Խաղաղ ցույց Լիբանանում՝ ընդդեմ թուրքական արտադրանքի

Ապրիլի 7-ին Լիբանանում հերթական խաղաղ ցույցն է տեղի ունեցել՝ ընդդեմ թուրքական արտադրանքի: «Պիել»-ում տեղի ունեցած ցուցահանդեսին, որը կազմակերպել էր «Օրեքա» ընկերությունը, մասնակցել են նաև թուրքական մի քանի ընկերություններ:
«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով Լիբանանի «Ազդակ» օրաթերթին, հայտնում է, որ ՀՅԴ երիտասարդները ներկաներին թռուցիկներ են բաժանել, որոնց մեջ նշված է եղել, որ Թուրքիայի պետական քաղաքականությունն ունի երկու երես՝ ռազմական և տնտեսական, որը նպատակ ունի թուլացնել տարածաշրջանի պետություններին, ոչնչացնել քաղաքակրթությունը, ցեղասպանություն իրականացնել և ժողովուրդների բարիքները գրավել:
Երիտասարդները Լիբանանի քաղաքացիներին կոչ են արել մերժել թուրքական արտադրանքը՝ նախապատվությունը տալով լիբանանյանին:

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Չինարիի ու Բաղանիսի ուղղությամբ

Անցած գիշեր ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի Չինարի և Բաղանիս գյուղերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանը Yerkir.am-ին տեղեկացրեց, որ կրակոցներների հետևանքով հայկական կողմը վնասներ չի կրել:

 

Կիպրոսի խորհրդարանի նախագահը կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Կիպրոսի խորհրդարանն ապրիլի 7-ին տեղի ունեցած նիստում դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել այն:

Նիստի աշխատանքները սկսելուց առաջ խորհրդարանի խոսնակ Դեմետրիս Սիլուրիսը, դիմելով ներկաներին, նշել է, որ անգամ եթե հարյուր տարի է անցել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից, երբ թուրքական պետությունն էթնիկ զտում իրականացրեց հայերի դեմ, Թուրքիան շարունակում է ժխտել մեկ ու կես միլիոն հայերի սպանդը, հայտնում է Արցախպրեսը հղում կատարելով Cyprus News Agnecy-ին:

Սիլուրիսը հիշեցրել է, որ Կիպրոսի խորհրդարանն աշխարհում առաջիններից էր, իսկ Եվրոպայում հենց առաջինն էր, որ 1975 թվականին ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը` պահանջելով պատմական ճշմարտության վերականգնում:

2015-ի ապրիլի 2-ին Կիպրոսի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ներկայացրել էին խորհրդարանի բոլոր խմբակցությունները: Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը:

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը` Եվրոպայի չեմպիոն

Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Ապրիլի 8-ին մինչև 105 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 184 կգ ծանրաձողը, հրում վարժությունում՝ 230 կգ, և երկամարտի 414 կգ արդյունքով ճանաչվեց Եվրոպայի չեմպիոն:

Նա նաև երկու փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում և հրում վարժություններում:

Սա Հայաստանի երրորդ մեդալն էր Եվրոպայի առաջնությունում: Ավելի վաղ բրոնզե մեդալ էին նվաճել Սոնա Պողոսյանը (75 կգ) ու Տաթև Հակոբյանը (90 կգ):

Այսօր, ժամը՝ 19:10-ին մրցահարթակ դուրս կգան Հայաստանի վերջին 2 ներկայացուցիչները՝ գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը: