Նախագահն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին:

Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ նախարար Ջանելիձեի պաշտոնական այցը Հայաստան կլինի արդյունավետ և նոր խթան կհաղորդի միջպետական կապերի ամրապնդմանը: ՀՀ Նախագահը և Վրաստանի արտգործնախարարը երկուստեք գոհունակությամբ են փաստել, որ հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն, խորանում են տնտեսական հարաբերությունները և համագործակցությունը հումանիտար ոլորտում:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են, և մեր երկիրը շահագրգիռ է այդ բարիդրացիական հարաբերությունները տարեցտարի զարգացնել ու ավելի ամրապնդել:

Զրուցակիցները ջերմությամբ են հիշել մոտ մեկ տարի առաջ Երևանում ունեցած հանդիպումն ու արդյունավետ քննարկումները: Նախարար Միխեիլ Ջանելիձեն բարձր է գնահատել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիներին երկկողմ միջպետական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ իրականացված զգալի աշխատանքը, նշելով, որ հատկապես վերջին տարիներին այդ հարաբերությունները բոլոր մակարդակներում և միջոլորտային շփումներում ակտիվացել են: Նա առանձնահատուկ նշել է էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է անել ամեն հնարավորը այդ ոլորտում առկա մեծ ներուժը լիարժեքորեն օգտագործելու համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև բազմակողմ ձևաչափով փոխգործակցության զարգացման հնարավորություններին, ԵՄ հետ երկխոսությանն ու համագործակցության ծրագրերին, տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին, ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին: Հանրապետության Նախագահը և Վրաստանի արտգործնախարարը տարածաշրջանի զարգացման տեսանկյունից երկուստեք կարևորել են կայունությունն ու խաղաղությունը:

Նախարար Ջանելիձեն շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին՝ Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան խորհրդարանական ընտրությունների անցկացման և Հայաստանի Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ:

Հենրիխ Մխիթարյանը՝ «Inside United»-ի նոր համարի շապիկին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի»  ամսագրի՝ «Inside United»-ի նոր համարի շապիկին:

Հ. Մխիթարյանը նաև բացառիկ հարցազրույց է տվել «Inside United»-ին, որը վերնագրված է.  «Ինչպե՞ս է մեր հայ մարզիկն իրականացնում երազանքը «Յունայթեդում»»:

Քլարկի համալսարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողով է անցկացվել

Ապրիլի 6-9-ն անցկացվել է Քլարկի համալսարանի Ստրեսլերի Ողջակիզման եւ ցեղասպանագիտական ուսումնասիրությունների կենտրոնի կազմակերպված` «Նոր փորձառություն. պատասխանատվությունը պատասխանատու դարձնելը» խորագրով միջազգային գիտաժողովը (ԱՄՆ, Մասաչուսեթս, Վուսթեր):

Գիտաժողովին  մասնակցում էին ցեղասպանագիտության ոլորտի հայտնի հետազոտողներ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Արգենտինայից, Բելգիայից, Գերմանիայից, Գվատեմալայից, Իսրայելից, Հայաստանից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից եւ այլ երկրներից:

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցություն ունեցավ ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական, Իրավաբանների հայկական համաժողովին կից Հայոց ցեղասպանության իրավական հարցերի ուսումնասիրության կենտրոնի համակարգող Վլադիմիր Վարդանյանը, ով հանդես եկավ «Հարյուր տարի անց. ովքեր եւ ինչպես են պատասխանատու Հայոց ցեղասպանության համար» զեկույցով: Դրա շրջանակներում քննարկվեցին Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարմանն ուղղված իրավական միջոցներին առնչվող հարցեր:

Զեկույցում մասնավորապես անդրադարձ կատարվեց Հայոց ցեղասպանության համար պատասխանատվություն կրող հանրային եւ մասնավոր սուբյեկտների շրջանակը հստակեցնելու հիմնահարցին եւ ներկայացվեց տեղեկատվություն Հայոց ցեղասպանության հետեւանքները հաղթահարելուն ուղղված` ընթացող եւ ավարտված դատական գործընթացների վերաբերյալ:

Նամակ հայ զինվորին. գրում են Աբխազիայում ապրող հայ երեխաները

«Հայերն այսօր»-ը «Նամակ զինվորին» խորագրի շրջանակներում իր ընթերցողներին է ներկայացնում Աբխազիայի Գուլրիփշի շրջանի Բագաժյաշտա և Նահա գյուղերի հայկական դպրոցների աշակերտների նամակները՝ ուղղված Հայոց բանակի զինվորներին:

%d5%a6%d5%ab%d5%b6%d5%be%d5%b8%d6%80 %d5%a6%d5%ab%d5%b6%d5%be%d5%b8%d6%801 %d5%a6%d5%ab%d5%b6%d5%be%d5%b8%d6%802 %d5%a6%d5%ab%d5%b6%d5%be%d5%b8%d6%804 %d5%a6%d5%ab%d5%b6%d5%be%d5%b8%d6%805 %d5%a6%d5%ab%d5%b6%d5%be%d5%b8%d6%806

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ. Ֆրիտյոֆ Նանսենի` խաղաղության ուղերձով վահանակ ԱՄՆ-ում

«Խաղաղությունն արվեստի» կազմակերպությունը www.peaceofart.org շարունակում է իր ամենամյա ակցիան` Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ ԱՄՆ- ի Մասաչուսեթս նահանգի 7 բանուկ մայրուղիների վրա մարտ և ապրիլ ամիսների ընթացքում բարձրացնելով էլեկտրոնային վահանակներ, կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` Հայոց ցեղասպանությունը:

«Խաղաղությունն արվեստի» կազմակերպության հիմնադիր նախագահ, նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանը ամփոփելով կազմակերպության այս տարվա գործունեությունը ասել է.

«Խաղաղությունն արվեստի» կազմակերպությունը 2017 թ-ի մարտ ամսից արդեն իսկ 7 վահանակներ է բարձրացրել Մասաչուսեթս նահանգի տարբեր քաղաքներում, իսկ ապրիլին Վրենթհեմի քաղաքում բարձրացավ թվով 8-րդ էլեկտրոնային վահանակը` իրար հաջորդող 2 լուսային էկրաններով: Առաջինի վրա երևում են Հայ առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների առաջնորդները, ովքեր Խոր Վիրաբից Մասիսի ուղղությամբ խաղաղության պատգամ են ուղարկում Թուրքիային` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը` հարգելով հիշատակը Հոլոքոստի, ինչպես նաև բոլոր ցեղասպանությունների անմեղ նահատակների: Երկրորդ էկրանի վրա գրված է մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի խաղաղության պատգամը.« Եթե ազգերը կարողանան լուծել իրենց միջև առկա տարաձայնությունները` նրանք հեշտությամբ կարող են հաստատել տևական խաղաղություն»: Նմանատիպ վահանակներ են բարձրացել նաև ԱՄՆ-ի Քենետիքեթ նահանգի Նյու Բրիթեն քաղաքում և Օհայոյի` Քլիվլենդ քաղաքում»:

2003 թ-ին Դանիել Վարուժան Հեճինյանը հիմնել է «Խաղաղությունն արվեստի» անշահույթ կրթական մարդասիրական կազմակերպությունը, որն օգտագործում է արվեստի համընդհանուր լեզուն` իրազեկելով մարդկային գոյավիճակի մասին, նպաստելով հակամարտությունների խաղաղ լուծմանը՝ առանցք ունենալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը:
«Խաղաղությունն արվեստի» կազմակերպությունը ձոնված է աշխարհի խաղաղության բոլոր պահապաններին և իրագործողներին, նաև նրանց, ովքեր ունեցել են քաջություն իրենց կյանքը վտանգելու մարդկության բարօրության համար։
Հեղինե Գևորգյան
%d5%be%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af

«Քառօրյա պատերազմ կամ ղողանջ լռության». ֆիլմի առաջնախաղ «Նարեկացի» միությունում

Ապրիլի 14-ին,  ժամը՝ 14:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժման շրջանակներում տեղի կունենա Արսեն Հակոբյանի «Քառօրյա պատերազմ կամ ղողանջ լռության» խորագիրը կրող ֆիլմի ցուցադրությունը:

«Ֆիլմի ստեղծման ամենամեծ շարժառիթը քաղաքակիրթ աշխարհի անտարբերությունն է Արցախի հակամարտության լուծման հարցում: Այո, կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խումբ, որը, սակայն, կարծես կոչված է անհասցե հայտարարություններ անելու, որոնք ավելի շատ նման են լռության: Ինչպես ֆիլմում եմ նշել, հայ-ադրբեջանական հակամարտությունը ո´չ միայն ռազմի դաշտում է, այլև՝ տեղեկատվական, որտեղ, իմ կարծիքով, մենք շատ անելիքներ ունենք: Ադրբեջանական հակահայ քարոզչությունը ամբողջ աշխարհում հասել է գագաթնակետին. գրքեր, ֆիլմեր, ելույթներ, հնարավոր ամեն տարբերակ օգտագործում են հակահայ քարոզչության համար: Այս ֆիլմը, կարծում եմ, պատասխան է ադրբեջանական քարոզչությանը: Ֆիլմում տեղ գտած փաստերը ջրի երես են հանում ադրբեջանական քարոզչության կեղծիքները: Աշխարհը քիչ տեղեկատվություն ունի այս հակամարտության մասին, ֆիլմով փորձել եմ հնարավորինս փակել այդ բացը: Եթե մեկ նախադասությամբ խոսեմ ֆիլմի նշանակության մասին՝ այն է՝ ցույց տալ ադրբեջանական քարոզչության դատարկամտությունը և ամենակարևորը՝ ինչո՞ւ է Արցախը ձգտում անկախ ապրել»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց ֆիլմի ռեժիսոր Արսեն Հակոբյանը:

Ֆիլմը ներկայացնում է Ապրիլյան քառօրյա պատերազմը, դրա պատճառները, հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմությունը, ինչպես նաև պատմական ակնարկ է տրվում Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի մասին, որպեսզի աշխարհն ավելի ճիշտ տեղեկացված լինի:

«Ֆիլմի համար ոչ մի ֆինանսական աջակցություն չեմ ունեցել, օգնել են ընկերներս և ծանոթներս. մեկը անվճար աշխատել է, մյուսը՝ ինչ-ինչ հարցերում հնարավորինս մատչելի գներով օժանդակել,-նշեց Արսեն Հակոբյանը և հավելեց,- Այսօր ողջ հայության ուշադրությունը սևեռված է Արցախի վրա, և ամեն հայ պետք է հնարավորինս նեցուկ լինի Արցախին: Այս ֆիլմ էլ մեր թիմի աջակցությունն է, որով նաև մենք միանում են ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժմանը»:

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը

Ապրիլի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին:

Հանդիպումը մեկնարկեց դեռ առ դեմ ձևաչափով, ապա շարունակվեց պատվիրակությունների մասնակցությամբ։

Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ վրացի իր գործընկերոջ հետ մշտական ինտենսիվ երկխոսությունը հնարավորություն է ընձեռում քննարկելու երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, առաջ մղելու համագործակցության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված ջանքերը:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար` Միխեիլ Ջանելիձեն նշեց, որ Վրաստանը կարևորում է Հայաստանի հետ բազմաբովանդակ համագործակցության զարգացումը՝ ընդգծելով իր երկրի պատրաստակամությունը՝ հավելյալ ջանքեր գործադրել փոխգործակցությունն առավել խորացնելու և ամրապնդելու համար: Վրաստանի արտգործնախարարը շնորհավորեց Հայաստանում խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։ Երկուստեք շեշտվեց, որ վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները, տնտեսական համագործակցությունը շոշափելի զարգացում են ապրել և առաջ են ընթանում փոխշահավետ համագործակցության ոգով։

Արտգործնախարար Նալբանդյանը հյուրին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահների և Հայաստանի համատեղ ջանքերը՝ այդ համատեքստում կարևորելով Վրաստանի շարունակական աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը։

Քննարկվեցին առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող բազմաթիվ հարցեր: Անդրադարձ կատարվեց երկու երկրների միջև առկա ընդգրկուն իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը, որն այսօր ներառում է ութ տասնյակից ավելի փաստաթղթեր։

Զրույցի ընթացքում արծարծվեցին նաև վիրահայությանը հուզող խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային հրատապ մի շարք խնդիրների:

Հանդիպումից հետո նախարարները հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։

Վարչապետն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարարին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին:
Վարչապետը ողջունել է Վրաստանի ԱԳ նախարարի և նրա գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Վրաստանը վստահելի բարեկամական հարաբերություններ ունեն: Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել 2017 թ. փետրվարին Վրաստան կատարած պաշտոնական այցի արդյունքներից, որի շրջանակում Վրաստանի վարչապետի հետ քննարկվել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված կոնկրետ ծրագրեր: Այս առումով ՀՀ վարչապետը կարևորել է բիզնես կապերի խթանման, ինտեգրացիոն միավորումների և ազատ տնտեսական գոտիների շրջանակում համագործակցության, զբոսաշրջության և ՏՏ ոլորտներում փորձի փոխանակման, երիտասարդության շրջանում փոխճանաչելիության բարձրացման և այլ ուղղություններով նախանշված նախագծերի իրականացումը:
Միխեիլ Ջանելիձեն վերահաստատել է Վրաստանի վարչապետի շահագրգռվածությունը՝ ՀՀ կառավարության ղեկավարի այցի ընթացքում ձեռք բերված վերոնշյալ պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում: Նա ընդգծել է, որ Վրաստանը բարձր է գնահատում ՀՀ վարչապետի՝ կոնկրետ ծրագրերի և արդյունքների ուղղությամբ միասին առաջ շարժվելու մոտեցումը և արդեն իսկ որոշակի քայլեր է ձեռնարկում: Վրաստանի ԱԳ նախարարը նաև շնորհավորել է Կարեն Կարապետյանին՝ 2017 թ. խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու համար և փոխանցել Վրաստանի վարչապետի շնորհավորանքը  Հայաստանի Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ ու բազմակողմ ձևաչափով տնտեսական համագործակցության ընթացքի շուրջ, անդրադարձել հետագա քայլերին: Կարեն Կարապետյանը և Միխեիլ Ջանելիձեն կարևորել են Իրանի հետ սահմանին Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումը, ինչպես նաև առաջիկայում Հայաստանում Վրաստանի բիզնեսի օրերի անցկացումը: Կողմերը համակարծիք են եղել, որ այս նախաձեռնություններն արդյունավետ հարթակ կլինեն երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու հնարավորություններին ծանոթանալու և դրանք ավելի հասանելի դարձնելու առումով:
ՀՀ վարչապետը և Վրաստանի ԱԳ նախարարը կարևորել են տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովումը:

Ապրիլյան քառօրյա  պատերազմի զոհերի հիշատակին  նվիրված հոգեհանգիստ Նոր Ջուղայում

Ապրիլի 8-ի երեկոյան, Նոր Ջուղայի Ս. Գեւորգ եկեղեցում, կիրակնամուտի ժամերգության ավարտին մատուցվեց հոգեհանգստյան պաշտոն` նվիրված 2016 թվականի Ապրիլյան քառօրյա ագրեսիայի հետեւանքով զոհված հայ մարտիկների հիշատակին:

Ինչպես «Հայերն այսօր»-ին Իրանից հայտնում է Երանուշ Թահմազյանը, արարողությունը մատուցեց Սպահանի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ.վրդ. Քեչեջյանը, որին սպասարկում էին քահանայից եւ դպրաց դասերն ու Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը: Օրվա առթիվ արտահայտվեց թեմի կաթողիկոսական փոխանորդը, որից հետո արարողությանը ներկա ազգային իշխանության եւ ազգային այլ մարմինների ներկայացուցիչները, Հայ դատի հանձնախմբի անդամներն ու հոծ բազմությունը  միասնական աղոթքով ու խունկ ծխելով հարգեցին Արցախում նահատակված հայ մարտիկների  հիշատակը:

Հավելենք, որ հոգեհանգստյան  արարողությունը   իրականացվեց Նոր Ջուղայում Հայ դատի հանձնախմբի եւ թեմի Կրոնական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ:

Լուսանկարները տրամադրել է  Սկարլետ Հայրապետյանը

%d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a1%d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a11%d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a13%d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a14%d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a15 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a16  %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a18%d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a19  %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a111 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a112

Վահան Թեքեյանին նվիրված հուշ-ցերեկույթ Փոքր Մանթաշի միջնակարգ դպրոցում

Ապրիլի  5-ին Շիրակի մարզի Փոքր Մանթաշի միջնակարգ դպրոցում ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում կայացավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված հայ մեծ գրող Վահան Թեքեյանի ծննդյան 139-ամյակին:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են դպրոցից, միջոցառումը կազմակերպել էր Փոքր Մանթաշի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սալվի Ղարբյանը՝ 12-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ:

%d5%b4%d5%a5%d5%ae%d5%a5%d6%801

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ ԵՊԲՀ ուսանողների և զինվորների հետ

Ապրիլի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողներին, ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներին, ինչպես նաև ռազմական գործողությունների ընթացքում վիրավորված զինվորներին` ուղեկցությամբ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի:

Հանդիպմանը ԵՊԲՀ ռեկտորը շնորհակալություն հայտնեց Հայոց Հայրապետին ընդունելության համար: Տիար Ա. Մուրադյանը Նորին Սրբությանը ներկայացրեց մարտական գործողությունների ժամանակ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած զինվորներին, ում սխրանքն իրենց տարեկից ուսանողների, ապագա բժիշկների համար օրինակ է մարդասիրության ու հայրենանվիրումի: Այս կապակցությամբ նա նաև երախտագիտությամբ նշեց Մայր Աթոռի հովանու ներքո գործող Իզմիրլյան բժշկական կենտրոնում ապրիլյան պատերազմի օրերին հայրենյաց պաշտպաններին ցուցաբերված օգնությունը:

Այնուհետև ամենքին իր օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը հետաքրքվեց յուրաքանչյուր զինվորի առողջական վիճակով` համայն հայության անունից իր գնահատանքն ու խոնարհումը բերելով նրանց` իրենց դրսևորած արիության և անձնազոհության համար: Հայոց Հայրապետն ընդգծեց, որ առաջնագիծ կատարած այցերի ընթացքում ամեն անգամ տեսնում է հոգով վերափոխված, հասուն երիտասարդների, առանձնակի պատասխանատվության գիտակցությունն ունեցող քաջարի հայորդիների:

Խոսքն ուղղելով ուսանող երիտասարդներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց նրանց գնահատել հայ զինվորի սխրանքը` հավելելով, որ հայրենիքի խաղաղությունը պայմանավորված է յուրաքանչյուրի ծառայասիրությամբ, իսկ սահմանը սկսվում աշխատավայրից: Վեհափառ Հայրապետը կարևոր նկատեց, որ յուրաքանչյուր հայորդի այս գիտակցությամբ իր ծառայությունը բերի իր հայրենիքին` նպաստելով երկրի առաջընթացին, ժողովրդի բարօր ու խաղաղ կյանքին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը անդրադարձ կատարեց նաև հայ հոգևորականների դերակատարությանը Հայոց բանակում, Հոգևոր առաջնորդության ծառայությանը, անգամ մարտական գործողությունների ընթացքում հայ զինվորին ցուցաբերվող հոգևոր զորակցությանը:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին բժշկի ծառայության մեջ հավատի ընկալմանը, Հայ Եկեղեցու քարոզչությանը, քրիստոնեական դաստիարակությանը և Եկեղեցու առջև ծառացած արդի մարտահրավերներին:

Հանդիպման առիթով Նորին Սրբությունը ամենքին ընծայեց Ս. Գրիգոր Նարեկացու Աղոթամատյաններ, իսկ զինվորականները Վեհափառին փոխանցեցին սահմանագծում ծառայող զինվորների կողմից պատրաստված սրբապատկերը:

Վերջում Գարեգին Բ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց և Աստծու զորակցությունը մաղթեց ներկաներին, զինվորականներին ցանկացավ լիարժեք շուտափույթ ապաքինում:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Սուրբ Գրիգոր Նարեկացուն նվիրված համերգ Ռիգայի մայր տաճարում

Լատվիայում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Վիլնյուս) կողմից կազմակերպված Հայկական Մշակույթի օրերի շրջանակներում ապրիլի 6-ին Ռիգայի մայր տաճարում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Գրիգոր Նարեկացուն:

Համերգին ներկա էին Լատվիայի Հանրապետության առաջին նախագահ Գունտիս Ուլմանիսը, Լատվիայի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, Լատվիայում հավատարմագրված դեսպաններ, ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Բալթյան երկրներում հայ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Լատվիայի լյութերանական և կաթոլիկ եկեղեցիների առաջնորդ արքեպիսկոպոսները, հայ և լատվիացի հասարակական գործիչներ:

Համերգի բացմանը ելույթ ունեցան Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը և Բալթյան երկրներում հայ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը:

Դեսպան Մկրտչյանն իր ելույթում խոսեց Գրիգոր Նարեկացու և «Մատյան ողբերգության» ստեղծագործության մասին՝ նշելով, որ 2015թ․ Սուրբ Գրիգորին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից շնորհվել է «Համընդհանուր եկեղեցու» դոկտորի կոչում։

«Երկու օր առաջ տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքի լատվիերեն թարգմանության շնորհանդեսը, որին հետևեց միջնադարյան հայկական եկեղեցիների ֆոտո ցուցահանդեսը: Մյուս օրը մեկնարկեց միջազգային գիտաժողովը, որտեղ Գրիգոր Նարեկացու աշխատանքը ներկայացվում է որպես Արևելքի և Արմուտքի միջև կամուրջ: Այսօր Գրիգոր Նարեկացուն նվիրված այս հրաշալի, շատ առումներով աննախադեպ համերգի ականատեսն ենք՝ որպես Լատվիայում հայկական մշակույթի օրերի ամփոփում։ Բոլոր այս միջոցառումների միջոցով նպատակ ունենք ներկայացնելու հայկական մշակույթի ունեցած ավանդը համընդհանուր քրիստոնեական քաղաքակրթության մեջ», – իր խոսքում նշեց դեսպան Մկրտչյանը։

Համերգին կատարումներով հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը, Լատվիայի ռադիոյի երգչախումբը՝ դիրիժոր Սիգվարդ Կլյավայի ղեկավարությամբ և այլք:

Տեղեկանք․ Լատվիայում հայկական մշակույթին նվիրված շաբաթն ամփոփվեց ապրիլի 7-ին Լատվիայի համալսարանում ՀՀ դեսպանություն կողմից կազմակերպված՝ Հայոց ցեղասպանության արտահայտությունը Եղիշե Չարենցի ժառանգությունում թեմայով դասախոսությամբ, որի բանախոսն էր Օքսֆորդի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, Գալուստ Գյուլբենկյանի անվան պրոֆեսոր Թեո վան Լինտը։

« Սիրտս կիսել կուզեմ Հայաստանի ու ֆրանսիայի միջև». Անի Սոմոնյան

Մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն-2017» հայրենաճանաչության ծրագիրը, որի առաջին ծիծեռնակները՝ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Սուրբ Մեսրոպ Արապեան» դպրոցի նախակրթարանի ավարտական՝ 5-րդ դասարանի, Փարիզի «Դպրոցասեր» և Մարսել քաղաքի «Համազգային» վարժարանների թվով 66 աշակերտներ այս օրերին հնարավորություն կունենան ծանոթանալու Հայրենիքի տեսարժան վայրերին, հիանալու Հայաստանի գարնանային գույներով: Նրանց հետ ժամանել են նաև 10 ուսուցիչներ: 11 տարի անընդմեջ ֆրանսահայ բարերար Սարգիս Պետոյանը հովանավորել է հայ աշակերտների այցելությունը Հայրենիք. այդ երեխաներից շատերը հե՛նց ծրագրի շրջանակներում են առաջին անգամ տեսել Հայաստանը, ուստի ֆրանսահայ բարերարի հայրենանվեր առաքելությունը կարելի է, անշուշտ, համարել հայանպաստ գործունեություն: Ծրագրի բացման հանդիսավոր արարողության ընթացքում տեսնել էր պետք խանդավառված հայացքներով այդ երեխաներին, որոնցից երկուսի հետ մի ջերմ ու անկեղծ հարցազրույց ունեցա «Հայերն այսօր»-ի համար:

Ռուբեն Դանիելյան, ֆրանսիա, Ալֆորվիլ- Սովորում եմ 5-րդ դասարանում, երկրորդ անգամ եմ Հայաստանում, մենք այստեղ բարեկամներ ունենք. կարոտել էի Հայրենիքիս ու մեր բարեկամներին: Հայաստանը շատ փոքր է Ֆրանսիայից, բայց Հայաստանը նաև շատ գեղեցիկ է. ես հպարտանում եմ, որովհետև աշխարհում շատ բան հայերն են ստեղծել, շատ հայտնագործությունների հեղինակ են: Մեր ընտանիքում բոլորը խոսում են հայերեն, ես չեմ մոռանում և չեմ մոռանալու իմ մայրենի լեզուն: Շատ եմ սիրում Սևանա լիճը, ափսոս, որ ցուրտ է. այնպե՜ս էի ուզում Սևանում լողալ: Մեր դպրոցում սպորտային շատ խաղեր են կազմակերպվում, բայց լող չենք պարապում: Երբ մեծանամ, որոշել եմ նորարարական տեխնոլոգիաների ոլորտում հայտնի մարդ դառնալ, որպեսզի հայերը հպարտանան ինձնով:

Անի Սոմոնյան, Ֆրանսիա, Ալֆորվիլ-Ես Ռուբենի համադասարանցին եմ, արդեն 8-րդ անգամ եմ Հայաստանում, մենք այստեղ շատ բարեկամներ ունենք: Այնտեղ էլ ունենք բարեկամներ ու ծանոթներ: Շատ եմ սիրում Հայաստանը. կուզենայի տարվա մի մասն ապրել Ֆրանսիայում, մյուս մասը՝ Հայաստանում. սիրտս կիսել կուզեմ Հայաստանի և Ֆրանսիայի միջև:

 …Այս փոքրիկ աղջնակի սրտում ամբարված մեծ սիրո ու կարոտի արանքում Հայաստանն ինձ պատկերվում է ճեղքված նռան տեսքով, Ռուբենի՝ հայակարոտ, Սևանա լճի կապտականաչ ալիքների պես սիրուն աչքերի խորությամբ ու մաքրությամբ և ուզում ես հավատալ, հուսալ, որ Հայրենիքի ապագան կերտողները նաև մեր սփյուռքահայ երեխաներն են լինելու:

 Կարինե Ավագյան

Արցախցի մանկավարժները տպավորված են Բեյրութ կատարած այցելությունից

«Հայերն այսօր»-ն իր ընթերցողներին արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժմանը միացել է նաև Բեյրութի «Սուրբ Խաչ-Հարպոյան» վարժարանը՝ գործնական մասնակցություն բերելով ծրագրին: Վարժարանը որոշել էր Մարտակերտի Վարդան Մինասյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցն ընդունել իբրև քույր վարժարան և Բեյրութ հրավիրել այդ վարժարանի հարկի տակ գործող, հատուկ կարիքներ ունեցող աշակերտների հետ զբաղվող 3 մասնագետների՝ դիտարկության շաբաթ  անցնելու Ս. Խաչ-Հարպոյան վարժարանի ուսումնական հատուկ կարիքների բաժանմունքում, փորձառություններ փոխանակելու և վերարժևորման հատուկ դասընթացներին հետևելու:

Ապրիլի 4-ին վերոնշյալ դպրոցի տնօրեն Մելսիդա Քարդումյանը, ուսուցչուհիներ Լուսինե Սաիյանն ու Ռուզաննա Ավետիսյանը Բեյրութ մեկնեցին՝ «Սուրբ Խաչ-Հարպոյան» վարժարանում մասնակցելու ներառական կրթության դասընթացին: Մինչև մեկնելը ուսուցչակազմին ընդունել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ բարի ճանապարհ մաղթելով և հորդորելով ամուր կապվել Սփյուռքի գործընկերների հետ, նրանց փոխանցած գիտելիքները, փորձը ներդնել Հայաստանում և Արցախում:

Հայաստան վերադառնալուց հետո նույնպես ՀՀ սփյուռքի նախարարը ընդունել է տնօրենին և ուսուցչուհիներին, որից հետո նրանք «Հայերն այսօր»-ի հետ զրույցում կիսվել են աշխատանքային այցելության մանրամասներով:

«Վառ տպավորություններով ենք վերադարձել, Լիբանանում հայրենասիրության մի մեծ դարբնոց տեսանք: Հիացած ենք համայնքի համախմբվածությունից, մեր հայրենակիցների՝ ազգօգուտ հզոր աշխատանքներ կատարելուց, որ կարողանում են օտար ափերում շուրջբոլորը հայկական միջավայր ստեղծել: Համերաշխ մթնոլորտում բոլորը մեկ գաղափարի են ծառայում՝ պահպանել հայի ինքնությունն ու ազգային դիմագիծը»,-ասաց Մելսիդա Քարդումյանը՝ հավելելով, որ աշխատանքային հագեցած օրեր են ունեցել, հանդիպել են համայնքային ներկայացուցիչներին, այցելել են ավանդական երեք կուսակցությունների գրասենյակներ, հայկական թերթերի խմբագրություններ, հարցազրույցներ են տվել «Ռադիո Վան», «Ռադիո Սևան» ռադիոկայաններին:

Ուսուցչուհիները ներառական կրթության վերաբերյալ դասընթացը արդյունավետ ու օգտակար են համարում. անընդհատ բազմակողմանի քննարկումների, գործնական սեմինարների են մասնակցել, այս առնչությամբ նաև գիտաժողով է կազմակերպվել: Նրանք այն կարծիքին են, որ ձեռքբերված գիտելիքները, մասնագիտական հմտություններն ու իրենց տրամադրած կարևոր նյութերը հետագայում ներառական կրթության աշխատանքները լիարժեքորեն կատարելու համար ամուր հիմք կհանդիսանան:

Գևորգ Չիչյան