Արցախի Նախագահը մշակույթի գործիչների հետ քննարկել է Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող հարցեր

Արցախի Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 3-ին ընդունել է «Թուֆենկյան» հիմնադրամի նախաձեռնությամբ Արցախ ժամանած մշակույթի գործիչների մեծ խմբի, որի կազմում են հանրահայտ երաժիշտ եւ կոմպոզիտոր Սերժ Թանկյանը, կինոռեժիսոր, սցենարիստ Ատոմ Էգոյանը, բարերարներ եւ «Արցախ Ֆոնդ» կազմակերպության ԱՄՆ մասնաճյուղի ներկայացուցիչներ:

Հանդիպմանն արծարծվել են Արցախի կյանքին, պետականաշինությանը, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող տարբեր հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է նման այցելություններն Արցախ՝ նշելով, որ դրանք դրական ազդեցություն են թողնում հանրապետությունում մշակույթի զարգացման, Արցախը արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու եւ ներհայկական կապերի ամրապնդման վրա:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյում այսօր տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ ՌԴ քաղաքային և դաշնային մարմինները կանեն ամեն հնարավորը, որպեսզի բացահայտեն տեղի ունեցածի պատճառները:

Նախագահ Սարգսյանը խնդրել է իր կարեկցանքի և զորակցության խոսքերը փոխանցել բոլոր նրանց, ովքեր հարազատ և մտերիմ մարդկանց կորուստ են ունեցել, ինչպես նաև շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր տուժածներին:

Սանկտ Պետերբուրգում պայթյունի հետևանքով տուժածների թվում կան հայեր

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թվում կան հայեր:

Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախնական տվյալների համաձայն Պետերբուրգի մետրոյում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում կան հայեր»,- նշել է Բալայանը:

Հավելենք, որ այսօր կեսօրին Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի «Սեննայա պլոշադ» կայարանում պայթյունը տեղի է ունեցել: Նախնական տվյալներով, մետրոյում պայթյունից զոհվել է 10  մարդ:

Արցախցի ուսուցիչները «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում կվերապատրասվեն Բեյրութում

Ապրիլի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մարտակերտի Վարդան Մինասյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Մելսիդա Քարդումյանին, ուսուցիչներ Լուսինե Սաիյանին և Ռուզաննա Ավետիսյանին, ովքեր «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում Ս. Խաչ-Հարպոյան վարժարանի հրավերով մեկնելու են Բեյրութ՝ մասնակցելու ներառական կրթության մեկշաբաթյա դասընթացին:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց Բեյրութի Ս. Խաչ-Հարպոյան վարժարանի նախաձեռնությունը, նշեց, որ դպրոցն այդպես փորձում է ամեն ինչ անել, որպեսզի դառնա «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման գլխավոր մասնակիցը: Նախարարը բարի ճանապարհ մաղթեց արցախցի ուսուցիչներին: «Շատ լավ կլիներ, որ ամուր կապվեիք Սփյուռքի ձեր գործընկերների հետ, նրանց փոխանցած գիտելիքները, փորձը, ներդնեիք Հայաստանում, Արցախում», – հավելեց նախարարը:

1

Հայաստանում գորգերի արտադրության ծավալն ավելացել է 60 %-ով

2017 թվականի հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գորգերի և գորգեղենի արտադրության ծավալն աճել է 60 տոկոսով:  Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, եթե 2016թ-ի հունվար-փետրվարին հանրապետությունում արտադրվել է 0.5 տոննա գորգեր և գորգեղեն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 0.8 տոննա:

Ինչ վերաբերում է տրիկոտաժեղենին, ապա հունվար-փետրվարին  Հայաստանում արտադրվել է 648.7  հազար հատ տրիկոտաժեղեն,  իսկ 2016թ-ի հունվար-փետրվարին՝  500.1 հազար հատ: Այստեղ արտադրության ծավալներն աճել են 29.7 %-ով:

ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում  ավելացել են նաև բամբակյա գործվածքների արտադրության ծավալները: Եթե 2016թ-ի հունվար-փետրվարին  հանրապետությունում արտադրվել է 0.2 տոննա բամբակյա գործվածք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 0.4 տոննա, ինչը 2 անգամ ավելի է:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ այս ժամանակահատվածում 36.9%-ով նվազել է միայն գուլպեղենի արտադրության ծավալը: Մասնավորապես, 2016թ-ի հունվար-փետրվարին հանրապետությունում արտադրվել է 1 592.1  հազար զույգ գուլպեղեն, իսկ 2017թ-ին՝  1 004.8  հազար զույգ:

ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Ապրիլի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին անցած շաբաթվա կատարված աշխատանքները և իրականցված միջոցառումները, նշեցին առաջիկա անելիքները, հանդես եկան նոր առաջարկներով:

Նախարարը կարևորեց Սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների հետ աշխատանքը, նախարարության «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերին նրանց ակտիվ մասնակցությունը:

Անդրադարձ կատարվեց «Սփյուռք-Հայրենիք» համաժողովի կազմակերպչական աշխատանքներին, ինչպես նաև՝ համաժողովը սփյուռքի հետ կապերը սերտացնելու հարթակ  դարձնելու առաջնահերթությանը, գործակցության զարգացման ուղղությունների, մոտեցումների վերաբերյալ տեսակետների, առաջարկների անհրաժեշտությունը:

3-04-2017

ԱԺ ընտրություններ. ԿԸՀ-ն արձանագրությամբ ամփոփեց քվեարկության նախնական արդյունքները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 3-ին ժամը 12:00-ին, գումարելով արտահերթ նիստ, ամփոփեց 2009 տեղամասերի արդյունքները և կազﬔց քվեարկության նախնական արդյունքների արձանագրություն: Ինչպես հաղորդում է «Արﬔնպրես»-ը, ԿԸՀ-ն արձանագրեց հետևյալ արդյունքները, և բոլոր անդաﬓերը ստորագրեցին արձանագրությունը, հատուկ կարծիք ունենալու մասին որևէ նշում առկա չէ.

«Ելք» դաշինք՝ 122 հազար 049 ձայն կամ 7.77 %

 «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝ 14 հազար 746 ձայն կամ 0.94 %

«Հայկական վերածնունդ» կուսակցություն՝ 58 հազար 277 ձայն կամ 3.71 %

«Ծառուկյան» դաշինք՝ 428 հազար 965 ձայն կամ 27.32 %

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝ 25 հազար 975 ձայն կամ 1.65 %

Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 771 հազար 247 ձայն կամ 49.12 %

Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 11 հազար 745 ձայն կամ 0.75 %

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք՝ 32 հազար 504՝ 2.07 %

Հայ հեղափոխական դաշնակցություն՝ 103 հազար 173 ձայն կամ 6.57 %

Արձանագրությունը ներառում է նաև տարածքային ցուցակների թեկնածուների կողմ ձայները: Ապրիլի 2-ին Հայաստանի 13 ընտրատարածքներում գործել է 2009 ընտրատեղամաս: Արձանագրությունն ամրագրեց նաև ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 2 ﬕլիոն 585 հազար 134, քվեարկության օրը ընտրական տեղամասերում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների թիվը՝ 7, շրջիկ արկղով քվեարկողների լրացուցիչ ցուցակում ներառված անձանց թիվը՝ 2 հազար 572, Էլեկտրոնային եղանակով քվեարկողների թիվը՝ 877, քվեարկությանը մասնակցել է 1 ﬕլիոն 577 հազար 323 մարդ կամ 60.93 տոկոսը:

Նախնական արդյունքները փաստում են, որ Ազգային ժողով մուտք գործելու անհրաժեշտ նվազագույն շեմը հաղթահարել է չորս ուժ: Առաջատարը ՀՀԿ-ն է, հաջորդում են «Ծառուկյան», «Ելք» դաշինքները, ՀՅԴ-ն:

ՀՀ և ՌԴ նախագահները ուղերձներ են փոխանակել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ են փոխանակել ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված՝ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Հայ-ռուսական բարեկամության, եղբայրության և փոխադարձ աջակցության բազմադարյա հարաբերությունների պատմության մեջ այս նշանակալի իրադարձությունը բացեց որակապես նոր փուլ, դրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային ռազմավարական գործընկերության հիմքը:

Չափազանց կարևոր է, որ երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման քաղաքականությունը մեծ աջակցություն է վայելում մեր երկրների հասարակությունների կողմից, իսկ Ձեզ հետ հանդիպումներում վստահության և փոխըմբռնման մթնոլորտը թույլ է տալիս ընդունել և իրագործել իսկական դաշնակցային ոգուն բնորոշ որոշումներ:

Այսօր Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, աչքի են ընկնում ակտիվ քաղաքական երկխոսությամբ, տարածաշրջանային և միջազգային հարթակներում քայլերի արդյունավետ կոորդինացմամբ, հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման համատեղ ջանքերով:

Մենք կայացրել ենք կարևոր որոշումներ տնտեսության, հումանիտար և այլ ոլորտներում համատեղ նախագծերի առաջմղման ուղղությամբ, թափ են առնում միջխորհրդարանական և միջտարածաշրջանային կապերը:

Ռուսաստանը և Հայաստանը ծանրակշիռ ներդրում են ունենում եվրասիական ինտեգրացիոն գործընթացի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, այլ բազմակողմ կառույցների շրջանակներում համագործակցության ամրապնդման գործում:

Այս ամենն աներկբա վստահություն է ներշնչում, որ հսկայական ներուժ ունեցող հայ-ռուսական բազմաբնույթ համագործակցությունը մեր համատեղ ջանքերի շնորհիվ հետագայում ևս կշարունակի խորանալ՝ ներառելով արգասաբեր փոխգործակցության նորանոր բնագավառներ, ինչը, անկասկած, համապատասխանում է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերին և իղձերին:
Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ Ձեր գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ բարօրություն և բարգավաճում»:

«Հայկական սփյուռքի արվեստը» խորագրով միջազգային գիտաժողով Վարշավայում

Մարտի 30-ից 31-ը Վարշավայի Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանում տեղի ունեցավ «Հայկական սփյուռքի արվեստը» խորագրով միջազգային գիտաժողով, որն անցկացվում էր Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակի միջոցառումների շրջանակներում: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Գիտաժողովը կազմակերպվել էր Համաշխարհային արվեստների ուսումնասիրության Լեհական ինստիտուտը, Գդանսկի Ազգային թանգարանը և Վարշավայի Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանը` Սահակյան հիմնադրամի ու Միջմշակութային և միջկրոնական երկխոսության միջազգային կենտրոնի հովանավորությամբ:

Գիտաժողովի բացման պաշտոնական արարողությանը ելույթներով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Վարշավայի Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանի Պատմության և արվեստի ինստիտուտի տնօրեն, դոցենտ Կատարժինա Խրուդժիմսկա-Ուհերան, Լեհաստանի Համաշխարհային արվեստի ուսումնասիրությունների ինստիտուտի նախագահ, Տորունի Նիկոլայ Կոպեռնիկոսի անվան համալսարանի պրոֆեսոր Յեժի Մալինովսկին և գիտաժողովի կազմակերպական հանձնախմբի ղեկավար, Վարշավայի Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանի պրոֆեսոր Վալդեմար Դելուգան:

Գիտաժողովին տարբեր երկրներում հայ ժողովրդի կողմից ստեղծված արժեքավոր մշակութային ժառանգությանը վերաբերող գիտական զեկույցներով և իրենց ուսումնասիրությունների արդյունքներով հանդես եկան հայ և օտարազգի գիտնականներ Լեհաստանի, Հայաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի, Ուկրաինայի, Գերմանիայի, Հունգարիայի մի շարք համալսարաններից և գիտական կենտրոններից:

Մոսկվայում ստեղծվել է «Դիալոգ» կազմակերպությունը

Մոսկվայում ստեղծվել է նոր կազմակերպություն, որը կոչվում է «Դիալոգ»:

Այն վերկուսակցական համախմբում է, որին հիմնականում անդամակցում են նոր սերնդի հայ քաղաքագետներ, իրավաբաններ, լրագրողներ, գործարարներ, ինչպես նաև Հայաստանի բարեկամներ:

«Դիալոգը» հասարակական դիվանագիտության ուղղությամբ ծրագրեր է իրականացնելու միջազգային հարաբերությունների հրատապ հարցերի, տարածաշրջանային քաղաքականության և հասարակական նշանակալի թեմաներով:

Կազմակերպության գործունեության կարևոր բաղադրիչ է լինելու հայ-ռուսական համագործակցության խորացմանը, հասարակությունների միջև երկխոսության ուժեղացմանը և տարբեր մակարդակներում փոխգործակցության օրակարգի կատարելագործմանը հետագա նպաստ բերելը:

Հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանային անվտանգության ամևրապնդմանը և ինտեգրացիոն գործընթացների խորացմանը նպաստելու նպատակով  «Դիալոգը» կիրականացնի վելուծական աշխատանքներ և հանդես կգա համապատասխան երաշխավորություններով:

Կազմակերպության գործունեությունում զգալի տեղ է գրավելու ռուսաստանյան վերլուծական հանդեսներում և ԶԼՄ-ներում, քաղաքական և քաղաքագիտական հարթակներում Հայաստանի մասին և հայկական թեմաներով ուսումնասիրությունների ներկայացումը:

Նոր կազմակերպությունը մեծ նշանակություն է տալիս ռուսաստանյան հասարակությունում ազգամիջյան համերաշխության և քաղաքացիական խաղաղության պահպանման և ամրապնդման աշխատանքներին:

Կազմակերպության հիմնադիրները երկխոսությունը համարում են ներհասարակական և միջպետական խնդիրների լուծման լավագույն միջոցը:

Իր գործունեության յուրաքանչյուր ուղղությամբ կազմակերպությունը նպատակ ունի հետևողականորեն իրականացնել մասնագիտորեն մշակված ու հիմնավորված նախագծեր:

«Դիալոգը» համագործակցության համար բաց է Հայաստանի, Ռուսաստանի և այլ գործընկեր երկրների պետական հաստատությունների, քաղաքական ու հասարակական միավորումների, վերլուծական ու ուսումնական հաստատությունների համար:

Արդեն ապրիլ ամսվա ընթացքում կազմակերպությունը նախատեսում է Մոսկվայում քաղաքագիտական միջոցառումների շարք անցկացնել:

«Դիալոգի» նախագահն է հասարակական-քաղաքական գործիչ, քաղաքագետ Յուրի Նավոյանը, փոխնախագահները` քաղաքագետներ Արեգ Գալստյանը և Գոռ Կարախանյանը:

«Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյան

 Յուրի Նավոյանը ծնվել է 1969 թ.: Ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը, Եվրոպայի Խորհրդի քաղաքական դասընթացները (Ստրասբուրգ), Հարվարդի համալսարանի իրավաբանական դպրոցի (Բոստոն) հակամարտությունների կառավարման ծրագիրը:

Մինչև 2002 թ. Մոսկվա տեղափոխվելը հանդիսացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության նորաստեղծ Սփյուռքի բաժնի պետը, իսկ Մոսկվայում երկար ժամանակ ղեկավարել է «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը:

Պարգևատրված է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, ԼՂՀ «Երախտագիտություն» մեդալով, ՀՀ ԱԳՆ Պատվո մեդալով, ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» մեդալով, ՀՀ Սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շնորհակալագրով, ՌԴ նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի «Արժանիքների համար» մեդալով, ԱՊՀ երկրների ինստիտուտի «Գիտական հետազոտությունների և հայրենակիցներին աջակցության համար» պատվո նշանով, Ռուսաստանի գրողների միության «Ալեքսանդր Գրիբոյեդով» մեդալով:

 

«Դիալոգ» կազմակերպության փոխնախագահ Արեգ Գալստյան

 Արեգ Գալստյանը ծնվել է 1989 թ.: Ավարտել է Տոմսկի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժինը, Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանի համաշխարհային քաղաքականության և ԱՄՆ ներքաղաքական գործընթացների ծրագիրը, եղել է Միչիգանի համալսարանի երիտասարդ քաղաքագետների ծրագրի կրթաթոշակառու: Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի միջազգայնագետ-լրագրողների մրցույթի տարբեր տարիների եզրափակիչի դափնեկիր է:

Նա «Forbes», «Ռուսաստանը համաշխարհային քաղաքականությունում»,  The National Interest, The American Thinker и The Hill ամսագրերի փորձագետ և մնայուն հեղինակ է:

Պատմական գիտությունների թեկնածու է:

 «Դիալոգ» կազմակերպության փոխնախագահ Գոռ Կարախանայան

Գոռ Կարախանայանը ծնվել է 1986 թ.: Ավարտել է Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիան` «Իրավագիտություն» մասնագիտությամբ,  Բակինգհեմի համալսարանում (Մեծ Բրիտանիա), ուսումնասիրել է քաղաքագիտություն և իրավունք:

Տարբեր տարիների իրավաբան է աշխատել «Սոտրուդնեիչեստվո» իրավաբանական բյուրոյում և Մոսկվայի «Բարշևսկի և գործընկերներ» փաստաբանների կոլեգիայում: Հանդիսանում է Մոսկվայում ռեստորանների ցանցի հիմնադիր և սեփականատեր:

Ներկայումս Սկոլկովոյի բիզնես դպրոցի ուսանող է:

 

 

 

 

Այվազովսկուն նվիրված միջոցառում Արտաշատի ավագ դպրոցում

ՀՀ սփյուռքի նախարարության  Հայաստան-Սփյուռք գործակցության պետական քաղաքականության շրջանակում իրականացվող «Մեր մեծերը» ծրագրի մեկնարկը Արտաշատի ավագ դպրոցում տրվեց հայ անվանի ծովանկարիչ Հ. Այվազովսկուն նվիրված միջոցառմամբ, որը տեղի ունեցավ օրերս:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են դպրոցից, աշակերտները ներկայացրեցին անվանի ծովանկարչի կյանքը և գործունեությունը: Ուշագրավ էր «Հ. Այվազովսկու նկարները երեխաների աչքերով» խորագիրը կրող նկարների ցուցահանդեսը:

Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի VIII-XII դասարանների աշակերտները: Ներկայացված լավագույն աշխատանքների և ակտիվ մասնակցության համար աշակերտները պարգևատրվեցին պատվոգրերով:

%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%b7%d5%a1%d5%bf1%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%b7%d5%a1%d5%bf2%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%b7%d5%a1%d5%bf3

Հայաստանի և Կիպրոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ

Արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Իոաննիս Կասուլիդեսը ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է Կիպրոսի առանձնահատուկ տեղը Հայաստանի համար՝ որպես եղբայրական երկիր, որի հետ մեզ կապում են ոչ միայն մեր ժողովուրդների՝ դարերի խորքից եկող պատմամշակութային բազմաթիվ առնչությունները, այլև փոխադարձ խոր հարգանքի ու ջերմության վրա խարսխված արդի միջպետական սերտ հարաբերությունները:

Հայաստանի արտգործնախարարն ընդգծում է, որ քառորդ դարի ընթացքում հայ-կիպրական փոխգործակցությունը կառուցվել է կուռ հիմքերի վրա, և միջազգային ու տարածաշրջանային կարևորագույն հարցերի վերաբերյալ մենք ունենք լայն փոխըմբռնում:

Էդվարդ Նալբանդյանը, մեծապես կարևորելով Հայաստանի և Կիպրոսի միջև ձևավորված ավանդական ջերմ հարաբերությունները, համոզմունք է հայտնում, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի դրանք առավել զարգացնել ու խորացնել` ի շահ և ի բարօրություն մեր երկու բարեկամ ժողովուրդների:

Իոաննիս Կասուլիդեսն իր ուղերձում նշում է, որ բարեկամական և եղբայրական կապերը, ինչպես նաև մեր պետությունների միջև առկա ամուր փոխհարաբերությունները շատ ավելի խորն են, քան վերջին 25 տարիները, ու շեշտում է, որ Կիպրոսը և Հայաստանը միայն ընդհանուր արժեքներ ու ավանդույթներ չէ, որ ունեն, այլ նաև կապված են պատմական և մշակութային բազմաթիվ թելերով:

Իր նամակում նախարար Կասուլիդեսն ընդգծում է, որ բազմաթիվ փորձությունների առկա ժամանակաշրջանում Կիպրոսը կշարունակի աշխատել Հայաստանի հետ հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ՝ նոր հնարավորություններ ստեղծելով համագործակցության համար՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:

Կիպրոսի արտգործնախարարը շեշտում է, որ ակտիվ երկկողմ հարաբերությունների համար մենք ստեղծել ենք ամուր հիմքեր, որոնք հաջողություն կբերեն մեր հետագա համագործակցության ընթացքում: