Տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Ապրիլի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում՝ նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցեցին գերատեսչությունների, սիրիահայերի խնդիրներով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Սիրիահայերի բուժօգնության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքների և  հետագա անելիքների մասին զեկուցոումով հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հիվանդանոցային բուժօգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը: Զեկուցողը նշեց, որ ընդհանուր առմամբ բուժօգնություն է ցուցաբերվել 1686 սիրիահայի: Բուժօգնության, ինչպես նաև՝ սիրիահայ բժիշկների աշխատանքի տեղավորման հարցերը լուծվել են ժամանակին և բացթողումներ չեն արձանագրվել:

Սիրիահայ գործարարների վերապատաստման և նրանց բիզնեսի կայացմանն ուղղված ծրագրերի մասին զեկուցեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը: Զեկուցողը նշեց նախարարության կողմից սիրիահայ գործարարներին աջակցելու հինգ ուղղությունների մասին, այդ թվում՝ բիզնես ծրագրերի ֆինանսավորման, տեքստիլ և կաշեգործական արտադրության կենտրոն ստեղծելու, վարչապետին կից փոքր և միջին ձեռնարկատիրության խորհրդի կազմում սիրիահայերի տնտեսական շահերը ներկայացնող մասնակից ընդգրկելու անհրաժեշտության վերաբերյալ:

Սիրիահայերի տնտեսական ինտեգրման թեման շարունակեց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ) ծրագրի ղեկավար Հանս Յոհաքիմ Զիննկաննը: Նա զեկուցեց սիրիահայերի տնտեսական ինտեգրման ուղղությամբ իրականացված և նախատեսված ծրագրերի, ինչպես նաև տնտեսական ինտեգրման աշխատանքային խմբի գործունեության մասին: Համապարփակ բազմակողմանի զեկուցման մեջ GIZ ծրագրի ղեկավարը նշեց, որ ստեղծվել է տվյալների շտեմարան, աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկված է սիրիահայերի տնտեսական ինտեգրման հարցերով զբաղվող 22 կազմակերպության ներկայացուցիչ:

Սիրիահայերին ցուցաբերած աջակցության և նախատեսվող ծրագրերը ներկայացրեց Ամերիկայի հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի ծրագրի համակարգող Մանե Խաչատրյանը: Զեկուցողն անդրադարձավ սիրիահայերին ցուցաբերված կրթական, տնտեսական, հումանիտար օգնությանը, որն ընդհանուր առմամբ կազմել է 67 հազար դոլար:

Ամփոփելով նիստը՝ սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց բոլոր պետական, հասարակական, միջազգային կազմակերպություններին և կառույցներին կատարած աշխատանքի համար: Նա կարևորեց սիրահայերի տնտեսական ինտեգրումը, խնդրեց բոլոր կազմակերպություններին իրենց ծրագրերում որոշակի բաղադրիչ հատկացնել սիրիահայերի բիզնեսի աջակցությանը: Նախարարը մասնավորապես նշեց. «Պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի սիրիահայերի խնդիրները արագ և համակարգված լուծում ստանան, և ևրանք հաստատվեն Հայաստանում»:

1 2 3

11 12

 

Կոլկաթայի Հայոց մարդասիրական ակադեմիան հայտարարում է ընդունելություն

Հարգելի՛ հայրենակիցներ,

Կոլկաթայում (Հնդկաստան, Արևմտյան Բենգալ նահանգ) այսօր էլ գործում է 1821թ.  հիմնադրված Հայոց մարդասիրական ակադեմիան:

Մինչև Հնդկաստանի անկախության ձեռքբերումը վերոնշյալ հաստատությունը եղել է հարավասիական տարածաշրջանի հայկական համայնքների հիմնական միջնակարգ ուսուցման կրթօջախը, որտեղ ուսանել է շուրջ 280 աշակերտ: Դպրոցը ֆինանսավորվել է հնդկահայ բարերարների կողմից: Դպրոցի գործունեությունը իրականացվում է ավելի քան մեկ դար առաջ հնդկահայ համայնքի կողմից ստեղծված բարեգործական հիմնադրամի հաշվին:

Սակայն 20-րդ դարի կեսերից Հնդկաստանի հայ համայնքի շարունակական նվազման հետևանքով այժմ կտրուկ պակասել է կրթօջախում ուսանող աշակերտների թիվը: Թեև առկա ֆինանսական միջոցները թույլ են տալիս ընդունել մինչև 250 աշակերտ, ներկայում դպրոցում ուսանում է շուրջ 70 աշակերտ, որոնց գերակշիռ մասը ՀՀ քաղաքացիներ են:

Տեղեկացնում ենք, որ այստեղ կարող են սովորել հայ երեխաներ ցանկացած երկրից: Առաջարկում ենք դիտարկել նաև մանկատներից, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներից համապատասխան տարիքի երեխաների՝ տվյալ կրթօջախ ընդունման նպատակահարմարությանը, որտեղ նրանք հնարավորություն կստանան ձեռք բերելու առավել որակյալ կրթություն:

Կից ներկայացնում ենք դպրոցի ղեկավարության հետ մշակված տեղեկատվական հակիրճ նյութը: Անհրաժեշտության դեպքում Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը և Սփյուռքի նախարարությունը պատրաստ են տրամադրելու լրացուցիչ տեղեկատվություն:

***

ԿՈԼԿԱԹԱՅԻ ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ 

Կոլկաթայի Հայոց մարդասիրական ակադեմիան[1] հիմնադրվել է 1821թ. հնդկահայ համայնքի նախաձեռնությամբ և մինչև 1870թ. ունեցել է իր ինքնուրույն կրթական ծրագիրը, որը հետագայում համապատասխանեցվել է նահանգի կրթական համակարգի պահանջներին:

1999թ. Կոլկաթայի Գերագույն դատարանի որոշմամբ կրթօջախը հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խնամակալությանը։ Նույն որոշմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսին է վերապահվել ճեմարանի գործունեության կառավարման հետ կապված բոլոր լիազորությունների իրականացումը։

Կրթօջախն ունի բուժարան, մարզասենյակ, լողավազան, տղաների և աղջիկների համար նախատեսված առանձին կացարաններ: Այնտեղ գործում է 1828թ. հիմնադրված «Արարատյան» գրադարանը։

Ներկայում հաստատությունում ուսանում են աշակերտներ առավելապես Հայաստանից։

Ընդունելության պայմանները

Կրթօջախ կարող են ընդունվել 8-ից 11 տարեկան պատանիները: Ընդունելությունը կատարվում է հարցազրույցի հիման վրա, որը տեղի է ունենում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի անմիջական ղեկավարությամբ: Հնդկաստանի մուտքի արտոնագրի տրամադրման վճարը և ճանապարհածախսը հոգում է կրթօջախը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համապատասխան ծառայության միջոցով:

Դպրոցը երեք տարին մեկ հոգում է աշակերտների՝ ամառային արձակուրդներին Հայաստան մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը, իսկ միջանկյալ ժամանակահատվածում նրանք կարող են այցելել Հայաստան սեփական միջոցներով:

Դպրոցի ղեկավարությունը, որպես օրինական խնամակալ, պատասխանատու է ՀՀ քաղաքացի հանդիսացող արական սեռի շրջանավարտների՝ պարտադիր ժամկետային զինծառայությունն անցնելու նպատակով Հայաստան վերադարձի համար։

Կրթությունը

Կոլկաթայի Հայոց մարդասիրական ակադեմիան հայկական թեքումով անգլիալեզու միջնակարգ դպրոց է, որտեղ աշակերտները սովորում են նաև հինդի։ Հայաստանից գործուղված մասնագետների կողմից հայերենով դասավանդվում են Հայոց լեզու, Հայ գրականություն, Հայոց պատմություն, Հայ եկեղեցու պատմություն և Հայ երգ-երաժշտություն առարկաները: Մանկավարժների ընտրությունը և Կոլկաթա գործուղումը իրականացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից։ 10-ամյա միջնակարգ կրթությունը բարեհաջող ավարտած և համապատասխան վարքագիծ դրսևորած սաներին հնարավորություն է տրվում կրթությունը շարունակել Կոլկաթայի լավագույն ավագ դպրոցներում:

Սաների կեցության, ուսման, հագուստի և գրենական պիտույքների ծախսերն ամբողջովին հոգում է կրթօջախը:

Բժշկական ապահովումը

 Ճեմարանն ունի բժիշկ, ով շաբաթը երկու անգամ այցելում է աշակերտներին: Առողջական գանգատների դեպքում աշակերտի զննությունից հետո նշանակվում է համապատասխան բուժում, իսկ անհրաժեշտության դեպքում նա տեղափոխվում է հիվանդանոց: Առկա է նաև շուրջօրյա բուժքրոջ հաստիք, որն այժմ ժամանակավորապես թափուր է (ընդունելության համար տրված է հայտարարություն): Բժշկական բոլոր ծախսերը հոգում է կթրօջախը:

Սննդակարգը

Ճեմարանն ունի ճաշարան, որտեղ աշակերտները սնվում են օրը երեք անգամ: Նրանք նաև թեթև ուտեստներ են ստանում երկար դասամիջոցին և կեսoրից հետո ազատ ժամանցին: Հաճախ աշակերտներին տրվում են անհրաժեշտ մթերքներ, որպեսզի նրանք պատրաստեն թխվածքներ կամ ազգային ուտեստներ:

Հիգիենայի պայմանները

Դպրոցն ունի լվացքատուն, որտեղ լվացվում և արդուկվում է աշակերտների հագուստը: Յուրաքանչյուր շաբաթ նրանք ստանում են մաքուր անկողին։ Ննջասենյակների, սանհանգույցների, դասարանների մաքրությունն ապահովում են հավաքարարները: Տարածքի մաքրությունն ու այգու խնամքը կատարվում են բակային աշխատողների կողմից: Աշակերտները ստանում են համազգեստ, կոշիկ, սպորտային հագուստ, ներքնաշորեր և անձնական հիգիենայի բոլոր պարագաները:

Էքսկուրսիաները և ուխտագնացությունները

Դպրոցի տեսչությունը ուսուցչական կազմի հետ միասին հաճախակի կազմակերպում է բազմապիսի կրթադաստիարակչական և ճանաչողական էքսկուրսիաներ Կոլկաթայի զանազան թանգարաններ, տեսարժան վայրեր, իսկ ամառային արձակուրդներին՝ նաև այցեր զբոսայգիներ ու ժամանցի վայրեր:

Յուրաքանչյուր կիրակի աշակերտները մասնակցում են Կոլկաթայում կամ Հնդկաստանի Արևմտյան Բենգալ նահանգի այլ քաղաքներում գոյություն ունեցող հայկական եկեղեցիներից որևէ մեկում մատուցվող սուրբ պատարագին, որի ընթացքում տղաների մի մասն ըստ ցանկության սպասավորում է սուրբ խորանում, իսկ աղջիկները որպես դպրաց դաս երգում են երգչախմբում:

 Կապը հարազատների հետ

Շաբաթը մեկ օր աշակերտներին տրվում է հնարավորություն գրադարանից «Skype» ծրագրի միջոցով զրուցել հարազատների հետ (արձակուրդներին ավելի հաճախ): Աշակերտների ննջարանում առկա է քաղաքային հեռախոս,  սահմանված ժամերին հարազատները կարող են զանգահարել։

Ուսումնական տարվա ընթացքում սաներին արգելվում է օգտագործել  բջջային հեռախոս կամ պլանշետ։ Առկայության դեպքում դրանք պահվում են ղեկավարության մոտ և արձակուրդներին վերադարձվում են։

Դպրոցի տարածքում տեղադրված տեսախցիկների միջոցով հնարավոր է առցանց հետևել բակում ու մարզադաշտում աշակերտների երեկոյան ժամանցին:

Հարազատների այցելությունները

Աշակերտների հարազատները, նախապես տեղեկացնելով, կարող են այցելել երեխաներին: Դպրոցի ղեկավարությունը նրանց տրամադրում է ժամանակավոր կացարան։ Հաճախ աշակերտներին այցելած ծնողները կամավոր աշխատաում են խոհանոցում՝ օգնելով հնդիկ խոհարարներին պատրաստելու հայկական ուտեստներ

Դպրոցի տարածքը

Կրթօջախն ունի մոտ հինգ հազար քառակուսի մետր խնամված տարածք, որտեղ աշակերտների համար առկա են կրթության, կեցության և ժամանցային գրեթե բոլոր պայմանները՝ ներառյալ համակարգչային, հեռուստացույցի, արվեստի, երաժշտության սենյակները, գրադարանը, ընդարձակ դահլիճը, մարզադաշտը, մարզասրահը, լողավազանը (այն գտնվում է վերանորոգման փուլում), ինչպես նաև լվացքատունը՝ կարելու և արդուկելու համար նախատեսված կից բաժիններով: 

Անվտանգությունը

Դպրոցի ողջ տարածքը շրջապատված է բարձր, ամուր ու անանցանելի պարսպով: Գոյություն ունի մեկ հիմնական մուտք՝ կրկնակի դարպասներով, որտեղ 24-ժամյա ծառայություն են իրականացնում անվտանգության աշխատակիցները: Ակադեմիայի ողջ տարածքը վերահսկվում է տեսախցիկներով:

Առանձին դեպքերում աշակերտները տարածքից կարող են դուրս գալ միայն վերակացուի թույլտվությամբ ու անցաթղթով՝ ավագ ուսանողներից մեկի ուղեկցությամբ: Իսկ ավագ դպրոցների կամ բուհերի ուսանողները պետք է վերադառնան սահմանված ժամից ոչ ուշ:

Աշակերտների քանակը 

Այժմ կրթօջախում ընդհանուր առմամբ բնակվում է 73 հոգի, որոնցից 61-ը ճեմարանի աշակերտներն են, իսկ մյուսները ուսանում են քաղաքի ավագ դպրոցներում կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Կրթօջախը հնարավորություն ունի ընդունելու մինչև 250 աշակերտ:

[1]  Պաշտոնական կայքը. http://www.armeniancollege.edu.in/

 

Հայ թեկնածուների բացառիկ հաղթանակը Գլենդելում կայացած ընտրություններում

Ապրիլի 4-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի են ունեցել Գլենդելի Քաղաքային խորհրդի, Միացյալ կրթական խորհրդի և Համայնքային քոլեջի խորհրդի ընտրությունները:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ Քաղաքային խորհրդի երեք թափուր տեղերի համար պայքարել են 10 թեկնածուներ, որոնցից 4-ը հայազգի՝ Արա Նաջարյան, Զարեհ Սինանյան, Վրեժ Աղաջանյան, Օնիկ Մեհրաբյան (ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը պատշտանել է Արա Նաջարյանի և Զարեհ Սինանյանի թեկնածությունը): Նախնական տվյալներով ամենաշատ ձայները հավաքել են հայ թեկնածուները՝

  • Արա Նաջարյան՝ 8305 ձայն,
  • Զարեհ Սինանյան՝ 7892 ձայն,
  • Վրեժ Աղաջանյան՝ 7885 ձայն:

Այսպիսով, Քաղաքային խորհրդի 5 անդամներից 4-ը հայազգի են, ամենայն հավանականությամբ 2017-2018թթ. Գլենդելի քաղաքապետի պաշտոնը կստանձնի Քաղաքային խորհրդի անդամ Վարդան Կարապետյանը:

Քաղաքի քարտուղարի պաշտոնում վերընտրվել է Արտաշես Քասախյանը՝ հավաքելով 12,630 ձայն, իսկ Քաղաքի գանձապետի պաշտոնում՝ Րաֆֆի Մանուկյանը՝ 12,123 ձայնով:

Գլենդելի Միացյալ կրթական խորհրդի երեք թափուր տեղի համար պայքարել են 5 թեկնածուներ, որոնցից 4-ը՝ հայազգի (ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը պատշտպանել է Գրեգ Կրիկորյանի, Արմինե Կարապետյանի և Շանթ Սահակյանի թեկնածությունը):   Հաղթող են ճանաչվել՝

  • Արմինե Կարապետյան՝ 3165 ձայն,
  • Գրեգ Կրիկորյան՝ 3030 ձայն,
  • Շանթ Սահակյան՝ 1891 ձայն:

Այսպիսով, Կրթական խորհրդի 6 անդամներից 4-ը հայազգի են:

Գլենդելի համայնքային քոլեջի խորհրդի ընտրություններում երեք թափուր տեղի համար պայքարել են հինգ թեկնածուներ, որին երկուսը՝ հայազգի (ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը պատշտպանել է ընտրության հայազգի մասնակիցների թեկնածությունները): Հաղթող են ճանաչվել՝

  • Արմինե Հակոբյան՝ 3075 ձայն,
  • Իվետտա Վարդանյան Դևիս՝ 1685 ձայն:

Այսպիսով՝ Գլենդելի համայնքային քոլեջի խորհրդի 6 անդամներից 3-ը հայազգի են, իսկ նախագահը ազգությամբ մեքսիկացի է:

Բաքուն նպատակաուղղված խորացնում է կողմերի միջեւ անվստահությունը. Արցախի ԱԳՆ

Բաքուն նպատակաուղղված խորացնում է կողմերի միջեւ անվստահությունը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի ԱԳՆ-ն:

Տարածված հայտարարությունում ասվում է.

«Այսօր լրանում է ուղիղ մեկ տարի, ինչ ավարտվեց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման նպատակով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիան։ 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական զինված ուժերը սահմանի ողջ երկայնքով նախաձեռնեցին լայնածավալ հարձակում՝ օգտագործելով ծանր զինխնիկա, հրետանի եւ ռազմական օդուժ։ Միայն կենդանի ուժի ու տեխնիկայի զգալի կորուստներ կրելուց հետո Ադրբեջանը ստիպված եղավ 2016 թ. ապրիլի 5-ին Ռուսաստանի միջնորդությամբ խնդրել ռազմական գործողությունների դադարեցում։

Միջազգային մարդասիրական իրավունքի բազմաթիվ խախտումներով ու ռազմական հանցագործություններով ուղեկցված ադրբեջանական ագրեսիան լուրջ մարտահրավեր դարձավ տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը եւ մեծ վնաս հասցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շրջանակներում ընթացող ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։

Ռազմական գործողությունների ավարտից հետո անցած մեկ տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ջանքեր էին գործադրում բանակցային գործընթացի լիարժեք վերականգնման համար պայմանների ստեղծման ուղղությամբ:

Արցախի Հանրապետությունը հետեւողականորեն աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, որոնք վերաբերում են 1994 թ. մայիսի 12-ի հրադադարի մասին համաձայնագրի լիակատար պահպանման, 1995 թ. փետրվարի 6-ի հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագրի դրույթների գործնական կիրառման, ինչպես նաեւ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման եւ ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ Վիեննայում (2016 թ. մայիսի 16)  եւ Սանկտ-Պետերբուրգում (2016 թ. հունիսի 20) ձեռք բերված համաձայնությունների իրագործման անհրաժեշտությանը։

Ադրբեջանը ոչ միայն մերժում է այդ առաջարկները, այլեւ տապալում ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության բացառմանը։ Ավելին, այս ողջ ժամանակահատվածում Ադրբեջանը չի հրաժարվում փորձերից՝ տեղափոխել առճակատման տրամաբանությունը տնտեսության, մշակույթի եւ նույնիսկ մարդկային շփումների բնագավառներ։

Ցուցադրելով բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ցանկության լիակատար բացակայություն՝ ադրբեջանական իշխանությունները սպառնում են սանձազերծել հերթական պատերազմ։ Հետեւողականորեն բարձրացնելով լարվածության աստիճանն Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում եւ շարունակելով առճակատման ու թշնամանքի քաղաքականությունը՝ Բաքուն նպատակաուղղված կերպով խորացնում է կողմերի միջեւ անվստահությունը եւ ձգտում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը դարձնել սեփական ապակառուցողական քաղաքականության ու մաքսիմալիստական պահանջների պատանդը։

Օդեսայում հարգեցին Ապրիլյան քառօրյայում զոհվածների անթառամ հիշատակը

Օ՜, գարնան ամիս, ապրելու՜ ապրիլ,
Դու, որ բերում ես ծաղիկներ ու կյանք,
Ինչու՞ դու դարձար մահվան տարելից…
Սիլվա Կապուտիկյան

Ցավոք, Ամենայն Հայոց բանաստեղծուհու այս տողերը մեր օրերում նոր հնչեղություն, նոր թարմություն ստացան…
Ապրիլի 2-ին Օդեսայի Գագարինյան բարձունքի վրա վեր հառնած հայկական եկեղեցում, Գալստյան Կիրակին նվիրված Սուրբ պատարագի ավարտից հետո, ձեռամբ Տեր Աբգար քահանա Գըլըճյանի կատարվեց հոգեհանգստյան արարողություն ՝ ի հիշատակ ապրիլյան քառօրյա մարտերում զոհված հայորդյաց։
Խոսելով մեր ժողովրդի քաջագործ որդիների անձնազոհության մասին, ովքեր արդեն մեկ տարի է, ինչ զրկվել են կյանքի քաղցրությունը վայելելու, իսկ նրանց ծնողները, հարազատները՝ հանգիստ ապրելու բերկրանքից, քահանան նաև միասնականության ու գթասրտության կոչ արեց, քանզի միայն հայ մարդը կզգա հայի ցավն ու մորմոքը.
«Շնորհիվ նրանց սխրագործության թշնամին չկարողացավ իրագործել իր չարագործ պլանները և արժանի հակահարված ստացավ… Ամենակարող Աստված թո՛ղ լուսավորի զոհվածների հոգիները, իսկ մենք պարտավոր ենք աղոթել նրանց հոգիների հանգստության համար և սատարել նրանց ընտանիքներին ։
Սիրելի՛ հայրենակիցներ, հավատավո՛ր հայորդիներ, աղոթք բարձրացնենք առ Աստված, որ օրհնի մեր Հայրենիքը և խաղաղ ու ապահով պահպանի մեր ժողովրդին՝ ի սփյուռս աշխարհի։ Թո՛ղ խաղաղության Աստվածը լինի զորավիգ աշխարհի բոլո՛ր ժողովուրդներին»։
Ապրիլյան զոհերի հիշատակի օրը շարունակվեց մշակույթի տան մեծ սրահում։
Տերունական աղոթքից հետո ներկաները հոտնկայս՝ մեկ րոպե լռությամբ  հարգեցին մարտերում զոհվածների սուրբ հիշատակը։ Խոնարհումի ու երախտիքի սիրալիր խոսքերով հանդես եկան համայնքի նախագահ Սամվել Տիգրանյանը և կիրակնօրյա դպրոցի տնօրեն Էլեն Պողոսյանը։
Այնուհետև ռազմահայրենասիրական երգի հնչյունների ներքո բեմ բարձրացան Սուրբ Մաշտոցի անունը կրող դպրոցի սաները՝ փոքրիկ մաշտոցականները։ Դպրոցում անցկացվել էր «Նամակ զինվորին» խորագրով մրցույթ, և լավագույն աշխատանքները վարժ ու գեղեցիկ հայերենով ընթերցվեցին հեղինակների կողմից։ Նամակներում արտացոլված էր երեխաների սերն ու համակրանքը սահմանում կանգնած զինվորի հանդեպ. «Թո՛ղ Աստված պահի ու պահպանի հայ զինվորներին, ովքեր գիշերուզօր աչալուրջ պաշտպանում են մեզ ու մեր հայրենիքի սահմանները»։
Դահլիճում խայտացին «Փոքրիկ զինվորիկ» երգի խրոխտ հնչյունները.

Ունենք պարզ երկինք՝ արևոտ ու ջինջ,
Թող օրը գալիք բերի մեզ բարիք։
Զինվորիկ ենք մենք պատրաստ ու խիզախ,
Քաջ ենք, քաջ ենք ու անվախ։

Օդեսահայ երիտասարդների «ԱՐՄԻՐ» միությունը, հանձինս նախագահ Ազգանուշ Վարդանյանի՝ կազմակերպել էր «Նվիրյալները» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրումը։ Կինոդիտումից հետո քննարկվեց, որ հեղինակներին հաջողվել էր վերծանել ճշմարտությունը. կան գենային հատկանիշներ, որոնք սերնդեսերունդ փոխանցվում են արյան ավիշներով՝ հող ու ջրի կանչով։
Միջոցառման յուրօրինակ ամփոփումը եղավ հայոց պատմության ուսուցիչ Ալեքսանդր Մկրտչյանի խոսքը․ «Հպարտությամբ ասեմ՝ ապրիլյան քառօրյան ցույց տվեց, թե ինչքան ուժեղ ենք մենք, երբ համախմբված ենք։ Ապրիլը մեզ հիշեցրեց միասնականության խորհուրդը, որ լինենք միահամուռ ու ամուր»։

Ինքս հավելեմ՝ հանուն հայրենյաց ընկան մեր ժողովրդի հերոս զավակները՝ դառնալով սերունդներին հայրենասիրության անշեջ ու վառ օրինակ։ Նրանց անունները հա՜ր կմնան հայ ժողովրդի հիշողության մեջ, նրանց հիշատակը՝ բարի։ Նրանց անմահ ոգիները հարատևելու են հերոսներ ծնող մայր ժողովրդի հետ, քանզի քաջին մա՛ հ չկա։
Հավերժ փա՜ռք հայոց քաջերին։

Նարինե Մուրադյան

ք.Օդեսա, «Հայերն այսօր»-ի արտահաստիքային թղթակից

%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a15%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a14%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a13%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a12%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a11

Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված երթ-միջոցառում Ֆրանսիայում

Ֆրանսիայի Դիժոն քաղաքի «Մաշտոցյան տառեր» հայկական դպրոցը ապրիլի 2-ին կազմակերպեց  երթ-միջոցառում՝ նվիրված 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են կազմակերպիչները, քաղաքապետարանի առջև հնչեց Հայաստանի հիմնը, այնուհետև աշակերտները հերոսներին նվիրված երգ ու բանաստեղծություններով իրենց երախտագիտությունը հայտնեցին հերոս տղաներին՝ իրենց կյանքի գնով մեր երկիրը խաղաղ պահելու համար։
Երեկոյան Սուրբ Միշել եկեղեցում տեղի ունեցավ Պատարագ՝ ի հիշատակ մեր հերոսների, ինչպես նաև միասնական մոմավառության և խնկարկման արարողություն՝ նրանց  հոգիների խաղաղության և հանգստության  համար։
%d5%a4%d5%ab%d5%aa%d5%b8%d5%b6%d5%a4%d5%ab%d5%aa%d5%b8%d5%b6%d5%a4%d5%ab%d5%aa%d5%b8%d5%b6-2%d5%a4%d5%ab%d5%aa%d5%b8%d5%b6

Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ

Արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Վան Ին ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ հայ-չինական հարաբերությունները նույնքան հին են, որքան մեր ժողովուրդների պատմությունը և որ դրանք մշտապես առանձնացել են փոխադարձ վստահությամբ և մեծ հարգանքով: Ավանդական այս հարուստ հիմքի վրա է խարսխվում նաև մեր միջպետական համագործակցությունը, որը քառորդ դարի ընթացքում շարունակաբար ընդլայնվել է` բազմաթիվ նշանակալի ձեռքբերումներ արձանագրելով ամենատարբեր ոլորտներում:

Նախարար Նալբանդյանը շեշտում է, որ Հայաստանը բարձր է գնահատում մեր երկրների միջև ընթացող քաղաքական երկխոսությունը, սերտ փոխգործակցությունը միջազգային կազմակերպություններում և տարածաշրջանային ու միջազգային կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ ձևավորված փոխըմբռնումը:

Էդվարդ Նալբանդյանը նշում է, որ երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունները կարևոր դեր ունեն բարձր մակարդակով ընդունված համաձայնությունների կատարմանը նպաստելու գործում:

Նախարարը նշում է, որ հայ-չինական հարաբերությունների առանցքային բաղադրիչներից է տնտեսական համագործակցությունը, որը մենք հանձնառու ենք հնարավորինս ընդլայնել` ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր, հեռանկարային ծրագրեր:

Վան Ին իր ուղերձում նշում է, որ 25 տարվա ընթացքում՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր չին-հայկական հարաբերությունները առողջ և կայուն զարգացում են ապրել:

Չինաստանի ԱԳ նախարարը շեշտում է, որ շարունակաբար ամրապնդվում է երկու պետությունների միջև քաղաքական փոխադարձ վստահությունը, էական արդյունքներ են գրանցվել առևտրի և տնտեսության, անվտանգության, հումանիտար կապերի և այլ ոլորտներում համագործակցության մեջ, սերտ կապեր և փոխգործակցություն է պահպանվում միջազգային և տարածաշրջանային հարցերում:

Նախարար Ին ընդգծում է, որ չինական կողմը մեծ նշանակություն է տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը և դիտարկում է Հայաստանը որպես համագործակցության կարևոր գործընկեր:

Չինաստանի արտգործնախարարը նշում է, որ պատրաստ է Հայաստանի արտգործնախարարի հետ գործադրել համատեղ ջանքեր՝ ամրապնդելու երկու պետությունների արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցությունը և դրանով իսկ առաջ մղել երկկողմ հարաբերությունները դեպի զարգացման նոր մակարդակ:

Արցախցի Պլը Պուղին և գյումրեցի Պոլոզ Մուկուչը կվերակենդանան նոր անիմացիոն ֆիլմաշարում

ՓիԱր-ի Զարգացման Հայկական կենտրոնը հանդես է գալիս նոր նախագծով, որի շրջանակներում նախատեսվում է պատրաստել կարճամետրաժ անիմացիոն ֆիլմաշար նշանավոր հայ զվարճախոս-կատակաբաններ Պըլը Պուղու և Պոլոզ Մուկուչի մասին: Նրանք եղել են իրենց ժամանակի ամենավառանհատականություններից, ովքեր համարձակվել են ճշմարտությունը երբեմն կատակի, երբեմն էլ սուրխոսքի միջոցով հասցնել ամենատարբեր մեծամեծերին: Արևելքում այս կերպարներին համարժեք է նշանավոր Խոջա Նասրեդինը, ում մասին արդեն նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր և մուլտֆիլմեր: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՓիԱր-ի Զարգացման Հայկական կենտրոնի հանրային կապերի բաժնից:

Այսօր՝ և´ մշակութային, և´ կրթական իմաստով չափազանց մեծ է մեր սրամիտ առակախոսներին լավագույնս հանրությանը ներկայացնելու կարևորությունը: ՓիԱր-ի Զարգացման Հայկական կենտրոնի կողմից արդեն մշակվել է այս կերպարներից մեր օրեր հասած անգին ժառանգությունը, պատրաստ են սյուժեները և ֆիլմաշարի ողջ կոնցեպտը: Նախագիծը հավանության է արժանացել մի շարք կազմակերպությունների կողմից, արդեն կա որոշակի աջակցություն սփյուռքից: Ֆիմաշարը բացի հայերեն տարբերակից ունենալու է նաև անգլերեն, ռուսերեն և արաբերեն թարգմանություններ: Շուտով համապատասխան առաջարկը կներակայացվի նաև ՀՀ մշակույթի նախարարությանը և այլ շահագրգիռ կառույցների: ՓիԱր-ի Զարգացման Հայկական կենտրոնը պատրաստ է համագործակցել նախագծի կյանքի կոչմամբ հետաքրքրված անձանց և կազմակերպությունների հետ:

%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b4%d5%a1%d6%81%d5%ab%d5%a1%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b4%d5%a1%d6%81%d5%ab%d5%a12%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b4%d5%a1%d6%81%d5%ab%d5%a13

Նահատակ հոգևորականաց հուշապատի առջև կկատարվի հոգեհանգստյան կարգ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ ապրիլի 6-ը` Երանաշնորհ Տ.Տ. Խորեն Ա. Մուրադբեկյան Ամենայն Հայոց Հայրապետի նահատակության օրը, հռչակվել է համայնավարական բռնապետության տարիներին հալածանքների ենթարկված և նահատակված հոգևորականների հիշատակի օր:

Այս առիթով ապրիլի 6-ին` ժամը 12:00-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Նահատակ հոգևորականաց հուշապատի առջև, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ Մայր Աթոռի միաբանության, պաշտոնեության և բարեպաշտ հավատացյալների կկատարվի հոգեհանգստյան կարգ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նահատակ հոգևորականաց հուշապատը կառուցվել է 2012 թվականին՝ ազնիվ բարերարությամբ մոսկվաբնակ Ալեքսանդր Տեր-Ավանեսովի, ճարտարապետն է լուսահոգի Ջիմ Թորոսյանը: Հուշապատի վրա փորագրված են 1920-1930-ական թթ. նահատակված հոգևորականների անունները:

«Հայփոստ»-ը կթողարկի նոր նամականիշ՝ «Ավրորա»-ի առաջին դափնեկրի պատկերով

«Հայփոստ» ազգային փոստային օպերատորը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ համագործակցությամբ մայիսին կթողարկի նոր միջազգային նամականիշ, որին պատկերված է լինելու «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրՄարգարիտ Բարանկիցեն:

IDeA հիմնադրամի հաղորդագրության համաձայն՝ նամականիշի թողարկման հավանությունը տվել է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Նամականիշի թողարկումը և մարումը տեղի կունենա 2017 թվականի «Ավրորա» մրցանակի միջոցառումների շրջանակում:

Փոստային նամականիշի հետ մեկտեղ «Հայփոստ»-ը թողարկելու է 150 դրամ արժողությամբ նվիրատվության կտրոններ, որոնց վաճառքից գոյացած հասույթը կուղղվի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով իրականացվող նախագծերին:

«Մենք հիմնադրել ենք «Ավրորա» նախաձեռնությունը՝ ի երախտագիտություն հատկապես նրանց, ովքեր վտանգի էին ենթարկում իրենց՝ փրկելու Հայոց ցեղասպանությունը վերապրածներին: Եվ մենք ուզում ենք երախտագիտություն արտահայտել՝ շարունակելով բարին գործել, աջակցելով մերօրյա հերոսներին, որպեսզի նրանք նույնպես կարողանան ձեռք մեկնել և հուսադրել մարդասիրական օգնության խիստ կարիք ունեցողներին: <…> «Ավրորա»-ի յուրաքանչյուր նախագիծ՝ ներառյալ Մեգիի նամականիշը և նվիրատվության կտրոնը, հնարավորություն է տալիս ընդլայնել «Ավրորա»-ի համայնքը՝ երախտագիտություն հայտնելով և շարունակելով նվիրատվության շղթան», – ասել է «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

«Հայփոստ»-ը խիստ կարևորում է իր այն բացառիկ դերը, որն ունի հայկական մշակույթի, պատմության և աշխարհի կարևոր ուղերձների տարածման գործում՝ նամականիշների կիրառմամբ: Պատկերելով «Ավրորա»-ի Մեգիին հայկական փոստային նամականիշի վրա՝ մենք յուրահատուկ կերպով աշխարհին պատմում ենք, որ հայերը ընդունում են մարդկայնության համընդհանուր արժեքները: Նամականիշն այդ գաղափարը տարածում է աշխարհով մեկ», – նշել է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

Մարգարիտ Բարանկիցեն, ով Maison Shalom խնամքի տան և REMA հիվանդանոցի հիմնադիրն է, «Ավրորա» մրցանակի է արժանացել այն բացառիկ ազդեցության համար, որ ունեցել է Բուրունդիում քաղաքացիական պատերազմի տարիներին: Նա փրկել է 30 հազար երեխայի՝ նրանց տալով օթևան և խնամք:

«Ինձ համար մեծ պատիվ է այսպիսի ճանաչման արժանանալ, բայց նաև ոգևորիչ է գիտակցել, որ սերը միշտ հաղթելու է ատելությանը և չարիքին: Ես հավատում եմ, որ այս նամականիշը կնպաստի «Ավրորա» մրցանակի առաքելության տարածմանը՝ ճանաչման արժանացնելով այն կանանց ու տղամարդկանց, ովքեր բացառիկ ազդեցություն են ունեցել մարդասիրական խնդիրների լուծման համար», – ասել է Մարգարիտ Բարանկիցեն:

Փոստային նամականիշն ունի 350 դրամ անվանական արժեք: Նամականիշի ձևավորողը Ալլա Մինգալյովան է՝ «Ավրորա» նախաձեռնությունից: Նամականիշը թողարկվելու է 40 հազար օրինակով:

Նամականիշի մարման արարողությունը տեղի է ունենալու մայիսին՝ Մարգարիտ Բարանկիցեի ներկայությամբ, որը Երևան կժամանի՝ մասնակցելու 2017-ի «Ավրորա» մրցանակի միջոցառումներին:

«Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները կհայտարարվեն ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը: Հավակնորդներից մեկը մայիսի 28-ին Երևանում կճանաչվի 2017-ի «Ավրորա» մրցանակի դափնեկիր: Ապրիլի 24-ից մայիսի 28-ն ընկած ժամանակահատվածում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն աշխարհով մեկ կկազմակերպի մի շարք միջոցառումներ՝ ներկայացնելով մրցանակի այս տարվա հավակնորդների ոգեշնչող պատմությունները, ինչպես նաև մարդասիրական գործունեությունն աշխարհում:

Թուրքիայի բանակում սպանված հայ Սևակ Բալըքչըի գործը կքննի քաղաքացիական դատարանը

Թուրքական բանակում ծառայող, 2011 թվականի ապրիլի 24-­ին սպանված հայ զինծառայող Սևակ Բալըքչըի դատական գործը տեղափոխվել է քաղաքացիական դատարան: Այս մասին 168.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Սևակ Շահին Բալըքչըն թուրքական բանակում սպանվել է 2011 թ. ապրիլի 24-­ին, երբ նրա զորացրմանը մնացել էր ընդամենը 23 օր: Զորամասի հրամանատարությունը սպանությունից անմիջապես հետո հայտարարել էր, որ այն տեղի է ունեցել «ծառայակից ընկերոջ հետ կատակելու ժամանակ` պատահաբար արձակված գնդակից»:

Սևակի ծնողները, սակայն, պնդում են, որ նրան սպանել են հայ լինելու համար:
Դիարբեքիրի ռազմաօդային ուժերի ռազմական դատարանը 2013 թվականի մարտի 26-­ին որոշում էր կայացրել, համաձայն որի՝ Սևակի վրա կրակած Քըվանչ Աղաօղլուն «մտադրված մարդ սպանելու» մեղադրանքով դատապարտվել էր 4 տարի 5 ամիս 10 օր ազատազրկման, իսկ ենթասպա Սեդրեթթին Էրսյոզը «պաշտոնը չարաշահելու» հիմնավորմամբ դատապարտվել էր 5 ամիս ազատազրկման: Որոշման հրապարակումից հետո պատասխանող կողմի իրավաբանները դիմել էին վերաքննիչ դատարան` վիճարկելով կայացրած որոշումը:

Ռազմական գլխավոր դատախազությունը 2014 թվականին վճիռ էր արձակել այն մասին, որ սպանության կատարման մեջ դիտավորություն չի արձանագրվել, անբավարար են փաստերը, որոնք ապացուցում են սպանության դիտավորությունը: Ուստի դատախազությունը չեղյալ էր համարել Դիարբեքիրի դատարանի որոշումը:

Դատարան վերադարձած դատական գործը սկսել էր վերանայվել սկզբից: 2016 թվականի հուլիսի 15-­ի ռազմական հեղաշրջման փորձից հետո ընդունվել էր նոր հրամանագիր ռազմական դատարանների վերացման մասին, ուստի Սևակ Բալըքչըի դատական գործը փոխանցվել է Քոզլուքի քրեական դատարան:

Ցեղասպանությունից փրկված հայ ընտանիքներին նվիրված շարք՝ թուրքական թերթի կողմից

Թուրքական «Karınca» թերթի կայքն ուշագրավ նախաձեռնությամբ է հանդես եկել: Կայքում  պարբերաբար հրապարակվում են Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ ընտանիքների պատմությունները՝ «հայկական դիմանկարներ՝ 1915թ. մինչ օրս» խորագրով:

Այս շարքի հերթական հոդվածը նվիրված է նկարիչ, ռեժիսոր, գրող և երգիծաբան Վահե Բերբերյանին: Հոդվածի հեղինակը Վիլյամ Բայրամյանն է, թուրքերեն թարգմանել է Էզգի Գյուլը:

Շատերի կողմից առավելապես stand-up երգիծական ժանրի շոուներով հայտնի 61-ամյա Վահե Բերբերյանն իր պատմությունները ներկայացնում է նաև ֆիլմերում, թղթի, կտավի ու բեմի վրա:

«Նրա ժպիտը շատ անկեղծ է: Խոսքը հաճախակի ընդմիջվում է հայերեն «հոգիս» ջերմ բառով, բայց, ցավոք, այդ շռայլ հմայքը հակադրվում է ընտանիքի դժբախտ անցյալին»,-գրում է Բայրամյանը՝ ներկայացնելով Վահեի ընտանիքի պատմությունը:

Վահեի հայրը՝ Րաֆֆին, դեռ մեկ տարեկան էր, երբ նրա տատիկի հետ աքսորվեց դեպի Սիրիայի Դեյրէ-էզ-Զորի (Դեր Զոր) անապատները՝ մահվան քայլերթի: Բեյրութ տեղափոխվելուց առաջ նրանք՝ երկուսով, բնակություն են հաստատել Վահեի ծննդավայր Հալեպում:  Իսկ մոր ողջ ընտանիքը սպանվել է Ցեղասպանության ժամանակ:

Բերբերյանների ընտանիքը, ի տարբերություն ցեղասպանությունից փրկված բազմաթիվ այլ ընտանիքների, չի թաքցրել սերունդներից իր գլխով անցածը:

Վահեի տատիկը մահվան երթի ուղարկվելուց հետո երեք անգամ փորձել է սպանել նրա հորը, սակայն Եփրատն այնքան լիքն է եղել դիերով, որ նրան ուղղակի չի հաջողվել խեղդել երեխային:

«Ինձ պատմել ու ասել են՝ ահա, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Եթե չհիշես, մեզ դավաճանած կլինես: Դրանից հետո շատ երկար ժամանակ ես ինձ մեղավոր էի զգում, թեև ոչ մի այնպիսի բան չէի արել, որի համար պետք է ինձ մեղավոր զգայի», – պատմում  է Բերբերյանը:

Նրա խոսքով՝ երգիծաբանությամբ զբաղվելու անհրաժեշտությունը ծագել է հենց այն պատճառով, որ իր վրա է կրում հավաքական ցավի հետևանքները, հաճախ ընկճված ու մտահոգ է լինում: «Եթե երջանիկ լինեի, էլ ինչու պիտի հումորի կարիք զգայի», – հավելում է Վահեն:

17 տարեկանում Վահե Բերբերյանը լքում է Բեյրութը և մեկնում Եվրոպա: Որոշ ժամանակ անց նա վերադառնում է Լիբանան: Այստեղ ծագած քաղաքացիական պատերազմի առաջին տարիներին ականատես եղած Բերբերյանը այնուհետև տեղափոխվում է Լոս Անջելես: Սակայն այստեղ էլ ապահովության զգացումը երկար չի ուղեկցում նրան՝ կարճ ժամանակ անց բացահայտված հիվանդության պատճառով:

«Հիշում եմ, որ երեխա ժամանակ էլ էի նկարում, բայց այն ժամանակ հիմնականում գանգեր էի պատկերում՝ Դեր Զորում մահացածների գանգերը»,- պատմում է արվեստագետը:

Վահեի խոսքով՝ մինչև 1980թ. նրա ցանկացած գործունեության մեջ գրեթե միշտ առկա է յուրատեսակ հետաքրքրվածություն մահով: Հետո նա գիտակցում է այդ գրեթե բնազդային հակումը և հասկանում, որ թեև Ցեղասպանությունն իր կյանքում որոշակի դեր է խաղացել, բայց դա չի նշանակում, որ ինքը կուրորեն պետք է կապված լինի Ցեղասպանության հետ, չուսումնասիրի հայ մշակույթի արմատները:

«Մտքումս մի լույս ծագեց. պետք է փոխել այս մոտեցումը: Հայ լինելը անպայման չի նշանակում կենաց պայքար մղել: Հայ լինելը սեքսուալ է, հայ լինելը հրաշալի է, հայ լինելը զվարճալի է, հայ լինելը հաճելի է», -ասում է Բերբերյանը:

Այսպես հայ մշակույթը սկսում է նաև ապրեցնել ու առաջ գնալու ուժ տալ Բերբերյանին: Սակայն նա գիտակցում է, թե, այնուամենայնիվ, որքան դժվար է անցյալի բեռը ուսած առաջ շարժվելը.  «1.5 միլիոն կյանք նստած է մեր ուսերին և մենք փորձում ենք առաջ գնալ: Դա , իհարկե, շատ դժվար է»:

Վահեն 5 գրքի, 13 պիեսի, 5 երգիծական ստեղծագործության և հարյուրավոր արվեստի գործերի հեղինակ է:

«Հայ լինելն ինձ համար միշտ պարգև է եղել: Առանց բացառության միշտ հայ լինելուս հանգամանքն ինձ օգնել է», -ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ասում է նա:

Վահե Բերբերյանը հավատում է, որ հայ ազգի լավագույն օրերը դեռ առջևում են: Նա կարևորում է այն հանգամանքը, որ հայը հասկացել է. արվեստով զբաղվելու, ֆիլմ նկարահանելու համար անպայման չէ դիմել ցեղասպանության թեմային:

Իսկ Վիլյամ  Բայրամյանն իր հոդվածը եզրափակում է հետևյալ տողերով. «Բերբերյանը շարունակում է մեկ անձով մշակութային հեղափոխություն իրականացնել՝ ընդարձակ հայկական հողի ընդերքում  թաքնված գեղեցկություններն ու արվեստը վեր հանելու և դրա շուրջ շուրջպար բռնելու համար»:

Նոր նամականիշ՝ նվիրված Ալեքսանդր Մանթաշյանի ծննդյան 175-ամյակին

2017 թվականի մարտի 3-ին մարվեց և «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Ալեքսանդր Մանթաշյանի ծննդյան 175-ամյակը» թեմային: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են «Հայփոստ»-ի մամուլի ծառայությունից:

Փոստային նամականիշը ձևավորված է հին թղթադրամի տեսքով: Նամականիշի վրա պատկերված է հայ նշանավոր գործարար, բարեգործ և 20-րդ դարասկզբի խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանը:

Նամականիշի խորապատկերին ներկայացված են Ա. Մանթաշյանի միջոցներով կառուցված Փարիզի Ելիսեյան դաշտերում գտնվող հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին և Թիֆլիսի հայ արտիստների միության շենքի ճակատային մասը, որն այսօր Թբիլիսիի Ակադեմիական Թատրոնի շենքն է և կրում է Ռուստավելիի անունը:

Փոստային նամականիշը ունի 380 դրամ անվանական արժեք: Նամականիշի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը:

Նամականիշի պաշտոնական մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և “Հայփոստ” ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:

1 2

Հայ դատի հանձնախումբը դրական է գնահատում Արցախի օմբուդսմենի այցն ԱՄՆ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը տասնօրյա շրջագայություն է իրականացրել Միացյալ Նահանգներում, որի շրջանակում ներկայացրել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները և 2016 թվականի ապրիլի քառօրյա պատերազմի ժամանակ իրագործված պատերազմական հանցագործությունները:

Հայ դատի ԱՄՆ արևելյան ափի հանձնախմբի կողմից կազմակերպված շրջագայության ժամանակ Մելիքյանը եղել է Մասաչուսեթսում, Ռոդ Այլենդում, Վաշինգտոնում, Նյու Յորքում և Նյու Ջերսիում` շուրջ 40 հանդիպում անցկացնելով տարբեր պաշտոնյաների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և մարդու իրավունքների ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հետ:

«Կարևոր է Արցախի ուղերձը փոխանցել աշխարհի գլխավոր քաղաքների միջոցով»,- նշել է օմբուդսմենը: Նա հարցազրույց է տվել Foreign Policy պարբերականին, ինչպես նաև քննարկումներ անցկացրել The Washington Post-ի լրագրողների հետ: Վաշինգտոնում նա հանդիպել է նաև կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Դեյվ Թրոթի, Ջեքի Սփայերի, Դևիդ Վալադոյի և Ջիմ ՄըքԳովերնի հետ:

Ամփոփելով այցի արդյունքները` հանձնախմբի հաղորդակցության բաժնի տնօրեն Արթուր Մարտիրոսյանն ասել է. «Մենք ուրախ էինք Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակում ապահովելու Մելիքյանի շփումը կարևոր պաշտոնյաների ու խմբերի հետ: Այսօր, երբ տարածաշրջանը հայտնվել է ավտոկրատական և պոպուլիստական միտումների մեջ, Արցախը դարձել է ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների փարոս: Մենք հպարտ ենք այն առաջընթացով, որն Արցախը գրանցել է քառորդ դար առաջ անկախություն ձեռք բերելուց հետո` արևմտյան արժեքների և ավանդույթների պահպանման գործում»: