ՀՀ սփյուռքի և ՀՀ կրթության և գիտության նախարարները ստորագրեցին համատեղ հրաման

Ապրիլի 10-ին Սփյուռքի նախարարությունում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ստորագրեցին համատեղ հրաման՝ Սփյուռքի կրթական խնդիրների լուծմանն աջակցելու վերաբերյալ:

Ծրագրով նախատեսված միջոցառումների կատարումը համակարգելու նպատակով գործելու է համակարգող հանձնաժողով:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց.«Ի կատարումն ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի՝ մենք կազմեցինք և ստորագրեցինք Սփյուռքի կրթական խնդիրների լուծմանն աջակցության համատեղ միջոցառումների ծրագիրը հաստատելու և համակարգող հանձնաժողով ստեղծելու մասին այս համատեղ  հրամանը, որը մեզ հնարավորություն կտա առավել արդյունավետ համատեղ  ծրագրեր իրականացնել»:

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կարևորեց նախարար Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությունը՝ նշելով. «Այս հրամանը ենթադրում է հստակ գործողությունների ծրագիր, և այսպիսի ձևաչափով ավելի լավ կհամակարգվեն աշխատանքները»:

Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց Կրթության և գիտության նախարարին՝ համագործակցելու  պատրաստակամության համար և հավելեց, որ 2017թ. սեպտեմբերին տեղի կունենա Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը, որտեղ կքննարկվեն նաև Սփյուռքում մայրենիի պահպանությանը վերաբերող խնդիրներ: «Այստեղ ևս Սփյուռքի և Կրթության և գիտության նախարարությունները կարող են աջակցել միմյանց՝ լավագույն մասնագետներին հրավիրելու, թեմաները ճշգրիտ ընտրելու և բազմաթիվ այլ հարցերում»,- նշեց Սփյուռքի նախարարը:

3

 

Տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը նախապատրաստող հավաք

Ապրիլի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում՝ նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ, տեղի ունեցավ սեպտեմբերի 18-20-ը Երևանում անցկացվելիք Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի կազմակերպական հավաք, որին մասնակցեցին 21 համահայկական և եկեղեցական կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, քննարկվեցին համաժողովի կազմակերպական և օրակարգային հարցեր:

Ողջունելով ներկաներին՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց 3 տարին մեկ գումարվող համահայկական համաժողովը՝ որպես սփյուռքի հետ կապերը սերտացնելու, միասնական համահայկական օրակարգ, երկխոսություն ձևավորելու հարթակ: Նա մասնավորապես նշեց. «Հայաստան Սփյուռք երկխոսության ամենակարևոր առարկան համահայկական կառույցների հետ աշխատանքն է:  Այս համաժողովը պետք է ավելի հստակեցնի, վերակազմակերպի թիրախային, մասնագիտական և հայկական օրակարգը, համահայկական առաջնահերթությունների վերաբերյալ նոր առաջարկներ, մոտեցումներ, տեսակետներ ձևավորի: Պետք է կարողանանք Սփյուռքի ներուժը տեղափոխել Հայաստան: Մեր երկու հայկական հանրապետություններին նոր սլացք, նոր զարգացում է պետք: Համահայկական կառույցների ներկայացուցիչների ելույթների բազմազանության մեջ մենք պետք է գտնենք, ընդգծենք առաջարկները՝ սփյուռքում հայապահպանության խնդիրները լուծելու, համահայկական օրակարգը թարմացնելու, Հայրենիք-Սփյուռք գործակցության հայեցակարգը լրամշակելու համար: Համաժողովի պատասխանատուն բոլորս ենք, պետք է շատ լավ կազմակերպենք»:

%d6%84%d5%b6%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%b8%d6%82%d5%b42

ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Ապրիլի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Նախարարը կարևորեց ՀՀ վարչապետի հանձնարարականների ժամանակին, ճշգրիտ կատարումը, նախարարության գործունեության արդյունքների ամփոփ ներկայացումը:

Անդրադարձ կատարվեց առաջիկա՝ հիշողության և ոգեկոչման շաբաթվա շրջանակներում նախատեսված միջոցառումների կազմակերպական հարցերին:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին անցած շաբաթվա կատարված աշխատանքները և իրականցված միջոցառումները, նշեցին առաջիկա անելիքները, հանդես եկան նոր առաջարկներով:

Տրվեցին հանձնարարականներ, նշանակվեցին պատասխանատուներն ու համակարգողները:

10-04

Հայ համայնքի պատմությանը նվիրված գիտական կոնֆերանս Լեհաստանի Ժեշով քաղաքում

Ապրիլի 7-ին Լեհաստանի կառավարության և Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը, Կրակովի Հայկական մշակութային ընկերակցությունը և Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամը Լեհաստանի Ժեշով քաղաքում կազմակերպել էին գիտական կոնֆերանս` նվիրված Լեհաստանի հայ համայնքի պատմությանը:

Կոնֆերանսին մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Պոդկարպացկե վոևոդության փոխնահանգապետ Պիոտր Պիլխը, մի շարք անվանի գիտնականներ, հրապարակախոսներ, մշակութային գործիչներ, Պոդկարպացկեում բնակվող այլ ազգային փոքրամասնությունների ու Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ և այլք:

Բացման իր խոսքում Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը նշեց, որ 2017 թվականը կարևոր տարի է հայ-լեհական հարաբերությունների համար, քանզի նշվում է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:

Դեսպան Ղազարյանն ընդգծեց, որ երկու երկրների հարաբերությունների հիմքում հայ և լեհ ժողովուրդների միջև բազմաթիվ հիշարժան իրադարձություններով հարուստ բարեկամությունն է, որոնցից մեկն էլ 650 տարի առաջ Լեհաստանի թագավորի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու հոգևարականին շնորհված արտոնությունն է:

Գիտագործնական կոնֆերանսի ընթացքում ներկայացվեցին Հայաստանին և Լեհաստանի հայ համայնքին նվիրված մի շարք զեկույցներ: Մասնավորապես, Կիելցեի պետական թանգարանի գիտաշխատող Պավել Գժեսկին իր զեկույցում ծավալուն անդրադարձ կատարեց հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, Քրիստոնեական հարուստ ժառանգությանը:

Կոնֆերանսի մասնակիցներին ներկայացվեց նաև Կրակովի Յագելոնյան համալսարանի թանգարանի տնօրեն, պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկայի ուսումնասիրությունը, որը վերաբերում էր լեհ թագավոր Կազիմիր Մեծի կողմից 650 տարի առաջ հայերին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն տրված մի շարք արտոնություններին:

Կոնֆերանսի ընթացքում ելույթ ունեցավ նաև Լեհաստանի Հայ Կաթողիկե Եկեղեցու քահանա Տադեուշ Իսակովիչ–Զալեսկին, ով ներկայացրեց Լեհաստանի հայ համայնքի բազմադարյա պատմությունը, Լեհաստանի պատմության մեջ հայ ականավոր գործիչների ունեցած դրական դերակատարումը:

Կոնֆերանսի շրջանակներում կազմակերպվել էր նաև Ժեշովում բնակվող Սուրեն Վարդանյանի նկարների և Կրակովում բնակվող Անի Մուրադյանի խեցեգործական աշխատանքների ցուցադրությունները:

Կոնֆերանսի ավարտին մասնակիցներն այցելեցին Ժեշովի Սուրբ Վոյչեխ և Ստանիսլավ եկեղեցի, որտեղ ծաղիկներ զետեղեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշատախտակի առջև:

Հայոց ցեղասպանության հիշատակման ամենամյա միջոցառում ԱՄՆ Կոնգրեսում

Ապրիլի 5-ին Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախաձեռնությամբ ԱՄՆ Կոնգրեսում կայացավ Հայոց ցեղասպանության հիշատակման ամենամյա միջոցառումը, որին մասնակցեցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, Ամերիկայի հայկական համագումարը և Ամերիկայի հայ ազգային կոմիտեն:

Հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Դևիդ Թրոթը, Ջեքի Սփիըրը, Դևիդ Վալադաոն և փոխհամանախագահ Ադամ Շիֆը հանդես եկան Հայոց ցեղասպանությունը դատապարտելու անհրաժեշտության մասին հայտարարություններով, ինչպես նաև շեշտեցին Հայաստանին ու Արցախին ԱՄՆ կողմից մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը:

Հիշատակման միջոցառմանը մասնակցեցին նաև սենատոր Էդ Մարքին, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, մի շարք կոնգրեսականներ:

Իր խոսքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց Հայկական հանձնախմբի անդամներին` Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության հարցը մշտապես բարձրաձայնելու համար և ընդգծեց պատճառական կապը ժխտողականության և մեր օրերում տեղի ունեցող մարդկության դեմ ուղղված հանցագործությունների միջև:

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված համերգ Վալենսիայում

Իսպանիայի Վալենսիա քաղաքի «Արարատ» հայկական միության նախաձեռնությամբ ապրիլի 21-ին, ժամը՝ 20:00-ին, Միսլատայի մշակույթի կենտրոնում տեղի կունենա «Գարուն ա, ձուն ա արել» խորագիրը կրող համերգ-ներկայացում, որի ընթացքում կհնչեն հայ և օտարազգի աշխարհահռչակ կոմպոզիտորների գլուխգործոցներ և ասմունք:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «Արարատ» հայկական միությունից, ելույթ կունենան երիտասարդ, տաղանդավոր և Իսպանիայում արդեն մեծ հռչակ վայելած հայ երգիչ-երաժիշտներ Աննա Ասոյանը, Էդգար Աբրամյանը, Էդգար Մարտիրոսյանը, Երանուհի Իգիթյանը, ուկրաինացի երաժիշտներ Ալինա Սախնենկոն (Alina Sakhnenko), Միկոլա Դորոշը (Mykola Dorosh), Սվետլանա Կրիսանիվան (Svetlana Krysanova), ռուս դաշնակահար Վադիմ Վալյաևը (Vadim Valyayev), գրողներ Գայանե Ղազարյանը և Սանդրա Մարտինեսը (Sandra Martinez):
Ակնկալվում է վալենսահայության ակտիվ մասնակցությունը:

Մարաղայի կոտորածի 25-րդ տարելիցի առթիվ միջոցառում է կազմակերպվել

1992 թվականի ապրիլի 10-ին ադրբեջանական զինված ուժերը ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրականացրել են հայերի կոտորած:

«Արցախպրես»-ի   թղթակցի   հետ  զրույցում   Մարաղա  գյուղի  ինքնապաշտպանական ջոկատի   հրամանատար,  համայնքի  ղեկավար  Ռոմա  Կարապետյանն   ասել  է, որ 1992  թվականի   ապրիլի 9-ին գյուղը հրետակոծվել  է, ու  իրենք հասկացել  են՝ թշնամին   հարձակվելու  է:

«Հաջորդ օրը՝  ապրիլի  10-ին,    ազերի  հրոսակները  հարձակվել  են Մարաղայի  վրա:  Այդ  օրը  3  անգամ     գյուղի  ինքնապաշտպանական  ջոկատները անհավասար   մարտեր   են  մղել՝  հետ  շպրտելով  թշնամուն: Հարձակման  արդյունքում    այրվել  է  գյուղի  173  բնակարան, սպանվել՝  50 հոգի,     38  հոգի  էլ  պատանդ  է  վերցվել.  նրանցից  24-ը  փոխանակվել  է, իսկ   14-ի   ճակատագիրը  մինչ   օրս  էլ   անհայտ  է մնում: Հայկական  ուժերի    ջանքերով  մենք   կարողացել ենք   նույն  օրը՝  գիշերվա  ժամը  12-1-ը,     վերջնականապես  ազատագրել  Մարաղան»,-պատմել  է  Ռ.  Կարապետյանը:

Մարաղայի  կոտորածի  25-րդ  տարելիցի   կապակցությամբ Նոր Մարաղայի  Վագիֆ  Համբարձումյանի  անվան  միջնակարգ  դպրոցի   աշակերտների  ուժերով      կազմակերպել  է  միջոցառում:

Դպրոցականները  հանդես  են   եկել  զինվորական հագուստներով՝  ձեռքներին  պահած  գյուղի   պաշտպանության  համար  նահատակված հերոսների  նկարներ  և   թուրք հրոսակների   վանդալիզմը     դատապարտող   պաստառներ. միջոցառման   մասնակիցների  ձեռքերին       ծածանվում  էր  հայոց  եռագույն  դրոշը:

Միջոցառման     ներկաները     ծաղիկներ  են   խոնարհել     25 տարի  առաջ   Մարաղայի համար  զոհված  հերոսների  հիշատակին   կանգնեցված հուշաքարին:

Դպրոցականները  արտասանել  են  մարտական  ու  ոգեկոչող բանաստեղծություններ, իսկ   ՀՀ վաստակավոր արտիստ, Մարտակերտի պատվավոր քաղաքացի Շուշան  Պետրոսյանն   էլ  հանդես  է  եկել  հայրենասիրական   երգերով:

Միջոցառմանը  ներկա  էին   Մարտակերտի  շրջվարչակազմի  ղեկավարի  տեղակալ Ռադիկ  Առուշանյանը, Մարաղայի  բնակիչներ, հյուրեր  և  այլք:

Լուսանկարները՝  Լուսինե  Զաքարյանի

 

Ստամբուլի «Արմեն» ճամբարում, որտեղ մեծացել է Հրանտ Դինքը, սկսվել են վերակառուցման առաջին աշխատանքները

Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող «Արմեն» հայկական ամառային ճամբարում, որը հայտնի է նաև որպես Հրանտ Դինքի մանկատուն, սկսվել են վերակառուցման առաջին աշխատանքները, հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթը»:

Ավելի վաղ Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամի նախագահ Գիրգոր Աղաբաբօղլուն հայտնել էր, որ ճամբարի վերակառուցման նախագիծն արդեն պատրաստ է, և իշխանությունների կողմից սեփականատիրոջ հանդեպ կիրառված սահմանափակումների վերացման ստորագրությունը ստանալուց հետո իրենք պատրաստ են անցնել նորոգման լայնածավալ աշխատանքների:

Վերակառուցված ճամբարը կծառայի որպես հրաշալի մշակութային օբյեկտ, որտեղ կապրեցվի նաև պոլսահայ մտավորական Դինքի հիշատակը:

Հիշեցնենք, որ մոտ 2 տարի առաջ՝ 175 օրվա դիմադրությունից հետո, հայ ակտիվիստները կարողացան Ստամբուլի հայ համայնքին վերադարձնել Թուզլայի հայկական ճամբարի շենքը, որը 2015թ.-ի մայիսին ավերման վտանգի տակ էր հայտնվել:

Դեռևս 1962թ.-ին Պոլսո Հայոց պատրիարքարանը գնել է Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող այն տարածքը, որտեղ հետագայում պետք է կառուցվեր հայկական ամառային ճամբարը: Ճամբարի կառուցումը միտված էր երկու կարևոր խնդրի լուծմանը. ամռան ամիսներին վարժարաններից դուրս կարողանալ կազմակերպել հայ երեխաների՝ հայկական միջավայրում միմյանց հետ շփումները՝ հայերենը չմոռանալու նպատակով, ինչպես նաև ծնողներ չունեցող հայ մանուկներին ամառային արձակուրդներին նույնպես կացարանով ապահովելու կարևոր հարցը:

Սակայն 1987թ.-ին պետությունը խլեց տարածքը հայկական համայնքից՝ պատրիարքարանին մեղադրելով «ճամբարում ԱՍԱԼԱ-ի մարտիկներ մեծացնելու» համար:

Ճամբարի սեփականատերերը փոխվեցին մի քանի անգամ, և, ի վերջո, 2015թ.-ին տարածքի այդ ժամանակվա տերը որոշում կայացրեց Թուզլայում առանձնատների կառուցման նախագիծ սկսել:

2015թ.-ի մայիսի 6-ին «Արմեն» ճամբարի տարածք մտած բուլդոզերներին կարողացան կանգնեցնել հայ երիտասարդները, որոնք ճամբար հասնելով՝ հաջողացրին կանխել ճամբարի ամբողջական ավերումը, թեև շինարարական կազմակերպության աշխատակիցները սենյակներից մեկի պատն արդեն հասցրել էին քանդել, գրում է tert.am-ը:

«Ֆրանսահայ աշակերտներն անհամբերությամբ են սպասել «Արի տուն» ծրագրին». Սիրարփի Քոսոյան

«Արդեն ձևավորված ավանդույթ է դարձել Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Սուրբ Մեսրոպ Արապեան» դպրոցի նախակրթարանի ավարտական՝ 5-րդ դասարանի աշակերտներին ապրիլին՝ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի օրվան ընդառաջ, Հայաստան բերել»,-«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ ապրիլի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցած Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն»-2017թ. ծրագրի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ասել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Սուրբ Մեսրոպ Արապեան» դպրոցի հայոց լեզի ուսուցչուհի Սիրարփի Քոսոյանը՝ հավելելով, որ աշակերտներն առաջին անգամ են մասնակցում «Արի տուն» ծրագրին:

Սիրարփի Քոսոյանն իր խոսքում խորին շնորհակալություն է հայտնել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին՝ դպրոցի 20 աշակերտներին ծրագրին մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար և նշել, որ ֆրանսահայ աշակերտները անհամբերությամբ են սպասել, թե երբ են մասնակցելու «Արի տուն» ծրագրին: Ուսուցչուհին նաև նշել է, որ ֆրանսահայ փոքրիկները Հայրենիքում իրենց շատ լավ են զգում, իսկ տեսարժան վայրեր մեծ հետաքրքրությամբ են այցելում և փափագում են՝ հնարավորինս շատ բան տեսնել:

Հավելենք, որ այս փուլով Հայաստան է այցելել 66 պատանի ու աղջիկ  Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Ս. Մեսրոպ-Արապեան», Փարիզի «Դպրոցասեր» և Մարսելի «Համազգային» վարժարաններից՝ 10 ուսուցչի ուղեկցությամբ:

ՀՀ-ում առաջին անգամ ոսկրածուծի փոխպատվաստում է կատարվել

Առաջին անգամ Հայաստանում իրականացվել է ոսկրածուծի՝ արյունաստեղծ ցողունային բջիջների երկու փոխպատվաստում:

«Այդ երկու անձը միելոմային հիվանդներ են, քիմիոթերապիայի բազմաթիվ կուրսերից հետո հիվանդների մոտ ստացանք համապատասխան ռեմիսիա եւ հիվանդությունը կրկնվեց: Այդ հիվանդների մոտ ցուցված է ցողունային բջիջների փոխպատվաստումը»,- ասել է Յոլյանի անվան «Արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն, տրանսպլանտոլոգների թիմի ղեկավար Սմբատ Դաղբաշյանը:

Բժշկի խոսքով, փոխպատվաստումը միակ հնարավորությունն է տվյալ պարագայում, որպեսզի կարողանան երկարացնել նրանց կյանքը, գրում է Ա1+-ը:

Հիվանդներից մեկը Արցախից է, մյուսը՝ Հայաստանից:

«50-ամյա Էլմիրան մինչ փոխպատվաստումը բժշկի հետ խոսելիս ասել է, ուզում է այն ժամանակաշրջանում, որ պետք է ապրի, լինել առողջ եւ զգալ կյանքն այնպես, ինչպես կա: Եւ այդ կյանքը ապրել ընտանիքի հետ: Հիվանդը կյանքի որակի բարձրացման խնդիր դրեց»,- հավելել է Սմբատ Դաղբաշյանը:

Փոխպատվաստումն իրականացվել է Համբուրգի Էպենդորֆ կլինիկայի փոխպատվաստման բաժնի ղեկավար, պրոֆեսոր Նիկոլայուս Կրյոգերի ղեկավարությամբ: Նրա խոսքերով՝ սա ամբողջ աշխարհում իրականացվող նորարարական մեթոդ է:

Հայաստանում փոխպատվաստման կարիք ունի տարեկան 60 հիվանդ: Փոխպատվաստումն իրականացվում է մի քանի փուլով: Դրանում ներառված է քիմիաթերապիայի նախապատրաստական անցկացումը, ոսկրածուծի ստիմուլյացիան, ցողունային բջիջների հավաքագրումը, դրանց մշակումը, սառեցումը, հիվանդների դեղորայքային նախապատրաստումը եւ ցողունային բջիջների փոխպատվաստման բուն գործընթացը:

«Երգահան եմ, սակայն ինձ միշտ համարել եմ դերասանուհի, անչափ կարոտում եմ թատրոնը». Ժաննա Բլբուլյան

Հայկական սփյուռքը բազմիցս հիացրել ու զարմացրել է աշխարհին կյանքի բոլոր ոլորտներում հայի տարողունակ, տիեզերածավալ տաղանդի դրսևորումներով. հայն ապրում ու արարում է ամենուր՝ երբեք չկտրվելով իր արմատներից, և հե՛նց այդ արմատների զորությունն է, որ աշխարհաճանաչ է դարձնում հային:

ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալված մեր հայրենակցուհիներ, երաժիշտ-երգահաններ մայր և դուստր Ժաննա Բլբուլյանն ու Նարա Նոյանը, ովքեր տարիներ ի վեր ապրում և ստեղծագործում են  արտերկրում, Հայրենիքում են՝ Նարա Նոյանի համերգային ծրագրով: Սկզբում «Հայերն այսօր»-ի համար զրուցեցի ճանաչված երգահան Ժաննա Բլբուլյանի հետ, ով ժամանակին եղել է նաև հայաստանյան թատերական աշխարհի լավագույն ներկայացուցիչներից մեկը, դերասանուհի, ով կարոտով է հիշում իր անցած ճանապարհն ու խաղաղած դերերը;

-Գուցե սկսենք հենց այդտեղից, տիկի՛ն Ժաննա…

-Այո՛, այդպես է. ես տարիներ շարունակ՝ գրեթե 20 տարի, աշխատել եմ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնում, առաջատար դերեր եմ խաղացել, դրանից առաջ աշխատել եմ Դրամատիկական թատրոնում: Հետագայում, երբ հանգամանքների բերումով 3-րդ անգամ եղա ֆրանսիայում, այլևս չվերադարձա որովհետև թոռնիկս ծնվեց: Արդեն 25 տարի է՝ այնտեղ եմ ապրում: Բնականաբար, ֆրանսիայում կամ մեկ այլ երկրում բեմ բարձրանալու և դերեր կատարելու համար մարդը պետք է մայրենի լեզվի պես, առանց որևէ օտար շեշտադրման՝ տիրապետի այդ լեզվին: Իհարկե՛, ես շատ լավ եմ տիրապետում ֆրանսերենին, նույնիսկ ծանոթներս ասում են, որ ոչ մի խնդիր չունեմ այդ առումով, սակայն ես իմ ներքին ձայնին եմ ապավինում և գտնում եմ, որ բեմից հնչող օտարալեզու խոսքը, խաղը պետք է անթերի լինի, իսկ ինչ վերաբերում է երաժշտությանը, այն ինքնին արդեն լեզու է՝ հասկանալի բոլորին:

-Տիկի´ն Ժաննա, իսկ ինչպե՞ս և ե՞րբ անցում կատարեցիք երաժշտության աշխարհ:

-Քանի որ բեմը չկար, թատրոնը չկար, իսկ դերասանին բեմ է անհրաժեշտ, ուստի ես մտերմացա իմ դաշնամուրի հետ. ես մասնագիտությամբ նաև արհեստավարժ երաժիշտ եմ. ու այդպես՝ մեկը մյուսի ետևից ծնվեցին մեղեդիներ: Մի անգամ, երբ Երևանում էի, հայտնի բանաստեղծ ու լրագրող եղբորս՝ Լևոն Բլբուլյանին ցույց տվեցի մեղեդիներիցս մեկը, շատ հավանեց ու հարցրեց, թե արդյոք էլի ունե՞մ, ես ասացի, որ շատ է դրանց թիվը…և սկսվեց մեր համագործակցությունը՝ բառերի ու մեղեդիների: Հաջորդ առավոտյան արդեն ծնվեց մեր համատեղ երգը՝ «Վերադարձի գարուն» վերնագրով: Շարունակվեց այդ համագործակցությունը, որի արդյունքում բազմաթիվ գեղեցիկ գործեր ծնվեցին. 200-ից ավելի երգեր ունեմ, որոնց մեծ մասը հիմնականում Լևոնի հետ ենք գրել: Մոտավորապես երկու տարի առաջ մեր երգերի ժողովածուն հրատարակեցինք, որտեղ զետեղված է մեր համատեղ ստեղծագործությունների ընտրանին՝ 40 երգ: Ֆրանսիայում ես աշխատել եմ շատ տարբեր բանաստեղծների՝ հիմնականում ֆրանսիացիների հետ:

– Այնուամենայնիվ, անգամ աշխատելով ֆրանսիացի բանաստեղծների հետ, Ձեր մեղեդիներում, անշուշտ, կհասկացվի հայկական շունչը. օտարեկրացիները ըմբռնու՞մ են դա, սիրու՞մ են…

-Շա՜տ, նրանք շատ են սիրում մեր հայկական երաժշտության նրբերանգները. եթե չսիրեին, չէին շարունակի համագործակցել ինձ հետ: Ես հրաշալի առիթներ եմ ունեցել ՝ աշխատելու նշանավոր երաժիշտների, երգիչների հետ, որն իմ կյանքում կարևոր դեր է խաղացել: Հայտնի «Լամբադա»-ի կատարող լեգենդար երգչուհի Լոալվա Բրազը, ում պատմել էին իմ մասին, Փարիզ էր եկել՝ հատուկ ծանոթանալու և համագործակցելու ինձ հետ: Մեկ ամիս Փարիզում իմ տանն իջևանեց, շատ մտերմացանք, միասին սկսեցինք երգեր գրել, նա շատ սիրեց իմ մեղեդիները: 2004 թվականին նա Երևան եկավ՝ մասնակցելու իմ հեղինակային համերգին, և ինքն էլ երեք երգ կատարեց:

-Լևոնը խանդով չի՞ վերաբերում, երբ մեղեդիներ եք գրում նաև ուրիշ բանաստեղծների բառերի հիման վրա:

-Այդ հարցը մի անգամ էլ են տվել, Լևոնը պատասխանել է, որ ինքն էլ ուրիշ երաժիշտների հետ է համագործակցում և բնավ խանդով չի վերաբերում, երբ ես էլ ուրիշ գրողների հետ եմ համագործակցում, այսինքն՝ «դավաճանություն» չի համարում:

%d5%aa%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a11

-Հայ դասական գրողներից ու՞մ գործերին եք անդրադարձել:

-Շատ մեղեդային գրողներ ունենք, սակայն հերթը նրանց չի հասել, քանի որ ես ունեմ Լևոն Բլբուլյան. մտադրություն ունեմ անդրադառնալ մեր դասականների՝ իմ նախընտրած ստեղծագործություններին:

-Դուք ժամանակավորապես թողել եք Ձեր տունը՝ Հայրենիքը. երբևէ կվերադառնա՞ք Հայաստան, թե՞ Դուք այնքան եք կայացել ու կառչել այդ հողից, որ դժվար կլինի Ձեր վերադարձը:

-Ես մտածում եմ այդ մասին, վերջին ժամանակներում՝ ավելի շատ, որովհետև ոչ մի տեղ աշխարհում դու քեզ այնքան լիարժեք չես զգում, ինչպես՝ տանը:

-Տիկի՛ն Ժաննա, Դուք հիմա Հայաստանում եք. արդյոք Ձեր սիրելի թատրոնը, բեմերը չե՞ն կանչում Ձեզ:

-Հենց այսօր պետք է թատրոն այցելեմ, հանդիպեմ իմ գործընկերներին, ներկայացում նայեմ. անչափ կարոտում եմ թատրոնը: Ճիշտ է, ես բազմաթիվ մեղեդիների հեղինակ եմ, երգահան և այժմ երաժշտարվեստի աշխարհում եմ, սակայն ինձ միշտ համարել եմ դերասանուհի, էությամբ արտիստ եմ:

-Չե՞ք զղջում, որ Ձեր դստերը ևս ուղղորդեցիք արվեստի աշխարհ:

-Թե՛ իմ աղջիկը, թե՛ տղաս էությամբ արտիստ են. տղաս էլ հրաշալի երգեր է գրում, տեքստեր, նաև գործիքավորումներ է անում, նա մեզնից ավելի շնորհալի է: Ինչ վերաբերում է Նարային, նա ի ծնե դերասանուհի է. երբ նա ֆրունզե Դովլաթյանի մոտ նկարահանվեց «Կարոտ» ֆիլմում, Դովլաթյանը հիացած էր նրա անթերի, սահուն խաղով: Նարան և՛ երաժիշտ է, երգչուհի, և՛ դերասանուհի, ստեղծագործող անհատ, սակայն նա այժմ առավել կենտրոնացած է երգարվեստի վրա: Նարան բեմում ինքնամոռաց է դառնում, նա այնպես է վերամարմնավորվում, կերպարանափոխվում, որ զարմանքից քարանում ու հիանում ես. նա լիարժեք ու կայացած երաժիշտ է, և ես երբեք չեմ զղջում. Աստվա՛ծ է նրան ուղղորդել:

-Ինչու՞ Նարա Նոյան, Նոյի հետ կապ ունի՞, կեղծանու՞ն է…

-Ո՜չ. Նարայի հայրական ազգանունը Մնոյան է, սակայն բեմական աշխարհում, առավել ևս՝ օտար երկրում դա չեն կարողանում ճիշտ արտաբերել, ուստի Մ-ն հանեցինք, և մնաց Նոյանը:

-Առաջիկայում ի՞նչ նոր ծրագիր ունեք:

-Սեպտեմբերին Հայաստանում պատրաստվում եմ կազմակերպել մենահամերգս՝ ինքս կատարելով իմ ստեղծագործությունները, իմ մեղեդիները, իմ բառերի հիման վրա գրված երգերս: Նպատակ ունեմ հետագայում մի զուգերգ պատրաստել Լևոնի հետ և միասին կատարել այն:

-Ո՞րն է Ձեր հոգու երգը, որն ամբողջապես ու խորությամբ արտահայտում է Ձեր ներքնաշխարհի բոլոր ապրումները:

-Շառլ Ազնավուրի «Բոհեմ»-ը, իսկ եթե երգչուհի լինեի, կկատարեի Կոմիտասի բոլոր ստեղծագործությունները: 

Զրուցեց Կարինե Ավագյանը

%d5%aa%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a1%d5%aa%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a12

 

Շնորհավոր Մայրության և գեղեցկության տոնը

Կիևի հայերենի շաբաթօրյա դասարանի փոքրիկների խումբը շնորհավորում է բոլոր մայրիկների գարնանային գեղեցիկ տոնը: Սիրելի մայրիկներ եղեք ուրախ՝ մեր հաջողություններով, երջանիկ՝ մեր ապագայով:

Նամակ զինվորին. գրում են Օդեսայում ապրող հայ փոքրիկները

«Հայերն այսօր»-ը «Նամակ զինվորին» խորագրի շրջանակներում իր ընթերցողներին է ներկայացնում Ուկրաինայի Օդեսա քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան կիրակնօրյա դպրոցի 2-րդ դասարանի աշակերտների նամակները՝ ուղղված Հայոց բանակի զինվորներին:

img_7069-22-03-17-03-29 img_7070-22-03-17-03-29 img_7071-22-03-17-03-29 img_7072-22-03-17-03-29 img_7073-22-03-17-03-29 img_7074-22-03-17-03-29 img917 img918 img919

 

Մեկնարկեց 2017թ. «Արի տուն» ծրագիրը

Ապրիլի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ 2017թ. Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը:

Այս փուլով Հայաստան է այցելել 66 պատանի ու աղջիկ  Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Ս. Մեսրոպ-Արապեան», Փարիզի «Դպրոցասեր» և Մարսելի «Համազգային» վարժարաններից՝ 10 ուսուցչի ուղեկցությամբ:

Մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Բարով եք եկել Հայրենիք, սիրելի՛ պատանիներ և աղջիկներ: Ձեզանից շատերի համար սա առաջին այցն է Հայաստան և վստահ եմ, որ այն անմոռանալի կդառնա ձեզ համար, և դուք կվերադառնաք Ֆրանսիա՝ կրկին Հայաստան գալու ցանկությամբ, երազանքով: Շնորհակալ եմ «Ս. Մեսրոպ- Արապեան», «Դպրոցասեր» և «Համազգային» վարժարանների ուսուցիչներին և աշակերտներին ուղեկցող ողջ անձնակազմին: Վստահ եմ, որ մեր երեխաները շատ բան են լսել և շատ բան գիտեն իրենց երկրի պատմության, գրականության, մշակույթի մասին, և այդ ամենի համար նրանք պարտական են իրենց ուսուցիչներին և ծնողներին»:

Նախարար Հրանուշ Հակոբյանը հատուկ շնորհակալություն հայտնեց ֆրանսահայ բարերար Սարգիս Բեդոյանին՝ 11 տարի շարունակ Ֆրանսիայի հայկական վարժարանների աշակերտների այցը Հայաստան հովանավորելու համար: «Հայաստան բերելով օտար ափերում մեծացած երեխաներին՝ Դուք նրանց հնարավորություն եք ընձեռում տեսնել իրական Հայրենիքը, մեր վանքերն ու Մատենադարանը, Զվարթնոցն ու Սևանը, այլ պատմամշակութային վայրերը, որից հետո նրանք որտեղ էլ ապրեն և ինչ էլ անեն, միշտ հայ կմնան և միշտ կձգտեն վերադառնալ Հայաստան»:

Այնուհետև նախարարը «Արի տուն» ծրագրի տարբերանշանով շապիկ և գլխարկ հագցրեց ամենակրտսեր մասնակից Ալֆորվիլի «Ս. Մեսրոպ-Արապեան» վարժարանի սան Հարություն Վրթանեսյանին:

«Ս. Մեսրոպ-Արապեան» կրթարանի անունից շնորհակալական խոսքով հանդես եկավ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սիրարփի Կոսոյանը: Նա նշեց, որ երեխաներն անհամբերությամբ և մեծ սիրով են սպասում Հայաստանի տեսարժան վայրեր այցելություններին:

Փարիզի «Դպրոցասեր» վարժարանի ուսուցչուհի Նոռա Պարութճեան-Պասիքեանը կարևորեց արևմտահայերենը Հայաստանում գործածական լեզու դարձնելու անհրաժեշտությունը: «Այդ դեպքում հայերենի արևելահայ և արևմտահայ ճյուղերով խոսողներն իրար արագ հասկանալու արգելք այլևս չեն ունենա», -նշեց նա:

Բարերար Սարգիս Բեդոյանն իր խոսքում նշեց. «Շնորհակալություն, սիրելի՛ տիկին Հակոբյան, Ձեր ջերմ ընդունելության համար: Դուք ամեն տարի սիրով եք ընդունում մեր երեխաներին: Այո՛, անհրաժեշտ է, որ մեր պատանիներն ու աղջիկները տեսնեն իրենց հողը, որոնվետև նրանք են մեր ապագան, մեր վաղվա զինվորները»:

Միջոցառման ընթացքում արիտունցիները երգեցին և արտասանեցին հայ հեղինակների, գրողների ստեղծագործություններ: Կոմիտասյան կատարումներով հանդես եկավ Արարատյան թեմի «Ծաղկազարդ» համույթը:

Մասնակիցները հնարավորություն ունեցան դիտելու «Արի տուն» ծրագրի մասին պատմող ֆիլմ:

%d5%a1%d6%80%d5%ab-%d5%bf%d5%b8%d6%82%d5%b61%d5%a1%d6%80%d5%ab-%d5%bf%d5%b8%d6%82%d5%b62%d5%a1%d6%80%d5%ab-%d5%bf%d5%b8%d6%82%d5%b63%d5%a1%d6%80%d5%ab-%d5%bf%d5%b8%d6%82%d5%b64%d5%a1%d6%80%d5%ab-%d5%bf%d5%b8%d6%82%d5%b65 %d5%a1%d6%80%d5%ab-%d5%bf%d5%b8%d6%82%d5%b66%d5%a1%d6%80%d5%ab-%d5%bf%d5%b8%d6%82%d5%b67%d5%a1%d6%80%d5%ab-%d5%bf%d5%b8%d6%82%d5%b68 %d5%a1%d6%80%d5%ab-%d5%bf%d5%b8%d6%82%d5%b69