Մեկնարկեցին Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի նախապատրաստական աշխատանքները

Ապրիլի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ տեղի ունեցավ 2017թ. սեպտեմբերի 19-20-ը Երևանում կայանալիք Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի նախապատրաստական աշխատանքներին նվիրված խորհրդակցություն:

«Հայերն այսօրի»-ի փոխանցմամբ՝ քննարկվեցին համաժողովի ձևաչափին, թեմատիկ ընդգրկմանը, մասնակիցների կազմին և կազմակերպչական խնդիրներին առնչվող հարցեր:

Նախարարը նշեց, որ չափազանց կարևոր է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր կարող ուժերի, փորձագետների մասնակցությունը համահայկական նշանակություն ունեցող ձեռնարկին:

Կարևորվեց Հայաստանի շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների ակտիվ ներգրավվածությունը համաժողովի աշխատանքներում:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին իրենց առաջարկություններն ու նկատառումները, որոնք հաշվի առնելով՝ նախարար Հրանուշ Հակոբյանը ամբողջացրեց համաժողովի թեմատիկ ուղղությունները, նշելով, որ աշխատանքները պետք է ընթանան ներդրումների ներգրավման, հայապահպանության, Սփյուռքի երիտասարդության, մշակութային խնդիրների լուծման, արցախյան հիմնախնդրի և ժողովրդական դիվանագիտության, հակահայկական քարոզչության դեմ պայքարի ուղղությամբ:

Հանձնարարվեց սփյուռքյան կառույցների հետ համագործակցելով՝ մշակել համաժողովի ծրագրի նախագիծը և սկսել հերթականությամբ իրականացնել անհրաժեշտ նախապատրաստական քայլեր:

Թուրքիայում 1000 դոլարով հայ վարպետների պատրաստած հազվագյուտ գորգ է վաճառքի հանվել

Թուրքիայում վաճառքի է հանվել սեբաստացի հայ վարպետների ձեռագործ գորգ, որն ունի առնվազն 160 տարվա պատմություն:

Անշարժ գույքի վաճառքով զբաղվող թուրքական ամենախոշոր կայքում գորգի «տերը» հազվագյուտ գորգի համար պահանջում է մոտ 1000 ԱՄՆ դոլար: Գորգի գովազդում նա այն անվանել է «թագավորական»:

Բրդից պատրաստված և տորոն ներկաբույսի արմատից ստացված ներկով ներկված հազվագյուտ գորգի վրա առկա են հայկական նախշազարդեր և խաչաձև նշաններ:

Հայտնի է, որ Սեբաստիայում (այժմյան Թուրքիայի Սըվազի նահանգ – Tert.am) պատրաստված ու երկար ճանապարհ անցած գորգն այժմ գտնվում է Ստամբուլում, մասնավոր անձն այն ավելի վաղ գնել է հին իրերի խանութից` Արևմտյան Հայաստանի տարածքում:

123

Լոս Անջելեսում  տեղի են ունեցել հայ-մեքսիկական գործարար շփումներ 

Լոս Անջելսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ Լոս Անջելեսում Մեքսիկայի գլխավոր հյուպատոս Կառլոս Իուջինիո դե Ալբա Զեպեդան հանդիպեց ամերիկահայ երկու տասնյակ գործարարների հետ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Նա ներկայացրեց հայ-մեքսիկական բիզնես ոլորտի հեռանկարային ուղղությունները, ինչպես նաև Մեքսիկայի տնտեսության առաջատար ուղղությունները, որտեղ իրականացվելիք գործարար-ծրագրերով հնարավոր կլինի կամրջել հայկական և մեքսիկական համայնքներն ու գործարար կապեր ստեղծել նաև երկու պետությունների միջև:

Քննարկմանը մասնակցում էր նաև Հայ-ամերիկյան գործարար խորհրդի նախագահ Ալեք Բաղդասարյանը, ով իր ելույթում շեշտեց հայ-մեքսիկական գործարար կապերի միջոցով երկու երկրների միջև հարաբերությունների աշխուժացման կարևորությունը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց նման ձևաչափով հանդիպումներն ավելի պարբերական դարձնել:

«Ներառական կրթություն ստացող երեխաների համար պետք է գրվեն հատուկ դասագրքեր». Մելսիդա Քարդումյան, արցախցի մանկավարժ

Մեր օրերում ներառական կրթության առումով բավականին դրական տեղաշարժեր են արձանագրվում և, այնուամենայնիվ, այսօրինակ կրթության դասավանդման ոլորտում դեռևս լուրջ խնդիրներ կան. այս և նման այլ հարցերի շուրջ «Հայերն այսօր»-ի խմբագրությունում ծավալվեց իմ զրույցը Արցախի Մարտակերտի Վարդան Մինասյանի անվան ներառական կրթությամբ համալրված թիվ 2 հիմնական դպրոցի դպրոցի տնօրեն Մելսիդա Քարդումյանի և ուսուցչուհիներ Ռուզան Ավետիսյանի, Լուսինե Սաիյանի հետ, ովքեր, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ, «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում պատրաստվում էին մեկնել Բեյրութ՝ Սուրբ Խաչ-Հարպոյան վարժարանում մասնակցելու  ներառական ուսուցման դասընթացի:

Մելսիդա Քարդումյան-Ես դպրոցի տնօրենն եմ, դասավանդում եմ կենսաբանություն: Աշխատելով ներառական կրթությամբ համալրված դպրոցում՝ ունեմ իմ մանկավարժական դիտարկումներն այդօրինակ կրթության առնչությամբ: Մեր դպրոցը 2011 թվականից իրականացնում է ներառական կրթության ուսուցումը, ուր մեր նվիրյալ մանկավարժները սիրով ու համբերատարությամբ աշխատում են նման կրթության կարիք ունեցող երեխաների հետ: Մենք ներառական կրթություն իրականացնող ընդամենը երեք ուսուցչուհի ունենք դպրոցում՝ աշխարհագրության ուսուցչուհի, սոցիոլոգ Ռուզան Ավետիսյանը, հատուկ մանկավարժ Լուսինե Սաիյանը և հոգեբանը, ով հանգամանքների բերումով մեզ հետ չի եկել Երևան: Աշխատանքն, անշուշտ, դյուրին չէ հենց միայն հոգեբանական առումով, սակայն մենք կարողանում ենք հաշտ ու համերշախ, մեկս մյուսին օգնելով, աջակցելով՝աշխատել:    Ես անջրպետ չեմ դնում իմ և ուսուցչուհիներիս միջև. մենք մի ընտանիք ենք և ունենք առողջ ու անառողջ երեխաներ, որոնց խնամք ու հոգատարություն, գիտելիքներ են անհրաժեշտ. բնականաբար, վերջիններին ավելի շատ ուշադրություն և առանձնահատուկ վերաբերմունք ենք ցուցաբերում՝ դրսևորելով նրբանկատություն: Համագործակցում ենք Ստեփանակերտի մեր նախարարության բժշկահոգեբանական կենտրոնի հետ: Մենք նյութականի կարիք այնքան էլ չունենք. մեզ համար առաջնային են շենքային պայմանները, ուր այդ երեխաների հետ սովորական դասաժամերից դուրս պարապելու համար չունենք գեղեցիկ, հետաքրքիր, հատուկ դասասենյակներ, խաղահրապարակ. իմ ներառական կրթության դասասենյակը ես տեղավորել եմ 6քմ. տարածք ունեցող բուժկետում: Սննդի հարցում դեռևս խնդիրներ չունենք: Ասում են՝ ներառական կրթություն ստացող երեխաների համար 30 րոպեով քննության ժամանակը երկարացվում է, սակայն եթե այդ երեխայի գիտակցությանը դա չի հասնելու, որքան ուզում ես, ժամանակը երկարացրու, դա նույն թեստն է: Ներառական կրթություն ստացող երեխաների համար պետք է մշակվեն ու գրվեն հատուկ դասագրքեր, հատուկ ծրագրեր պետք է լինեն: Խնդիրը ներառական կրթության դասագրքերի, ծրագրերի բացակայությունն է. իհարկե, մեր ուսուցչուհիներն ունեն անհատական ուսումնական ծրագրեր, որոնց հիման վրա էլ կազմում ենք մեր ծրագրերը, սակայն ցանկալի է, որ նման կրթություն ապահովող դպրոցներում լինեն հատուկ կազմված դասագրքեր: Մեր դպրոցում 1-ինից մինչև 9-րդ դասարաններում սովորում են 17 այդպիսի երեխաներ: Մեր ամբողջ դպրոցի ուսուցչական կազմի համախմբվածությունն օգնում է՝ շոշափելի արդյունքների հասնելու: Կարծում եմ՝ այս ուղևորությունը Բեյրութի Սուրբ Խաչ-Հարպոյան վարժարան և մեր մասնակցությունը դասընթացին, անպայման կնպաստի մասնագիտական հմտություններ ձեռք բերելուն: Մենք կսովորենք, կխորհրդակցենք, փորձի փոխանակում կանենք. ափսոս, որ ժամանակը շատ կարճ է:

Ռուզաննա Ավետիսյան, ներառական կրթության աշխարհագրության և սոցմանկավարժության ուսուցչուհի

Դուք հարցնում եք, թե որն է այդ երեխաների համար առաջնայինը՝ մանկավարժի էությու՞նը թե՞ դասավանդվող առարկան: Անկեղծորեն ասեմ՝ առաջինը, որից հետո՝ մասնագիտական հմտությունը, կարողությունները: Յուրաքանչյուր աշակերտ կարողանում է դրսևորվել իր ուժերի ներածին չափով, և մենք պարտավոր ենք դա դիտարկել ըմբռնումով, անհատական մոտեցում ցուցաբերել:

Լուսինե Սաիյան, ներառական կրթության հատուկ մանկավարժ

-Ես հատուկ մանկավարժ եմ, ով աշխատում է միայն ներառական կրթության ուսուցման մեջ ընդգրկված երեխաների հետ: Մասնագիտությամբ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի եմ. ցավոք, իմ ուսանելու տարիներին ներառական կրթության մասնագետներ չէին պատրաստում. հիմա էլ նույնն է: Հմտություն ձեռք եմ բերել վերապատրաստման դասընթացների ընթացքում: Այսօր այդպիսի մասնագիտական ֆակուլտետների կարիքը շատ է զգացվում: Ներառական ուսուցում ստացող երեխաները շատ տարբեր են իրենց մտավոր ունակություններով. 5-րդ դասարանում սովորող երեխաներից մեկը կարող է ունենալ 1-ին դասարանցու կարողություններ, մյուսն՝ ավելի բարձր կամ էլ ՝ իր տարիքին բնորոշ, երեխաներ կան, ովքեր անգամ մկրատն ինքնուրույն չեն կարող բռնել ու գործածել: Հատուկ մանկավարժի, սոցիոլոգ-մանկավարժի, հոգեբանի առկայությունն ու մասնագիտական հմտությունները, մարդկային լավագույն որակներն անչափ կարևոր են այս գործում:

Ավարտելով զրույցս նվիրյալ արցախուհիների, մանկավարժների հետ՝  ցանկանում եմ հուսալ, որ ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժման շրջանակներում մեր հայրենակիցներից մեկը ձեռք կմեկնի Մարտակերտի Վլադիմիր Մինասյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցին՝ ներառական կրթություն ստացող երեխաների համար ստեղծելով հատուկ դասասենյակներ, խաղահրապարակ, իսկ մոտ ապագայում կլուծվի նաև ծրագրերի և դասագրքերի խնդիրը:

Կարինե Ավագյան

img_0458

Ժամանակակից ուռուցքաբանական կենտրոն Ստեփանակերտում

Ապրիլի 2-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը Ստեփանակերտում հանդիսավորությամբ բացեց նորակառույց ուռուցքաբանական կենտրոնը, որը կյանքի է կոչվել ֆրանսահայ բարերար Ռիշար Օհանեսյանի հովանավորությամբ՝ ի հիշատակ ծնողների՝ Վարդան եւ Գոհարիգ Օհանեսյանների: Կենտրոնի կառուցումը համաֆինանսավորել ԼՂՀ կառավարությունը: Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է Հիմնադրամից:

Հանդիսությանը մասնակցելու նպատակով Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի եւ իր տիկնոջ ուղեկցությամբ Արցախ էր ժամանել բարերար Ռիշար Օհանեսյանը՝ տիկնոջ հետ: Բացման արարողությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հյուրեր:

Նորակառույց կենտրոնը կսպասարկի Արցախի եւ Հայաստանի հարավային շրջաններին: Եռահարկ ժամանակակից բուժհաստատությունում կգործեն ընդհանուր, կլինիկական պաթոմորֆիական լաբորատորիաներ, ռենտգեն ախտորոշման, մամոգրաֆիայի կաբինետներ, վիրահատարաններ եւ ինտենսիվ թերապիայի սենյակ, որտեղ կիրականացվեն արդի բուժական միջամտություններ եւ ախտորոշիչ հետազոտություններ: Կենտրոնը նախատեսված է 35 հիվանդի համար: Ստացիոնար բաժանմունքում կբուժվեն թե՛ վիրաբուժական եւ թե՛ թերապեւտիկ (քիմիոթերապիա) պրոֆիլի հիվանդները: Բուժական այլ ծառայությունների անհրաժեշտության դեպքում հիվանդները ստորգետնյա անցումով կտեղափոխվեն հարակից Հանրապետական բժշկական կենտրոն: Նկուղային հարկում կառուցվել են լայնարձակ պահուստային հիվանդասենյակներ՝ նախատեսված արտակարգ իրավիճակների համար:

«Մեծ ուրախություն է տեսնել, որ օրեցօր Արցախը զարգանում է, ստեղծվում է նորը, բնակիչների կենսամակարդակն էլ զուգահեռաբար բարձրանում է: Շնորհակալություն բոլոր նրանց, ում շնորհիվ այս կենտրոնն իրականություն է դարձել»,- ողջույնի խոսքում ասաց բարերար Ռիշար Օհանեսյանը, ով նույն օրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգեւատրվեց «Երախտագիտություն» մեդալով՝ «Հայաստան» հիմնադրամի արցախյան ծրագրերում ներդրած մեծ ավանդի համար:

«Պատահական չէ, որ այս կենտրոնի բացումը տեղի է ունենում ապրիլի 2-ին: Սա խորհրդանշական է եւ ուղերձ՝ բոլորին, որ պետք է շարունակենք կառուցել Արցախի հողում եւ մասնակցել նրա վերելքին»,- ողջունելով ներկաներին` ասաց Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը:

ԼՂՀ գլխավոր ուռուցքաբան, ուռուցքաբանական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Հայրիյանն էլ ներկայացնում է. «Ժամանակակից առողջապահական կենտրոնի կարիք Արցախում վաղուց կար: Այստեղ տարվա կտրվածքով ուռուցքաբանական խնդիրներ ունեցող շուրջ 650 հոգի մասնագիտացված բուժման կամ վերահսկողության կարիք է ունենում: 60-ական թվականներից սկսած՝ այս հիվանդները սպասարկվում էին այլ նպատակով կառուցված մի շենքում, որը չէր համապատասխանում առողջապահական ոլորտի պահանջներին»:

Ֆրանսիայի տեղական մարմնի օժանդակությամբ բուժհաստատությանը կնվիրաբերվի կահույք եւ նորագույն բուժտեխնիկա: Արդեն տեղադրվել են մահճակալները: Առաջիկա շաբաթների ընթացքում էլ Արցախ կհասնեն անհրաժեշտ սարքավորումներ: Արցախի կառավարությունը Հիմնադրամի հետ համատեղ կշարունակի հոգալ մնացած կարիքները: Կենտրոնում արդի չափանիշներին համապատասխան բուժսպասարկում իրականացնելու նպատակով բուժմասնագետների մի խումբ ներկայումս վերապատրաստվում է Ֆրանսիայում: Հայ-Մեդ ֆրանսիական բժշկական կազմակերպության տեխնիկական աջակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը շարունակական կլինի:

Նորակառույց ուռուցքաբանական կենտրոնը, 2006 թ.-ին կառուցված պոլիկլինիկան /հովանավոր՝ ԱՄՆ արեւելյան շրջանի տեղական մարմին/ եւ 2013թ.-ին կառուցված Հանրապետական բժշկական կենտրոնը /հովանավոր՝ Սամվել Կարապետյան/ միասին առողջապահական խոշոր համալիր են կազմում մայրաքաղաք Ստեփանակերտում:

%d5%af%d5%a5%d5%b6%d5%bf%d6%80%d5%b8%d5%b61%d5%af%d5%a5%d5%b6%d5%bf%d6%80%d5%b8%d5%b62%d5%af%d5%a5%d5%b6%d5%bf%d6%80%d5%b8%d5%b63

Արցախի պետական ջազ նվագախմբի բարեգործական համերգը Երևանում

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 8-ին, ժամը՝ 19:00-ին, Արամ  Խաչատրյանի անվան համերգասրահում Արցախի պետական ջազ նվագախումբը ելույթ կունենա «Ջազը հանուն խաղաղության» համերգին: Երեկոյի հատուկ հյուրերն են՝ Արմեն Հյուսնունցը և Լևոն Մալխասյանը:

ՆԱՍԱ-ի հայ աստղագետը պատմում է նոր հայտնաբերված մոլորակների մասին. տեսանյութ

Աշխարհը շարունակում է կյանք որոնել երկիր մոլորակից դուրս: ՆԱՍԱ-ի հայ աստղագետը, «Օրակարգի» թղթակից Հայկարամ Նահապետյանին պատմել է նոր հայտնաբերված յոթ մոլորակների մասին՝ չբացառելով դրանց վրա կյանքի գոյությունը:

Մանրամասները՝ 1tv.am-ի տեսանյութում.

Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել «Հալո Թրասթ»-ի ականազերծման գործունեությունն Արցախում

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 4-ին մասնակցել է ականազերծման միջազգային օրվակապակցությամբ «Հալո Թրասթ» կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառմանը: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Արցախի կառավարության մամուլի ծառայությունից:

«Հալո Թրասթ»-ի Լեռնային Ղարաբաղի ծրագրի ղեկավար Աշ Բոդդին ներկայացրել է կազմակերպության գործունեությունը ևականազերծման միջազգային փորձն ու նշանակությունը: Նա կարևորել է Արցախի իշխանությունների աջակցությունըհանրապետությունում ականազերծման աշխատանքների արդյունավետության ապահովման գործում: Իր պնդմամբ՝ բավարարմիջոցների հավաքագրման դեպքում, մինչև 2020թ. Արցախում կմաքրվեն բոլոր ականադաշտերը:

Վարչապետը ողջունել է ներկաներին և իր խոսքում, մասնավորապես, նշել. ««Հալո Թրասթ» կազմակերպությունն այնպիսի կարևորաշխատանք է կատարում, որը երբեմն տեսանելի չէ, բայց մեծ նշանակություն ունի դժբախտ միջադեպերի կանխարգելման գործում: Կցանկանայի շնորհակալություն հայտնել կազմակերպության աշխատակիցներին և բոլոր աջակիցներին, ովքեր մշտապես կանգնելեն «Հալո Թրասթ»-ի և Արցախի կողքին: Մենք բարձր ենք գնահատում ձեր կատարած աշխատանքը և միշտ պատրաստ ենքհնարավորինս աջակցելու կազմակերպության մարդասիրական գործունեությանը»:

%d5%a1%d6%80%d5%a1%d5%a1%d6%80%d5%a12%d5%a1%d6%80%d5%a13

Ապրիլյան քառօրյա ագրեսիայի զոհերի հիշատիկին նվիրված արարողություն Բաթումիում

Ապրիլի 2-ին Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցում ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ նվիրված 2016թ. ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա ագրեսիայի հետևանքով զոհված հայ մարտիկներին։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Այնուհետև, ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայկական համայնքային կառույցների և անհատների կողմից տեղի ունեցավ ծաղկեդրման արարողություն եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ:

Ադրբեջանական ագրեսիան դատապարտող ելույթներով հանդես եկան Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը և Տեր Արարատ քահանա Գումբալյանը:

ՀՀ գլխավոր հյուպատոսը, մասնավորապես ընդգծեց, որ մեկ տարի առաջ ադրբեջանական լայնածավալ հարձակմանն ի պատասխան հայ մարտիկներն իրենց կյանքի գնով հետ մղեցին հակառակորդին՝ կանխելով Արցախի ժողովրդի նկատմամբ ոճրագործությունները: Գլխավոր հյուպատոսը նշեց, որ պատերազմի չորս օրերի ընթացքում ցայտուն կերպով դրսևորվեց հայ ժողովրդի տարբեր հատվածների անկոտրում կամքը՝ վտանգի ժամանակ համախմբվելու և դիմագրավելու այն:

Եղիշե Սարգսյանը նաև ընդգծեց հայկական կողմի հետևողական դիրքորոշումը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Ֆրանսահայ գործարարը Հայաստանում կիրականացնի տարիների իր երազանքը

Զորավար Անդրանիկի՝ «Ամեն գիշեր գլուխդ բարձին դնելուց առաջ, մի պահ մտածիր՝ ի՞նչ ես արել ազգիդ համար» արտահայտությունն ինքնին հայ ժողովրդին ուղղված հայրենասիրության կոչ է, որի մասին յուրաքանչյուրս պարտավոր ենք մտածել:

ֆրանսահայ գործարար Թոմաս Իպեկյանին գուցե հենց այս թևավոր խոսքն է ոգեշնչել և Հայաստան բերել, ով որոշել է մատաղ սերնդի համար մնայուն որևէ գործ կատարել, մասնավորապես՝ դպրոց կառուցել: «Հայերն այսօր»-ի զրուցակիցն անկեղծորեն ասաց՝ այս նախաձեռնությամբ ցանկանում է իրականացնել նաև լուսահոգի քույրերի անկատար երազանքը, երազանք, որն այլ նախապատմություն ունի…

Թոմաս Իպեկյանը «Հայերն այսօր»-ի խմբագրությունում էր հյուրընկալվել զարմիկի՝ կանադահայ մշակութային գործիչ Նարեկ Ղազարյանի հետ:

Մեր դպրոցի և բարերարների հանդեպ միշտ պարտքի զգացում ենք ունեցել

Ծնողներս Հայոց ցեղասպանության ականատեսներից են: Նրանք 1920-ական թվականներին Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտ քաղաքից գաղթել են Սիրիա, որտեղ միմյանց հանդիպելով ՝ ամուսնացել և չորս աղջիկ, մեկ տղա են ունեցել:

Հալեպում մենք չքավոր ընտանիք ենք եղել. հայրս հնակարկատ էր (կոշկակար), իսկ մայրս՝ դերձակ: Նրանք իրենց ազնիվ աշխատանքի շնորհիվ են մեզ մեծացրել ու «Հալեպի ուսումնասիրաց վարժարան»-ում սովորելու ուղարկել: Դասարանում փոքր քրոջս՝ Մարիի հետ էի սովորում: Այդ տարիներին դժվարանում էինք դպրոցական թոշակները վճարել, որպեսզի կարողանայինք դպրոց հաճախել: Բարերարներն ու դպրոցի տնօրենը շատ օգնեցին:

Ցավոք,մենք վարժարանի վերջին շրջանավարտները դարձանք. 1961 թվականին վարժարանն այլևայլ պատճառներով փակվեց: Քույրս և ծնողներս Կանադա տեղափոխվեցին, իսկ ես՝ Ֆրանսիա, որտեղ և ամուսնացա:

Մեր դպրոցի և բարերարների հանդեպ միշտ պարտքի զգացում ենք ունեցել և ցանկանում էինք ինչ-որ կերպ փոխհատուցել այդ «պարտքը. ինչ արդյունքի հասել ենք՝ ցուցաբերված բարեգթության շնորհիվ է եղել: Դժբախտաբար երկու քույրերս մահացան՝ անկատար թողնելով իրենց երազանքը: Եվ ես որոշեցի այդ գործի շարունակողը դառնալ:

Սկզբում որոշեցի Հալեպում դպրոց կառուցել, սակայն այնտեղ տիրող պատերազմական իրավիճակի պատճառով՝ մտադրությունս փոխեցի: Հետո որոշեցի Հայաստանում «Հալեպի ուսումնասիրաց վարժարան»-ի հիշատակը նորոգող դպրոց կառուցել: Այդ առաքելությամբ զարմիկիս՝ Նարեկի հետ Հայաստան եկա և հանդիպեցի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հայոբյանի հետ:

Խորհրդակցության արդյունքում նախարարն առաջարկեց ոչ թե դպրոց կառուցել, այլ՝ անմխիթար վիճակում գտնվող որևէ դպրոց վերանորոգել, քանի որ հատկապես հեռավոր գյուղերում նմանատիպ դպրոցների թիվը շատ է: Առաջիկայում մի քանի դպրոց կայցելենք, որից հետո վերջնական ընտրություն կկատարենք: Առհասարակ, դպրոցի գտնվելու վայրն ինձ համար էական նշանակություն չունի. կարևորնն այն հանգամանքն է, որ Հայաստանին օգտակար լինեմ: Արդեն կազմել ենք դպրոցի կառուցման հատակագիծը. ֆրանսիական դպրոցների նախատիպով ընդգրկուն համալիր է լինելու՝ կանաչապատ զբոսայգով, բարեկարգ բակով, տարբեր սպորտաձևերի համար նախատեսված բաժիններով, անվտանգության համակարգով:

Ծնողներս դեռևս փոքրուց մեզ սովորեցրել են սիրել մարդկանց և բարիք գործել

Շատ եմ ուզում երազանքս իրականացնել, քանի որ առաջին ծրագիրն եմ փորձում  կատարել Հայաստանում: Չորս անգամ եղել եմ Հայաստանում, բայց միայն զբոսաշրջության նպատակով: 2011 թվականին եմ առաջին անգամ եկել, սա հինգերորդ այցելությունն է: Ընտանեկան այցելություններից մեկն էլ Էջմիածնում թոռնիկներիս մկրտությամբ խորհրդանշվեց:

Հայաստանն իմ տունն է: Ապրելով Հայրենիքից հեռու՝ միշտ հետաքրքրվում եմ մեր երկրի ու ժողովրդի վիճակով և հետևում եմ տեղի ունեցող իրադարձություններին: Ուզում եմ Հայաստանն իբրև զարգացած ու առաջադեմ պետություն, իսկ հայ ժողովրդին՝ համախմբված տեսնել:

Հայաստանի բոլոր վայրերը հոգեհարազատ են, շատ եմ սիրում Հայոց աշխարհի մաքուր օդն ու ճաշատեսակները, անկեղծ ու բարի հայ ժողովրդին: Առհաասարակ, ծնողներս դեռ փոքրուց մեզ սովորեցրել են սիրել մարդկանց և բարիք գործել, նրանք միշտ քարոզել են հայրենասեր լինել և ազգային արմատներին հավատարիմ մնալ:

Զրույցն ամփոփում է Նարեկ Ղազարյանը

Վերջին տարիներին Հայաստանին նայում եմ այլ աչքերով. որոշել եմ հայրենադարձվել և այդ ուղղությամբ համապատասխան քայլեր եմ ձեռնարկում: Չեմ ուզում հյուրի կարգավիճակով Հայաստան գալ: Հայաստան այցելելով՝ շուրջբոլորս ուսումնասիրում եմ, թե ինչպես կարող եմ ապրել, ինչ կենցաղավարություն պետք է ունենամ, որից հետո ընտանիքով քննարկում ենք ունենում:

Քեռուս հետ առաջին անգամ եմ Հայաստան գալիս, որի համար շատ ուրախ եմ: Սա միասին երկար ժամանակով Հայաստանը վայելելու մի հիանալի առիթ է: Քեռուցս ջերմ, լուսավոր հիշողություններ կան պահպանված. մանկության տարիներին գնում էին նրանց տուն՝ երեխաների հետ խաղալու, իսկ քեռակինս ինձ միշտ ժպիտով էր ընդունում: Քեռիս մեզ միշտ հորդորել է մտահոգ լինել Հայաստանի ապագայի համար:

Հիմա նրանից ստացած հայրենասիրական ոգին երեխաներիս եմ փոխանցում: Մեծ աղջիկս դպրոցում ավարտական դասարանում է սովորում, անասնաբույժ է ուզում դառնալ: Նա իր մասնագիտական ծրագիրը հայոց լեզվով պետք է ներկայացնի, որին մեծ ոգևորությամբ է պատրաստվում:

Ես մասնագիտությամբ չափագրող եմ, նաև դերասանական տաղանդով եմ օժտված: Անցյալ տարի Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դերասանական կազմի հետ եմ ելույթ ունեցել:

Ինչ վերաբերում է, թե որոնք են Հայաստանի իմ ամենասիրած վայրերը, կարճ կպատասխանեմ՝ Եղեգնաձոր ու Վարդենիս քաղաքները:

Գևորգ Չիչյան

img_0150 img_0169

Ուխտագնացություն Ախալցիխեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները նշելը և ուխտագնացությունների միջոցով հավատքն ամրապնդելը Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի գործունեության նպատակներից մեկն է, գրում է armenianchurch.ge կայք-էջը:

2017 թվականի ապրիլի մեկին, Սուրբ Գրիգոր Լուսավորչի Մուտքն ի Վիրապ հիշատակի օրվա կապակցությամբ, Վիրահայոց թեմի երիտասարդական բաժինը ուխտագնացություն կազմակերպեց Ախալցիխեի նույնանուն հինավուրց եկեղեցի: Ուխտագնացությունն իրականացվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի առաջարկությամբ և աջակցությամբ:

Վաղ առավոտյան թեմի երիտասարդական բաժնի շուրջը համախմբված երեք տասնյակից ավելի երիտասարդներ, բաժնի հոգևոր տեսուչ Գևորգ սարկավագ Անտոնյանի և Երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի գլխավորությամբ, երիտասարդական ծրագրերի համակարգող Նինա Սերոպովայի և Թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի ուղեկցությամբ ճանապարհ ընկան դեպի Ախալցիխե:

Ուխտավորները մասնակցեցին տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Ախալցիխե քաղաքի հայության հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի մատուցած Սուրբ և Անմահ Պատարագին: Ներկաները հետաքրքրությամբ ունկնդրեցին օրվա խորհրդի՝ Հայոց առաջին հովվապետի 13-տարի Խոր Վիրապում կրած անասելի չարչարանքների մասին Պատարագիչ Հայր Սուրբի քարոզ խոսքը: Ողջունելով Թբիլիսիից ժամանած ուխտավորներին, Հայր Հակոբը հորդորեց նրանց զերծ մնալ օրվա տվայտանքներից, Հայոց Առաջին հովվապետի կամքի և դիմադրության ուժի օրինակով ապրել բարեսրտությամբ և հավատքին նվիրվածությամբ:

Ուխտավորները մոմեր վառեցին Սբ. Գրիգոր Լուսավորչի հիշատակին, իրենց աղոթքում հայցելով համաքրիստոնեական սրբի բարեխոսությունը:

Թբիլիսահայ երիտասարդներն Ախալցիխե քաղաքի հոգևոր տեսչի և Ախալցիխեի շրջանի հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի առաջնորդությամբ իրենց ուխտը շարունակեցին Ախալցիխեի Սուրբ Ստեփանոս փլուզվող և Սուրբ Նշան եկեղեցիներում: Տեղում մոմեր վառելուց հետո դարձան հոգևոր հայրերի «Պահպանիչ« աղոթքի աղոթակիրները:

Թբիլիսիից ժամանած երիտասարդների խումբը այցելեց նաև Ախալցիխեի Ռաբաթ համալիր, դիտեց քաղաքի տեսարժանությունները:

Ուշ երեկոյան ուխտավորները Սուրբ Գրիգոր Լուսավորչի շնորհներով հոգեպես հարստացած վերադարձան Թբիլիսի:

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ցուցահանդս Լիբանանում

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 20-ին, ժամը՝ 18:00-ին, Ջիբեյլ-Պիպլոսի քաղաքապետարանի հովանավորությամբ և գործակցությամբ Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Թեքեյան մշակութային  միության Լիբանանի տեղական վարչության՝ Ջիբեյլի քաղաքապետարանի մշակութային կենտրոնում կկայանա «Վրձնով մերժում ենք և պահանջում» խորագիրը կրող ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին:

Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 22-ը:

Հայոց ցեղասպանության մասին պաստառը փակցվել է Սան Ֆրանցիսկոյի կամուրջի մոտ

Արդեն երեք տարի հաջորդաբար՝ հայկական համայնքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պաստառ է փակցնում ԱՄՆ Սան Ֆրանցիսկոյի նեղուցի շրջանում։

Պաստառի վրա, որը փակցվել է Սան Ֆրանցիսկոյի հանրահայտ կամրջից աջ, գրված է «Հայոց ցեղասպանություն 1915», նաեւ կա հղում GenocideEducation.org կայքին, news.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է NBC–ը։

Երեսուն հազարանոց հայկական համայնքը վճարել է պաստառի համար, որն ամբողջ ապրիլի ընթացքում փակցված է մնալու կամրջի մոտ։ «Լավ է, որ մարդիկ կկարողանան տեսնել պաստառն ամբողջ ապրիլի ընթացքում, քանի որ դրա միջոցով մենք բարձրացնում ենք իրազեկումը ու հետաքրքրություն առաջացնում՝ սա այն ամենն է, ինչ մենք ուզում ենք։ Մենք ուզում ենք, որ մարդիկ այցելեն մեր կայք ու իմանան մեր պատմության մասին»,- հայտնել է հայկական համայնքի ներկայացուցիչ Կիմ Բարդակյանը։

Շփման գծում իրադրությունը լարված է եղել. ԱՀ ՊԲ

Ապրիլի 3-ին և լույս 4-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց:

ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են իրականացնել  մարտական դիրքերի հուսալի պահպանություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: