելի է: Արդար և ազնիվ կլիներ այն արտահայտել սեփական երկրի տարածքում գտնվող հայկական սրբավայրերի և հուշարձանների նկատմամբ գործվող բարբարոսությունների առնչությամբ:

Իրանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ՝ Շուշիի մզկիթի պատճառով

Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Շուշիում իրանական պատմա-մշակութային հուշարձանի՝ «Վերին մզկիթի» շրջանում հնագիտական պեղումներին իրանցի հնագետների խմբի մասնակցության առնչությամբ:

Ադրբեջանական ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևի խոսքերով՝ «մզկիթի վերականգնման քողի ներքո հայկական կողմը փորձում է ոչնչացնել դրա ադրբեջանական ծագման մասին վկայող բոլոր էլեմենտները», փոխանցում է Armedia-ն:

Շուշիի մզկիթը մշտապես բաց է եղել պատմաբանների, հնագետների և այլ մասնագետների համար: Իսկ մզկիթի իրանական մաշկութային կոթող լինելու հարցում կարող են կասկածել միայն ադրբեջանցի մասնագետները, սակայն դա Ադրբեջանի և Իրանի պարզաբանելու թեման է…

Նշենք, որ Շուշիում գտնվող իրանական «Վերին մզկիթ» հուշարձանի տարածքում մարտի 21-ից իրականացվում են հնագիտական պեղումներ:

Արցախում աճեցված հաճարն արտահանվում է Եվրոպա. «Արգրեյն» ընկերության հիմնադիր

Արցախում աճեցված հաճարն արտահանում ենք Իտալիա, Հոլանդիա, Իսրայել, Ռուսաստան. վերջերս նաև ԱՄՆ-ում և Շվեյցարիայում են հետաքրքրվում այդ մշակաբույսով:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախից հաճարի արտահանմամբ զբաղվող «Արգրեյն» ընկերության հիմնադիր Հարություն Մնացականյանը:

«Արցախում սկսել ենք աշխատել 2013 թվականից: Հումքի վերամշակումը կատարում ենք Հայաստանում և արտահանում նշված երկրներ, մասնավորապես Եվրոպա: Այն բարձր որակ ունի, որի պարունակության մեջ չկան վնասակար նյութեր: Հաճարից ստացած օրգանական ալյուրից պատրաստված հացն օժտված է օրգանիզմին անհրաժեշտ բնական վիտամիններով: Առաջիկայում որոշել ենք այդպիսի հաց արտադրել նաև Արցախում»,- նշել է ընկերության հիմնադիրը:

Խոսելով Արցախում իրականացվելիք առաջիկա ծրագրերի մասին՝ Հ. Մնացականյանը ասել է, որ պատրաստվում է Արցախում արտադրվող կտավատի հումքի համար ձեթի արտադրամաս հիմնել:

«Այս տարի նախատեսում եմ բացել կտավատի ձեթի արտադրամաս, որտեղ կմշակենք Արցախում արտադրվող կտավատի հումքը: Ոչ ավանդական բուսատեսակներից քինուան, չիան և ֆիզիալիսը Եվրոպայում մեծ արժեք ունեն. ցանկություն ունենք այս երեք մշակաբույսերը ևս Արցախում աճեցնենք: Այդ մշակաբույսերն օգտագործվում են հյութերի, աղցանների արտադրության մեջ»,- մանրամասնել է Հ. Մնացականյանը:

Բակո Սահակյանն այցելել է Մատաղիս գյուղ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 13-ին այցելել է Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղ եւ մասնակցել այնտեղ շաբաթօրյակի շրջանակներում կազմակերպված ծառատունկին:

րցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ երկրի ղեկավարը հանդիպել է նաեւ տեղի բնակիչների հետ եւ քննարկել համայնքի առջեւ ծառացած խնդիրները:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

ՀՀ կառավարության և «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի միջև փոխըմբռնման հուշագիր կստորագրվի

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Հայաստանի կառավարության և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջև կստորագրվի ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի համատեղ իրականացման մասին փոխըմբռնման հուշագիր: Ֆոնդի հետ ՀՀ կառավարության համագործակցությունը հնարավորություն կընձեռի կենտրոնացնել մեծածավալ մասնավոր ներդրումներ և դրանք ուղղել Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների զարգացմանը, ինչպիսիք են էներգետիկան, այդ թվում այլընտրանքային էներգիայի արտադրությունն ու էներգետիկ ենթակառուցվածքները, զբոսաշրջային ենթակառուցվածքները, հանքարդյունաբերությունը, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաները (ՏՀՏ), մշակող արդյունաբերությունը: Ֆոնդը կլինի ՀՀ կառավարության գործընկերը «պետություն-մասնավոր հատված» գործակցության իրականացման գործում, ներդրումային ծրագրերում կմասնակցի սեփական միջոցներով` կիսելով ռիսկերը: Ֆոնդը կդառնա արտաքին ներդրումների ներգրավման կատալիզատոր` ստեղծելով խոշոր նախագծերի ֆինանսավորման իրական հնարավորություն, ինչը կնպաստի տնտեսական աճի տեմպերի արագացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Ֆոնդը բարենպաստ պայմաններ կստեղծի անհատ ներդրողների համար, կիրականացնի ռիսկերի հավասարակշռման գործառույթ: Չլինելով մրցակից առևտրային բանկերի համար` ներդրողների համար ֆոնդը կապահովի ներդրումների դիվերսիֆիկացիա՝ նվազեցնելով ռիսկերը: Կարեն Կարապետյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Ֆոնդը ոչ միայն նպաստելու է ներդրումների ներգրավմանը, այլև բերելու է բիզնեսի նոր մշակույթ: Ֆոնդի անդամները բավականին ճանաչված, հաջողակ բիզնեսմեններ են, ունեն լայն շրջանակներ, բազմաթիվ գործընկերներ տարբեր երկրներում, և նրանք հանդիսանալու են կամուրջ մեր և այդ երկրների բիզնես համայնքի միջև: Մաքսիմալ աջակցություն ենք ցուցաբերում ֆոնդի կայացմանը ու սերտ համագործակցում»:

Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն՝ մասնակցելու ապրիլի 14-ին Բիշկեկում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպմանը:

Սուրբ Զատիկի, սիրիահայերի ու գտնված հայրենիքի մասին. պատմություններ ցուցահանդես-տոնավաճառի տաղավարներից

«Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» արդեն ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառն այս անգամ նվիրված էր Սուրբ Հարության տոնին։  Երևանում բնակվող շուրջ 50 սիրիահայեր այսօր այցելուներին ներկայացրին ձեռագործ աշխատանքներ, արծաթյա իրեր, քաղցրավենիք, արևելյան ուտեստներ ու համեմունքներ։

Հալեպում ուսուցչուհի աշխատած Անի Շամլյանը Panorama.am-ի հետ զրույցում պատմեց, որ արդեն  չորս ու կես տարի Հայաստանում է։

«15 օրով էի հայրենիք այցելել, բայց որ Հալեպի վիճակը վատացավ, ստիպված եղանք մնալ այստեղ ու գործ սկսել։ Սկսեցի թխվածքներ, քաղցրավենիք պատրաստել։ Դասընթացների մասնակցեցի, նոր գիտելիքներ ստացա ու մինչև հիմա այս գործով եմ զբաղվում։ Ցուցահանդես-վաճառնքերից իմ մասին գիտեն արդեն ու հաճախ են ինձ պատվերներ են տալիս»,-ասաց տիկին Շամլյանը։

Նա նշեց, որ Հալեպի այն  դպրոցը, որտեղ ինքն աշխատել է, հիմա կանոնավոր կեպրով գործում է, սակայն տունը, որտեղ բնակվել է՝ շատ վատ վիճակում է։

«Ինչպես ասում են՝ սկսեցինք այստեղ յոլա գնալ, ու վերադառնալ չենք ցանկանում»,-ավելացրեց հալեպահայ ուսուցչուհին։

Ցուցահանդեսին հանդիպեցինք նաև հալեպահայ ամուսիններ Ռաֆֆի և Յոլանդ Ռշտունիներին,  ովքեր ինչպես արդեն մեր նախորդ հրապարակումներից մեկում տեղեկացրել էինք,  զբաղվում են սիրիական անուշեղենի, թխվածքների փոքրիկ արտադրությամբ:

Ամուսիններն իրենց տանն են աշխատում, պատվերներ են ընդունում ու ցուցահանդես-վաճառքների են մասնակցում։

«Շուտով հինգ տարին կլրանա, որ Հայաստանում ենք։ Փորձում ենք հարմարվել, շուկային ծանոթանալ և ընդլայնել մեր գործը։ Արդեն մեր հիմնական պատվիրատուներն ունենք։ Մարդիկ սկսում են ծանոթանալ ու համոզվել մեր արտադրանքի որակի մեջ»,- մեզ հետ զրույցում ասաց Ռաֆֆի Ռշտունին։

Ձեռագործությամբ զբաղվող Լենա Շամլյանը պատմեց, որ հանգիտ է զգում իրեն իր հայրենիքում և զբաղվում է իր սիրած գործով։

«Հալեպում ընտանեկան բիզնես ունեինք, հարսանեկան շորերի խանութ, որը հիմնվել էր 1985 թվականից, սակայն պատերազմի պատճառով այն 2012 թվականի հուլիսի 23-ից փակ է։ Միշտ հարցնում են՝ մտադրություն ունեք վերառադնալու և ես ապտասխանում եմ՝ այո ունենք, ինչպե՞ս կարող ենք չունենալ։ Տունս այնտեղ է եղել, բնական է, որ ուզում եմ գնալ  ու տեսնել, բայց էլ կվերադառնամ Հայաստան, մենք սովորեցինք այստեղ կյանքին, ավելին, սիրեցինք այն, մեզ այստեղ պահող բան կա արդեն»։

Մասնագիտությամբ ճարտարապետ Վաչե Անաջօղլյանն էլ 2012-ին ընտանիքով արձակուրդներին Հայաստան էր եկել, սակայն մնաց այստեղ մինչ օրս։

«Պատերազմը սկսվեց ու մնացինք։ Որոշ ժամանակ անց տեսանք, որ վերադառնալ չենք կարող, որոշեցինք մնալ ու գործ սկսել։ Ամբողջ ընտանքիով ենք այստեղ, աղջիկս արդեն համալսարանի առաջին կուրսում է»,- պատմեց Panorama.am-ի զրուցակիցը։

Նա նշեց, որ Հալեպում մասնագիտությամբ քիչ է աշխատել, այնուհետև տպագրական գործով է զբաղվել, տպարան է ունեցել։

«Ամենարագ ձեռնարկվող գործը Հայաստանում սնունդի ոլորտի հետ կապված է։  Տեսանք, որ արևելյան սնունդի նկատմամբ Հայաստանում հետաքրքրությունը մեծացել է, սկսցեինք պատրաստում ենք տարբեր արևելյան համեմունքներ, մածուկներ ու կիսաֆաբրիկատներ։ Այժմ խանութ ունենք ու զբաղվում ենք մեր գործով»,- նշեց Վաչե Անաջօղլյանը։

Ցուցահանդես-տոնավաճառ էր այցելել նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ Զատիկի տոնի առթիվ ցուցահանդես-վաճառքից ինքը ևս գնումներ է կատարել՝ իշլի քյուֆթա, հումուս և այլ ուտեսներ։

Նախարարն ասաց, որ առաջարկել է, որ շաբաթ օրն էլ մնան և 3 օր շարունակեն ցուցահանդեսը, սակայն մերժել են՝ ասելով, որ իրենք ևս պետք է գնան ու պատրաստվեն տոնին. «Սուրբ  Զատիկը նրանք յուրահատուկ են նշում, մենք դեռ շատ բան ունենք սովորելու այդ  առումով»։

Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ սիրիահայերը մեր երկրում ունեն հարկային ատոնություններ, իսկ եթե ինչ-որ մի տեղ անհատ ձեռներեց են ներկայացված, ապա ինչպես կարգն է հարկ են վճարում:

«Պետք է գործել ՀՀ օրենքների սահմաններում, սակայն հենց այսօր կառավարության հերթական նիստում մենք էլի մաքսային, հարկային շատ արտոնություններ սահմանեցինք: Մեր տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը մի շարք ձեռնարկությունների, այդ թվում նաև սիրիհայերի դեղագործությամբ զբաղվող ձեռնարկությանը մաքսատուրքի ազատելու հնարավորություն տվեց: Եթե կա բիզնես, որը զարգացման հեռանկարներ ունի, մեր պետությունը պատրսատ է առանձին քննարկելու և առջանձին լուծուներ գտելու տվյալ բիզնեսի համար»,-ասաց նախարարը։

Նա շեշտեց, որ անցնող հինգ տարիների ընթացքում երկրի ղեկավարի, կառավարության  ջանքերն ուղղված են սիրիահայհերի հասարակության մեջ ինտեգրմանը և այս ցուցահանդեսը ևս դրա ապացույցն է. «Մենք փորձում ենք տնտեսական ինտեգրումն արագացնել և անել ծրագրեր, որոնք կարող են մեծ օգուտ բերել փոքր և միջին բիզնեսը զարգացնելուն: Չկա մի ոլորտ, որտեղ սիրիահայերի համար դռներ չեն բացվում։ Մեր հայրենակիցները հիմնականում որոշել են հաստատվել հայրենիքում, ոչ լքել: Ժամանակավոր դժվարությունները լուծելի են քայլ առ քայլ, ժամանակ է պետք, իսկ այդ ժամանակն աշխատում էի օգուտ, այլ ոչ ի վնաս իրենց»:

Ի Տեր ննջեց Տ. Զարեհ ծայրագույն վարդապետ Պարոնյանը

Ռումինիայի Հայոց թեմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին տեղեկացվել է, որ ապրիլի 13-ի առավոտյան` կյանքի 76-րդ տարում, վախճանվել է Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զարեհ ծայրագույն վարդապետ Պարոնյանը: Այս մասին հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը:

Վաստակաշատ Հայր Զարեհի վախճանը մեծ ցավ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես սգում են բարեհիշատակ Զարեհ ծայրագույն վարդապետի մահը:

Ապրիլի 19-ին, Բուխարեստի Ս. Հրեշտակապետաց առաջնորդանիստ եկեղեցում, հընթացս Ս. Պատարագի կկատարվի Հայր Զարեհի վերջին օծումը, ապա հուղարկավորության արարողությունը:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

Տ Զարեհ ծայրագույն վարդապետ Պարոնյանը (ավազանի անունը` Հակոբ) ծնվել է 1941 թ. հոկտեմբերի 2-ին Բուխարեստում (Ռումինիա):

Նախնական կրթությունը ստացել է Բուխարեստի Հայկական վարժարանում (1948-1955 թթ.):

1955-1959 թթ. սովորել է Երևանի Մանկավարժական ուսումնարանում:

1961 թ. ընդունվել է Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան, որի լսարանական բաժինն ավարտել է 1965 թ.:

1963-1964 թթ. սովորել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Զագորսկի հոգևոր ակադեմիայում և պաշտպանել ավարտաճառ`«Ստեփանոս Վարդապետ Լեհացի. կյանքն ու գործը» թեմայով:

1963 թ. սեպտեմբերին Ս. Էջմիածնում ձեռնադրվել է սարկավագ` ձեռամբ Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Աբրահամյանի:

1965 թ. հունվարին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ձեռամբ Գերաշնորհ Տ. Ասողիկ եպիսկոպոս Ղազարյանի:

1967-1970 թթ. ուսանել է Բուխարեստի Աստվածաբանական ակադեմիայում:

1969 թ. հուլիսին վարդապետական աստիճանի համար պաշտպանել է ավարտաճառ` «Հովսեփ արքեպիսկոպոս Արղության. կյանքն ու գործը» թեմայով:

1971 թ. ծայրագույն վարդապետության աստիճանի համար պաշտպանել է ավարտաճառ`«Տեղական ժողովները և իրենց տեղն ու նշանակությունը Հայ Եկեղեցու Կանոնադրության մեջ» թեմայով:

1976 թ. ստացել է Աստվածաբանության դոկտորի աստիճան` պաշտպանելով ավարտաճառ` «Հայ Եկեղեցու Պատարագը Արևելյան մյուս եկեղեցիների պատարագների շարքում» թեմայով:

1965-2001 թթ. եղել է Բուխարեստի առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ:

1973-2001 թթ. սպասավորել է Ռումինիայի հայոց թեմում որպես առաջնորդական փոխանորդ:

Զարեհ ծայրագույն վարդապետը հեղինակ է բազում հոդվածների և ուսումնասիրությունների, արժանացել տարբեր մրցանակների:

Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին նվիրված միջոցառում ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում

Ապրիլի 12-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայաստանի պատմությանը, ավանդույթներին և զբոսաշրջությանը նվիրված «Ок Армения» խորագրով միջոցառումը, որի նպատակն էր նպաստել Հայաստանի և Ռուսաստանի զբոսաշրջային ոլորտի առանցքային դերակատարների միջև կապերի ամրապնդմանն ու համատեղ նոր նախաձեռնությունների իրականացմանը։

Միջոցառմանը մասնակցեցին հարյուրից ավելի առաջատար զբոսաշրջային օպերատորներ ՌԴ-ից և ՀՀ-ից, հյուրանոցային համալիրների, զբոսաշրջային- տեղեկատվական գործակալությունների, ինչպես նաև հայկական ապրանքատեսակներ արտադրող տասնյակ ընկերությունների և ՌԴ առաջատար ավիափոխադրողների ներկայացուցիչներ։

Բացման իր ելույթում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ընդգծեց զբոսաշրջության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի շահագրգիռ մարմինների, այդ թվում նաև՝ մասնավոր դերակատարների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ կարևորելով նաև տեղեկատվական դաշտում նոր նախաձեռնությունների իրականացումը։ Դեսպանը նաև հայտնեց, որ նմանատիպ միջոցառումները հրաշալի հնարավորություն են ընձեռում արտերկրում ցուցադրելու ՀՀ զբոսաշրջային գրավչությունն ու հնարավորությունները։

Ելույթով հանդես եկավ նաև ՀՀ Զբոսաշրջության պետական կոﬕտեի նախագահ Զարﬕնե Զեյթունցյանը, ով, մասնավորապես, նշեց, որ Հայաստանում զբոսաշրջային հոսքերի թվով Ռուսաստանն առաջին տեղում է։

Ելույթ ունեցան նաև հրապարակախոս Էդուարդ Անանյանը և միջոցառման համակազմակերպիչ Գայանե Քոչարյանը։

Մասնակիցները հնարավորություն ունեցան վիրտուալ ճանապարհորդություն կատարել դեպի Հայաստան։

Ներկաների համար կազմակերպվեց խոհարարական վարպետության դաս ու հայկական ուտեստների հյուրասիրություն, ինչպես նաև անցկացվեց դեպի Հայաստան զբոսաշրջային փաթեթների խաղարկություն։

Միջոցառման ընթացում ձեռք բերվեցին բազմաթիվ գործնական պայմանավորվածություններ՝ ուղղված զբոսաշրջային ոլորտում համագործակցության խորացմանը։

2

Միշտ ուրախությամբ ենք հետևում «Արի տուն» ծրագրի ընթացքին. Սարգիս Բեդոյան

Ապրիլի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցած Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն»-2017թ. ծրագրի բացման հանդիսավոր արարողության ժամանակ բարերար Սարգիս Բեդոյանը, որի մեկենասությամբ Ալֆորվիլ քաղաքի «Ս. Մեսրոպ-Արապեան», Փարիզի «Դպրոցասեր» և Մարսելի «Համազգային» վարժարանների աշակերտները Հայաստան են եկել, ելույթի ընթացքում նշեց, որ արդեն 11 տարի է, երբ նա դեռ «Ս. Մեսրոպ-Արապեան» վարժարանի պատվո ատենապետն էր, իրականացնում են այս ծրագիրը: Տարիներ հետո աշակերտների ծնողներն են խանդավառված միացել՝ գիտակցելով օտարության մեջ ապրող իրենց երեխաների՝ Հայաստան այցելելու կարևորությունը:

«Այս տարիների ընթացքում մեր ցանկությունն է եղել, որ սփյուռքահայ երիտասարդները Հայաստան այցելելով՝ կապվեն իրենց արմատներին, մոտիկից ծանոթանան հայկական ավանդույթներին և Հայրենիքը հոգիներում ունենալով՝ Ֆրանսիա վերադառնան: Միշտ ուրախությամբ ենք հետևում «Արի տան» ընթացքին և համոզված ենք, որ ծրագրի շրջանակներում «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում և մյուս վայրերում լինելով՝ ֆրանսաբնակ տղաները հայրենասիրությամբ կտոգորվեն, քանի որ նրանք գուցե ապագայում Հայոց բանակի քաջարի զինվորները դառնան և պաշտպանեն մեր սահմանների անառիկությունը»,- «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ասել է Սարգիս Բեդոյանը:

Այնուհետև բարերարը պատանիներին ու աղջիկներին հիշեցրել է, որ 8-10 միլիոն հայերով՝ ուժեղ, համախմբված ժողովուրդ են, և հորդորել է հպարտանալ այդ ժողովրդի զավակները լինելու համար:

Վերջում Սարգիս Բեդոյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին ջերմ ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար՝ վստահեցնելով, որ հետագայում շարունակելու են ակտիվորեն մասնակցել «Արի տուն»  ծրագրին:

Գևորգ Չիչյան

Բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը

Ապրիլի 13-ին  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Սուրբ Հարության տոնի առթիվ ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի համալիրում բացված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ:

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, նախարարը շրջեց տաղավարներով, ծանոթացավ սիրիահայերի աշխատանքներին, բարձր գնահատեց նրանց սպասարկման մշակույթն ու մատուցման ոճը և հիացմունք հայտնեց հատկապես ձեռագործ աշխատանքների վերաբերյալ:

Այնուհետև Սփյուռքի նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա մասնավորապես նշեց. «Անցնող հինգ տարիների ընթացքում երկրի ղեկավարության, կառավարության ծրագրերը ուղղված են նրան, որ սիրիահայերը հաստատվեն, մնան ու արարեն իրենց Հայրենիքում՝ Հայաստանում, ինտեգրվեն հասարակությանը: Այս ցուցահանդես-տոնավաճառները դրա ապացույցն են և նպատաուղղված են նաև սիրիահայերի ինտեգրմանը: Հիսունից ավելի անհատ ձեռներեցներ կամ մանր բիզնեսի ներկայացուցիչներ  այս պահին իրենց  արտադրանքը ցուցադրում են, վաճառում, գտնում գործընկերներ, ընդլայնում  բիզնեսը: Մենք, համագործակցելով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ, փորձում ենք արագացնել սիրիահայերի տնտեսական ինտեգրումը: Իսկ ահա կրթական և սոցիալական հիմնխնդիրները ամբողջությամբ լուծված են: Չկա մի ոլորտ, որտեղ սիրիահայերի համար դռները բաց չեն, և չեն գտնվում ուղիներ նրանց օգնելու համար»:

%d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b51 %d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b52 %d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b53 %d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b54 %d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b55