Շուշիի «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամը մեդալի է արժանացել

Շուշիի «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամը Ֆրանսիայում գործող CCCA կազմակերպության կողմից արժանացել է մեդալի:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ուսումնարանի տնօրեն Վասպուրակ Կարապետյանն ասել է, որ կազմակերպությունը համակարգում, կոորդինացնում է Ֆրանսիայի հանրապետության  արհեստագործական կրթության ոլորտը:

«Մեդալը խորհրդանշանական է, քանի որ այն մեր հաստատությանը նվիրելով մենք դարձել ենք իրենց արհեստագործական ուսումնական հաստատությունների  ցանցի անդամ: Մեզ են նվիրել նաև վերը նշված ցանցի ինտերնետային ռեսուրսից օգտվելու մուտքի համակարգչային բանալինվ»,- ասել է  Վ. Կարապետյանը:

Ֆրանցիսկոս Պապի հետքերով կաթոլիկ ուխտավորներն այցելում են Հայաստան

Ապրիլի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ֆրանսիական «La Croix» կաթոլիկ օրաթերթի աշխատակազմին և մի խումբ ընթերցողների` ուղեկցությամբ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու սպասավոր Բարեշնորհ Սահակ սարկավագ Սուքիասյանի և օրաթերթի գլխավոր խմբագրության անդամ Ֆեդերիկ Մունյեի:

Ողջունելով բարեկամ ժողովրդի զավակների ուխտագնացությունը Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրանց բերեց իր օրհնությունն ու գնահատանքը` մասնավորապես խոսելով հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև ձևավորված դարավոր բարեկամության և երկու պետությունների սերտ գործակցության մասին:

Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց, որ Ֆրանցիսկոս Պապի հետքերով կաթոլիկ ուխտավորներն այցելում են Հայաստան, իբրև առաջին քրիստոնյա երկիր, հաղորդակից դառնում նրա քրիստոնեական մշակույթին և հոգևոր-ազգային արժեքներին: Հայոց Հայրապետը կարևորեց նման ուխտագնացությունների կազմակերպումը` ընդգծելով, որ դրանք մեծապես նպաստում են միջեկեղեցական կապերի առավել ամրապնդմանը, տարբեր ժողովուրդների փոխճանաչողությանը:

Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կարևոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում, Եկեղեցու և ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարմանն ուղղված ջանքերին:

Զրույցի ընթացքում տիար Ֆեդերիկ Մունյեն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց օրաթերթի գործունեությունը` ընդգծելով, որ օրաթերթի աշխատակազմն ամեն ջանք ի գործ է դնում` տարբեր ժողովուրդների միջև խթանելու երկխոսություն և ձևավորելու փոխադարձ հարգանքի, հադուրժողականության ու վստահության մթնոլորտ: Խմբի անունից շնորհակալություն հայտնելով Նորին Սրբության օրհնության և ջերմ խոսքերի համար` պարոն Ֆ. Մունյեն նաև ներկայացրեց Հայաստան այցի անմոռանալի տպավորությունները:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն առ Աստված աղոթքով մաղթեց, որ Բարձրյալ Տերը ազգերի ու ժողովուրդների մեջ զորացնի միմյանց նկատմամբ սերը:

Ապրիլի 6-ը հռչակվեց հալածված և նահատակված հոգևորականների հիշատակի օր

Ապրիլի 6-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Նահատակ հոգևորականաց հուշապատի առջև, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան կարգ համայնավար բռնապետության զոհ դարձած հոգևորականների համար:

Արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ապրիլի 6-ը` Երանաշնորհ Տ.Տ. Խորեն Ա. Մուրադբեկյան Ամենայն Հայոց Հայրապետի նահատակության օրը, հռչակեց համայնավարական բռնապետության տարիներին հալածանքների ու աքսորի ենթարկված և նահատակված հոգևորականների հիշատակի օր:

Հոգեհանգստյան կարգին մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, պաշտոնեությունը և բարեպաշտ հավատացյալներ, ինչպես նաև բռնադատված եկեղեցականների ժառանգներ և հարազատներ:

Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը օրվա խորհրդի շուրջ իր պատգամն ուղղեց ներկաներին:

«Աղոթական ոգով կատարեցինք համայնավարական բռնապետության տարիներին նահատակված մեր Սուրբ Եկեղեցու արժանավոր սպասավորների հոգեհանգստյան արարողությունը:

Մեր նահատակյալ հոգևորականների շարքում է նաև եկեղեցամարտ իշխանությունների կողմից բռնության ենթարկված ու սպանված Խորեն Ա Մուրադբեկյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը` դժվարին ժամանակներում հայոց հոգևոր կյանքի վերազարթոնքի համար անձնդիր ջանքեր ներդրած մեծանուն Հայրապետը, ում մահվան տարելիցն է այսօր:

Ոգեկոչման այս արարողությունը վերստին մեզ առիթ է ընծայում անդրադառնալու պատմության հոլովույթներում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու կրած զրկանքներին ու փորձություններին, որոնց միջով անցնելիս մեր Մայր Եկեղեցին չի սասանվել, այլ հաստատուն քայլերով շարունակել է իր առաքելությունը մեր ժողովրդի կյանքում` շնորհիվ նվիրյալ սպասավորների կորովի ջանքերի ու սխրանքների: Երկնահաճո և ազգօգուտ ծառայությունը նորոգ ձեռքբերումներով զարդարելու վճռականությամբ լցված` հալածանքների ժամանակաշրջանում Տիրոջ արժանավոր սպասավորները ապրում ու գործում էին բազում արգելքների ու խոչընդոտների մեջ, առ Բարձրյալն աղոթքով, առ Քրիստոս մեր Տերը անբեկանելի հավատարմությամբ և լուսավոր գալիքի հույսով: Պատմական այդ ծանր շրջանում մեր հոգևորականներն իրենց կյանքը զոհեցին, որպեսզի անմար մնա հավատքի լույսը հայոց մեջ, շարունակվի մեր Սուրբ Եկեղեցու առաքելությունը և հավատավոր հայոց ազգին դեպի  փրկություն և հավիտենություն առաջնորդելու ծառայությունը` համահունչ առաքելական խոսքին. «Ինչքան որ շատ բաժնեկից լինենք Քրիստոսի չարչարանքներին, նույնքան և Քրիստոսի միջոցով մեր մխիթարությունն էլ առավել կլինի. քանզի, եթե նեղություն ենք կրում, այդ՝ ձեր մխիթարության և փրկության համար է» (Բ Կորնթ. Ա 5-6):

    Ի հեճուկս 20-րդ դարասկզբին հայ ժողովրդին պատուհասած ցեղասպանության, հընթացս որի նահատակվեցին նաև բազում հոգևորականներ, ստալինյան բռնապետության հալածանքներից ու եղեռնագործություններից ևս չընկճվեց եկեղեցականաց դասի աննկուն ոգին` վերստին ապացուցելով Տիրոջ հետևորդների կամքի հզորությունը և հավատքի մեծագույն ուժը:

Այդ եկեղեցականների լուսավոր կերպարը և անձնազոհության դրսևորումը վառ օրինակ է և ուսանելի մեր ժամանակի հոգևորականաց համար` հայոց ազգային-եկեղեցական անդաստանում նույն նախանձախնդիր ոգով ու գովարժան հանձնառություններով առավել արդյունազարդելու նվիրյալ ծառայագործությունը, արգասավորելու մեր Սուրբ Եկեղեցու պատմական առաքելությունը հայրենիքի և մեր ժողովրդի կյանքում:

    Սիրելիներ, Մեր անձնազոհ հոգևորականների վառ հիշատակի առջև հարգանքով և խոնարհումով Հայոց երանյալ Հայրապետ Խորեն Ա Մուրադբեկյանի նահատակության օրը` ապրիլի 6-ը, հռչակում ենք համայնավարական աստվածամերժ բռնապետության տարիներին հալածանքների ու աքսորի ենթակված և նահատակված եկեղեցականների հիշատակի օր», – ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ոգեկոչման արարողության առիթով Նորին Սրբությունը Հայրապետական իր գնահատանքն ու օրհնությունը բերեց նահատակված հոգևորականների հիշատակը հավերժացնող հուշապատի կառուցման բարերար Ալեքսանդր Տեր-Ավանեսովին (Մոսկվա, ՌԴ) և շինարար Գագիկ Գալստյանին, աղոթքով հիշեց հուշարձանի ճարտարապետ լուսահոգի Ջիմ Թորոսյանին:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Երկնավոր Տերը անսասան պահի հայրենի պետությունը, Առաքելական Սուրբ Եկեղեցին և խաղաղ` հայոց աշխարհը:

Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանն ու Էրիկ Նազարյանն այցելել են առաջնագիծ

«Թուֆենկյան» հիմնադրամի նախաձեռնությամբ Արցախում գտնվող կինոռեժիսորներ Էրիկ Նազարյանն ու Ատոմ Էգոյանը, դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը, ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ուղեկցությամբ, ապրիլի 5-ին այցելել են ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Առաջնագծում սփյուռքահայ աշխարհահռչակ մշակութային գործիչները հետաքրքրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախականությամբ, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և մարտական հերթապահության կրման առանձնահատկություններին:

Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության գրադարան է բացվել. տեսանյութ

Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող պատմաբաններին և հետազոտողներին այսուհետ հնարավորություն կընձեռվի օգտվել Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության գրադարանի մոտ 5000 հրատարակությունից:

«Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ, Վաշինգտոնում նախօրեին տեղի է ունեցել Հայկական ազգային ինստիտուտի Հայոց ցեղասպանության գրադարանի բացումը: Ներկայացված հայերեն և անգլերեն գրքերը չեն արտացոլում Հայոց պատմությունն ու ազգային նկարագիրը, սակայն դրանք ծավալուն տեղեկատվություն են տրամադրում Հայոց պատմության ամենացավալի իրադարձության՝ Ցեղասպանության մասին:

Հայկական ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանը նշել է, որ գրադարանում ներկայացված է 5000-ից ավելի հրատարակություն, հույս ունեն թիվը մեծացնել:

«Հայոց ցեղասպանության գրադարանն ամբողջական հետազոտական կենտրոն ստեղծելու միայն մի մասն է, մենք ստեղծում ենք մի համակարգ, որի միջոցով հետազոտողները կկարողանան օգտվել վերջին 40 տարիների ընթացքում Ամերիկայի հայկական համագումարի և Հայկական ազգային ինստիտուտի ձեռքբերած արժեքավոր հավաքածուից»,- ասել է նա:

Գրադարանի բացմանը ներկա է եղել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Վաշինգտոնում գրադարանի բացումը կարևոր իրադարձություն է. նախ այդպիսի կենտրոնը բացվում է ԱՄՆ մայրաքաղաքում, որն արդեն լուրջ ձեռքբերում է, երկրորդ՝ այսպիսի կենտրոնը դառնալու է հանդիպման, քննարկումների վայր, համադրված աշխատանք կազմակերպելու կենտրոն: Այս առումով ավելին է, քան գրադարան, տեղեկատու կենտրոն»,- ասել է նա:

«Տեր, Ողորմեա»-ն՝ Թանկյանի կատարմամբ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցիում. տեսանյութ

Արցախ այցելած Սերժ Թանկյանը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցիում կատարել է «Տեր, Ողորմեա» երգը։

Արցախում Թանկյանը հայտարարել է, որ իր մենահամերգն Արցախում չի ուշանա։

«Ես շատ կցանկանայի մի օր էլ գայի Արցախ նվագեի, և եթե կարողանամ ուրիշ արվեստագետներ էլ հետս բերեմ: Հիմա ամենակարևորն Արցախի մասին խոսելն է և այն ներկայացնելը տարբեր վայրերում և մարդկանց: Պետք է բոլորն իմանան, որ Արցախը շատ գեղեցիկ երկիր է, և այստեղի ժողովուրդը բոլորին սպասսում են ժպիտներով և մեծ սիրով: Հուսով եմ, որ իմ մենահամերգն Արցախում չի ուշանա»,- civilnet.am-ի փոխանցմամբ՝ ասել Թանկյանը:

Միջոցառում նվիրված Վահան Թեքեյանի 139-ամյակին

Ապրիլի  4-ին Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝  նվիրված  ՀՀ սփյուռքի նախարարության  «Մեր մեծերը-2017»  ծրագրում ընդգրկված սփյուռքահայ գրականության  եզակի բանաստեղծ, հայ մտքի ճարտարապետ Վահան Թեքեյանի 139-ամյակին:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են դպրոցից, տեսանյութի դիտումը  բացահայտեց Թեքեյանի կյանքի և գործունեության  կարևորագույն դրվագները, քաղաքական և կուսակցական հայացքները, ինչպես նաև ստեղծագործական աշխարհը: Աշակերտները նրան ներկայացրին որպես նրբության մեջ խոր և պարզության մեջ բարդ արվեստագետի, որպես հայ պոեզիայի ամենակատարյալ վարպետի, ում բանաստեղծական աշխարհը գաղտնի պարտեզ է, որտեղ մութ շերտեր շատ կան: Այնուհետև արտասանեցին Թեքեյանի նշանավոր քերթվածները՝  «Ես սիրեցի», «Անունդ», «Կանձրևե, տղա՛ս…», «Տաղ հայերեն լեզվի», «Քու հիշատակդ այս գիշեր»:

Շատ կարևոր  էր, որ աշակերտներն անդրադարձան նաև Վահան Թեքեյանի և Վահան Տերյանի ստեղծագործական ոճային նմանություններին՝ որպես սիմվոլիստական ուղղության ներկայացուցիչներ:

Միջոցառման  ավարտին  կազմակերպիչ  ուսուցիչների  կողմից  հնչեցին կարծիքներ և մեջբերումներ Թեքեյանի մասին՝ կարևորելով նրա անգնահատելի դերն ու ավանդը հայ և սփյուռքահայ իրականության  մեջ, նաև առանձնացրեցին բանաստեղծի հետևյալ մտքերը. «Ահավասիկ կուզեի շարունակել և ըսել, որ լավագույն սերն ան է, որ լռության մեջ կանցնի…», «Սրինգը քաղցր է թերևս, քան շեփորի ձայնը բամբ..»:

xegixegi1xegi2xegi4

 

Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ

Արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Վան Ին ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ հայ-չինական հարաբերությունները նույնքան հին են, որքան մեր ժողովուրդների պատմությունը և որ դրանք մշտապես առանձնացել են փոխադարձ վստահությամբ և մեծ հարգանքով: Ավանդական այս հարուստ հիմքի վրա է խարսխվում նաև մեր միջպետական համագործակցությունը, որը քառորդ դարի ընթացքում շարունակաբար ընդլայնվել է` բազմաթիվ նշանակալի ձեռքբերումներ արձանագրելով ամենատարբեր ոլորտներում:

Նախարար Նալբանդյանը շեշտում է, որ Հայաստանը բարձր է գնահատում մեր երկրների միջև ընթացող քաղաքական երկխոսությունը, սերտ փոխգործակցությունը միջազգային կազմակերպություններում և տարածաշրջանային ու միջազգային կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ ձևավորված փոխըմբռնումը:

Էդվարդ Նալբանդյանը նշում է, որ երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունները կարևոր դեր ունեն բարձր մակարդակով ընդունված համաձայնությունների կատարմանը նպաստելու գործում:

Նախարարը նշում է, որ հայ-չինական հարաբերությունների առանցքային բաղադրիչներից է տնտեսական համագործակցությունը, որը մենք հանձնառու ենք հնարավորինս ընդլայնել` ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր, հեռանկարային ծրագրեր:

Վան Ին իր ուղերձում նշում է, որ 25 տարվա ընթացքում՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր չին-հայկական հարաբերությունները առողջ և կայուն զարգացում են ապրել:

Չինաստանի ԱԳ նախարարը շեշտում է, որ շարունակաբար ամրապնդվում է երկու պետությունների միջև քաղաքական փոխադարձ վստահությունը, էական արդյունքներ են գրանցվել առևտրի և տնտեսության, անվտանգության, հումանիտար կապերի և այլ ոլորտներում համագործակցության մեջ, սերտ կապեր և փոխգործակցություն է պահպանվում միջազգային և տարածաշրջանային հարցերում:

Նախարար Ին ընդգծում է, որ չինական կողմը մեծ նշանակություն է տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը և դիտարկում է Հայաստանը որպես համագործակցության կարևոր գործընկեր:

Չինաստանի արտգործնախարարը նշում է, որ պատրաստ է Հայաստանի արտգործնախարարի հետ գործադրել համատեղ ջանքեր՝ ամրապնդելու երկու պետությունների արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցությունը և դրանով իսկ առաջ մղել երկկողմ հարաբերությունները դեպի զարգացման նոր մակարդակ:

Պարարշավ՝ նվիրված Ավետման տոնին

«Կարին» ՀԿ-ի, նրանից սերված մի շարք պարի խմբերի և «Զուռնաչի բենդ»-ի նախաձեռնությամբ սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի առթիվ կազմակերպվում է պարարշավ, որը մեկնարկելու է ապրիլի 7-ին, ժամը՝ 18։00-ին, Մարգարյան հիվանդանոցին հարող տարածքից։ Այնտեղ միջոցառման մասնակիցները մայրության բերկրանքին սպասող և այն արդեն ապրած մայրերի համար կկատարեն «Արի իմ սոխակ» օրորոցայինը, որից հետո երգ ու պարով կշարժվեն դեպի Ազատության հրապարակ:
Այսպիսի նախաձեռնություն կազմակերպվել էր նաև նախորդ տարի՝ Մարտի 8-ին՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին։

Բոստոնում և Փրովիդենսում կայացել են հայ երաժշտության համերգներ

ԱՄՆ Փրովիդենս քաղաքի «Եգավյան» հայկական մշակույթային կենտրոնում կայացել է հայ երաժշտության համերգ, որը նախաձեռնել էր Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ Փրովիդենսի մշակութային հանձնախմբի հետ համատեղ։ Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Հայաստանի կոմպոզիտորների միությունից, համերգային երեկոյի ընթացքում հնչել են Կոմիտասի, Ա.Խաչատրյանի, Ա.Հարությունյանի, Մ.Վարդազարյանի, Ե.Երզնկյանի, Ա. Բաբաջանյանի,Վ. Կոտոյանի, Կ.Պետրոսյանի, Ա. Հեքիմյանի, Ա. Ավետիսյանի կամերային, վոկալ-գործիքային ստեղծագործությունները։ Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարել են Ռոդ Այլնդ և Մասսաչուսեց նահանգների երաժիշտները։

Հայ կոմպոզիտորների՝ թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործություններն էլ հնչել են ԱՄՆ մեկ այլ քաղաքում՝ Բոստոնում՝ հայ-ֆրանսիական երաժշտության համերգի շրջանակներում։ Հայաստանի կոմպոզիտորների միության և Ամերիկայում հայկական թանգարանի (Բոստոն) համատեղ ջանքերով կազմակերպված համերգին մասնակցել են Բոստոնի Նոր Անգլիա կոնսերվատորիայի պրոֆեսոր, թավջութակահարուհի Կատե Կայայանը և միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Սթիվեն Պորտերը: Երեկոյի ընթացքում հնչել են Գ. Հովունցի, Մ․ Կոկժաևի, Կ․ Պետրոսյանի, ինչպես նաև Ֆ. Պուլենկի, Կ. Դեբյուսիի, Ֆ. Ֆրանկի և Է․ Չաուսոնի ստեղծագործուրյունները։ Թանգարանի տնօրեն պ. Պերճ Չեքիջյանն իր խոսքում բարձր է գնահատել նմանօրինակ միջոցառումներն ու կարևորել Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համագործակցությունը։

Հավելենք միայն, որ ԱՄՆ-ում կայացած երկու համերգների գեղարվեստական ղեկավարն է եղել ՀԿՄ արտասահմանյան հանձնախմբի համանախագահ, կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանը։

Ավետման տոնին կկատարվի մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն

Ապրիլի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Աստվածածնի ավետման տոնը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ տարիներ առաջ Ավետման տոնը հռչակվել է իբրև մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:

Այս առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում և հայոց եկեղեցիներում Ս. Պատարագի ավարտին կկատարվի օրհնության հատուկ կարգ:

Բասկ ռեժիսորի Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Իսպանիայում

Բասկ ռեժիսեր Խուանմի Գուտիերեսի «Ծվենները ճյուղի վրա» (Telas en las ramas) վավերագրական ֆիլմը, որը Սան Սեբաստիանի փառատոնում զբաղեցրել է չորրորդ տեղը, այսօր առաջին անգամ կցուցադրվի քառասուն հազարանոց հանդիսատեսի` Ալկանտեի պետական համալսարանի ուսանողներ, դասախոսներ, պրոֆեսորներ, առջև:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ Ալիկանտե քաղաքի բնակչուհի Հասմիկ Քոչարյանը, ով նկարահանվել է ֆիլմում, «Սպուտնիկ Հայաստանի»-ն պատմել է, որ Հայաստանի և հայերի մասին ֆիլմ նկարելու գաղափարը Խուամի Գուտիերեսի մոտ ծագել է Հայաստան այցելությունից հետո: Հիացած հայերի պատմությամբ և առօրյայով, ինչպես նաև Հայաստանի բնությամբ` նա որոշել է անպայման պատմել մարդկանց իր տեսածի մասին:

89 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմում ներկայացված են ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում ապրող հայեր: Նրանք պատմում են իրենց հարազատների մասին, ովքեր հրաշքով փրկվել են Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի մասսայական սպանդից:

Կարելի է ասել, որ ֆիլմի գլխավոր հերոսները ո´չ միայն ամբողջ աշխարհում սփռված հայերն են, այլ նաև հայ ժողովրդի պատմությունն ամբողջությամբ: Ֆիլմում նկարահանվել է նաև հայտնի  լիբանանահայ ջութակահար Արա Մալիկյանը:

Ռեժիսորը պատմում է նաև հայերեն լեզվով գրված Աստվածաշնչի մասին, որը գտնվել է Բասկերի երկրի տաճարներից մեկում:

«Խուանմի Գուտիերեսին միշտ էլ հետաքրքրել է Հայաստանի պատմությունը: Ի դեպ՝ Բասկերի խորհրդարանը Իսպանիայում առաջինը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը 2007 թվականին: 2008 թվականին Ալիկանտեում տեղադրվեց առաջին խաչքարը»,-պատմում է Հասմիկ Քոչարյանը:

Ֆիլմի անվանումը ռեժիսորի կողմից պատահական չի ընտրվել. ծվենները խորհրդանշում են ամբողջ աշխարհում սփռված հայերին, իսկ ճյուղը՝ «ողբերգական պատմությունը», որը միավորում է նրանց:

Ֆիլմը նկարահանվել է 2015-2016 թվականներին Իսպանիայում (Մադրիդ, Բարսելոնա, Ալիկանտե) և Հայաստանում (Գառնի, Գեղարդ, Օշական, Երևան):

Մարիամ Սիմոնյան

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի

6929561

«Ուզում եմ իմ արվեստով օգտակար լինել Հայրենիքիս». Նառա Նոյան

Ապրիլի 6-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց բելգիահայ երգչուհի Նառա Նոյանին, ով Հայաստանում է գտնվում համերգային ծրագրով, և նրա մորը՝ ճանաչված երաժիշտ-երգահան Ժաննա Բլբուլյանին: Ապրիլի 7-ին Նառա Նոյանը հանդես է գալու «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց Բելգիայում բնակվող հայ երգչուհու ակտիվ, ազգանպաստ գործունեությունը Սփյուռքում, հրավիրեց մասնակցելու այս տարի սեպտեմբերին անցկացվող՝ «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնին :

Նառա Նոյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, պատմեց Շառլ Ազնավուրի հետ ունեցած հանդիպման և համատեղ ելույթի մասին, նախարարին նվիրեց իր կատարումների վերջին ձայնասկավառակը և պատրաստակամություն հայտնեց մասնակցել նախարարության կազմակերպած մշակութային ծրագրերին: «Ուզում եմ իմ արվեստով օգտակար լինել Հայրենիքիս: Արցախին նվիրված համերգները շարունակական են լինելու: Ամեն ինչ ինքնուրույն եմ անում: Իմ հարստությունն իմ ազատությունն է», հավելեց նա:

Երգչուհին 1998-2000թթ. Բրյուսելում հիմնադրել է «Բացահայտումների աշխարհ» արվեստի կենտրոնը: 2003թ. ստեղծել է իր երաժշտական խումբը, իսկ 2005թ. լույս է տեսել նրա առաջին ձայնասկավառակը՝ «Խոստումներ» խորագրով: Արդեն 6 ձայնասկավառակ է թողարկել:

2012 թվականին մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկան փառատոնին: 2016 թվականին Փարիզում կայացած իր համերգը երգչուհին նվիրել է  Արցախին, և  համերգի  հասույթը Ֆրանսիայի Կապույտ խաչի միջոցով տրամադրել է  Արցախում զոհված մարտիկների ընտանիքներին:

Այս անգամ էլ նա մտադիր է բարեգործական համերգներով հանդես գալ Հայաստանում : Ապրիլի 12-ին, օրինակ, Արթիկի հատուկ դպրոցին օգնելու համար համերգ է տալու:

Հայկական խաչքարը ապրիլի 24-ին կհանգրվանի Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքում

Աշխարհի տարբեր ծագերում հաստատված մեր հայրենակիցներն ամենուր ստեղծում են մի փոքրիկ Հայաստան՝ հիմնելով հայկական մշակութային կենտրոններ, կրթօջախներ, երգի-պարի համույթներ, լրատվամիջոցներ, եկեղեցի: Իսպանիայի ծովափնյա գեղաշուք, գողտրիկ մշակութային Սան Սեբաստիան քաղաքում քիչ է հայերի թիվը. հիմնականում նորօրյա արտագաղթածներն են, ովքեր միավորված են մի փոքրիկ համայնքում: Համայնքի և նրա գործունեության մասին «Հայերն այսօր»-ի համար ունեցած իմ հարցազրույցի ընթացքում պատմեց  համայնքի լավագույն բարեկամ, հայաստանաբնակ արվեստագետ, նկարիչ, «Ակոս» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Մկրտիչ Տոնոյանը:

-Պարո՛ն Տոնոյան, տեղեկություն ունեմ, որ Դուք խաչքար եք տանելու Սան Սեբաստիան քաղաք. ի՞նչ առաքելություն է դա, ու՞մ նախաձեռնությունն է:

-Սկսեմ սկզբից. իմ մտերիմներից մեկը՝ Մինաս Մինասովը, ով երկու տարի առաջ ձևավորել է տեղի փոքրիկ՝ «Հայասա-1915» անվանումով հասարակական կազմակերպությունը (որի շուրջ էլ համախմբվեց հայկական համայնքը), որոշեց դիմել Սան Սեբաստիանի քաղաքապետարանին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով անմեղ զոհերի հիշատակը խնկարկելու, հավաքի համար տարածք հատկացնելու խնդրանքով: Սան Սեբաստիանի քաղաքապետը շատ լավ էր ընդունել և սիրով համաձայնել էր հատկացնել այդ տարածքը: Նա ոչ միայն տեղ էր հատկացրել, այլև անձամբ մասնակցել էր այդ հավաքին: Տեսնելով, որ տեղի հայկական փոքրիկ համայնքն արդեն ձևավորված, գրանցված ուրույն կառույց է, քաղաքապետի հետ քննարկվել էր քաղաքում հայերին ինչ-որ տարածք հատկացնելու հարցը. այն կարող էր լինել մի պուրակ, որը հետագայում կանվանվեր ՝ հայկական, ուր կարող էին տեղադրել մի հուշաքար, հուշարձան կամ էլ՝ խաչքար: Նախապատվությունը տրվել էր խաչքարին. հետաքրքիր է, որ խաչքար տեղադրելու առաջարկությունը եղավ հե՛նց քաղաքապետարանի կողմից: Դրանից մեկ տարի առաջ ես այցելել էի իրենց: Ընկերս կապվեց ինձ հետ, հարցրեց իմ կարծիքը՝ մասնակցելու այդ աշխատանքին, նախագծին, ես էլ սիրով համաձայնեցի: Մեր պատկերացրած նախնական գաղափարը խաչքար չէր, այլ՝ հայ-բասկյան բարեկամությունը խորհրդանշող որևէ քանդակ, սակայն բասկերն իրե՛նք էին հարցնում, թե որն է առավել տիպիկ, խորհրդանշական հայկական մշակույթի համար: Սան Սեբաստիանը մշակութային մայրաքաղաք է, իսկ անցյալ տարի այն համարվել է Եվրոպայի մշակույթի մայրաքաղաք, ուր մշակութային միջոցառումների մի ամբողջ փաթեթ էր ներկայացված: Ես այցելեցի Սան Սեբաստիան՝ հետս տանելով համապատասխան պատկերներ, նախագծեր, խաչքարի նախագիծ-նկարագիր, այդ հանդիպման ժամանակ ես դարձյալ լրացուցիչ կերպով ներկայացրեցի, թե որ հուշարձանն իրենից ինչ է ներկայացնում, սակայն նրանք նախապատվությունը տվեցին խաչքարին, որը հայկական ինքնության խորհրդանիշներից մեկն է: Վերջնական որոշումը կայացվեց անցյալ տարվա մայիս ամսին: Հաշվի առնելով, որ խաչքարը 2010 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ամրագրվել է իբրև հայկական խորհրդանիշ, բասկերը նախընտրեցին այն:

-Մկրտի՛չ, բնականաբար, խաչքար տեղադրելու որոշմանը պետք է հետևեր դրա ստեղծման աշխատանքների գործընթացը. ու՞մ հովանավորությամբ, աջակցությամբ իրագործվեց խաչքարի պատրաստման աշխատանքը:

-Խաչքար տեղադրելու որոշմանը զուգահեռ՝ մենք քննարկեցինք նաև այդ հարցերը: Քաղաքապետարանն ասել էր, որ կարող է աջակցել տեղադրման աշխատանքներին: Համայնքը դրամահավաք կազմակերպեց, որի խոշոր մասն իր վրա վերցրեց Մինասովների ընտանիքը: Այդ ժամանակ քննարկվեց նաև Սան Սեբաստիանի և Գյումրի քաղաքի քույրացման հարցը. արդեն կար փոխադարձ նամակագրության փաստը: Ընտրվեց Գյումրին, որովհետև Հայաստանում էլ Գյումրի՛ն է համարվում մշակութային, արվեստների ու արհեստների քաղաք: Քույրացման արդյունքում կլինեն փոխադարձ այցելություններ, միջոցառումներ, փառատոներ, սեմինարներ, գիտաժողովներ: Այս ամենի սկիզբը դրվեց հուշակոթող-խաչքարի ստեղծման ու տեղադրման որոշմանը զուգահեռ: Խաչքարի համար հանգանակած գումարը հիմնականում տրվում է քարտաշներին և Երևանից Սան Սեբաստիան տեղափոխելուն:

-Ո՞վ է խաչքարագործ վարպետը:

-Վրույր Թիզյանն է՝ Ճամբարակից: Ես առաջարկեցի, որ նա՛ պատրաստի խաչքարը, իսկ ես օգնականի և խորհրդատուի դերում լինեմ: Մենք միասին սովորել ենք Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, Վրույրը նույնպես «Ակոս»-ի անդամ է, միասին մասնակցել ենք միջազգային մի քանի միջոցառումների: Խաչքարի նախագծումը իմ ու քանդակագործ  Վրույր Թիզյանի համատեղ աշխատանքն է, դա իմ ու քանդակագործ Թիզյանի ներդրումն է եղել, որն արել ենք անվճար և մեծ սիրով: Մենք փորձել ենք ֆինանսական ներդրումների համար դիմել և այլ մարդկանց, սակայն չի ստացվել: Խաչքարի վերջին աշխատանքներն են արվում, որոնք պետք է ավարտենք մինչև ապրիլի 14-ը. նախատեսում ենք ապրիլի 18-ին տեղադրել և ապրիլի 24-ին բացման հանդիսավոր արարողությունն իրականացնել, որին ներկա կլինեն Սան Սեբաստիանի քաղաքապետը, քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ և տեղի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Մի քիչ դժվարություն ունենք քանդակագործի մուտքի արտոնագրի հարցում, կարծում եմ, որ այդ հարցն էլ իր անհրաժեշտ լուծումը կստանա: Ցանկալի կլինի, որ Սփյուռքի նախարարությունից էլ ներկայացուցիչ լինի, լրագրող, և այդ  արարողությունն ամբողջությամբ լուսաբանվի:

-Ի՞նչը դրդեց Ձեզ՝ հանդես գալու այդպիսի նվիրումով. ի՞նչն էր առաջնորդում՝ ընկերության հավատարմությու՞նը, հայրենասիրությու՞նը, աշխարհաճանաչության ևս մի հնարավորությո՞ւն գուցե…

-Ես նկարիչ եմ և ինձ համար ցանկալի է իմ երկիրը ամեն մի առիթով ներկայացնել աշխարհի ցանկացած երկրում, անգամ ՝ մի փոքրիկ անկյունում: Իհարկե, մեծ դեր ունի նաև ընկերության թանկ զգացումը, հավատարմությունն այդ մտերմությանը, հաճելի է, որ Իսպանիայի մշակութային այդ քաղաքում ես ներկայացնում եմ հայկական մշակույթի մի կտոր: Շատ լավ եմ զգում, որ հայկական համայնքը նաև որոշակի քաղաքական նշանակություն է ձեռք բերում Սան Սեբաստիան մշակութային քաղաքի համար: Պատիվ եմ համարում, որ այդ գործում ես էլ ունեմ իմ որոշակի լուման, փոքրիկ ներդրումը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և հայ-բասկյան բարեկամությանը նվիրված խաչքարին Սան Սեբաստիանում սպասում են թե՛ մեր հայրենակիցները, թե՛ մեր բարեկամ բասկերը:

-Մենք զրուցեցինք խաչքարի, բասկերի երկրում ծվարած հայկական այդ փոքրիկ համայնքի մասին, սակայն չխոսեցինք Ձեր մեծ աշխարհի՝ նկարչության մասին:

– Հիրավի՛, նկարչությունն իմ մեծ ու անփոխարինելի աշխարհն է. ավարտել եմ Թերլեմեզյանի գեղարվեստի ուսումնարանը, Գեղարվեստի ակադեմիան, շատ ցուցահանդեսների եմ մասնակցել, նաև՝ միջազգային: Իմ նկարները հասել են նաև Սան Սեբաստիան: Բացի գեղանկարչությունից, գրաֆիկայից՝ նաև վավերագրական ֆիլմեր եմ նկարում: Իմ նկարած վերջին ֆիլմը՝ նվիրված սահմանամերձ գյուղերի կյանքին և ադրբեջանական զինուժի կողմից մարդու իրավունքների խախտմանը, ցուցադրվեց Կանադայում: Մասնակցել եմ արցախյան առաջին գոյամարտին, եղել եմ «Ազգային լեգեոն» ջոկատի անդամներից մեկը. 1994-ի ապրիլին, Մատաղիսի ազատագրման ժամանակ վիրավորվել եմ: Ի դեպ, Սան Սեբաստիանի հայկական համայնքի հիմնադիր-նախագահ Մինաս Մինասովն իմ մարտական ընկերներից մեկն է և 1992 թվականին միասին մասնակցել ենք Լաչինի միջանցքի հարավային շրջանի մարտերին :

Ավարտելով իմ հարցազրույցը նկարիչ, վավերագրական ֆիլմերի հեղինակ, մշակութային մենեջեր, ղարաբաղյան առաջին գոյամարտի մասնակից, ազատամարտիկ Մկրտիչ Տոնոյանի հետ՝  խորհում եմ, թե մեր շուրջը որքա՜ն նվիրյալ հայորդիներ կան, որոնց մեր հասարակության մի ստվար մասը չի ճանաչում. հուսանք, որ ժամանակի անսանձ հոլովույթում բոլոր արժեքները կբացահայտվեն:

Կարինե Ավագյան

%d5%ad%d5%a1%d5%b9%d6%84%d5%a1%d6%80%d5%ad%d5%a1%d5%b9%d6%84%d5%a1%d6%801%d5%ad%d5%a1%d5%b9%d6%84%d5%a1%d6%802 %d5%ad%d5%a1%d5%b9%d6%84%d5%a1%d6%804