Հայկական լավաշին նվիրված տոնահանդես «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանում

2017 թվականի ապրիլի 6-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի հանապազօրյա հացի, ի մասնավորի հայկական լավաշի մեծարմանը նվիրված տոնահանդես:

Վիրահայոց թեմի մամլո ծառայության փոխանցմամբ՝ դահլիճը զարդարված էր օրվա խորհրդին համապատասխան: Կազմակերպիչների հարուստ երևակայության արդյունքում տեսանելի էին դարձել հայկական լավաշի պատրաստման բոլոր փուլերը: Ազգային տարազներով զուգված փոքրիկները մեծերի նմանությամբ հմտորեն ցույց էին տալիս լավաշի թխման ողջ ընթացքը, ներկաներին տեղափոխելով տոնահանդեսի խորհրդի մեջ:

Դահլիճում տեղեր էին հոգևոր հայրերը, «Հայարտուն» կենտրոնի աշխատակազմը, ծնողներ, հյուրեր:

Տոնահանդեսը սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնության բարեմաղթանքով: Թեմակալ առաջնորդի և քահանաների մասնակցությամբ հիշատակի աղոթք բարձրացվեց վերջերս վախճանված և ժողովրդի կողմից «Հաց բերող» անվանն արժանացած Արթուր Սարգսյանի հոգու խաղաղության համար:

Թեմի կրթության բաժնի տնօրեն և Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը շնորհավորեց ներկաներին առաջիկա Ավետման տոնի կապակցությամբ, անդրադարձ կատարեց հացի կարևորությանը մարդու կյանքում, առանձնահատուկ նշեց հացին տրվող այն ածականները, որոնք ամրագրված են ժողովրդի մեջ և դարեդար փոխանցվում են սերնդե սերունդ: Բանախոսը արժևորեց հայկական լավաշն իր տեսակով ազգի գոյատևման, հայոց մշակույթի ձևավորման գործում, ընդգծեց հայկական լավաշի ներառումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչմշակութային նյութական ժառանգության ցուցակում:

Նախակրթարանի սաները, վարպետորեն ներկայացրեցին հայկական լավաշ հացի փրկարար ուժը պանդխտության ուղին բռնած հայ շինականի համար, ում ճակատագիրը կրկին վերադարձնում է իր հայրենի տունը, որտեղ սիրով ու գորովանքով պատրաստվում է հանապազօրյա հացը: Փոքրիկները հստակ արտասանությամբ, ազգային երգ ու պարով ցուցադրեցին հացին բնութագրող այն ավանդույթներն ու ասացվածքները, որ ուսուցիչներ Եվգենյա Մարկոսյանի, Օքսաննա Շարոյանի, Մետաքսյա Ղազարյանի,Մարի Աբուլյանի և Իվանե Մկրտչյանի ու ծնողների համատեղ ջանքերով սերտել էին իրենք:

Միջոցառումից ստացած իրենց տպավորությունները կիսեցին «Արևիկ» հիմնադրամի նախագահ Էմմա Ախտյանը և Վրաստանում ՀՀ դեսպանի տիկին Էլեոնորա Վարդանյանը:

Միջոցառումը օրհնության և գնահատանքի խոսքով ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը կարևորեց հացի մեծարման նշանակությունը փոքրիկների համար, քանզի այս միջոցառումը կդառնա վառ հիշողություն, իսկ սերտած ավանդույթները՝ նրանց կյանքի ուղեկիցը: Սրբազանը հայրը նշեց հացի տեղը Հայ Եկեղեցու աստվածպաշտական արարողություններում և խորհուրդներում, հացով ապրելու, հացով մարդուն ճանաչելու, հացը արդարությանը հավասարեցնելու և հացով երդվելու ժողովրդական մեծարումը: Թեմակալ առաջնորդը բարձր գնահատեց նախակրթարանի տնօրենի և մանկավարժների աշխատանքը հանդեսի բովանդակությանը համահունչ դահլիճի գեղեցիկ ու ճաշակով ձևավորման համար:

Հացի մեծարումը դարձավ դաստիարակչական և ճանաչողական մեծ նշանակություն ունեցող գեղեցիկ միջոցառում:

Հայաստանը մասնակցեց Բեռլինի Արևելյան 5-րդ ֆորումին

Ապրիլի 6-ին Բեռլինում կայացավ «ԵՄ-ԵԱՏՄ գործընկերության ապագան» խորագրով Բեռլինի Արևելյան 5-րդ ֆորումը:

Ֆորումին առաջին անգամ մասնակցում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, ով հանդես եկավ ծավալուն ելույթով:

Հայաստանից ֆորումին մասնակցում էին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն ու Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը:

Ֆորումի ընթացքում քննարկվեցին ԵՄ-ԵԱՏՄ հնարավոր համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ թվային տնտեսության բնագավառում: Ներկայացվեց Հայաստանի մոդելը` որպես կամուրջ ԵՄ-ԵԱՏՄ հարաբերություններում: Բանախոսները առանձնահատուկ շեշտադրեցին ԵՄ-ԵԱՏՄ շուկաների ստանդարտների համապատասխանեցման շուրջ համագործակցության կարևորությունը:

Ֆորումի ընթացքում ներկայացվեցին նաև ԵԱՏՄ առաջնահերթությունները, միջազգային համագործակցության ուղղությունները և Իրանի հետ ներկայումս ծավալվող բանակցությունները` կարևորելով Հայաստանի` որպես Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ միակ երկրի դերակատարությունն այդ գործընթացում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույց

ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ԿԻՐԱԿԻ (ապրիլի 9)

– Անդաստան և մանուկների օրհնություն – ժամը` 10:00

– Ս. Պատարագ – ժամը` 11:00

– Դռնբացեք – ժամը` 17:30

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ (ապրիլի 13)

– Առավոտյան ժամերգություն և Կարգ ապաշխարողաց – ժամը` 7:30

– Սուրբ Պատարագ – ժամը` 10:30

– Ոտնլվայի կարգ – ժամը` 16:00

– Խավարման կարգ – ժամը` 19:00

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ (ապրիլի 14)

– Խաչելության կարգ – ժամը` 12:00

– Թաղման կարգ – ժամը` 17:30

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ (ապրիլի 15)

– Ճրագալույցի Ս. Պատարագ – ժամը` 17:30

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ (ապրիլի 16)

– Զատկական Հայրապետական Ս. Պատարագ – ժամը` 10:30

Ս. Աստվածածնի Ավետման տոնը Մայր Աթոռում

Ապրիլի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց Ս. Աստվածածնի Ավետման տոնը, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակվել է նաև իբրև մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Մայր Տաճարում օրվա պատարագիչն էր Մայր Աթոռի Եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:

Հայր Սուրբը սրբազան արարողության ընթացքում հավուր պատճաշի քարոզ խոսեց` անդրադառնալով օրվա խորհրդին և ընդգծելով Տիրամոր դերակատարությունը մարդկության պատմության մեջ: Զաքարիա ծայրագույն վարդապետը նաև շնորհավորեց Ս. Պատարագին ներկա մայրերին, կանանց և օրիորդներին, մաղթելով քաջառողջություն ու երջանկություն, և հայցեց Ս. Աստվածածնի բարեխոսությունը նրանց համար:

«Ս. Աստվածածինը ճշմարիտ մոր, Աստծու կամքին անվերապահ հնազանդվող և իր առաքելությունը գիտակցող մարդու օրինակն է, ով ոչ միայն ծնեց աշխարհի Փրկչին, այլև տառապեց ու ցավ ապրեց` իր միակ զավակին տալով մարդկության փրկության համար: Տեսեք` նա երբեք չտատանվեց և թերահավատ չգտնվեց, այլ իր անսահման խոնարհությամբ ցույց տվեց, որ Աստծու կամքը վեր է երկրային ամեն ինչից:

Անկասկած, նույն ձևով մենք էլ, եթե Աստծու կամքը գերադասենք մարդկային մեր կամքից և զանազան ցանկություններից, ապա Աստված մեզ նույնպես Տիրամոր նման կդարձնի իր առաքելության անբաժանելի մասնիկը»,- նշեց Հայր Զաքարիան:

Ս. Պատարագի վերջում, հանդիսապետությամբ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի, կատարվեց մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ:

Գորիսը հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 7-ին Տաշքենդում մասնակցեց և ելույթ ունեցավ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Արտգործնախարների խորհրդի նիստը մեկնարկեց նեղ ձևաչափով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով պատվիրակությունների մասնակցությամբ։

Նիստի օրակարգում ընդգրկված էին կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների անցկացման, արդի իրողություններին կառույցի արդիականացման հարցեր։

ԱՊՀ մասնակից երկրների ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ։

Արտաքին գործերի նախարարները հայտարարություն ընդունեցին քրիստոնյաների, մահմեդականների և այլ դավանանքների ներկայացուցիչների նկատմամբ անհանդուրժողականության և խտրականության անթույլատրելիության մասին։

ԱՊՀ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան իրավապահ, կիբերանվտանգության, մշակութային, կրթական ոլորտներում համագործակցության սերտացման հարցերին:

Արտգործնախարարների խորհուրդը որոշեց հավանություն տալ Հայաստանի Գորիս քաղաքը որպես 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին որոշման նախագծին։

Նիստի մասնակիցները քննարկեցին և հավանության արժանացրին 16 փաստաթղթերի նախագծեր:

Որոշվեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը գումարել 2017թ. հոկտեմբերին Մոսկվայում։

Առաջարկվել է Մետաքսի ճանապարհի շրջանակներում նախաձեռնել «Գինու զբոսաշրջություն» ծրագիրը

Իսպանիայի Վալենսիա քաղաքում մարտի 29-ից ապրիլի 1-ը տեղի է ունեցել Մետաքսի ճանապարհի շրջանակներում ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) աշխատանքային խմբի նիստը:

Նիստին մասնակցել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից հայտնում են, որ միջոցառման ընթացքում քննարկվել են նոր եւ արդեն իսկ գոյություն ունեցող ծրագրեր` ուղղված Մետաքսի ճանապարհի շրջանակներում կայուն զբոսաշրջության զարգացմանը, ներկայացվել են ՄԱԿ ԶՀԿ հետ համագործակցությամբ ստեղծված Արեւմտյան Մետաքսի ճանապարհի զբոսաշրջության զարգացման նախաձեռնությունները, Արեւմտյան Մետաքսի ճանապարհի` որպես կայուն զբոսաշրջային երթուղու զարգացման ռազմավարությունները, ինչպես նաեւ` Մետաքսի ճանապարհի գործունեությունը 2017թ.` կայուն զբոսաշրջության զարգացման միջազգային տարվա շրջանակներում: Ամփոփվել են նաեւ «ITB Berlin» ցուցահանդեսի շրջանակներում 2017թ. մարտի 8-ին կայացած Մետաքսի ճանապարհի երկրների նախարարական 7-րդ հանդիպման արդյունքները:

Նիստի ընթացքում Մեխակ Ապրեսյանը հանդես է եկել ելույթով եւ առաջարկել ՄԱԿ ԶՀԿ եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ), նաեւ մի քանի անդամ պետությունների համագործակցությամբ, Մետաքսի ճանապարհի շրջանակներում նախաձեռնել «Գինու զբոսաշրջություն» զբոսաշրջային արդյունքի մշակման եւ խթանման ծրագիր, ինչը մասնակիցների հավանությանն է արժանացել:

Մեխակ Ապրեսյանը մի շարք առանձին հանդիպումներ է ունեցել զբոսաշրջության ոլորտի պաշտոնյաների հետ։

Մասնավորապես ՄԱԿ ԶՀԿ Գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաիի հետ քննարկվել է ընթացիկ տարվա մայիսին ՄԱԿ ԶՀԿ Գործադիր խորհրդի նստաշրջանին Հայաստանի մասնակցության անհրաժեշտությունը, որտեղ ի թիվս այլ հարցերի քննարկվելու է ՄԱԿ ԶՀԿ Գլխավոր ասամբլեայի օրակարգը, որը ներառում է նաեւ ՄԱԿ ԶՀԿ աֆիլացված անդամների թեկնածուների հաստատման եւ ՄԱԿ ԶՀԿ Գլխավոր քարտուղարի ընտրության հարցերը:

Նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ ԶՀԿ պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու Մետաքսի ճանապարհի շրջանակներում Հայաստանում կազմակերպվող միջոցառումների, այդ թվում ավանդական փառատոնների վերաբերյալ տեղեկատվությունը։

“Tripadvisor” ճամփորդությունների վերաբերյալ համաշխարհային կայքի տնօրեն Հելենա Էգանի հետ քննարկվել են կայքում Հայաստանի եւ հայկական զբոսաշրջային արդյունքի մասին տեղեկատվությունն առավել ակտիվ տարածելու հնարավորությունները։

“Connecting travel” զբոսաշրջության արդյունաբերության գործարար համայնքի համաշխարհային կայքի միջազգային կապերի պատասխանատու Դանիելա Վագների հետ քննարկվել են Մեծ Բրիտանիայում Հայատանը եւ հայկական զբոսաշրջային արդյունքը ներկայացնելու, ինչպես նաեւ հայկական եւ բրիտանական մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջեւ գործարար կապերի ձեւավորման եւ զարգացման հնարավորությունները։

Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության օրվա առթիվ

Սիրելի՛ կանայք,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ:
Ցանկանում եմ մեր մայրերին, տատիկներին, կանանց, քույրերին, դուստրերին մարդկային պարզ երջանկություն, թող ձեր օջախներում միշտ լինի ջերմություն, սեր, հոգատարություն և բարություն:
Մայրերը հայ օջախների հենքն են և սյունը: Այսօր մենք ուղղակի օգտվում ենք առիթից և ևս մեկ անգամ արտահայտում մեր անսահման սերն ու հարգանքը ձեր նկատմամբ:
Ես ուզում եմ հավաստիացնել, որ մենք տրամադրված ենք անել ամեն հնարավորը, որպեսզի մայրությունը Հայաստանում լինի պետության կողմից մաքսիմալ պաշտպանված և մայր դարձած կինը իրեն զգա պետության հոգատարության ներքո:
Այսօր ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ կանայք մեր հասարակության մեջ շատ կարևոր դեր են զբաղեցնում և մենք հետևողական ենք լինելու, որպեսզի կանայք մեր երկրում ունենան բոլոր հնարավորություններն իրենց դրսևորելու և ներգրավված լինելու մեր երկրի զարգացման բոլոր գործընթացներում:
Կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ:

Արցախյան ազատամարտին մասնակցած կանանց մեծարման   միջոցառում Սփյուռքի նախարարությունում

Ապրիլի 7-ին՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ,   ՀՀ սփյուրքի նախարարությունում տեղի ունենցավ Արցախյան ազատամարտին մասնակցած կանանց մեծարման միջոցառում, որին ներկա էին Արցախյան պատերազմում զոհված կին ազատամարտիկների` Մարտիրոսյան Զոյայի, Եսայան Ռուզաննայի,   Սարգսյան Մարիետայի, Սարգսյան Արմինեի և ազատամարտիկ Ազնիվ Բալասանյանի մայրերը, պատերազմին մասնակցած «Անահիտ» դասակի կին մարտիկները, հայրենադարձ կանայք:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ բացման խոսքով հանդես եկավ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Ես ուզում եմ սիրով, առանձնակի ջերմությամբ շնորհավորել բոլոր կանանց Մայրության և գեղեցկության տոնի առթիվ և ցանկանալ ամենակարևորը՝  խաղաղ երկինք մեր Հայրենիքին, մեր Արցախ աշխարհին, մեր սրբազան հողին: Եվ պատահական չէ, որ այսօր կրկնակի տոն է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Անկրկնելի է հայ կինը, բոլոր ժամանակներում նա եղել է կենսունակ ու արարչագործ, իմաստուն ու հնարամիտ, նվիրված ու սիրող, նուրբ ու գեղանի, բայց անհրաժեշտության պահին՝ օժտված իր տունը պաշտպանելու, իր կողակցին սատար կանգնելու, մարտնչելու և տքնելու, ինքնազոհողության ու նվիրումի կարողությամբ»,-ասաց Հրանուշ Հակոբյանը: Նախարարը նշեց, որ միջոցառումը նվիրվել է Արցախյան ազատամարտին մասնակցած կանանց՝ այն առյուծասիրտ հերոսներին, որոնցից ոմանք բռնեցին անմահության և հավերժության ուղին, իսկ նրանցից շատերը այսօր էլ մեր կողքին են՝ որպես կենդանի լեգենդներ, արարող մայրեր և նվիրյալներ:

Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմում զոհված կին ազատամարտիկների հիշատակը, և նախարար Հրանուշ Հակոբյանը մեկ առ մեկ հնչեցրեց նրանց անունները:

«Ես խոնարհվում եմ այն մայրերի առջև, ովքեր ծնել, մեծացրել ու դաստիարակել են այնպիսի դուստրեր, որ դարձել են հայրենասիրության և հայրենապաշտության օրինակներ, որ կրել և կրում են Փառանձեմ թագուհու և Սոսե մայրիկի գեները: Արցախյան ազատամարտում զոհված մեր հերոս քույրերը այսօր էլ մեզ հետ են, մեր կողքին ու մեր հոգում, մեր հաղթանակած բանակի ակունքներում: Ես նայում եմ ձեզ և հասկանում, որ միայն այսպիսի մայրերը կարող էին հերոսներ ծնել ու դաստիարակել: Ձեր նվիրումը անգնահատելի է»,-ասաց Հրանուշ Հակոբյանը: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց նաև հայրենադարձ կանանց՝ նշելով, որ նրանք էլ յուրօրինակ հերոսներ են, ովքեր լավ են գիտակցել, որ Հայրենիքից հզոր և կենարար հող չկա, և իրենց ապագան կապել են Հայաստանի հետ:

Ցերեկույթի ընթացքում ելույթներ ունեցավ «Անահիտ» դասակի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը: «Մեր ջոկատի քաջարի կին մարտիկներից որևէ մեկը ներքին վարանում չի ունեցել զենքը ձեռքը վերցնելիս և մարտի դաշտ գնալիս: Նրանք լավ գիտեին՝ Հայրենքիը մեկն է, հողը՝ սուրբ, իսկ հայրենիքի հանդեպ սերը՝ ամենազորավորը  բոլոր մարդկային զգացմունքներից»,-նշեց նա՝ հավելելով, որ նույն պատրաստակամությամբ ազատամարտիկ կանայք անցած ապրիլին ևս եղել են դիրքերում՝ հայ զինվոի կողքին:

«Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի անունից ցանկանում եմ սրտանց շնորհավորել հայ կանանց: Սա մեր պետական օրացույցի ամենագեղեցիկ տոներց մեկն է և հիանալի առիթ՝ ևս մեկ անգամ խոնարհվելու հայուհիների առջև, նրանք ամուր սյուների նման կանգուն են պահում մեր պետականությունը: Այս միջոցառումը ազգ-բանակ գաղափարախոսության շարունակությունը կարծես լինի, որտեղ յուրաքանչյուրս զինվոր ենք, իսկ հայ կինը զինվոր է կրկանկի՝ ծնելով քաջարի մարտիկներ և հարկ եղած դեպքում մարտի դաշտ մեկնելով»,- ասաց Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն պետ, գնդապետ Սերժ Առուշանյանը:

Միջոցառման ընթացքում հնչեցին մայրերին նվիրված բանաստեղծություններ և երգեր, ցուցադրվեցին հատվածներ կին ազատամարտիկների մասին պատմող ֆիլմերից և հաղորդումներից:

mi5wcarwum1mi5wcarwum2mi5wcarwum3mi5wcarwum5mi5wcarwum6 mi5wcarwum7 mi5wcarwum8

Փոխհամագործակցություն Վալենսիայի և Երևանի համալսարանների միջև

Վալենսիայում են գտնվում Հայաստանի պետական տնտեսագիտական և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանների պատվիրակությունները: Այցի նպատակը փոխհամագործակցության հաստատումն է Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարանի և Հայաստանի վերոհիշյալ երկու համալսարանների միջև, որը հնարավոր դարձավ ապրիլի 4-ին:

Մի կողմից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և մյուս կողմից Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարանի միջև, ապրիլի 4-ին կնքվեց փոխհամագործակցության համաձայնագիր:
Վալենսիայի Պոլիտեխնիկ համալսարանի հետ Հայաստանի Ճարտարապետության և Տնտեսագիտության համալսարանների միջև համագործակցությունն սկսվել է դեռևս 2010 թվականից, երբ մեկնարկեց TEMPUS GIDEC նախագիծը, որի շրջանակներում հայաստանյան բուհերում հիմք դրվեց GIS-երի գծով մագիստրոսական ծրագիր, ստեղծվեց GIS լաբորատորիա և ձեռք բերվեցին սարքավորումներ: Նախագիծը տևեց մինչև 2013 թվականը: Ծրագիրը համակարգում էր Շվեդիայի տեխնոլոգիայի թագավորական ինստիտուտը (KTH), իսկ Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարանը ծրագրի եվրոպական գործընկերն էր:
Հենց 2013 թվականին էր, երբ Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարանի համակարգող պարոն Լուիս Անխել Ռուիս Ֆերնանդեսին (Luis Angel Ruiz Fernandez) շնորհվեց Հայաստանի ճարտարապետության և շինարարության համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

Ներկայումս Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարանի հետ համագործակցությունը կայանում է 2 ERASMUS+ նախագծերի շրջանակներում.

HERITAG – Նախագծի նպատակն է ստեղծել մագիստրոսական ծրագիր տուրիզմի կառավարման ոլորտում, որի առանձնահատկությունը գեոինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառումն է լինելու: Նախագիծը համակարգում է Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարանը: Այն  մեկնարկել է 2015 թվականի հոկտեմբերին և ավարտվելու է 2018 թվականի հոկեմբերին:

InnoCENS – նախագիծը համեմատաբար ավելի նոր է: Այն մեկնարկել է 2016 թվականի հոկտեմբերին: Այս նախագիծը համակարգում է Շվեդիայի տեխնոլոգիայի թագավորական համալսարանը: Նախագծի նպատակն է տեխնիկական բուհերում ստեղծել ստարտափ կամ նորարարական կենտրոններ և ինժեներ ուսանողներին տալ որոշակի գիտելիքներ ձեռներեցության ոլորտում: Այս նախագծում Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարանը հանդես է գալիս որպես եվրոպական գործընկեր:

Հետագա համագործակցությամբ ակնկալվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարանի հետ ստեղծել համատեղ մագիստրոսական ծրագիր՝ նախագծի կառավարում մասնագիտությամբ, որը նաև հնարավորություն կընձեռի ուսանողների և դասախոսների փոխանակում:

Այսպիսով, ապրիլի 4-ին, Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարանում, վերջինիս և ՀՊՏՀ-ի, ՃՇՀԱՀ-ի միջև, կնքվեց փոխհամագործակցության համաձայնագիր, որը ստորագրեցին ՀՊՏՀ ռեկտոր պրոֆեսոր Կ.Աթոյանը, ՃՇՀԱՀ ռեկտոր պրոֆեսոր Գ.Գալստյանը և ՎՊՀ-ի ռեկտոր Ֆրանցիսկո Խոսե Մորա Մասը (Francisco José Mora Mas), չափազանց կարևոր համաձայնագիր, որը թույլ կտա գործընկեր համալսարաններին էլ ավելի խորացնել համագործակցությունը և ուսանողների շարժունակությունը:

Վալենսիայում գտնվող պատվիրակությունը նաև այցելեց հայկական համայնք, «Կենաց խաչ» հուշարձան և հարցազրույց տվեց «Հայկական ռադիոժամին»:

Արարատ Ղուկասյան
«Արարատ» հայկական միության նախագահ
«Հայրենիք» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր
Վալենսիա (Իսպանիա)

1122777

Մեկնարկում է 2017թ. «Արի տուն» ծրագիրը

Ապրիլի 10-ին, ժ.9:30-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա 2017թ. Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը (հասցեն՝ Վ.Սարգսյան 3, 9-րդ հարկ):

Մասնակիցներին կողջունի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Այս փուլով Հայաստան կայցելեն 66 պատանի ու աղջիկ  Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Սուրբ Մեսրոպ Արաբեան», Փարիզի «Դպրոցասեր» և Մարսելի «Համազգային» վարժարաններից՝ 10 ուսուցչի ուղեկցությամբ:

Իմ աղջիկները հայի հետ պիտի ամուսնանան. սիրիահայ բժիշկը Արցախում իրեն լավ է զգում. տեսանյութ

Սիրիայի Ղամիշլի քաղաքում 22 տարվա բնակությունից հետո սիրիահայ բժիշկ Հայկ Խաչոն հաստատվել է Արցախի Կովսական գավառի Իշխանաձոր համայնքում, ու ինչպես ինքն է ասում, իրեն լավ է զգում:

Սիրիական ծանր մղձավանջից, պատերազմական դաժան պայմաններից ու սպանություններից հետո Իշխանաձորը Հայկ Խաչոյի համար դրախտավայր է: Ասում է՝ մարդիկ շատ բարի են, կյանքը խաղաղ է, կառավարությունն էլ օգնում է: Ավելին, շուտով նրա փոքրիկ ընտանիքը պետության կողմից կառուցված բնակարան կստանա:

49-ամյա սիրիահայ բժիշկը Ղամիշլիից ուղիղ Արցախ է տեղափոխվել 2016-ին: Նրա հետ են նաև երեք դուստրերը: Այժմ Արցախի Կովսականի շրջանի Իշխանաձոր համայնքի միակ թերապևտն է, սպասարկում է հարակից մի քանի գյուղերի բնակիչներին: Աշխատանքից ազատ ժամերին էլ զբաղվում է հողագործությամբ ու անասնապահությամբ։

«Շատ դաժանություններ, մահվան դեպքեր տեսանք իմ քաղաքում՝ Ղամիշլիում: Սպանությունների դեպքեր էլ շատ տեսանք», –Aysor.am-ի հետ զրույցում ասում է Հայկ Խաչոն:

Նա պատմում է, որ Սիրիայում կենդանի մնալու մի քանի տարբերակ կար՝ կամ ընդունել մահմեդականություն, կամ հեռանալ ինքնակամ այդ տարածքից, կամ գումար տալ ահաբեկիչ զինյալներին: Հայկ Խաչոն, որը Ղամիշլիի հիվանդանոցի գլխավոր բժիշկն էր, ընտրել է վերջին տարբերակը, քանի որ, ինչպես ինքն է ասում, գործերը լավ էին, և կարողանում էր գումար վաստակել:

Զինյալների կողմից հիվանդանոցը կողոպտելուց հետո որոշում է վերջնականապես լքել Սիրիան ու միանգամից տեղափոխվում, հաստատվում է Արցախ:

«Այդ տարածքներում բնակչությունը քիչ է և դրանք պետք է լցվեն: Այդ տարածքները ազատագրելու համար արյուն թափվեց ու հիմա պետք է պահպանվեն և ոչ թե մնան ամայի», – Արցախ տեղափոխվելու պատճառներն է նշում Հայկ Խաչոն:

Հարցին, թե Երբ Սիրիայում համեմատաբար հանգիստ է, մտադի՞ր է տեղափոխվել այնտեղ, նա պատասխանում է. «Չէ, երբեք: Ես աճապարեցի Հայաստան գալ, ո՞ւր տեղափոխվիմ: Երբեք չեմ տեղափոխվի: Երեք աղջիկ ունիմ, երեք աղջիկն էլ պետք է ամուսնանան հայ տղու հետ: Ես դեմ եմ, որ որևէ սիրիացի հետ դառնա Հայաստանից, դեմ էի նույնպես, որ որևէ սիրիացի գնա Եվրոպա: Պետք է նա գար Հայաստան: Դժվարություններ կան, դրանք պիտի լինեն, պիտի համակերպվել, և մենք համակերպվանք»:

9-ամյա թերապևտը պարբերաբար վերապատրաստումների է մասնակցում և վերջերս Հայ Օգնության ֆոնդի «Շարունակական բժկական կրթություն» ծրագրի շրջանակներում վերապատրաստվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Բժշկական Կենտրոն»-ի շնչառական համակարգի, գաստրոէնտերոլոգիայի, կարդիոլոգիայի, մանկաբուժության և նյարդաբանության բաժանմունքներում։

Նա 25 տարի հայերեն չի կարդացել ու մասնակցում է ծրագրին՝ դեղորայքի ու համապատասխան հիվանդությունների մասին իր գիտելիքներն ու կարողություններն ամրապնդելու համար։

Հեղինակ՝ Հասմիկ Համբարձումյան

i-lq6lzlp-l

Ծաղկազարդի տոնը` մանուկների օրհնության օր

Ծաղկազարդը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին այս տարի տոնախմբելու է ապրիլի 9-ին: Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ նաև հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Այս մասին հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը:

Այս կապակցությամբ հայոց բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագի ավարտին կատարվում է մանուկների օրհնության հատուկ կարգ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվեն հետևյալ արարողությունները`

  1. Առավոտյան ժամը` 10:00-ին, Մայր Տաճարի շրջափակում տեղի կունենա Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության հատուկ կարգ,
  2. Ս. Պատարագի ավարտին` ժամը` 13:00-ին, կկատարվի մանուկների օրհնություն:

Այս տարի Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակը Նորին Սրբության օրհնությամբ Սուրբ Էջմիածնում կհյուրընկալի նաև Հրազդանի Երեխաների աջակցության հիմնադրամի ցերեկային կենտրոնի հաշմանդամություն ունեցող շուրջ 150 երեխաների: Օրհնության կարգից հետո ցերեկային կենտրոնի սաների համար կկազմակերպվի ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մանուկներին նվերներ կբաշխի տոնի առիթով:

 

Հայ եկեղեցին այսօր նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը

Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այդ օրը հռչակել է որպես մայրերի եւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:

Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում եւ  մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:

«Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է… Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս եւ կծնես մի որդի եւ նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի եւ Բարձրյալի որդի կկոչվի: … Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: (Ղուկ. Ա 26:33):

Հրեշտակապետի ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ նա դեռ տղամարդ չէր ճանաչել: Սակայն, իմանալով իրողությունն, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը…» (Ղուկ. Ա:38):

Սա է Ավետման այն գեղեցիկ պատմությունը, որ փոխանցել է մեզ Սուրբ Գիրքը:

«Հայերն այսօր»

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Ավետման տոնի առիթով

Համայն հայության նվիրական սրբավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին և մեր բարեմաղթանքները՝ մայրության բերկրանքին սպասող կանանց, բոլոր մայրերին և օրիորդներին:

Սիրելիներ, այսօր մեր Սուրբ Եկեղեցու խորաններից Տիրամոր բարեխոսությամբ օրհնություն է բաշխվում բոլոր հավատացյալներին, օրհնվում են մայրության բերկրանքին սպասող կանայք և փոխանցվում է Սուրբ Ավետման հրեշտակաձայն հորդորը՝ ուրախ լինելու, քանզի Տերը ձեզ հետ է (հմմտ. Ղուկաս Ա 28): Դարեր շարունակ այս լուսաբեր ավետիսով քաջալերվել և զորացել է քրիստոնյա մեր ժողովուրդը, իսկ մեր մայրերն ու քույրերը օրինակ ունենալով Սուրբ Մարիամ Աստվածածնի կատարյալ մոր տիպարը՝ իրենց զավակներին կրթել և դաստիարակել են հավատով, առ հայրենին սիրով ու նվիրումով և անփոխարինելի իրենց նպաստը բերել ազգային-եկեղեցական ու հասարակական մեր կյանքին:

Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Ավետման այս նվիրական տոնի խորհրդով զորացած՝ տիկնայք, մայրերն ու օրիորդները շարունակեն արդյունավորել իրենց նվիրական ջանքերը՝ հանուն մեր երկրի առաջընթացի, մեր ժողովրդի բարօրության, իրենց ընտանիքների ամրության և երջանկության: Թող Տիրոջ Ամենախնամ Աջի հովանու ներքո բոլոր մայրերը ուրախ սրտով գրկեն իրենց մանուկներին և մեծացնեն խաղաղության ու ապահովության մեջ: